Susanna Grigoryan

Տրանսֆորմերներից մինչև համալսարան

Փոքր ժամանակ գիշերով իջնում էինք բակ ու բարձր-բարձր տրանսֆորմերներին էինք կանչում: Իհարկե, մեզնից ոչ-ոք էլ չէր հավատում, որ Օպտիմուս Փրայմն ու Բամբլբին իրար գրկած երկնքից իջնելու են, բայց ուզում էինք հավատալ: Երևի սա իմ կյանքի առաջին ինքնախաբեությունն էր, ընդ որում` խմբակային:

Տրանսֆորմերներից հետո Հոգվարթսից նամակի էինք սպասում, հետո պահարաններն էինք փորփրում`Նարնիան գտնելու հույսով:

Լուսանկարը` Սուսաննա Գրիգորյանի

Լուսանկարը` Սուսաննա Գրիգորյանի

Փոքր ժամանակվանից շատ բան չի փոխվել: Երևի միայն սեփական անկրկնելիության զգացումն է կորել, ու սկսել ենք ավելի իրական, մարդկային բաների սպասել` Նոր տարուն, արձակուրդներին, քննությունների ավարտին, Հոգվարթսի մեծական մասնաշենքի բացմանը: Հիմա հասկանում ենք, որ եթե Օպտիմուս Փրայմը գալու էլ լիներ, դժվար միլիոնավոր երեխաներից հենց մեզ ընտրեր: Կամ ասենք թե ընտրեց, հետո՞: Էլի խոսակցությունը չէր ստացվելու, անհարմար լռություն կլիներ, վերջում էլ հրաժեշտ տալիս չէինք կողմնորոշվի գրկե՞լ,  թե՞ ուղղակի ձեռքով անել:

Երևի հենց այս ու բազմաթիվ այլ պատճառներով է, որ էլ ավտոբոտներին ու դեսեպտիկոններին չենք սպասում: Բայց ամեն անգամ, երբ սկսում եմ ինձ համոզել, որ ճիշտ մասնագիտություն եմ ընտրել, հիմա ճիշտ ճանապարհին եմ, հենց այնտեղ եմ, ուր պետք է լինեի, ակամայից հիշում եմ, թե ոնց էինք գիշերով Տրանսֆորմերներին սպասում: Չէինք հավատում, որ գալու են, բայց շատ էինք ուզում հավատալ:

anna  andreasyan

Համալսարանական երկուսուկես շաբաթները

Երևանում երթևեկության վատթարացումը, գերծանրաբեռնված երթուղայինները, ֆեյսբուքում ուսանողական կյանքին վերաբերող հրապարակումների կտրուկ աճը… Այս բոլորը վկայում են այն մասին, որ արդեն սեպտեմբեր ամիսն է, դասերն սկսվել են: Ինձ համար դասերը սկսվել էին դեռ օգոստոսի 26-ից: Այնպես որ կարող եմ հպարտորեն արձանագրել, որ ուսանողական կյանքիս առաջին երկուսուկես շաբաթը արդեն հետևում է: Զինակից ընկերներս ու ես հերոսաբար հաղթահարել ենք այդ, ենթադրաբար, ամենադժվար ու վախ ներշնչող առաջին երկու շաբաթները:

Բնականաբար, առօրյայումս շատ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց մասին, իմ պարտքն եմ համարում ձեզ տեղյակ պահել: Ինչի՞ց սկսեմ: Երևի առավոտյան արթնանալուց: Այստեղ միակ տարբերությունը այն է, որ եթե դպրոցական տարիներին ժամը 8-ն էր համարվում իմ օրվա սկիզբը, հիմա այն 7-ն է: Եվ քանի որ առավոտվա մեկ ժամ պակաս քնելը հսկայական ազդեցություն է ունենում իմ լիարժեք գործելու կարողության վրա, ստիպված եմ ավելի շուտ քնել: Հիմա կմտածեք` կարելի էր սա շատ ավելի կարճ ասել կամ էլ ընդհանրապես չասել, բայց սա իմ պատմությունն է, թույլ տվեք այն ներկայացնել՝ ամեն ինչ մանրակրկիտորեն բացատրելով:

Եվ այսպես, արթնանալու դժվարությունը հաղթահարելուց հետո, ես ստիպված եմ մարտական դիրքում սպասել Արմավիրից Երևան գնացող երթուղայինին: Պետք է, որ պատկերացնեք, թե ինչ պայքար է գնում առաջինը երթուղայինում տեղավորվելու համար: Միշտ ատել եմ այդ պայքարը, բայց հիմա հասկանում եմ, որ ոչ ոք էլ չի սիրել, ուղղակի ամեն մեկն էլ մի տեղից ուշանում է: Պետք է ըմբռնումով մոտենալ, բայց այդ ամենը երթուղայինում քո տեղը ապահովելուց հետո: Բոլոր տեղերը զբաղված են, շարժվեցինք: Ամեն ինչ հոյակապ է ընթանում, ես կարողանում եմ վերջապես իմ մտքերի հետ մենակ մնալ: Ի՞նչ է մեզ պետք մենակ մնալու համար՝ անաղմուկ միջավայր, մարդիկ, ում ես չեմ ճանաչում և ընթացքի մեջ լինելու զգացողություն: Այս հանգիստ ու հաճելի պահը ընդհատվում է ընթացքի դադարից հետո: Սա նշանակում է՝ Արգավանդում ենք: Խցանում է: Ես ամբողջ ընթացքում լարված սպասում եմ՝ երբ է խցանումը վերջանալու ու մեզ թույլ տալու նորից շարժվել: Այնպես եմ ուշադրությամբ հետևում ամեն մի մեքենայի շարժին, ասես իմ հայացքով ինչ-որ իշխանություն ունեմ այդ ամենի վրա: Իրականում լավագույնը, որ կարող է յուրաքանչյուր ուղևոր անել, այդ պահին հանգիստ սպասելն է:

Դե ինչ, հասանք Կիլիկիա ավտոկայան: Հիմա չորս հավանական ձևով կարող է պատմությունը շարունակվել: Առաջին՝ գալիս է 259 համարի ավտոբուսը, և ես երջանկությունից փայլելով ու հարմարավետորեն հասնում եմ համալսարան՝ ամբողջ ընթացքում մտածելով, որ կյանքը հրաշալի է: Երկրորդ, գալիս է 47 համարի ավտոբուսը, և ես բացահայտում եմ նորանոր դիրքեր, որոնցում ես կարող եմ մի կերպ գոյատևել այն 15-20 րոպեների ընթացքում, որ հասնում եմ համալսարան: Այն մնացած երկու տարբերակները իրար նման են ու ստանդարտ։ Այնպես որ, ժամանակ չծախսենք այդ երկուսի վրա:

Վերջապես հասա համալսարան: Բոլոր նրանք, ովքեր գոնե մեկ անգամ բարձրացել են Ամերիկյան համալսարանի աստիճաններով կհասկանան, թե ինչ է կատարվելու հաջորդիվ՝ շնչակտուր մտնում եմ համալսարան: Մի պահ ուշքի եմ գալիս ճանապարհներից, հասկանում, որ ես հենց համալսարան էի գալիս և ոչ թե հավերժ ճանապարհներին լինելու ու գնում եմ առաջին դասիս:

Դե, այստեղից էլ արդեն դաս, ընկերներ, լանչ ու այսպես շարունակ: Իսկ վերադարձի ճանապարհին ծանոթանալու համար, կարող եք ուղղակի հետ գնալ ու նորից կարդալ համալսարան գալու պատմությունը:

Առաջին երկուսուկես շաբաթվա համար այսքանն էին տպավորությունները: Մեզ բոլորիս հաջող ուսումնական տարի:

Laura Yesayan

Իմ որոշումը

Ողջույն հարազատս կամ գուցե ընկերս, կամ գաղափարակիցս: Չգիտեմ:

Առաջին անգամ որոշել եմ կիսել մտքերս քեզ հետ: Մի քանի ամսվա մտքերս հավաքել ու եկել եմ քեզ պատմելու:

Մի քանի տարի մտածելուց ու մի քանի մասնագիտությունների վրայով անցնելուց հետո (իրավաբան, լրագրող և այլն) որոշեցի, որ մանկության երազանքս անփոփոխ է: Այն է` դառնալ թարգմանչուհի: Չկարծեք, թե հեշտ կայացրի այս որոշումս: Որոշմանս կայացման օրվանից կարծիքներ էի լսում.

-Օտար լեզու յուրաքանչյուր մասնագետ էլ պետք է իմանա:

-Մի նորմալ մասնագիտություն չկա՞, որ ընտրես:

-Որ ավարտես` ի՞նչ ես աշխատելու, գոնե մտածե՞լ ես:

Ու ես հիասթափվել էի մինչև հոգուս խորքը: Չէի ուզում շարունակել պարապմունքներս, չէի ուզում շփվել մարդկանց հետ, բոլոր մասնագիտություններից զզվում էի: Բարեբախտաբար երկար չտևեց այս չարաբաստիկ շրջանը: Ես հասկացա, որ այո, ես ուզում եմ ընդունվել հենց օտար լեզուների ֆակուլտետը: Այո, ես գիտակցում եմ, թե հետո ինչ եմ աշխատելու ու իմ շրջապատի հարցերի պատասխանը գործնական կերպով կապացուցեմ մի քանի տարի հետո:

Ասեմ նաև, որ բիզնես ծրագրեր ունեմ, որոնք նույնպես իրականացնելու եմ: Եվ վերջապես, կապ չունի` բժիշկ ես, ծրագրավորող, թե կոշկակար: Յուրաքանչյուրը գիտակ է իր գործում, իսկ հասարակությունը հասարակություն չէ առանց լավ մասնագետի:

Ամենավերջում ուզում եմ ասել, որ երբեք մի հրաժարվեք ձեր նպատակներից հանուն որոշ մարդկանց ցանկության: Ու կապ չունի` այդ մարդը ծնողդ է, ընկերդ, թե մեկ ուրիշը, միշտ գնացեք ձեր նպատակների հետևից:

Լոնդոնի աննկուն ոգին

Լուսանկարը` Ռուզաննա Բաղդասարյանի

Լոնդոնի ամենաբարձր կետում` Լանգեյթ-հիլլում է գտնվում Սուրբ Պողոսի տաճարը (Սենթ Պոլ), որը Եվրոպայի խոշորագույն անգլիկան տաճարն է, կառուցված 1708 թվականին: Սակայն սա հինգերորդ տաճարն է, որը կառուցվել է նույն տեղում: Նրանցից երեքը այրվել են հրդեհների պատճառով, իսկ մեկն էլ ավերակների են վերածել վիկինգները:

Սենթ Պոլ տաճարի մասին կարող եք կարդալ համացանցում. թե ով է կառուցել, ինչ ճարտարապետական լուծումներ ունի բարոկկո ոճի մարգարիտ համարվող այս կառույցը, ինչ պատմական անցքերի է ականատես եղել, ովքեր են թաղված նրա բակում և այլն:

Կիմանաք նաև, որ այստեղ են կատարել ծովակալ Նելսոնի և Ուինսթոն Չերչիլի հոգեհանգստյան արարողությունները (Ի դեպ, տաճարի բակում են թաղված 200 նշանավոր բրիտանացիներ), այստեղ է կատարվել արքայազն Չարլզի և ժողովրդի սիրելի լեդի Դիանայի պսակադրությունը:

Սենթ Պոլ տաճարը դուք հավանաբար տեսել եք Հարի Փոթերի մասին ֆիլմերում, այստեղ են նկարահանվել «Մերի Փոփինս», «Շերլոկ Հոլմս», «Աստղային ուղի» (Սթար թրեք) ֆիլմերի որոշ դրվագներ:

Լուսանկարը` Ռուզաննա Բաղդասարյանի

Լուսանկարը` Ռուզաննա Բաղդասարյանի

Բայց այսօր ես ուզում եմ խոսել մի լուսանկարի մասին, որն արվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Պատմության դասագրքերից գիտեք, թե ինչ ծանր բաժին էր ընկել Լոնդոնին: Գերմանական ինքնաթիռները կանոնավոր ու տարիներ շարունակ ռմբակոծում էին Լոնդոնը: Լոնդոնցիներն աննկուն էին: Ռմբակոծությունից հետո դուրս էին գալիս, հավաքում զոհվածների դիակները, փլատակված փողոցներում շարունակում ապրել: Նրանք հավատում էին, որ մի օր իրենք հաղթելու են, պատերազմն ավարտվելու է: Ասելն իհարկե հեշտ է, բայց կարո՞ղ ենք պատկերացնել, թե ինչ էին զգում նրանք:

Ու ահա նման մի ռմբակոծության ժամանակ` 1940 թվականի դեկտեմբերի 29-ի գիշերը, ինքնաթիռները իրենց ռումբերը կախեցին Սենթ Պոլի վրա: Ռմբակոծությունն աննախադեպ ուժգին էր, երկար, ժամեր շարունակ չէր ցրվում փոշու ամպը:

Լուսանկարը` Ռուզաննա Բաղդասարյանի

Լուսանկարը` Ռուզաննա Բաղդասարյանի

Ես արդեն ասացի, որ տաճարը կառուցվել է Լոնդոնի ամենաբարձր կետում, հետևաբար տեսանելի էր քաղաքի տարբեր մասերից: Լոնդոնցիները շունչները պահած սպասում էին, թե երբ կցրվի խավարն ու փոշու ամպը: Տաճարի հանդիպակաց հատվածում ամպի ցրվելուն էր սպասում նաև լուսանկարիչ Հերբերտ Մեյսոնը: Ի՞նչ կտեսնեն լոնդոնցիները փոշու ամպի ցրվելուց հետո. տաճարի ավերակնե՞րը, որը բրիտանացիների համար կխորհրդանշեր Բրիտանիայի անկումը, կկոտրեր բոլորի ոգին: Սպասման լարված ժամեր… Երբ ամպը ցրվեց, երևաց Սենթ Պոլի վեհապանծ գմբեթը: Տաճարը կանգուն էր, ասես ազդարարում էր. «Ես ողջ եմ, ինձ հնարավոր չէ ծունկի բերել, վեր կացեք, լոնդոնցիներ»:

Չգիտեմ, ձեզանից ոմանք գուցե մտածեն, թե պատահականություն էր, ոմանք, թե` իսկական հրաշք, բայց մի բանում հաստատ բոլորը միակարծիք կլինեն. հնարավոր չէ կոտրել ժողովրդի ոգին, որն ուզում է ապրել և պայքարում է հանուն հայրենիքի և ապագայի: Եվ այդ ժամանակ անգամ քարեղեն կառույցները ասես մարդեղանում են, աննկուն ոգի ստանում ու պայքարում մեզ հետ:

tatev telunts

Կամքիս հակառակ

Եվ որովհետև ես բարդ եմ, երբեմն ես իմ կամքին հակառակ՝ բարդացնում եմ ամեն ինչ։ Եվ որովհետև ինձ նույնպես չեն հավատում ու վստահում՝ երբեմն իմ կամքին հակառակ, ես նորից ոչնչի և ոչ մեկի չեմ հավատում։ Եվ միգուցե դու իմ ընկերն ես, և միգուցե ես քեզ հետ երջանիկ եմ՝ ներիր, բայց իմ կամքին նորից հակառակ, ես կանեմ հիմար քայլեր, ու դու կմտածես, թե ես անկեղծ չեմ։ Բայց ես չեմ կարող քեզ վստահել, եթե չեմ վստահում նույնիսկ ինձ։ Չեմ կարող հասկանալ քեզ, եթե չգիտեմ, թե ով եմ ես ինքս, ինչ եմ զգում ու ինչ եմ անում։ Իրականում ինձ էլ, քեզ էլ ոչ ոք չի հասկանա, որովհետև դու քո ցավով ես ապրում, իսկ ես՝ իմ։ Ու չնեղանաս, չտխրես, եթե քեզ հետ կոպիտ լինեմ։

Ես անորոշ եմ, հոգնած, չհասկացված, դու ինձնից ճշմարտություն ես պահանջում, էներգիա ու անկեղծություն, իսկ ես ոչինչ չունեմ քեզ տալու, բացի իմ կամքից հակառակ՝ տխրություն, տրամադրության անկում: Ես դա նորից չեմ հասկանա, որովհետև անորոշ եմ և կորած իմ մտքերում։ Կորած այնքան, որ չեմ գտնում, թե որտեղ եմ մի պահ անհետանում, հետո հայտնվում մյուս մտքի անկյունում ու վերադառնում։ Բայց որտե՞ղ եմ վերադառնում: Իմ կամքին հակառակ ու իմ կամքից անկախ՝ վերադառնում եմ իրականություն, որն ինքնին մտքերի լաբիրինթոս է, կամ խորտակվում ու անհետանում եմ իմ ներքին աշխարհում, որը նորից մտքերի պահոց է։

Ինձ կրծում են ներսից, իսկ դու ուզում ես, որ ես հավատամ, թե կվերականգնվեմ։ Ես միգուցե վերադառնամ, ու միգուցե կրծված մասերն ավելի պոկեմ, որ դու մտածես, թե պատռվածքն ուղիղ է, բայց տես, դու նորից ինձ սխալ ես հասկանում ու դու նորից ինձ չգիտես։ Գիտես, թե ես գիտե՞մ։ Ես էլ չգիտեմ, թե ինչպես կրծվեցի ներսից, ինչպես կրծվածն ավելի մեծ ցավով պոկեցի, որ դու մտածես, թե ուղիղ եմ պոկված։

Գիտակցում եմ, որ երբեմն անտանելի եմ, չհասկացող, անհետաքրքիր, բայց տես, դու չգիտես, թե ինչու եմ ես այսպիսին, բայց դու ինձնից նեղանում ես, ու առանց հասկանալու՝ նորից հեռանում ու ինձ մենակ թողնում։ Իսկ ես չեմ նեղանում, որ ինձ մենակ թողեցիր, որովհետև ծնվել եմ մենակ ու լաց լինելով, բայց հիմա մենակ եմ նորից, պարզապես բարձրաձայն չեմ արտահայտվում խնդիրներիս ու բողոքներիս մասին։ Ու ինչո՞ւ պետք է նեղանամ, եթե դու ինձ չես հասկանա ու հոգնում ես իմ հոգնած տեսակից։

Վախենում եմ խոսելուց, արտահայտվելուց, անկեղծ լինելուց, որովհետև վախենում եմ, որ կկորցնեմ այն, ինչ ունեմ։ Ինքս ինձ հարցնում եմ, թե ինչ պետք է լինի, որ իմ իրականությունը փոխվի, ու ես կորցնեմ։ Քանի որ ես վախեցա ու քանի որ այդպես էլ ոչինչ չասացի՝ վախերս արդարացան, դարձան իրական, ու ես կորցրի, ես նորից՝ իմ կամքին հակառակ, կորցրի պահը, անկեղծությունս, վստահությունդ ու երևի, նաև քեզ… Ստացա նոր միտք, որը խճճվեց, ինձ նորից ձգեց ու հասցրեց իմ ներսում ապրող էն մտաշխարհին, որտեղ խորտակվում եմ ու գտնում կոտրված նավակներ…

milena movsesyan

Խորհուրդներ սկսնակ լրագրողին

Վերջերս լրագրողական մի մրցույթի էի մասնակցում և հաղթահարելով բոլոր փուլերը՝ կարողացա հաղթել։ Ընթացքում ստացածս պրակտիկ գիտելիքի մասին եմ ուզում պատմել և մի քանի խորհուրդներ նվիրել սկսնակ լրագրողներին։ Դրանցից շատերը պարզ ու հասարակ կթվան, բայց հաստատ կօգնեն ձեզ, եթե երբևէ հայտնվեք ստորև թվարկածս իրավիճակներում, իսկ աշխատելով որպես լրագրող անպայման առերեսվելու եք սրանց։

Մրցույթներ, դասընթացներ․ ինչ-որ բանից սկսեք մինչև համալսարանն ավարտելը.

Եթե ձեռքներդ ծալած նստեք սպասեք, թե երբ աշխատանք կունենաք կամ պրակտիկայի կհրավիրեն, այդ օրը երբեք չի գա։ Պատրաստեք պորտֆոլիո․ մեկ ֆայլում հավաքեք ձեր գրած ու տպագրած ԼՐԱԳՐՈՂԱԿԱՆ նյութերը (լրագրողական բառը շեշտում եմ, որովհետև շարադրությունը լրագրողի աշխատանքի հետ կապ չունի) և ուղարկեք տարբեր լրատվամիջոցների։ Հնարավոր է, որ տասից մեկը պատասխանի և աշխատանք առաջարկի։

Մասնակցեք տարբեր դասընթացների, դասախոսությունների ու մրցույթների, գուցե աչքի ընկնեք, ձեզ նկատեն ու աշխատանք առաջարկեն։ Գուցե դասընթացի խոսնակներից մեկը հայտնի թերթի խմբագիր լինի, վերջում մոտենաք նրան ու խնդրեք՝ ձեզ պրակտիկայի վերցնի։

Մրցույթների մասնակցելու դեպքում պատրաստվեք նախօրոք։ Քրքրեք համացանցը, գտեք մրցույթի կազմակերպիչներին, անցկացման կարգը, նկարներ նայեք, ֆեյսբուքյան էջերն ուսումնասիրեք։ Այս ամենը կօգնի ձեզ ինքնավստահ ու իրազեկ ներկայանալ անծանոթ միջավայր։

Դասընթացներ ու մրցույթներ կարող եք գտնել լրատվական կայքերի ֆեյսբուքյան էջերում արված հայտարարություններից, իվենթներից, նաև համացանցում հաճախակի որոնում կատարելով։

Ունեցեք համացանց ձեր սմարթֆոնի համար.

Քանի որ ես նախօրոք գիտեի, որ նկարահանումների ընթացքում մեզ հանձնարարություններ են տալու, իսկ թեման ուսումնասիրելու համար ես միայն հեռախոս էի ունենալու, նախապես կարգավորեցի այս հարցը (կան մատչելի փաթեթներ և օրավարձով տրամադրվող մեգաբայթեր)։ Առաջադրանքը լսելուն պես մտա ինտերնետ ու սկսեցի աշխատել։ Իսկ մյուս մասնակիցները, ժամանակ կորցնելով, Wi-Fi էին փնտրում ու գաղնտաբառը հարցում։

Այսօր համացանցը կարևոր օգնական է լրագրողի համար։ Կշահի այն լրագրողը, ով դեպքի վայրից կգրի նյութն ու կուղարկի խմբագրին։

Իմանացեք օտար լեզու.

Համացանցն իհարկե օգնում է, եթե կարողանում ես ճիշտ որոնում կատարել։ Գաղտնիք չէ, որ հայերեն նյութերն ու նկարները քիչ են։ Ուրեմն պիտի կարողանաք որոնում կատարել անգլերենով։ Ներբեռնեք նաև հայերեն-անգլերեն բառարաններ, որպեսզի անհրաժեշտության դեպքում թարգմանեք և որոնում կատարեք անգլերեն համարժեքով։

Ծանոթ եղեք տեղանքին.

Իմացեք այն քաղաքի կենտրոնական փողոցները, թաղամասերը և կարևոր հաստատությունների տեղերը, որտեղ աշխատելու եք։ Նկարահանումների գնալիս օպերատորը ձեզ հարցնելու է՝ ուր ենք գնում, և չի փնտրելու-գտնի անհրաժեշտ վայրը։ Ձեզ հետ աշխատող վարորդն էլ պարտավոր չէ քաղաքի բոլոր հասցեներն իմանալ։ Սա նույնպես լրագրողի գործն է։ Ժամանակն ու նյարդերը խնայելու առումով կշահի այն լրագրողը, ով հեշտ ու արագ ճանապարհը կբացատրի վարորդին։

Կարելի է օգտվել քարտեզից, «նավիգատոր» ծրագրերից (Yandex navigator, maps.me), զբոսնել քաղաքում՝ մտապահելով փողոցների անուններն ու տեղերը։

Ուշադիր եղեք ձեր շրջապատում կատարվող իրադարձություններին.

Ձեր ընտանիքի ադամները, ընկերները, հարևանները ամեն օր ինչ-որ առօրեական խնդիրների են բախվում, բողոքում են ու անցնում առաջ։ Իրականում այդ անկարևոր թվացող մանրուքները կարող են լուրջ թեմայի նյութ դառնալ։

Ինձ հանձնարարել էին անդրադառնալ առողջապահության ոլորտում առկա խնդիրներին։ Ես հիշեցի, որ մեկ ամիս առաջ մեր բարեկամներից մեկին պիտի վիրահատեին, իրենք էլ վիրահատության գումար էին փնտրում։ Ռեպորտաժիս թեման դարձավ թանկարժեք վիրահատությունը․ ի՞նչ անի մարդ, որ գումար չունի վիրահատության համար, մահանա՞։

Նմանատիպ խնդիրների դուք էլ կհանդիպեք, եթե ուշադիր լինեք։

Արագ կողմնորոշվեք.

Պատկերացրեք դուք վաղը նկարահանման եք, որը հետաձգել չի կարելի, իսկ ձեր հերոսը, ով պիտի հարցազրույց տար, հրաժարվում է մասնակցել։ Ի՞նչ պիտի անեք։ Կարևոր է նման իրավիճակներում արագ կողմնորոշվել․ կամ փոխում եք ռեպորտաժի սցենարը՝ հանելով այդ հերոսի խոսքը, կամ շատ արագ գտնում եք մեկին, ով կասի նույն տեքստը։

Հետևեք լրագրողների խմբին.

Ֆեյսբուքյան լրագրողների խումբ կա նույն վերնագրով։ Այնտեղ լրագրողները տեղեկատվություն են տեղադրում սպասվող մամուլի ասուլիսների մասին, ինչպես նաև հարցնում են որևէ քաղաքական գործչի հեռախոսահամարը կամ մասնագետի տվյալներ, մյուսները պատասխանում են։ Դուք էլ կարող եք միանալ այս խմբին։ Հետևեք իմ օրինակին․ դուրս գրեք բոլոր անուններն ու կոնտակտային տվյալները և ձեզ համար ցանկ պատրաստեք։

Ինքնակրթվեք.

Եթե ուզում եք ձեր ռեպորտաժը տարբերվող ու հիշվող լինի, ուրեմն պիտի տեղեկացված լինեք, ինքնակրթվեք։ Այդպիսով դուք յուրահատուկ մոտեցում կցուցաբերեք լրագրողական նյութ պատրաստելիս, ավելի հեշտ կշփվեք այն ոլորտի մասնագետի հետ, ում հետ հարցազրույց եք ունենալու։

Իսկ ինչպե՞ս ինքնակրթվել ու ինչի՞ց սկսել․ այս մասին կարող եք կարդալ Ի՛նքդ սովորեցրու քեզ հոդվածում։