Տասը հազար մանդարինի պատմությունը

Մայիսի 18-ն էր:  Դպրոցում մեզ տվել էին շարադրություն գրել «Ի՞նչ կանեիր, եթե քեզ տային տասը հազար մանդարին» թեմայով: Շարադրության համար կար երեք ամիս ժամանակ, և միայն սեպտեմբերին պիտի ներկայացնեինք ուսուցչուհուն: Դե, ես մտածում էի, որ կվաճառեմ և ինձ համար ֆոտոապարատ կգնեմ, քանի որ լուսանկարչությունը իմ հոբբին է:  Վերջապես մայիսի վերջին օրերն էին: Փոխանակ ուրախ լինելու, ես տխուր էի: Ընկերներս ամեն կերպ փորձում էին տրամադրությունս բարձրացնել, բայց  ապարդյուն: Վերջապես իջա շենքի բակ, որտեղ էլ տեսա Մարիամին:  

-Մարիա՛մ, -ասացի ես, -ի՞նչ կանեիր, եթե քեզ տասը հազար մանդարին տային:

-Կուտեի ամբողջը, -ծիծաղելով պատասխանեց նա:

Մարիամը առաջարկեց զբոսնել, բայց ես փոշմանեցի, որ բակ եմ իջել և տուն գնացի: Մտա հյուրասենյակ, որտեղ տեսա մայրիկին:

-Աննա ջան, իրերդ հավաքիր, գյուղ ենք գնում, -ուրախ հայացքով ասաց մայրս: Տրամադրությունս միանգամից բարձրացավ: Վերջապես գյուղ եմ գնում: Այնտեղ են ապրում իմ սիրելի տատիկը և պապիկը: Այնտեղ են ապրում իմ սիրելի ընկերները, և վերջապես, ես մոտ եմ լինելու բնությանը:  Մեքենայի մեջ ոչ մի բառ չարտասանեցի: Միայն հիշում եմ, որ ուրախ էի և մտածում էի մանդարինների մասին: Եղբայրս՝ Արմանը, անընդհատ ինձ բզում էր և ծաղրական խոսքեր ասում, որպեսզի գոնե մի բառ դուրս գա շուրթերիցս: Միևնույնն է, ես պատասխան չէի տալիս:

-Մի տեսեք` ինչ լուրջ, մտախոհ հայացք ունի, այդ ինչի՞ մասին ես մտածում, Սոկրատես, գուցե սիրահարվե՞լ ես, հահահա:

-Դե, հերի՛ք է, Արման, թո՛ղ մտածի, -սաստեց հայրս:

-Թող մտածի, -ծիծաղը մի կերպ զսպելով պատասխանեց Արմանը:

Վերջապես հասա՜նք: Տատիկիս և պապիկիս տունը գտնվում էր գյուղի ամենագողտրիկ վայրերից մեկում:

-Տա՜տ, պա՜պ, ինչքա՜ն եմ կարոտել ձեզ, արդեն մի քանի ամիս է` չեմ տեսել ձեզ, -հուզմունքս զսպելով, նրանց փաթաթված ասացի ես:

-Մեր փոքրիկ հրաշք, բա մենք ոնց ենք կարոտել քեզ, -ասաց  պապիկս:

Արմանը նույնպես ողջագուրվեց նրանց հետ, և մենք անցանք տուն: Տատիկս ճոխ սեղան էր գցել, սակայն իմ ուշքն ու միտքը ընկերներիս տեսնելն էր: Ես փորձեցի աննկատ հեռանալ հյուրասենյակից մինչ տատիկս և պապիկս ջերմորեն զրուցում էին ընտանիքիս անդամների հետ: Ստացվեց:  Դուրս եկա բակ, որտեղ նստած էին գյուղի կանայք և զրուցում էին ամենօրյա թեմաներով: Նրանք ինձ շատ են սիրում: Տեսնելով ինձ, նրանք շատ ուրախացան և սկսեցին հերթով համբուրել, որն ինձ այնքան էլ դուր չէր գալիս: Սակայն ես կեղծ ժպտում էի, որպեսզի ոչ ոք ոչինչ չնկատի: Մի կերպ կարողացա դուրս պրծնել նրանց մոտից և վազեցի մոտակա բացատը` իմ սիրելի զբաղմունքով զբաղվելու: Իմ գրեթե բոլոր նկարները, որոնք նկարում էի հեռախոսով, նկարել էի գյուղում: Այս անգամ ևս իմ նկարելու թեման բնությունն էր: Դիմացի ծառի վրա, որը բարձր էր և փշփշոտ, տեսա սկյուռիկ, որը քարացած վրաս էր նայում: Պահը բաց չթողեցի և անմահացրի նրա զարմացած հայացքը: Շատ ուրախ էի: Դա դարձավ իմ լավագույն նկարներից մեկը: Երկար փնտրտուքից հոգնած վերադարձա բակ, որտեղ տեսա Գոռին: Նա իմ մանկության ընկերներից էր: Ողջագուրվեցինք և սկսեցինք միմյանցից հարցուփորձ անել: Հետո ես մանդարինների հետ կապված հարցը տվեցի նրան, իսկ նա պատասխանեց, որ կհանձներ մանկատներին և ծերանոցներին: Մի խոսքով, բարեգործություն կաներ: Ես համառեցի, բացատրելով, որ նրանց մասին հոգում է պետությունը, մեր ինչ գործ: Նա ոչինչ չպատասխանեց:  Ուշ երեկո էր: Ես ու Մարթան, որը իմ մոտիկ ընկերուհին է, փակվել էինք իմ սենյակում: Տատիկենց տանը ես ունեմ իմ առանձին սենյակը: Սկսեցինք զրուցել: Բայց ողջ ընթացքում ինձ մի հարց էր հուզում, և ես գրեթե չէի լսում ընկերուհուս խանդավառ խոսքերը: Վերջապես ասացի.

-Մար, ի՞նչ կանեիր, եթե քեզ տային տասը հազար մանդարին:

-Կվաճառեի:

-Վերջապես մեկը ինձ հասկացա՜վ, -ասացի ես, -ու քո երազանքը կկատարեիր, չէ՞:

-Չէ, ի՞նչ երազանք, ես գումարը կտայի համագյուղացիներիս: Չե՞ս տեսնում, որ դատարկ են դաշերը, բոստանները: Մարդիկ աղքատության եզրին են և չունեն միջոցներ այգիներ տնկելու, կարտոֆիլ կամ ցորեն ցանելու:

-Դու էլ, հա՜, հիասթափված ասացի ես:

Մենք մի փոքր էլ զրուցեցինք, և նա հեռացավ: Ուզում էի հասկանալ, թե ինչ վատ բան կա նրա մեջ, որ ես ուզում եմ իրականություն դարձնել իմ երազանքը:

Մի ողջ շաբաթ մնացինք գյուղում:

-Գյուղացի ընկերներս շատ լավն են, ազնիվ, բարի, -մտածում էի ես: Իսկ ես ինչո՞վ եմ աչքի ընկնում: Եսասիրությամբ միայն: Այս միտքն էր պտտվում իմ գլխում ողջ շաբաթվա ընթացքում:

Կիրակի էր…Եկավ հարազատներիցս բաժանվելու օրը: Ես հրաժեշտ տվեցի նրանց լացակումած աչքերով, քանի որ ունեի մարդիկ, որոնք ազնիվ էին, բարի, արդարամիտ: Հիմա քաղաքում եմ և այլևս չեմ մտածում մանդարինների մասին: Սեպտեմբերի 1-ն է: Իմ շարադրությունը պատրաստ է: Ուսուցչուհիս համակ ուշադրությամբ ընթերցեց այն և ժպտաց ինձ:  Մանդարինները ինձ օգնեցին ազատվել բնավորությանս վատ գծերից մեկից՝եսասիրությունից: Իզուր չէ, որ ես շա՜տ եմ սիրում մանդարին: