Ո՞նց, դուք չգիտե՞ք մեր գյուղը

Կամավորական աշխատանքների, մրցույթների, ճամբարների պատճառով գյուղից՝ Գորայքից, հաճախ եմ բացակայում: Չգիտեմ՝ լավ է, թե չէ: Համենայնդեպս, ինձ համար հաճելի է ու հետաքրքիր:

Ու ամեն անգամ նոր մարդկանց հանդիպելիս, ծանոթանալիս, երբ հարցնում են՝ որտեղից եմ, պատասխանը ստանալուց հետո այդպես էլ չեն տարբերակում: Այդ օրերին հուշող, բանալի բառերն ու շրջանները մտքումս պտտվում են: Ու հարցնելիս հաճախ ասում եմ.

-Գիտե՞ք՝ Սպանդարյանի ջրամբարը որտեղ է գտնվում:

Շատերը մտաբերում են, շատերը՝ ոչ:

Վերջերս գործս հեշտացել է, մի քիչ հեշտ է ստացվում:

Սպանդարյանի ջրամբարի փոխարեն ասում եմ՝ Ամուլսար, ու բոլոր հարցերը միանգամից լուծվում են: Վերջին իրադարձություններն այնպես դասավորվեցին, որ Ամուլսարը դարձավ հասարակության քննարկման համար մեկ թեման:

Իհարկե, գլուխ գովելու մեծ առիթ չէ, որ Ամուլսարը մեր գյուղի մոտ է գտնվում, բայց գոնե օգնում է ընկերներիդ պատմել, բացատրել, թե, վերջիվերջո, որտեղից ես:

Ես շատ մեծ հույս ունեմ, որ ապագայում իմ գյուղը շատ պատճառներ կունենա, որով կճանաչեն իրեն, դե ես էլ, ինչպես միշտ, կհպարտանամ դրանցով:

mariam tonoyan

Գերմաներենի գաղտնիքները

-Ինչի՞դ է պետք գերմաներենը:

-Հո դու ֆաշիստ չե՞ս, որ գերմաներեն ես սովորում:

-Անգլերեն սովորի, գերմաներենը պետք չի գա:

-Զարմանում եմ՝ ո՞նց ես էդ կոշտ ու կոպիտ լեզուն սիրում:

-Գերմաներենի թարգմանիչ Քյավառում ո՞նց ես աշխատելու…

…Արդեն 6 տարուց ավելի է, ինչ զայրանում եմ նման արտահայտություններ լսելիս, երբ ծանոթներս խոսում են իմ՝ գերմաներեն սովորելու մասին: Գիտեմ, որ ինչքան էլ հակառակը պնդեմ կամ բացատրեմ գերմաներենի առավելությունները, միևնույն է, նրանք իրենց կարծիքին են մնալու՝ ինձ գերմաներենի անհույս սիրահար համարելով: Գերմաներենը նման է հայերենին՝ հարուստ է բառապաշարով, հպարտ՝ հնչողությամբ, բարդ՝ քերականությամբ, զարմանահրաշ՝ իր հանելուկային էությամբ: Ինչպես ասել է Ռիչարդ Պորսոնը՝ կյանքը չափազանց կարճ է գերմաներեն սովորելու համար: Ոչ մի անգամ չեմ երկմտել մասնագիտության ընտրության հարցում, որովհետև միշտ ցանկացել եմ ունենալ այնպիսի մասնագիտություն, որին երբեք հարյուր տոկոսով չեմ տիրապետի, միշտ կատարելագործվելու և առաջընթաց գրանցելու հնարավորություն կունենամ: 12-րդ դասարանի շեմին արդեն որոշված է՝ գերմաներենի թարգմանչուհի և վերջակետ:

Ինչո՞ւ սովորել գերմաներեն: Գերմաներենը ամենաբարդ քերականություն ունեցող եվրոպական լեզուների թվին է պատկանում, որը մայրենի լեզու է 105 միլիոնից ավելի մարդկանց համար, իսկ ևս 8 միլիոն մարդ տիրապետում է գերմաներենին՝ որպես օտար լեզու: Գերմաներենի գաղտնիքներն ու առավելությունները շատ են: Այս լեզվի յուրահատկություններից մեկը այն է, որ գերմաներենում կան բայեր, որոնք խոնարհելիս կիսվում են և դրվում նախադասության ամենավերջում: Պետք է լսել նախադասությունն ամբողջությամբ, որպեսզի հասկանաս, թե ինչի մասին է խոսքը: Այսպիսով՝ գերմաներենը սովորեցնում է հարգել դիմացինին, չընդհատել, երբ զրուցակիցդ դեռ չի ավարտել իր միտքը:

Գերմաներենը հայտնի է իր երկարաշունչ բառերով և բառակազմական անկանխատեսելի լուծումերով: Ընդհանուր առմամբ այն շատ երկար բառեր ունի: Ինչպես ժամանակին ենթադրել է գերմանացի փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը՝ դա նրա համար է, որ զրույցի ընթացքում մարդը մտորելու համար մի քիչ ժամանակ շահի: Գերմաներեն ամենաերկար բառը կազմված է 63 տառից, որը կառուցվել է մի քանի բառերի միացումով: Այն օրենքի անվանում է. Rindfleischetikettierungsüberwachungsaufgabenübertragungsgesetz (Տավարի մսի մակնշման վերահսկողության պարտականությունների փոխանցման մասին)։ Մի փորձեք արտասանել այն, քանի որ դժվար թե երբևէ ձեզ պետք գա:

Սա դեռ չնչին փաստեր են գերմաներենի հսկայական ունեցվածքից: Էլի՞ զարմացնեմ ձեզ իմ տարօրինակ գերմաներենով, ուրեմն շարունակեք կարդալ:

Ohrwurm- բառացի թարգմանվում է «ականջմտուկ» (միջատ), բայց այն ունի նաև այլ գործածություն: Այսպես են ասում այն երգին, երաժշտությանը, որը ինչ-որ տեղ լսել եք ու չեք կարողանում մոռանալ, երգում եք ամբողջ օրվա ընթացքում՝ անկախ ձեր կամքից:

Գերմաներեն չիմացողները հաստատ լսած կլինեն «շվայն» (խոզ) բառի մասին, որովհետև այս բառն իրականում ավելին է գերմանացիների համար, քան պարզապես խոզ: Խոզի հետ կապված օրինակները շատ են, ահա դրանցից մեկը. հաջողակ, երջանիկ մարդկանց մատնանշելու համար գերմանացիները նման արտահայտություն ունեն «Du hast Schwein!», որը նշանակում է «Դու խոզ ունես»: Նման հետաքրքիր ակնարկ-արտահայտություններից մեկն էլ «Das ist nicht dein Bier!»-ն է (սա քո գարեջուրը չէ), որը գարեջրասեր գերմանացիներն օգտագործում են, երբ ուզում են դիմացինին հասկացնել, որ դա իր գործը չի:

Drachenfutter- այս բառը բառացի թարգմանվում է «վիշապի կեր»։ Այսպես գերմանացիներն անվանում են այն նվերը, որը մեղավոր ամուսինը տալիս է կնոջը՝ նրա սիրտը շահելու, հաշտվելու համար։

Waldeinsamkeit (անտառային մենություն)- մելանխոլիկ, ռոմանտիկ տրամադրությամբ անտառում մենակ մնալու ցանկություն։

Sandkastenfreund- Բառացի նշանակում է ավազի ընկեր։ Ընկեր, ում հետ ավազներով ես խաղացել, դղյակներ պատրաստել։ Այսպես ասում են մանկության ընկերոջը։

Fremdschämen (ամոթ օտարից)- Եթե երբևէ ամաչել եք ձեզ անծանոթ մարդուց, նրա ներկայությունից, ապա այս բառով կարող եք նկարագրել այդ զգացողությունը։

Handschuh (ձեռքի կոշիկ) – տրամաբանական է։ Ոտքերին՝ կոշիկներ, ձեռքերին՝ ձեռքի կոշիկներ՝ ձեռնոցներ։

Glühbirne- Ո՞վ կերևակայեր, որ բառացի «լուսավորող տանձ» թարգմանվող այս բառը նշանակում է էլեկտրական լամպ։

Gesichtbremse (Արգելակում դեմքով) – Այս բառով գերմանացիները նկարագրում են նրանց, որոնց համարում են տգեղ՝ ասես դեմքով են արգելակել և այդպիսին են դարձել:

Geisterfahrer (Ուրվական-վարորդ) – Տրամաբանե՞նք: Ուրվական-վարորդները սխալ երթուղով վարող մարդիկ են, ովքեր հաճախ վթարների պատճառ են դառնում՝ երթևեկության կանոնները չպահպանելով:

Kabelsalat (Մետաղալարերի աղցան)- Աղցա՞ն: Այո, աղցանի նման խառնված, խճճված մետաղալարերի կույտ: Ա՜յ թե երևակայել գիտեն գերմանացիները:

Schildkröte- Կրիան գերմաներենում բավականին ռազմատենչ է հնչում: Բառացիորեն՝ դոդոշ վահանով:

Tote Hose (Մեռած շալվարներ)- Որքան էլ տարօրինակ հնչի, սա նշանակում է ձանձրույթ, մի իրավիճակ, երբ ոչ մի հետաքրքիր ու նոր բան տեղի չի ունենում:

Zahnfleisch (Ատամի միս)- Արդեն գուշակեցի՞ք, որ խոսքը լնդերի մասին է:

Scheinwerfer – «Լույս նետիչներ», ահա թե ինչ պարտականություն են կատարում լապտերները գերմաներենում:

Drahtesel-Գերմանացիները հաճախ հեծանիվին այսպես են անվանում՝ «մետաղալարերից պատրաստված էշ»։

Warteschlange (Սպասող օձ)- Գերմաներենում հերթը նմանեցնում են սպասող օձի:

Glühwürmchen (Լուսարձակող ճիճուներ)- Այո, խոսքը լուսատտիկների մասին է:

Bausünde- Այս բառը նշանակում է «շինարարական մեղք»։ Գերմանացիները հաճախ այն օգտագործում են նկարագրելու համար տգեղ շինարարական լուծումներ ստացած շենքերը, որոնք չեն սազում շրջապատի մնացած շենքերի հետ:

Feierabend- Բառացի նշանակում է «տոնական երեկո»։ Կարելի է կարծել, որ սա խնջույքների երեկոներին է վերաբերում, երբ երեկոյան հավաքվում են ինչ-որ տեղ, նշում են առիթը, բայց… Ոչ: Սա նույնիսկ շաբաթ-կիրակի օրերի հանգիստ երեկոներին չի վերաբերում: Պարզվում է՝ ամենօրյա աշխատանքային օրվա ավարտը Գերմանիայում որպես տոն են ընդունում: Ինչո՞ւ ոչ, ծանրաբեռնված աշխատանքային օրվանից հետո տանը հանգստանալը կարելի է նաև տոն համարել:

Treppenwitz (Աստիճանային կատակ)- Այս տերմինը ժամանակին նշանակում էր դժվարությամբ ինչ-որ խելացի մտքի հանգել: Այժմ այն ունի ավելի շատ ծաղրական գործածություն՝ մարդու ծիծաղելի, անմիտ պահվածքը նկարագրելու համար:

Fingerspitzengefühl (մատների ծայրերի զգացողություն)- Այո, կարող եք զարմանալ, որովհետև այս բառը թարգմանվում է ոչ թե «շոշափելիք», այլ՝ «հոտառություն»:

Kuddelmuddel- Նույնիսկ բառի արտասանությունն է հուշում, որ այն նշանակում է «քաոս»:

Zungenbrecher (Լեզուկոտրուկ)- Դիպուկ բառ են հնարել շուտասելուկի համար:

Kummerspeck – Kummer` վիշտ + speck՝ բեկոն = ավելորդ քաշ՝ սթրեսի պատճառով առաջացած:

Fernweh-Գերմաներենն ունի նման հետաքրքիր բառ, որը նշանակում է «հեռավորության կարոտ»: Երբ օտար, հեռու երկրներ գնալու ցանկությունն այնքան մեծ է լինում, երբ կարոտում ես նախկինում ապրած այդ հեռավորությունը: Մի խոսքով՝ զբոսաշրջության ծարավ: Շատ եմ ափսոսում, որ գերմաներենում չեմ հանդիպել «սիրած լեզվով խոսելու ծարավ» իմաստ ունեցող բառի: Ափսոսում եմ, որովհետև երբեմն ինքս էլ գերմաներեն նոր բառեր սովորելիս զգում եմ այդ ծարավը իմ փոքրիկ, հայախոս քաղաքում, ուր գերմաներենով հետաքրքրվողների քանակն այնքա՜ն քիչ է:

Alla Virabyan

Աղբյուրի մոտ

Մի քանի շաբաթ առաջ հեռախոսիս զանգ եկավ: Պատասխանեցի, ուսուցիչս էր․

-Գյուղում ամառային դպրոց է կազմակերպվում, տևելու է երկու շաբաթ, ամեն օր սկսվելու է առավոտյան ժամը իննից: Երեխաների հետ դասեր ենք անելու, խաղեր ենք խաղալու: Կցանկանա՞ս կամավոր ջոկատավար լինել:

Ես առանց երկար-բարակ մտածելու՝ համաձայնեցի, չգիտեմ՝ ինչու, ախր, երեխաների հետ աշխատել չեմ սիրում, բայց զգում էի, որ ինչ-որ բան եմ գտնելու, կամ գուցե ինչ-որ մարդկանց։

Վաղ առավոտյան մենք հանդիպեցինք եկեղեցում, ստացանք մեր Տեր Աբելի օրհնությունը, և նա իր մեքենայով երեխաներին տարավ աղբյուր, իսկ մենք՝ կամավորներով, որոշեցինք առավոտները քայլել, դե, ոնց էլ չլինի՝ նախավարժանք է, էլի:

Երեխաները բաժանվեցին ջոկատների, ինձ բաժին հասավ միջին խուբը՝ ընդամենը ութ հոգի, որոնցից երեքը տղաներ էին՝ Անդրանիկը, Դերենիկը ու Սամվելիկը: Հպարտությամբ ասում եմ, որ իմ ջոկատը ուրիշ էր: Իսկ տղաները, այ նրանք ամենաուրիշն էին։ Դերենիկին ու Սամվելիկին մեր դպրոցից ճանաչում էի։ Սամվելիկին՝ որպես մի չարաճճի, իսկ Դերենիկին՝ ուղղակի խելացի երեխա, բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ չեմ ճանաչել: Իսկ այ Անդրանիկը կողքի գյուղից էր, չգիտեմ՝ ինչու, մեջս զգացում կար, որ ամբողջ կյանքում ճանաչել եմ իրեն: Շատ արագ կապվեցի այս եռյակի հետ:

-Ընկեր Ալլա, կարա՞նք Ձեզ հետ ման կյալով կյանք: Ամոթ չի՞ մենք տղեքով մաշինով գնանք, Դուք վետով,- ասաց Սամվելիկը։

-Չէ, ամոթ չի, դուք երեխեք եք ու կհոգնեք ճանապարհին,- ասացի ես։

-Մինա կյալ դենք, ընկեր Ալլա։

Անդրանիկը ամեն օր գալիս էր, ուղղակի ձեռքիցս բռնում և քայլում, զրուցում:

Այս երեքը դարձան կյանքիս թանկ մարդկանցից: Նրանք, որոնց ես երբեք չէի ունեցել։

Անսովոր էր, ես ընկերություն էի անում երեխաների հետ: Սկսեցին ամեն առավոտ ինձ հետ քայլելով գնալ աղբյուր, էլ մեքենա չէին նստում: Նույնիսկ ցանկանում էին ինձ տուն ուղեկցել դասի ավարտին:

Հանգստի ժամին ես ու Սամվելը ճոճանակին նստած զրուցում էինք, հետո լռություն տիրեց։

-Ինձ սաղ ասըմ են, որ չար եմ։ Դուք է՞լ եք այդպես մտածըմ, ընկեր Ալլա, բայց ճիշտը կասեք, հա՜, չխաբեք,- հանկարծ ասաց նա։

-Դու շատ լավն ես,- ասացի ես, իսկ նա գլուխը բարձրացրեց, ժպտաց ինձ ու վազեց դասի:

Մի քանի օր հետո լսեցի, որ Սամվելիկի մայրը զարմացել է երեխայի լավ պահվածի վրա և հայտնել ուսուցչիս, նույնիսկ շնորհակալություն հայտնել երեխայի վրա լավ ազդելու համար: Ես երջանիկ էի: Երեխաները դաս էին անում և կամաց-կամաց ընկնում դպրոցական ռեժիմի մեջ, խաղում էին տարբեր խաղեր ու ինձ էլ կանչում միանալու, իսկ ես անմիջապես վեր էի կենում ու սկսում խաղալ:

Սկզբում ինձ թվում էր՝ երկու շաբաթը այնքան շատ է, որ երեխաների հետ չեմ կարող մի ամբողջ օր անցկացնել, բայց հետո օրերը, ժամերը ուղղակի սկսեցին չհերիքել: Օրերս առանց նրանց չէի պատկերացնում: Մոտենում էին վերջին օրերը, մի առավոտ մտքիս ծայրով անցավ չգնալ, որպեսզի ավելի չկապվեմ երեխաների հետ, կամ էլ ուղղակի փախչել, որ հրաժեշտ չտամ այն հարազատ մարդկանց, որոնց գտել էի: Բայց հասկացա, որ վերջին օրը կորցնելը մեծ սխալ կլինի:

Արդեն վերջին օրերին Անդրանիկը, Սամվելիկը և Դերենիկը անընդհատ ծաղիկներ էին նվիրում ինձ՝ լացակումած աչքերով, բայց ցույց չէին տալիս՝ տղաներին հատուկ բնավորությամբ: Ինձ թվում էր՝ այդ ծաղիկները երբեք չեն թառամի: Վերջին օրը շատ կարճ էր: Տունդարձի ժամանակն էր, բայց այս անգամ ոչ վերադառնալու սպասումով:

-Երեխե՜ք, ո՞վ հեռախոս ունի,- ասաց Անդրանիկը։

-Ինչի՞դ ա պետքը։

-Ուզըմ եմ ընկեր Ալլայի համարը վեր ունեմ ու շուտ-շուտ զանգեմ,- ասաց Անդրանիկը, իսկ Սամվելը ու Դերենիկը սկսեցին այս ու այն կողմ նայել՝ հեռախոսի փնտրտուքով:

Ներսումս ինչ-որ բան ցավաց, ես ոչինչ չէի ասում, որովհետև եթե մի հնչյուն անգամ ասեի, արցունքներս կհոսեին:

Նրանք ուշադիր նայում էին ինձ, իսկ ես համառորեն ժպտում էի: Վազելով եկան, գրկեցին։

-Մենք Ձեզ շատ-շատ կկարոտենք, բայց մյուս տարի էլ կհանդիպենք այստեղ, չէ՞։

-Էն մի տարի էլ կգաք, չէ՞, ընկեր Ալլա,- նորից կրկնեցին հարցը:

Ես ուղղակի գլխով համաձայնության նշան տվեցի, հրաժեշտ տվեցինք, և ամեն ինչ ավարտվեց:

Հիմա ամեն օր դպրոցում տեսնում եմ Դերենիկին ու Սամվելիկին, բարևում ու անկեղծ ժպտում, իրական ժպտում, իսկ այ, Անդրանիկին շատ եմ կարոտում, բայց միշտ հիշում եմ, միշտ:

Ես այսօր ունեմ մարդիկ, որոնց մի ամբողջ կյանքն էլ չէր հերիքի ունենալու համար…

tatev telunts

Մտորումներ

Ինձ հետաքրքիր է, թե ինչու ենք մենք սիրում կարդալ այն գրքերը, որոնք շատ հայտնի են, ու որոնց մասին շատ են խոսում։ Ինչո՞ւ ենք լսում այն երգերը, որոնք շատ տարածված են ու հայտնի, երգվում են հռչակավոր մարդկանց կողմից, կամ ուղղակի յութուբում ունեն շատ դիտումներ։ Մեզնից շատերը երբեմն թերահավատորեն են մոտենում այն բաներին, որոնց մասին չենք լսել, կամ որոնք դեռ հայտնի չեն, բայց իրականում բացահայտել է պետք այն ամենը, որոնք մեզ հետաքրքրում են։ Շատ մարդիկ մինչ մի բան կարդալը, լսելը կամ դիտելը սկզբում կարդում են մարդկանց կարծիքներն ու մեկնաբանությունները, իսկ հետո որոշում կայացնում անել այն, ինչ սկզբում էին մտադրված անել, թե ոչ, քանի որ մի քանիսն այն հավանել են, մի քանիսը՝ ոչ։ Ամեն մարդ ունի իր պատմությունը, ու եթե ինչ որ մեկը իրեն չի գտել այնտեղ, միգուցե, դու գտնես։

Ցավում եմ, որ նույն հիմունքներով ենք մենք նաև ընտրում, թե ում հետ շփվենք ու խոսենք, ում հետ՝ ոչ։ Օրինակ, եթե մարդը աչքի է ընկնում իր ակտիվությամբ, ոճով, շատախոսությամբ, շփվող է, ծիծաղում է, ունի նորագույն սարքեր, շատերը ձգտում են այդ մարդու հետ խոսել, շփվել, նկարվել, ծիծաղել, իր հետ շատ ժամանակ անց կացնել։ Մի խոսքով ես սա անվանում եմ քծնել ու տանել չեմ կարողանում քծնողներին։

Երբևէ փորձե՞լ ես շփվել այն մարդու հետ, ով շատ քիչ է խոսում, ամաչկոտ է, տխուր:

Ես նկատի չունեմ` մոտենալ այդ մարդուն ու հարցնել. «Ինչո՞ւ չես մեզ հետ շփվում, ինչո՞ւ ես ամաչկոտ ու պասիվ» ու հետո թողնել իրեն ու գնալ։ Ասեմ, որ քո այս ասածներով դու չես դառնում շփվող ու ընկերասեր մարդ, այլ վիրավորում ես ինչ որ մեկի զգացմունքներն ու ինքնասիրությունը։ Ես նկատի ունեմ` բոլորին ցույց տալ միևնույն ջերմ ժպիտը ու վերաբերմունքը, այլ ոչ թե մեկին քծնել, մյուսի վրա սառած հայացք գցել ու հեռանալ։

Կարծում եմ այն, ինչը ավելի հասարակ է, շատ հաճախ ավելի գեղեցիկ է։ Երջանիկ լինելու համար պարտադիր չէ հասնել Արարատի կամ Ջոմոլունգմայի գագաթը, կարող ես բարձրանալ քո քաղաքի փոքր բլուրը կամ սարը, ու դրանով էլ քեզ երջանիկ զգաս։ Պարտադիր չէ ապրել մեծ քաղաքում, գնալ մեծ ռեստորաններ, բայց մենակ նստել ու տարբեր մարդկանց միահամուռ ժխորի մեջ ինչ-որ բան խմել կամ ուտել։ Կարող ես քեզ նաև երջանիկ զգալ այն ժամանակ, երբ քո փոքրիկ բնակարանում խմում ես տաք թեյ այն մարդու հետ, ում սիրում ես ու հեռու լինես այն մարդկանց բազմությունից, ովքեր կողքից նման են տարբեր ու ինքնավար քաղաքների, ու զգաս, թե ինչպես է ներսումդ ինչ-որ մի բան իջնում ու բարձրանում, ու քեզ հուշում, որ դու այդ մի պահին հանգիստ ես ու երջանիկ։

Աշխարհում ամեն ինչի մեջ էլ կյանք կա, նույնիսկ այն ամենի մեջ, որոնք սպառվում են, կոտրվում, փորձում անհետանալ, այդ ամենի մեջ էլ կյանք կա, քանի դեռ գոյություն ունեն։ Ու վերջում ուզում եմ ասել, որ մեր մեջ ու մեր շուրջը կյանք կա։ Գնահատենք մեզ հանդիպած ամենափոքր բանը և ուրախ լինենք, որ էս մեծ ու խճճված աշխարհում մենք ստացել ենք մի փոքր բան, որ կարող ենք դարձնել մեծ արժեք մեզ համար, դրանով ուրախանալ ու հպարտանալ ու դա դարձնել մերը։

nane exiazaryan

Եթե ունեք նպատակներ

-Լսի, բա չտեսա՞ր, որ վրեն խոսաց հագածի համար:

-Խի՞, էդ ինչքա՞ն կարճ էր յուբկան:

-Նայի, այ սենց էր:

-Հա բա,կարճ ա, էլի:-Մի քանի վայրկյան լռություն։-Լսի, ես որ իմ շորիկը հագնեմ, կխոսա՞ վրես։

-Ո՞ր մեկը, հա հիշեցի։ Էդ որտեղի՞ցդ ա։

-Այ, էսքան էլի մոտավոր։

-Չէ հա, խոսելուց էլ` ոչինչ, թող մի անգամ էլ խոսա։

Անկախ իմ կամքից այս խոսակցության ականատեսը եղա երթուղայիններից մեկում, որտեղ հազիվ խցկվելով տեղավորված մարդկանց մեջ, այս երկու ընկերուհիները նույնիսկ հաջողացրին (անկեղծ ասած, մինչև հիմա զարմանում եմ, թե ինչպես կարողացան, ախր, շատ նեղվածք էր) միմյանց ցույց տալ ինչ-որ երրորդ անձի հագած կիսաշրջազգեստի կարճությունը, հետո էլ իրենց «շորիկ»-ինը։ Հետաքրքիր փաստ: Երկու դեպքում էլ ցույց տվեցին գրեթե նույն երկարությունը, եթե ոչ նույնը, բայց այն երրորդ անձը արժանացավ մեծ քննադատության, իսկ իրենցից մեկը ընկերուհու թույլտվությանը` «շորիկ»-ը հագնելու համար:

Միշտ մտածել եմ ու ականատես եմ եղել, կարելի է ասել, նույնիսկ մի քիչ հասկացել եմ մարդկանց, ովքեր քննադատում են ուրիշին իրենցից տարբեր լինելու համար. հագուստը, մազերի ձևն ու գույնը, պահվածքը։ Բայց մինչև հիմա փորձում եմ հասկանալ, թե ինչպես են քննադատում ուրիշին այն նույն բանի համար, որ իրենք էլ են անում։Չգիտեմ, միգուցե որոշ դեպքերում վախի զգացումն է, որ մյուսը այն նույն բանը ավելի լավ է անում, կամ նրան ավելի շատ է սազում, քան քննադատողին։Ինձ թվում է, դեռ երկար կմտածեմ սրա մասին։

Լավ, մեկ այլ թեմա, կարելի է ասել որոշ չափով մոտիկ վերը նշվածին։

Ըստ ինձ, այս կյանքում շատ կարևոր է գտնել քո ոճը, այսինքն քեզ հարմար ու դուր եկող հագուստը, մազերի ձևն ու գույնը, և այլն: Իմ կարծիքով սրանք մարդկանց ներաշխարհն են ցույց տալիս, ու մարդ իրեն ավելի ինքնավստահ է զգում իր ոճի մեջ։ Կան մարդիկ, որոնք շատ են տարբերվում իրենց մտածելակերպով և ներաշխարհով, բայց նրանք ապրում են ճնշող միջավայրում։ Այսպիսի շատ մարդիկ այդպես էլ իրենց շրջապատող հասարակության կողմից ճնշված են մնում, և կախված լինելով հասարակությունից, դառնում են, կամ ավելի շուտ փորձում են դառնալ այնպիսին, ինչպիսին իրենց ուզում է տեսնել հասարակությունը։ Բայց կա այսպիսի մարդկանց մի ուրիշ զանգված, որ ես համոզված եմ, փորձությունների, քննադատությունների ու դժվարությունների միջով անցնելուց հետո կարողանում է դառնալ այնպիսին, ինչպիսին ինքն է իրեն ճանաչում, և այսպիսով ավելի ճիշտ ներկայանալ հասարակությանը։

Որո՞նք են այս երկու տիպի մարդկանց տարբերությունները։

Երկրորդ տիպի մարդիկ, երբեմն թեև երկար ժամանակ սպասելուց հետո գտնում են իրենց «համահունչ» ընկերներ, գտնում են այն շրջապատը, որտեղ իրենք ազատ են և կարողանում են ավելի շուտ գտնել իրենց տեղն այս կյանքում։ Առաջին տիպի մարդիկ մնում են գրեթե միշտ կախված հասարակության կարծիքից, անում և ասում են այն, ինչ իրենք միգուցե ճիշտ չեն համարում, և այսպես, վերջնական արդյունքում կարելի է ասել, վատնում են իրենց կյանքը` գոհացնելով հասարակությանը։

Շատ հաճախ մարդիկ ոչ թե վախենում են նրանից, թե իրենք ով են, այլ վախենում են այն փորձություններից և ճանապարհից, որտեղով պիտի անցնեն, որպեսզի դառնան այնպիսին, ինչպիսին ուզում են։

Եթե ունեք նպատակներ, երազանքներ կամ պլաններ, որոնք ցանկանում եք իրականացնել, նախ պետք է ինքներդ ձեր տեղը գտնեք այս աշխարհում։ Մի վախեցեք փորձություններից ու դժվարություններից։ Հաճախ ամբողջ հոգով հավատալով, որ ճիշտ ուղղությամբ եք գնում, անելով ամեն հնարավոր բան ձեր նպատակին հասնելու համար, վերջում ձախողվում եք։ Դրանից հետո էլ բոլորը մտածում են, որ վերջ։ Բայց մտածելուց հետո նորից պետք է սկսել, շարժվել առաջ, ու ես համոզված եմ, թեկուզ միլիոններորդ անգամ ձախողվելուց հետո, հաստատ բոլորի մոտ էլ կգա այն միլիոնմեկերորդ անգամը, երբ ամեն ինչ կստացվի։

Ruzanna Hayrapetyan

Սկսում ենք բարձր տրամադրությամբ

7:30, զարթուցիչի՝ ականջ ծակող ձայն, խոհանոցում դեսուդեն քայլող ոտնաձայներ, չխչխկացող սպասք ու առավոտյան համեղ նախաճաշի բույր. դե ինչ, նոր ուսումնական տարին համարենք բացված։

Ամենաքաղցր ու սիրուն պատմությունների սկիզբն ազդարարող էս օրերը իրենց երկար սպասեցնել չտվեցին: Սեպտեմբերյան առավոտները կապանցի աշակերտներիս մի փոքր տխուր տրամադրությամբ դիմավորեցին: Ցուրտ էր, բայց դե շատերիս չխանգարեց պահարանում իր հերթին սպասող սև ու սպիտակ համազգեստը հագնել ու բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկնել դպրոց:

Այս անգամ նոր ուսումնական տարիս մի փոքր յուրօրինակ ազդարարվեց՝ սեպտեմբերի մեկին դպրոց չգնացի՝ Երեւան-Կապան ճանապարհին էի: Մի քանի օրով մայրաքաղաք էի մեկնել՝ հորաքրոջս հյուր: Կապան ետ դառնալիս մի պահ մտքով տեղափոխվեցի տուն, պատկերացրի, թե ինչ եռուզեռ կլիներ հիմա այնտեղ: Երեւի տատիկը հագուստը արդուկելիս կլիներ, մայրիկը՝ նախաճաշ պատրաստելիս, հայրիկը՝ աշխատանքային հագուստը մեքենայում տեղավորելիս, պապիկն էլ՝ հեռուստացույց դիտելիս: Դե ես ու եղբայրս էլ դպրոց գնալ պատրաստվելիս կլինեինք՝ նախաճաշել, պայուսակ դասավորել, հա, մեկ էլ, ծաղկեփնջերը չմոռանանք:
Պատկերացրի հարազատ դարձած «դպրոցի ճամփան»՝ մի քիչ քարքարոտ, բայց իր մեջ տասնմեկ տարվա պատմություն ներառող, դպրոցի՝ գույնզգույն ու գեղեցիկ զարդարված բակը, տնօրենի շնորհավորական ուղերձը աշակերտներիս, գուցե մի փոքր անհանգիստ ու վախեցած, բայց նոր կյանք ոտք դնելուն անհամբեր սպասող առաջին դասարանցի մանուկներին, երեխաներով լի դպրոցի միջանցքները, կարոտած դասարանս, դասընկերներիս ու դասղեկիս:
Տասնմեկերորդ դասարան փոխադրվեցի, դեռ հարմարվել եմ փորձում այն փաստի հետ, որ մեկ տարով էլ մեծացա, նպատակներիս հասնելու ժամանակը իրեն երկար սպասեցնել չի տալու՝այս երկու տարիներն էլ շատ արագ կանցնեն: Ախր, կարծես երեկ լիներ, որ մայրիկի ձեռքն ամուր բռնած դպրոցի մեծ դռներով ներս էի մտնում…

Դե, նյութս եզրափակեմ շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա կապակցությամբ ու լիքը հաջողություններ մաղթելով: Ես էլ գնամ՝ դասերս պատրաստեմ: Մինչ նոր հանդիպումներ:

arxiv

Ինչպե՞ս խուսափել «երկուս»-ներից

Սիրելի հասակակիցներ, ինչպես գիտեք, հիմա շատերս դաս չենք անում և նորանոր պատճառներ ենք փնտրում դասերից խուսափելու։ Դեռևս քարե դարից մեզ է հասել մոտավորապես 761 միլիոն այդպիսի միջոց։ Անիմաստ է շատ օրինակներ թվարկելը, որովհետև բոլորդ էլ գիտեք դողացնել, տնքտնքալ, հանկարծակի ուշաթափվել, կամ էլ պատճառաբանել, թե ձեր խեղճ հիվանդ տատիկն անսպասելի վախճանվեց։ Բայց դրանք հնացած խորամանկություններ են, նույնիսկ մեր ծնողներն են օգտվել դրանցից, ուստի ուսուցիչներն իսկույն կռահում են։ Ուրեմն, պետք է մտածել ավելի սրամիտ հնարքների մասին։

1․ Եթե դասը սովորած չեք լինում, վստահ ձեռք բարձրացրեք և ուժգին թափահարեք։ Ուսուցիչը, կարծելով, թե դուք պատրաստ եք, դաս չի հարցնի։

2․ Եթե դասը չգիտեք, ընտրեք մի թեմա, որը ձեր ուսուցչին հուզում է, և նրա հետ բանավեճի մեջ մտեք։ Չեք էլ հասցնի ձեր աչքը թարթել, երբ ազատաբաղձ զանգն անուշ կղողանջի, և դուք կհայտնվեք միջանցքում՝ դպրոցի օազիսում։

3․ Դասը սովորած չլինելու դեպքում խնդրեք ձեր ընկերներին հարցեր տալ ուսուցչին և շեղել նրան։

4․ Եթե դասը չեք սովորել, կարող եք «շպո» սարքել։ Այն կարող եք ամրացնել վերնաշապիկին, դիմացը նստած աշակերտի մեջքին, սեղանի տակ կամ գրել ափի մեջ կամ ոտքին։

Լուսինե Զեյթունյան

 

Վերցնում եք ձեր մանրահաշվիչի (կալկուլյատոր) չափով կտրած թուղթ, ֆիզիկայի բանաձևերը գրում և թափանցիկ կպչանով փակցնում հաշվիչի հակառակ երեսին։ Այժմ կարելի է համարձակ մասնակցել ֆիզիկայի ստուգողականին։

Գոհար Հաջինյան

 

Տետրի թուղթը կտրեք երեք սանտիմետր լայնությամբ և անհրաժեշտ երկարությամբ։ Եթե պիտի մեծ բաներ ծածկագրեք, ապա կտրեք ևս մեկ այդպիսի կտոր և սոսնձեք իրար։ Ծալեք թուղթը հարմոնի նման։ Այնուհետև «հրաշագործ» հարմոնի վրա 2-3 միլիմետրանոց տառերով գրեք ծածկագիրը։ Կարելի է թաքցնել ժամացույցի թվատախտակի տակ։

Հայկ Գրիգորյան

 

Եթե ծանոթ վիրաբույժ ունեք, ապա ստուգողականից մեկ օր առաջ խնդրեք, որ ձեր ձեռքը վիրակապի կամ գիպսի մեջ դնի։ Դասի ժամանակ ծածկագիրը հարմար տեղավորեք գիպսի մեջ։ Իսկ հետոն, դուք երևի ինքներդ եք կռահում։

Ջուլիետա Ղազարյան

 

Թղթի վրա ֆլոմաստերով գրեք անհրաժեշտ տեքստը կամ բանաձևերը և դրեք տետրի այն էջի տակ, որի վրա պետք է ստուգողականը գրեք։ Ֆլոմաստերով գրած տառերը թղթի տակից թափանցում են։

Մարիաննա Հովհաննիսյան

 

Իմ ծանոթ տղաներից մեկը որոշել էր դասի չգնալ։ Մոռացա ասել, որ դա այն տարիներին էր, երբ հեռուստացույցով մեկը ջուրն էր կախարդում, մյուսը՝ քարտեզը․․․ Իմ ծանոթ տղան առավոտյան մորն ասաց, որ էքստրասենսը նախորդ երեկոյան սեանսի ժամանակ հրամայել է իրեն դասի չգնալ։ Նա այնքան համոզիչ էր ասում, որ մայրն իրար խառնված որդուն անկողին մտցրեց։ Համա թե տեսարան էր․․․ Մեծերին խաբելը հեշտ է, բայց երբ քույրիկ ու եղբայր ունես, ո՛չ դերասանությունը, ո՛չ սուտը չեն անցնի։ Իմ ծանոթի քույրն էլ խորհուրդ տվեց ծնողներին եղբորը թույլ չտալ հեռուստացույց դիտել։ Եթե էքստրասենսը ասելիք ունի, նա կողքի սենյակից էլ կլսի։ Առավոտյան տղան դարձյալ պատմում էր նախորդ օրվա սեանսի ժամանակ ստացած հրահանգների մասին․ դարձյալ մի քանի օր «ստիպված» է տանը մնալ։ Եվ այստեղ սուտը բռնվեց։ Պարզվեց, որ նախորդ օրը ոչ մի հեռուստատեսային սեանս էլ չի եղել։ Չեմ ուզում շարունակել, թե ինչ եղավ այնուհետև։

Սոֆա Դանիելյան

 

Եվ վերջապես ամենակարևոր խորհուրդը։ Բոլոր մեթոդները փորձելուց հետո կնկատեք, որ մեծ ջանքեր, երկար ժամանակ է պահանջում թե՛ ծածկագիր սարքելը, թե՛ ահով ու դողով դասի ժամանակ արտագրելը։ Շատ ավելի հեշտ, հանգիստ և օգտակար է դասերը սովորելը։ Ցանկանում ենք հաջողություն։

«Հե՜յ» ակումբ

1997 թվական

aneta baghdasaryan

Վեց պատուհան

Արդեն մութ էր․ ամպերը տեղ-տեղ ծածկել էին աստղերով լի երկինքը՝ տեսանելի թողնելով տանիքների ետևից երևացող լուսինն ու մի քանի համաստեղություն։ Քամին անխնա թափահարում էր ծառերի ճյուղերը և նրանց վրայինը լցնում պատուհանից ներս։ Երկարատև շոգից հետո թերևս ամենասպասվածը հենց այս քամին էր, որը հաշվված վայրկյաններում ամբողջ սենյակը լցրեց ավազով և տերևներով։ Հասկանալով, որ մի քիչ էլ, ու սենյակն էլ ոչ մի բան չի փրկի, որոշեց պատուհանը փակել։ Հավաքեց հատակին ընկած տերևները և փակեց պատուհանը։ Դիմացի շենքի վառած լույսերն այսօր զարմանալի շատ էին։

-Մեկ, երկու, երեք, չորս,- փորձում է դրանք հաշվել, ինչպես ժամանակին աստղերն էր հաշվում։ Բայց, ի տարբերություն աստղերի, պատուհաններ հաշվելը մի քանի վայրկյանի խնդիր էր։ Կար վեց սենյակ, որտեղ այդ պահին լույս էր վառվում։

-Տեսնես ի՞նչ են անում այնտեղի մարդիկ,- մատներով գրկեց այտերն ու արմունկներով հենվեց պատշգամբի բազրիքին՝ ուշադիր նայելով շենքի պատուհաններին։ – Էս մեկում եռուզեռ է, հաստատ երեխեքը դեռ չեն քնել․ վազվզում են սենյակում, միմյանց հետ վիճում, բարձր գոռում ու աղմկում, որ ներքևի հարևաններն էլ իմանան, որ իրենք դեռ արթուն են ու քնելու մտադրություն չունեն։ Մայրն էլ, հասկանալով, որ տվյալ պահին ցանկացած գործողություն անիմաստ է, հույսը կորցրած նստել է բազմոցին ու սպասում է, որ նրանք վերջապես կհոգնեն ու իրենց կամքով տեղում կքնեն։ Երազում է լուռ սենյակի ու մի բաժակ թեյի մասին  ու մտածում․ «Ե՞րբ են վերջապես սրանց դասերը սկսվելու, էնքան հոգնեն դպրոցում, որ գան տուն ու միանգամից քնեն»։ Քիչ մնաց, դիմացի՛ր։

Երևի նույնը երազում էին նաև ներքևի հարևանները, ում լույսերը նույնպես վառած էին։

-Քիչ մնաց, դիմացե՛ք,- միգուցե մտածում է ամուսնու մասին, փորձում է հիշել, թե երբ են վերջին անգամ միասին այս սենյակում նստել։ Անհամբեր սպասում է այդ զանգին, որ կհնչի ու, որ ինքն ու երեխաները կվազեն համակարգչի մոտ, որ մի քանի րոպե տեսնեն, խոսեն, պատմեն՝ ինչ են արել այսօր, ասեն. «Ե՞րբ ես գալու, պապ, կարոտել ենք քեզ»։

Երկու պատուհան դեպի աջ նույնպես լույս էր վառվում։ Երևում էր պատուհանի մոտ կանգնած մարդու ուրվագիծը՝ ոչ շատ պարզ, սակայն կազմվածքից հասկացվում էր, որ տղամարդ է։ Ենթադրեց, որ երիտասարդ տղա է, ուսանող, ով հավանաբար վարձում է բնակարանը, կամ էլ ապրում է ծնողների հետ:

-Չէ, հաստատ վարձում է։ Երևի աշխատանքից է եկել։ Ամբողջ ամառ աշխատել է, որ գումար հավաքի, ուսման վարձը տա, կամ էլ տան համար վճարումը կատարի, կամ երկուսն էլ։ Հավանաբար շատ է հոգնում, հասցնում է միայն տուն գալ ու անմիջապես քնել։ Ժամանակ չունի նույնիսկ ծնողներին զանգի ու ասի, որ իր հետ ամեն ինչ կարգին է, սոված չի, ու որ ամեն ինչ ունի, որ չանհանգստանան ու իրեն սպասեն Ամանորին։ Հիմա էլ դասերը կսկսվեն, գիշերը կաշխատի, իսկ առավոտյան կգնա դասի, ու այդպես մինչև տարվա վերջ։ Տեսնես` ի՞նչ է սովորում։ Տնտեսագիտությու՞ն, չէ, միգուցե ճարտարագիտությու՞ն կամ էլ ծրագրավորո՞ւմ։ Հա, ամենայն հավանականությամբ ծրագրավորող է ցանկանում դառնալ։ Հիմա էլ պատուհանի մոտ կանգնած մտածում է, թե ոնց է համատեղելու աշխատանքն ու ուսումը, ոնց է հասցնելու մյուս կիսամյակի ուսման վճարն ու տան վարձը հավաքել։

Ուրվագիծը մտորելով հեռացավ պատուհանի մոտից, և սենյակի լույսն անջատվեց։ Լուսինն էլ չէր երևում, իսկ ամպերը կամաց-կամաց բացվում էին՝ իրենց հերթին բացելով երկինքն ու աստղերը։ Շենքի ամենավերևի հարկի մեջտեղի սենյակի ու կողքի սենյակի լույսերն էլ էին վառված։

-Երևում է՝ մեծ ընտանիք է այստեղ ապրում։ Այս ժամին բոլորը տանն են, եկել են աշխատանքից, միացել են տանը իրենց սպասող մնացած անդամներին, նստել են մեծ սեղանի շուրջ՝ ընթրելու։ Տատիկն ամբողջ օրն անցկացրել է խոհանոցում համեղ ուտեստներ պատրաստելով, պապիկը երեխաներին տարել է այգի կամ էլ խաղահրապարակ, դե, մեծերն էլ ամեն մեկն իր աշխատանքի տեղը աշխատել ու հիմա եկել են՝ օրվա մի փոքր մասն իրենց ընտանիքի հետ վայելելու։ Ըհը, լույսերն անջատեցին։ Բայց ոնց որ չեն պատրաստվում քնել։

Պատուհանի սև ուղղանկյան մեջ երևացին լույսի գունավոր մասնիկներ։ Սերիալի ժամն էր՝ երեխաները քնած էին, տատիկն ու պապիկն էլ վայելում էին իրենց վաստակած հանգիստը։

Երրորդ հարկում ամեն ինչ հանգիստ էր, ոչ մի շարժ չկար սենյակում։ Բայց լույսը վառվում էր։

-Միգուցե մոռացե՞լ է լույսերը անջատել ու էդպես քնել է։ Իսկ եթե աշխատու՞մ է։ Նստած է գրասեղանի մոտ, սուրճի բաժակից մեկ-մեկ կում անելով, կարմրած ու հոգնած աչքերով նայում է համակարգչի էկրանին, որի վրա մեծ տառերով գրած էր «Գործողություն առաջին»։ Արդեն մեկ ամիս է, ինչ տանջվում է, պիեսը պետք է ավարտել, իսկ նա դեռ չի կարողանում այն սկսել՝ գրում է սկիզբը, կարդում այն, փոփոխում, նորից կարդում, ջղայնանում ամենքի ու ամեն ինչի վրա, ջնջում, նորից գրում։ Եվ այդպես մեկ ամիս, ամեն գիշեր, մինչև չհանձնվի։ Հույսը վաղուց է նրան լքել։ Նա արդեն պատրաստ է հաջորդ օրը տնօրինությանն ասել, որ հեռանում է աշխատանքից, որ թատերական արվեստն իրենը չէ։ Սակայն հիմա նա դա դեռ չի հասկանում ու փորձում է փրկել գործող անձանց, փրկել այդպես էլ չստացված կերպարներին։

Մի քանի րոպեից այս սենյակն էլ լցվեց մթությամբ։

-Բարի գիշեր, հուսամ քո վաղն այսօրվանից լավը կլինի։

Երկինքն էլ ամպամած չէր, քամին կարծես թե քշեց բոլոր ամպերը, իրենց հետ քշելով նաև բոլորի խնդիրներն ու անհանգստությունները։ Շենքի համարյա բոլոր բնակիչները քնած էին, հեռու էին առօրյա հոգսերից, մտածմունքներից ու դժվարություններից։ Վառվում էր միայն նրա սենյակի լույսը, նրա, ով մատներով գրկել էր այտերն ու շարունակում էր նայել դիմացի շենքին՝ պատկերացնելով այնտեղ ապրող մարդկանց։

eva

Հարավային մայրաքաղաքի վերածնված հոգին

Առավոտյան ժամը վեցն էր, ու Երևանում լույսը դեռ նոր էր բացվում։ Ես, սովորությանս հակառակ ու մեծ դժվարությամբ, բնության հետ էի արթնացել և անհամբեր սպասում էի մեր հանդիպմանը։ Ժամանակավորապես հրաժեշտ տալով գերակտիվ ու լուսալի մայրաքաղաքին՝ անհագ կարոտով ու սպասումով լցված վազում էի բնօրրանիս գիրկը։

Մեկ տարի բացակայությունից հետո կրկին ծննդավայրումս էի։ Չնայած այն փաստին, որ այս ընթացքում մտովի զրուցում էի նրա հետ, այնուամենայնիվ դեմ առ դեմ հանդիպումը խիստ անհրաժեշտ էր։ Կապանս այս անգամ ուրիշ էր՝ ավելի բարեկարգ, ավելի մաքուր, ավելի գործունյա, ավելի լուսավոր, ավելի․․.  Ձեր թույլտվությամբ, չեմ խոսի Կապանիս չքնաղ բնության ու տեսարժան վայրերի մասին, քանի որ համացանցում բավականին տեղեկատվություն կա դրա մասին։ Կպատմեմ Կապանի և կապանցու հետ ունեցած լռակյաց ու ներքին զրույցների տպավորություններիս մասին։ Րոպեներն էի հաշվում, թե երբ պետք է վերջապես հասնեմ այնտեղ ու սկսեմ իմ նախատեսած ուսումնասիրությունները։ Ճանապարհորդությունս սկսեցի Կապանի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներից, որոնք լիքն էին մանուկների անհոգ ժպիտներով, երիտասարդների անսպառ էներգիայով և մեծահասակների բավարարված ու երջանիկ հայացքներով։ Մյուս օրերին ամեն երեկո շրջում էի քաղաքում ու հիանում երգող շատրվանների անկրկնելի գեղեցկությամբ։ Հետո նստում էի մոտակա նստարաններից որևէ մեկին և սկսում ուսումնասիրել մարդկանց, նրանց տրամադրությունը, շարժուձևը, գործողությունները․․․ Հուրախություն ինձ՝ մարդիկ անկեղծ ժպտում էին։ Կարծես վերջապես մի փոքր ազատվել էին հոգսերից ու հանգիստ շունչ էին քաշում։  Ամեն քայլափոխի ջանք չխնայելով հարցուփորձ էի անում, թե ինչպես են իրենց զգում, ինչ փոփոխություններ են նկատում, ինչ տրամադրվածություն ունեն։ Նրանք պատասխանում էին, որ Կապանն իսկապես փոխվել է, այն օր օրի ավելի է գեղեցկանում ու բարգավաճում, իսկ իրենք բնականաբար ուրախ են դրա համար և շատ բավարարված են զգում։ Չեմ հիշում, թե երբ էի վերջին անգամ կապանցուն այսքան պայծառ տեսել։ Նյութական ու ֆիզիկական կառուցմանը գումարվել էին դրական  էմոցիաներով լի տրամադրությունը և անկեղծ ուրախությունը։ Իսկապես, դրական տեղաշարժերը քաղաքում ամեն քայլափոխի էին երևում` սկսած շինարարական փոփոխություններից մինչև մշակութային կյանքի ծաղկունք։ Կապանցու աչքերում փայլ ու հույսի նշույլներ կային։ Նրանք համոզված են, որ ամեն ինչ շատ լավ է լինելու և դեռ շատերն են խոսելու Կապանի մասին։ Համոզված եմ, որ այդպես էլ լինելու է։ Երբ ես ու Կապանս մենակ էինք մնում, ես դանդաղ շրջում էի նրա փողոցներում` կլանելով յուրաքանչյուր մանրուք, որ նա փորձում էր հասցնել ու ցույց տալ ինձ։ Կապանիս ամեն մի անկյունը ինձ հիշեցնում էր այնտեղ անցկացրած օրերիս մասին, որոնք լցված են անմոռանալի ու թանկ հիշողություններով, իմ ու ընկերներիս խենթ արարքներով, ընտանեկան զբոսանքներով, բարեկամական հանդիպումներով, ուրախությամբ ու տխրությամբ, վերելքներով ու անկումներով, մի փոքր ափսոսանքով, բայց և մշտական հույսով, անսահման հպարտությամբ, անկեղծ ու նվիրական սիրով։ Երբ բակերի կողքով էի անցնում, ուրախությամբ նկատում էի, որ երեխաների աղմուկի ու մեծահասակների նարդի խաղալու գոչյունների քաղցրությունը պահպանվել է։ Քայլելիս մեկ էլ զգում էի, որ ինչ-որ մեկը անթարթ հայացքով ինձ էր հետևում։ Խուստուփս էր՝ հարավային մայրաքաղաքի գեղեցկուհին։ Նա հպարտ ողջունում էր ինձ ու հիացնում իր վեհությամբ։ Խուստուփս կարծես մոր պես հսկում է իր երեխային վերևից՝ ուրախանալով նրա հաջողություններով, կարեկցելով նրան դժվարին պահերին, հիշեցնելով նրան, որ միշտ իր կողքին է և պատրաստ է պաշտպանել նրան բոլոր վտանգներից։ Ես Կապանինս եմ այնքանով, որքանով նա է իմը։ Մեր սերը շատ ամուր է և կառուցված է փոխադարձ հարգանքի ու նվիրվածության ամուր քարերով։

Կապա՜նս, այս անգամ դու ինձ էլ ավելի զարմացրիր ու երջանկացրիր, հուզեցիր ու ստիպեցիր ևս մեկ անգամ հպարտանալ իմ արմատներով։ Շնորհակալ եմ, որ այսքան աշխատասեր ես, լավատես, հույսով լի ու վառվռուն։ Դու միշտ իմ մտքում, հոգում և սրտում ես։ Ես շարունակելու եմ մեծ ուշադրությամբ հետևել քո հաստատուն քայլերին՝ փորձելով աջակցել քեզ ամեն հնարավոր ձևով։ Շնորհակալ եմ, որ միտքդ այդքան ճկուն է,  սիրտդ այդքան բարի, հոգիդ էլ այդքան ճերմակ ու մաքուր։ Սիրում ու կարոտում եմ քեզ և ամեն անգամ անհամբերությամբ սպասում մեր հանդիպմանը։

Ավանդույթը չխախտելով՝ կրկին մեծ դժվարությամբ ու սովորությանս հակառակ արթնացա բնության հետ ու հրաժեշտ տվեցի Կապանիս։ Մի վերջին անգամ անցա նրա փողոցներով ու ցտեսություն ասացի Խուստուփիս՝ կրկին վերադառնալու անդրժելի խոստում տալով։