

-Բայց էս աղջիկը… Ինչ մի տեսակ ուրիշ ա, չէ՞,- ասաց ընկերուհիս, երբ ինչպես միշտ երկար դասամիջոցին բուֆետում ուսումնասիրում էինք բոլորին:
-Հա,- համաձայնեցի ես` շարունակելով զննել «տարբերվող» աղջկան:
Ոչ մի արտասովոր բան նրա վրա չկար: Երկար ժամանակ չէի հասկանում, թե ինչով է նա այդքան տարբեր մեզնից:
-Բա սրա մազերը,- շարունակվում էր քննարկումը,- օրը մի գույն ա ներկում:
-Աչքերի գույնը բա, բնակա՞ն ա:
-Մարիամին ցույց տվեք, կասի,- ընկերուհիներս հեռախոսով մեր դպրոցից անծանոթ աղջկա նկար ցույց տվեցին:
-Գունավոր լինզաներ են,- արդեն պրոֆեսիոնալի պես որակավորեցի ես:
«Ինչի՞ են բոլորը ուզում մի անսովոր բան անեն,- մտածեցի ես և հայացքս ընկավ իմ բազմաթիվ թևնոցների վրա: -Չէ, չէ, հաստատ չէ: Ես տարբերվելու համար չեմ արել: Ուղղակի դուր է գալիս, շատ թևնոցներ եմ կապում: Դե հա, գունավոր լինզաներով աղջիկն էլ նույնը կասի: Չէ, բայց թևնոցն ու լինզան նույնը չի, ինքը հաստատ տարբերվելու համար ա արել,- շարունակում եմ ինքս ինձ խոսել ես,- վրայից էլ երևում է, որ ձևիստի մեկն է»:
-Ինչո՞վ էր ուրիշ որ,- կարծես քնից արթնացա ես:
-Ո՞վ,- ընկերուհիներս արդեն լրիվ ուրիշ բանից էին խոսում:
-Էն աղջիկը, որ ոչ մի արտասովոր բան չուներ:
-Դե, եսիմ…
Լռեցի և շարունակեցի զննել բուֆետում հավաքված ամբոխին: Մեկը ամեն օր գեղեցիկ զգեստով և սանրվածքով է դպրոց գալիս, մյուսը հակառակը` աղջիկ է, բայց տղայի նման է հագնվում: Համարյա բոլորը իրենց մազերից մի փունջ ուրիշ գույն են ներկել, և ես էլ ինքս ինձ հաճախ եմ բռնացնում այն մտքի վրա, որ ես էլ այդպես կուզեի: Մեկը չափից դուրս մեծ ականջակալներով է միշտ, իսկ մյուսը իմ նման` բազմաթիվ թևնոցներով: Նայեցի, թե ինչպես է «տարբերվող» աղջիկը դուրս գալիս բուֆետից, և հասկացա, թե ինչով է նա այդքան տարբերվում: Նա ոչ մի բան չէր արել անսովոր կամ օրիգինալ լինելու համար: Ոչ մազերն է ներկել, ոչ վառ գույներով հագնվել և ոչ էլ կոպիտ է խոսում, «բնավորությամբ աղջիկ» երևալու համար: Եվ այս միօրինակ «տարբերվող» ամբոխի մեջ դարձել է իսկապես տարբերվող: Մտածում եմ, որ նա ճիշտ է անում, բայց, միևնույնն է, թևնոցներիցս չեմ հրաժարվի: Ես տարբերվելու համար չեմ անում:
Ինչպես բոլոր երևանցիները, այդպես էլ ես, սիրում եմ հարազատ քաղաքս, իր վարդագույն շենքերով, փողոցում ծաղիկ վաճառող տատիկներով, թունդ սիրահարված զույգերով, զանազան ավտոմեքենաներով և անմոռանալի հիշողություններով:
Ճիշտ է, Երևանում շարժը լիքն է, մարդիկ բարի և կամեցող, բայց սկսեցի մի պահ ինձ հանգիստ և ներդաշնակ չզգալ:
Բայց շատ հաճախ առօրյա հոգեկան անհանգստությունը երբեմն ուզում ես փոխարինել այլ գործողություններով, որոնք ամեն օր կրկնվող կյանքիցդ ծայրահեղ տարբերվում են։
Միգուցե խնդիրը նաև այն էր, որ երբ ինչ-որ բան շատ երկար է տևում, սկսում եմ դրանից էներգիա չստանալ, միայն իմ էներգիան սպառել։ Փոփոխության կարիք կար, որպեսզի ես թարմանայի: Ու այդ ժամանակ հասկացա, որ միակ լուծումը դա փախուստն է քաղաքից, առօրյայից: Իսկ թե դեպի ուր` դժվար էր մտածել, քանի որ Հայաստանում փախուստի վայրերը բազմաթիվ են, բայց մեկը սիրտս գրավել է ու միշտ կանչում էր իր գիրկը՝ Տավուշի մարզը, որը բնության սիրահարների համար ճամփորդության իդեալական վայր է:
Դիլիջանը Հայաստանի ամենագեղատեսիլ քաղաքներից է, որտեղ կարելի է պարզապես քայլել գեղեցիկ փողոցներով, վայելել Դիլիջանի գեղեցկությունը, շնչել մաքուր օդ՝ անցկացնելով անմոռանալի հանգիստ։ Այստեղ կարող ես մի քանի օր անցկացնել՝ վայելելով քաղաքի և անտառների գեղեցկությունը, մի քաղաք, որն ի վիճակի է կրկին ու կրկին զարմացնել, գունեղ քաղաք, որը գրավում է ճանապարհորդների սրտերը և ստիպում է վերադառնալ:
Դիլիջանում մարդն ու բնությունը մեկ ընդհանրություն են դառնում: Ինչպես մարդիկ են կախված բնությունից, այնպես էլ բնությունը՝ մարդկանցից։ Կարևոր է այդ հարաբերություններում ներդաշնակության հասնելը ու պահելը:
Ինչպես ասում են. «Ամեն բան, առավել ևս ամեն լավ բան, ունի իր ավարտը…» կամ` «ամեն ավարտ ինչ-որ նոր բանի սկիզբ է»:
Ինչևէ, Դիլիջանը մեզ հրաժեշտ տվեց, բայց մենք խոստացանք վերադառնալ, որովհետև այստեղ ենք թողել բազմաթիվ խենթ և անմոռանալի հիշողություններ, անավարտ պատմություններ, որոնք պարտադիր պետք է հասցնել իր տրամաբանական ավարտին:
Հ.Գ. Իսկ մի ուրիշ անգամ, երբ Դիլիջանին ու ընկերներիս չխանդեմ ձեզ հետ, պարտադիր կպատմեմ, թե ինչպես մութն ընկնելուն պես բարձրանալ Դիլիջանի ամենաբարձր կետը և վայելել գիշերային տեսարանը, որը բացվում է այնտեղից…







Ձեզ երբևէ թվացե՞լ է, որ դուք նման չեք մյուսներին, որ կարող եք այս աշխարհին տալ ինչ որ հիասքանչ ու յուրօրինակ մի բան, եթե աշխարհը մի փոքր ուշադրություն դարձնի ձեզ:
Ամեն անգամ քնելուց առաջ կազմում ես պլաններ, գծագրում ապագադ, որում դու իրականացնում ես երազանքներդ ու փոխում աշխարհը դեպի լավը: Հետո առավոտյան արթնանալով հասկանում ես, որ պետք է քրտնաջան աշխատել ու աշխատել` նպատակիդ հասնելու համար:
Երբեմն ուզում ենք, որ մեզ նկատեն, սակայն միայն ուզում ենք, ոչինչ չենք ձեռնարկում դրա համար: Պետք է հիշել, որ մեզ նկատելու են սև ու սպիտակ, անհետաքրքիր մարդկանց շարքերից: Դրա համար էլ պետք է աչքի ընկնենք որպես վառ անհատականություններ, խոսենք հստակ և տեղ հասցնենք մեր ասելիքը:
Նպատակին հասնելը հեշտ բան չէ: Դա տքնաջան աշխատանք և համբերություն է պահաջում: Վերջերս, երբ Երևան-Արտաշատ ավտոբուսով գնում էի Երևան, ճանապարհը նմանեցրի դեպի նպատակ տանող ճանապարհին. ճանապարհի կեսը կանգնած ես գնում, կեսը` նստած, երբեմն անհնարին կերպով, բայց դու դա անում ես: Ավտոբուսի մարդկանց էլ նմանեցրի այն մարդկանց, ովքեր մեզ հետ են լինում այդ դժվարին ճանապարհին՝ ոմանք իջնում են ճանապարհի կեսից, ոմանք բարձրանում են և գալիս քեզ հետ մինչև վերջ, իսկ ոմանք սկզբից մինչև վերջ մնում են քեզ հետ: Եվ նման մարդկանց շնորհիվ է, որ մենք գիտակցում ենք մեր նպատակին հասնելու կարևորությունը:
Նոյեմբեր, 2016