Shushan nersisyan

Թեյի սեղան

Ես քեզ թեյի մեկ սեղան եմ պարտք, զրույցի թեման դու ինքդ կորոշես: Հենց որոշես, կհանդիպենք քաղաքի սրճարաններից մեկում, որ թեյ խմենք: Մատուցողն այդ օրն արդեն որերորդ անգամ իրենից գոհ դեմքով մեզ՝ իր համար հերթական թեյ խմող մարդկանց կմոտեցնի թեյերի տեսականին, իսկ մենք կտարբերվենք հերթական թեյ խմողներից, մենք պարզապես տաք թեյ կպատվիրենք, եղածներից ամենատաքը, որի գոլորշին կխառնվի իմ ժպիտին: Շաքարավազի կարիք չի լինելու:

Ես հագնելու եմ թափանցիկ բլուզ, դու՝ վանդակավոր վերնաշապիկ. այդպես դու իդեալական ես: Մազերս հավաքելու եմ ամենաանփույթ տարբերակով, դու կլինես բոլորից կոկիկ (ինչպես միշտ): Շրթներկ չեմ քսելու, ժպտալու եմ, դու լինելու ես լուրջ, մի քիչ գործնական (ինչպես միշտ):

Խոսակցության թեմաները, ինչպես որոշել էի, դու ես առաջարկելու, ես ձևացնելու եմ, թե հետաքրքիր են: Դու խոսելու ես, իսկ ես ձևացնելու եմ, թե հասկանում եմ: Մի քանի հերթապահ հարց կտամ, դու կպատասխանես լուրջ, մանրամասնորեն (ինչպես միշտ):

Իսկ ես լսելու եմ, լսելու եմ ձայնդ, երբեք չփոխվող ձայնդ…

Դու շարունակելու ես խոսել, ես՝ ձևացնել:

Բաժակներում եղած թեյը, ձանձրանալով ձևականություններից, աստիճանաբար սկսելու է սառչել, ու դու թեյնիկում մնացած տաք թեյով տաքացնելու ես առաջինն՝ իմ, հետո քո բաժակի թեյը՝ երկարացնելով մեր հանդիպումը: Ես շարունակելու եմ ժպտալ…

Հետո զգալու եմ հանդիպման վերահաս ավարտը ու երկու ափով գրկելու եմ բաժակս, որ թեյը չսառչի: Դու շարունակելու ես խոսել, ես՝ զգալ ավարտը, դու՝ խոսել, ես՝ զգալ…

Սրճարանից դուրս գալու առաջարկը քոնն է լինելու (ինչպես միշտ), ես երբեք նման առաջարկ չէի անի: Ես չեմ մերժելու: Իմ պատվիրած տաք թեյի համար դու ես վճարելու (դու երբեք թույլ չես տալիս, որ քո փոխարեն ուրիշները վճարեն): Ու ես նորից քեզ մեկ թեյի սեղան եմ պարտք մնալու:

Մենք քայլելու ենք դեպի դուռը (միակ բանը, որ այդ օրը երկուսս միաժամանակ ենք անելու): Դու բացելու ես դուռը, առաջինը ես եմ դուրս գալու՝ թիկունքիս զգալով ներկայությունդ:

Սրճարանից դուրս ենք գալու միասին՝ սեղանին թողնելով երկու կիսատ թեյի բաժակ, որոնցից մեկի թեյն ամբողջովին սառած է լինելու, մյուսը վերջին ճիգերով պայքարելու է չսառչելու համար՝ կարծելով՝ դեռ կերկարացնի հանդիպումը: Այս վերջին բաժակի թեյը ամբողջովին կսառչի միայն այն ժամանակ, երբ զգա, որ հանդիպումն ավարտվել է, ու իր սառչել-չսառչելը ոչինչ չի փոխելու, որ չսառչելու պայքարն անիմաստ է:

Երբ մատուցողը մոտենա մեր սեղանին, գտնելու է երկու արդեն ամբողջովին սառած թեյի բաժակ։

Arman Mkrtchyan

Դատարկ լռությունը

Սովորականի պես արթնանում ես։ Խմում ես մի դույլի չափ ջուր, որպեսզի գոնե մի քիչ փարատես աչքերիդ չորությունը։ Առանց նախաճաշելու` դուրս ես սողում տնից, գլխարկ էլ չես վերցնում. միևնույնն է եղանակը տաքանալու էր, նախորդ օրը ճշտել էիր։ Օդերով ես, ու թեև կանգառը մոտ է, իսկ ավտոբուսի գալուն մի քանի րոպե կա, միևնույնն է, միջինից արագ ես շարժվում։ Երևի ցրտից է։ Հա, այն կայքի կանխատեսումները, որոնք կարդացել էիր, հօդս ցնդեցին, երբ ականջներդ մետաղի սառնություն ձեռք բերեցին։ Անցնում ես դիմացի մայթ` դժվարությամբ համաձայնեցնելով քայլերդ մոտեցող մեքենաների հետ։ Դրանց վարորդները, երևի, Ֆորտ Բոյարդի «տակ են մնացել». հույսները կորցրած փորձում են բացատրել, թե որտեղ է ճանապարհն անցնելու «բանալին»։ Բայց կողքից երևում են միայն մեքենայի դիմացի լույսերի անկապ միացումներ ու անջատումներ։ Գտնելով բանալին, ոգևորված` (ընդհանրապես) այն փոխանցում ես մյուս մասնակցին։ Հաջորդ փուլն ավելի բարդ է. այդ դեպրեսիվ եղանակի ընկերակցությամբ` սպասել քո երթուղայինին։ Որպես կանոն, սպասում ես 5-10 րոպե, ոչ ավելի։ Բայց այսօր… կես ժամ։ Այսինքն շուրջ 30 րոպե դու ստիպված ես խոսել ինքդ քեզ հետ ինչ-որ «ծեծված» թեմաների մասին: Սակայն այս անգամ դու սառած ես, ու ոչ թե, ավելի ճիշտ` ոչ միայն, արտաքինից, այլ նաև ներսից։ Ճանաչելով քեզ` կարող ես ասել, որ շատ սովորական է, երբ ամբողջ օրը ուրախ ես լինում ու մի որևէ պահի վերածվում այտի վրա սառած արցունքի. դառը ու սառը։ Բայց այս անգամ զգացողությունն այլ է. ներսումդ ինչ-որ բան պակասել է։ Ունենալով, միլիոն անգամ նշեցի, թե ինչքան ժամանակ, սկսում ես հետազոտել բոլոր մտքերդ` դրանք ենթարկվելով վայրկյանական զննման։ Քիչ անց հասկանում ես, որ ամեն ինչ կարծես տեղում է. մտքերդ սովորականից ավելի նորմալ են թվում, իսկ տխրության ավազանին դեռ լցվելու տեղ կա։ Դու զգում ես խորը անորոշություն. ներսդ նորից դատարկվո՞ւմ է։

Այդ մտորումներով տարված՝ չես էլ նկատում, որ գրեթե բոլոր սպասողները գնացել են՝ մտածելով, որ ավտոբուս չի լինելու։ Դա, անկախ ամենից, նույնպես նորմալ է, քանի որ վերջին շրջանում երթուղայինի վարորդները հաճախ են գործադուլ անում։ Լավ, ինչևէ։ Քեզ ապուշ զգալով (դե, որովհետև հերիք չի էդքան սպասեցիր ու մեքենան չեկավ` ծակող մտքերն էլ 100% զեղչով «կապեցին» վզիցդ)՝ հետ ես դառնում ճանապարհի մյուս կողմ, բայց առանց որևէ հաղորդման մասնակցելու. անգամ այն վարողներն էին սառել ու հեռացել։ Նստում ես այլ տրանսպորտ, իջնում շրջանի ցածրին մասերից մեկը ու շարունակում ճամփադ` հաջորդ գազելի մեջ խցկվելով։

Սովորականից ավելի սովորական օր ես ունենում ու նույն մտքերով նստում երթուղային։ Սակայն այս անգամ միայնակ չես. փոփ ժանրի արտիստները մերթ շշնջում են, մերթ, անսարք ռադիոյի պես, աղմկում ականջներիդ մեջ։ Դա օգնում է. դու ցրվում ես` վերջապես մոռանալով առավոտվա ծակող մտքերը։ Այդ ընթացքում ձանձրույթից կողքերդ ես նայում, աչքերով շոշափում բոլոր լույսերը և ստվերները, նկատում ամեն մանրուք, բայց այլևս ոչինչ չես զգում` դետալների դերը մեծ համակարգում հասկանալուց հետո։ Ոչ մի զգացմունք։ Աչքերդ լռում են։ Բայց այդ լռությունը ճնշում է, ընկճում… վերջնականապես դատարակում ներսդ։ Մտքերդ չեն կորել, չէ, բայց սառած են. առավոտվա օդից էլ սառն են։

Մեքենան կանգնեց արդեն. տեղում էիք։ Նորից անշարժ նայում ես դուրս. եղանակը քիչ է փոխվել, ներսինդ` նույնպես։

-Չե՞ս իջնում։

Ձայնը հեռվից էր գալիս։ Երևի վարորդն էր։ Դրամը նրան ես փոխանցում ու իջնում։ Փողոցում շատ մարդիկ կային, բայց փողոցը դատարկ էր։

Արդեն տանն ես։ Չես հիշում` ոնց հասար. կարևոր չի։ Սենյակումդ ես։ Դուռը փակ է, պատուհանները` նույնպես։ Բայց սենյակում քամի կա, անտանելի սուր քամի։ Ներսիդ լռությունը քեզ պատռելով դուրս է հոսում, ինչից սենյակն էլ է լռում։ Ու դու վերջապես դատարկվում ես լռության մեջ` լռելով դատարկությունից։

anushik mkrtchyan

Դատարկ սեղանները լրացնելու մտքերով

Բարև: Հուսամ՝ ինձ չեք մոռացել: Հեռախոսիս մեջ ունեմ մի քանի հավաքած կիսատ նյութեր, որոնց սկզբում միշտ նշել եմ, որ վաղուց չեմ գրել, ու սա էլ բացառություն չի կազմում, հետևաբար, վերջապես կարողացա նյութը կիսատ չթողնել ու վերջացնել: Ինձ երբեմն թվում է, որ ընտանիքիս մասին խոսելը ընթերցողի համար դարձել է ծեծված թեմա, բայց քանի որ ես չգիտեմ, թե իրականում ինչ է մտածում ընթերցողը, ավելի լավ է ուղղակի գրեմ:

Մենք ունենում ենք առիթներ, տոներ, խնջույքներ, որոնք նշվում են ընտանիքի բոլոր անդամների ու հարազատների հետ: Մեր սեղանները քիչ-քիչ դատարկվում են: Ասածս կապ չունի մարդկանց կորստի հետ, այլ ուղղակի ներկա չլինելու: Որպես ամենամեծ տոն, ուզում եմ խոսել Ամանորի մասին, որովհետև շուտով այն մոտենում է, բայց սեղանս մնում է դատարկ:

Ես կարող եմ երկար պատմել մեր ընտանիքում նշվող Ամանորի մասին, որովհետև այն հետաքրքիր էր անցնում, ոնց որ ֆիլմերում: Ամենահետաքրքիրը, որ կարող եմ պատմել, դա մամայի մոտեցումն էր Ամանորին: Նա մեզնից շատ էր սպասում Նոր Տարվան, դեռ մեկ ամիս շուտ պատրաստվում ու ամանորյա շունչ հաղորդում: Նա երբեք չէր անհանգստանում այն բանի համար, որ մոռացել է պատրաստել կոտլետը կամ ձեթի մեջ տապակել «բլինչիկ» ասվածը, որովհետև մտածում է, որ Ամանորը դրա մեջ չէ: Դեկտեմբերի գալուն պես սկսում էր զբաղվել իր սիրելի գործով՝ դիզայնով, ու արդյունքում ունենում էինք գեղեցիկ ու օրիգինալ խաղալիքներ ու ոչ միայն: Հետո միացնում էր ամանորյա երաժշտությունը ու ամեն ինչ արտակարգ էր: Հայրիկի մոտեցումը․ նա միշտ մեզ համար գնում էր նոր խաղալիքներ, կպչուն նկարներ, լույսեր, ու առհասարակ, ամեն ինչ Ամանորի հետ կապված: Հենց դեկտեմբերի 31-ին, երբ սկսվում էր Նոր Տարին, չէինք մոռանում մեր ընտանեկան ավանդույթը, ըստ որի պետք էր ունենալ նոր խաղալիքներ, երազանք պահել ու դրանք կախել տոնածառից, իսկ դրանից հետո պարում էինք: Հայրիկը չէր մոռանում ուտել 12 խաղողի հատիկ ու երազանք պահել: Հորեղբայրը՝ ասել ամենասիրուն կենացները: Հորեղբայրը կենաց ասելու մեծ վարպետ է: Հորեղբոր կինը չէր մոռանում մեզ հետաքրքրիր նվերներ մատուցել: Հիշում եմ, որ մի անգամ այդ նվերները դրել էր իր պատուհանին ու ինձ խնդրեց դրանք բերել: Իսկ տատիկն ու պապիկը ուրախանում էին՝ մեր ուրախությունը տեսնելով: Հիմա ամեն բան փոխվել է: Հեռախոսից այն կողմ կենացներ, նվերներ, 12 խաղողի հատիկներ ու ամանորյա երաժշտություն: Դրանք չեն ջերմացնում: Հետաքրքիր չէ արդեն պարելը, որովհետև մեզ մաման էր ստիպում պարել՝ իր բարձր տրամադրությամբ: Շուտով Ամանոր է ու գուցե դրա մասին խոսելը՝ շուտ, այնուամենայնիվ, ուզում եմ ասել, որ ես դեռ սպասում եմ հետաքրքիր Ամանորի ու ուզում եմ ասել, որ տոնածառի խաղալիքները չեն թարմացվել: Հետ գալու ճիշտ ժամանակն է:

Հ. Գ. Անկեղծ ասած՝ 12 խաղողի հատիկներ ուտել ու երազանք պահելը միայն հայրիկը չէր անում: Ու կարծում եմ, որ մեր հատիկների հաշվարկներում մի տեղ սխալվել ենք:

manana arxiv

Լռությունը համաձայնության նշան է

Չեմ հասկանում, թե ով է հորինել այս հիմար արտահայտությունը: Ու ամենահետաքրքիրն այն է, որ գրեթե բոլորը այն օգտագործում են, ու շատ լավ են զգում իրենց:

Ո՞վ է ասել, որ լռությունը համաձայնության նշան է: Ձեր կյանքում երբևէ գրանցվե՞լ է թեկուզ մի դեպք, երբ դուք լռեք, և ձեր լռությունն իսկապես համաձայնության նշան լինի: Հենց ճիշտ այդպիսի դասական դեպք, երբ ձեզ հարց տան, և դուք մռայլորեն իջեցնեք աչքերը, խորունկ հայացքով նայեք գետնին, մտամոլոր կոտրատեք ձեռքերը, ու լռեք, լռեք… Եվ մտովի պատասխանեք այդ հարցին` այո, այո, համաձայն եմ, ճիշտ է, ամեն ինչ հենց այդպես է, որ կա:

Դա ի՞նչ հիմարություն է: Ո՞վ է լռում` ի նշան համաձայնության: Իսկ չե՞ք մտածել, որ լռությունը կարող է լինել, օրինակ, հիմար հարցի նշան: Կամ զրուցակցի` ձեր հարցը չլսելու նշան: Կամ, զրուցակցի, ինչու ոչ, ձեր հարցի վրա թքած ունենալու նշան:

Իմ կարծիքով լռությունը հիմնականում պատասխանը չիմանալու նշան է: Այ, հարցնում են ձեզ, օրինակ, սիրո՞ւմ եք հիմալայան կանաչ սեզից պատրաստված թեյ: Եվ դուք լռում եք, որովհետև չգիտեք, ազնվորեն պատկերացում չունեք` սիրում եք արդյոք հիմալայան կանաչ սեզից պատրաստված թեյ: Ավելին` դուք նույնիսկ չգիտեք, թե ինչ է հիմալայան կանաչ սեզը:  Եվ դուք մռայլորեն իջեցնում եք աչքերը, խորունկ հայացքով նայում եք գետնին… իսկ հարց տվողը, սպասելով մի քանի վայրկյան, ուրախ-ուրախ հայտարարում է, որ լռությունը համաձայնության նշան է:

Ժամանակն է հրաժարվել անիմաստ ասացվածքներից: Բավական է լռեք:

Mariam Yavrumyan

Առաջին սիրահարվածություն

Դու արդեն ոչ ոքի հետ չես շփվում, որովհետև դժվար է նայել ուրիշների դեմքին, երբ դու իրականում միայն մեկինն ես ուզում տեսնել:
Ընկերներ ընդհանրապես չունես:

Ծանոթներիդ տեսնելիս գլուխդ կախում ես, որ նորից անիմաստ հարցեր չտան ու չշեղեն քեզ մտքերիցդ: Ավտոբուս չես նստում, ոտքով ես գնում տուն: Ավտոբուսի` կես ժամվա ճանապարհը ոտքով ես գնում, մոտ 2 ժամում: Հույս ունես, որ ճանապարհին կտեսնես նրան, էլի մենակ, ականջակալներով ու վերջապես երկար դադարից հետո կհանդիպես նրան: Բայց ախր, գիտակցում ես, որ ինքը քաղաքի էդ մասերում բացարձակ գործ չունի: Դուք ապրում ու սովորում եք լրիվ տարբեր տեղերում: Բայց լռեցնում ես ներսիդ վատատեսին ու գնում` հուսալով, որ ինչ-որ պատահականությամբ հայտնված կլինի:
Ինքն էլի չի լինում, ու էլի մեջդ մի բան փշրվում է, վերանում: Ու օրեցօր դու ես սկսում վերանալ, բայց դեռ չես գիտակցում:
Փորձում ես մոռանալ օծանելիքի հոտը, գրկելու ձևը, բայց չես կարողանում: Ակամա սկսում ես համակրել ծանոթներիդ, որոնք նրա հետ ինչ-որ ընդհանուր բան ունեն. նույն վանդակավոր վերնաշապիկից, նույն սիրած երգերից, նույն սիրելի ուտեստից կամ  ոգևորվածությամբ ու երեխայական ուրախությամբ պատմելու իրերից ու երևույթներից, որոնք սիրում են:
Բայց գիտես, որ անթերի թերությունների փունջ, որպիսին միայն ինքն է, էլ երբեք ու երբեք չես գտնի: Ոչ մեկի մեջ: Ոչ ոք թեյերից ու նրանց տեսակներից այնքան գլուխ չի հանի, որչափ որ ինքը: Ոչ ոք մանրուքներին այնքան ուշադիր չի լինի, որքան ինքը: Ոչ ոք Լանա Դել Ռեյ այնքան չի սիրի, որքան ինքը: Ոչ ոք այնքան սիրուն չի նայի քեզ, որքան ինքը:
Ոչ ոք երբեք ինքը չի լինի:

manana arxiv

Ինչն է ինձ հուզում աշխարհում

Ճիշտն ասած, ինձ աշխարհում շատ բան է հուզում: Կոնկրետ այս պահին ինձ ամենաշատը հուզում է այն, որ հիմա ընկերներ ունենալը շատ բարդ է: Եթե փող ունենաս, ընկեր էլ կունենաս: Իսկական ընկերություն գոյություն չունի: Չէ՞ որ ընկերներ փողով չես գնում: Սա ինձ շատ է հուզում, որովհետև չեմ կարծում, թե աշխարհում լինի մի մարդ, որ ընկերների օգնության կարիք չզգա: Սրա պատճառով էլ փոխվում են մարդկանց չափանիշները, ամեն ինչ գնահատվում է հարստությամբ: Հիմա աշխարհում ամեն ինչ կախված է թղթադրամից, որը ցանկացած երեխա կարող է պատռել ու գցել մի կողմ:

Ծովինար Տալյան, 13 տարեկան

***

-Ինձ չեն սիրում, ինձ չեն հասկանում, մեծերը իրենց չգիտեմ ինչի տեղ են դնում, փոքրերը հարգանք չունեն մեծերի հանդեպ, մարդիկ իրարից խուսափում են… Մի՞թե արդեն այդքան հեռուն ենք գնացել, եթե այդպես է, ուրեմն աշխարհի վերջը սա է…

-Վարդան,-կտրեցի ընկերոջս մտքի թելը, և իր տոնով շարունակեցի,-մի՞թե դու այնքան ծերացել ես, որ ամեն ինչը գորշ գույներով ես տեսնում:

-Ես ռեալիստ եմ:

-Քո տիպի ռեալիստներին հոռետես են անվանում:

-Կարող ես ինձ ձեռք առնել, բայց, մեկ է, աշխարհի վերջը մոտ է…

Ընկերս տասնհինգ տարեկան է: Դասամիջոցներին բոլորը հավաքվում են նրա շուրջը, լսում են, վախենում… Իսկ եթե իսկապե՞ս այդպես է…

Էլեոնորա Հարությունյան, 15 տարեկան

***

Ինձ հուզում է ցուրտը: Հենց գալիս է ձմեռը, վախենում եմ, որ լույս չի լինի, ճանապարհները կսառեն, վթարներ կլինեն, մարդիկ կմահանան: Գյուղերում ու սարերում մարդիկ կհիվանդանան ցրտից: Ճանապարհներին մերկասառույց կլինի, ավտոմեքենաները կսայթաքեն և վթար կլինի, իսկ վթարից բոլորը մահանում են:

Հովնան Բաղդասարյան

***

Հաճախ է պատահում այնպես, որ անծանոթ մարդկանց եմ հանդիպում ու պետք է ծանոթանամ նրանց հետ: Ես էլ առաջնորդվում եմ հայտնի երգի բառերով` ժպիտից է ծնվում ընկերությունը: Ու ես ժպտում եմ: Չեք պատկերացնի, ինչպիսի գերագույն հաճույք է, երբ ժպիտիդ ժպիտով են պատասխանում. այնքան ջերմություն է բխում ու փոխանցվում, այնքան հաճելի է…

Իսկ երբ ժպիտդ արհամարհվում է, էլ ի՞նչ հաճույք, ի՞նչ ջերմություն: Մի՞թե դժվար է ժպտալը, թեկուզ` աչքերով:

Ես կոչ եմ անում. եկեք ժպտանք անծանոթներին:

Անուշ Մուրադյան, 15 տարեկան

***

 

 

-Ռիմ, արթնացնիր, դասի ես:

Այսպես ամեն առավոտ ասում է մայրս: Թե ո՞վ է որոշել, որ դասերը շուտ պետք է սկսել,- ամեն արթնանալուց մտածում եմ նույն բանը ու նորից քնում:

-Ռիմ, արդեն ժամը ութն անց կես է:

Ուֆ, շուտ արթնանալը հասկացանք, բա որ մտածում ես, որ վեց ժամ դպրոցում ես լինելո՞ւ: Չէ՞ր կարող ժամացույց հնարողն այնպես աներ, որ գիշերվա ժամերը երկար տևեին, իսկ առավոտվա ժամերը` կարճ: Կամ դասերը շուտ անցնեին, իսկ խաղերը երկար ձգվեին: Ամեն օր դասի ես գնում, երկու ժամ դաս ես սովորում, որ մի հատ «հինգ» ստանաս, ողջ օրը պարապում ես, որ մաթեմատիկայից «չորս» ստանաս: Ո՞ւմ է պետք:

-Ռիմ, ութն անց քառասուն է արդեն:

Լավ, վեր կենամ, այսօր գոնե քառասուն րոպե շատ եմ քնել:

Ռիմա Տոֆանյան, 13 տարեկան

***

Ես միշտ մտածում եմ, թե ինչու երեխաները իրար հետ չեն ուզում ընկերություն անել: Նույնիսկ համադասարանցիները խուսափում են իրարից: Շատ աղջիկներ էլ ամաչում են տղաների հետ խոսել: Վերջերս իմ դասընկերներից մեկի տատիկն էր մահացել: Աղջիկներից մեկը մոտեցավ նրան ու ցավակցեց: Դրանից հետո աղջիկներն անընդհատ ձեռ էին առնում նրան: Եթե ես հնարավորություն ունենայի աշխարհում մի բան փոխել, ապա այնպես կանեի, որ բոլորն ընկերանային իրար հետ:

Մարիամ Մանուկյան, 12 տարեկան

***

-Ճուտ, էս գցիր սեղանիս,- ասաց հսկայական ականջներով ու աչինչ չարտահայտող դեմքով մի տղա` ձեռքի տոպրակը, որ պայուսակ էր ծառայում, տալով փոքրահասակ, թուլակազմ մի տղայի:

«Ճուտը» սուսուփուս վերցրեց տոպրակն ու մտավ դասարան:

-Ինչո՞ւ ես լսում Կարենին, այ, Արման,- բարկացավ աղջիկներից մեկը: Արմանը քթի տակ ինչ-որ բան քրթմնջաց: Հետո սկսեց լեզվակռիվը: Կարենին պաշտպանողներ էլ շատ կան, բոլոր նրանք, ովքեր վախենում են նրանից:

Ես ինձ նվաստացած եմ զգում, երբ իմ կողքին փորձում են ճնշել թույլերին:

Լուսինե Հակոբյան, 14 տարեկան

***

Ինձ ամենից շատ հուզում է սև գույնը: Փողոցներում ամենուր սևազգեստ երիտասարդներ են:Երբ տեսնում եմ նրանց, տրամադրությունս ընկնում է, տխրում եմ: Խեղճերը չեն տեսնում գույները, երկինքը, արևը: Իսկ երբ չեն տեսնում գույները, շատ-շատ բան չեն տեսնում ու չեն հասկանում:

Նանե Սահակյան, 15 տարեկան

Իմ «Տարվա մարդը». մրցույթ

Ինչպես հավանաբար գիտեք, աշխարհի մի շարք լրատվամիջոցներ և կազմակերպություններ ամեն տարեվերջի տարբեր չափանիշներով ընտրում կամ որոշում են անցնող տարվա «Տարվա մարդուն»: Դրանցից թերևս ամենահայտնին` ամերիկյան «Թայմ» ամսագիրը իր ընտրությունը պայմանավորում է այն ազդեցությամբ, որ ունեցել է տվյալ անձը (կամ անձիք) աշխարհը դեպի լավը կամ դեպի վատը ձևափոխելու գործում: Վերջինիս ընտրյալները, որպես կանոն, առաջատար  քաղաքական ու հասարակական գործիչներ են` Ռուզվելտն ու Չերչիլը, Հիտլերն ու Ստալինը, Թրամփն ու Մերկելը:

Իսկ մենք ուզում ենք, որ դուք պատմեք այն մարդկանց մասին, ովքեր կարևոր ազդեցություն են ունեցել անձամբ ձեր վրա` ձևավորել կամ ձևափոխել են ձեր արժեհամակարգը, մտահորիզոնը, ներաշխարհը, ոգեշնչել ու օրինակ են ծառայել, մի խոսքով` որոշիչ կամ կարևոր դեր են խաղացել ձեր կյանքում 2019 թվականին: Բնականաբար ձեր «Տարվա մարդը» կարող է ամենևին էլ հանրաճանաչ ու մարդկության հաղթական առաջընթացում զգալի ներդրում ունեցած անձնավորություն չլինել: Չգիտես ինչու, մեզ թվում է, որ ձեզ համար նման կարևոր անձնավորություններ հանդիսացել են, այնուամենայնիվ, ոչ թե պարոնայք Թրամփն ու Պուտինը, և ոչ էլ անգամ ամենքիս այնքան սիրելի Մարկ Ցուկերբերգը (չնայած այսօրինակ տարբերակներն էլ չեն բացառվում), այլ ասենք, մորական պապիկը, համակուրսեցին, ուսուցիչը, գործընկերը, պատահական ուղեկիցը կամ նույնիսկ որևէ գրական հերոս:

Ներկայացրեք ձեր «տարվա մարդուն»` ո՞վ է նա, և ի՞նչ դեր է խաղացել ձեր կյանքում:

Ձեր նյութերը կարող են լինել ակնարկներ, կարճ ֆիլմեր, ֆոտոպատմություններ կամ այդ բոլորի համադրությունը:

Նյութերը կարող եք ուղարկել սկսած վաղվանից մինչև դեկտեմբերի 25-ը` 17am.reporter@gmail.com էլ.հասցեին: Դրանք կհրապարակվեն ըստ ստացման: Խորհուրդ չենք տալիս սպասել մինչև վերջնաժամկետը, որովհետև չենք խոստանում, որ կհասցնենք հրապարակել ուշ ստացված բոլոր նյութերը, իսկ չհրապարակված նյութերը մրցույթին չեն մասնակցի:

Մրցույթի երեք հաղթողներին կորոշի ժյուրին, ևս երեքին` համացանցը` ըստ հավանումների թվի:

Հաղթողներին սպասում են մրցանակներ և ինչպես գովազդներում են ասում` անակնկալ նվերներ: Թե հատկապես ինչպիսիք, առայժմ գաղտնիք է, բայց խոստանում ենք, որ վերջիններս ոչ մեկին չեն հիասթափեցնի:

Հաջողություն ենք մաղթում:

Mariam Amirjanyan Artsakh

Պատիժ

Հաճախ կապ չունի, թե քանի տարեկան ես, տարիքը ընդամենը թիվ է՝ մաթեմատիկական սուտ հաշվարկ: Մինչդեռ ավելի կարևոր է տարիքը` գաղափարական հասունության համար: Ես ընդամենը տասնվեց տարեկան եմ, և այսօր իմ կենցաղում, նաև շրջապատում տեղի ունեցող շատ իրադարձությունների ականատեսը լինելով` զգում եմ՝ տարիքս չի խոչընդոտում կարծիքս կամ գաղափարներս արտահայտելու համար: Տարիքս միայն խանգարում է իմ ու շատ ուսուցիչների հասկացողական կապերի հաստատմանը: Դա ընդհարում չէ, այլ բախում պահպանողական ու ազատական հոսանքների:

Ի սկզբանե եղել եմ ազատ ընտրություններումս, անկաշկանդ հայացքներումս և հաստատակամ որոշումներիս մեջ: Առհասարակ, ըստ իս, սրանք են հիմք հանդիսանում լիիրավ անհատականության ստեղծմանը: Միշտ խուսափել եմ գրել կամ խոսել երրորդ դեմքով, դա անորոշ է, անսովոր, անհամապատասխան խառնվածքիս ու էությանս: Անկեղծորեն ներկայացնեմ մի փոքր, բայց և շատ կարևոր դիպված իմ դպրոցական անցած-գնացած օրերից:

Դեռ աստղիկներ էինք… Չեմ հիշում` առաջին, թե երկրորդ դասարանում, երբ ինձ մոտ առաջացան խնդիրներ` կապված տեսողության հետ: Բայց քանի որ մեծ մասամբ դասերս ինքնուրույն էի սովորում, կարճատեսությունս ծնողներիս աչքից վրիպեց: Ինչևիցե, սովորաբար գրատախտակից արտագրությունները իմ կողքին նստող դասընկերոջիցս էի կատարում: Սակայն օրերից մի օր նա հիվանդացավ և դադարեց որոշ ժամանակ դպրոց հաճախել: Ես մնացի միայնակ: Երկու օր հետո որպես թեմատիկ աշխատանք հերթական արտագրությունը պիտի անեինք, բայց ինչպե՞ս: Նույնիսկ չէի գիտակցում, որ չեմ տեսնում աշխարհն այն գունապնակով, ինչպես իմ ընկերները: Մի կերպ արտագրեցի այն, ինչ տեսա, հենց այդպես կիսատ-պռատ ու տառասխալներով: Արտագրությունը ավարտելուց հետո՝ սկսած առաջին նստարանից, հերթով տանում էինք ուսուցչուհու մոտ ստուգման: Հերթը հասավ ինձ, և ես վախվորած, անվստահ քայլերով մոտեցա ուսուցչական սեղանին, տետրս վայր դրեցի: Ուսուցչուհին սկսեց ընթերցել, միաժամանակ՝ ստուգել, ամսաթվից ներքև ամեն մի բառ ընթերցելուց հետո նրա դեմքի վրա նշմարվում էր բարկությունը, թերևս իմ աչքերով` չարությունը: Մի քանի նախադասություն էր մնացել ավարտին, երբ արմունկներիցս վերև` հաստլիկ ու փափուկ մկաններիս վրա զգացի մի անսովոր ցավ: Այդ «նա» էր, որ որոշել էր ինձ պատժել՝ տերթոդիկյան մեթոդներին բնորոշ կճմթոցներով ու հարվածներով: Հիշողությանս մեջ կոնկրետ չեմ պատճենել, թե ինչ պատճառով, բայց լավ հիշում եմ գրատախտակի մոտ մի փոքր թերացման համար ձողի կոտրումը ինձ վրա: Այն ձողի, որ դամոկլյան սրի պես միշտ կախված էր գրատախտակի գլխավերևից։ Այն ժամանակ ինձ թվում էր, թե իմ գլխավերևից: Թեկուզ մեկը կոտրվեց վրաս (ուժեղ հարվածի հետևանքով), սակայն շատ արագ կրկին վերականգնվեց։

Գիտե՞ք` քանի տարի է անցել այս օրերից ու դեպքերից: Եթե չլիներ հենց այս հոդվածս, երևի հարկ չհամարեի տակնուվրա անել հիշողություններս։ Այսօր, երբ արդեն համարյա մեկ ու կես տարի է մնում դպրոցական կյանքիս ավարտին, իսկ ես դեռ նստած եմ աշակերտական նեղլիկ նստարանին, երբ այլևս առաջվա երեխան չեմ, ժամանակ առ ժամանակ փորձում եմ վերարտադրել, միգուցե փիլիսոփայել, որ հիմա էլ նույն ուսուցիչների առջև եմ, ոչինչ չի փոխվել, միայն հետս ավելի ուրիշ տոնով են խոսում, ավելի մեղմ, ավելի նուրբ: Միգուցե մարդիկ, առանց մասնագիտական սահմանափակման՝ ժամանակի խորքային մեծության մեջ ներում են իրենք իրենց, մոռանում ցավը (ֆիզիկական կամ հոգևոր), որ պատճառել են իրենցից թույլ էակներին, չէ՞ որ դրանով նրանք մեղք են գործում, մեղք, որ աստվածաշնչյան քարոզներով դատապարտված է ներման:

Իսկ ես ինչո՞ւ պիտի ներեմ, մարդկային ո՞ր տրամաբանությամբ, սահմանադրության ո՞ր հոդվածով: Ներելը առաքինության դրսևորում է, բայց Աստված ինձ չի օժտել այդ առաքինությամբ բավարար քանակով: Ես նման ուսուցիչ- ուսուցչուհիների վրեժխնդրության հարցում լվանում եմ ձեռքերս (նույնը խորհուրդ կտայի բոլորին): Ու առհասարակ, կյանքի վայրիվերումներով ընթացող արահետը հատելիս, հաճախ հանդիպում են խնդիրներ, որտեղ պարտավոր ենք մենակ թողնել Աստծուն ու սատանային:

Tamara Arman

Մեր կյանքը

Երկար ժամանակ է, ինչ նյութ չեմ գրել: Երևի, ինչ ամուսնացել եմ, անընդհատ ցանկանում էի գրել, բայց մի քանի տող գրում էի ու կանգնում` վառելանյութը վերջացած ավտոմեքենայի նման: Այժմ ցանկանում եմ գրել մինչև վերջ:

Ինչպես ասացի, արդեն ամուսնացել եմ, ունեմ բալիկ, ապրում եմ ամուսնուս ծնողների հետ: Տանը, բացի մեզանից, ապրում են նաև ամուսնուս եղբոր ընտանիքը` կինը և երկու երեխաները: Մի խոսքով բազմանդամ ընտանիք ենք: Ես դեռ սովորում եմ համալսարանում, երրորդ կուրսում եմ, ու ասեմ նաև, որ ունեմ բարձր առաջադիմություն: Փորձում եմ ամեն կերպ կարգավորել առօրյաս, որ ո’չ բալիկս տուժի, ո’չ դասերս, ո’չ ընտանիքս, ո’չ էլ առօրյա գործերս:

Հա,  20 տարեկան աղջկա համար շատ բան եմ վերցրել ուսերիս, բայց կարևորը ցանկությունն է կատարելու և կամքը` չհանձնվելու:

Երեկ հյուրեր ունեինք արտերկրից` ամուսիններ էին: Առավոտյան ժամը11-ն էր, մեր ծաղկի ցելոֆանե «ծածկոցներ» բացելու ժամը: Ամեն երեկո ժամը 4-ին փակում ենք, որ ցուրտը չվնասի ծաղիկներին գիշերը, առավոտյան բացում, որ տաքանան ու աճեն: Հա, մեր հյուրերին շատ հետաքրքրեց այդ աշխատանքը:  Ես և սկեսուրս փոխեցինք մեր հագուստները, հագանք աշխատանքային արտահագուստ ու գնացինք ջերմոց: Մենք կատարում էինք մեր ամենօրյա աշխատանքը: Մեր հյուրերին այդ աշխատանքը շատ զարմանալի ու անսովոր էր թվում: Զարմանում էին նաև, որ երեք ընտանիք համատեղ ապրում ենք մի հարկի տակ, չէ որ այնտեղ`Ամերիկայում, 18 տարին լրանալուն պես առանձին են ապրում: Հետո զարմանում էին նաև, որ ամեն օր տքնաջան աշխատում ենք, որպեսզի կարողանանք ապրել: Նրանք ասում էին, որ իրենց երկրում մարդիկ իրենց հստակ աշխատելու և հանգստանալու ժամերն ու օրերը ունեն, իսկ այստեղ` գյուղում, պետք եղած ժամանակ կեսգիշերին էլ ենք աշխատում:  Օրինակ, երբ խաղող ենք մաքրում, որ դնենք սառնարանը ձմռանը վաճառելու նպատակով:

Վարուժանը` մեր հյուրը, ասաց. «Մեզ մոտ ուշ են ամուսնանում: Ճիշտ է, ամուսնանալուց հետո ձեզ պես տանջանք չեն տեսնում, բայց ցանկանում են կյանքը վայելել: Մի կյանք ենք ապրում»: Ու այդ պահին ես մտածեցի, մի՞թե մենք չենք ապրում: Սա էլ մեր կյանքն է, մեր աշխատանքը, մեր երկիրն ու հողը, մեր Հայաստանը, մեր գյուղը: