Քեզ հետ և առանց քեզ

2015 թվականին Մեծ տատս կդառնար իննսուն տարեկան:

-Էդ ո՞ւր էիք գնացել:
-Կինո, տա՛տ ջան, կինո:
-Տեղով կինո եք էլի,- ասեց ու փակեց աչքերը: Վերջին օրերն էին:

***
Լուսիկ տատս էր, իսկական անունը՝ Ոսկեհատ: Ծնվել ու մեծացել է Ախթալա գյուղում: Գյուղը նրա համար աշխարհ էր, աշխարհը՝ գյուղ: Ծնողներից հետո մենակ մնաց, բայց գյուղը էլի չթողեց: Խնդրեցինք, համոզեցինք՝ գա քաղաք, մեզ հետ ապրի: Չլսեց, չհամոզվեց.
-Էդ իմ տեղը չի:
Ամբողջ տարի իր պարտեզում էր: Այնքան էր գործ անում, որ չէր էլ հասցնում ձանձրանալ: Բայց ոչ էլ հոգնում էր. ջահելի պես առողջ էր, երեխայի պես՝ ժիր: Թթու լավաշներ էր սարքում, տեսակ-տեսակ չրեր պատրաստում, մուրաբաներ փակում: Բոլորը, բոլորը մեզ համար: Ամռանն այցելում էինք իրեն, ձմռանը ինքն էր գալիս: Քույրերով իր սիրած շոկոլադից էինք պատրաստում, գալուն պես նվիրում, ինքն էլ տարբեր կոնֆետներ էր մեզ բերում: Աշխարհով մեկ էինք լինում. երեք ամիս մեր տանը պիտի մնար:
Առավոտյան բոլորիցս շուտ էր արթնանում: Սանրում էր իր ճերմակ մազերը ու թաքցնում ծաղկազարդ գլխաշորի մեջ, կապույտ շալը փաթաթում էր մեջքին ու խոշոր ակնոցը դնում կուրացած աչքերին: Այս ամենը այնքան երկար էր տևում, որ նմանվում էր խորհրդավոր ծիսակատարության. ինչքան նայեիր, չէիր ձանձրանա:
Սուրճի ժամն էր: Առանց բացառության ամեն օր խմում էր: Մաքրում էր անգամ բաժակի հատակի սև մրուրը, թեև գիտեր, որ օգտակար չէր: Բայց չէր հիվանդանում, դեղեր չէր օգտագործում: Դրանից է, որ այդքան երկար ապրեց, թեև ինձ ավելի երկար էր խոստացել: Հիմա գիտեմ, որ խոստումները նրա համար են, որ չպահվեն:
-Հարյուր տարի՞: Անիծո՞ւմ ես: Կմեծանաս, կհասկանաս, թե ծերությունը ինչ գեշ բան ա:
Ես լռում էի. երևի իսկապես չէի հասկանում՝ ինչ էր ծերությունը:
-Ե՞րբ պիտի ռատ ըլնիմ, գնամ…,- Էս խոսքերից հետո պինդ-պինդ գրկում էի նրան, ու նա չէր տեսնում իմ թաքուն արցունքները, ոչ մի անգամ չէր տեսնում:
Տատս սիրում էր ինձ ամենաշատը: Դա գիտեի այնպես, ինչպես իմանում են, որ անձրև է գալու, երբ երկինքն անաստղ է լինում: Ես իր տղա թոռներից մեծի առաջին զավակն էի ու չորս ծոռներից (այդ ժամանակ) ամենափոքրը: Նրա համար հեքիաթներ էի կարդում, երբեմն վերջաբանը ինքս էի հնարում, փոխում ուզածս ձևով: Իմ միամիտ տատը լսում էր ինձ, համբուրում պստլիկ ճակատս ու անգիր ասում.
-Կարդա՛, գրի՛ր, իմ ժի՛ր մանուկ,
Կարդա՛, գրի՛ր տարին բոլոր…
Միշտ հետաքրքրվում էր գնահատականներովս, հպարտանում իմ լավ սովորելով: Ես իմ բոլոր հինգերը նվիրում էի իրեն: Աշխարհով մեկ էր լինում: Իսկ երբ բախտս բերում էր, և հինգին գումարած էի ստանում (իսկ իմ բախտը հաճախ էր բերում), ինձնից շատ էր ուրախանում:
Հանում էր գրպանի գունավոր թաշկինակը, քարկապը քանդում ու տալիս ինձ: Դա եզակի հնարավորություն էր տեսնելու, թե ինչ կար թաշկինակի մեջ. կոնֆետներ էին, կոպեկներ, թելեր: Այդպիսի թաշկինակներ բարձի տակ էլ կային. միշտ փակ, միշտ կապված, միշտ նույն տեղում:
Երբ արդեն բավականաչափ մեծ էի, տատս հաճախ էր զրուցում, կիսվում ինձ հետ: Օր չէր լինում, որ չհիշեր ու չպատմեր ինձ կամ մյուսներին, թե ինչպես մի անգամ՝ իրեն գյուղ ճանապարհելիս, գրպանում հիսուն դրամ դրեցի.
-Բա ես քու փողը ո՞նց վերցնեմ,- հարցրել է:
-Թե չվերցնես, ուրեմն ինձ չես սիրում,- մանկական խորամանկությամբ պատասխանել եմ ես: Հետո թափահարել եմ ձեռքս, հրաժեշտ տվել այնքան ժամանակ, մինչև ավտոբուսը շարժվել է ու հեռացել տեսադաշտիցս: Այս դեպքը ավելի շատ հիշում եմ իր պատմելով: Գիտեմ,որ իրական է, որ հնարած չէ ոչ մի պահը, բայց հիմա այնքան հեռու է թվում, որ…
Վերջին տարիներին էլ գյուղ չէինք տանում: Գիտեինք, որ նեղանում էր, բայց չէինք թողնում՝ գնար: Արդեն մեծ էր, մենակ թողնելը վտանգավոր կլիներ:
-Կգա՞ս գնանք գյուղ, Ախթալա գնանք, իմ թթի ծառի թութը կուտես: Հիշում ես, չէ՞,՝ ո՜նց էինք թափ տալիս:
-Հիշում եմ, տա՛տ ջան, հիշում եմ:
-Կգաս, չէ՞:
-Կգամ, տա՛տ ջան, մի օր անպայման կգամ:

***

Ասում են՝ աչքերը փակել ու հանգիստ քնել է: Կարծես սովորական քուն պիտի մտներ: Կարծես առավոտյան պիտի արթնանար էլի: Ասում են՝ մենք պիտի երազենք իր պես երկար ապրելու մասին. չորս թոռների յոթ երեխեքին տեսնելը խաղ ու պար չի: Ասում են՝ ինչ լինում է, թող ժամանակին լինի…Չէ՛: Ժամանակին թե անժամանակ՝ տարբերություն չկա: Կորուստը կորուստ է: Տառապանքը՝ տառապանք: Կորցնում ես, ուրեմն, պիտի տառապես: Ուրիշ ճանապարհ չկա: