Ani Avetisyan

Օրագիր, որում օրերը նշված չեն, կամ պատմություն մեծ քաղաքի մասին

Հովնանի ճանապարհորդական նոթատետրում 12.11.2018- 19.11.2018-ի կողքին ինքնաթիռում վերադարձից տասը րոպե առաջ գրվեցին Բեռլին ու Պոտսդամ քաղաքների անունները։ Հետո՝ մեկ-մեկ բոլոր, իսկ իրականում ընդամենը 20%-ն այնտեղ ապրած ուրախ ու տխուր պահերի։

Հետո ինքնաթիռն օդ բարձրացավ։
Իսկ ներքևում մեկշաբաթյա, բայց մեկ ամիս թվացող կյանք մնաց։ Բեռլինի` լաբիրինթոս հիշեցնող կայարանները, գնացքները, որ մեկ քեզ տանում են ուզածդ վայրը, մեկ լրիվ հակառակ ուղղությամբ։ Պապիկը, որ փորձում էր մեզ օգնել ու Մարիամի հայացքը, որ փորձում էր հասկանալ նրա գերմաներենը։
Մարդիկ, որ անգլերեն էին խոսում առանց բացառության, մինչդեռ փողոցներում ու կայարաններում անգլերենով մի ցուցանակ անգամ չկար։ Իսկ գնացքի վերջին կայարանն անգլերենով էին հայտարարում, դե հո մարդ չպիտի՞ մնա ներսում։
Մաքուր փողոցներն ու ծխախոտի մնացորդները ձեռքով հավաքող աշխատողները։
Աղբը տեսակավորող աղբամանները, որի վրա էլի գերմաներեն էր գրված։ Կարելի է կարծել` տուրիստներին թույլատրված է խախտել կանոնները։ Այնինչ` ոչ։
Հետո տարածական պատկերներն ավելի են փոքրանում, ու հայտնվում ես հոսթելում, որտեղ 40 կամ ավելի երիտասարդներ են։ Սեմինարի են եկել։
Խոսում են, պատմում, քննարկում։ Քաղաքականություն, մեդիա, մշակույթ ու էլի ինչեր ասես։ Հետո զարմանում են` ոնց ենք մենք` հայերս, կարողանում գրել երեք այբուբեններով։ Զարմանում են նրանք, ովքեր գիտեն եվրոպական 3-4 լեզու։ Բայց կապ չունի, իրենք միայն լատինական այբուբենը գիտեն։
Հետո զարմանում են, թե ինչու հինգ հայից երկուսը ֆրանսերեն գիտեն, կամ թե` ինչու են հայերը ֆրանկոֆոն (դե, մեր հինգից Մարիամն ու Սիրանը գիտեին, էլի): Հետո ավելի են զարմանում, երբ իմանում են, որ մենք ֆրանսիական համալսարան ունենք։ Էլ չասեմ` ինչ է լինում, երբ լսում են ռուսականի ու ամերիկյանի մասին։
Հետո խոսում եք քաղաքականությունից, ու հասկանում ես, որ նրանք կա՛մ լավ են պատրաստվել, կա՛մ ծանոթ են Հայաստանին, Հայաստանում տեղի ունեցողին։ Չնայած, առաջինի մասով կասկածում եմ։

Եվ դու կարող ես նայել մեծ քաղաքի մեծ գնացքների պատուհաններից ու մտածել։ Ու ընդհանրապես էլ էական չէ` ինչի մասին։

Ասենք, ինչո՞ւ քննությունները խանգարեցին, որ մի լավ ուսումնասիրեմ քաղաքի պատմությունը։ Կամ` ինչ լավ է, որ չհասցրի. էսպես ավելի հետաքրքիր է, երևի։ Հետո կանեմ։ Ուղղակի հետո էլի քննություններ են։ Կամ` ինչի՞ համար են մարդիկ մեզ մոտ այսքան տարբեր։ Այստեղ` Հայաստանում։ Դա անգամ բարձրաձայն քննարկել կարող ենք։ Ուղղակի էդպես էլ չհասկացա` լա՞վ է, թե՞… Բայց լավ է, երևի։

Գուցե թե ազգային առանձնահատկություններից բացի ինչ-որ ուրիշ բան կա։ Չգիտեմ։

Բայց կա այն, ինչ կա։

Հետո կանգառ։
Մտքերում էլ։

Ու մեկ շաբաթում վերջին` երևի հարյուրերորդ անգամ Բունդեսթագի կողքով քայլելիս կմտածես, թե ինչքան քիչ ժամանակ էր պետք՝ ձուլվելու օտար քաղաքին։ Ու կմտածես` ի՞նչ եղավ, ո՞նց։ Բայց չես ծանրաբեռնի կյանքդ դրանցով։ Բան չմնաց։

Ինքնաթիռը վայրէջքի կպատրաստվի, լույսերը կանջատվեն, ու Հովնանի նոթատետրում պակաս բաներ հաստատ կմնան։