Լուսաբացները

Անցած ամիսների դեռ չլավացած վերքերը սրտում, այսօր կիսով չափ ընկած, կիսով չափ ուրախ, կիսով չափ սպառված դիմավորում ենք լուսաբացները հույսով լցված, որ ամեն ինչ դեռ լավ է լինելու։ Որպես կանոն դիմավորում ենք մայրամուտները, որոնք շատ ցավոտ են լինում, խավարը ամեն ինչ իր մեջ քաշելու, պինդ թաքցնելու վատ սովորություն ունի

Զգացածս, չէ, չէ իրականում այդքան էլ չեմ զգում, ցավը թմրեցնող հատկություն ունի, լսում եմ զոհերի արյան կանչի ձայնը, սիրտս վեր է թռչում, ուզում եմ հոգիս տալ, ուզոոմ եմ սիրտս տալ, բայց արդեն անտարբեր հայացքով ու պահվածքով, նստում եմ մի տեղ ու սառած նայում մի կետի: Տավուշ աշխարհից մտքերով գնում եմ Արցախ աշխարհ, բայց արդեն արցունք էլ չկա, արդեն հոգի էլ չկա, արդեն չկա․․․

Ու էլի մնում են չասված խոսքեր ու անավարտ մտքեր, ասում են`  մահը կյանքի մասն է, ժամանակը՝ կյանքի սպասավոր․․․

Այսօր ուզում եմ մտածել  աշխարհի մասին, ուզում եմ խոհերիս մեջ Աստված ներկա լինի, ուզում եմ ինձ համոզել, որ այլևս չի կրկնվի այն, ինչ եղել էր․․․

Այսօր ուզում եմ ապրել այնքան, որ իմ շնչից մահը վերանա, և այնքան մեռնել, մինչև նորից ծնվեմ, և գուցե այդ ժամանակ չիմանամ պատերազմ բառի նշանակությունը․․․

Երանի թե, ոչ ոք չիմանար:

Երբ արևը մայր է մտնում, սպասում ենք նրա նոր գալստյանը, ավելի վառ գալստյանը, որպեսզի բոլոր օրերը տարբերվեն իրարից իրենց գուներով, ջերմությամբ:

Հայ զինվոր, դու բարձրացար երկինք, դիպար արևին, բռնեցիր հավերժության ճանապարհը, որ մեր լուսաբացները ավելի վառ լինեն, դու չհեռացար, ուղղակի կյանքը ուշացավ: Դու ամեն լուսաբացի գալիս ես, որովհետև գնացողներից չես:

Եվ գիտե՞ս, այսօր դու հաղթեցիր: Հաղթեցիր ու ասացիր.

-Հայը պարտվել չգիտի:

Ուղերձ զինվորից

44 օր մենք վախի հետ ենք ընկերացել:

Ապրել

Գետի ջրով,

Ցեխաջրով:

Գլուխներս

Դրել քարին,

Աստղերով ծածկվել:

Անասելի վախ

Ձեռք բերել ամեն

Ճտոց,  չխկոցից:

Կորցրել ենք

մարդկանց, ում հետ

Ուրախացել, տխրել,

Դպրոց ենք քայլել,

աղջկա բազառ գնացել,

Հիշողություններ ստեղծել,

Հաջողությունների հասել,

Թռել,

Ընկել,

Ապրել:

 

Կատու,

Շուն,

Գորտ,

Օձ,

Կարիճ,

Սարդի հետ

Խոնավ պադվալում

հարևանություն արել:

 

Մարդ սպանել

Սովորել,

Արկերի, անձրևի տակ

Պատգարակով մեր

ընկերոջը կիլոմետրեր

ենք վազացրել:

 

Բա

Ցար

Ձակ

Չիմանալով երկու

վայրկյանից ինչ կլինի,

Զանգել ասել ենք.

Լաաաաաավ ա սաղ:

 

Լսողություն կորցրել,

Վերականգնել:

Կորցրել,

Վերականգնել:

Կորցրել,

Վերականգնել:

Կորցրել,

Վերականգնել:

 

Բայց

Ժպտում ենք:

Դուք էլ ժպտացեք:

Ու մոտներս էշ-էշ դուրս մի տվեք,

Մենք ձեզ  չենք ընկալում

Ոնց դուք

Էս իրավիճակը:

 

ԵՐԱՆԻ ՉԶԱՐԹՆԵԻ՞Ր…

ԳՆԱ ՍՊԱՆԻ ՔԵԶ։

ԼԻՔԸ ԼԱՎ ՁԵՎ ԵՄ ՍՈՎՈՐԵԼ,

ՀԱՐՑՐՈՒ` ԿԱՍԵՄ:

 

Որոշի,  դու «դու՞ք» ես, թե՞

«մենք»…

Երկինքը հարստացավ, ես աղքատացա

Մի ժամանակ ես երկինքը շատ էի նկարում:

Հիմա երկինքը ավելի սիրուն է, ավելի տաքուկ ու ավելի շատ:

Ես նեղացած եմ, հա, երկնքից եմ նեղացել: Ես իրեն էդքան շատ սիրում էի, ամեն օր նոր հանդերձանքով նկարում, իսկ ինքը գողացավ ինձնից ամենաթանկերիս:

Ես աշխարհից եմ խռովել, մի երկնքը ի՞նչ է, որ էդքան լույս պահի իր մեջ:

Մանկական խաղերս բերել դրել աչքիս դիմաց, տարել է հետս խաղացողին:

Էն երկինքը, որ ձեռքերը իրեն էին պարզում ու նկարվում սիրելիները:

Էն երկինքը, որ ես օդային համբույրներ էի ուղարկում, երբ անձրև էր տալիս: Անձրև չեմ ուզում էլ, ինձ իմ մանկության Սամին տուր:

Փողոցում լռություն է…

Հոգումս երկրաշարժ է,  թե՞ փոթորիկ, ես էլ չգիտեմ:

Ասում են` կորուստը մարդուն ավելի է կոփում: Դրանք սուտ բաներ են, կորուստը մարդուն ծնկի է բերում, ստիպում է զռռաս, էնքան, մինչև բարձդ քամելու չափ թաց լինի:

Լավ է, որ Աստված ստեղծել է գիշերը, թե չէ` ինչ պիտի անեին այն ձեռքերը, որ մենակ մնացին երկինք պարզված, որ խաղերը եկան առանց խաղացողների մնացին, որ մնացիր մենակ… Երկինքը հարստացավ, դու աղքատացար ու մենակ ես, մեն մենակ…

Մեծ, անծայրածիր աշխարհ, վահանդ կորցրած ռազմիկ ես դու…

Բառերը հոդս են թռչում, կորցում են գինը… Դուք չկաք, մենք էլ չկանք…

Կներեք ինձ, որ շատ էի սպասում աշնանը, ախր ,սիրում ես էս գրողի տարած եղանակը: Բայց ինչո՞ւ ինքը մեզ չսիրեց այնպես, ինչպես մենք իրեն, ինչո՞ւ նեղացրեց, ինչո՞ւ պոկեց մեզ մեզանից…

Ես նեղացած եմ, հա, աշուն, քեզանից էլ… Դու աչքերիս մեջ նայելով, արցունք տվեցիր աչքերիս …

Դու մեզ ստիպեցիր ապրել պատերազմի հետ կողք կողքի… Պատերազմը ապրում է մեր փողոցում, իմ դասընկերն է, կուրսընկերը, կամ ուղղակի մի անցորդ, ում օծանելիքը հրապուրել էր ինձ մի օր:

Պատերազմը տարավ ինձանից թանկերիս ու սիրելի եղանակս…

Դու չկաս, աշուն…

Հաղթաթեյ

16-ամյա Սեդայի, 17-ամյա Սիլվայի և Անիի՝ խոտաբույսեր վաճառելու միտքը փոխարինվեց «Հաղթաթեյի» վաճառքով։

Հոկտեմբերի 30-ից Եղեգնաձորի կենտրոնում՝ նախկին «Արագիլ» կինոթատրոնի դիմաց անցորդների ուշադրությունն է գրավում ու հրապուրում հաղթանակի անուշաբույր թեյը, որի ամբողջ հասույթը փոխանցվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«Մեկ բաժակի համար նախատեսել ենք 300 դրամ, բայց մարդիկ ավելին են վճարում, իմանալով, որ գումարը փոխանցվելու է հիմնադրամին։ Աշխատում ենք առավոտյան 11-ից մինչև երեկոյան 19-ը։ Նույնիսկ վատ եղանակը չի խանգարում մեզ»,- պատմում է Սեդան։

Իսկ Անին ասում է. «Բացի սև ու կանաչ թեյից, մոշի, ուրցի, անանուխի, նռնածաղկի, ավանդական խառնուրդների համերով են թեյերը, որոնց վաճառքը մի քանի օրում սպասվածից ավելի մեծ հաջողություն ունեցավ»։

Արդեն 700.000 դրամ և ավելի գումար է հավաքվել, որն ամբողջությամբ կփոխանցվի հիմնադրամին։

Վստահ եմ՝ նման ծրագրերը շարունակական և արդյունավետ կլինեն։ Չէ որ ցանկացած նախաձեռնություն հնարավոր է իրական դարձնել, եթե կա բավարար չափով ցանկություն։

«Կենաց» առանց «Ո՜ղջ, առո՜ղջ»-ի

- «Հիմա՛ գոնե մի քիչ ապրենք, քանի դեռ ուշ չի… »

Մայրս սիրում է տարբեր մեջբերումներով լցնել մեր առօրյա կյանքը՝ հատկապես իմը, որովհետև նույնիսկ ի՛նքն իր մեջբերումները երբեմն չի լսում, ու որովհետև ամենից ուշադիր միայն ես եմ երևի շուրջբոլորս հնչող բոլոր բառերը վերցնում ու զտում ներսումս (միգուցե պարապ եմ, դրանից է):

Մտածում եմ, եթե մայրիկիս բոլոր մեջբերումներին հետևեինք, շատ-շատ բաներ այլ կերպ կլինեին: Մի խոսքով, ամեն ինչ միշտ ճիշտ կլիներ, ու նույնիսկ չէինք կարողանա բողոքել:

Մի րոպե, կներեք, ընկերուհիս է զանգում:

-Հաստա՞տ կգաս:

-Հա, գալու եմ:

-Համոզվա՞ծ ես, որ խնդիրներ չեն առաջանա:

- …

- …

-Լուրջ, գալու եմ, ինչ էլ լինի:

- Դե լավ ա, որ տենց ես տրամադրված:

-Հա, երևի…

Հանգամանքները, բախտը, փողը, երկիրը, մեր անտաղանդությունը կամ էդքան էլ կարող չլինելը, սուրճի բաժակի միջի օձը (ոնց-որ թե վատ նշան էր), թուղթուգիրը, վատ մարդիկ, բախտը, գուշակ Մանուշակն ու մի շարք էսպիսի հարմար բաներ, ավելի մեծ դեր ունեն մեր կյանքում, քան մենք ինքներս:

Երբեմն վատ երազի պես տեսնում եմ ինձ՝ամբողջ կյանքում ալարելուց, մի տասն անգամ թուղթուգրված, էդ ջահելների զարգացած մտածելակերպը չհասկացող, մի հատ էլ չընդունող, թոշակից բողոքող ու մեկ-մեկ էլ կողքի հարևանի հետ համեմատվելիս… Հետո ուշքի եմ գալիս ու հասկանում, որ ինչ էլ լինի, չե՛մ կարող էդպիսին դառնալ, որովհետև էդպիսին չեմ (հուսամ):

Տասնյոթն էլ ցրված ու անուշադիր լինելու, էգոիստ լինելու, ականջներն ու աչքերը փակ ապրելու կամ երևակայական կախարդական շարինգան աչքով աշխարհին նայելու ու հրաշքներ գործելու ժամանակը չէ: Արդեն ինքս ինձ վրա շատ աշխատելու և ամենավատը սպասելու ժամանակն է (էդպես երևի նյարդային համակարգս իրեն պաշտպանում է, որ մարդ ես, մի բան լինի՝ չգժվի): Արդեն գիտակցելու, դառն իրականությունը թխվածքաբլիթով կուլ տալու ու իրենց ուզածներից շատ հեռու կանգնածներին հեգնանքով չմոտենալու, վախկոտ չլինելու, մեկ-մեկ ալարելու, բայց բամբասող ու ապերջանիկ, գուշակ Մանուշակի մշտական «կլիենտ» տատիկի մասին վատ երազը տեսնելուց հետո՝ վեր թռնելու ու մի բան անելու, ապագա դժբախտներին փոխել փորձելու ու չկարողանալու, հետո կոմպրոմիսի գնալու, վերջում ամեն ինչի վրա թքելու ու դեմ գնալու ժամանակն է:

Էս թեյիս բաժակով էլ կենացս ասեմ ու գնամ: Խոսք եմ տալիս, երկար չի տևի (խոստումները պահելու ժամանակն էլ է):

Իմ կյանքում, բացի ինձնից, ոչ ոք ու ոչ մի բան մեղավոր չի լինի ապրած-չապրածիս, արած-չարածիս, տեսած-չտեսածիս համար:

Իմ կյանքում չգնահատված մարդ չի լինի, ուշադրություն ու սեր չստացածը չի լինի:

Իմ կյանքում չեն լինի «իսկ եթե»-ներ, «բա, որ»-ներ՝ բեկումնային պահերին:

(Կենացս քիչ-քիչ նմանվում է մոտիվացիոն վիդեոյի սցենարի):

Իմ կյանքում չեն լինի  «Նա կոտրեց ինձ, դրա համար էլ …» , «Դու՛ էիր մեղավոր, որ …»-ներ:

Իմ կյանքում չեն լինի «Ես չէի կարող», «Ինձ մոտ չէր ստացվի» կամ «Ես այդքան ունակ չեմ, որ… » արդարացումներ:

Իմ կյանքում կան ու կլինեն վատ մարդիկ, դժբախտ պատահարներ, կորուստներ, չընդունողներ, ընդիմացողներ, խանգարողներ, դժբախտ՝ «ճիշտ ապրել» քարոզողներ, բարբարոսներ, տարբեր «ճիշտ մտածողներ», որ վստահ են իրենց կարծիքը մյուսին հրամցնելու մեջ: Կլինեն վատ ժամանակներ՝ անտանելի թվացող ու անվերջ թվացող, կլինեն կոտրվելու, միգուցե հիասթափվելու, բոլոր կրքերը կորցրած ու թքած, աննպատակ ու անուրախ գոյատևելու շրջաններ:

Իմ կյանքն իդեալական չէ ու չի լինի, ու միգուցե ես մեկ-մեկ մոռանամ էն ամենը, ինչ հենց նոր գրեցի: Բայց իմ կյանքը չի՛ դառնա ափսոսանքի, մեղադրանքի, սահմանափակումների ու քննադատությունների կույտ ու առավել ևս,  չի՛ ընկնի ինչ-որ մեկի ոտքի տակ ու խանգարի՝ անպիտան դառնալու պատճառով: (Կարծես թե սովորել եմ իրերն իրենց անունով կոչել):

«Ո՜ղջ, առո՜ղջ»-ի  փոխարեն էլ մայրս հաստատ մի լավ բան կասի իր մեջբերումներից:

Բարև, անծանոթ

Դու հիմա երևի ինչ որ տաքուկ ռեստորանում նստած սուրճ ես ըմպում: Դու գաղափար էլ չունես, թե ինչ է պատերազմը: Իսկ իմ երկիրը համարյա մեկուկես ամիս է պատերազմի մեջ է: Դե, էլ ավելի հարմարավետ տեղավորվիր քո տաքուկ անկյունում, որովհետև երկար եմ խոսելու:

Քանի որ ուսման նպատակով Տավուշս լքել ու տեղափոխվել էի Երևան, սեպտեմբերի վերջին շաբաթ օրը որոշեցի հետ վերադառնալ հայրենի սահմանամերձ Այգեհովիտ (բայց, մեր մեջ ասած, շատ բացասական զգացողություններ ունեի): Առավոտյան արթնացա ու լսեցի.

-Պատերազմ է սկսվել:

Սկզբում մտածում էի, դե, ոնց միշտ կրակում են, էլի, կանցնի: Չանցավ… Մի ամսից ավել է` չի անցնում, անծանոթ ընկեր:

Մեր ոխերիմ թշնամին սրբապիղծ է. վանքեր է քանդում, ծննդատուն է խոցում, խաղաղ բնակչությանն է ռմբակոծում, իսկ դու լռում ես, չէ՞, դեռ: Երկա՞ր ես լռելու: Դեռ երկա՞ր է քեզ միայն քո տաքուկ սուրճը հետաքրքրելու:

Քեզ համար հերոսը երևի «Դիսնեյի» մուլտֆիլմից ինչ-որ արքայազն է, իմ հերոսը` 18 տարեկան զինվորը, ով գիտե՞ս, ինչ է անում: Թշնամու տանկեր ու ԱԹՍ է ոչնչացնում, ով իրեն զոհում է իր զինակիցներին շրջափակումից դուրս բերելու համար:

Քեզ համար ցավը երևի նոր գնած շորիդ պատռվելն է, մեզ համար ցավը փողոցներում կախված անվանական սև ժապավենները: Չես հասկանա, անծանոթ մարդ, Աստված տա երբեք չզգաս էն, ինչ զգում է քո տարեկից հայը: Հայ լինելը չափազանց դժվար է, բայց հայը անպարտելի է:

Գիտե՞ս երբ թշնամին հային ծնկած կտեսնի… Միայն աղոթելիս:

Գիտե՞ս, անծանոթ, մի ամիս է եղբորիցս լուր չունենք, բայց այնքան հույսով ու հավատով ենք սպասում նրա հայտնվելուն, որ ոչ մի օդանավակայանի պատեր չի տեսել այդ սպասումը:

Դժվար ժամանակներ ենք ապրում: Հերոսներ ենք նվիրում երկնքին, որ երկինքը հավերժ աստղազարդ լինի:

Ու հիմա փողոցում, եթե անգամ շշնջաս պատերազմ, բոլորը կհեծկլտան ցավից:

Որովհետև պատերազմը չարիք է, որովհետև պատերազմը հավերժ փոխում է քեզ, որովհետև պատերազմից հետո կյանքին նույն աչքերով չես նայում:

Կներես, անծանոթ, որ սառեց սուրճդ, իսկ դու շարունակիր լռել, քանի դեռ արյունարբու ոսոխը քեզ էլ ձեռք չի գցել:

Աշխարհին խաղաղություն, մնացածը լավ կլինի

Ամեն կորստի հետ ատամներդ սեղմում ես, կոկորդում հավաքվածը կուլ տալիս, հետո գլուխդ բարձրացնում։

Փաստորեն պապս, որ միշտ ամեն բաժակ բարձրացնելուց ասում էր․ «Աշխարհին խաղաղություն, մնացածը լավ կլինի», իր տեսածից էր ասում։ Մենք խաղաղության մեջ ենք մեծացել, մենք  խնդիրներ ենք ունեցել պապիս ասած «մնացածը լավ կլինի»-ի մեջ։ Մենք խաղաղության մեջ դժվարություն, հուսահատություն, աղքատություն ու ամեն ինչ զգացել ենք, իսկ տատս միշտ իմաստուն ժպտացել ա, իմանալով, որ կարևորը խաղաղության մեջ ենք աղքատ։ Պատերազմում տղա կորցրած տատս ժպտալ գիտեր։

Էս հողում ամեն սեղանի շուրջ, նույնիսկ հարսանիքի, կանգնած հիշել են ընկածներին, մեր պապերը`  իրենց հայրերին, հետո մեր հայրերը արցախյանում ընկած իրենց եղբայրներին, մեր հերթն էլ եկավ, ցավոք: Էլի մի սերնդի ուրախության ամեն բաժակի մեջ մի բաժին տխրություն կմնա։

Սարի գլխի էս մեր տունը ուղիղ պոստերին ա նայում։ Սենյակներից մեկի հատակը փազլի պես կարելի ա քանդել-հավաքել, քանդել ու հայտնվել գետնափոր հողից  սենյակում։ Մանկության «հալամուլայի» իմ թաքստոցը 90-ականներին հոպարն ա բահով փորել թուրքերի հետ «հալամուլա» խաղալուց, որ թաքնվելու տեղ լինի կրակոցներին, փորել ու գնացել ա իր բաժին կռվին։ 30 տարի էդպես էլ չի վերանորոգվել էդ հատակը, աչքը շատ բան տեսած պապս գիտեր, որ կարող ա էլի մի օր հարևանների  հետ «հալամուլա» խաղանք։

Թումանյանը ուղեղումս անընդհատ պտտվում ա նույն տողերով.

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան.

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան…

Բոլոր անգիր արածս տողերը իմաստավորվել են մտքումս, էլ ոչ մի բանում պաթոս չկա, ամեն սերունդ գալիս ու ստիպված ա լինում իր փորձով ստուգի մեծերի ասածը, ամեն սերունդ իր փորձովա ա ճանաչում հակառակորդին, որ մարդակեր էլ մնացել է։

Թումանյանը մի քիչ սխալվել էր։

Դավիթս իջել ա դիրքերից հանգստանա: Միտքը` զբաղված, հայացքը` չկենտրոնացած, երկու շաբաթ չջրած ծաղիկներն ա ջրում։ Ուրեմն չենք չարացել, ուրեմն տատիս պես մենք էլ դեռ կժպտանք։

Մեր հոգիներում հավիտենական աշուն կլինի

Չգիտեմ, կկարողանա՞մ երբևէ կրկին սիրել աշունը, որն իր հետ շատ շատերին տարավ: Մեր հոգիներում հավիտենական աշուն կլինի, քանի որ ընդմիշտ կհիշենք  կորցրածը: Այս մեկ ամիսը ապրեցինք զանգերով, սպասումով, անհագ կարոտով… Չէ, մենք չապրեցինք, մեզ ապրեցրին սահմանին կանգնած մեր հայրերը, մեր եղբայրները:  Մեր հոգիներում դեռ շատ փոթորիկներ կլինեն: Դժնդակ օրեր են, որոնք այլևս չպետք է կրկնվեն:

Պատերազմը մեզ սովորեցրեց գնահատել ունեցածի արժեքը և սիրել առանց «եթե»-ների, սիրել էությամբ, բայց այն մեզնից խլեց կարևորը՝ մեր ներկան. Մենք ապրում ենք անցյալի հուշերի մնացորդներով և խաղաղ ապագայի երազանքով: Քանի-քանիսը կորցրեց իր մանկությունը, դա ամենասարսափելին է: Նա, ով պետք է խաղար, երազեր, հասունացավ վայրկենապես:

Նկատե՞լ եք, որ խաղաղությունը իր գույներն ունի, համը, հոտը: Երբ պատերազմը ավարտվի, վայելի՛ր բնության գեղեցկությունը, փնտրի՛ր անտեսանելին ու սիրի՛ր, շատ սիրի՛ր, քանի որ չգիտես` վաղվա օրը կգա՞:

Յուրաքանչյուր օրը, որն ապրում ենք, նվեր է, որին պետք է արժանի լինենք: Երբեք չենք մտածում, որ այս օրը կարող է լինել վերջինը, հենց միայն այդ պատճառով այնքա՜ն չասված խոսքերը կանգնում են կոկորդիդ և շնչահեղձ անում:

Մարդը, հագնելով զինվորի սուրբ համազգեստը, կտրվում է իր անցյալից՝ մաքրվելով, ինչպես  նոր լույս աշխարհ եկած մանկիկը: Տեսե՞լ եք որքա՜ն խոսուն են զինվորի աչքերը և որքա՜ն լուռ են նրանց շուրթերը: Նրանք ամենաթանկ հարստությունն ու գանձն են, որ ունենք մենք:

Ես վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու, քանի որ մեր կողքին կանգնած են նման հերոսներ:

Չէ՞ որ դու Սեյրանն ես

Եկեք առանց երկար-բարակ նախաբանի պարզապես ձեզ պատմեմ Սեյրանի մասին։ Սեյրանին ճանաչում եմ արդեն չորս տարի՝ 17.am-ի` Հայաստանի պատանի թղթակիցների մեդիա ճամբարից։ Այն ժամանակ դեռ չգիտեի՝ ինչ բան է խմբային աշխատանքը, իսկ նա կոլեկտիվի ոգին էր. միշտ պատրաստակամ նոր գործի ձեռնամուխ լինելու կամ կողքինին օգնելու, կազմակերպչական աշխատանքներով զբաղվելու կամ որպես ուշադիր դիտորդ՝ երբեմն-երբեմն միջամտելու։

Նա այն մարդկանցից է, որոնց ուզում ես լսել, լսել… Որովհետև այնքան լայն մտահորիզոն ունի, որ ամեն հետաքրքրությունների տեր մարդ էլ կարող է գտնել այն, ինչ փնտրում է, կամ այն, ինչ հենց նոր է բացահայտում։ Միտքը կարող է վերածել գաղափարի ու ծրագրի, իսկ իր ծրագրերը կյանքի են կոչվում անմիջապես. հենց որոշեց հարցազրույց վերցնել մեկի հետ, րոպեներ հետո նրա համաձայնությունը ստացած, կազմ-պատրաստ, ճկուն հարցերի տեղատարափով ներկա կլինի պայմանավորված վայրում։

Հիշում եմ, որ շատ լավ պատմություն գիտի։ Պատմության մասին նրա զրույցներն ու բանավեճերը լսելով, ես ոչ միայն խոր ակնածանքով էի լցվում Սեյրանի հանդեպ, այլև նոր կերպարներ ու հերոսներ էի բացահայտում ինձ համար, նոր ուսումնասիրությունների թեմաներ ու հարթություններ սկսում փնտրել։

Արդեն չորս տարի ես ինձ համար բացահայտել եմ այս ուժեղ մարդուն, ով մի հայացքով կարող է մարդուն դաստիարակել, մի մեղմ ժպիտով վստահություն ներշնչել։

Երեկ իմացա, որ մարտում տանկիստները, որոնց թվում էր նաև Սեյրանը, շրջափակման մեջ են հայտնվել, ու Սեյրանը վիրավորում է ստացել։

Այսօրվա հաղթանակ կերտողները մեր ընկերներն են, հասակակիցները, եղբայրները։

Սեյրա՛ն, որքան էլ վերքդ ծանր լինի ու հիշողության սպիները՝ տանջող, պետք է հավատալ, որ կյանքի յուրաքանչյուր պահը հնարավորություն է և ամեն նոր հնարավորություն իր մեջ հույս ու ակնկալիքներ ունի։ Հավատա, որ քեզ ճանաչողն ու չճանաչողը, մի պահ խորը շունչ քաշելով, իր մտքում քեզ շուտափույթ ապաքինում է ցանկանում։ Իսկ միտքը ուժ ունի, և ինքդ էլ ուժ ունես այնքան, որպեսզի բոլոր խոչընդոտները հօդս ցնդեցնես։ Չէ՞ որ դու Սեյրանն ես։ Չէ՞ որ դու հաղթող ես քո էությամբ։

Էլի ժպտա, շատ ժպտա քո մեղմ ու խոսուն ժպիտով, որովհետև դու արդեն հաղթել ես, մենք արդեն հաղթել ենք…  Ու շուտ ապաքինվիր, ընկերս, բարեկամս, մարտիկս…

Քո բոլոր ընկերները քեզ հետ են:

Բաց նամակ կորած պապիկիս

Մարդիկ աստվածացնում են նրանց, ում չեն տեսնում, ում մասին միայն լսում են, ում հետ շփվելու հնարավորություն չունեն:

Գուցե…

Երբ դեռ 3-4 տարեկան էի, «Աստված» բառը լսելուն պես պատկերացնում էի սպիտակ մազերով, տառապած, բայց միևնույն ժամանակ,  իր մեջ հպարտություն ու վեհություն կրող արտաքինով մի մարդու: Տարիներ հետո, երբ արդեն ավելի գիտակից տարիքում նայեցի պապիկիս լուսանկարները ու հիշեցի, թե «Աստված» բառի ու դրա բնութագրի մեջ ինչպիսի մարդու էի պատկերացնում, հասկացա, որ պատկերացրածս մարդը պապիկս է…

Երբ ավելի փոքր` 2 տարեկան էի, ըստ մայրիկիս, հանկարծ սկսել եմ լացել և ասել «Կարոտել եմ պապիին» (մարդու, որին երբևէ չեմ տեսել):

Գիտե՞ս, պապի´, ես սպասում էի ու հիմա էլ սպասում եմ գալուդ: Հա, սպասում եմ: Ես գծել, նկարել եմ էդ պահը: Էն ժամանակ մեր տան պատերն ուրիշ գույնի էին, դռներն ուրիշ էին: Ես էն ժամանակ էլ էի պատկերացնում գալդ ու հիմա էլ… Ու երբ խորը մտածում եմ, հասկանում եմ, որ մտածածներիս, պատկերացումներիս ու երևակայածս երկու պահերի տարբերությունը այնուամենայնիվ դռներն են, պատերի գույնը, տան մի քիչ ուրիշ ձև լինելը: Ես էլի նույն ձև եմ պատկերացնում գալդ, էդ պահին հագուստդ, մազերիդ ձևն ու գույնը, դեմքիդ արտահայտությունը. ասես պատերազմը ոչ թե 28 տարի առաջ է վերջացել (երբ ես չկայի էլ), այլ հենց նոր, ու դու մարտի դաշտից հոգնած ու հաղթանակած ես վերադարձել էն սպիտակած մազերով, էն տառապած, բայց վեհ ու հպարտ դեմքի արտահայտությամբ, ու էն խորը, դեպի ներքև հառած հայացքով (ոնց որ քո նկարի մեջ էր), ու թեև դու բառերով չես ասում, բայց հայացքով մի բաժակ ջուր ես խնդրում: Էլի նույն ձև եմ պատկերացնում իմ՝ քեզ առաջին անգամ տեսնելը: Չէ, քեզ հատուկ չեմ գալիս դիմավորելու, չեմ գալիս` լսելով դռան թակոցը, զանգը կամ ոտնաձայները: Տեսնում եմ պատահական, աստիճաններից իջնելիս: Էլի նույն ձև եմ պատկերացնում խոսելս, հայացքս ու հայացքդ…

Ուզում եմ բարևել ու հարցնել, թե ո՞վ է անծանոթը ու նույն պահին, նայելով անծանոթի աչքերի մեջ, հասկանում եմ, որ չէ, ինքն ամենևին էլ անծանոթ չի, ինքն իմ հին, իմ վաղեմի բարեկամն է: Ու առաջին բառը, որն ասում եմ, «Պապի՜» բացականչությունն է: Ու ինքն ինձ ընդունում է ինչպես անծանոթի, գիտակցելով, հասկանալով, որ ամեն դեպքում միակ հնարավոր տարբերակն էն է, որ իր թոռն եմ… Ես իր համար անծանոթ եմ, որովհետև ինքն ինձ նկարով էլ չի տեսել, բնական է, կապված էլ չի լինի ինձ հետ թեկուզ հոգով… Իսկ ես կապված եմ ծնվածս օրվանից: Ու ես էլի նույն կերպ եմ պատկերացնում. ես չեմ առաջարկում առաջ գալ, միջանցքում կանգնած եմ խոսում, որովհետև շփոթված եմ, ուրախացած, զարմացած, կորցրել եմ գիտակցությունս:

Ու ես էլի նույն կերպ եմ պատկերացնում օրերի ընթացքում մեր մտերմանալը, մեր զրույցները. մենք նստած ենք բուխարիի մոտ, բազկաթոռներին, դու ինչ-որ բան ես կարդում (հավանաբար թերթ, որը հիմա ոչ ոք չի կարդում) ու պատասխանում ես հարցերիս:

Գիտե՞ս, եթե ես քեզ տեսնեմ, անպայման ցույց կտամ վերնագրով քեզ հետ կապված և մնացած շարադրություններս, որոնց մեջ մի տող կամ մի պարբերություն հիշել եմ քեզ: Երևի  դրանք է´լ ավելի անկեղծ  ասված խոսքեր են, որովհետև ասվել են խոսքի մեջ, ինչ-որ այլ բան ներկայացնելիս և ոչ հստակ ընտրված թեմայի շրջանակներում:

Ու գիտե՞ս, երևի իմ սրտաճմլիկ, շատ ժամանակ անմիտ (բայց անկեղծ սրտով) գրածները կարդալիս կծիծաղես, կասես. «Ես էսպիսին չեմ»…

Ես միշտ փորձում եմ գրածիս միջից հանել ածականները, բացականչական նշանները ու բազմակետերը ու երևի մի օր էդ տեսակ կատարելության կարողանամ հասնել: Բայց երևի դժվարությամբ կարողանամ քո մասին առանց ածականների գրել… Ախր, դու ուղեղումս չես, դու սրտու´մս ես:

Պատերազմները շատ կյանքեր են խլում, շատ մարդկանց սրտի ու հոգու դատարկության պատճառ դառնում, բայց պետք է միշտ պայքարել, եթե ոչ զենքով, ապա մշակույթով, կրթության ու գիտության առաջընթացով: Ես իմ չափով պայքարում եմ, ու վստահ եմ, որ հաղթանակը մերն է լինելու: