Քաղաքի մի ծայրից մյուսը

Լուսանկարը՝ Սյուզաննա Քոսյանի

Երբ օրենք ընդունվեց ավագ դպրոցների մասին, ես այդ ժամանակ 8-րդ դասարանում էի սովորում։ Ուղղակի սարսափելի էր թվում, թե ինչպես պետք է բաժանվեմ իմ դասարանից, թե ինչպես պետք է օգտվեմ երթուղայինից, եւ վերջապես ինչպես կընդունի ինձ իմ նոր շրջապատը։ Դրական կողմերի մասին չեմ էլ խոսի։ Այն աշակերտների համար, ովքեր ծայրամասերում են ապրում, մեծ խնդիր է տրանսպորտը։ Ես ինքս ապրում եմ ծայրամասում, եւ ինձ համար ամենամեծ խնդիրը դա է, հատկապես ձմռանը։ Կամ երթուղային չի լինում, կամ եթե անգամ լինում է, արդեն դասից ուշացած ենք լինում։ Երբ մտածում էին այս համակարգի իրացման մասին, պետք է մտածեին նաեւ երթուղայինների խնդրի մասին եւ հատուկ դպրոցական ավտոբուսներ հատկացնեին։ Եվ հետո, գործազրկության բարձր մակարդակ ունեցող Վանաձորում շատերի համար այդքան էլ հեշտ չէ ամեն օր 200 դրամ հատկացնել աշակերտի տրանսպորտի համար, մանավանդ, եթե ընտանիքից դպրոց են հաճախում երկու կամ ավելի երեխաներ։