
Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի

Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
Լուսանկարը` Լիլիթ Վարդանյանի
Լուսանկարը` Դիանա Շահբազյանի
1940 թիվն էր, երբ ծնվեց տատիկս: Դե երևի պատկերացնում եք` ինչ ժամանակներ էին: Ես տատիկիս մայրիկին էլ եմ տեսել, ով արդեն բավականին մեծ էր, երբ ես արդեն այն տարիքում էի, որում ինձ հիշում եմ: Տատիկիս մայրիկն ու հայրիկը Երգի և Պարի պետական անսամբլից էին: Հենց այնտեղ էլ հանդիպել են, սիրահարվել, ամուսնացել: Հիմա ինձ համար այդ ժամանակները սև-սպիտակ այն ֆիլմերի նման են, որտեղ դեռ վայրկյանում 16 կադր էր, ու մարդիկ արագ-արագ էին շարժվում (չնայած այդ ժամանակ կինոյում արդեն վայրկյանում 24 կարդ էր), ինչպես Չապլինի համր ֆիլմերում (որպեսզի պատկերացնեք):
Ես այս պատմությունը շատ եմ սիրում, չնայած չափազանց տխուր է:
Մեծ տատիկս ու պապիկս` Եվգենյան ու Պողոսը, ամուսնանում են: Արդեն երկու երեխա ունեին. ինչպես ասում էի` 40 թվին ծնվեց տատիկս, իսկ 41-ին մեծ պապիս տարան պատերազմ: Տխուր է, չէ՞: Ավելի տխուր է, որ նրան տանելուց մի քանի օր անց պաշտոնական հրաման է գալիս, որ Երգի պետականից ոչ ոքի չտանեն պատերազմ:
Լուսանկարը` Դիանա Շահբազյանի
Պապիս կռվել է Թամանյան դիվիզիայում: Այն, որ հաղթանակից հետո Բեռլինում քոչարի էին պարում:
Ֆրոնտում լինելու ժամանակ պապիկս անընդհատ նամակներ է ուղարկել: Նամակներից մեկում էլ եղբորը գրել էր, որ երեխեքին լավ նայի մինչև գա:
Երկար նամակագրությունից հետո գալիս է սև թուղթ, ըստ որի, պապիս համարում են անհետ կորած: Իր հետ կռվողներից մեկն էլ պատմել է, որ Կերչի ազատագրական մարտերի ժամանակ խեղդվել է:
Շատ եմ լսել այս պատմությունը, տատիկս էլ շատ է սիրում պատմել, չնայած միշտ հուզվում է: Ես էլ եմ հուզվում ու հպարտանում եմ: Իմ համր ֆիլմում նա մնացել է Գերմանիայում, կամ մի ուրիշ տեղ, երեխաներ ունեցել ու ծերացել-մահացել է, միայն ոչ զոհվել: Տատիկս բոլոր այդ նամակները տվել է բարեկամներից մեկին, որ հանձնի թանգարան, և այդպես կորել են այդ նամակները, պապիս և տատիս նկարներով աֆիշները, ֆոտոները…
Հիմա կինոն վայրկյանում 24 կադր է, բայց կարող է նաև լինել 25 կադր, բայց այ, 26, կամ օրինակ 23 կադր լինել չի կարող, պարզ կնկատվի, շարժումները ռոբոտային կդառնան կամ ավելի վատ:
Հիմա կասեք ինչ կապ ունի այս ու մնացած այն բաները ֆոտոյի հետ:
Այսօրվա իմ ֆոտոյի նյութը այն 25-րդ կադրիկի մասին է, որը աննկատ, հենց այնպես, շատ սովորական կարող է ուղղակի լինել, նույն կերպ ինչպես մի ֆոտոն` մի ակնթարթը շատ աննկատ, անիրական ու գոյություն չունեցող ժամանակում կարող է փաստ դառնալ, ապացույց, փաստաթուղթ: Այնպես, ինչպես պապիս մեկնելուց առաջ նկարեցին որդուն գրկած, ու դա դարձավ միակ ֆոտոն, որը մնացել է իրենից: Ապացույց, որ նա եղել է:
Այստեղ հիշում եմ Գոդարի խոսքերը. «Լուսանկարը ճշմարտություն է, իսկ կինոն ճշմարտություն է` վայրկյանում 24 անգամ»:
