
Լուսանկարը՝ Լուսինե Բաբայանի

Լուսանկարը՝ Լուսինե Բաբայանի
Կարծես մեկեն հայտնվել ենք չար վհուկի՝ կորոնավիրուսի կողմից կախարդված մի աշխարհում: Թվում է՝ ուր որ է կարթնանաս և անհետ կցրվի մղձավանջը. աշխարհն էլի կլցվի տաք ու հարազատ ձայներով, գարնանային վառ գույները շրջապտույտի մեջ կառնեն մեր մոլորակը, բայց… Անցնում են ժամերը, օրերը, շաբաթները՝ կրկնվող ու անգույն առօրյայի մեջ պարուրելով մեզ: Երանի թե շուտ ավարտվեր այս ամենը և վերսկսվեր ծանոթ կենսակերպը։
Մեր դասացուցակն իրար է խառնվել, համացանցային դասերի պատճառով ժամեր շարունակ չենք հեռանում համակարգչից: Այո՛, ամեն ինչ ասես գլխիվայր է շրջվել, բայց մենք նախկինի պես էլի հաճույքով ենք պատրաստում դասերը, թեև ամեն ինչ հիմա այնքան արտասովոր է։
Մեր հայ ժողովրդին այս ինչքա՜ն փորձություններ բաժին հասան. երկրաշարժ, բազում պատերազմեր… Երկար տարիներ կարոտով ենք նայում մեր Մասիսին և փորձում ենք շենացնել մեր սրբազան ու ազնիվ հողը։
Մենք՝ հայերս, միշտ էլ լավատես ենք եղել ու ապրել ենք հրաշքի ակնկալիքով: Այ, հիմա էլ մտմտում ու փորձում եմ «դասակարգել» այս իրավիճակի դրական կողմերը: Օրինակ՝ ընտանիքս միշտ կողքիս է, ես ավելի եմ մտերմացել եղբորս հետ: Ես նրանից մի քանի տարով մեծ եմ և, անկեղծ ասած, գերադասում էի տարեկիցներիս հետ ժամանակ անցկացնել, բայց հիմա ավելի լավ եմ հասկանում, թե ինչ հրաշալի է փոքր եղբայր ունենալը։ Պարզվում է, որ մենք կարող ենք նաև լավ ընկերներ լինել և շատ-շատ զրուցել՝ առանց ձանձրանալու։ Մինչդեռ առաջ քիչ էինք զրուցում: Այս օրերին ես հասկացա, թե որքան թանկ ու կարևոր է ինձ համար ընտանիքիս ամեն մի անդամը: Հիմա ավելի շատ եմ վայելում հայրիկիս ներկայությունը: Այնքան հետաքրքիր է նրա հետ տարբեր թեմաներով խոսելը, նրա խորհուրդները լսելն ու նրանից սովորելը։
Երբեմն թվում է, թե առաջ կյանքի ընթացքը մեզ իր հետ հապճեպ տանում էր ու չէինք հասցնում նկատել և զգալ շատ ու շատ կարևոր բաներ։ Հուսով եմ, որ այս չարաբաստիկ իրարանցումը շուտով կվերջանա և էլի կապրենք բնականոն: Բայց հուսով եմ նաև, որ այս փորձությունը մեզ կսովորեցնի նորովի արժևորել ամենը։
Այսօր չքնաղագեղ գարնան սիրուն օրերից մեկն է, և ես չեմ կարող դուրս գալ ընկերներիս հետ քայլելու, գեղեցիկ նկարներ անելու։ Այսօր բացեցի նկարներս և ինձ ծանուցում եկավ, որ 1 տարի առաջ այս օրը մենք ընկերներով հավաքվել էինք ու նկարները դրանց գեղեցիկ ապացույցներ էին։ Ես դեմ չեմ տանը մնալուն, բայց ինչ եք կարծում՝ հաճելի՞ է տանը մնալն ու չվայելելը գարնան ծաղիկների բույրը։ Իհարկե, գիտեմ ոչ մեկին էլ հաճելի չէ։
Ես չէի ուզում խոսել կորոնավիրուսից, սակայն այս իրավիճակում ինչից էլ խոսես՝ հանգելու ես այս վարակին։ Երբ նույնիսկ ընտանիքով ընթրում ենք, խոսակցության առաջին թեման կորոնավիրուսն է։
-Ասում են՝ այսօր 20 հոգով պակասել ա հիվանդացածների թիվը։
-Եթե էս շաբաթ նվազեց, ուրեմն վերջ։
-Հա, հազիվ կկարողանանք գնալ դպրոց։ Էս առցանց դասերի մեծ հոգսից էլ կազատվենք։
Այո, առցանց դասերը մեր և մի շարք այլ ընտանիքներում ոչ այլ ինչ է, քան հոգս։ Մայրս դաս է բացատրում, քույրս դաս է լսում, ես դաս եմ պատմում, իսկ կրտսեր քույրս, եթե ստացվի, մուլտֆիլմով կխաբվի, եթե չէ՝ գոռալով վազվզում է տանը։
Ինձ շատ զավեշտալի են թվում այն մարդիկ, ովքեր կարճ պիտանելիության ժամկետ ունեցող ապրանքից գնում են շատ-շատ (մեկ տարվա պաշար)։ Թող սա փնովանք չթվա, բայց իմ կարծիքով՝ կարող ենք գնել հիգիենայի ապրանքների մեծ պաշար, որոնք ունեն մի քանի տարվա պիտանելիության ժամկետ և կարող ենք հանգիստ մի քանի ամիս օգտագործել, իսկ սննդամթերքը (մանավանդ՝ ձուն) ունի մի քանի օրվա պիտանելիության ժամկետ։ Եվ դուք կարծում եք, որ 3 օրում կկարողանաք 100 ձու օգտագործե՞լ։
Ինչ վերաբերում է ուտելիքին, ապա այս կարանտինը հարմար ժամանակ է՝ պատրաստելու այն ամենը, որոնց համար ժամանակ չես ունեցել, և ոչ միայն պատրաստելու։ Ունես լայն հնարավորություններ ընթերցանությամբ զբաղվելու։ Ես էլ իմ կողմից գրքեր խորհուրդ կտամ, որոնք պետք է անպայման կարդալ։ Շատ լավ գրքեր կան մեր դպրոցական գրականության մեջ։ Եթե չես սիրում պարտադիր գրականությունը լրիվ կարդալ, ապա խորհուրդ կտամ բաց չթողնել Նար-Դոսի «Սպանված աղավնի», «Ես և Նա» ստեղծագործությունները։ Վիլյամ Սարոյան խորհուրդ կտամ, հատկապես՝ «Իմ սիրտը լեռներում է» պիեսը։ Ակսել Բակունցից «Մթնաձոր», «Ալպիական մանուշակը» կարճ, բայց շատ իմաստալից պատմվածքները։ Շատ գրքեր կան, որոնք կարդալիս բավականություն կստանաք։
Չմոռանանք ֆիլմերի մասին։ Էլի խորհուրդ եմ տալու մեր հայկական (սովետական) ֆիլմերը։ Եթե չեք դիտել «Թթենին», «Խոշոր շահումը», «01-99»-ը, ուրեմն՝ ճիշտ ժամանակն է, իսկ եթե դիտել եք, ուրեմն նորից դիտեք, հաստատ չեք փոշմանի։
#ՄՆԱՏԱՆԸ և մաքսիմալ քիչ շփվիր մարդկանց հետ։
Հակավիրուսային բարև։ Գիտեմ, որ վաղուց չեմ գրել քեզ, ու միգուցե արդեն մոռացել ես ինձ ու ձեռագիրս։ Բայց, ոչի՜նչ, նորից կծանոթանանք․․․ դե՜, եթե իհարկե, դեմ չես։ Անունս չեմ ասում, որովհետև եթե մինչև էստեղ կարդացել ես արդեն, ուրեմն անունս էլ հաստատ նկատած կլինես վերևում՝ էն դեղին զգեստով նկարիս տակ։ Այդ դեղին զգեստով նկարիս օրն այսօրվա նման հիշում եմ․ երկինքը պայծառ էր, ու արևը դեղին-դեղին էր՝ ճիշտ զգեստիս նման։ Դպրոցն ավարտելու շեմին էինք ու դասարանով հավաքվել էինք՝ մի վերջին նախաավարտական ֆոտոսեսսիայի։ Այդ օրն ուրախ էի, երևի ակնհայտ երևում է ժպիտիցս։ Հիմա արդեն չեմ հիշում՝ ուրախությանս պատճառը դպրոցական կյանքիս մոտալուտ ավա՞րտն էր, թե՞ արևոտ երկինքը, որովհետև վերջինը սովորաբար բարձրացնում է տրամադրությունս, բայց առաջինն էլ վատ առիթ չէր ժպտալու համար։ Այդ ժամանակներից մոտավորապես 3 տարի է անցել, արդեն վաղուց աշակերտ չեմ ու հասկացել եմ, որ դպրոցական կյանքը բոլորովին էլ վատագույնը չէր, որ կարող էր պատահել ինձ հետ։ Սակայն որոշ բաներ այնուամենայնիվ անփոփոխ են իմ ներսում։ Էլի շարունակում եմ սիրել արևառատ եղանակն ու դեղինը՝ որպես հավաստում արևի նկատմամբ իմ անշահագրգիռ ու հավատարիմ սիրո։ Իսկ հիմա նստած եմ համակարգչի առջև ու ժամանակ առ ժամանակ հայացքս գցում եմ պատուհանից դուրս կախված գորշ ու ամպամած երկնքին։ Անձրևում է, անձրևում, անձրևում։ Էս ինքնամեկուսացում կոչվող սպանիչ շղթայում անձրևն էր միայն պակասում։ Ես անձրև չեմ սիրում, իսկ դու սիրո՞ւմ ես։ Բայց փոխարենը, դրա կաթկթոցի ձայնը հաճելի է ականջիս։ Հետաքրքիր է չէ՞, էդպիսի երևույթներ կան, որ չենք սիրում, բայց արդյունքը հաճելի է։ Օրինակ, մարմնիդ մարզվել պարտադրելը երբեմն շատ մեծ ջանք ու կամքի ուժ է պահանջում, մինչդեռ դրա արդյունքում քաշ կորցնելիս քեզ լավ ես զգում։ Կամ շարունակ ցավ պատճառող, բայց հարազատ դարձած մեկին կյանքիցդ հեռացնելու քաջություն ոչ միշտ է, որ ստացվում է հավաքել, մինչդեռ այդ քայլին հաջորդող հոգեկան ներդաշնակությունն արժի այն գինը, որ ստիպված ես լինում վճարել։ Հա, ինչ եմ ուզում ասել։ Մտածում եմ՝ միգուցե էս ինքնամեկուսացումն էլ, թեև արդեն անտանելի է դառնում, այն երևույթն է, որ պիտի ինքներս մեզ պարտադրենք ու դիմանանք, որ հետո արդյունքից հրճվենք ու մեզ լավ զգանք։ Չէ՞ որ ցանկացած արդյունքի համար էլ պիտի մի քիչ ինքդ քեզ նեղություն տաս․ մարմինդ բազմոցից պոկես կամ առավոտյան սովորականից շուտ արթնանաս կամ գուցե հարմարվես բացակայությանը էնպիսի մարդկանց, ում ներկայությունը թունավորում է կյանքդ՝ նույնիսկ առանց քո գիտակցության․․․ Կամ միգուցե ե՞ս եմ էսպես ինձ հույս տալիս, որ շարունակեմ դիմանալ ապասոցիալականացված ու անսովոր էս վիճակին։ Իսկ դու ո՞նց ես դիմանում։ Իսկ քեզ ի՞նչ մտքերով է պարուրում ինքնամեկուսացման շղթան։
Հ․Գ․ Արդեն մի քանի օր է՝ էս նյութս գրում ու ջնջում, խմբագրում ու սրբագրում էի, որովհետև ուզում էի հնարավորինս լավ ծանոթանալ քեզ հետ։ Բայց հետո հասկացա, որ ինձ ճանաչելուդ լավագույն տարբերակը մտքիս եղածը լսելդ է։ Իսկ դո՞ւ։ Իսկ դու կպատմե՞ս՝ ինչ կա քո մտքին․․․
-Մամ, դպրոց եմ ուզում։
-Մամ, կարո՞ղ եմ 5 րոպեով դուրս գալ տանից։
Բարև, ինձ թվում է շատերիս մոտ է նման իրավիճակ: Տարեսկզբից ամեն րոպե երազում էի հանգստի, տանը մնալու ու մի լավ քնելու մասին: Իսկ հիմա տան պատերի ներսում խելագարության աստիճան վատ է: Կարանտինը, մի ամիս տանը մնալը, մեկուսանալը շատ բան փոխեց իմ կյանքում: Ես սկսեցի գնահատել այնպիսի բաներ, որոնց ուշադրություն անգամ չէի էլ դարձնում: Կարոտել եմ ամեն ինչին, ամեն ինչի տեղը զգացվում է իմ կյանքում, հա՛, խանութի աշխատողին, առավոտյան մեքենայի շարժիչը դռդռացնող ու ինձ քնել չթողնող մարդկանց էլ եմ կարոտել: Բա դասընկերներս… թերևս ամենատխուր կողմն է: Մեր անիմաստ վեճերը, կռիվները, դասամիջոցին շնչակտուր դաս կրկնելու կամ գուցե սովորելու գործընթացն անգամ կարոտել եմ: Հավատում եմ՝ բոլորս էլ ուրիշ կերպ էինք պատկերացնում մեր դպրոցական վերջին տարին, ուզում էի ավելի շատ տեսնել ընկերներիս, ուսուցիչներիս, բոլոր բոլորին, իսկ հիմա․․․
Պաղ, միապաղաղ, ամբողջ օրը համակարգչի դիմաց, հոգնած ու նման շատ-շատ բառեր։ Բայց մի բան կարևոր է ու գնահատելի՝ բոլորը պարտաճանաչ հետևում են խստացված ռեժիմին, սկսում են գնահատել իրենց ներկայությունը երկրի վրա, գնահատում են միմյանց սերը: Ու միայն այս օրերին մենք՝ դպրոցից, դասերից, շուտ արթնանալուց ու պարապմունքներից փախչող մարդիկս, ամենաշատն ենք կարոտել այդ օրերին: Հասկանում եմ, որ այն ժամանակվա բողոքներս անիմաստ էին, դա էր կյանքը՝ եռացող կյանքը: Իսկ հիմա․․․
Անգամ ուսուցիչներիս ներկայությունն եմ կարոտել, այսպես՝ հեռավար կրթությամբ, իրենց հանձնարարության փոստը հավանելը, կատարելը, ուղարկելը ավելի է մեծացնում նրանց տեսնելու ցանկությունս:
Ախր մենք երազում էինք վերջին զանգի փորձերի մասին, իսկ հիմա գլխավոր հարցը ոչ թե սցենարն է, այլ արդյոք կունենա՞նք վերջին զանգ, թե՞ ոչ:
Որ բողոքներս իրար հետևից շարեմ, ավելի կհոգնեմ… Մնացեք տանը, լվացվեք, չփռշտաք, որ մենք ոչ մի բան չկարոտենք, ու մտածենք դպրոցին հրաժեշտ տալու մասին, ոչ թե կորոնայի։
-Մուշ, քանի՞ գդալ շաքարավազ գցեմ:
-2,5 գդալ,- ասացի ինքս ինձ ու բաժակը մոտեցրի գրասեղանին:
-Մերսի շատ,- պատասխանեցի ինքս ինձ:
Ի՞նչը կարող է մարդկանց կամ ինքդ քեզ հետ ավելի լավ համախմբել, քան մեկ բաժակ տաք թեյն ու հաճելի երաժշտությունը: Արտակարգ դրությունն ու մեկուսանալը դեռ չի նշանակում լինել ինքնամփոփ ու սենյակից օրերով դուրս չգալ։ Այլ հակառակը, այս պայմաններում պետք չէ սենյակում փակված լինել, եթե անգամ վախենում ես ոտքդ տնից մեկ մետր հեռու տանել, ապա հիշիր, որ քեզ համար ևս հույս կա։ Վերցնում ես թեյի բաժակը, ականջակալներդ ու գնում պատշգամբ։ Այո, մի զարմացիր, պատշգամբում օդը մաքուր է, ու քեզ նաև թարմ և սառը օդ է հարկավոր։ Պատշգամբը մարդուն աշխարհը ճանաչելու հնարավորություն է տալիս։ Գնա ու պատշգամբում վայելիր երեկոյի պարզությունն ու հատապտղային թեյի բույրը։ Դե ինչ, վերցրու թեյիդ բաժակը, ականջակալներդ և գնա․․․
Ես էլ կուզեի այդպես անել, բայց մի քիչ կշեղվեմ իմ ասածիցս, քանի որ այն տանը, որտեղ ապրում եմ, պատշգամբը հարմար չէ դիրքավորվելու ու երաժշտություն լսելու համար։ Վերցրել էի թեյի բաժակը, նստել համակարգչի առաջ ու մտածում էի՝ ինչ անել․ դասերից, գրքերից, ֆիլմերից ու սերիալներից արդեն հոգնել եմ, ինձ թարմություն է հարկավոր։ Հանկարծ աչքովս ընկավ 17-ի բաժակը՝ վերևում մեծ-մեծ տառերով իմ անունը գրված։
-Ախր, ես մանանայեցի եմ, ինչպես կարող էի այսքան ժամանակ հոդված չգրել կամ չկարդալ գրվածները,- սկսում եմ բարձրաձայն մտածել։
Սակայն հետո փորձում եմ ինքս ինձ արդարացնել՝ ասելով, որ դասերը շատ են, կողքից աշխատանքը, չեմ հասցնում։ Ինչքան էլ փորձեցի արդարացնել, չստացվեց, մեկ տարվա ընթացքում ես հաստատ ունեցել եմ գոնե 1 ազատ օր։ Լավ, գոնե հիմա՝ մեկ տարի անց կարդամ հոդվածներից մի քանիսը։ Կարդացի ըստ վերնագրերի հետաքրքրության։ Ժամ, ժամուկես կարդալուց հետո մտածեցի իմ անունը փնտրել կայքում։ Հանկարծ 2 նյութ բերեց․ մեկն Արմանի «Մուշն» էր, մյուսը՝ Նինայի «Մուշեղ Կուրեխյանին»-ը։ Վերընթերցեցի ու հասկացա, թե ինչքան լավ ժամանակներ են եղել, երբ գրեթե հոգսեր չեն եղել։ Նինայի գրածից հիշեցի իմ գրած ամենասիրուն ու հավես հոդվածը՝ «Հաջորդ կանգառը՝ 70-ականների Երևան»-ը։ Ոնց որ շատ կարդացի, սպասիր մի հատ հոդված գրեմ։ Բայց ինչի՞ մասին։ Արդեն տարուց ավելի է, հենց լսում եմ հոդված կամ լուր գրել բառակապակցությունները, ակամա հիշում եմ շրջված բուրգը, 5w-ների կանոնը, հավաստիությունը, օբյեկտիվությունը։
-Ա՜, էլի շեղվեցի դեպի դասական լրագրություն։
Կարոտել եմ հոդվածներ գրելու մեր հին ձևին, որի համար պետք չէր գրքեր կարդալ ու կանոնները արտագրել ու նոր սկսել հոդված կամ ակնարկ գրել։ Ինչի՞ մասին, ինչի՞ մասին կարելի է գրել։ Գնամ դրսում քայլելու, երևի մուսաս գա ու գրեմ։ Մոռացել էի՝ առանց հատուկ անհրաժեշտության չի կարելի դուրս գալ։ Բայց մաքուր օդ է հարկավոր ու թարմություն, որ կարողանամ գրել։ Միգուցե դուրս գամ պատշգամբ ու փորձեմ այդպես թարմանալ։ Թեյնիկը միացրի, հատապտղային թեյը լցրի բաժակն ու հարցրի․
-Մուշ, քանի՞ գդալ շաքարավազ գցեմ: