Արդարությու՞նն էր մեզ պակասում

Խաղաղությանն ընդառաջ քայլող ու խաղաղությամբ սնված ազգին ուղեկից է պատերազմը։ Սրտխառնոց առաջացնող այդ բառը լսելիս հոգիդ  լցվում է դատարկությամբ, իսկ մտքումդ սկսում է անվերջանալի թվացող քաոս տիրել։ Երբեմն բառերն անզոր են նկարագրելու զգացածդ: Բառերն արժեք չունեն, երբ ցանկանում ես փոխանցել այն, ինչ զգում է սիրտդ։ Ո՞վ կմտածեր, որ կգա օր, երբ գոյությունդ կփորձեն անողոքաբար խլել քեզնից։ Եվ ո՞վ կմտածեր, որ գոյություն ունենալու համար կյանքով է անհրաժեշտ վճարել։ Կյանք՝ կյանքի համար։

Պատերազմ ապրած մարդու աչքերը խոսում են ցավի լեզվով, իսկ շուրթերը վիշտ են մրմնջում։ Դարեր շարունակ կորուստներ ապրած մարդիկ շարունակում են հավատալ ու պայքարել։ Դարեր շարունակ արյան մեջ ապրած մարդիկ չեն դադարում պաշտպանել այն հողակտորը, որը հայրենիք է կոչվում։ Հողակտոր, որում հազարավոր երազանքներ են թաղված։ Հողակտոր՝ սնված արյամբ։ Հեռուներում թափառող խաղաղությունը՝ երազանք, իսկ սեփական հողիդ վրա ապրելու ու արարելու ցանկությունը մեղք է թվում։

Խաղաղություն էր ուզում հայը։ Խաղաղության էր ձգտում հայի անկոտրում ոգին։

Թվում է, թե այսօր հասել ենք այդ բաղձալի խաղաղությանը։ Թվում է, թե մղձավանջն ավարտված է, բայց արդյո՞ք այս էր մեր երազանքների խաղաղությունը։ Արդյո՞ք սրա համար էր պայքարում հայ ժողովուրդը։ Արդյո՞ք մայրը, ով հանձնել է զավակին թշնամուն, կարող է խաղաղություն գտնել։ Արդյո՞ք իմանալով, որ հայրենիքդ ավիրման եզրին է, կարող ես խաղաղվել։ Արդյո՞ք այդքան հեշտ է լքել տունդ և հասկանալ, որ այլևս ետ դարձի ճանապարհ չի լինելու։ Հարցեր, որոնք տակնուվրա են անում հոգիդ։ Հարցեր, որոնք կեղեքում են սիրտդ։

Եվ վերջիվերջո՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն։ Դժվար է պատասխանել։ Գուցե արդարությո՞ւնն էր մեզ պակասում։