Սևան մեդիա ճամբար. Այցելություն զոհված ազատամարտիկ՝ Տիգրան Աբրահամյանի տուն

Լուսանկարը՝ Նարե Հարությունյանի

Լուսանկարը՝ Նարե Հարությունյանի

Նկարահանումների ուղևորվող մեր միկրոավտոբուսը հասավ  Մարտունի քաղաք: Բաժանվելով  խմբերի՝ մեր խումբը շարժվեց  զոհված ազատամարտիկ Տիգրան  Աբրահամյանի ծնողների տուն: Երբ մտանք տուն, միանգամից զգացվեց, որ ազատամարտիկի տուն է, որովհետև սենյակի մի անկյունում  տեղադրված էր  Տիգրան Աբրահամյանի նկարը, լուսանկարների  ֆոտոալբոմը, իրեն պատկանող ծաղկամանը, որդու լուսանկարը:

-Իմ Տիգրանը, չեմ չափազանցում, շատ խելացի էր: Մի ամսվա ընթացքում կարող էր յուրացնել մեկ լեզու, գաղափար ուներ ամեն ինչից: Գիտեր նվագել ակորդեոն, դաշնամուր, կիթառ,- պատմում  էր մայրը:

Այնուհետև մենք իմացանք, որ զավակի մահից  22 տարի հետո  ակորդեոնի տուփը չէր բացվել, բայց այսօր բացվեց: Մայրը նաև ասաց.

-Ես չեմ իմացել, որ իմ որդին  կամավոր էր գրվել և գնացել պատերազմ: Ուշացումով իմանալով, հարցրեցի  «Ա՜յ, տղա՛, ո՞ւր ես գնում»: «Ես չգնամ, դու չգնաս, նա չգնա, բա ո՞վ գնա»,- պատասխանեց որդիս:

Մենք հետաքրքրվեցինք նաև որդու ընտանիքից։

-Տղաս, որ գնաց պատերազմ, կինը 6 ամսական հղի էր: Թոռս չի տեսել իր հորը և իսկական հոր կտորն է՝  հայրենասեր, խելացի, մասնագիտությամբ էլ  բժիշկ:

Երբ մայրը չցանկացավ այլևս  խոսել և  դուրս եկավ, հայրը մեզ թաքուն պատմեց.

-Ես իմ որդուս որոշմանը միշտ համաձայն եմ եղել, թոռս էլ  լցված է վրեժխնդրությամբ, և եթե նորից պատերազմ լինի, և թոռս՝ Գոռը, ցանկանա գնալ՝  ես կթողնեմ:

Մենք շատ էինք հուզվել:

Աբրահամյանների ընտանիքի յուրաքանչյուր անդամ յուրովի էր հայրենասեր: Վերադարձանք ճամբար` իմաստուն մայրիկի խելացի խոսքերը մեր սրտում պահած:

Նարե Հարությունյան

***

Արդեն երրորդ օրն էր ճամբարում: Պիտի գնայինք նկարահանումների: Մի քանի ֆիլմի առաջարկներ կային: Ուզում էի քարաքոսներով աշխատող նկարչի մասին պատմող ֆիլմի նկարահանումներին լինել, բայց այնպես ստացվեց, որ հայրենասիրության ու հայրենիքին ինքնազոհ եղած Տիգրան Աբրահամյանի մասին պատմող ֆիլմի նկարահանումներին գնացի: Գնացել էինք Մարտունի՝ նրա ծնողների տուն: Չգիտեմ էլ անգամ ինչպես սկսել այս տխուր-ուրախ հանդիպման պատմությունը: Հիմա ուզում եմ այնպես շարել հույզերս այս պատմության շղթայի վրա, որ այն կարդացողներն էլ գոնե ինչ-որ չափով զգացածս զգան: 

Երբ հարցեր էինք կազմում, այնքան դժվար էր. պիտի փորձեինք հնարավորինս չհուզել նրանց մեր հարցերով: Երբ հասանք նրանց թաղամաս ու դռան զանգը տվեցինք, ինձ թվում էր, թե դուռը կբացեն շատ ծեր ու կյանքի հանդեպ վրեժխնդիր դարձած տատիկ-պապիկ: Մի վայրկյան հետո երկու բարի դեմք մեզ ներս հրավիրեցին: Ու ինչքան լավն էին…

Աստվա՜ծ իմ, ինչքան սեր, կուռ նվիրվածություն ու հայրենասիրություն կար իրենց փոքրիկ տան մեջ, իրենց կարոտի ու կորուստի, իրենց ափսոսանքի ու ինչ-որ տեղ հպարտության աշխարհում: Ինձ համակել է մի այնպիսի զգացում, որ գնացի, զրուցեցի ու ապրեցի այդ մի քանի ժամը նրանց հետ:

Սկսվեցին մեր հարցերը: Երբ առաջին հարցը պիտի տայի, ձայնս խզվել էր, դողում էի այն մեծ գիտակցումից, որ պատասխանատու եմ նաև պատասխանի ու արթնացող որդեկորույս վշտի համար: Դե, հա, մեր զրույցը ծանր էր: Ամեն անգամ, երբ մի նոր հարց էի տալիս, խորը շունչ էի քաշում, որ ոչ մի բառ բաց չթողնեմ, որ չսկսեմ…

Տիկին Անահիտը՝ Տիգրան Աբրահամյանի մայրը, ուժեղ, կիրթ ու հարուստ ներաշխարհի տեր այդ կինը, անընդհատ հուզվում էր, ու մեզ մեղավոր էինք զգում նրա աչքերում թախիծ արթնացնելու համար: Ինքն ու իր ամուսինը սրտիս են կապվել ամուր թելերով ու երեկվանից մտքումս են այդ ուժեղ, բայց, միաժամանակ, չափազանց փխրուն ու դյուրազգաց կերպարները: Ամբողջ ժամանակ փորձում էի ինձ պինդ պահել, բայց տիկին Անահիտի` «Սա էլ մենք ենք ամուսիններով, որ ոչինչ չմնաց մեզանից» նախադասությունը, միանգամից սիրտս լցվեց ու չդիմացա: Սենյակում անարև լռություն տիրեց, ու արցունքի կարոտով լցված կաթիլները տիկին Անահիտի քնքուշ այտերը գրկեցին: Հիմա գրում ու մտածում եմ, որ ապրումներ կան, որ մեզ հաղթում են ու մեզնից ուժեղ են, որ մեզ կիսում ու թևատում են: Երբ տիկին Անահիտն ասաց. «է՜հ, էրեխեք ջան, մենք ապրում ենք վիշտ»,-մնում էր միայն ասել. «Կյանքը թող շարունակվի»:

Եվ, իրոք, կյանքը թող շարունակվի՝ կենդանի պահելով սրտի բոլոր սերերը, կորցրած երազները՝ մեղմացնելով կորստի բոլոր ցավերը…

Շուշան Ստեփանյան