Տիկին Բարդին

-Անահի՛տ, Անահի՛տ…Այ աղջի՛կ, ու՞ր ես հասել, ցած իջիր երկնքից:

Ուշքի գալով հասկացա, որ ամբողջ դասարանի ուշադրության կենտրոնում եմ հայտնվել:

-Ա՜խր, ընկեր Պետրոսյան, անհնար ա չհիանալ էս ծառի գեղեցկությամբ, ազնիվ խոսք, աչքս չեմ կարողանում կտրել:

-Ինձ հեքիաթներ մի պատմիր, հետո կհիանաս, հիմա դասդ կարդա:

…Ու՜ֆ, ու ամեն անգամ նույն պատմությունը, երբ ես գտնվում եմ աշխարհագրության դասասենյակում: Ինձ այդ պահին, ինչպես և միշտ, մի փոքր ժամանակ է հարկավոր, որպեսզի աչքերս ագահորեն կլանեն մեր հին ու լավ օրերի ընկերոջ՝ չքնաղ բարդու գեղեցկությունը: Այս ծառը, որին ես հաճախ անվանում եմ «Տիկին Բարդի», արդեն կես դարից ավել է, ինչ վեր է խոյանում կից հարազատ կրթօջախիս, ամեն ղողանջի հետ կարծես ինքն էլ է ցնցվում՝ ազդարարելով իր վեհության և վիթխարիության մասին: Գեղեցկուհին, ինչպես վայել է իրական լեդիին, լակոնիկ խոսքով հայտարարում է, որ ինքն է այս լայն տարածքի միակ դշխոն և տիրուհին, ով արդեն երկար տարիներ իր գերող ժպիտով հարյուրավոր սերունդներ է ճանապարհում դեպի նոր մի կյանք:

Նրա հաջողության գրավականը իր տեսքն է: Իր տարիքի համեմատ նա բավականին լավ է պահպանվել, մնացել նույնչափ առույգ և հեքիաթային, չքնաղ և կախարդիչ: Իսկ պաճուճազարդ տիկնոջ կերպարը լիապես լրացնում են «տերև» կոչվող զարդերը, որոնց բազմերանգ ներկապնակի համադրությունը կառուցում է նորընտիր մի տեսարան: Այն ոգեշնչում է նույնիսկ ամենաանտարբերին և հրավիրատոմս հանդիսանում յուրաքանչյուր պատահական անցորդի համար:

Լուսանկարը` Անահիտ Գասպարյանի

Լուսանկարը` Անահիտ Գասպարյանի

Եվ ինձ ստիպում են կու՞յր ձևանալ, ախր, ինչպե՞ս կարելի է չկախարդվել այդ խոհեմության խորհրդանիշով, ինչպե՞ս կարելի է չդյութվել նրա սիրունադեմ և լուսերես ժպիտով, որը փոխում է տրամադրությունդ և հասցնում քեզ ուղիղ տիեզերք, ա՜խր…

Լուսանկարը` Անահիտ Գասպարյանի

Լուսանկարը` Անահիտ Գասպարյանի

-Անահի՛տ, էլի շեղվեցի՞ր թեմայից, շուտ անցիր դասիդ, թե չէ` արդեն 2 կստանաս:

-Է՜հ…