manana arxiv

Կյանքի մեկ րոպե. Լեռնագնացը

-Սա ես եմ` լեռնագնացության պարապմունքի ժամանակ: Ահա, այս լուսանկարի վրա, տեսնո՞ւմ եք: Այս մեկի վրա մենք լեռ ենք բարձրանում: Այն կարմիր վերարկուովն եմ ես, ամենակարճահասակը շարքում: Տեսա՞ք:

Ես միշտ երազել եմ լեռներ մագլցել, ու արդեն մի քանի տարի է, ինչ պարապում եմ: Արդեն մի քանի բարձր գագաթներ եմ բարձրացել իմ խմբի հետ: Ափսոս, բոլոր լուսանկարները հիմա մոտս չեն` ցույց կտայի:

Որքան ինձ հիշում եմ` երազել եմ բարձրանալ Էվերեստը: Դա իմ ամբողջ կյանքի երազանքն է: Ի՞նչը` ինչու: Իսկ դուք չէի՞ք ուզենա: Ինձ թվում է` ամեն մարդ գոնե մի անգամ երազել է այդ մասին: Դե, ես էլ ամեն օր եմ երազում: Իմ ուսուցիչն ասել է, որ մինչ այդ ես դեռ շատ լեռներ պետք է բարձրանամ ու ամեն օր պարապեմ, որպեսզի կարողանամ բարձրանալ այդ գագաթը: Դե, ես էլ պարապում եմ: Արդեն շատ լավ կարողանում եմ օգտագործել լեռնագնացի կացինը, կարող եմ պարան քաշել թիմակիցների համար, կարող եմ մերկ ժայռի վրա ոտնակներ ամրացնել` հետևից եկողների համար: Գիտե՞ք, դա ինչի համար է: Կինոներում տեսել եք, չէ՞:

Ի՞նչն եմ ինչպես զգում: Գագաթի վրա՞: Չգիտեմ: Ինչպե՞ս բացատրեմ: Այդ պահին ինձ թվում է, թե աշխարհում ուրիշ ոչինչ գոյություն չունի: Դուք այդպես զգացե՞լ եք: Ու ինձ թվում է, թե ես էլ եմ սովորական մարդ` բոլորի նման: Նորմալ, լիարժեք նկատի ունեմ:

Պարապմունքներին տատիկս է ինձ տանում: Ծնողներս երկուսն էլ մահացել են, երբ շատ փոքր էի: Ուսուցիչս երկար ժամանակ հրաժարվում էր ինձ հետ պարապել, ասում էր` ավելի լավ է` տանը պառկիր, գլխիդ արկածնե՞ր ես ման գալիս: Տատիկս էլ էր փորձում հետ համոզել, հետո մի կերպ համոզեցի: Ինքն էլ ուսուցչին համոզեց:

Առաջին անգամ, երբ լեռ էինք բարձրանում, ինձ հազիվ փրկեցին: Խեղդվում էի, թթվածինը թոքերիս չէր հասնում: Իմ խումբը շատ էր վախեցել, ուսուցիչս ասում էր, որ վերջացնեմ գլխիցս վեր ցատկելն ու զբաղվեմ առողջությունս պահպանելով: Բայց հետո մի կերպ համոզեցի, ու նորից ինձ թույլ տվեցին բարձրանալ:

Ես կրկնակի շատ եմ պարապում, քան ինձանից մի քանի տարով մեծերը: Ինչքան շատ պարապեմ, այնքան շուտ կկարողանամ թույլտվություն ստանալ ավելի բարձր գագաթներ բարձրանալու համար: Ես գիտեմ, որ մյուսների չափ շատ ժամանակ չունեմ: Ուղղակի փորձում եմ այդ մասին չմտածել: Ընդհանուր առմամբ ես ինձ միշտ լավ եմ զգում, ուղղակի երբեմն սկսում եմ խեղդվել, այդ ժամանակ դժվար է լինում: Չեմ կարողանում շնչել, չգիտեմ, ձեզ հետ երբևէ այդպես եղե՞լ է, երբ մեջքի վրա ընկնում եք, ու որոշ ժամանակ չեք կարողանում շնչել: Այ, այդպես է լինում: Մեկ-մեկ մտածում եմ, թե հիմա կմեռնեմ, ու ուզում եմ ինչքան հնարավոր է շատ շնչել, ու օդն այն պահին այնքան քաղցր է թվում, ասես ամենահամով բանը լինի աշխարհում:

Հետո անցնում է, ու արդեն նորից լավ եմ զգում, ուղղակի ուժերս կարծես շուտ են վերջանում դրա պատճառով:

Եթե լավ պարապեմ, մի տասը տարուց երևի կկարողանամ բարձրանալ Էվերեստը: Բժիշկներն ասում են, որ դա ինձ հակացուցված է, բայց ես ավելի լավ գիտեմ:

Մի նկար ցույց տա՞մ: Հեռախոսիս մեջ է, մի րոպե: Ահա: Այս մարդը առաջինն է բարձրացել Էվերեստը: Տեսնո՞ւմ եք: Ինտերնետից եմ քաշել: Ասում են` առաջին բարձրացողները հազիվ են փրկվել թթվածնային քաղցից: Համարյա մեռել են: Այնտեղ, վերևում, օդ գրեթե չկա, գիտե՞ք: Մոտավորապես նույն ձև է, ինչ տիեզերքում: Նույնիսկ կեսօրին այնտեղ կարելի է տեսնել աստղերն ու լուսինը: Այսինքն` լեռան գագաթը համարյա տիեզերքում է: Այնտեղ բարձրանալը շատ դժվար է, սարսափելի դժվար:

Իսկ ինձ համար տասն անգամ ավելի դժվար է լինելու: Բայց, միևնույն է, կբարձրանամ, հաստատ: Տատիկին էլ եմ խոստացել:

Վիկտոր, 14 տարեկան: Ծնողները մահացել են ՁԻԱՀ-ից իր ծնվելուց կարճ ժամանակ անց` որդուն ժառանգելով նույն հիվանդությունը:
95106469_2664250950353226_8394863662816296960_n

Գրքաշխարհը կարանտինից դուրս է

«Հիմա մարդիկ գիրք չեն կարդում» արտահայտությունը, կարծես, արդեն ակտուալ չէ։ Իրադարձությունները ցույց են տալիս, որ անկախ ամեն ինչից՝ գրքասերները սիրելի զբաղմունքից չեն հրաժարվում։

Կորոնավիրուսի հետևանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում շատ բիզնեսներ, խանութներ և ընկերություններ այս օրերին աշխատում են մասամբ, շատերը նույնիսկ չեն աշխատում: Սակայն բացի ալկոգելի, ձեռնոցի, դիմակի, սխտորի և կոճապղպեղի բիզնեսներից, գրքերի վաճառքը նույնպես առաջին տեղում է:

«MYbookstore» առցանց գրախանութի հիմնադիր տնօրեն Լևոն Ստեփանյանը ներկայացնում է կարանտինի օրերին գրքաշխարհում տիրող իրավիճակը:

-Արտակարգ իրավիճակի և կարանտնի հետևանքով շատ ոլորտներ և բիզնեսներ այնքան էլ ակտիվ չեն կամ անգամ կասեցրել են գործունեությունը: Ինչպիսի՞ իրավիճակ է գրքաշխարհում: Արդյո՞ք այս օրերին սովորական իրավիճակի համեմատությամբ պատվերներն ավելացել են:

-Գրքերի վաճառքն ու պատվերները համեմատաբար ավելացել են` սովորական օրերի համեմատությամբ շուրջ 2-3 անգամ: Դա մի քանի գործոններով է պայմանավորված. նախ այն, որ շատ գրախանութներ այս օրերին փակ են, գործում են միայն օնլայն գրախանութները: Եվ քանի որ մարդիկ քիչ են տանից դուրս գալիս, ավելի շատ նախընտրում են օնլայն պատվիրել: Եվ հետո մարդիկ արդեն ավելի շատ ժամանակ ունեն, և եթե նախկինում շատերը չէին հասցնում գրքերին ժամանակ տրամադրել, այսօր այդ խնդիրը չկա: Բացի դրանից` վերջերս նոր գրքեր են հրատարակվել, որոնց հանդեպ մարդկանց հետաքրքրությունն արդեն ոչ միայն այս օրերին, այլև ընդհանրապես շատ մեծ է:

-Փակ են նաև գրադարաններն այս օրերին: Այդ փաստը, այսպես ասած, աշխատե՞ց ի օգուտ գրախանութների:

-Իհարկե, դրական ազդում է նաև այդ փաստը: Քանի որ եթե մարդիկ ուզում են գիրք կարդալ և գրադարաններից վերցնել չեն կարող, մնում է արդեն գնելու տարբերակը: Մեր գրախանութը ֆեյսբուքյան երկու խումբ ունի` «MYbooktore գրքերի աճուրդ», որտեղ մենք ինքնարժեքից բավականին ցածր գնով աճուրդներ ենք իրականացնում և մարդիկ կարող են տարբեր գրքեր զեղչված գնել, և «MYbookstore crowdfunding for books», որտեղ մարդիկ, տեղադրելով իրենց ցանկացած գիրքը, կարող են 50 տոկոս զեղչով ձեռք բերել գիրքը: Եվ այս խմբերի միջոցով այն մարդիկ, որոնք գումարի հետ կապված խնդիրներ ունեն, կարող են լուծել դրանք` գնելով գրքերն ավելի մատչելի:

-Համավարակի սկզբում շատերն ակտիվորեն սկսեցին հիշատակել Քամյուի «Ժանտախտ»-ը: Հետաքրքիր է` արդյո՞ք վարակների թեմաներով գրքեր շատ են պատվիրում: Եվ առհասարակ, ի՞նչ գործեր են հիմնականում պատվիրում մարդիկ: Կարո՞ղ եք նշել թոփ 5-ը:

-Շատ են հարցնում Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գիրքը, բայց քանի որ այն նոր հրատարակություն չունի, մենք նույնպես չունենք: Հետևաբար, հիմնականում գնում են Քամյուի «Ժանտախտը»` համեմատած այլ ժամանակահատվածների: Թոփ 5 գրքերը սրանք են` Միշել Օբամա «Իմ պատմությունը», Ֆիլ Նայթ «Կոշկավաճառը», Դեյվիդ Ալեն «Ինչպես հասցնել բոլոր գործերը», Չէ Գևարա «Մոտոցիկլավարի օրագիրը», Ալբեր Կամյու «Ժանտախտը»: Այս օրերին մարդիկ, կարելի է ասել, մոտիվացիայի պակաս ունեն: Եվ եթե նկատում եք, շատ վաճառված գրքերի մեջ թե՛ թոփ 5-ում, թե՛ իմ ձեռքի տակ եղած թոփ 20-ում մեծ տեղ են գրավում մոտիվացնող գրքերը: Շատերն ուզում են կարանտինից հետո փոխել իրենց կյանքը, ամեն ինչ սկսել ուրիշ կերպ, դրա համար ընտրում են նմանատիպ գրքեր:

-Հիմնականում Երևանի՞ց, թե՞ մարզերից եք պատվերներ ստանում:

-Պատվերներ ունենում ենք և՛ Երևանից, և՛ մարզերից, բայց ավելի շատ Երևանից են պատվերները: Այս օրերին մարզերից պատվերները մի փոքր ավելացել են, քանի որ ուսանողները վերադարձել են մարզեր` դասերի դադարեցման պատճառով: Եվ եթե նախկինում նրանք նույնպես պատվիրում էին և ստանում Երևանում, այսօր մենք առաքում ենք մարզեր:

-Առաքումներն ինչպե՞ս եք իրականացնում: Պահո՞ւմ եք անտանգության կանոնները:

-Իհարկե այո: Մեր առաքիչները ձեռնոցներով են, դիմակներով, ամեն օր, երբ գալիս են աշխատանքի, պարտադիր ջերմաչափվում են: Մարդկանց հիմնականում առաջարկում ենք վճարումները կատարել օնլայն տարբերակով, եթե տարբերակ չկա, նոր միայն կանխիկ: Գրքերի 90 տոկոսից ավելին պոլիէթիլենային կազմով են, այսինքն՝ հնարավորինս անվտանգ են հասնում ընթերցողին:

-Որքան էլ դրությունը դժվար է և վարակի դեմ պայքարելը` բարդ, բայց կարո՞ղ ենք որպես դրական կողմ նշել, որ մեկուսացումը մարդկանց տվեց ժամանակ, հնարավորություն` ավելի շատ կարդալու և կրթվելու:

-Շատերը մտածում են, որ իրենց ազատությունը ահմանափակվել է, բայց ես չակերտավոր ասում եմ, որ իսկական ազատությունը սա է: Որովհետև հիմա այն շրջանն է, որ մարդիկ իրենք են ընտրում` ինչո՞վ զբաղվել այս  ընթացքում, ե՞րբ արթնանալ, ե՞րբ քնել: Ու ինքնակրթվելու, զարգանալու, կարդալու շատ լավ ժամանակ է, ինչպես նաև կորոնավիրուսից հետո մեր կյանքը ավելի շատ գնահատելու ու նոր տեմպով կյանքը սկսելու համար: Շատերը դա չեն հասկանում, հիմնականում ժամանակն անիմաստ անցկացնում են սոցիալական ցանցերում: Բայց պետք է գիտակցել, որ գուցե մեր ամբողջ կյանքում այլևս այսքան ազատ ժամանակի հնարավորություն չունենանք, որ ինքներս որոշենք` ինչով զբաղվել, ինչպես անցկացնել ժամանակն ու ինչից սկսել:

syuzanna sahakyan erevan

Սփյուռքը, Արցախն ու Հայաստանը

Սփյուռք, Արցախ, Հայաստան. մենք պիտի լինենք միշտ միասին:

Չէ՛, չէ՛ սրանք հերթական հայրենասիրական երգի հուզիչ բառերը չեն, այլ մի նախադասություն, որը տարիներ անց հիշեցնելու է մեր երիտասարդ կյանքի, անմիտ ու զվարճալի արարքների, տխուր և չափազանց երջանիկ իրադարձությունների մասին:

Իրականում Սփյուռք – Արցախ – Հայաստան դաշինքը ծագեց 3 երիտասարդ աղջիկների գլխում սովորական մի օր:

Եվ այսպես, երկնքում պայծառ փայլում էր արեգակը, օդում սավառնում էին հոգնած, բայց միևնույն ժամանակ ուրախ ձայների ելևէջները: Կրկին նրանք էին՝ աղջիկները:

Էլենը՝ մեր կուրսի խելացին, չափազանց հետաքրքրասեր մի աղջիկ, բայց քանի որ մեր կուրսում Էլենները շատ էին, մենք նրան հաճախ դիմում էինք ազգանունով՝ Մուրադյան: Իր կարծիքով իր ազգանունը չափազանց հիշվող էր, այդ պատճառով էլ իրեն չէինք դիմում Էլ կամ Էլուշ անուններով, այլ ուղղակի՝ Մուրադյան: Ինչ խոսք, շատ հիշվող ազգանուն էր:

Հաջորդը Նարան էր: Հա՛, հա՛, ճիշտ եմ գրել՝ «ր»-ով, իրականում դա նրան յուրահատուկ էր դարձնում: Նա Հայաստանում միակ Նարան էր, չնայած ազնվության համար արժե նշել, որ Արցախից էր:

Դե այս եռյակը սահմանափակում եմ ես՝ Սյուզիս կամ Սյուզաննաս կամ Սյուզանս, ինչպես հարմար է: Կարող եմ նշել, որ չեմ սիրում գլուխ գովել, բայց քանի որ այս պատմության հեղինակը ես եմ, ինչպես կարող էի չօգտագործել այս հնարավորությունը և չխոսել իմ նման խելացի, գեղեցիկ, տաղանդավոր աղջկա մասին:

Երևի նկատեցիք, որ կանգ առանք պայծառ և արևոտ օրվա վրա, այսպիսով մենք, քոլեջից դուրս գալով, շտապում էինք տուն ու չգիտես էլ, թե ինչից էինք խոսում:

Իրականում ես էլ չեմ կարող նկարագրել, քանի որ մեր խոսելու թեմաները չափազանց տարբեր էին՝ Մենդելևի աղյուսակի քիմիական տարրերից մինչև Եվրատեսիլ երգի մրցույթի մասնակիցներ:

-Վա՜յ ապրես, Էլ ջան, միանշանակ պետք է թիմ կազմել և մասնակցել այդ առաջնությանը, դու էլ կլինես առաջին մարդը, ում առաջարկում ենք միանալ մեր թիմին,- հանկարծ բարձր և ուրախ ձայնով բղավեցի ես՝ կրկին փողոցի մարդկանց ուշադրությունը մեզ վրա հրավիրելով:

-Հա՛, լուրջ շատ օգնեցիր,- ինչպես միշտ ինձ հետ համակարծիք լինելով՝ ասաց Նարան:

Էլենի խորհուրդը մենք կիրառեցինք մեր կյանքում և նրա հետ միասին շատ հաղթանակներ գրանցեցինք այդ առաջնությունում:

Իրականում ես ու Նարան միանշանակ համապատասխանում ենք Հայաստան-Արցախ մոդելին: Ես միշտ մեծ քրոջ պես կանգնած եմ Նարայի կողքին և պատրաստ եմ սատարել նրան՝ ցանկացած նախաձեռնություն իրականացնելիս: Բայց «մեծ քույր» արտահայտությունը պետք չէ այդքան լուրջ ընդունել, քանի որ ես նրանից մեծ եմ ընդամենը 3 օրով: Սակայն այդ փաստը ինձ շատ է դուր գալիս:

Դե ինչպես ցանկացած մարդ, այնպես էլ մենք, ունենում էինք օգնության կարիք, մի խոսքով, մեզ պակասում էր 3-րդ անձը: Այսպիսով, մենք հասկացանք, որ Էլենը մեր անբաժան մասնիկն է՝ Սփյուռքը:

Սփյուռք, քանի որ դժվարին իրավիճակում հենց նա է պատրաստ օգնել Հայաստանին և Արցախին, հենց նա է ամբողջ սրտով և ուրախությամբ տոնում մեր հաղթանակները:

Այդ պայծառ օրվանից անցել են շատ օրեր, և վստահ եմ, որ դեռ ավելի պայծառ օրեր են գալու: Բայց այսօր, երբ յուրաքանչյուրս պետք է կյանքի մեր անհատական ուղին սկսենք կառուցել, գիտակցում ենք, որ ժամը եկել է, մենք էլ պետք է մեկնենք մեր երազանքների ճանապարհորդությանը, ընտրեք մեր ապագա մասնագիտությունը, և հիշենք, որ մեր հզոր դաշինքին չկարողացան նույնիսկ օվկիանոսներն ու սարերը բաժանել, երբ ես հայտնվեցի Գերմանիայում, Նարան՝ Ռուսաստանում, իսկ Էլենը՝ Ամերիկայում:

Իրականում մեր ընտրած ուղիները ամենևին էլ իրարից հեռու չեն, և ոչինչ էլ չի կարող խանգարել մեր ընկերության պահպանմանը:

«Ամեն ինչի ավարտը մի նոր բանի սկիզբն է», և այդ նոր բանը տարիներ հետո դառնալու է մի շատ հայտնի կազմակերպություն, որը իր մասնաճյուղերն է ունենալու Սփյուռքում, Արցախում և Հայաստանում:

mariam tonoyan

Աղջիկը

Աղջիկը լույս աշխարհ եկավ։ Գերդաստանը ցնծալու ու աչքալուսանք տալու փոխարեն ափսոսանքով մտածեց հաջորդ, տղա երեխայի ծնունդի մասին. տոհմը շարունակող է պետք։

Աղջկա առաջին բառը «մամա»-ն եղավ, դրանից հայրը սրտնեղեց ու նրան սովորեցրեց, որ «մամայի՞ն ես շատ սիրում, թե՞ պապային» հարցին իր օգտին պատասխան տա։ Աղջիկը պետք է հնազանդ լիներ, ընդունված է այդպես։

Մինչ թույլ կտային իր փոքրիկ աշխարհի սահմանները մի քայլով լայնացնել, ծնողները խրատեցին աղջկան, որ բակում պետք է միայն աղջիկների հետ խաղա ու իրեն խելոք պահի։

Դպրոց գնալիս հասկացրին, որ մեծի կամ հասակակից տղայի աչքերի մեջ սևեռուն նայել չի կարելի, պետք է խոնարհել հայացքը, նայել կոշիկներին։ Նա միշտ փախցրեց հայացքը բոլորից ու խոսուն հայացք այդպես էլ չունեցավ։ Աղջկա հայացքին վայրկյանացույց դրվեց, գլուխն էլ փոքր-ինչ խոնարհ պահելու համար դասագրքեր կախեցին վզից, թե՝ ամոթ է, եթե աղջիկ հալով չսովորես։

Ի տարբերություն բակային խաղերի, դպրոցում աղջկան ու տղային իրար կողք-կողքի նստեցրին, բայց հիշեցրին անպայման՝ դուք քույր-եղբայրներ եք։ Մի օր էլ այդ եղբայրներից մեկը աղջկան սեր խոստովանեց և աղջիկը կյանքից ոչի՜նչ չհասկացավ…

Բարձր դասարաններում պետք էր մասնագիտություն ընտրել։ Աղջկան սազական չէր ֆուտբոլիստ, ոստիկան, շինարար դառնալ, իսկ դերասանուհի կամ երգչուհի դառնալու համար հատուկ ստորագրահավաք էր պետք կազմակերպել քաղաքի բնակիչներից, որովհետև բեմին և ուշադրության կենտրոնում լինելը աղջկա համար չափազանց մեծ արտոնություն էր։ Քիչ-քիչ սկսեցին քարացած արտահայտությունները շշուկներից բարձրաձայն խոսքերի վերածվել. «դու գնացող ես», «քեզ մնաց մի քանի տարի», «կեր, որ գնացիր ուրիշի տուն, ամոթանք կտան, կասեն՝ ի՞նչ բան է ուտելիքը չսիրելը», «քո տարիքում ես երեք երեխա ունեի»… Աղջիկը հասկացավ, որ քիչ-քիչ ավելորդ է դառնում իր ընտանիքում և իր տանը, որի լիակատար տերը միայն տղա զավակը կարող էր լինել, բայց ուսումը ներս խցկելով փորձեց մի քիչ էլ երկարացնել ժամանակահատվածը՝ իր տանը, իր աշխարհում, սիրելիների կողքին մնալու համար։

Այս ընթացքում չափման միավորները չէին դադարում անհանգստացնել աղջկան՝ վայել քաշ, քայլվածքի արագություն, մեջքի ձգվածության աստիճան, շրջազգեստի երկարություն, շպարի համապատասխան խտություն, կոշիկի կրունկների բարձրություն…

Բարձրագույն կրթության դիպլոմ ստանալուց հետո բոլորին թվում էր, որ աղջիկը շատ է ուշացրել անձնական կյանք դասավորելը, բայց քանի որ նա դեռ պատրաստ չէր լուրջ որոշումներ կայացնել, իրենց դուռը թակողների միջից ծնողները ընտրեցին մեկին, ում հետ նրանք կկարողանային յոլա գնալ, բայց աղջիկը՝ դժվար թե, և մի շքեղ քողով ծածկելով նրա ցամաքած աչքերը, կանգնեցրին իրենից տարիքով մեծ տղայի կողքին։ Մտածեցին հուզմունքից է լաց լինում, կանցնի և որպես հրաժեշտի խոսքեր հիշեցրին մանկուց սովորեցրածը. «Այս տնից գնացողը ետդարձի ճամփա չունի, հնազանդ եղիր»։

Իր համար ծաղիկներ բերող և ցանկացած դուռ բացող ու ճանապարհը զիջող փեսացուն շուտով խոհանոցի դուռը շրմփացրեց աղջկա դեմքին՝ հայտարարելով, որ նրա միակ աշխատանքային վայրը դա կարող է լինել, և որ դիպլոմը լավագույն օժիտը չէր, որ կարող էր իր հետ բերել։ Աղջկան սովորեցրել էին հնազանդվել, դրա համար էլ խոնարհաբար տարավ նաև ամուսնու դավաճանությունը՝ արցունքները ներսում խեղդելով, բայց ինքը դավաճան համարվեց հերիք չէ մազերը տղամարդ վարսավիրի մոտ ներկելու համար, մի բան էլ գույնի տոնայնությունը նամուսով կնոջ չափանիշներին չհամապատասխանեցնելու համար։ Վեճեր ծագեցին, խնամիներով թշնամիներ դարձան, բայց ի վերջո հանդարտվեցին հանուն երեխաների, որոնցից երկուսը աղջիկ էին, վերջինը՝ տղա։

-Դուք էլ տղա ծնվեիք էլի, անբախտ բալեք,- երբեմն հոգոց հանելով տանջվում էր նա՝ իր դստրերի մասին մտածելիս։

Այդ աղջիկներից մեկը, մեծանալով, փախավ սիրած տղայի հետ ու գերդաստանի կողմից հավերժական արհամարհանքի արժանացավ։ Մյուսին հայրն արգելեց սիրահարվել այնպիսի տղայի, ում ինքը հավանություն չի տա։ Ի վերջո նրան էլ ամուսնացրին հարուստ վաճառականի որդու հետ։

Այն փոքր աղջիկը, որ այսօր մայր էր արդեն, լալիս էր, կուրծքը պատռում, ամուսինը հանգստացնում էր, թե՝ շատ զգացմունքային կին ես, սո՛ւս կաց։ Լացուկոծով աղջիկ չեն պսակում։

Աղջկա հոգում դեռ մնացել էին երջանկության հույսի ծիլեր, չէ՞ որ մի աղջիկը սիրելով էր փախել։ Ինքն արդեն ծերացել էր, դժվար էր քայլում ու մի կույտ հիվանդություններ մեջքին շալակելուց կորացել, կարճացել էր։ Շա՜տ էր փոխվել, բայց բաց կապույց աչքերի մեջ թրթռացող արցունքը դեռ կար, նույնն էր մնացել… Ամեն ինչի միջով անցնելուց հետո նստում էր բակում, ուր մի ժամանակ խաղացել էր իր հանգուցյալ ամուսինը, ու նայում էր երկնային լճում լողացող բամբակե թռչունների, որ թռչու՜մ, գնում էին իր կյանքի պես ու ցնդում ինչ-որ հեռվում։

Լսել էր, որ մյուս աղջիկը բաժանվել է վաճառականի որդուց, ու չգիտեր՝ ուր է, ինչ է։ Առավոտյան տան դուռը բաց էր անում, կեսօրին տան գործերով էր զբաղվում, երեկոյան նստում էր դրսում, շուրջը նայելով՝ լքված աղջկա վերադարձին կարոտ, և մութն ընկնելուն պես տուն էր մտնում՝ դուռը բաց թողնելով, որ աղջիկը գա, դուռը փակ չգտնի։

Գիտեր, որ չի գա, գիտե՜ր՝ հիշում է, որ այդ տնից գնացողը ետդարձի ճամփա չունի։

Meri Gevorgyan tavush

Կորոնավիրուսից առաջ և հետո

Բարև: Ես ապրում եմ Դիլիջան քաղաքում և այսօր քեզ կպատմեմ, թե իմ հայրենի քաղաքում ինչպիսին էր դրությունը մինչ կորոնավիրուսը:
Դիլիջանը հին քաղաք է, որը հայտնի է իր անհավատալի գեղեցկությամբ, սառնորակ հանքային ջրով, հնագույն հուշարձաններով և իհարկե, չափազանց գեղեցիկ բնությամբ: Դիլիջանով է հոսում Աղստև գետը, որի ստորին հոսանքում կառուցված է Աղստևի ջրամբարը: Քաղաքը համարվում է առողջարանային կենտրոն: Այստեղ է գտնվում կոմպոզիտորների ստեղծագործական և հանգստյան տունը, որը ունենում է բազմաթիվ այցելուներ: Տեղի առողջարանների և հսկայական այգու շնորհիվ դու կարող ես հանգստանալ, վերականգնել առողջությունդ և վայելել մաքուր օդը: Քաղաքում մեծ զարգացում է ապրում նաև զբոսաշրջությունը: Դեպի Դիլիջան տուրերի սեզոնայնությունը կախված է եղանակային պայմաններից, իսկ հիմա շատ հաճելի եղանակ է դրսում՝ ամենուրեք թռչունների գեղեցիկ և լսելի ծլվլոց, սառնորակ աղբյուրի խշշոց, որը վայելելով դու ուղղակի կառանձնանաս ամենօրյա քո հոգսերից: Սակայն այժմ չարաբաստիկ վիրուսի հետևանքով ամեն ինչ փոխվել է: Փոխվել է մարդկանց շարժը, զբոսաշրջիկների ելումուտը, երեխաների ակտիվությունը: Մարդկանց սիրտը վախով է լցված, նրանք տանից դուրս չեն գալիս՝ ապահովելով և՛ իրենց, և՛ դիմացինի առողջությունը:
Ահա ես նայում եմ պատուհանից, սիրտս թախիծով է լցվում, սակայն մտածում եմ, որ այս ամենը կավարտվի, և առաջվա աշխուժությունը կվերադառնա:
Այժմ ես տեսնում եմ մեկին, ով առանց դիմակի իր երեխայի հետ գնում է այգի՝ չգիտակցելով, որ կարող է վարակվել և վարակը տարածել իր ընտանիքի անդամների մեջ: Իսկ այն մարդիկ, ովքեր դիմակով են դուրս գալիս, լիարժեք մաքուր օդ չեն վայելում, պահպանում են սոցիալական հետավորություն, զերծ են մնում շփումներից:
Վարակը Դիլիջանում մեծ արագությամբ չի զարգանում, սակայն զգուշավորությունը ամեն դեպքում անհրաժեշտ է:

kristine hovhannisyan

Կրենք դիմակ ապագայի մարդու համար

Ես արտագրել չեմ կարողանում։ Չեմ կարողանում և վերջ։ Արտագրելու թուղթը ձեռքիցս գցում եմ, կամ սկսում եմ անխնա ճռճռացնել ու արդյունքում ոչինչ էլ չեմ կարողանում անել։ Վերջին անգամ, երբ փորձեցի արտագրել, հիշեցի, թե ինչպես էի ստուգարքից մեկ գիշեր առաջ սենյակումս փակված կծվածքների տեսակները անգիր անում։ Հիշեցի ու արտագրելու մասին մտքերս թաղեցի այնքան հեռու, որ լսարանից դուրս գալուց հետո անգամ չհիշեցի դրանց մասին։ Մտածեցի, որ արդար չեմ լինի։ Ոչ թե այն մարդու հանդեպ, ում համար ավարտելուց հետո պետք է ատամնատեխնիկական կոնստրուկցիաներ պատրաստեի, այլ ինքս իմ հանդեպ, որ ես կարող էի գրել, բայց նախընտրեցի արտագրել։ Հետո, երբ մի փոքր ավելի շատ մտածեցի, հասկացա, որ ամեն դեպքում արդար չեմ լինի նաև այն մարդու հանդեպ, ով հիմա իմ ապագա եսին վստահում և հավատում է, որ կօգնեմ իր կծվածքը վերականգնել։ Նաև գիտակցեցի, որ արդար չեմ այն բժշկի հանդեպ, որ իմ պատրաստած կոնստրուկցիայի պատճառով հիմա պետք է այդ մարդու ատամները հեռացնի։ Հասկացա, որ արդար չեմ լինի նաև այն թղթի ու գրիչի հանդեպ, որոնք ծախսել էի պարապելիս։ Արդար չէի լինի, որովհետև այդ թուղթը կարող էր ծառ լինել, իսկ գրիչի պլաստիկը կարող էր ուղղակի այդպես էլ չստեղծվել ու երկրագնդի հոգում չծանրանալ։ Երբ այսքանը հասկացա ու գիտակցեցի, գրավորի ավարտին շատ քիչ էր մնացել, բայց ես չարտագրեցի։

Հիմա ողջ օրը տանն եմ ու արտագրել-չարտագրելու խնդիր այլևս չունեմ։ Հիմա խնդիրս այլ է։ Ուզում եմ, որ դիմակ կրենք։ Արտագրել-չարտագրելու նման է։ Տանը մնալը չարտագրելու նման բան է, այդքան էլ գրավիչ չի հնչում, բայց տանը մնալ է պետք՝ արդարության համար։ Նախ, որ ինքներս մնանք առողջ և երկրորդ, այն ապագայում ինձ վստահող մարդու նման, որը ոչ մի կապ չուներ իմ անցյալում արտագրելու ու դասը չսովորելու հետ, բայց արդյունքում հենց դրա պատճառով էլ մի քանի գիշեր ծնոտի ցավից չի քնելու։ Հենց նույն կերպ մեր դիմակ չկրելու պատճառով մետրոյում մեզ հանդիպած անծանոթը կարող է վատագույն դեպքում մահանալ, կամ էլ լավագույն դեպքում կոկորդացավով մի քանի գիշեր չքնել։

Լավ գիտեմ, անծանոթների հանդեպ սրտացավ լինելը բարդ է։ Դրա համար մտածենք, որ դիմակ կրելով մեր տանը բոլորը առողջ են լինելու։ Հետո, երբ սա ընդունենք, կզգանք, որ գրիչի ու թղթի նման դիմակի ու ձեռնոցի հանդեպ էլ ենք անարդար վարվում։ Դիմակի համար ծախսված կտորով ինչ-որ մի անտուն գուցե հագուստ ունենար, իսկ ձեռնոցների պլաստիկը նորից ծանրանալու է մեր խեղճ ու կրակ երկիր մոլորակի հոգում։ Կզգանք նաև, որ արդար ենք վարվում այն բժշկի հանդեպ, որը որքանով կապ չուներ իմ արտագրելու ու վատ կոնստրուկցիա պատրատելու հետ, նույնքանով էլ կապ չունի մեր այսօր դիմակ չկրելու հետ։ Ես այսօր կարտագրեմ ու կանցնեմ առաջ, բայց ապագայում բժիշկն է ստիպված լինելու տխուր ձայնով հիվանդին հայտնել, որ նրա ատամները հեռացնել է պետք։ Նույնկերպ հիմա մենք չենք կրի դիմակ ու չենք գիտակցի անգամ դա, իսկ բժիշկը այդ նույն պահին մեր պատճառով ստիպված կլինի դողացող ձայնով հիվանդի հարազատներին հայտնել վատ ու չար լուրը։ Ուրեմն, երբ սկսենք դիմակ կրել, ձեռնոց դնել ու լավագույն դեպքում մնալ տանը, կզգանք, որ հիմա հենց մենք ենք օգնում մոլորակին պտտվել։ Հիմա մոլորակը մեր կարիքն ունի, հիմա շատ կարևոր է ընդունել, որ ոչ թե քաղաքը, երկիրը կամ մեր մոլորակն է մեր տունը, այլ մեր տունը դա հենց այն տունն է, որտեղ ապրում ենք։ Հետո կզգանք, որ մենք արդար էինք բոլորի առջև։ Հետո, հավանաբար, որքան մենք ունենք տան կարիքը, այնքան էլ տունը ունի մեր կարիքը։ Ասածս ինչ է, արտագրելը լավ բան չի, բայց դիմակ չկրելը ամենաանարդար ու չար արարքն է մոլորակի ու բոլորի հանդեպ։

Ապագայում ամենից անտեղյակ մարդը վկա:

anush epremyan

Աշխատասեր տատս

Ամառ է արդեն:

Չհաշված այս վիրուսները՝ կարծես ամեն ինչ շատ լավ էր ընթանում: Ամսի 2-ն էր, ինչպես բոլոր գյուղացիները, այնպես էլ տատիկս զբազվում էր իր առօրեական գործերով: Կարճ ասած՝ ամսի երկուսը մեզ համար վատ օր էր։

77-ամյա տատիկս շատ անհամբեր էր իր առօրյա գյուղական գործերի հարցում։ Առավոտյան վաղ, երբ մենք քնած էինք, եղբայրս վազեց մեր ննջասենյակ և վախեցած ասաց.

-Անո՜ւշ, Արև՜, զարթնեք, տատին հորթը դուրս ա հանել, հորթը տատիին քաշել քցել ա գետնին, ոտը ջարդել ա։

Եղբորս խոսքից հետո այնպես դուրս եկանք տանից, մենք ինքներս անգամ չհասկացանք՝ ինչպես:

-Տատի, ի՞նչ ա եղել, ո՞նց եղավ։

-Սուս, այ բալա, լինելու բանը պիտի լինի:

Շտապեցինք հեռախոս վերցնել, եղբայրս զանգահարեց հորեղբորս կնոջը, քույրս՝ մայրիկին, իսկ ես հանգստացնում էի տատիկին՝ ասելով, որ բան չկա, կանցնի, պարզապես ընկել է։

-Տո չէ, այ բալա, ես լսել եմ ձենը՝ ջարդվել ա, շխկոցն առել եմ:

Առաջինը եկավ հորեղբորս կինը, մայրս աշխատանքի էր, ու այնտեղից էլ միացել է իրենց։

Արագ տաքսի կանչեցինք ու տատիկին տեղափոխեցինք «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ վիրաբուժական բաժանմունք։ Պարզվեց, որ տատիկս ստացել է աջ ազդրոսկրի, միջին ստորին 3-ականի փակ կոտրվածք և բեկորների տեղաշարժ։ Նրան անհրաժեշտ էր վիրաբուժական միջամտություն, ոսկրաբեկորների համադրում պտուտակներով։ Նույն օրը կատարվեց բարդ վիրահատական միջամտությունը։ Այժմ տատիկս գտնվում է բժիշկների և իրեն հարազատ մարդկանց հսկողության տակ։

Նյութը գրել եմ հիվանդանոցում, խնամակալության ժամանակ, երբ տատիկս արդեն քնել էր:

20200531_144519

Գյուղ Լանջաղբյուր․ Իլիկավանք

Ծնվելով, մեծանալով և մի մասը լինելով այն տարածքի, որտեղ ապրում ենք, մենք հաճախ չենք ճանաչում ամեն մի անկյունը, քարը և կառույցը, որոնք մեզ շրջապատում են։ Վերջերս բացահայտեցի Լանջաղբյուր գյուղի հարավարևելյան մասում լեռների կատարին իր գեղեցկությամբ առանձնացող Իլիկավանք կամ Պառվի վանք կոչվող ամրոցային համալիրի ավերակները և 9-10-րդ դար թվագրվող եկեղեցին։

20200531_144519

Տեղացիներից մեկը պատմեց, որ ըստ ավանդույթի՝ մի պառավի շնորհիվ է կառուցվել եկեղեցին։ Ասում են՝ պառավը տարիներ շարունակ իլիկ մանելով գումար է հավաքել, որպեզսի եկեղեցի կառուցի՝ որպես իր շնորհակալությունը Աստծուն պատերազմի ընթացքում իր որդիների կյանքի փրկության համար։ Այս է պատճառը, որ եկեղեցին անվանվել է Իլիկավանք։

IMG-20200531-WA0022

Հետագայում ամրոցը, որը թվագրվում է մ.թ.ա 1-2-րդ հազարամյակներ, անվանվել է Իլիկավանք կամ Պառվի ամրոց։

IMG-20200531-WA0027

Իլիկավանքը կիկլոպյան ամրոց է և կան բնակատեղիի հետքեր, որի ամենաբարձրադիր հատվածում մասամբ պահպանվել է միջնաբերդը։ Ամրոցը իր բնակատեղիով զբաղեցրել է շուրջ 70 հեկտար տարածություն։

IMG-20200531-WA0051

Nare Hovhannisyan

Գնում եմ, որ էլ չմնամ

Եկել եմ, որ թեթև հպվեմ մատներիդ, որ անցնեմ ու հրեմ կողոսկրերդ, որ մի պահ շունչդ կտրվի, որ թթվածնի ծարավ հայացքով վազես բաց դաշտով մեկ ու մոլորվես։ Եկել եմ, որ մազերդ խառնեմ, խառնեմ այնպես, որ հանգույցներ առաջանան, այնպիսին, որ քանդել չկարողանաս, չնայած դու շա՜տ հանգույցներ ես քանդել, հատկապես՝ այնպիսիք, որոնք գոյացել էին մեր ճանապարհին, մեր կյանքի խաչմերուկին։ Եկել եմ, որ ներսի ու դրսի արևը ցրեմ, որ փակեմ նրանց ամպերի հետևում, որ մրսես ցրտից ու հոգուդ դատարկությունից, որ ցնցվես ամբողջ մարմնով։ Եկել եմ, որ հոգիդ ու մտքերդ խառնեմ, որ մոռանաս ու էլ երբեք չհիշես։ Եկել եմ, որ պատուհանիդ վերևում այն մշտարթուն լուսատուին, այն փայլող աստղին մոլորեցնեմ, որ էլ չնայես, որ էլ չփնտրես, ու որ մոռանաս։ Եկել եմ, որ խառնեմ մեր կարդացած գրքերը, այն գրքերը, որոնց հերոսներին ինձնից շատ էիր սիրում, այն գրքերը, որոնց կազմերն արդեն հազար տակ նորոգել էիր ու նրանք հենց քո նորոգումից էին մաշվել։
Եկել եմ… բայց գնում եմ, գնում եմ, որ հոգիդ խաղաղվի, որ մտքերդ վերհիշես, որ մազերդ թափվեն ուսերիդ այն ծովի հանդարտ ալիքների պես, որի ափին էդպես էլ միասին չնստեցինք, գնում եմ, որ հանդարտ շնչես, որ էլ չվազես, որ էլ չպայքարես, գնում եմ, որ վերադառնաս մեր գրքի հերոսներին ու նորոգածդ կազմերին, գնում եմ, որ լուսատուիդ փայլը վերականգնվի, որ շողա առաջվա պես։ Գնում եմ, որ էլ չմնամ, որ էլ չմնանք…