


Վերջաբանները միշտ էլ տխուր են լինում
Ես չէի կարողանում հարմարվել աշխարհին…
Երբեմն լինում են ծայրահեղ ծանր ժամանակներ։ Ժամանակներ, որոնց հետ չհամակերպվելով՝ փորձում ես ստեղծել քո իրականությունը, որը երբեք չի դառնում իրական, որովհետև դա քո աշխարհն է, ու այնտեղ ոչ ոք տեղ չունի… Ինձ համար իսկական հոգեկան տանջանք էր գիտակցելը, որ ես ապրում եմ մի աշխարհում, որտեղ մարդիկ մեկը մյուսին ցավ պատճառելուց բավականություն են ստանում։ Ես հոգնել էի բարին մատուցող վհուկներից, հոգնել էի կեղծ ժպիտներից, ես ամեն օր ավելի էի հիասթափվում, որովհետև գիտակցում էի մարդկության մեղսագործության աստիճանը։ Ես գիտակցում էի, թե որքան խղճուկ ենք մենք՝ մարդիկս, որ հայտնվել ենք Երկիր մոլորակի վրա… Երբ ուզում ես փախչել աշխարհից, որովհետև սկսում ես գիտակցել, որ քո մեջ կորցրել ես Աստծուդ, ամենագարշելին այն գիտակցումն է, որ մարդկային թերությունդ ու սեփական թուլությունդ այնքան զորեղ են եղել, որ մարդիկ կարողացել են տանել քեզանից հենց քո իսկ սեփական փրկությունը։
Ես տասնինը տարեկան էի, երբ հոգեկան տանջանքներն ինձ ստիպում էին արթնանալ ու ոռնալ անձայն։ Անձայն էր, որովհետև ձայնս մարդկանց համար լսելի չէր ու անգամ ծիծաղելի էր, ինչը չափից ավելի զզվելի էր։ Շատ տհաճ էր հասկանալ, որ քո ցավը ինչ-որ մեկի ծիծաղի պատճառն է դարձել։ Ես մոռացել էի, թե ինչ է նշանակում գլուխը հանգիստ դնել բարձին ու քնել: Ու այդպես շարունակվեց երեք ամիս։ Դժվար էր հայելու մեջ նայել տասնութ տարվա սեփական «Ես»-իդ ու հասկանալ, որ տասնիններորդ տարում դու նոր, լրիվ ուրիշ մարդ ես, որի սովորությունները, նախասիրությունները, ամեն ինչը փոխվել է… Երբ կողքիդ վառվող գլանակներն առաջվա պես հանգցնելու փոխարեն, դու գրպանիցդ հանում ես ծխախոտն ու կրակայրիչը՝ սկսում ծխել՝ մեկ հատ, երկու, երեք… Ու այդպես շարունակ, մինչև ձեռքդ հանդիպում է քեզ համար անսովոր դատարկության. ծխախոտի դատարկ տուփը հիասթափություն էր առաջացնում, որովհետև… Ա՜խր, ես չէի ծխում։
Բայց երևի կյանքը հենց դրանով է կյանք, որ ստիպի վերստին հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնք քեզ համար անտանելի են եղել, ու այդպես ապացուցի քո մարդկային թերարժեքությունը… Մի տարի շարունակ ես անում էի այն ամենը, ինչը մնացած տարիներին ինձ համար անընդունելի էր եղել, ու հենց այդ ժամանակ էր, որ ես սիրահարվեցի մի մարդու, որի ֆիզիկական ներկայությունը կողքիս դանդաղ սպանում էր ներաշխարհս, իսկ բացակայությունը ստիպում, որ մեռնեմ…
Ես հոգնել էի, և դա այն սովորական հոգնածություններից չէր, որ ութ ժամվա քնով հաղթահարվեր, դա մի զգացում էր, որ նմանվում էր մե՛կ ցավի, մե՛կ հաշմանդամության, մե՛կ անհաղթահարելի նոպաների, ու դրանց դեմ ոչ դեղամիջոց կար, որ գոնե մեղմացներ, ոչ էլ բժիշկ, որ կարողանար բուժել։ Իմ ցավերի հետ ես մենակ էի… Ես շատ էի փորձել հասկանալ, թե ի՞նչ է ցավը, ու իմ որտեղն է ցավում, բայց այն ընդամենը մի բութ զգացողություն էր, որը ներսից կամաց-կամաց հասցնում էր հոգեկան անհավասարակշիռ վիճակի. ես երևի գժվել էի։ Ես քայլում էի փողոցներով ու ամենուր տեսնում այն, ինչն ընդհանրապես գոյություն չուներ… Ես փնտրտուքների մեջ էի, բայց ոչինչ ու ոչ ոքի չէի փնտրում. ես ինձ էի փնտրում։ Ուզում էի հասկանալ՝ ինձ ո՞ւր եմ թողել, որտե՞ղ եմ կորցրել, որովհետև ոչ մի տեղ չկայի… Այս փոքր քաղաքում ես ինձ շատ հեռու էի թողել։ Մի քաղաք, որին և՛ սիրում էի, և՛ ատում ու նայելով նրան՝ հասկանում, որ նույնն էլ ինքն է զգում իմ հանդեպ։
Ու այդպես էլ չեն հասկանա ինձ՝ ոչ քաղաքը, ոչ էլ մարդիկ… Եվ գիտե՞ք, ես չեմ մեղադրում նրանց, քանի որ տեսակս չափից շատ է բարդ, չափից շատ է անհասկանալի։ Ես ընտրում էի իմ կյանքում այնպիսի մարդկանց, որոնց կկարողանայի սիրել ինձնից շատ ու չէի հասկանում, որ ի վերջո նրանք կգնան՝ հասկանալով, որ իրենց հեռացումը կկործանի ինձ։ Էդպիսին է այն բոլոր հիմարների վերջը, ովքեր իրենցից շատ որոշում են սիրել ուրիշներին։
Հիմա, երբ նրանց բոլորի մասին խոսում եմ, հասկանում եմ, որ իրականում նրանցից ամեն մեկը մի ամբողջ կյանք տարավ իր հետ ու մի ամբողջ կույտ թողեց հիշողությունների, որ ոչ ուզում եմ պահել, ոչ էլ կարողանում եմ ջնջել։ Ու սուտ է, որ ասում են, թե մարդը մոռանում է ժամանակին իր հետ կատարվածը, որովհետև կյանքում ոչինչ չի մոռացվում։ Ամենատաղտկալին այն զգացողությունն է, որ անզորությունդ ստիպում է համակերպվել՝ համակերպվել, որ դու ոչինչ ես ինչ-որ բան փոխելու համար։ Ես շատ եմ մտածել ժամանակը հետ տալու մասին ու հասկացել եմ, որ գնացել է այն վաղուց՝ ես նրա հետևից հասնել չեմ կարողացել։ Դրա համար էլ հարցերը կուտակվել ու խեղդել են ինձ, ինչպես պարանը, որ ինքնասպանություն գործած մարդու վզից մի կերպ են հանում։ Կուզեի մի քանի րոպեով հետ գնալ մանկության իմ աշխարհ ու մորս հարցնել. ինչո՞ւ…
Նա առաջինն էր, որ թողեց ինձ այն ժամանակ, երբ ամեանաշատը բռնվելու կարիք ունեի։ Այն ժամանակ, երբ ես անմեղ ու անփորձ էի։ Նա պիտի սովորեցներ ինձ կյանքում ճիշտ ապրել, բայց ես այդ ամենը ստիպված եղա հասկանալ ինքնուրույն։ Ինքնուրույն հասկացա նաև, որ սրտումդ հարազատ մարդկանց թողած բացերը լրացնել չի լինում ու ամեն գնացած հարազատից հետո հորդառատ անձրևներ են պետք լինում համակերպվելու համար։
Շատերի մեջ եմ քեզ փորձել գտնել, մամ, չնայած նրան, որ դու չես մահացել… Շատերի քնքուշ բառերի մեջ փորձել եմ գտնել քոնը, մինչև որ գիտակցել եմ, որ դրանք իմը չեն, որ օտար են, իսկ օտարը հարազատ երբեք չի դառնում։ Շատ եմ մեղադրել քեզ ինձ թողնելու, լքելու, գնալու համար։ Բայց հիմա, երբ քսան տարեկան եմ, ու միտքս ավելի հասուն է դարձել՝ կուզեի ասել, որ ներել եմ քեզ։ Եվ որ շնորհակալ եմ ծնունդիս համար… Թեև գիտեմ, որ ծնունդս քեզ համար սպասելի չէր ու անգամ հաճելի չէր, բայց ես շնորհակալ եմ ու ամեն անգամ երախտագիտության ավելի մեծ զգացում եմ ունենում, երբ հասկանում եմ, որ չսպասված ծնունդս փառահեղ կյանքի ու պատմություն դարձած մահվան սկիզբն է կնքել։
Ես ինձ շատ եմ փորձել համոզել հեռանալ անցյալից, բայց չկարողանալով դա անել՝ շատ անգամներ կոտրվել եմ, որովհետև զգացել եմ, որ հոգեպես ուժ չունեմ դա անելու համար. ես թույլ էի ներկայում ապրելու համար։ Դժվար է տարիներ շարունակ ապրել ցավի հետ կողք կողքի։ Դժվար է ամեն անգամ հիասթափվել մարդկանցից, որոնց մարդ լինելուն հավատացել ես։ Ինձ երբեք չեմ համարել ռեալիստ, որովհետև միշտ ապրել եմ իմ ստեղծած աշխարհներում, իսկ մարդիկ ստիպել էին հեռանալ իմ պատրանքներից։ Ես ուզում էի հետ բերել այն աշխարհը, որը բոլորից հեռու էր, որում ոչ ոք չկար: Ես վերադարձել էի մի տեղ, որը մարդիկ իրականություն էին կոչում. մի տեղ, որում բացի ցավից ուրիշ ոչինչ չկար։ Ես երջանիկ չէի ու այդ փաստը ոչ մի կերպ թաքցնել չէի կարողանում։ Մինչդեռ նրանք ինձ անընդհատ ասում էին, որ ժպտա՛մ, ժպտա՛մ, որ պարտադիր չէ ուրիշներին ցույց տալ ներսումս եղածը… Ախր, դուք ի՞նչ գիտեիք՝ ինչ եմ զգում ես։ Դուք անգամ ի վիճակի չէիք հասկանալու, որ իմ արցունքները ոչ թե վկայում էին այն մասին, որ ես թուլամորթ եմ, այլ պարզապես դա միակ բանն էր, որ մնացել էր ինձ…
Իմ տարեդարձը, իմ տասնինը տարեկանը ես դիմավորեցի արցունքներով, որովհետև չէի հավատում, որ ևս մեկ տարի անցավ ու ես դեռ ողջ եմ, քանի որ ես ամենուր իմ մահն էի փնտրում։ Չմեղադրեք ինձ․ ես պարզապես հոգնել էի։
Ես մեկ ատում էի ինձ ու մեղադրում աշխարհին, որ ծնվել եմ, մեկ էլ հիանում ինձանով ու շնորհակալություն հայտնում Աստծուն, որ ինձ այսպիսին է ստեղծել։ Ինձ շատերն էին սիրում, իսկ ես սիրում էի նրանց, ովքեր ինձ երբեք չէին սիրելու։ Ու միշտ է այդպես լինում կյանքում․ մենք խելագարի պես սիրում ենք նրանց, ովքեր մեզ չեն սիրում։ Վախենում ենք նրանց բացակայությունից, իսկ մարդուն չպիտի էնքան սիրես, որ կորցնելուց վախենաս։ Ես շատ եմ համոզվել, որ ոչ ոք ոչ մեկի կյանքում երկար չի մնում։ Բոլորը գալիս, անցնում են։ Ոմանք իրենց հետ ամեն ինչ տանում են՝ քեզ ոչինչ չթողնելով, ոմանք էլ իրենցից հետո հետքեր են թողնում՝ չմաքրվող հետքեր։
Ու պատահում է երբեմն, որ մենք մնում ենք անցյալի ու ներկայի մեջտեղում։ Ախր, անցյալն այնքան պատմություններ է ամփոփել իր մեջ, այնքան պահեր են եղել, որոնք ներկայում զգալու համար պատրաստ ենք ամեն ինչի։ Եվ միևնույն ժամանակ այդ անցյալից հիմա մենք այնքա՜ն հեռու ենք, իսկ ներկայում ապրելն անտանելի ծանր է, որովհետև հետևում կիսատ թողած շատ պատմություններ կան, և որովհետև ներկայի ամեն անցած օրն իր մեջ անցյալ է պարունակում. ամեն օրվա գնալու հետ մեզանից ինչ-որ բան մնում է անցյալում։ Ինչ-որ անհասկանալի կարոտ կա, ինչ-որ դատարկ հանդարտություն…
Բաց արա ներքին աչքդ

Պուշկինն ու մենք
Վերջին մի քանի հոդվածներս սկսվում են խոսքերով այն մասին, որ երկար ժամանակ է, ինչ չեմ գրել: Եկեք ավանդույթները չխախտենք:
Երկար ժամանակ է, ինչ չեմ գրել: Պառկում եմ քնելու` հազարավոր և միլիոնավոր մտքեր ու թեմաներ են ծագում գլխումս: Ինքս ինձ խոստանում եմ, որ առավոտյան բոլորը հերթով կգրեմ: Սակայն, եթե նկատել եք` անցած հոդվածիցս գրեթե մեկ տարի է անցել:
Ի տարբերություն Չինաստանի, ԱՄՆ-ի, Ավստրալիայի և այլ երկրների ժողովրդի, և ի զարմանս ինձ՝ իմ նոր տարին շատ լավ եմ սկսել: Ինչ-որ թարմություն էի զգում իմ մեջ: Զգում էի, որ այս տարին հաջողակ է լինելու: Սակայն տեղի ունացավ այն, ինչից, ցավոք, ոչ ոք ապահովագրված չէ: Մի մտածեք, թե սկսելու եմ գրել COVID-19-ի մասին: Արդեն հոգնել եմ նույն վատ նորությունները լսել ամեն առավոտ: Դրա համար շեղվենք այդ թեմայից:
Իհարկե, ծիծաղելի կհնչի, բայց այս մեկուսացումը մեծ հնարավորություն է բոլորիս համար` բացահայտելու մեր մեջ թաքնված կարողությունները, կամ անել այն, ինչը պլանավորում էինք դեռ վաղուց, օրինակ` հոդված գրել, կամ կարդալ վաղուց պահարանին մոռացված գիրքը: Վերջիվերջո, «մարդու նման» շփվել ընտանիքի անդամների հետ, արխիվից հանել հին լուսանկարներն ու հիշել անցած, գնացած տարիները: Ես իջնում եմ բակ, մայրիկիս օգնում տան գործերում, իսկ ինչու ոչ: Իմ գրականության դասախոսը, փորձելով մեզ ոգեշնչել, մեզ հիշեցրեց այն մասին, որ Ա.Ս. Պուշկինն իր ամենահայտնի և ամենասիրված ստեղծագործությունները գրել է մեկուսացած լինելով: Այնպես որ, հետևեք Պուշկինի օրինակին` գուցե մի բան ստացվի:

Նա
(Իրական փաստերի հիման վրա)
Նա միշտ արագ էր քայլում՝ ինչքան տարիքը ներում էր։ Եթե երիտասարդ լիներ, հաստատ կվազեր։ Երևի որովհետև տանից դուրս գալ, մարդկանց հետ շփվել չէր սիրում։ Բացի դրանից՝ նա էլի բազմաթիվ բաներ չէր սիրում։ Չէր սիրում չոր աթոռներ, զինվորական կոշիկներ ու դատարկ դարակներ։ Չէր սիրում, երբ դրսում ուժեղ անձրև էր գալիս կամ երբ արևը այրում էր։ Բայց աշխարհում ամենից շատ նա ատում էր հերթերը՝ երկար, հեղձուցիչ, որ չէին թողնում շնչել, հասնել ուտելիքին․․․
Երկար հերթերը նրան չէին սպառնում։ Նա էնքան փոքր գյուղում էր ապրում, որտեղ դրանք պարզապես չկային։ Բայց միևնույնն է, հանգիստ խանութ գնալ չէր ստացվում։ Բոլորը նայում էին։ Ձևացնում էին, թե չեն նայում, բայց նայում էին։ Երեխաների համար իսկական տոն էր։ Հրում էին իրար, բարձր ծիծաղում ու մատով ցույց տալիս։ Ծնողները փորձում էին նրանց տուն մտցնել, բայց աչքի տակով իրեն էին նայում։ Մինչև հասնում էր խանութ, ձեռքերը սկսում էին սովորականից ավելի շատ դողալ, բերանը չորանում էր, ու մի քանի անգամ ձեռքից գցում էր ձեռնափայտը։ Մտնում էր ու մեծ փաթեթով դուրս գալիս։ Ամեն անգամ իրեն խոստանում էր, որ կհասնի տուն նոր կբացի, բայց չէր ստացվում, բա որ չհասցներ։ Արդեն սովորել էր ինքն իրեն ոչինչ չխոստանալ։ Հենց տեղում էլ հանում էր երշիկն ու մեծ-մեծ կծելով սկսում ուտել։ Գյուղացիները ավելի մեծ եռանդով էին երեխաներին ներս հրում։ Երևի վախենում էին, որ նրանց էլ կուտի, որովհետև նա ուտում էր ամեն ինչ՝ առանց հասկանալու, առանց կշտանալու, էնքան, որ սիրտը խառնի, որ ստամոքսը սկսի ցավալ։ Ու հետո ոնց եկել էր, էդպես էլ հետ էր դառնում՝ թուքը կաթացնելով գյուղի փողոցներին։
Գյուղացիները խոսում էին, որ պատերազմի ժամանակ գերի է եղել ու էնքան են սոված պահել, որ խելքը թռցրել է։ Էլ ուտելիքից չի կշտանում, վախենում է, որ ուր որ է՝ էլի պատերազմ է սկսվելու ու ինքն էլ էլի սոված կմնա։ Մի մասն էլ եղածը ավելի էր ճոխացնում։ Իբր տանը ուտելիքի պահոց ունի, որտեղ ինչ ասես չկա․ էլ նրբերշիկ, էլ կանաչի, էլ պանիր ու պահածոներ՝ լիքը-լիքը պահածոներ․․․
Գյուղացիները շատ են խոսում․ ճիշտն ու սխալը դժվար է ջոկել:

Հաղթանակա՛ծ ապրիլ, գարունդ նորից կծնվի
Լույս, խավար, լույս, խավար․․․
Խավարասերը, իր վախկոտ բնավորությանը հավատարիմ մնալով, փորձեց կրկին իր սև գործն անել։
Հերթական սովորական օրերից էր։ Դպրոցում դասի էինք, երբ հանկարծ ամեն ինչ մի վայրկյանում փոխվեց։ Լուր տարածվեց, որ պատերազմ է սկսվել։ Մենք դեռ այդքան էլ չէինք գիտակցում, թե ինչ է կատարվում, բայց մեր ուսուցիչները լավ գիտեին, որովհետև արդեն մեկ անգամ անցել էին դրա միջով։ Դասերն ավարտելուց հետո տուն գնացինք։ Ամբողջ քաղաքն էր արդեն պատերազմի մասին խոսում։ Անգամ լսում էինք, որ մի քանի ժամ առաջ կամավորական ջոկատներ են Արցախ մեկնել։ Փողոցում ամեն ինչ հանդարտ էր, բայց մարդկանց նայելիս կարելի էր միանգամից հասկանալ, որ անասելի անհանգիստ ու լարված էին։ Այդ օրը կիթառահարների մեր փոքրիկ խմբով առաջին անգամ պետք է նվագեինք։ Նվագեցինք, բայց․․․ Փոքրաթիվ հանդիսատեսը, որ կանգնած էր, ջանում էր ոգևորել մեզ, բայց յուրաքանչյուրիս էլ այդ պահին մի հարց էր տանջում՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ հանկարծ սկսվեց այդ ամենը, ինչպե՞ս էին զինվորները, շա՞տ են զոհերը, ի՞նչ է լինելու վերջում, ե՞րբ է ավարտվելու ամեն ինչ։
Մայրիկիս հետ տուն էինք վերադառնում, երբ բակում հանկարծ մի քանի րոպե քարացա տեղումս․ երբեք այդքան բարձր դղրդոց չէի լսել։ Հարցրի մայրիկիս, թե ինչ է կատարվում, ու նա ասաց, որ տանկերն են պատերազմի գնում։ Անհավատալի էր, բայց մեզնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա էին գտնվում այդ տանկերը։ Նրանց ձայնից կարծես ողջ քաղաքը ցնցվում էր։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էի անթարթ հայացքով մտապահում այդ ձայները։ Ես ոչ միայն անսպասելի վախից, այլև զարմանքից էի քարացել։ Չէի կարողանում հավատալ, որ այդ ամենն իսկապես կարող է իրականություն լինել։ Ախր մենք պատերազմի մասին միայն գրքերում էինք կարդացել։ Մայրիկս այդ պահին մի փոքր ավելի սառնասիրտ էր, չէ, ոչ թե սառնասիրտ, այլ փորձառու։ Նա արդեն երկրորդ անգամ էր տանկերի ձայնը այդչափ բարձր լսում։ Նա երկրորդ անգամ էր պատերազմական այդ իրավիճակին ականատես լինում։ Տուն հասնելուց հետո ընկերներով անընդհատ քննարկում էինք իրավիճակը, իրար հարցնում, թե ինչ նորություն կա։ Ոչ մի վայրկյան հեռուստացույցի էկրաններից չէինք կտրվում, որովհետև ամեն վայրկյան լուրերի էինք սպասում։ Շուտով սկսեցին հերթով մեր զոհերի մասին հայտարարել։ Նրանց նկարներն էին ցույց տալիս, պատմում նրանց մասին։ Ժամ առ ժամ, օր օրի անուններն ավելանում էին, ու չնայած՝ մեծամասնությանն անձամբ չէինք ճանաչում, մեր արցունքները չէինք կարողանում զսպել։ Չէ՞ որ նրանցից յուրաքանչյուրը լույս էր, կյանք։ Հերթը հասավ նաև մեր քաղաքի՝ Կապանի հերոսներին։ Ամբողջ քաղաքն էր սգում։ Նրանցից երկուսի թաղման օրը, երբ ամբողջ քաղաքն էր ճանապարհում, մենք աշակերտներով հավաքվել էինք դպրոցի բակում։ Երբեք մեր բակը այդքան լռակյաց չէր եղել․ անգամ շշուկ չէր լսվում։ Բոլորս մեր արցունքներոը խեղդելով կամ էլ հուզվելով, ափսոսանքով նայում էինք այդ դաժան, սիրտ կրծող, ցավալի տեսարանին։ Չէ՞ որ այդ հերոսներից յուրաքանչյուրը լուսավոր երազանքներ, նպատակներ ուներ։ Պատերազմական այդ օրերին բոլորիս կյանքը կարծես գլխիվայր շուռ եկած լիներ։ Անտանելի անհանգստություն, անբացատրելի իրադարձություններ, անդադար հարցեր, ափսոսանքով նայող հայացքներ, անմեղ զոհեր, անբուժելի ցավ, անջնջելի հիշողություններ, աննկարագրելի խորը վերք, որը դեռ շատ երկար, գուցե և երբեք չսպիանա։
Մենք, որ սահմանին կանգնած չէինք կռվում, այսպիսի զգացողություններ, ապրումներ ենք ունեցել։ Իսկ ի՞նչ են զգացել այդ րոպեին սահմանին կանգած զինվորները, որոնք իրենց ընկերների մահն են տեսել, որոնք պայքարել են, որոնք զգացել են պատերազմի դառը համը։ Կարծում եմ՝ բառերը քիչ կլինեն անգամ նկարագրել փորձելու համար։ Շատ պատանիներ ժամանակից շուտ հասունացան, սկսեցին շատ խորը ընկալել ու հասկանալ, թե ինչ է հայրենիքը, ընկերությունը, հայրենասիրությունը։
2016թ․-ի ապրիլը տպվեց բոլորիս հիշողության մեջ։ Ցավալի է, երբ մարդկային կյանքը ժամանակից շուտ է ընդհատվում։ Որքան էլ փորձում ենք ցույց տալ, որ կյանքը շարունակում է իր բնականոն ընթացքով շարժվել, այնուամենայնիվ, պարզից էլ պարզ է, որ շատ բան է փոխվել։ Յուրաքանչյուրս էլ ժամանակ առ ժամանակ առանձնանում ենք ինքներս մեզ հետ՝ սկսելով անդադար հարցեր տալ ու պատասխաններ գտնել։ Պատասխանների մեծ մասը այդպես էլ չենք ստանում ու, երևի թե, դա բնական է։ Ուղղակի պիտի համակերպվենք այն փաստի հետ, որ պատերազմը միշտ էլ զոհեր է պահանջում։ Հիշողությունները երբեք չեն լքի ու ցավ կպատճառեն հենց այն պատճառով, որ ընդամենը հիշողություն են։ Կյանքը գուցե ամեն վայրկյան է փոխվում, բայց կան արժեքներ, որոնք մնայուն են։ Խաղաղությունը բացարձակ արժեք է և ցանկալի կլինի, որ օրերից մի օր կարողանանք վերջնականապես հասնել դրան։ Իհարկե, ասածս մի փոքր անհավանական է հնչում, բայց պետք չէ հուսահատվել։ Շնորհակալություն բոլոր նրանց, ում շնորհիվ մենք այսօր մեր ամենօրյա կյանքն ենք ապրում։
Խավարասերը, իր վախկոտ բնավորությանը հավատարիմ մնալով, փորձեց կրկին իր սև գործն անել, բայց չգիտեր, որ չի կարողանալու հաջողել։ Ախր նա այնքան վախկոտ է ու այսքան տարիների ընթացքում այդպես էլ չի հասկացել, որ լույսը միշտ է հաղթում խավարին, միշտ։
Լույս, խավար, լույս, խավար, լույս։

Դուրս մի՛ արի սենյակից
Не выходи из комнаты; считай, что тебя nродуло.
Что интересней на свете стены и стула?
Зачем выходить оттуда, куда вернешься вечером
таким же, каким ты был, тем более — изувеченным?
Иосиф Бродский
Դուրս մի արի սենյակից․ հաշվիր, թե քամի է փչում,
Ի՞նչ կա պատից ու աթոռից գրավիչ,
Ինչո՞ւ դուրս գալ, եթե երեկոյան պիտ վերադառնաս
այնպիսին, ինչպիսին մինչ այդ էիր, դեռ մի բան էլ՝ խեղված․․․
Իոսիֆ Բրոդսկի

Բերդկունքի ամրոցը

Արտակարգ դրություն
Զարթուցիչ, դաս, ընկերներ, քննարկումներ՝ գնացած վայրերի, նայած ֆիլմի, ֆուտբոլային երեկվա հանդիպման, լավ դիմահարդարի մասին, տուն, դուրս, պարապմունքներ, տուն, դուրս, չես հասցնում, վազքից դժգոհություններ, վաղվա պլաններ, շաբաթվա, ամսվա կտրվածքով պլանավորած իրադարձություններ։ Արտակարգ է։ Արտակարգ էր ամեն ինչ, քանի դեռ չսկսվեց չարաբաստիկ վարակը։
Գիտեմ, սիրելի պատանիներ, ամեն ինչ այնքան լավ էր գնում։ Զայրույթը մեծ է, մանավանդ, երբ դա մեկի պատճառով է, որին սովորական մանրադիտակով հնարավոր չէ տեսնել, իսկ ասեղի ծայրին նա 100 միլիոն օրինակով կարող է տեղավորվել: …Եվ …Մի օրում ամեն ինչ փոխվում է, ժամանակը կարծես կանգ է առնում, աշխարհը խոսում է միայն համաճարակի մասին։ Բոլոր լրատվականների առաջին թեման թագադրված վիրուսն է։ Թվում է, որ դա երբևէ եղած միակ թեման է․ ցանկացած հարց դիտարկվում է համաճարակը հաշվի առնելով։ Ծրագրերը, ապագա ու առօրյա անելիքները մի վայրկյանում ոչնչանում են։ Ոչնչանում են նաև համաշխարհային առողջապահական զարգացած մտքի մասին մեր համոզմունքները․․․ Մենք բոլորս էլ վստահ էինք, որ մեր օրերում բժշկությունը հրաշքներ է գործում, իսկ հիմա, հաշված օրերի ընթացքում այդ համոզմունքը փշրվում է։ Պարզվում է բժշկությունն այնքան էլ ամենազոր չէ, առավել ևս այն պարագայում, երբ միակ բանը, որ մեզ առաջարկում են, տանը մնալն է, ֆիզիկական շփումները սահմանափակելը և ձեռքերը հաճախ լվանալը։ Ստիպված ենք համակերպվել իրավիճակի հետ․․․
Միտքը, որ ամեն ինչ այնքան լավ էր գնում, սկսում է ավելի հաճախ պտտվել մեր գլխում։ Որքան պատուհանից դուրս ենք նայում, այնքան ավելի շատ են մեզ այցելում «անհոգ» օրերի դրական պատկերները՝ ընկերներ, զբոսանքներ, սիրած վայրերի տեսարաններ, դրվագներ, հարազատների, սիրելի մարդկանց հետ հանդիպումներից։ Երբեմն այդ մտքերը ստիպում են մեզ զայրանալ, այնպես անելով, որ ինքներս մեզ բանտարկված զգանք։
Նյարդայնացնող է․․․ Ի՞նչն է այդքան զայրացնում, գուցե տխրություն պատճառում: Փորձեք, սիրելի պատանիներ, բառերով ձևակերպել, թե ինչն է ձեզ հատկապես անհանգստացնում․․․ Ստացվո՞ւմ է․․․ Կիսատ թողա՞ծը, այդքան երկար սպասվա՞ծը, օրեր, իսկ գուցե ամիսներ շարունակ պլանավորա՞ծը․․․ Սա նման է մի իրավիճակի, երբ ինչ-որ մեկը քեզ ստիպում է մի կողմ դնել պլաններդ, ինչու չէ՝ նաև երազանքներդ, իսկ դու անգամ հնարավորություն չունես ինչ-որ կերպ այդ ինչ-որ մեկի նկատմամբ զայրույթդ արտահայտելու։ Զայրույթին միանում են անորոշությունն ու տագնապը։ Անընդհատ լսում ենք վարակվածների թվի, տարբեր երկրներում վարակից մահացածների մասին․․․ Տագնապ, վախ, ինչ-որ անորոշ ուրվականից։ Այսպես կարելի է խճճվել, կորցնել ինքնատիրապետումը․․․
Բայց կարևոր է հիշել մի բան, որ իրավիճակի ելքը կախված է նաև մեզանից։ Այստեղ բոլորս ունենք հնարավորություն պատասխանատվություն դրսևորելու, իրար նկատմամբ հոգատար լինելու, եսասիրությունը մի կողմ դնելու և ընդհանուր նպատակի շուրջ կենտրոնանալու։ Սա յուրօրինակ հասունության դրսևորում կարող է լինել յուրաքանչյուրիս կողմից։ Մեզ առաջարկում են հաճախ լվանալ ձեռքերը, պահպանել սոցիալական տարածությունը։ Համաձայնեք, սիրելիներ, պարզ քայլեր են, որոնք դժվար չէ կատարելը, մանավանդ, որ նժարին, այս կերպ ասած, հանրային առողջությունն են (ինչի պահպանմանը մենք անմիջականորեն մասնակցում ենք), բացօթյա զբոսանքները, արևի տաք ճառագայթները, այնքան սպասված ազատությունը․․․ Ազատ տեղաշարժվելու հնարավորության մասին մինչ սա երևի չէինք էլ մտածել․ ինչ է դա, ինչ արժեք է մեր կյանքում։
Այս վերջին միտքն ինձ տարավ մի քանի տարի ետ, երբ ես մի բանի մասին էի երազում, զարթնում ու քնում էի դրա մասին մտածելով։ Երևի ծանոթ իրավիճակ է․․․ Անկեղծ ասած այս արտակարգ վիճակը լավ հնարավորություն է տալիս մտածելու ինքներս մեր մասին։ Ինչ եմ ես ուզում իրականում և, մյուս կողմից, որքանով է իրական, արժեքավոր այն, ինչը ես ուզում եմ։ Պարզվում է՝ կան բաներ, որոնց համար տարիներով, ամիսներով երազում ենք և ընդամենը մի օրում հասկանում, որ դրանք իրականում մեզ երջանկություն չեն պատճառում, անգամ չեն ուրախացնում։ Սա յուրօրինակ հնարավորություն է՝ կենտրոնանալու ու մտածելու, թե ինչ է մեզ իրականում պետք, ինչն է մեզ դուր գալիս։ Ի՞նչն է պակասում մեզ դրան հասնելու ճանապարհին, գուցե աշխատասիրությո՞ւնը, կա՞մքը, հավա՞տը սեփական ուժերի նկատմամբ․․․ Իսկ ինչն է, որ մեզ պետք չի, բայց շարունակ սևեռված ենք դրա վրա: Բավականին ժամանակ կա կանգ առնելու և հասկանալու՝ ինչ կտա մեզ այսինչն ունենալը, կամ այնինչը չունենալը, ինչն է մեզ համար օգտակար, ինչը՝ անօգուտ, ինչը՝ գոհացնող, իսկ ինչը՝ նյարդայնացնող։ Լավ առիթ է մտածելու նաև նյութական և հոգևոր արժեքների մասին։ Արդյո՞ք անսահմանափակ ֆինանսական միջոցներ ունենալն այս օրերին նշանակում է օգտվել կյանքի բոլոր բարիքներից։ Ամենակարո՞ղ են արդյոք փողը և նյութական արժեքները․․․ Այս օրերին, երբ անորոշությունը շատ է, կարելի է ժամանակը ծախսել, մտածելով, թե ինչն է մեր կյանքում իրական արժեք, ովքեր են անփոխարինելի, ինչը՝ առաջնահերթ։
Սոցիալական հեռավորություն․․․ Եկեք դա անվանենք ֆիզիկական հեռավորություն, քանի որ, իրականում մենք պետք է իրարից որոշակի ֆիզիկական հեռավորություն պահպանենք։ Բայց սոցիալական հեռավորությունը այս օրերին կարող է ավելի մոտենալ։ Լավ ժամանակ է շփվելու սիրելի մարդկանց հետ, նաև կապերը թարմացնելու մարդկանց հետ, ում հետ ցանկանում եք շփվել, բայց ամենօրյա վազքը թույլ չի տալիս։ Նկատած կլինեք, որ սոցիալական հարթակներում մարդիկ սկսել են ավելի շատ քննարկել գրքեր, կիսվել հետաքրքիր մտքերով։ Փոխվել է մեր շփման որակը, ինչ-որ իմաստով սոցիալական հեռավորությունը անտանելի չէ, շնորհիվ համացանցի, մենք կարողանում ենք խուսափել մենակությունից։
Սահմանափակումները նպաստում են, որ մարդու միտքը ևս գործի արտակարգ ռեժիմում, այլընտրանքներ փնտրի, դուրս գա լուծումների ստանդարտ շրջանակից։ Շատերն այս օրերին գտնում են իրար տարեդարձ շնորհավորելու յուրօրինակ եղանակներ (միայն ե՞ս եմ այն կարծիքին, որ ծաղիկ+փուչիկ+12։00+առաքում+այսինչ վայրում չեքին վիճակը տաղտկալի էր դարձել)․․․ Մարդու զարմանահրաշ ուղեղը տիեզերքի է նման՝ գիտնականները ուսումնասիրում ու հետազոտում են՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է մարդը կարողանում այլընտրանքային լուծումներ գտնել, հաղթահարել անելանելի իրավիճակները, ստեղծել զարմանալին, ստեղծագործել հիասքանչը․․․
Հասցրեցի՞ ձանձրացնել։ Սոցիալական կայքերում մարդիկ կիսվում են իրենց փորձով՝ ինչով զբաղվել, ամեն մեկը կիսվում է ձանձրույթը փարատելու իր միջոցով, ի դեպ, կարելի է օգտվել ու շատ բազմազան ցանկ կազմել՝ գիրք կարդալ, ֆիլմեր դիտել, նկարել, սպորտով զբաղվել, բաղադրատոմսեր փորձել, փազլ հավաքել, կարել, ձևել, կոլաժներ պատրաստել, դարակները դասավորել, կարելի է տեսազանգով շփվել ընկերների, բարեկամների հետ, որոնց հետ շփվելու ժամանակը չէր հերիքում անընդհատ վազքի մեջ լինելու պատճառով, ու էլի մի շարք զբաղմունքներ, որոնց մասին գուցե չեք էլ լսել։ Ի դեպ, պատերազմ վերապրած մեր ավագ սերունդը կարող է այնպիսի զբաղմունքի տեսակներ ասել, որոնց անունն անգամ լսած չեք լինի։ Պատկերացրեք իրավիճակ, երբ սահմանին մարտնչում են հազարավոր հայրեր ու եղբայրներ, վախ, սպասում, ի հավելումն դրա, չկա էլեկտրաէներգիա, համացանց, սնունդ, ջեռուցում, որոնք պատերազմի ֆոնին իրավիճակից բխող «մանրուքներ» են։ Այդ օրերը վերապրած մարդիկ, կասեք, որ հերոսներ են, այո, այդպես է, և նրանք մեր կողքին են։ Եթե հարցնեք ձեր տանեցիներին, թե ինչպես են հաղթահարել այդ սարսափը, այնպիսի պատմություններ կլսեք, որ կզարմանաք մարդկային համբերատարության, ուժի, կամքի ու ստեղծարարության վրա։ Խորհուրդ կտայի հարցնել ու ուշադիր լսել այդ օրերի պատմությունները։
Անորոշությունը շատ տհաճ է, նեղսրտելու բան է, մանավանդ, երբ չգիտենք, թե որքան կարող է այն տևել․․․ Բայց փորձեք հետևել այս մի քանի փոքրիկ խորհուրդներին և կնկատեք, որ այդքանն իսկ անելով, ձեզ համար նորովի կբացահայտեք կյանքը, որը գուցե սրանից հետո էլ առաջվանը չլինի։ Ինչպիսի՞ն կլինի։ Չգիտեմ։ Թերևս այնպիսին, ինչպես որ մենք կվերաբերվենք այս արտակարգ դրությանը և այնպիսին, ինչպիսի դասեր որ կքաղենք սրանից։

Տան ու գուլպաների մասին
Կարանտինի ընթացքում ես հասկացա, որ տան մասին բոլոր ռոմանտիկ պատմություններն ու ասացվածքները սուտ են ու անիրական։
Տունը ո՛չ մարդ է, ո՛չ զգացմունք։ Տունն այն վայրն է, որտեղ դու կարող ես երկու իրարից տարբեր գուլպաներ հագնել, որովհետև յուրաքանչյուրի զույգը կորցրել ես, ու քեզ բավականին հարմար զգալ։ Եթե շատ ես ուզում, ապա կարող ես մորդ հպարտ-հպարտ ցույց տալ։
Ես նման մի բան արեցի, ու մայրս ուղղակի քթի տակ հառաչելով ասաց․
-Արդեն 17 տարի, 17․․․
Ոչինչ, կդիմանամ, կարևորը, որ ինձ ուրախություն է պատճառում իմ ամանորյա կարմիր գուլպան մյուս՝ մոխրագույն ու կատուներով գուլպայի համադրությամբ։
Հա, ի՞նչ էի պատմում։ Կարանտին։ Դե, օնլայն դասեր և այլն։ Բանից պարզվում է, եթե տանն ես ու տանից ես աշխատում և սովորում, ապա օրդ զարմանահրաշ կերպով 24 ժամից դառնում է 35 ժամ։ Կարող ես հանգիստ մի ողջ կիսամյակի դաս անել երեք օրում, չէ որ․
-Տանն եք, գործերիդ անունն ի՞նչ է որ։
Սա էլ անցնենք, որովհետև ուսանողների մոտ մի հրաշք հնարավորություն կա, որը համարյա միշտ միացված է։ Կոչվում է «Չքնել երեք օր՝ առանց օ՜ֆ ասելու»։ Մեղքս չթաքցնեմ ու միանգամից ասեմ՝ վերջին մասն ինձնից հորինեցի։
Օրական մոտավորապես տասը ժամ համակարգչի առաջ անցկացնելուց հետո հասկացա, որ ես երբեք, լսու՞մ եք, եր-բեք IT մասնագետ չեմ դառնա։ Իհարկե, մինչև դա էլ չէի դառնա, բայց այսպես ավելի դրամատիկ է հնչում։
Հեռավար դասերի ժամանակ խմբի ուսանողներով մի տեսակ ուրիշ մտերմություն եք զգում։ Ավելի համախմբված եք։ Իհարկե, մտերմանալն անխուսափելի կլիներ, եթե էկրանից այն կողմ տեսնում ես կուրսեցուդ՝ գիշերազգեստով ու անկողնու մեջ։ Կամ, երբ դասախոսին եք սպասում, և դու հնարավորությունը բաց չես թողնում քո՝ իրարից տարբեր գուլպաները բոլորին ցույց տալու։
Բացի անքուն գիշերներից ու մի ամբողջ ուսումնական տարվա համար դասերից՝ կարանտինը հնարավորություն է տալիս շփվել տանեցիների հետ։ Պարզվում է՝ լավ էլ մարդիկ են։ Մեկ-մեկ հեռուստացույցի ձայնն են չափից դուրս բարձրացնում, բայց հետաքրքիր մարդիկ են։
Ինչևէ, եթե ես չլինեի ալարկոտ ու սուրճից կախում չունենայի, ապա միգուցե մի քանի լավ ֆիլմերի ու գրքերի անուններ կգրեի ու խորհուրդներ կտայի, թե ինչ անել կարանտինի ժամանակ, բայց եկեք անկեղծ լինենք՝ ոչ մեկս էլ նման խորհուրդների չենք հետևում։
Վերջում էլ ինձ կպատկերացնեմ ինչ-որ կարևոր պաշտոնյայի դերում ու կասեմ․
-Առողջ եղեք։