davit aleqsanyan

Տղեք, էկեք ճամփեն անց կենանք

Ժամը 7:30-ի սահմաններն էր: Հեռախոսիս զանգ եկավ: Վերցրեցի` տեսնեմ ընկերս ա՝ Արմանը:

-Ալո, հա, ի՞նչ կա, Արմ:

-Ամոն էր զանգել. իրանց տուն ա կանչըմ, գալի՞ս ես:

-Հա, ոնց չեմ գալի: Ո՞ւր ես՝ տեղդ ասա:

-Արի խաչմերուկ:

-Լավ, հինգ րոպեից ըտի եմ:

Հեռախոսը անջատեցի ու գնացի: Եղբայրս՝ Էրոն ու Արմանը ինձ էին սպասում: Իրար հանդիպեցինք խաչմերուկում: Խաչմերուկի մասին ես ձեզ էլի եմ պատմել, Բաղանիսի նշանավոր խաչմերուկը, որտեղից երկու ճանապարհ է բաժանվում՝ մեկը թշնամու դիրքերից երևում է, մյուսը՝ համեմատաբար անվտանգ: Գնում էինք մեր մյուս ընկերոջ՝ Արմենենց տուն: Որոշ ժամանակ անց, երբ արդեն քայլում էինք ճանապարհով, սկսեցին կրակել: Հետ շրջվեցինք ու նայում էինք: Կրակոցներն սկսեցին ուժեղանալ, սակայն գյուղի վրա չէր, այլ դիրքից դիրք: Ես ասացի.

-Տղեք, էկեք ճամփեն անց կենանք:

Ճանապարհի մյուս կողմը չէր երևում դիրքերից: Արմանն ասաց.

-Դուզ ես ասըմ, էկեք անց կենանք:

Ճանապարհի միջնամասում էինք ու…

-Ֆըզզզզզզզզ…

Ադրբեջանական դիրքերից արձակված գնդակներից մեկը անցավ իմ և Արմանի գլխավերևով: Բախտներս բերեց, որ բարձր էր ընթանում: Արագ թաքնվեցինք տներից մեկի մոտ: Կրակը դադարեց: Շարունակեցինք ճանապարհը, ու մեկ էլ ավելի ուժեղ կրակահերթ սկսեց, բայց այդ ժամանակ արդեն հասել էինք ընկերոջս տուն ու շունչներս էինք տեղը բերում:

Լավ էր, ոչ մեկիս բան չեղավ: Ասել Արմանի.

-Մատաղ ունինք անելու: