valentina

Տաքսիստի օրագիր

-Աչոնիկ ջան, բա որ 17 տարեկան ես, ինչի՞ ես էսքան պուճուր, նիհար ու գունատ: Քեզ տանը հաց չեն տալի՞ս:

-Դե, պապի ջան, որ Աստված միս, հասակ ու գույն էր բաժանում, քնած էի մնացել, չհասցրի:

-Դե հա, կարևորը՝ լեզու բաժանելիս հերթի դիմացն ես կանգնել:

-Երևի, էլի:

Հերթական անգամ պարապմունքի էի գնում իմ շատ սիրելի տաքսիստ պապիկի հետ: Ես` անհաջողակս, ունեմ մի տաղանդ՝ բոլոր տաքսիստների հետ լեզու եմ գտնում: Մարիամն ասում է, որ տաքսիստների սիրելի ուղևորն եմ, ես էլ ասում եմ՝ պիտի հոդվածների նոր շարք սկսեմ  «Ինչպես հետաքրքիր զրույց վարել ճանապարհին» վերնագրով:

-Աչոնիկ, ձեր գյուղից աղջիկ են փախցրե՞լ:

-Ես ինչ իմանամ, պապի ջան, բայց վատ բան ասացիք:

-Այ բալա, ինչի՞ վատ: Ասում են` լավ էլ «քյալամ» տեղ ա ընկել:

-Ո՞նց, էդ վայրում կաղամբ շա՞տ կա: Էդ որտե՞ղ է:

-Չէ, նկատի ունեմ՝ լավ հարուստ ընտանիք է, կնայեն էդ աղջկան:

-Երևի էլի, չգիտեմ:

- Օրինակ՝ դու, չէիր ուզի՞ «քյալամ» տեղ ընկնեիր:

- Պապի ջան, գնդակ եմ, ինչ եմ, որ ընկնեմ, բայց կաղամբ շատ եմ սիրում:

- Աչքիս լեզու բաժանելուց հերթ չի եղել, հա՞, ոնց որ: Մենակ քեզ են տվել,- սկսեց կատակել պապիկը:

-Է՜, լավ էլի, պապի:

- Էս Նիկոլի Հայաստանը լավն է, շատ լավ եղավ, որ հեղափոխություն եղավ: Ես մեր երկրի նախագահին շատ եմ սիրում,- միանգամից թեման փոխեց պապիկը:

- Թե՞ վարչապետին:

- Այ բալա, դե նույնն են, էլի, ի՞նչ կապ ունի: Մեռնեմ Նիկոլի ջանին:

Լռություն:

- Տղաս շատ կուրախանար, բայց էդպես էլ չտեսավ իր երազած Հայաստանը:

- Իսկ մենք տեսնո՞ւմ ենք:

- Քո ցանկությունից է կախված, եթե ուզում ես` կարող ես տեսնել:

- Չէ, ախր, կան բաներ, որ մեզնից կախված չեն:

Լռություն։

- Լսի, դու կարո՞ղ ա հանրապետական ես:

- Ա՜, չէ, պապի,- սկսեցի բարձր ծիծաղել՝ տեսնելով պապիկի վախեցած դեմքը:

-.Լավ, լավ, մի՛ նեղացիր, ուղղակի կատակում էի:

- Իսկ ինչի՞ ձեր տղան չտեսավ իր երազած Հայաստանը:

- Ասում են՝ մահացավ,- հազիվ արցունքները զսպելով, դժվարությամբ արտաբերեց պապը:

Գրողը տանի, ինչքան ցավ կա նրա աչքերում, և ինչպես է նա կարողանում այդքան ուժեղ լինել: Ոչինչ չհարցրի, խոսելու ցանկությունս էլ կորավ, մի պահ բառերս կորցրին իրենց ճանապարհը, մի պահ դրանք դադարեցին գոյություն ունենալ:

- Բայց ուրիշ են էլի մեր ջահելները՝ համախմբված, խելացի, համարձակ: Էդ էն ա, ինչ մեզ պետք ա,- վերջապես լռությունը կոտրեց պապիկը:

- Իսկ ձեր ժամանակներում երիտասարդներն ինչպիսի՞ն էին:

- Դե, աչոն ջան, մենք էս դուխը չունեինք: Հիմա բոլորս սովորելու բան ունենք ձեզնից: Շատ դուխով եք:

- Հա, մենք ուրիշ ենք,- հպարտորեն ժպտացի ես:

-.Դե դու էլ ոնց որ իմ թոռը լինես, ամեն անգամ թեթևանում եմ քեզ հետ զրուցելով:

- Իրո՞ք, ինձ թվաց․․․

- Հա, դրա համար քեզ տանելու եմ մեր տուն հարս, կամ եթե համաձայն չես, քեզ տանելու եմ ինձ թոռնուհի, մեկ է՝ թոռնուհի չունեմ,- շարունակում էր կատակել պապիկը:

- Պապի ջան, իսկ կլինի՞ հիմա վարժարան տանեք,- ծիծաղելով պատասխանեցի ես:

- Ա՜, բայց չասացիր, է, էդ լեզու բաժանելու հերթը հաստա՞տ եղել ա:

- Է՜, պապի՜:

Լռությո՞ւն: Չէ, լռությունը դարձավ ավելի լուռ՝ փորձելով թաքցնել պապիկի խորը տխրությունը: