ani ghulinyan

Ես այսօրն եմ սիրում

Սերունդների միջև ամենամեծ անարդարությունը առաջընթացն է: Չեմ հիշում` ով է ասել, բայց հիշում եմ, որ նրա խոսքին կարելի է հավատալ: Աշխարհի ստեղծման օրից մինչև այսօր փոխվել է քսան հազար սերունդ, բայց որքան էլ մարդիկ զարգացել, միևնույն է, պահպանել են նույն գործող օրինաչափությունը: Ամեն մի նոր սերունդ նոր հրաշքներ է տեսնում, նոր արհավիրքներ, աղետներ ու հենց դրանով էլ ավելի լավն է դառնում իր նախորդներից: Ո՞վ գոնե մեկ անգամ չի մտածել ժամանակի մեքենա ունենալու ու անցյալում ճամփորդելու մասին: Միշտ էլ այդպիսիք կգտնվեն, որովհետև տարածված բան է` չարժևորել ներկան, երազել անցյալը փոխելու մասին: Երևի թե բոլոր ժամանակներում էլ այսպես է եղել: 21-րդ դարի մարդը երազում է ապրել Պիկասոյի ժամանակներում, Պիկասոն` Գոգենի, Գոգենը` գուցե Վերածննդի, դա Վինչին էլ, ո՞վ գիտե, երևի Արիստոտելի: Հետաքրքիր է, բոլորը ցանկանում են այն, ինչը չունեն, իսկ երբ ունենում են, արդեն այլ բան են ցանկանում: Երևի այս պատճառով են պատերազմներ լինում: Պյութագորասն անկասկած իր տրամաբանությամբ ու խելքով ավելի լավն էր, քան այսօրվա երեխաները, բայց նա հո չէ՞ր կարող Skype-ով խոսել Հռոմում գտնվող իր ընկերների հետ, դրա համար նա կիլոմետրեր պետք է անցներ: Եթե Գրուշին բջջային հեռախոս ունենար, Նապոլեոնը զանգով կտեղեկացներ, որ թշնամուն հետապնդելու փոխարեն հետ գա, ու Վաթեռլոոն այլ կերպ կհիշվեր: Զարմանալի է, թե որքան ծիծաղելի մտքեր են գալիս ու գնում, երբ շուրջբոլորդ հեռախոսներ են, համակարգիչներ, իսկ դրանց արանքում դու ու քո պատմական գրքերը: Ես չէի ցանկանա ապրել անցյալում: Ի՞նչ իմաստ կա անցնել մի բանի միջով, որի վերջաբանը գիտես: Դա նման է ֆուտբոլային խաղի հաշիվը իմանալուց հետո խաղը դիտելուն կամ պատմության ամենակարևոր ինտրիգի լուծումը իմանալով գիրք կարդալուն: Մեր նախնիները այնտեղ` վերևում, հնարավոր է` նախանձում են մեզ, որովհետև մենք ավելի շատ բան ենք տեսել, քան իրենք: Դա բնական է, ես էլ իմ դեռ չծնված հաջորդներին եմ նախանձում, որ դեռ ինչե՜ր են տեսնելու…

Apr 28, 2017

Լավագույնը բոլոր պապիկներից

Մանկությանս լավագույն տարիներն անցել են տատիս ու պապիս տանը: Ես միայն շաբաթ և կիրակի օրերին էի գնում մեր տուն «հյուր», քանի որ ծնողներս աշխատում էին և ինձ ու քույրիկիս չէին կարող խնամել: Այսպիսով, մեր խնամքով զբաղվում էին տատիկս ու պապիկս: Այդ օրերի իմ լավագույն ընկերը պապս էր:

Նրա անունը Վարազդատ է, բայց բոլորը նրան Վարո կամ Վարազ են ասւմ: Կարելի է ասել՝ օրվա մեծ մասը նրա հետ էի անցկացնում: Ծիծաղելին այն է, որ երբեք նրա ձեռքը բաց չէի թողնում և միշտ այնքան ամուր էի սեղմում, որ ձեռքս դրանից թմրում էր, երևի՝ նրանն էլ, բայց նա լռում էր դրա մասին ու երբեք չէր դժգոհում: Մեր առօրյան սկսվում էր ծառ տնկելով կամ խնամելով: Այդ ընթացքում նա ինձ շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում, և ես դրանք ընդունում էի հալած յուղի տեղ: Նրա ամեն մի ասածը ինձ համար գիտական լուրջ վարկած էր կամ աքսիոմ: Հիշում եմ, երբ մի անգամ ասաց, որ բզեզներին ամերիկացիներն են ստեղծել որպես կենսաբանական զենք, իսկ մեր հարևաններից մեկը հակառակվեց նրան: Այդ ժամանակ ես կատաղածի նման հարձակվեցի նրա վրա: «Ո՞վ է այդ սրիկան, որ փորձում է հակառակվել պապիկիս ասածին: Մի՞թե չգիտի, թե ինչ է նշանակում պապիկը կամ գուցե չգիտի, որ իմ պապիկը ամեն ինչ գիտի: Լավ, ես նրան ցույց կտամ»,- մտածում էի ես խոժոռ դեմքով: Այդ ժամանակ ես նրան համարում էի աշխարհի ամենավերջին մարդը, ու այդ օրվանից այդպես էլ չկարողացա սիրել նրան: Ինձ համար «պապիկ» հասկացողությունը մի տեսակ առասպելական, աստվածային բնույթ է ստացել:

Մեր հարևանությամբ մի չար մարդ էր ապրում (համենայն դեպս այն ժամանակ նա ինձ այդպիսինն էր թվում), և նրա թոռնիկները չէին այցելում նրան: Բոլորը նրան «Գոդոլ» էին ասում: Ինձ թվում էր, թե այդ կիսածաղրական, կիսավախենալու անունով մարդը հեքիաթից փախած հրեշ է: Մի անգամ ես զարմացած հարցրի պապիս.

-Պապի՛, Գոդոլը թոլնիկ չունի՞…

Ես զարմանում էի՝ ինչպե՞ս կարող էր մարդ թոռնիկ կամ պապիկ չունենալ: Դա ուղղակի հանցագործություն կարող էր լինել մարդկության հանդեպ: Իմ պատկերացմամբ դրանից կարող էր քաղաքակրթությունը կործանվել:

Պապիկս հողի ու ջրի մի մասնիկն է: Նա միշտ մոտ է կանգնած եղել բնությանը և իր հինգ երեխաներին ու ութ թոռներին ևս այդպիսինն է դարձրել: Բնության ու կյանքի նկատմամբ սերս հենց նրանից է գալիս: Հիշում եմ, երբ մայրիկս մի անգամ բարկացավ վրաս, որ շոկոլադը հողոտ ձեռքերով կերա, իսկ պապիկս սաստեց մորս, վերցրեց ինձ ու նետեց նոր փորված հողի վրա: Ես վերցնում էի հողը, լցնում շոկոլադի վրա և հաճույքով ըմբոշխնում: Ես իմ փոքրիկ թաթիկներով բռնում էի հողի միջի անձրևաորդերին, շոշափում, ուսումնասիրում: Հիմա նոր եմ հասկանում պապիս արածների իմաստը: Նա ուզում էր, որ իմ մատներով շոշափեմ ու ճանաչեմ բնությունը, գտնեմ իսկական երջանկությունը, որ հողի ու ջրի, ծառի ու ծաղկի մեջ է պահված: Նա շատ է սիրում բնությունը: Երևի բնությունն էլ նրան է շատ սիրում: Այդ պատճառով ինչին ձեռք է տալիս, կանաչում է, կյանք ստանում: Նրա այգում երևի մի քանի միլիոն ծառ կա՝ թե՛ պտղատու, թե՛ դեկորատիվ: Այնտեղ աճում է թութ, խաղող, ծիրան, սալոր, բալ, կեռաս, տանձ, խնձոր, ընկույզ, պնդուկ: Դրա մեջ առաջին հայացքից ոչ մի արտասովոր բան չկա, բայց, եթե հաշվի առնենք Հրազդանի ցուրտ կլիման, ապա դա ուղղակի հրաշք է: Նա իր թոռնիկների հետ նաև մի հրաշալի բարդիների պուրակ է տնկել, որտեղ էլ հենց անցնում են մեր ընտանեկան հավաքույթները: Հիշում եմ, երբ փոքր էի, մեր բարդիների պուրակ մի կին էր մտել և բանջար էր հավաքում:

Տատիկս բացատրել էր նրան, որ դա անտառ չէ, ու ինքը շփոթմամբ մեր այգի է մտել, բայց նա այդպես էլ չի հավատացել տատիս: Դե, մենք հասկանում ենք նրան, քանի որ առաջին հայացքից չէիր կարծի, թե դա մարդու ձեռքի գործ է:

Երբ փոքր էի, պապիկիս գլխին միշտ «օյիններ» էի խաղում: Երբ նա ինձնից ջուր էր ուզում, դա իմ գլխում դառնում էր մի նոր չարաճճիության ծրագիր: Ես նրա ջրի մեջ միշտ աղ, պղպեղ ու էլի մի քանի համեմունք էի լցնում, իսկ հետո մի քիչ փորձարկում էի այդ ջրից, գուցե համոզվելու համար, որ չեմ սպանի նրան, և ուրախ դեմքով իմ «ստեղծագործությունը» հրամցնում էի պապիս: Զարմանալի է, բայց նա երբեք ցույց չէր տալիս, որ ջուրը աղի էր, այլ ընդհակառակը, գրկում, համբուրում էր ինձ ու ասում.

-Վա՜խ, էս ինչ խամով ճուրա…

Ես էլ, ամաչելով իմ արածից, գնում էի սովորական ջրի հետևից: Դե, նա էլ երբեք չէր մերժում ինձ ու ամբողջը խմում էր: Բայց դա դեռ ոչինչ: Մի անգամ՝ երեկոյան, որոշեցի պապիկիս ծաղրածու սարքել ու մորաքրոջս շպարի պարագաներով ներկեցի նրան: Այդ ժամանակ նա շատ ծիծաղելի տեսք ուներ: Բայց ամենածիծաղելին այն էր, որ կարմիր լաքով ներկել էի նաև նրա եղունգները: Հաջորդ օրը նա աշխատանքի գնաց կարմիր եղունգներով, քանի որ մորաքրոջս ացետոնը վերջացել էր: Ես այդ քայլով ստիպեցի, որ բոլորը ծիծաղեն նրա վրա, բայց նա չբարկացավ ինձ վրա: Ախր, չէ՞ որ ես ուզում էի նրան մի քիչ սիրունացնել: Երբ երեխաներով ինչ-որ չարություն էինք անում, բոլորը գիտեին, որ պապիկի մատը խառն է այդ գործում: Նա միշտ մեր «հանցակիցն» է եղել: Այ, օրինակ սրանից երկու տարի առաջ, մենք հիշել էինք մեր ավազակությունները: Ես պապիկիս աղով սուրճ հյուրասիրեցի, նա էլ սկսեց դերասանություն անել. «Վատ եմ, մեռա…»: Մենք էլ շարունակեցինք նրա խաղը: Նախ, զանգեցինք մորաքրոջս ու մայրիկիս ու լացակումած ձայնով ինչ-որ կցկտուր բաներ ասացինք: Հետո համոզեցինք պապիկին, որ պառկի: Նրա կողքը դրեցինք դեղեր, ջուր, ճնշման ապարատ…Հաջորդ պահին մեր բակում էր արդեն երկու շտապօգնության մեքենա, մի քանի տաքսի, հարևաններ, բարեկամներ… Ճիշտ է, մենք էլ, պապիկն էլ մի լավ ծեծ կերանք (մենք մամայի կողմից, պապին՝ տատիի) մեր խաբեության համար, բայց մի լավ զվարճացանք: Դե, շտապօգնության մեքենաներն էլ պետք եկան միայն տնեցիներին ուշքի բերելու համար:

Պապիկիս բոլոր թոռնիկներն էլ պաշտում են նրան: Այդ սերը այնքան խորն է, որ բոլորը փորձում են ընդօրինակել նույնիսկ նրա ժեստերն ու շարժումները: Օրինակ՝ պապիկս խռռացնելու սովորություն ունի: Նա ասում է, որ այդպես է անում, որ քունը տանի: Մենք էլ՝ որպես նրա հարգարժան կրկնօրինակները, քնելուց առաջ սկսում էինք խռռացնել: Մենք կարծում էինք, որ դա լուրջ ավանդույթ է, և պետք է սրբությամբ պահել: Պապիկն էլ մեզ չհիասթափեցնելու համար սկսում էր իր կենցաղը «զարդարել» նորանոր տարօրինակ ժեստերով: Մեզ բոլորիս այնպես է թվում, թե նա ամենից շատ մեզ է սիրում: Գուցե նրանից է, որ նա շատ ունի սեր ու բոլորիս հավասար բաժանում է, բայց այն, որ նրա ամենախելացի թոռնիկը ես եմ, նա ինքն անձամբ է խոստովանել: Մեր ընտանիքում մի ավանդույթ կա: Երբ երեխաները դառնում են չորս-հինգ տարեկան, անցնում են պապիկի IQ թեստով: Մի անգամ պապիկս ասաց.

- Արի գնանք մի բաժակ կաթ խմենք, ասա՛՝ էհ՜:

-Էհ՜,- ասացի ես ժպիտով:

-Գնանք մի քիչ տելեվիզոր նայենք, ասա՛՝ էհ:

-Էհ՜,- կրկնեցի ես:

-Գնանք քնենք, ասա՛՝ էշ,- վերջացրեց պապիկս:

Երկար ժամանակ լռություն էր: Ես ոչինչ չէի ասում: Հետո սկսեցի լաց լինել:

-Հը՞, բալես, ընչի՞ ես լաց ըլնում,- հարցրեց պապիկս փաղաքշական տոնով:

-Պապի, բա որ ասեմ՝ էշ, նեղանա՞ս,- լացակումած շարունակեցի ես:

Պապիկս գրկեց, համբուրեց ինձ և հայտարարեց, որ ես իր ամենախելացի թոռնիկն եմ, և ես դրանից ինձ շոյված էի զգում:

Պապիկս ընդամենը չորս տարի է դպրոց գնացել, բայց այդ փաստը չիմացողը կկարծի, թե նա համալսարան է ավարտել: Նա իր կյանքում շատ գրքեր է կարդացել: Գուցե դրանից է, որ շատ հետաքրքիր պատմություններ գիտի: Նա ինձ համար իսկական հերոս է: Այո՛, նա իմ մանկության, պատանեկության և իմ ամբողջ կյանքի հերոսը կմնա: Իսկական հերոսություն է լինել լավ պապիկ և լավ մարդ: Նա իրական կյանքի հերոս է:

2014/07/29 

Արցախի համը Վանաձորում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակիչներից շատերն են ստիպված եղել լքել Արցախը՝ տարբեր պատճառներով։

Արդեն երրորդ պատերազմը վերապրած Աստղիկ Հարությունյանը իր տղայի՝ 6-ամյա Հայկի հետ դեռ 2022 թվականի ապրիլին է Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղից տեղափոխվել Վանաձոր։ Չնայած գյուղը հայկական վերահսկողության տակ է, այնուամենայնիվ՝ ստրատեգիական բարձունքները թշնամու տիրապետության տակ են։ «Եկել եմ միայն նրա համար, որ որդիս էստեղ ապահով լինի, 2020 թվականի կրակոցները դեռ նրա հիշողության մեջ են»,- ասում է Աստղիկ Հարությունյանը և թախծոտ ժպիտով հիշում Արցախն ու հայրենի գյուղ Մաճկալաշենը։

Արցախից Աստղիկն իր հետ հիշողություններ է բերել և Արցախի համը՝ ժենգյալով հացը։
«Այնտեղ ամեն ինչ ունենք՝ խաղողի և թթենու այգիներ, հողամաս, որում տարբեր բանջարեղեններ էինք աճեցնում և մեծ մասը վաճառում, ցորենի արտեր, որոնց մի մասը հիմա ադրբեջանական թիրախի տակ է։ Իսկ այստեղ՝ Վանաձորում, օրվա հացի գումարն աշխատելու համար Արցախի խորհրդանիշ ժենգյալով հացն եմ թխում և վաճառում»,- պատմում է Աստղիկը։
Հարցին, թե ինչու որոշեց ապրուստի գումարը վաստակել հենց ժենգյալով հաց թխելով՝ Աստղիկը պատասխանում է. «Այդպես մտքերով Արցախ եմ տեղափոխվում, հիշողությունները տանում են մեր տուն…»։

Աստղիկի խոսքով՝ դժվարությունները շատ են, բայց ամեն ինչ ավելի է դժվարանում, երբ արցախցիներին առանձնացնում են հայաստանցիներից: «Նույնիսկ երթուղայինի մեջ եմ հաճախ լսում, թե ինչպես են ասում՝ ղարաբաղցիները, կամ՝ դե նրանք մեզ նման չեն, և նմանատիպ արտահայտություններ։ Ախր, ղարաբաղցիներ կամ վանաձորցիներ չկան, մենք բոլորս հայ ենք, վերջ, կարևորը դա է»։

Մի տարուց ավել է՝ Աստղիկն ապրում է Վանաձորում, բայց Արցախի մասին հիշողությունները միշտ թարմ են. «Իմ կյանքի մեծ մասը ես Արցախում եմ անցկացրել։ Երբ նոր էինք տեղափոխվել Վանաձոր, դեռ հնարավորություն կար թեկուզ կարճ ժամանակով գնալ Արցախ, ամիսը մեկ անգամ գնում էինք, այցելում ծնողներիս, իսկ հիմա՝ բլոկադայի պայմաններում, հնարավոր չէ գնալ. ես և որդիս շատ ենք կարոտում Արցախը»։

Աստղիկը հայրենի գյուղի՝ Մաճկալաշենի կարոտն առնում է ժենգյալով հացի մեջ օգտագործվող մոտ 15-20 տարատեսակ կանաչիների բույրից, որն էլ հենց ժենգյալով հացի համեղ բաղադրատոմսի գաղտնիքն է։

«Ինչպես Արցախում, այնպես էլ այստեղ՝ Վանաձորում, սիրով եմ պատրաստում, հաճախորդներս էլ շատ հավանում են, շատերն ասում են՝ Արցախում փորձել ենք, անգամ այնտեղ պատրաստվածն այսպիսի համ չունի, բայց դե մենք գիտենք, Արցախի հողում աճած կանաչին ուրիշ համ ու հոտ ունի, այն հողի վրա պատրաստած ժենգյալով հացն էլ լրիվ ուրիշ է»։

Աստղիկի պատրաստած ժենգյալով հացերը մատչելի են՝ գինը զգալիորեն տարբերվում է շուկայական գնից։ Իսկ պատրաստման ընթացքը բավականին ժամանակատար է։
«Սկզբում լվանում եմ կանաչին, հետո՝ խմորը հունցում, մինչ խմորը կհասունանա՝ հնարավորինս մանր կտրատում եմ կանաչին, հետո խմորից գնդեր եմ հունցում, բացում գնդերը և կտրատած կանաչին դնում գնդերի մեջ։ Եփում եմ արդեն տաքացված վառարանում»։

Կնձմնձուկ, ճռճռոկ, վարթուկ, պտուտկուն, թրթնջուկ և այլն, սրանք են այն կանաչիները, որոնք յուրահատուկ համ են փոխանցում արցախյան խոհանոցի յուրահատուկ ուտելիքին՝ ժենգյալով հացին։

Աստղիկի խոսքով՝ մի օր անպայման վերադառնալու են Արցախ. «Ես չեմ պատկերացնում, որ երբևէ Արցախը հայտնվի Ադրբեջանի կազմում։ Այդպիսի բան պարզապես հնարավոր չէ։ Վերադառնալու ենք, անպայման… Իսկ իշխանություններին մի բան կասեմ՝ Արցախը հայկական է և միշտ մնալու է հայկական…»։

Արցախի համն ու հոտը և ավանդույթները կշարունակեն տարածվել Հայաստանում և ողջ աշխարհում։ Իսկ արցախահայությունը՝ իրենց տեսակին բնորոշ՝ հայրենիքում թե հայրենիքից հեռու, կապրի և կարարի հանուն Արցախի՝ մի օր նորից վերադառնալու հույսով՝ հայրենի գյուղ, հայրենի տուն…

 

Bella Harutyunyan

Առանց հետհաշվարկ

Բավականին երկար ժամանակ է, ինչ հոդվածներ չեմ գրում, պատճառը գերզբաղված լինելն է` ընտանիքս, տղաս։ Իսկ հիմա հասկացա, որ արդեն ժամանակն է գրելու ու կիսվելու իմ պատմությամբ այն հարթակում (17.am), ուր վստահ եմ, որ ինձ լիովին հասկանում են։

Դե ինչ, տխուր, բայց արդիական թեմայով եմ ուզում խոսել: Արդեն երկու տարի է Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղից ամուսնացել և տեղափոխվել եմ  Արցախի Մարտակերտ:

Շրջափակումից մոտ մեկ շաբաթ առաջ որոշեցի տղայիս հետ մի քանի օրով Հայաստան գալ, ծնողներս այստեղ են ապրում։ Եկա, և արդեն հինգերորդ ամիսն է լրանում, ինչ տղաս չի տեսնում իր հորը, համացանցով էլ` հազվադեպ, դե Արցախում ինտերնետ գրեթե չկա։

Ու քանի ծնող չի լսել իր երեխայի առաջին բառը, չի տեսել առաջին քայլը անմարդկային շրջափակման պատճառով։

Գիտեք, ամենադաժանը ոչ թե մենակությունն է, այլ անորոշությունը։

Երբ զինվոր ես ճանապարհում ծառայության, թեկուզ ամենավտանգավոր տարածքում, գոնե կա հնարավորություն հետհաշվարկ սկսելու, թե երբ ետ կգա, ամուսինս էլ ծառայում է, բայց ավարտը չի երևում։

Ամենախոր մթության մեջ կա մի աղոտ, աննշան լույս, որը հույս է ներշնչում, էստեղ` չկա։

Նա այս տարիքում հասցրել է մասնակցել երկու պատերազմի, և Աստված չանի, որ սա էլ պատերազմով ավարտվի։

Ապրումներ, որոնք հատուկ են ոչ միայն ինձ, այլ 120 000+ մարդու, ծնողի, երեխայի։ Մթություն, վախ, մենակություն ու խավար։

Մի փաստ էլ է շատ ծանր. Այն, որ չգիտես` ում դիմել այս հարցով, ում մեղադրել։ Ուզում եմ ուժեղ լինենք: Երբեմն թվում է, թե արդեն անհնար է, սակայն երբ ետ եմ նայում, հասկանում եմ, որ քիչ չենք դիմացել, էլի կդիմանանք: Միայն լույսի նշույլը շատ չուշանա, երբ ծնողը երեխայի, թոռան առաջին քայլի ընթացքում կողքին չի եղել, գոնե երեխան նրա վերջին քայլերի ընթացքում կողքին լինի։

120 000 մարդ, եկեք չմտածենք ցեղասպանության, անհայրենիք մնալու և նմանատիպ այլ սահմռկեցուցիչ երևույթների մասին։

Վստահ եմ, որ առանց հետհաշվարկի, միանգամից լույսը կերևա: Ուժեղ մնանք անկախ ամեն ինչից, առավել ևս, երեխաները պետք է սովորեն ամեն պարագայում լինել և մնալ ուժեղ…

Satenik Artenyan

Աղոթք

Լեռներից, այրերից, հայրերից ծնունդ առած հայրենիքս։

ՀԱՅՐ ՄԵՐ։

Մեր կապույտ երկինքներում չվաստակած կարմիր խաղաղությամբ փնտրում եմ քեզ։

Ո՞Ր ՅԵՐԿԻՆՍ ԵՍ։

Ավետարանաց սրբերի մատուռում եռագույնիդ կողքին թշնամին հանգչող կրակ է որոնում։

ՍՈՒՐԲ ԵՂԻՑԻ ԱՆՈՒՆ ՔՈ։

Դարեդար իր իսկ ոստանում ոտնակոխ, ոտնատակ։

Էլ եղեռն, էլ գաղթ ու մահ։

ԵԿԵՍՑԷ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ ՔՈ։

Ու քո կամքով պատերազմի դաշտից գոյաքարշ դեպի մանկան օրորոց

ԵՂԻՑԻՆ ԿԱՄՔ ՔՈ։

ՈՐՊԵՍ ՅԵՐԿԻՆՍ ԵՎ ՅԵՐԿՐԻՍ։

Ու նորից բախտից, ի դարեր քարից քամեցինք ԶՀԱՑ ՄԵՐ ՀԱՆԱՊԱԶՈՐԴ,

Ու նշխարդ ապաշխարանք ՏՈՒՐ ՄԵԶ ԱՅՍՕՐ։

Հանց մեր խաչը պայքարի ու սուրը Վանաօծ

Եվ ԹՈՂ ՄԵԶ ԶՊԱՐՏԻՍ ՄԵՐ

Հայրերի, հայրերի, որդյաց սուրբ արյունը խղճներիս։

Ինչպե՞ս ԵՎ ՄԵՆՔ ԹՈՂՈՒՄՔ ՄԵՐՈՆՑ ՊԱՐՏԱՊԱՆԱՑ։

Սուր յաթաղանի դեմ՝ սուրբ Ավետարան,

Կույր հրանոթի դեմ՝ հավատի գմբեթ։

ԵՎ ՄԻ ՏԱՆԻՐ ԶՄԵԶ Ի ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆ։

Աղոթքս առ քեզ,

Առ մեզ,

Առ մեզ։

ՓՐԿԵԱ ԶՄԵԶ Ի ՉԱՐԷ ։

Պապերից, հայրերից, մայրերից ժառանգեցինք հայրատունը մեր։

Քար ու դավերից, վար ու վերքերից սրտերում մեր նրան պահեցինք անեղծ ու անշեջ։

ԶԻ ՔՈ Է ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ԶՈՐՈՒԹՅՈՒՆ, ԵՎ ՓԱՌՔ։

Խավարից զատվելով, զարկվածդ վերքերով և սուրբ ղողանջով։

Ծնվի’ր,

Վերածնվի՛ր,

Հավիտյանս հավիտենից, Հայաստա՛նս,

Հանուն հավերժացած ամեն քաջի,

Հանուն օրորոցի մեջ անմեղ քեզ կանչի,

Լեռներիդ մեջ դրոշմված ինքնությունդ պատմողի,

Հաղթանակներիդ մասին երգեր հյուսողների,

Ու քեզ հավատացողների,

Հանուն ընդ մեզ և ընդ քեզ

Սուրբ թող լինի ծնունդը քո…

Meri Araqelyan

Մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի

Մեռնում է արդեն դարն այս կատաղի:

Հ. Սահյան

 

Կյանքի և մահվան գաղափարը ինձ ուղեկցել է մանկուց, երբ ես ընդամենը մանկահասակ աղջնակ էի, ով ապրում էր սահմանին՝ կյանքի ու մահվան սահմանին։ Կյանքիս քսաներկու տարիների ընթացքում ծննդյանս երազանքը միշտ եղել է խաղաղությունը: Սահմանին, երբ հասկանում ես «կյանք» բառի իմաստը, պարզ է դառնում, թե ինչու է այն մեկուկես վանկից կազմված, որովհետև կյանքն աչք թարթելու պես արագ է անցնում, ուստի պետք է կարողանալ տնօրինել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը այնպես, որ ապրելն իմաստ ունենա:

Ապրելու հանդեպ ունեցած տենչը մենք ժառանգել ենք մեր նախնիներից. մեր արյան մեջ պայքարի ոգի կա: Մեզ չեն սովորեցրել սիրել հայրենիքը, մեզ ցույց են տվել այն, և մենք սկսել ենք ապրել հայրենիքով, որովհետեւ հայրենիքը լոկ տարածք չէ, հայրենիք ենք մեզնից յուրաքանչյուրը:

Պայթյուն, կրակ, աղմուկ լաց… Երբ սկսվեց պատերազմը, ես ապրում էի ընտանիքիս համար, սահմանին հայրս ապրում էր մեզ համար, հայրենիքն ապրում էր բոլորիս համար: Այո՛, մենք ապրում ենք մեկս մյուսի համար, հանուն հայրենիքի, հանուն վաղվա: Շիրվանզադեն տասնիններորդ դարը «խաբեության» դար է անվանել, իսկ ինձ թույլ տվեք քսանմեկերորդ դարը «գիշատիչների» դար անվանել: Աշխարհը ցանկանում է կուլ տալ քարտեզի վրայի այն կետը, որը Հայաստան է կոչվում: Մենք փուշ կդառնանք, կկանգնենք աշխարհի կոկորդին, բայց կապրենք, կապրենք, որովհետև պարտավոր ենք ապրել, մեզ հարկադրել են ապրել նրանք, ովքեր մեզ հնարավորություն տվեցին ապրելու, բայց իրենք անմահացան:

Քաղաքակրթությունը տեղի է տալիս մարդկային բարբարոսությանը, և մարդիկ նահանջում են բանական լինելուց, քանի դեռ կոթը մեզնից է, մենք նահանջելու ենք: (Իսկ ծառերը հավատում էին կացնին, քանի որ կոթն իրենցից էր): Բայց եւ մենք ապրելու ենք, ինչ էլ պատահի, մեր անտեր գլխի տերն ենք լինելու:

«Մենք ապրում ենք: Մենք անվերջ ապրում ենք: Երբ արթնանում ես, ու գարուն է, երբ քնում ես՝ աշուն, իսկ նրանց միջև հազար անգամ ձմեռը հերթափոխում է ամռանը և հակառակը: Եվ եթե մենք սիրում ենք միմյանց, մենք հավերժ ենք և անմահ, ինչպես սրտի տրոփյունը կամ անձրևը կամ քամին, և դա է ամենակարևորը»:  Էրիխ Մարիա Ռեմարկ

Elen Aleqsanyan

Լավաշը

Թոնրի տակ լավաշ ուտելիս, պապս իր մանկությունից մի պատմություն հիշեց.

-Մատաղդ ըլիմ՝ ալամ աշխարհը գիդէ վօր՝ աշխարհըմըս թոնրի լավաշի ու մոթալի պանրի պես համով բան չկա։ Աշունքեց կամ գարունքը, ռավոդը ծեքին եզները լծեինք, գութանով ցորենի դաշտի ֆողերը վարեինք։ Ֆողը մի կոծի լե նստեր, փիշներուս կապած՝սերմացու ցորենը մեջն ածած դաշտերըմը շաղ տեինք ուրա՜խ-ուրախ երգելով։ Աչկներուս երկնքին ՝ աղոթք անելով ճամփա պահեինք, որ լավ եղանակ անէ, կարկուտ ու սելավ չանէ, արտը նորմալ ծլէ, դուս գա, որ սաղ տարվա հմար հաց ու ապրուստ ունենանք

ՄԵՐ ԱՊՐՈՒՍՏՆ Ի՞ՆՉ Է՝

ՄԻ ԿՏՈՐ ՉՈՐ ՀԱՑ,

ԷՆ ԷԼ ՀԸՐԵՆ ՀԱ՜_ԵՐԿԸՆՔԻՑ ԿԱԽՎԱԾ։

Թե ղսմաթ էինք ունենըմ, ցորեն էլ էինք ունենըմ, թե խու չէ՝  Աստոծ հեռու տանե, սրա-նրա դռանն էր աչքներում, սրա-նրա բռին մտիկ անեինք, որ մի կտոր ցամաք հաց տային։ Արի՛ գեշ բաները մոռանանք, սև օրեր շատ ինք ունեցիլ։ Ձեռի մանգաղով հասկը հնձեինք, կալներըմը կալսեինք, թաղի կնանիքը ունգուլնին, գլխաշորերը կապած վաքվեին, յիրար քոմակ անեին խխալեին, թե աժմունքն էր իշով, սելով տանեինք ջաղացն աղող, թե քիչ ըլեր՝ մալեթ չունեներ, թաղի կնանիքը էրկանքով` համ երգեին, համ թևահան ըլելով չիմ աղեին, ըժու ծլպատակ արած, նստած, մաղով մաղեին։ Էրկանք պըտըտելը դժար գորձ էր, համա կնանիքը պըտըտեին։ Վենձ տաշտերըմը խմորը ունցեր տան ամենավենձ կնիկը՝ նանը, վերջըմն էլ, որպես հայ քրիստոնյա՝ խմորի վրա խաչ աներ, որ հայն իրա հավատը կորցնե վօչ։ Ակշով խմորը կտրատեին , խոնչեքի վրա գնդեին, սեղանտախտակի վրա գրդնակով բարակ բաց անեին, լավ քաշեին-ձգեին ու սաջի վրա գձեին։ Մի կոծի մներ ու շաջի վրիցը վիր ունեին սիպտակ մեզարների վրա փռեին, որ չորանա։ Ծերքի թխածը՝ առաջի լավաշը թաղի, ընտանիքի հիվանդին տեին, որ համ շուտ սղանա, համ օխնէ։ Մի վախտ էկավ, որ սկսեցին թոնրի միջին հացը, լավաշը թխելը։ Էդ թխելու վախտը ընտանիքի կնանիքն ամենքն իրանց գորձը գիդեին, մինը խմորն ունցեր, մինը գրդնակեր, մինը ձգեր, մինը թոնրի լաշովը տեր, մինը տաք-տաք լավաշը բարակ կեռ էրկաթի ձողով հաներ, մինն էլ փռեր, որ չորանա։ Լավաշ թխելը դժար գորձ էր, համա էդ գորձին տղամարդ չխառնվեր: Ասեին, վօր թոնրի կողքին տղամարդ ա ըրեվըմ՝ լավաշը կուտա գընըմ, ընգնըմա թոնրի մեչը: Դռներին ազատ տեղ չմներ, չիմ լավաշ ըլեր, չորացնեին, որ յեդնուց խոնչեքի, տաշտի միջին փռեին, մի սաղ տարի ուտինք։ Հմի ինչ կա, ապրիլը հեշտացիլ ա, մին ցորենը սերմնացու ինք տենըմ, մին էլ խանութներըմը դասած հացն ու լավաշն ինք տենըմ։ Հայերը լավաշը թխեին օրերի տաք վախտը, վօր ցրտովը չըրչարվին վօչ։ Բա, բալա ջին, օվ աշխատե՝ նա կուտէ: