Ani Karapetyan

Փոքրիկ, բայց հաստատուն քայլերով

Սկսեմ նրանից, որ ինը տարի առաջ ծնողներս որոշեցին ինձ ուղարկել երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժին: Այդ ժամանակ ես հինգ տարեկան էի և մանկապարտեզ էի գնում: Առանձնապես չէի սիրում երաժշտությունը և, առավել ևս, երաժշտական գործիքները: Ճիշտն ասած, չեմ էլ հիշում, թե ինչպես ընդունեցի ծնողներիս որոշումը, բայց մի բան հաստատ հիշում եմ. ես ստիպողաբար էի գնում երաժշտական դպրոց: Ինձ համար տհաճ էր հատուկ ծրագրով նախատեսված երաժշտություն նվագել սովորել, որոնք, պետք է խոստովանեմ, ինձ ընդհանրապես հաճելի չէին:

Որոշ ժամանակ անց, բացի դաշնամուրային պարապմունքից, սկսվեցին սոլֆեջիոյի և երաժշտական գրականության դասերը: Այդ դասերը սովորելը ինձ համար շատ դժվար էր, որովհետև ես փոքր էի և նույնիսկ դպրոց չէի գնում: Երբեմն այդ ամենը ինձ համար այնքան տհաճ էր և հուսահատեցնող, որ ես անկարողությունից ուզում էի պատռել ամեն ինչ, ինչ վերաբերվում էր երաժշտական դպրոցին: Բայց շուտով փորձում էի ինձ հանգստացնել այն փաստով, որ Մոցարտը ինձանից էլ փոքր հասակում կարողացել է հաղթահարել նմանատիպ շատ ու շատ դժվարություններ: Այսինքն, այդ ամենը հաղթահարելի է, և եթե փոքրիկՄոցարտը կարողացել է, ուրեմն ես նույնպես կարող եմ:
Ամեն դեպքում ես միշտ խուսափում էի երաժշտական դպրոց գնալուց և տարբեր պատճառներ փնտրում բացակայելու համար:
Մայրիկիս գործը նույնպես հեշտ չէր: Ես հազիվ էի կարողանում գրել, և մայրիկիս առաջադրանքն էր` հասկանալ իմ «ագռավի ճանկերը»: Նա կարողանում էր իր առաջադրանքը հաջողությամբ կատարել:
Տարիները շատ երկար էին թվում ինձ, այնինչ դրանք պարզապես թռչում էին: Հասնելով ավարտական դասարանին, սկսեցի գիտակցել, որ այդ տարիները իզուր չէին, և պետք է պատվով ավարտել կյանքիս այդ փուլը: Ես լրջորեն պարապում էի: Այդ գործում ինձ անչափ օգնում էր մայրիկս, լինելով իմ հաջողությամբ ավարտելու շարժառիթը:
Պետք է հանձնեի երեք քննություն, որոնցից երկուսը պետք է հանձնեի հետևյալ կերպ. քաշեի հարցաթերթիկը, պատասխանեի ինձ բաժին հասած հարցերին և, ըստ տվածս պատասխանի, գնահատվեի:
Եկան քննության այդքան սպասված օրերը: Բոլորը վախով քաշում էին հարցաթերթիկը և գունաթափված նստում: Բայց երբ ես քաշելով հարցաթերթիկը, ուսումնասիրեցի հարցերը, մի տեսակ ժպիտ համակեց ինձ: Այդ հարցաթերթիկի պատասխանները ես անգիր գիտեի: Պատասխանեցի և ստացա բարձր գնահատական: Նույն կերպ հանձնեցի երկրորդ քննությունս:

Դաշնամուրի քննության ժամանակ պետք է նվագեի ինձ նախօրոք հանձնարարված երաժշտությունները, որոնք պետք է սովորած լինեի մեկ տարվա ընթացքում: Այս քննությունը նույնպես բարձր գնահատականով հանձնեցի: Ես երաժշտական դպրոցի ամենակրտսեր շրջանավարտն էի և դպրոցի տնօրենի կողմից գովասանքի արժանացա մինչև վերջ այդ դժվարությունները պատվով հաղթահարելու և բարձր գնահատականներով ավարտելու համար:
Հենց այսպես էլ ավարտվեց իմ փորձություններով լի կյանքի այս փոքր շրջանը:

Հ. Գ. Երբեմն կյանքում անհրաժեշտ է լինում փոքրիկ քայլերով առաջ գնալ՝ համբերատարորեն և երբեմն էլ, նույնիսկ, մեր ցանկություններից անկախ: Այդպես մենք կոփում ենք մեր կամքի ուժը: