anna vardanyan

Եղբայրս զինվոր է

Օրեր առաջ ճանապարհեցինք եղբորս բանակ` մաղթելով լինել արժանի զինվոր հայրենիքի համար։Առանց հուզմունքի հնարավոր չէր ճանապարհել զինվորին: Նախորդ օրը, որ պետք է բանակ ճանապարհեինք քեռուս տղային, հավաքվեցինք իրենց տանը, հայրենասիրական երգեր երգեցինք, ոգևորեցինք, հուզվեցինք… Երգում էինք` հուզմունքը հաղթահարելու համար: Մինչ այդ խորությամբ չէինք զգացել, թե որքան շատ ենք սիրում Գառնիկին: Երբ խոսք բացվեց, թե ով պետք է գնա հավաքակայան, բոլոր տղամարդիկ կտրականապես դեմ էին, որ կանանցից որևէ մեկը գար: Ուստի այդ օրն էլ հաջողություն մաղթեցինք և գնացինք տուն:  Հաջորդ օրը մայրս սովորականից շուտ տուն եկավ դպրոցից, բոլորս միաբերան հարցրեցինք.

-Մամ, Գառնիկից ի՞նչ կա:

-Ղարաբաղ…

Ոչ ոք տրամադրություն չուներ: Քիչ-քիչ սկսեցինք համակերպվել: Քեռակնոջս հետ խոսելիս մի քանի հարց տվեցի:

-Եթե տղա ունենք, ուրեմն պիտի սպասեինք էս օրվան:

-Ի՞նչ զգացողություններ ունեիր ճանապարհելիս:

-Համ հուզված էի, համ էլ հպարտ էի, որ զինվոր տղա ունենք: Բացակայությունը զգալի է տանը: Միայն թոռնիկս է, որ մի քիչ լրացնում է իր բացը, զբաղվում ենք, ցրվում ենք, բայց դե չէ, ամեն մեկը իր տեղը ունի։

-Ի՞նչ ես մտածում, ոնց պիտի անցնի էս երկու տարին:

-Մեր ուզածն էն է, աշխարհը խաղաղ լինի, մեր զինվորներն էլ ծառայեն ու վերադառնան։

-Վերադարձը ինչպե՞ս ես պատկերացնում:

-Հուզվում եմ, Աննա, չեմ կարող ասել, չկա այնպիսի օր, որ տանը չխոսենք կամ չմտածենք իր մասին…

Զինվոր եղբայր ունենալը հպարտություն է… Նոր եմ հասկանում, բանակի տոնի իմաստը: Շնորհավո՜ր հայոց բանակի օրը, շնորհավոր տոնդ, իմ զինվոր եղբայր:

Ֆրանսիական օրագիր: Մաս 2: Հայի ստեղծած ֆրանսիական ընտանիքը

Երկրորդ շաբաթն էր, որ մենք Փարիզում էինք։ Կարծես թե հարմարվել էինք․ դե, ոնց ասեմ, դեռ Երևան ենք ուզում։ Արդեն սովորել ենք առավոտյան տրամվայ-մետրո-մետրո-ոտք կոմբինացիային, էլ չենք նայում հեռախոսին կամ էլ ցուցանակներին, անգիր գիտենք՝ որտեղ թեքվել ու որտեղից նստել։ Մեզ լրիվ տեղացի ենք զգում։ Չէ լավ, խաբեցի, երբեք չեմ կարող տեղացի լինել։ Որովհետև փարիզեցիները այդքան էլ տրամաբանական չեն։ Օրինակ՝ երբ դու մի կերպ փորձում ես կենդանացնել սառը քամուց փայտացած մատներդ, այս ժողովուրդը բարակ կոշիկով ու առանց բաճկոն հանգիստ դուրս կգա փողոց, և հավատա, դու հիվանդանալու ավելի մեծ շանսեր կունենաս։ Կամ էլ ամենաանհարմար պահին, տեղում և պայմաններում այս մարդիկ կհանեն իմ բոյի մի գիրք և կսկսեն այն կարդալ կամ էլ ֆիլմ նայել հեռախոսով։ Ախր, մետրոյում հազիվ խցկվելով ու մի մատով մի տեղից բռնվելով շունչս պահած մի կերպ հասնում եմ իմ կայարան, ուր մնաց` կարողանամ դրան զուգահեռ գիրք կարդալ կամ էլ առավել ևս ֆիլմ նայել։ Ո՞նց է ստացվում, չեմ հասկանում։ Հա, մի բան էլ կա․ չեմ կարող անդադար բոլորին բարևել, ներողություն խնդրել դեռ չարած անշնորհքությանս համար, կամ էլ լրիվ անծանոթ մարդու մաղթել լավ երկո։ Այս ամենի չափազանց շատ լինելը ձևական և անիմաստ է թվում, հատկապես, երբ այդ մարդուն տեսնում ես առաջին և վերջին անգամ։ Իհարկե, կան էլի փաստեր, որոնք առաջին իսկ օրվանից զարմացրել են մեզ՝ հացն առանց տոպրակ տուն տանելը, կարմիր լույսի տակ փողոց անցնելը, փնթիությունը և այլն։ Բայց դե պարզ է, որ ոչ բոլորն են այդպիսին։ Ասեմ, որ փարիզեցիների այն փոքր մասը, ում հետ անցկացնում եմ 5 օր շաբաթվա մեջ, հաճելի և հետաքրքիր մարդիկ են։ Խոսքս այն կազմակերպության աշխատակիցների մասին է, որտեղ անցկացնում եմ իմ մասնագիտական պրակտիկան։

Ճիշտն ասած, ամենասկզբում մի քիչ նեղվել էի, որ այդքան հեռու տեղում եմ գնում աշխատանքի։ Սակայն ընդմիջման ժամին քայլելով 17-րդ թաղամասի փողոցներով, հասկացա, որ ոչ միայն կազմակերպության, այլ նաև թաղամասի հարցում է բախտս բերել։ Եվ չնայած այն կենտրոնից բավականին հեռու է, ընդհանրապես չի զիջում իր աննկարագրելի գեղեցիկ շենքերով, դրանց կոկիկ պատշգամբներով և փողոցի ամեն անկյունում գտնվող այգիներով, չէ որ, ինչպես երեկ իմացա, 17-րդը համարվում է Փարիզի ամենագեղեցիկ թաղամասը։ Ու հենց այդտեղ էլ գտնվում է այն համեստ շինությունը, որի երկրորդ հարկում աշխատում է մի մեծ ձեռնարկության անձնակազմ։ Բոլորը ֆրանսիացի են, կազմակերպության սեփականատիրոջից բացի, ով հայ է։ Ինչպես ես էի առաջին օրն ուրախ այդ օտար երկրում հայրենակցի հանդիպելուն, այդքան էլ նա էր ոգևորված մի հայ ուսանողի հյուրընկալելու իր հոր ստեղծած կազմակերպությունում։ Մանկական ուրախություն կար այդ մարդու աչքերում և աննկարագրելի ջերմություն, երբ ներս մտա և հարցրեցի, որ փնտրում եմ պարոն Զելվեյանին։ Հենց առաջին վայրկյանից խոստովանեց, որ շատ վատ է հայերեն խոսում, ուստի իր հետ նույնպես շփվում եմ բացառապես ֆրանսերենով։ Եվ ամեն անգամ մեծ հպարտությամբ եմ մտնում այդ շենք՝ իմանալով, որ տեսքից համեստ, բայց նշանակությամբ կարևոր այդ կազմակերպության հինադիրն իմ հայրենակիցն է։ Ու երբ հարցնում են, թե ինչով է զբաղվում կազմակերպությունը, «իրենք»-ի փոխարեն ակամա ասում եմ «մենք», քանի որ արդեն առաջին օրվանից այդ մարդիկ ամեն ինչ արել են, որ ես ինձ իրենց ընտանիքի մի մասը զգամ։ Ձեզ էլ ասեմ՝ մենք արտադրում ենք մետաղյա, կերամիկայից, պլաստիկից և այլ նյութերից գնդիկներ և գլաններ՝ տարբեր տրամաչափերի, որոնք հետագայում օգտագործվում են մեքենաշինության, սարքավորումների պատրաստման, բժշկության և նույնիսկ օծանելիքի պատրաստման մեջ։ Եվ չնայած նրան, որ ամեն առավոտ մոտ մեկ ժամ եմ ծախսում այնտեղ հասնելու համար, երբեք չեմ զղջում, որ ընտրությունս ընկել է հենց այս կազմակերպության վրա։

Աշխատանքային ամեն շաբաթվա ավարտին հաջորդում են երկու մշակութային օր, որոնց ընթացքում փորձում ենք այցելել որքան հնարավոր է, շատ թանգարան կամ ցուցադրություն։ Ու հավատացեք, երկու օրը շատ քիչ է այդ ամենի համար։ Մեկ օրում չհասցրինք տեսնել այստեղի ամենահայտնի Օրսե թանգարանի բոլոր կտավներն ու քանդակները։ Այդ ահռելի շինությունը նախկինում եղել է կայարան, որը հետագայում դարձրել են Վինսենթ վան Գոգի, Կլոդ Մոնեի, Էդուարդ Մանեի, Օգյուստ Ռենուարի և մի շարք այլ նկարիչների գործերի ցուցադրության վայր։ Իսկ թանգարանի դիմաց՝ Սենայի մյուս ափին, գտնվում էր մեկ այլ պատկերասրահ Օրանժերի անունով, որտեղ տեսանք Կլոդ Մոնեյի «Ջրաշուշաններ» նկարաշարը։ Աննկարագրելի զգացողություն է կանգնել կտավի դիմաց ու հասկանալ, որ հենց այս պահին տեսնում ես այդ գլուխգործոցը։ Ու ամեն անգամ վախենում ես, որ կմոռանաս այն, չես հիշի ամենակարևորը։ Այցելեցինք նաև «Հայտնագործությունների պալատ», որտեղ շրջեցինք մի շարք սրահներում, իմացանք ամեն ինչ լույսի, մագնիսական դաշտի, ձայնի, կենսաբանության և քիմիայի մի շարք երևույթների մասին, տեսանք պլանետարիումի ցուցադրությունը։ Այս երկու օրն անցնում են շատ արագ ու տպավորություններով լի։

Ու չնայած ամեն օրվա երեկոն անցկացնում եմ ընկերներիս հետ, միևնույնն է, վաղը երեկոյան, երբ գործից հետո նստեմ հետդարձի մետրոն, էլի կսկսեմ փնտրել մի ծանոթ հայացք, աչքեր, խոսք, ինչու ոչ, քիթ։ Մի նշան, որն ինձ կհուշի, որ դիմացինս հայ է։ Երբեք չէի մտածի, որ կարոտը կարող է այսպես դրսևորվել։ Ամեն անգամ փորձում եմ ճանապարհս այնպես գծել, որ անպայման անցնեմ հայ ուսանողների հանրակացարանի մոտով, որ կարդամ հայերենով գրված «Հայ ուսանողների տուն» գրվածքն ու ինձ էլի մի քիչ մոտ զգամ հայրենիքիս։ Դժվար է տնից հեռու ապրելը։ Համենայնդեպս, ես շատ եմ կարոտում։

Ըհը, այս շաբաթն էլ վերջացավ։ Մնաց հինգը։

nane exiazaryan

Առաջին կուրսեցու անսովոր կյանքը

Սովորական  է դարձել արդեն առավոտյան ուրիշ քաղաքում արթնանալը (ես Ջերմուկից եմ և հիմա սովորում եմ Երևանում), մեկ ուրիշի տանը մնալը, ուրիշ ծանոթ ու ամեն անգամ նորը բացահայտող փողոցների երկայնքով քայլելը, ամեն օր տասնյակ անծանոթ ու մեկ-մեկ էլ ծանոթ մարդկանց տեսնելը, բարև փոխանակելիս երբեմն հարցական հայացքներ ընդունելը, ուրիշ ընկերները ու շրջապատը… Հանկարծ հասկանում ես, որ արդեն ունես պատասխանատվության զգացում ինքդ քո ապագա ես-ի առաջ ու մեկ էլ հոպ` արդեն ոնց որ թե չցանկանալով, բայց ինքդ քեզ խոստովանում ես, որ մեծացել ես, ու ամենավատն էլ այն է, որ միայն դու չես մեծացել, ընկերներդ էլ են մեծացել ու ամեն մեկն իր անձնական գործը, զբաղմունքը, մի շարք նոր ընկերներ ու գլուխ ցավեցնող առօրեական դարձած խնդիրներ ունի: Անգլերեն պարապելիս շտեմարանում մի տեքստ կար, ու հիմա էլ կա երևի, որը պատմում է մարդկանց մոտ միջավայրը փոխելուց հետո առաջացող սթրեսի տարբեր փուլերի մասին: Մի պահ է գալիս, որ հասկանում ես, որ դու էլ ես այդ նույն փուլերով անցել ու արդեն վերջին փուլում ես:

Երբ դեռ առաջին դասարանից, դպրոցի առաջին իսկ օրից չես սիրում դպրոցը ու ավարտելիս էլ լիակատար ուրախություն ես զգում, անկասկած դժվար է պատկերացնել, որ կգա մի ժամանակ, երբ կկարոտես այդ նույն դպրոցը: Դե հա, պատկերացնում ես դասընկերներիդ ու առհասարակ, մարդկանց կարոտելը, բայց ոչ երբեք այդ դպրոցի շենքը, միջանցքներն ու քո աթոռ-սեղանը: Դա գիտակցելու պահին էլ ինքդ քեզ քննադատում ես. «Չէ, դու հաստատ ցնդել ես»:

Սիրում եմ Երևանը, մանավանդ գիշերային այս քաղաքը, քամոտ մետրոն, անցումն անցնելիս մարդկանց գրկախառնությունը և ուղղակի ճանապարհները: Բայց գիտե՞ք, տխուր է, երբ հիշում ես, թե ոնց էիր քո փոքրիկ, բայց ջերմ քաղաքում գրեթե ամեն անցորդի ճանաչում, բակի տատիկներին տեսնելիս մեկ-մեկ հետները նստում ու պատասխանում իրենց հետաքրքրող բոլոր հարցերին (ի դեպ, ընդդիմանալն անիմաստ էր, իսկ ուղղակի իրենց «ռադարի» մոտով չանցնել երբեք չէր հաջողվի), հարևաններին առանց առիթի տուն էիր կանչում սուրճ խմելու ու մամայի` էս մի անգամվա սարքած խմորեղենը փորձելու, իսկ երբ բան չկար անելու, ինքդ էիր հյուր գնում նրանց: Ի՞նչ հարցնել, ի՞նչ բան, միանգամից մխրճվում էիր իրենց առօրյայի մեջ ու դառնում էդ պահին իրենց տան մի մասնիկը: Նոր տարվա մասին էլ չեմ խոսում… Ինձ համար այն յուրահատուկ տոն է` կախարդական, երբ բոլորը բոլորի հանդեպ բարի ու ջերմ են, հյուրընկալ ու երջանիկ: Երևանում այդ տոնը նշելը սկզբում հետաքրքիր էր, ու մեծ սպասումներ կային, բայց ինչպես միշտ, իմ բախտը չբերեց, ու սպասումներս նորից չարդարացրին իրենց:

Մի խոսքով, գրեցի առաջին կուրսի ուսանողի կարոտի մասին, որ երևի զգում են շատերը: Գրեցի նրա մասին, որ ինձ նման մարդկանց համար դժվար է իրենց փոքրիկ գյուղից, կամ հեքիաթային քաղաքից հետո սիրել Երևանը ու հարմարվել նրա ռիթմին, նրա ամեն օրվա նորության ու ոչ միշտ ժպտերես ու բարև տվող մարդկանց հետ: Վերջ:

 

Հ.Գ. Այնքան կուզեի տեսնել իմ ուսուցիչների դեմքերը, երբ կարդան, որ ես կարոտել եմ դպրոցը (դա ֆանտաստիկայի ժանրից էր)…

Anna Sargsyan ashtarak

Ամենաթանկս

Հերթական նամակս եմ գրում, որ կարդալու են շատերը, բայց չես կարդալու դու, որովհետև  արդեն վերադարձած կլինես զինվորական ծառայությանդ։ Իմ տասնութ տարվա ընկեր, բարեկամ, հարազատ… Թերևս նախընտրեմ այս երեք բառերով սահմանափակվել, այլապես բոլոր բառարանները թերթելու դեպքում էլ չեմ կարողանա զգացածս արտահայտել բառերով, որովհետև հայերենի և աշխարհիս ոչ մի լեզվի մեջ հպարտությունն ու հավատարմությունը, սերն ու կարոտը մեկ բառով հանդես չեն գալիս։

Ամանորյա նվերս դու էիր, սպասածիցս ուշ եկար, բայց գալդ կարգավորեց տոնական տրամադրությունս։ Իմ ողջ կյանքը քիչ չէ՞, որ հիշեմ քեզնից ամիսների կարոտս առնելու րոպեները. քեզ տեսնելուն պես պարզապես դուրս թռա մեքենայից, արցունքների մեջ կորած մոռացա դուռն անգամ փակել ու գրկեցի, գրկեցի քեզ մի այնպիսի ջերմությամբ, որով երբևէ գրկած չկայի։ Վերջին ժամանակներս երևի թե այդքան ուրախ չէի եղել, ու հենց այդ պահին էր, որ կարող էին ինձ հարցնել` ինչպե՞ս ես, ու առանց երկար-բարակ մտածելու կասեի` լավ եմ, որովհետև քեզ տեսնում եմ ո՛չ նկարների մեջ, այլ հենց իմ աչքերով, իմ առջև կանգնած։

Հիմա էլ արցունքներս գլորվում ու ընկնում են ծրարի վրա։ Դեռ շատ ու շատ նամակներ պիտի գրեմ ու շատ արցունքներ են թափվելու։  Հա, ես նույնն եմ մնացել, բայց դու փոխվել էիր, կապույտ աչքերիդ մեջ  ընթեռնելի էր «կարոտ» բառը։ Իմ փոխված, բայց և նույն տասնութ տարվա ընկեր, բարեկամ, հարազատ…

Արդեն կարոտում եմ։

margarita voskanyan lori

Մեզ համար ապրած կյանք

Իմ պապը ծնվել է գրեթե անցած դարասկզբին` 1928 թվականին: 13 տարեկան է եղել, երբ հայրն ու մեծ եղբայրը պատերազմ են գնացել, ու նա ընդամենը 13 տարեկանում դարձել է ընտանիքի «մեծը»` հոգալով մոր ու երեք եղբայրների բոլոր հոգսերը: Շատ մեծ պարտականություն է ունեցել իր ուսերին դրված և շատ մեծ պատվով է դուրս եկել այդ ամենի միջից: Ավարտել է չորսամյա մի գյուղական դպրոց,  կյանքի մի զգալի հատված սարերում ու ձորերում է անցկացրել, բայց պապիս նման իմաստուն ու խելացի մարդ, դժվար թե հեշտ  գտնվի: ԽՍՀՄ-ի տարիներին գյուղի տնտեսական կյանքում` մեկը մյուսի հետևից կարևոր պաշտոններ է զբաղեցրել` իր արդարամտության ու ազնվության շնորհիվ:

Հայրս ուշ տարիքում է ամուսնացել, ու մինչ ես ու եղբայրս հասանք գիտակցական մակարդակի` պապս էլ առաջվանը չէր. պապս չէր հիշում, որ գյուղի ամենագեղեցիկ տունը` մեր տունը, ինքն է կառուցել սեփական ձեռքերով` հեղելով արյունն ու քրտինքը:

Թող հիմա կոնֆետների անձրև տեղա գլխիս, ամենահամեղ կոնֆետը պապիս կոստյումի գրպանից հանածներն էին` «ծծովի», ամեն տեսակ ըմպելիքներից ես սիրում էի նրա բերած լիմոնադը, ամենահամեղ ուտեստը, որ երբևէ կերել եմ` պապիս սարքածն էր` տարբեր մրգերով ու բանջարեղեններով` իր սև թավայի մեջ:

Ինքն էլ ասում էր, որ իր համար ամենակարևորը` իմ ու եղբորս ձեռքով մաքրած ու իրեն տված մանդարինն է:

Պապիս մի բուռ ժպիտն ու օվկիանոս աչքերը վերացնում էին չարն այս աշխարհից:

Չնայած իր դժվար ու բարդ կյանքին` նա ապրեց 91 տարի: Մեզ համար ապրեց, որ մեր կողքին լինի, որ սովորենք իրենից, որ ավելի լավը դառնանք: 91 տարեկանում նա սիրում էր կյանքը, ինչպես մարդիկ` 21-ում:

Պապիս չլինելով այնքան շատ բան պակասեց աշխարհից. անսահման բարություն, հանդուրժողականություն, արդարություն ու ազնվություն:

Պապիս չլինելով` մեր միջից մի շատ կարևոր բան պակասեց, մենք աղքատացանք առանց նրա։

Ընդամենը մի քանի ամիս է, որ նա չկա, բայց զուտ ֆիզիկապես, իր արած գործով, անունով ու մեր մեջ նա միշտ ապրելու է:

tatevik haroyan

Կրթության միջազգային օրը

Կրթության արմատները դառն են, բայց պտուղը քաղցր է:

Արիստոտել

Միջազգային օրերը առիթ են հանդիսանում լայն հասարակությանը կրթելու հուզող հարցերի շուրջ, մոբիլիզացնելու քաղաքական կամքն ու ռեսուրսները գլոբալ խնդիրները լուծելու համար, ինչպես նաև նշելու և ամրապնդելու մարդկության նվաճումները:

2018 թ․ դեկտեմբերի 6-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից միաձայն ընդունված որոշմամբ հունվարի 24-ը հռչակվել է որպես կրթության միջազգային օր։ Որոշման հիմք է հանդիսացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի կողմից ներկայացված 206 EX/35 որոշումը, որի համահեղինակ է հանդիսացել նաև Հայաստանը։

Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում տեղի ունեցավ տեղեկատվական միջոցառում` նվիրված կրթության միջազգային օրվան։ Սրա նպատակն էր` ևս մեկ անգամ խոսել կրթության դերի ու նշանակության մասին։

Ուսանողները իրենց խոսքում մասնավորապես գնահատեցին մի քանի երկրների կրթական համակարգերը, այդ թվում նաև ՀՀ-ի կրթական համակարգը, որոնք մի շարք առումներով առանձնանում էին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ֆինլանդիա, Հայաստան)։

Նաև մի շարք փաստեր ներկայացվեցին այն մասին, թե աշխարհում կրթությունն ինչքանով և ում է առավել հասանելի կամ ոչ հասանելի։ Նշենք միայն այն, որ աշխարհի շուրջ 265 միլիոն երեխաներ և դեռահասներ հնարավորություն չունեն դպրոց մտնելու կամ ավարտելու. 617 միլիոն երեխաներ և դեռահասներ չեն կարող կարդալ։ Սահարական Աֆրիկայի աղջիկների մինչև 40%-ն են ավարտում   միջնակարգ դպրոցը, իսկ չորս միլիոն երեխաներ և երիտասարդ փախստականներ դպրոցից դուրս են մնում: Խախտվում է նրանց կրթության իրավունքը, և դա անընդունելի է:

Տեղեկանալ, թե ինչպիսին է կրթական վիճակը աշխարհում, բավական չէ, այլ կարծում եմ նաև մեզ` երիտասարդներիս, պետք է խթանի ամեն բան անել լավագույն կրթություն ստանալու համար:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Իսկ գիտե՞ք, ով է ամենաանկարևորը․․․

Ուսանողը ուսումնական ամբողջ համակարգում ամենաանկարևորն է։ Այս համակարգի ամենավերին օղակից մինչև ամենաստորին օղակն ընկած AB տեղամասում մենք ուղղակի բացակայում ենք։ Այստեղ ուսանողը ավելի շատ փորձարարական առնետի մակարդակում է գտնվում։ Բարձր օղակներին կարելի է մեր վրա  փորձարկել նոր թերի կրթական համակարգ, կարելի է անվերջ կերակրել հին համակարգով, մինչև մեր ուղեղները փտեն։ Ավելի ցածր օղակները իրենց գիտելիքի պակասն են փորձարկում, բացառությամբ այն եզակիների, ովքեր փորձում են արդեն ամբողջովին բթացած ուղեղումդ մի բան սերմանել, բայց մի քանի հոգու ջանքերը անասելի քիչ են այս հսկայական դեպի դեբիլացում տանող կառույցում։

Չէ ՛, հավատացեք, դա բացարձակապես նորմալ չէ, երբ գնահատականդ բողոքարկելը բուհում խնդիր է դառնում։ Ամեն ինչ սկսում է նրանից, որ քեզ համոզում են, որ եթե բողոքարկես, հնարավոր է գնահատականդ իջնի։ Դե որովհետև իրենք շատ մեծահոգի են ու միշտ մի քիչ բարձր են նշանակում։ Ծանոթ եք, չէ՞, այդ մեծահոգի սիստեմին՝  9․6-ը կլորացնում են 10, բայց մեր քիչ գիտելիքներն էլ հերիք են իմանալու համար, որ ըստ մաթեմատիկայի օրենքների, 9,6-ը չէիք էլ կարող դեպի 9-ը կլորացնել։ Բա՛, այդքան էլ հիմար չենք, բայց ա՜յ,  մեր պնդաճակատությունը երբեք լավ բանի չի բերում։ Հաստատ սա էլ գիտեք, երբ նախորդ միջանկյալ քննությանը պնդաճակատությանդ շնորհիվ կարողանում ես ապացուցել, որ 15-ի փոխարեն պետք է քեզ 20 գնահատեին, բայց այդ արդար և բարեխիղճ մարդիկ քեզ խոստանում են, որ հինգ միավոր պարտքը հաջորդ քննություններին կավելացնեն (գերազանց ստանալուդ հավանականությունը ընդունում է 0): Ու գիտեք, հետո ի՞նչ է անում.  հաջորդ քննությանը  միտումնավոր ուղիղ 5 միավոր ցածր է նշանակում, որ պարտքի տակ չմնա։

Դու էլ խառնվեցիր իրա՞ր, չհասկացար ի՞նչ կատարվեց։ Գիտե՛մ, ես էլ գրում եմ ու զարմանում, գրում եմ ու չեմ հասկանում` ինչպես են մարդիկ տարիներ շարունակ աշխատում, ու ոչ մի ուսանող չի կարողանում դրա դեմ մինչև վերջ պայքարել։ Որովհետև մեկը չէ, ոչ էլ երկուսը, շատ են ու սփռված են ամբողջ համակարգում։ Համակարգ, որտեղ դու ոչինչ ես, որը աշխատում է քո դեմ, ոչ թե քեզ համար։ Որտեղից դու դուրս ես գալիս դատարկ, իսկ եթե դատարկ չես, ուրեմն իմացիր` դա անձնապես քո ձեռքբերումն է, ու այն մի քանի հոգու, որ իրենց տրված 90 րոպեում դատարկ գլուխդ հասցրեցին լցնել։

Իսկ գիտե՞ք այս և նման արատավոր դեպքերը ե՞րբ ավելի քիչ կլինեին՝ երբ տեխնոլոգիական դարաշրջանում մեր բուհերը ունենային թվայնացված համակարգ։ Որ ուսանողի հանձնած ցանկացած նյութ հասանելի լիներ ոչ միայն դասախոսին այլ նաև՝ տվյալ առարկայի ամբիոնին, դեկանատին, ռեկտորատին, և վերջապես, հենց ուսանողին։ Երբ գնահատականդ բողոքարկելու կամ համալսարանից որևէ փաստաթուղթ ունենալու համար, այստեղ- այնտեղ վազվզելու փոխարեն մկնիկով մի շարժումը բավական կլիներ։ Պետք է վերջապես հասկանա՞նք, որ կարևոր հայտարարությունների տեղը բուհի պատերի վրա չէ, որ գրադարանում եղած գրքերը բոլորիս չեն հերիքում, և դրանք պետք է PDF տարբերակով էլ լինեին, ու լիքը նման բաներ։ Հավատացե՛ք, եթե խանգարելու փոխարեն համակարգը մի քիչ մեր օգտին էլ աշխատեր, այս ամենը ուսանողները իրենց ձեռքերով վաղուց իրականություն կդարձնեին։

Ասում են` իրական պատմությունները ամենահուզիչն են։ Դե սա էլ ձեզ իրական, դառը, հուզիչ պատմություն, որի սցենարը մի օր վստահ եմ ինքներս էլ կփոխենք․․․

anna vardanyan

Տանը նստելու նուրբ արվեստը

Ես հասկացա, որ մարդը մեկ օր տանը նստելով կարող է հատորներ գրել պարապության մասին, ես էլ որոշեցի հոդված գրել և կիսվել պարապության ժամանակ առաջացած գաղափարներով։

Պատուհանից դուրս նայելիս  մտածում էի ապագայիս մասին, թե ինչ մասնագիտություն պիտի ընտրեմ, որ դառնամ իմ ուզած մասնագետը: Գործ կգտնե՞մ, թե՞ ինչպես գյուղում են ասում, դիպլոմս կվերցնեմ, տանը կնստեմ:

Շատ գաղափարներ էին պտտվում գլխումս, թե ինչ բիզնեսներ կարելի է ստեղծել։ Հետո, ինչպես մայրս է ասում, ձանձրույթս փարատելու համար, սկսեցի տարբեր ծրագրերի դիմումներ լրացնել։

Մտածում եմ` պարապ մնալն էլ է արվեստ, ամեն մարդ չի կարող։

Նույնիսկ եղանակը  տրամադրող չէր գիրք կարդալու կամ ինչ որ հետաքրքիր բանով զբաղվելու համար։ Ֆեյսբուքյան էջի բոլոր գրառումները համարյա անգիր էի արել:

Մի խոսքով, սիրելի հայրենակիցներ, աշխատեք տանը չնստել: Գովելի է ակտիվ ապրելակերպը, ապրեք ձեր ամեն մի օրը, գտեք հետաքրքիրը ձեր օրվա մեջ, լավատես եղեք կյանքում, արեք բացահայտումներ: Սա իմ խորհուրդն է ձեզ։

Arman Mkrtchyan

Իր աչքերի մեջ խեղդվողը

Ըստ դասական սահմանման` հոգեկանը օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ արտացոլումն է` հոգեկան տարբեր երևույթների տեսքով։ Բայց երբեմն սուբյեկտիվ արտացոլումը վերածվում է զգացողությունների չդադարող անձրևի` տրտում ու, որպես կանոն, թարմ հողը ցեխի վերածող։

Չէ, չմտածեք, թե ես դեմ եմ հաճախ ռոմանտիկ ու, ավելի հաճախ, սերիալ դիտելու տրամադրություն հաղորդող եղանակներին։ Բնավ։ Պարզապես այդ դեպքում ստիպված ես լինում պարբերաբար անցնել ցեխի միջով` հագնելով քո անդուր սերկարաճիտք կոշիկները կամ, եթե կուզեք  գիտականորեն` հոգեբանական պաշտպանությունները։ Եթե նայենք մեր ներաշխարհի տեսանկյունից, ապա դրանք ամենատաք ոտնամաններն են ամեն տիպի սթրեսի դեպքում։ Բայց ի՞նչ, եթե պաշտպանությունը գործում է անդադար շուրջ 3 տարվա ընթացքում։ Սփոյլեր. Ոչ մի լավ բան։

Նախ ասեմ, որ տաքացնող կոշիկներից քո հոգեկանը կարող է ընտրել դեպրեսիայով հիվանդ կոշկակարի հորինած թավշյա զույգը։ Դրանք էլ, իրենց հերթին, ավելի ճիշտ` հերթով, կոչվում են դեռեալիզացիա և դեպերսոնալիզացիա։ Սրանք քո ներաշխարհը պաշտպանում են` այն հնավորինս արտաքին աղմուկից հեռացնելով` քեզ համար օտար ու անիրական դարձնելով ռեալ աշխարհը։

Սկզբում չհասկանալով տաքության գինը` շունչ ես քաշում անդադար տագնապից։ Աշխարհին չես նայում վարդագույն ակնոցով, ավելի շուտ` վիրտուալ իրականության ակնոցով։ Քեզ թվում է, թե ինչ-որ հայտնի ֆիլմ ես դիտում, բայց ցավոք առանց քո սիրելի դերասանների… Չնայած այստեղի դերասանները քիչ են զիջում Հոլիվուդի աստղերին։

Այսպիսով, որոշ ժամանակ վայելում ես անվճար կինոդիտումդ մինչև այն պահը, երբ գիտակցում ես, թե ինչ ժանրի է իրականում այդ ֆիլմը. հա, փաստորեն այն սարսափ ժանրի է ու մի պարզ պատճառով. դիտելով մեկ անգամ, ստիպված ես վերանայել այն նորից ու նորից։ Կարճ ասած` դու կորցնում ես իրականության զգացումդ ու վերածվում ես պասիվ դիտորդի` մեխանիկորեն կատարելով ֆիլմի գլխավոր հերոսի գործողությունները։

Ինչպես բազմաթիվ այլ խնդիրների դեպքում, ամենաերկարը տևում է գիտակցման փուլը։ Սա բացառություն չի, քանի որ գիտակցելը, որ դու ապրում ես մեխանիկորեն, չես էլ ապրում, այլ ուղղակի դիտում ես, հնարավոր չէ։ Սկսում ես ինքնուրույն գտնել լուծումներ։ Հետո դիմում ես ընկերներիդ օգնությանը։ Հետո ծնողներիդ, հարազատներիդ, ծանոթներիդ… Շղթան անվերջ է ու ապարդյուն, որովհետև ինքդ ես դժվարությամբ հասկանում քո զգացողությունները, ուր մնաց այլոք։

Բայց հրդեհներին բնորոշ է մարելը։ Ինչո՞վ է ներսդ տարբերվում հրդեհից (հարցը հռետորական է). դու էլ ես հանգում։ Դանդաղ ընդունում ես քո անելանելի վիճակը ու ապարդյուն փնտրտուքները։ Վրա է հասնում հաջորդ փուլը` խաղաղություն, երբ քո ու խնդրի միջև զինադադարի պայմանագիր է կնքվում։

Սակայն, ինչպես բոլոր այդպիսի պայմանագրերը, սա նույնպես կնքվել էր իրեն խախտելու համար։ Ու այդ երեկո ևս դու չդիմացար ու նայեցիր նրան, նայեցիր մեռնող հույսի վերջին թրթիռներով։

(Տեսարանն ամբողջացնելու համար, լավ ֆիլմերի պես, տեսախցիկը դանդաղ հեռանում է աչքերից, ու բացվում է մարմնի ամբողջ ուրվագիծը` հայելու մեջ):

Բայց դու այլևս քո արտացոլանքը տեսնողը չէիր. դու հայելու միջի աչքերում խեղդվողն էիր։

valentina

Մոտիվացված լինելու չորս պայման

Մոտիվացված լինելու առաջին պայմաններից մեկը անառողջ մարդկային հարաբերություններից ազատվելն է։ Եթե դու արդեն եկել ես էն գիտակցման, որ քո կյանքում ունես էնպիսի մարդ, ումից կախված է քո տրամադրությունը ու քո հետագա անելիքները, պետք է ուղղակի դադարես շփվել էդ մարդու հետ։ Չի կարող քո օրվա արդյունավետությունը կախված լինել ինչ-որ մարդուց, քանի որ առողջ մարդկային հարաբերություններում մարդիկ իրար մոտիվացնում են ավելի լավը դառնալու։ Որովհետև էդպես դու սպանում ես քո անհատականությունը, թույլ ես տալիս, որ ձախ ուսիդ կանգնած փոքրիկ հրեշտակը նենգաբար խմի լավ էմոցիաներդ`  խեղդվելով հենց քո պատրաստած անհամ ապուրի մեջ։ Պետք է գալ մի գիտակցման, որ շատ նորմալ է, որ ընկեր ես կորցնում, ու դա ամենևին էլ մեծ ողբերգություն չէ, այլ նորմալ չէ, երբ դու ունես «հիվանդ» հարաբերություններ, որոնք խանգարում են քեզ լինել «դու», լինել ավելի լավը ու ավելի մոտիվացված:

1․ Կայացնել հստակ որոշում ու հետևել այդ որոշմանը։ Նորմալ չէ, երբ շփվում ես մեկի հետ, ով քո մեջ «մեխում» է կոմպլեքսներ ու սպանում քո «դու»-ն լինելու ունակությունը։  Եթե մտածում ես, որ ուժեղ չես, ուրեմն հավատա, որ ուժեղ ես։ Եթե վերլուծել ես ու եկել ես եզրահանգման, ուրեմն նաև պատրաստ ես կուլ տալ հետևանքները։

2․ Մի թշնամացիր։ Եթե դու որոշել ես չշարունակել հարաբերությունդ, դա դեռ չի նշանակում, որ տվյալ մարդը վատն է։ Չկան լավ ու բարի մարդիկ, կան լավ ու վատ հատկանիշներ։ Թշնամանալով, դու միայն չարանում ես ինքդ քո հանդեպ, քո ձեռքով կարճացնում ես կյանքիդ տևողությունը ու լցվում ես հոգնեցնող նեգատիվով, որը քեզ խանգարելու է առաջ նայել։ Ազատվիր բացասական մթնոլորտից, որովհետև եթե չազատվես՝ նոր կինո է սկսում՝ անառողջ հարաբերություն ինքդ քեզ հետ։ Բա քեզ պե՞տք ա։

3․ Սիրիր։ Սիրիր քեզ, ինչպես որ կաս։ Տգեղ քի՞թ ունես։ Շատ լավ։ Ամեն օր նայիր հայելու մեջ ու արա աշխարհի ամենասիրուն հաճոյախոսությունները քթիդ։ Հենց դու ունես էդ քիթը, իսկ դա արդեն ինչ-որ առավելություն ունի։ Սիրիր քիթդ։ Սիրիր մարդասպանին, որ էլ մարդ չսպանի։ Սիրիր բոլորին ու սիրելով բալանսավորիր միջիդ դրականն ու բացասականը։

4․ Մի կորցրու իրականությունը ու քիչ երազիր հավերժական բաների մասին։ Նորմալ են բոլոր տեսակի կորուստները, նորմալ չի քո անորոշ վերաբերմունքը դրանց հանդեպ։ Ուղղակի առավոտյան աչքերդ բացելուց հիշիր, որ դու ունես ինքդ քեզ, իսկ դա արդեն լրիվ բավարար է մոտիվացված լինելու համար։ Դու ունես ՔԵԶ՝ այն մարդուն, ումից կախված է քո տրամադրությունը։