nina arustamyan

Երբ ամեն ինչ փոխվեց

Մենք իհարկե ինքներս մեզ վրա ավելի շատ ենք հույս դնում, քան դիմացինը․․․

Ժամանակի ընթացքում զգում ես, որ ինչ-որ բան կգա ու սպասելիքներդ տակնուվրա կանի ու կգնա, կամ էլ չի գնա․․․

Իրավիճակն է այդպիսին։

Իսկ ի՞նչ անել՝ համակերպվել և սկսել նոր կյանք, թե՞ ամեն նոր բացվող օրվա հետ սպասել ուրիշ իրավիճակի, երբ էլ դիմակ չենք դնի, երբ կկարողանանք գրկել դիմացինին։

Ժամանակներ էին, որ մարդկանց մի մասին կոտրեցին, իսկ մյուս մասին ավելի ուժեղ դարձրին։ Ես չգիտեմ՝ որ խմբում եմ դասված, որովհետև ես էլ արդեն չեմ հասկանում, թե ինչ անել, ո՞րն է ճիշտ, արդյոք իմաստ կա՞ պայքարելու։

Բայց ամեն անգամ առավոտյան ժամը 6-ին արթնանալով, աչքերս բացելով՝ մի բանի մասին եմ մտածում, որ ուղղակի իրավիճակը գնա դեպի լավը, որ բարելավվի ամեն բան, որ ես կարողանամ ավելի լավ աշխատանք գտնել։ Աշխատանք։ Այո, երկու ամիս է խանութում եմ աշխատում՝ որպես վաճառողուհի․․․

Ուզում եմ այստեղ բազմակետեր դնել, որ չխոսեմ աշխատանքիս մասին, որ ընդամենը ասեմ՝ ես աշխատանք ունեմ։ Աշխատանք կա, որ ուժ է տալիս, որ ավելիին հասնես, որ մտքումդ մենակ վեր բարձրանալու մասին մտքեր պտտվեն, իսկ աշխատանք էլ կա, որ հոգեպես և ֆիզիկապես հոգնեցնում է քեզ, երբ անգամ չես ուզում արթնանալ, երբ անգամ գերհոգնած վիճակից աչքերդ բացել չես կարողանում, երբ ուղղակի համակերպված իրականության հետ՝ սկսում ես ապրել նորովի, նոր գրաֆիկով նոր, ամեն ինչը նոր․․․

Բայց պահ է գալիս, երբ արցունքներդ հասնում են կոկորդիդ, երբ իրավիճակի ելքը լավատես լինելով հանդերձ չես գտնում, երբ ուղղակի ոչինչ այլևս չես զգում։ Ուղղակի ինքդ քո իսկ ստեղծած թևերը կոտրել ես, բայց միևնույն ժամանակ պայքարում ես, որ լավ լինի, հուսադրում ես բոլորին, որ սա ուղղակի ժամանակավոր է։

Լավատես մարդն էլ դժվարություն ունի, լավատեսն է շուտ կոտրվում, երբ սպասում է լավ լինելուն, իսկ դեռ լավ ոչինչ չկա, երբ անգամ լուսավորության մեջ լույսը չես գտնում, իսկ գիշերը, անգամ երբ լույս չկա, ինքդ քեզ հույս ես տալիս, որ լույս կա, որ սրտիդ ներսում ես լույսդ պահում, բայց կոտրվում ես․․․

Պայքարելու իմաստ կա՞, թե՞ ուղղակի պետք է ապրել նույն միապաղաղ կյանքով, երբ ստեղծածդ մեկ րոպեում կկարողանաս ջուրը գցել, երբ կամաց-կամաց կկործանվես, երբ կամաց-կամաց կսպանես ինքդ քո ներսի ես-ին, երբ էլ ֆիզիկապես չես լինի։

Բայց դեռ լավատեսությունս չկորցրած՝ գիշերվա ժամը 3։30-ին գրում եմ ձեզ, որ գոնե լավատես լինենք, որ երկար թունելի վերջը գուցե կերևա և արդեն ճանապարհը շարունակենք արևի լույսի ներքո։ Որ գուցե սկսենք պայքարել մեր նախորդ ես-ի համար․․․

taguhi aghasyan

Դպրոցական հուշեր

Ես սովորել եմ Բյուրեղավան քաղաքի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում: Տասներկու տարի նույն պատերի ներսում եմ սովորել և բնականաբար շատ եմ կապվել այնտեղ եղած ամեն ինչին: Ի սկզբանե մեր դպրոցը միջնակարգ էր, և երբ ես արդեն չորրորդ դասարանում էի, այն դարձավ ավագ դպրոց: Դե իհարկե, մեզ չվռնդեցին դպրոցից, և ես մինչև վերջ սովորեցի այնտեղ:

Սովորելու տարիներին ուսուցիչների խոսքերը կամ արարքները, ինչպիսին էլ, որ դրանք լինեին, եղել են ամենատպավորիչը ինձ համար: Այսօրվա պես հիշում եմ, երբ մաթեմատիկայի ուսուցչուհին տեսնում էր, որ ինչ-որ աշակերտ դասի ժամանակ ձեռքը դրել է գլխի տակ, ասում էր.

-Ձեռքդ հանի՛ր գլխիդ տակից, թող այդ դատարկ գլուխդ ընկնի, ջարդվի:

Ինձ մինչ օրս էլ ծիծաղելի են թվում այդ բառերը, որովհետև ես վախից նրա դասաժամին այդպես չէի անում, ու «պատիվ չունեցա» լսելու այդ խոսքերը:

Պատմության ուսուցիչս մինչև մեզ դաս հարցնելը միշտ դասը պատմում էր, ու երբ պատմելիս ձեռք էինք բարձրացնում, որ հարց տանք, ասում էր.

-Մի՛ ընդհատեք ինձ, հարցը թղթի վրա գրե՛ք, որ չմոռանաք, երբ ավարտեմ, կհարցնեք:

Աշխարհագրության ուսուցչուհիս դաս պատմելիս գրեթե միշտ ասում էր․

-Դուք գիտե՞ք, որ…

Ամենազավեշտալին այն է, որ մենք ոչինչ էլ չգիտեինք. չէ՞ որ դա լրիվ նոր դաս էր և եթե որոշ բաների էլ ծանոթ էինք եղել նախկինում, մեկ է, չէինք հիշում:

Անգլերենի ուսուցչուհիս մեկ-մեկ նուրբ հումորներ էր անում: Օրինակ՝ մեզ զվարճացնելու համար գրատախտակի մոտ կանչելիս ասում էր.

-«Մույսը» դու կգաս:

Վերջում էլ ուզում եմ պատմել դպրոցը ավարտելուց առաջ վերջին ծիծաղելի դեպքը: Իմ շատ բկլիկ դասընկերուհին սոված էր, և ինչպես ասում են՝ գրեթե հանգչում էր սովից: Ես իմ մեկ ուրիշ դասընկերուհու հետ գնացի բուֆետ, որ նրա համար ուտելիք գնեմ, մինչ նա գրադարանում դասի պատրաստվի: Մենք գնեցինք կարտոֆիլով կարկանդակ: Մինչ բուֆետից հեռանալը, իմ ընկերուհին որոշեց սեղանին դրված աղամանը վերցնել ու մի քիչ աղ լցնել կարկանդակների վրա, որ մեր սոված ընկերուհին ավելի ախորժակով ճաշակի այն: Երբ աղամանը վերցրեց ու սկսեց աղ լցնել, աղամանի կափարիչը դուրս եկավ, և աղը լցվեց կարկանդակի վրա, մի մասն էլ թափվեց գետնին: Մինչ մենք խուճապի մեջ էինք, վաճառողուհին ճչում էր մեզ վրա.

-Վայ, մի քիչ զգո՛ւյշ եղեք, ամբողջը թափեցիք:

Նա սկսեց ավլել գետնին թափվածը` շարունակելով բողոքել: Ես վերցրի աղամանը և սեղանին դնելիս այս անգամ էլ այն իմ ձեռքից սայթաքեց, ու աղը թափվեց սեղանին: Կինը վերջնականապես պոռթկաց.

-Մեծ աղջիկներ եք, զգո՛ւյշ եղեք, էլի… գոնե սեղանին թափվեր…

-Հա, բայց այս անգամ սեղանին թափվեց,- չէր նահանջում ընկերուհիս:

-Պատահական ստացվեց, կներեք,- ես ինձ շատ վատ էի զգում:

Ինչևէ, երբ հեռացանք ու այդ աղոտ կարկանդակները տվեցինք իր տիրուհուն, նա առանց դժգոհելու հաճույքով սկսեց ուտել, իսկ ընկերուհիս պատմում էր.

-Թագուհին հազար անգամ ներողություն ասելով՝ մեջքանց դուրս եկավ բուֆետից…

SvetlanaDavtyan

Շոկոլադ

-Բաղադրատոմսը երբեք մարդկանց չպատմես:

-Աչքերիս մեջ ուղիղ նայելու սովորություն ունես:

-Ինձ մոտ անկեղծ է ստացվում՝ ի տարբերություն շատ անտաղանդ դերասանների:

-Ու խոսակցությունը քո նախընտրած կողմը շրջելու կարողություն: Խոստացել էիր քո բաղադրատոմսով շոկոլադ պատրաստել սովորեցնել:

-Հիշում եմ: Բայց էնպես պետք է սովորեցնեմ, որ շատ տպավորիչ լինի ու երբեք չմոռանաս: Դրա համար այլընտրանքային ձև եմ գտել բացատրելու: Կհավատաս, թե ոչ, բայց շոկոլադ պատրաստելը նման է մարդակային հարաբերություններին: Կակաոյի փոշին մեր զգացմունքներն են, որը դանդաղ կրակի վրա եփվելով պնդանում է, այսինքն՝ ամրանում ու դառնում միասեռ զանգված: Հետո ավելանում է կաթը ու այն ավելի պինդ է դառնում: Բոլոր բաղադրիչները կամաց-կամաց միաձուլվում են իրար: Ու դառնում են շատ հարմոնիկ, կարծես իրարից առանձին դրանք չեն էլ լինում:

Պատրաստելուց հետո պետք է, որ այն ճիշտ ափսեի մեջ հայտնվի: Ճիշտ քանակությամբ, որ դուրս չծորա ու ոչ էլ մի անկյունում լինի: Բոլոր դետալները իրենց ճիշտ տեղում պետք է լինեն:

Ամեն ինչ պատրաստելուց հետո ամենակարևոր հատվածներից մեկն էլ զարդարելն է: Երբ նայեն, չպետք է իմանան, թե ինչ կա ներսում: Ու այն չպետք է լինի բոլորի համար, միայն հատուկ ընտրվածների: Ու գաղտնիքը պետք է ոչ ոք չիմանա: Հակառակ դեպքում բոլորը այն կտարածեն ու այլևս չի լինի արտասովոր: Կարծես ոչինչ բաց չթողեցի: Ճիշտ զգացմունքներ, յուրահատուկ վերաբերմունք: Ահա և համեղ շոկոլադ:

-Իմ հանդիպած լավագույն խոհարարն ես:

maneHarutyunyan

Ակամա խախտված իրավունքներ

Ճանապարհը, որով ընթանում էր մեքենան, խորդուբորդ էր, գրունտային փոշին բարձրանում էր վերև՝ վատացնելով ճանապարհի տեսանելիությունը։ Ամեն ինչ պարուրված էր հրաշալի բնությամբ, ծառերը շուրջբոլորը ծաղկել էին այնպես, որ այդ փոշոտ ճանապարհը կարծես ցույց էր տալիս մարդկային անկատարությունը աստվածային կատարելության նկատմամբ։ Բայց մենք դեռ ականատես էինք լինելու այն բանին, որ մայրաքաղաքից կտրված այս հեռավոր վայրում անբարեկարգ ճանապարհներից ու անտանելի փոշուց բացի՝ ավելի խորքային ու արմատական խնդիրներ կան։ Առաջին հայացքից սա հասարակ այց էր շրջանում ապրող երեխաներին, փորձելու էինք պարզել նրանց վնաս պատճառած խնդիրները, իրավիճակի հետ կապված հուզումներն ու փորձելու էինք միասին մշակել լուծումները։

Մեքենան վերջապես կանգ առավ մի լքված շենքի դիմաց, այն երևի խորհրդային մշակույթի տուն էր կամ էլ ինչպես հետո պարզվեց՝ մազապուրծ դպրոց։ Մազապուրծ բառը, ըստ իս, այստեղ գործածված է շատ տեղին․ դպրոցի պատուհանների ապակիները ականներից ջադված էին, մուտքի վրա կային անցքեր։ «90-ականներից է»,-մտածեցի ակամա։

Արդեն ոտքով առաջ շարժվեցինք, մեքենայով առաջ գնալու իմաստ չկար, վառելիքը խնայել էր պետք, հետո էլ չուզեցինք մարդիկ մեզ օտարականի տեղ դնեն։ Մեր քայլերն անվստահ էին, կարծես ահ կար մեր մեջ բնակիչներին հարցեր տալուց, մտածում էինք՝ ինչպես սկսել, որ ճիշտ տեղեկատվություն ստանանք, քիչ ցավով լիքը հուզմունք պատճառենք։ Ու մեզ այստեղ օգնության հասավ փոքրիկ մի երեխա․ նա բակում էր խաղում։ Մոտեցանք։ Ես կռացա։ Երեխաների հետ իմ շփումն ընդհանրապես միշտ հեշտ է ստացվում, պետք է ուղղակի սկսել ամենաբարի լեզվով՝ ժպտալ։ Նա ինձ նայեց հետաքննող մի հայացքով՝ կարծես մեր միջի լրագրողը հենց ինքն էր։ Ես գրպանումս շոկոլադ ունեի՝ առաջարկեցի, նա այն վերցրեց, նայեց աչքերիս մեջ ու սկսեց ճչալ։ Ահավոր էր։ Նրա ձայնը ամբողջ գյուղին վեր հանեց, մայրը, հայրը, տատիկը եկան։ Ես ինձ մեղավոր էի զգում, փորձում էի բացատրել, որ իսկապես չեմ հասկանում երեխայի լացի պատճառը, այն սկսվեց միանգամից՝ առանց նկատելի պատճառի։

Մայրը պատասխանեց՝ նորմալ է, կանցնի։ Ամբողջ գիշեր չքնեցի, մտածում էի՝ ինչպես հասկանամ՝ ինչ է կատարվում։ Հիմա կասեք՝ երեխա է, լաց է լինում, սովորական երևույթ է։ Բայց ոչ, լացը ավելի շատ հիստերիայի էր նման, նա կարմրած էր, աչքերը լայն բացվել էին, մի խոսքով՝ ահավոր տեսարան էր։ Մտքումս որոշեցի՝ պարզելու եմ կատարվածը։

Առավոտ էր, մեքենայում նկարչական պարագաներ ունեինք, վերցրի, մտածեցի, որ կօգնի երեխայի հետ շփվել։ Օգնեց․․․ Նկարելու ընթացքում նկատեցի, որ երեխան նկարում էր բավականին լավ, բայց հետո հանկարծակի էլ վերցնում էր սև ջրաներկը ու փչացնում նկարածը։ Հարցրի՝ ինչի՞ ես տենց անում, ափսոս ա, չէ։ Պատասխանը պարզ էր ու հակիրճ՝ մարդկանցից էր սովորել։ Երեխաները կարողանում են մի նախադասությամբ արտահայտել համամարդկային ճշմարտությունը՝ մարդիկ կարող են միլիոններ ծախսել բնության հրաշքը ռազմական փոշով ծածկելու համար։

Հետաքրքրությունս գնալով շատացավ, երբ մեզ միացան գյուղից այլ երեխաներ։ Բոլորն էլ շփվող, սրամիտ, կենսախինդ մանուկներ էին, բայց զարմանալին այն էր, որ բոլորի նկարներում ինչ-որ հիասթափության էլեմենտ կար․ մեկի մոտ սև գույնի գերակայությունն էր, մյուսի մոտ խզբզանքը, երրորդի մոտ էլ նկարի հերոսի դեմքերի աղավաղումը։ Այս երեխաները բնավորությամբ ու ընդունակություններով տարբեր էին, բայց իրենց մեջ կար մի հետաքրքիր ընդհանրություն․ բոլորին կարծես ինչ-որ ահավոր հարց էր տանջում։

Դե, ինչ-որ բան բացահայտելու լավագույն մեթոդներից մեկը խնդրին մոտիկից նայելն ու վկաների հետ շփվելն է։ Դա մի փոքր երկար տևեց, բայց այն բացահայտումը, հետևությունը, որն արեցինք, բավականին ակնառու էր։

Մանկապատեզից մինչև դպրոց, տնից մինչև բակ այդ երեխաները հանգիստ շունչ քաշելու իրավունք չունեն, նրանք վախենում են մազապուրծ դպրոցի օրն ընկնելուց, միգուցե իրենցից կիլոմետրերի վրա տեղակայված թշնամու գնդակը ի զորու կլինի սպանելու մանկան ժպիտը։

Խնդրի էմոցիոնալ դաշտը ընթերցողի դատին եմ թողնում, բայց չեմ կարող չնշել այն երկարաժամկետ հետևանքների մասին, որոնք կարող է սահմանային լարված դրությունը թողնել կրակակակետերից մի քանի մետր այն կողմ ապրող երեխաների վրա։ Առաջին՝ դա միանշանակ բացասական հերևանքներ կարող է ունենալ երեխայի ֆիզիոհոգեբանական աճի վրա․ նրանք դառնում են ավելի ագրեսիվ, զգայուն ու խոցելի։

Երկրորդ՝ խախտվում է երեխայի սովորելու իրավունքը։ Ինչքան էլ նա պատրաստ լինի, ականների պայթյունից վախենալով դասի նստելը արդյունավետ լինել գրեթե չի կարող։

Երրորդ՝ այսօրվա երեխան վաղվա ապագայի կերտողն է, ու ցանկացած դեպքում մանկական այս տրավման կարող է անդառնալիորեն աղավաղել կյանքեր։

Մեքենան առաջ էր ընթանում, մենք հեռանում էինք մի վայրից, որտեղ երեխաների իրավունքը ուղղակի և անուղղակի կերպով խախտվում է ամեն պահի, բայց հարցը հետևյալն է՝ կա՞ արդյոք միջազգային ինչ-որ կառույց, որ սեփական շահը չի գերադասի երեխայի իրավունքի պաշտպանությունից։

Հարցի ամենացավալի մասը դրա անլուծելի բնույթն է, բոլորն այն լուծել են ցանկանում, խաղաղության կոչ անում, հյուրանոցներում նստած՝ դիվանագիտական խաղեր խաղում, մինչդեռ բնության ամենախոցելի էակը ամեն օր ստիպված է պայքարել հնչող գնդակների հետ։ Բայց նրանք շարունակում են ապրել, ապրում են ակամա խախտված իրավունքներով․․․

nare hovhannisyan

Վերջին անգամ

Բարև։ Երևի սա վերջին նամակն է, որը երբևէ կհասնի քեզ, ու երևի վերջին անգամը, որ կսիրեմ քեզ, ու երևի վերջին անգամը, որ անունդ անգիր կանեմ բազմապատկման աղյուսակի պես։ Երևի սա վերջն է ու վերջին անգամն է, որ ժպիտդ թղթերի վրա կնկարեմ ու կփակցնեմ հոգուս դատարկ պատերին, ու մի վերջին անգամ պատահական քեզ կորոնեմ ծանոթ փողոցներում, հետո մեր սիրած այգին կգնամ, որ թթվածինը առնեմ թոքերիս ու փոխեմ քաղաքս, գյուղս, տունս ու տեղս, բայց քեզ չփոխեմ, քեզ առնեմ ու տանեմ։ Հետո վերջին անգամի համար մազերս հավաքեմ, շունչդ առնեմ մազերիս մեջ, երգդ, վերքդ առնեմ սրտիս մեջ ու վերջին անգամ գնամ։ Վերջին անգամ քեզ որոնեմ չորացրած տերևներիս մեջ, գրքիս թերթերի ու սրտիս անհունների մեջ։ Այդ մի վերջին անգամ քեզ թողնեմ թատրոնների, կինոների ու այդ բեմերին հնչող ծափերի մեջ։ Հետո քեզ առնեմ աչքերիս, զրնգուն ձայնդ՝ ականջներիս ու թափառեմ քաղաքով մեկ, հետո խառնեմ գինուն ու կում-կում խմեմ, արբենամ ու մոլորվեմ ու քաղաքն առնեմ փեշերիս մեջ… Վերջին գնալուս ժամին քեզ առնեմ ճմրթած թղթերիս մեջ, քեզ նորից գրեմ ու չհավանե՜մ, գրեմ ու չհավանե՜մ, բայց այդ չհավանածն էլ ինձ հետ վերցնեմ։ Հետո փակեմ դուռն ու վրան սև թանաքով գրեմ, որ չեմ վերադառնալու, բայց հետգրություն թողնեմ։

Հայ Գրականություն

Եթե չգիտեք, ասեմ, որ խոսակցություններ են գնում դպրոցում «Հայ Գրականություն»-ը փոխելու «Գրականության»։ Ո՞րն է դրա իմաստը։ Նրանք ուզում են, որ մենք մոռանանք մեր մեծ գրողներին և ճանաչենք այլ օտարերկրյա գրողների։ Այդ գրքերում կատարվել են դարերի խզումներ և գրականությունը սկսվում է Խաչատուր Աբովյանից։ Հանվել են Գրիգոր Նարեկացին և այլոք։ Չկան սփյուռքահայ գրողները, օտարագիր հայ գրողները, օրինակ՝ Վիլյամ Սարոյանը։ Սահմանափակվել են արևմտահայ գրողները։ Փոխարենը դպրոցում Կաֆկա կկարդան։ Նրա ստեղծագործությունները համաշխարհային գրականության գանձերից են, ինչ խոսք, բայց շատ բարդ են դպրոցահասակ երեխաների համար։ Նոր գրքերում կա մի կոպիտ սխալ՝ 7,8,9-րդ դասարաններում ուսումնասիրելու են նոր դարերի գրականությունը, ապա՝ հին։

Արդյոք կառավարությունը նպատակ ունի հայերին մոռանալ տալու իրենց հազարամյա պատմությունը։

karin eranosyan

Մութ աշխարհի գառնուկները վերջացել են

Գառնուկները վերջացել են: Էլ ո՞ւմ պիտի հաշվեմ, որ կարողանամ քնել: Մտածում եմ: Անընդհատ մտածում: Մտքումս երազանքներս են: Երազանքներս բարձրանում են երկինք, հետո ընկնում ու… Ու էլ չկան:

Երազանքներս էլ վայրկենական կորչում են արևոտ երկնքում գոյացած սև ամպիկների նման: Մի քանի րոպե ու վերջ: Երազանքներս հաշվել չի լինի, չափազանց շատ են, չգիտեմ՝ ո՞ւմ հաշվեմ, որ քնեմ: Իրենք իրենց գալիս են, իրենք իրենց կորչում: Ես ուշադրություն չեմ էլ դարձնում, գիտեմ, որ նորից կորչելու են: Բայց համառ են, էլի չեն թողնում, որ քնեմ իրենց սիրունությամբ: Բայց նորից ուշադրություն չեմ դարձնում: Ես իմ գառնուկներին եմ փնտրում: Կորել են, չգիտեմ՝ ո՞ւմ հաշվեմ, որ քնեմ: Երևի մեծացել եմ, գառնուկներս էլ նեղացել են: Էլ չգիտեմ՝ որտեղ փնտրեմ, ում մոտ փնտրեմ:

marat sirunyan

Մախաթասար

Վերջերս մի պատկառելի տարիքով կնոջ հետ զրույցս հիշեցրեց վաղուց լսած այս պատմությունը, որն էլ ուզում եմ կիսվել ձեզ հետ։

Այդ կինը բողոքում էր արտակարգ իրավիճակի սահմանափակումներից.

- Մարդը մենակ ո՞նց կապրի, ախր, ես մենակ ապրող կին եմ, և զրուցակցի մասին եմ երազում ամեն օր։ Ուրիշ ոչինչ չունեմ տանելու էս կյանքից։ Հիմա էլ ասում են՝ ոչ մեկի հետ մի շփվեք, ես հո պուպուն չե՞մ։

Իսկ պատմությունն այս է.

Շա՜տ ժամանակ առաջ մի հարուստ մարդ է եղել, հասարակ ժողովրդի մեջ ապրող։ Ամեն հարց ու գործով իրար օգնող ժողովուրդը մեկ-մեկ էլ այս տանուտերի դուռն էր բացում, ու սրան թվում էր, թե ամենքն իր հույսով ու իր հաշվին են ապրում։ Մի օր գալիս ու կնոջ հետ խորհրդի են նստում.

-Այ կին, մենք ամեն ինչ ունենք, մեր ինչի՞ն է պետք, թե մնանք էստեղ ու մեր ունեցվածքից սրան-նրան տանք։ Վեր կաց, հավաքիր` ինչ ունենք, ելնենք սար ու մեզ համար հանգիստ ապրենք։

Կինը հլու կատարում է ամուսնու պատվերն, ու օրեր անց սարն են ելնում։

Մի քանի օրից սարում ապրողների հացը վերջանում է.

- Ա՜խ թե մի հարևան լիներ, մի երկու բուռ ալյուր բերեի,- տխրում է կինը։

-Ձա՛յնդ, ա՛յ կին, ցորենը հրե՜ն պահեստում լցրած, հիմա սելով տանեմ ջաղաց, ու ալյուրով կգամ, չէ՜ մի, հարևա՜ն…

Ելնում, պահեստ են գնում՝ ցորենի ետևից։ Որ ջվալը որ ուզում են տեղից պոկել, ցորենը թափվում է. մկները ծակել էին պարկերը։ Կատաղած տանուտերը գոռում է կնոջ վրա.

- Ի՞նչ ես կանգնել, ա՛յ կին, գնա մի մախաթ* բեր, կարի՛ր։

- Մի՛ բարկանա, ա՛յ մարդ, ախր, մախաթ չունենք։

- Ուրիշից բեր,- կատաղությամբ գոռում է մարդը։

- Ումի՞ց,- զարմացած հարցնում է կինը։

Եվ այստեղ, ինչպես հին հեքիաթում է ասվում՝ թագավորը մատը կծեց.

- Վե՛ր, հավաքիր ինչ կա, ետ ենք գնում. անհարևան մարդու օրը կտրի…

Իսկ սարի անունն այդ օրվանից ի վեր Մախաթասար մնաց, որպես հուշում մի մեծ՝ անաղուհաց մարդկանց։

*Մախաթ – Կորածայր մեծ ու երկար ասեղ՝ տոպրակներ, ջվալներ ևս կարելու համար: