IMG_20200201_112249

Ֆրանսիական օրագիր, Մաս 7, Վերջինը

Ֆրանսիական օրագրի էջերում արդեն գրում եմ Հայաստանից՝ իմ սիրելի բազմոցին նստած, կողքս բաժակ ու ուտելիք, ոնց միշտ։ Մինչ այդ՝ 2 ամիս շարունակ մենք շատ զգոն էինք և ուշադիր, դրան զուգահեռ շատ ազատ խոսում էինք դրսում հայերենով ու քննարկում էինք բոլոր կողքիններին։ 2 ամիս ես շատ վստահ էի, որ եթե վերցրել եմ դրամապանակս ու միջի քարտերը, ուրեմն դուրսը չեմ մնա։ Փարիզյան օրագիրը վարելու համարյա ողջ ընթացքում մենք անընդհատ շտապում էինք ինչ-որ տեղ. ես հիմնականում ուշանում էի աշխատանքից, բայց ինչ-որ հրաշքով ժամանակին հասնում։ Էդ ընթացքի համար հատուկ քաշել էի ֆրանսիական ստեղնաշար, որ ավելի հեշտ գրեմ բառերը, ու վարժեցնում էի ինքս ինձ, որ «մ» տառը ներքևի տողում չէ, այլ վերջակետի փոխարեն։

IMG_20200118_160417

Ինքնաթիռով թռնելու 3-4 ժամվա ընթացքում էս ամեն ինչը պիտի հետևում թողնեինք ու նոր համակարգով ապրեինք։ Էսօր դեղատանը զգացի, որ կողքից հասկանում են, թե ինչ եմ խոսում հայերեն։ Երեկ նկատեցի, որ տուն մտնելու համար նախ մուտքի, հետո նաև դռան բանալի է ինձ պետք։ Իսկ օրինակ, երբ Փարիզում էի (պիտի մի տեղ ասեմ էս արտահայտությունը), իմ սենյակի դուռը քարտով էր բացվում։ Հիմա շտապելու տեղ չունեմ, գործից չեմ ուշանում, որովհետև տնից եմ աշխատում։ Ստեղնաշարս միշտ հայերենի վրա է դրված, որովհետև վերջ, էլ ի՞նչ ման գամ ֆրանսերենով, էլ ո՞ւմ համար գործ անեմ էդ լեզվով։

IMG_20200119_165452Ընդհանուր առմամբ, լիքը մանր բաներ են փոխվել, ու չպիտի անսովոր լինի, որովհետև քանի տարի էսպես եմ ապրել, մնացածն էլ իրենց սովորական կյանքն են ունեցել։ Բայց հիմա ամեն առավոտ հաստատ ամեն մեկս մտածում է, թե սենյակակիցը ոնց քնեց։ Ինձ էլ Մերին չի արթնացնում, մնացել եմ իմ հույսին։ Վստահ եմ, որ հանրակացարանի փոքր քառակուսիներից հետո բոլորիս տները պալատ են դարձել։ Էնտեղի տեսածներից հետո՝ մեր խոհանոցը ամենամաքուրն ու ամենասիրունն է իմ աչքին։

Բայց եկեք հանրակացարանից դուրս գանք, քաղաքով անցնեք։ Եթե շեֆիս, մամայիս, մորաքրոջս կամ ուրիշ մեկին թվում է, որ ես զզվում եմ Փարիզից, կամ որ առհասարակ չեմ հավանել, չէ, ժողովո՛ւրդ, նման բան չկա։ Փարիզը քաղաք էր մնացած բոլոր քաղաքների նման։ Մի քիչ ավելի կեղտոտ, մի քիչ ավելի սիրուն շենքերով, մի քանի ավելի հրաշալի կառույցներով ու բերանը բաց մնալու թանգարաններով։ Փարիզի տեմպը շատ հարմար էր իմ կյանքի տեմպին․ ոչ շատ արագ, ոչ էլ հոգնեցնող դանդաղ։ Փարիզի շենքերը իմ վերարկուների պես բեժ էին, ու ես մտածում էի, որ սազում եմ քաղաքի պատերին։ Փարիզում մենք լիքը նոր բաներ ենք սովորել, սովորել ենք թեկուզ հենց իրեն` քաղաքին, նոր հմտություններ ենք զարգացրել, լեզու ենք բացել, ձրի գնացել ենք աշխարհի ամենաճոխ թանգարանները, տնօրենների հաշվին հաց ենք կերել իրենց տված տալոններով, մնացել ենք անձրևի ու կարկուտի տակ, գնացել ենք ուրիշ քաղաքներ, ուրիշ երկրներ, լսել ենք «ֆրանգլերեն» ու փոշմանել դրա համար, ինձ անգամ հայհոյել են դրսում, որ փող չեմ տվել մուրացկանին։ Հանդիպել ենք հայերի, լսել ենք հայկական մունաթ, կարոտել ենք Հայաստանը, ուզեցել ենք հետ գալ։ Կերել ենք համով, կերել ենք ֆասթֆուդ, կերել ենք անկապ, դրսում, տանը, ռեստորանում։ Երգել ենք հայկական ռաբիզ, ոչ ռաբիզ, տխուր կամ ուրախ երգեր։ Փորձել ենք ինտեգրվել միջավայրին, համակերպվել ենք էն մտքի հետ, որ կիրակի խանութ չենք կարող գնալ, փակ են։ Ինձնից հեռախոս էին փորձում գողանալ, հետ եմ խլել սեփական հեռախոսս ինչ-որ չաղ պապիից։ Հայերեն գոռացել եմ վրան, գիտեմ, որ չի հասկացել բառերը, բայց միտքը պարզ էր։

20200118_160304

Փարիզում մենք տարբեր բաներից անընդհատ զարմանում էինք ու ասում, որ սրանից հետո երևի ամեն ինչ տեսել ենք արդեն, էլ ո՞ւր ավելի։ Բայց ամեն անգամ կար ավելին։

Տեսել ենք անսահման սիրուն բաներ՝ շենքեր, նկարներ, պատկերասրահներ, ցուցադրություններ, թեմատիկ ու առանց թեմայի սուվենիրներ։ Առել ենք ահավոր շատ նվերներ, կռահել ենք համարյա բոլորի չափսերը, ապրենք։ Դժվար էր ինչ-որ պահերի, բայց հաստատ արժեր, թե չէ` էլ ե՞րբ պիտի հասցնեինք ուրիշի հաշվին էսքան ման գալ։

IMG_20200226_220925

Ճամփորդական օրագրերը միշտ ավարտ են ունենում, անընդհատ չես մնա ճամփորդ։ Ես իմն ավարտել եմ փետրվարի 29-ին, երբ իջա ինքնաթիռից։ Վերջին էջերին նայում եք հիմա։ Խոստացել եմ, որ մոտ ժամանակներս էլ տեղ չեմ գնա, որ կարոտս առնեմ։ Բայց եթե մի բան մտքիս գա, նոր օրագրում կհանդիպենք։

Bien à vous,

Փարիզից նոր եկածներ`

Անուշ Դավթյան

Անետա Բաղդասարյան

Մարիամ Նալբանդյան