Հիմա մտածում եք, որ մենք կարող ենք օրվա մեր ամեն պահը վավերագրել: Ինչպես շնչեցինք, արտաշնչեցինք, կանգնեցինք, նստեցինք: Ու հավանական է, որ այդ ֆոտոներից մեկն ու մեկը միակ ապացույցը կդառնա մեր մասին: Չեմ կարծում:
Լուսանկարը` Դիանա Շահբազյանի
Դրա համար մի շարք մարդիկ կարծում են, որ ֆոտոն կորցրել է իր արժեքը, մեր կամ մեկ ուրիշի պատճառով:
Ես կարծում եմ, որ ֆոտոների ու սելֆիների այդ խառնաշփոթը հենց այն ժամանակն է, որտեղ ֆոտոն ամենաարժևորվածն է: Ուշադրություն` լավ ֆոտոն: Միշտ էլ ֆոտոների այդ շատության մեջ առանձնանում է այն միակը, ուրիշը:
2016 թվականն էր, երբ ես մասնակցում էի Հայաստանի Մանուկներ Հիմնադրամի՝ Անգլերենի Աքսես Միկրոդրամաշնորհային ծրագրին: Անգլերեն մի քիչ գիտեի և որոշեցի դիմել Ֆլեքս փոխանակման ծրագրին: Մինչև դիմելը իմ երազանքն է եղել սովորել արտերկրում, ճանապարհորդել տարբեր երկրներով: Հստակ որոշել էի դիմել: Քննության օրերն արդեն մոտենում էին, և ցանկացողները պետք է քննությունը հանձնեին տվյալ մարզի բուհում կամ դպրոցում: Մեր մարզինը, այսինքն՝ Լոռին, պետք է լիներ տեղի պետական համալսարանում:
Մենք արդեն համալսարանում էինք և պատրաստվում էինք քննությանը: Մինչև քննության սկսվելը կամավորները, ովքեր Ֆլեքս ծրագրի շրջանավարտներ էին, կրկին անգամ ներկայացնում էին ծրագրի մասին: Մինչև բուն քննության սկիզբը հերթով յուրաքանչյուրիս հարցնում էին, թե ով որ դասարանում է սովորում և քանի տարեկան է: Մինչ ինձ հասնելը ես շատ լարված էի, որովհետև սովորում էի 12-րդ դասարանում և տեղյակ էի, որ հնարավոր է խնդիրներ առաջանան զինվորական ծառայության հետ կապված, չնայած ես մեկ տարի ավել ժամանակ ունեի և կհասցնեի: Հերթը հասավ ինձ, և ես պատասխանեցի, որ սովորում եմ 12-րդ դասարանում և մեկ տարի ավել ժամանակ ունեմ ու կարող եմ մասնակցել, անցնելու դեպքում սովորել ամերիկյան ավագ դպրոցում, ավարտելուց հետո հետ գալ և հարկ եղած դեպքում զորակոչվել բանակ: Փոխանակման ծրագրի տնօրենը ասաց, որ դա ընդհանրապես կապ չունի, եթե չունեմ համապատասխան թուղթ, ուրեմն ազատ եմ: Ես շատ հիասթափված դուրս եկա այդ սենյակից և միջանցքում անմխիթար վիճակում սպասում էի մեր համայնքի երեխաներին: Միջանցքում հանդիպեցի մի աղջկա, ում ճանաչում էի կրկին Հայաստանի Մանուկներ Հիմնադրամից, բայց այս անգամ բանավեճի խմբակից: Իրենց գյուղի բանավեճի թիմի հետ շատ էինք բանավիճում: Մոտեցա, բարևեցի, հարցրեցի, թե ինչպես է: Նա նույնպես եկել էր մասնակցելու Ֆլեքս ծրագրին: Երկուսս էլ անելանելի վիճակում էինք. ես մեծ էի, իսկ նա փոքր: Այդպես կարծես իրար գտանք, քանի որ նույն իրավիճակում էինք գտնվում: Զրուցում էինք մեր հետաքրքրություններից և տարբեր թեմաներից: Հիացել էի նրա բանիմացությամբ: Մինչ այդ հանդիպումը մենք ուղղակի բանավիճողներ էին և հակառակորդներ, այդ հանդիպումից հետո մենք դարձանք ընկերներ: Հիմա էլ շարունակում ենք շփվել թե՛ համացանցում, թե՛ համացանցից դուրս: Երբեք չենք մոռանում այդ օրը՝ հուզված և տխուր: Սակայն դրանից հետո մենք ավելի գոտեպնդվեցինք, հիմա էլ շարունակում ենք սովորել ու առաջ գնալ, բայց միշտ հիշում ենք և մեր ականջին օղ ենք անում, որ երբե՛ք չպետք է հուսահատվել: Մեկ դուռ փակվում է, մեկ ուրիշը` բացվում:
Ասում են` ժամանակները փոխվել են: Ժամանակները փոխվե՞լ են: Ինչպե՞ս են փոխվում ժամանակները, հետաքրքիր է: Եթե, օրինակ, չլիներ ժամանակի վրա մարդու ազդեցությունը, ինչո՞վ կտարբերվեր 1905 թվականը 2019-ից: Փոխվում են մարդիկ, ոչ թե դարը, ժամանակները, կյանքը կամ աշխարհը: Փոխվում են մարդիկ` ինչ-ինչ գործոններով ազդելով ու փոխելով նաև թվարկվածները: Օրինակ` իմ գյուղը նույն գյուղն է, ինչ եղել է տասը տարի առաջ, երբ ես իմ մանկությունը թողեցի ինչ-որ ուրիշ ժամանակում ու տեղափոխվեցի պատանեկություն: Գրեթե նույնն է, որովհետև ժամանակի հետ մարդիկ որոշ փողոցներ լուսավորել են, տեղ-տեղ ասֆալտ են շռայլել, որ անձրևոտ եղանակներին գոնե հնարավոր լինի ոտքով քայլել, ոչ թե փոքրիկ նավակով տեղաշարժվել, մի քանի տների տանիքներ են նորոգվել, թե չէ` մնացած ամեն ինչ նույնն է` Գևորգի տունը իր տեղում է, դաշտերը միշտ մշակվում են, ծերուկները` ձանձրանում: Գյուղը մնում է նույնը, մարդիկ` փոխվում: Փոխվում են ու փոխում գյուղի կյանքը, որովհետև հարևանի բակում երեկոյան մարդիկ շատ քիչ են հավաքվում, երեխեքը մեր մանկության խաղերը էլ չեն խաղում, տներում իսկական վառարաններին նոր ջեռուցման համակարգեր են փոխարինում: Չեմ ասում` վատ է, որ մարդիկ ձգտում են հնարավորինս հեշտացնել իրենց կենցաղը, բայց գյուղը կորում է, ծխի հոտը քիչ-քիչ պակասում է:
Գյուղի փողոցներից կորում են նաև երեխաները, իսկ ո՞ւր. տեղավորվում են համակարգիչների հարմարավետ աթոռներին, կամ բազկաթոռներին` սմարթֆոնները ձեռքներին: Երեկոյան, երբ երբեմն քայլում եմ ինչ-որ տեղ գյուղում, թվում է, թե ինչ-որ գերբնական ուժով երեխաները անհետացել են ու, չգիտես ինչու, մնացել եմ միայն ես: Իսկ ես, երբ երեխա էի, ընկերներիս հետ անտեսում էինք անգամ այն, որ մեր փողոցով ամենաշատն էին մեքենաներ անցնում, ու հենց փողոցի մեջտեղում գործնագործ էինք խաղում, բռնոցի, երեկոյան հավաքվում էին նաև փողոցի ավելի մեծ երեխեքը` անգամ մինչև 20 տարեկան, ու սկսվում էին լուրջ առաջնությունները` պահմտոցիի, այգեպանի կամ կարմիր կոճակի: Հիմա չգիտեմ էլ, թե ինչպե՞ս կարձագանքեն 10-15 տարեկանները, եթե նրանց առաջարկեմ, օրինակ, բռնոցի խաղալ:
Մանկությանս լավագույն խաղերից մեկը «ճամբարն» էր: Դե, ոչ այնքան խաղ, որքան ամենամյա մեծ միջոցառում, որ կազմակերպվում էր փողոցից ինչ-որ մեկի բակում: Ճամբարը իր մեջ նախ ընդգրկում էր տարբեր մրցույթներ` ով ավելի արագ մի մեծ բաժակ ջուր կխմի, ով արագ վարունգ կուտի կամ մի տուփ քաղցր թխվածք և այլն: Սա ճամբարի ամենաինտրիգային մասն էր ու իմ ամենասիրելին, դե, որովհետև ուտելու գործ կար: Հետո պարի, երգի մրցույթների ժամանակն էր` իմ ամենաչսիրածը, որովհետև ես մի քիչ անտաղանդ էի: Տարիքով ավելի մեծ երեխեքը կազմակերպում էին նաև ցուցադրություններ` հիմնականում հագուստի, ու պարզվում է, որ տարիներ անց մեր հորինած հագուստները` հին վարագույներից շրջազգեստներ, պապիկի վերնաշապիկներից զգեստներ և այլն, այսօր մոդայի լավագույն ներկայացուցիչներն են: Ամենաշատը, որ տպավորվել է հիշողությանս մեջ, փոքրիկ գունավոր թղթերն էին, որոնք փակցնում էինք երկար թելերի վրա ու կապում ամբողջ բակով մեկ` մեր գլխավերևում: Թղթերը միշտ փողոցի երեխեքից մեկի մոտ էին լինում, ամեն տարի վերցնում էինք նրանից, ու ինձ թվում էր, որ դրանք հենց հատուկ մեր ճամբարի համար էին պատրաստվում, դրանից հոգիս փառավորվում էր, բայց հիմա հիշում եմ նաև, որ դրանք ինչ-որ պահածոների` դեռ չօգտագործված պիտակներ էին, բայց ոչինչ, ես ինձ խաբված չեմ համարում: Ճամբարն ավարտվում էր պարով ու մեծ, համեղ տորթը կիսելով. դե հասկացաք՝ էլի իմ ամենասիրելի հատվածներից։
Մենք մանկությունից յուրահատուկ հիշողություններ ունենք` ամեն փողոցին ու բակին հատուկ ավանդույթներով, խաղերով ու աղմուկով, ու հիմա հաճախ եմ ուզում երեխաներին փողոցներում տեսնել` դասերից հետո մինչև ուշ գիշեր` ուժասպառ, փոշոտված ու սոված, ուզում եմ, որ որոշ ժամանակով ինձ իմ մանկություն տեղափոխեն:
Ո՞ւր եք կորել, երեխեք:
Ֆուտբոլ՝ հավանաբար աշխարհի ամենասիրված, ամենահայտնի և ամենագեղեցիկ մարզաձևը: Մարզաձև, որը մեկ նպատակի շուրջ է միավորում միլիոնավոր մարդկանց:
Հայաստանում էլ մարդիկ սիրում և խաղում են ֆուտբոլ, բայց ինչքան ես եմ նկատել՝ խաղում են հիմնականում տղաները: Մեծ կարծրատիպ է դարձել այն, որ ֆուտբոլը տղաների համար է, ինչի հետևանքով քիչ աղջիկներ են գետի հոսանքին հակառակ գնում և խաղում ֆուտբոլ: Հայաստանում կան կազմակերպություններ, որոնք խրախուսում են աղջիկների մասնակցությունը, որոնցից մեկն է ԳՈԼՍ-ը:
Մարտի 24-ին Արմավիր քաղաքի սպորտդպրոցում տեղի ունեցավ ԳՈԼՍ աղջիկների ֆուտբոլի լիգայի գարնանային շրջանի բացման արարողությունը: Արմավիր քաղաքում ԳՈԼՍ լիգան գործում է դեռևս 2018-ի սեպտեմբերից՝ այս պահին ունենալով 4 թիմեր Արմավիրից, Լեռնագոգից և Շենիկից:
Արմավիր քաղաքի ԳՈԼՍ համակարգողն է Օժենի Ավետիսյանը, մրցավարն է Հակոբ Բաբաջանյանը, իսկ բժշկական-տեխնիկական պատասխանատուն՝ Հեղինե Պապիկյանը:
ԳՈԼՍ կազմակերպությունը հիմնադրվել է 2015 թվականին, այն օգնում և աջակցում է աղջիկներին դառնալ առաջնորդներ ֆուտբոլի միջոցով՝ տալով նրանց արդար, հավասար և ապահով միջավայր՝ հաղթահարելու սոցիալական կարծրատիպերը սպորտի միջոցով:
Հայաստանի ողջ տարածքում կա ԳՈԼՍ-ի 8 լիգա՝ ներառելով շուրջ 700 ֆուտբոլ խաղացող աղջիկների Արմավիրից, Սյունիքից, Շիրակից, Տավուշից, Վայոց Ձորից, Լոռիից, Կոտայքից և Գեղարքունիքից:
ԳՈԼՍ կազմակերպությունը շարունակաբար զարգանում է՝ ընդլայնելով իր լիգաների քանակը և համագործակցությունը ազգային ու միջազգային կազմակերպությունների հետ:
Կասկած չկա, որ սա հիանալի գաղափար է և մեծ հաջողության է հասնելու: Իմ կարծիքով, բոլորս էլ պետք է օգնենք նման կազմակերպություններին` մեծացնելու աղջիկների դերը բոլոր ոլորտներում։ Կանայք կարևոր են, կանայք հզոր են:
Էս վերջերս ինչի մասնակցում եմ, ներկայանալիս միշտ ասում եմ՝ ես Վալենտինան եմ, 18 տարեկան եմ։ Էնպիսի տպավորություն է, որ էդ թիվը նշելիս դու ամեն ինչի բացատրությունը տալիս ես։ Բայց, ցավոք, դա միայն տպավորություն է։ Որովհետև դու քանի տարեկան էլ լինես, մեկ է, դու ունես պարտավորություններ քո ծնողների հանդեպ՝ միշտ տեղեկացնելու նրանց քո ամեն էքստրեմալ քայլի մասին։ Եթե ուզում ես մազերդ կանաչ ներկել, պետք չէ գնալ խանութից ներկ առնել, բերել ու սկսել ներկել։ Նախ պիտի սկսես մայրիկի «դեսպանատան» մուտքի արտոնագիր ստանալու գործընթացը։ Դրա համար պահանջվում են հետևյալ փաստաթղթերը․
1․ 3X4 լուսանկար,
2․ Հավերժ տանը մաքրություն անելու վկայական,
3․ Մինչև մահ քիչ խոսելու անդորրագիր,
4․ Տարօրինակ բաների մասին չմտածելու վկայական,
5․ Միջին վիճակագրական տուն տանելու աղջիկ դառնալու գրավոր պայմանավորվածություն:
Լավ, շատ եղավ, էն լուսանկարը՝ մինուս։ Երբ ներկայացնես էս բոլոր փաստաթղթերը, մայրիկը վերջնական հարցազրույցի օր կնշանակի։ Էդ հարցազրույցին կարող ես տանել 7 օրվա ուտելիք, հագուստ ու համբերություն։ Եթե դու կարողացար անցնել այս բոլոր կետերը, քեզ կտրամադրվի արտոնագիրը, որը կապահովի հայրիկի դեսպանատան մուտքը։ Այս արտոնագիրը թերևս ամենաբարդն է, ու շատ դիմողներ կտրվում են հենց այս փուլից։ Այս փուլին մասնակցելու համար դու պետք է աշխատեցնես քո բոլոր սրամիտ քայլերը։ Էստեղ պետք չեն հատուկ փաստաթղթեր, պարզապես պետք է տակտիկայով առաջ շարժվես։ Օրինակ․
1․ Հասկանալ հայրիկի տրամադրությունը,
2․ Եթե գինովցած է, նենգորեն օգտվել առիթից:
Երբ ստանաս ծնողներիդ դեսպանատան վիզաները, հավատա, դրանով էլ ոչինչ չի ավարտվում։ Պիտի զգույշ ապրես, նվազեցնես նրանց բարկացնելու հավանականությունը ու ավելացնես սերն ու նվիրվածությունը՝ պայմանագրի յուրաքանչյուր կետ կատարելիս։ Մի խոսքով՝ քեզ կանաչ մազերը ձեռք չեն տալիս։ Մոռացիր, դու էսպես ավելի ապահով ես։
Դե հիմա կասեք՝ բա ո՞րն ա էդ 18-ի խերը։ Ասեմ՝ դու առավելություն ես ստանում ավելի լուրջ հարցեր տալու նրանց, օրինակ՝ կարո՞ղ եմ գնալ գրողի ծոցը, իսկ դրա՞խտ գնամ, թե՞ դժոխք։
***
-Ես իմ քննությունից առաջ 4 ժամ քնեցի։
-Ինչի՞ Մըկ, քննությունից առաջ պիտի լավ քնես։
-Դե, Վալյա ջան, էդքան էլ հեշտ չի։
-Ես էսօր գնալու եմ ու ժամը 21։00-ից պառկեմ։ Պիտի լավ քնեմ, որ առավոտը շուտ արթնանամ ու գնամ։
Ժամը 20 անց 30 էր, ես արդեն հորդորում էի սենյակի դուռը չբացել, որովհետև ուզում եմ քնել։ Փոքր եղբորս բացատրում էի, որ էսօր ինչ էլ լինի, չգա սենյակ։ Մահճակալը պատրաստեցի ու պառկեցի, բայց ընթացքում ընդունում էի ընկերներիս վերջին պաշտոնական մաղթանքները։ Մեկն ասում էր՝ չլարվես, մյուսը թե բա՝ տրամադրությունդ բարձր կպահես, էն մյուսը՝ անձնագիրդ չմոռանաս, որովհետև ինքը հավի պես առանց անձնագիր գնացել էր քննության, էն մյուսն ասում էր՝ չես էլ իմանում, ոնց ա ժամանակը սահում։ Հիմա արդեն ուզում եմ աչքերս փակեմ, հիշում եմ, որ սիրտս պոպկորն ա ուզում։ Սկսվում է մենախոսություն իմ ու իմ եսի միջև։
-Չէ, դե, հրա՛շք։ Չի կարելի 6-ից հետո նման բաներ ուտել։ Գոնե էսօր ստամոքսիդ համոզի։
-Հա, չէ, գի՞ժ ես։ Քնում եմ։
-Դե քնի։
-Ուղղակի, դու պիտի անես էն, ինչ ուզում ես։ Կյանքը մարդուն մի անգամ ա տրվում։ Բլա՜, բլա՜, բլա՜…
-Լավ, բայց շուտ կգաս։
11-ն էր, երբ արդեն կերել էի իմ պատրաստած պոպկորնը։ Պոպկորն էլ կերա, բա սպագետի՞ն։ Գիշերվա հազարին սպագետի պատրաստեցի ու դա էլ կերա։ Ամեն ինչ արել էի, բացի քնելուց։ Պառկեցի, բայց էլի մտածում էի։ Չէի կարողանում քնել, ժամերն ապարդյուն անցնում էին։ Երևի ժամը 3-ն էր՝ քնեցի, 6 անց կես առանց զարթուցիչի ձայնի արթնացա, որովհետև գիշերը էն մտքով էի քնել, որ ուշանալու եմ։ Ու ամենատարօրինակը էն էր, որ երազումս տեսնում էի, թե քննության ժամանակ, երբ հարցը կարդում էի ու պատասխանը նշում էի, պատասխանը չէր նշվում։ Վերջում բերել էր, որ ես ոչինչ չեմ նշել։ Քննությունից առաջ էլի եմ նման երազներ տեսել։ Ամենաշատ տպավորված երազս էն էր, որ քննությունը անցկացնում էին հողի տակ։ Մարդիկ մեծ փոսեր էին փորել ու համակարգիչները դրել էին հողի տակ։ Երեխաները, որոնք պետք է քննություն հանձնեին, պիտի 3 վայրկյանում այդ փոսով սահեին ներքև ու հայտնվեին համակարգիչների առաջ։ Ես անվերջ սահում էի այդ փոսի միջով, կարծես ժամեր էին անցել, բայց էդպես էլ չէի հասնում համակարգչիս։ Մի անգամ էլ տեսել էի, որ քննությունը անցկացնում են ջրի տակ, ու եթե 4-ից ավելի ժամ չես կարող մնալ ջրի տակ, ուրեմն չես էլ կարող մասնակցել։ Ես էլ փորձում էի, մի քանի անգամ խեղդվում ու մեռնում էի, նորից էի ծնվում, խեղդվում, մեռնում ու էդպես մինչև առավոտ։
Հասնելով քննական տեղամաս, դու հասկանում ես, որ չկան հողե փոսեր, ջրային թեստեր ու չնշվող տարբերակներ։ Կա ժամանակ, կա խնդիր ու կա լուծող՝ դու։
***
Միշտ բացում եմ նոթբուքը, ինքս ինձ ականջներիցս արյուն կաթալու չափ ասում եմ՝ էսօր պիտի լուրջ նյութ գրեմ՝ խորը ու փիլիսոփայական, որ մարդիկ կարդալուց ձեռքը դնեն իրենց ծնոտին ու ասեն՝ այ, այստեղ, որ գրել ա` թափանցիկ սիրամարգ, ինքը նկատի ա ունեցել, որ անմահության հասնող ճանապարհը հավերժ է, ինչպես թափանցիկ սիրամարգի փետուրները, որոնք պոկելուց հետո ես հասկանում, որ դրանք իրականում չեն էլ եղել։ Հետո մի քանի ընթերցողներ նյութիս մեկնաբանությունների դաշտում վիճեն, ասեն՝ գրողը նկատի չի ունեցել դրանց փետուրների առկայությունը նախկինում, ուղղակի կասկածի տակ է դրել թափանցիկ սիրամարգի գոյությունը։ Բայց գրելու ընթացքում ու գրելուց հետո հասկանում ես, որ դու ինչ տրամադրություն էլ ունենաս, մեկ է՝ դու մի անլուրջ բան ես գրելու։ Հիասթափվե՞լ ես, տխրե՞լ ես, նեղվե՞լ ես, ու ընդհանրապես՝ մեռե՞լ ես, հոգ չէ, գնա ու գրիր կարմիր ծիածանների մասին, վերջում քեզ ու քեզ ծիծաղիր, որ չկան նման ծիածաններ, ուղղակի դու անկապ «խորացել ես», բայց ինքդ քեզ ապացուցիր, որ նորմալ չի դրանց բացակայությունը։
Մի ժամանակ ուզում էի բարի սիրային երկխոսություն գրել, բայց գրելուց «կծում» էի հերոսներին, սարկազմով էի մոտենում իմ հորինած մարդկային լուրջ հարաբերություններին, ջնջում էի գրածս ու սկսում էի մի տափակ թեմա քննարկել՝ ծովախոզուկներիս ուսիս դրած։
Ժամանակի ընթացքում դու հասկանում ես, որ չես կարող ձգտել մի բանի, որը քոնը չէ։ Իսկ վերջում հասկանում ես, որ դու սովորական ապուշ էիր։ Երևի էլի եմ ասել։ Տեսնես միայն ի՞նձ է թվում։
-Ապուշը դու ես,- ասաց «քուչում ճշտով աբրած» Գուրգենչիկը։
-Ես ի՞նչ իմանամ, կապրենք, կտեսնենք, – ասաց լավատես Վարդուշիկը։
-Տո, բա ինչ ենք, – վերջապես համաձայնեց իմ «ես»-ը։
Ի՞նչ է Կիոկուշին կարատեն, ինչպիսի՞ տարածում ունի այն Հայաստանում։ Այս թեմայով էլ զրուցեցի գործող մարզիկ և մարզիչ Ստեփան Գրիգորյանի հետ:
-Ի՞նչ սպորտաձև է սա, կխնդրեմ մի քանի բառով ներկայացնել:
-Կիոկուշինը կոնտակտային ոճ է։ Հիմնադրվել է 1950-ական թվականներին Ճապոնիայում` կորեացի վարպետ Մասուտացի Օյամի կողմից և տարիների ընթացքում տարածվել է աշխարհով մեկ։
-Իսկ Հայաստանում ինչքանո՞վ է այն տարածված, շա՞տ են արդյոք այս սպորտաձևով հետաքրքրվողները։
-Հայաստանում մի քանի ֆեդերացիաներ կան, որոնցից մեկն էլ մեր ֆեդերացիան է։ Այն Հայաստանում օրինական գործում է 2005 թվականից, հիմնադիրը և նախագահը Անդրանիկ Հակոբյանն է։ 2005 թվականին մարզվում էին հարյուրավոր մարզիկներ, իսկ այսօր արդեն 2000՝ մարզիկ` Հայաստանում և Արցախում։
-Կպատմե՞ք ֆեդերացիայի աշխատանքի մասին, ի՞նչ ձեռքբերումներ եք ունեցել այս տարիների ընթացքում։
-Ֆեդերացիան այս տարիների ընթացքում մասնակցել է միջազգային մասշտաբի բազմաթիվ արտերկրյա մրցաշարերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների՝ ընդհանուր հաշվով հայրենիք բերելով 125 ոսկե, 103 արծաթե և 130 բրոնզե մեդալ: Հայկական հիմնը հնչել և եռագույնը պատվով ծածանվել է ամենատարբեր երկրներում՝ Ճապոնիա, Գերմանիա, Իսպանիա, Իտալիա, Հոլանդիա, Ռուսաստան, Ուկրաինա, Հունաստան, Բուլղարիա, Վրաստան և այլուր:
-Վերջերս տեղի է ունեցել մրցաշար, կխնդրեմ խոսեք դրա մասին: Ի՞նչ հաջողություններ գրանցեցիք։
-Մարտի 23-ին Իսպանիայում կայացած Կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը մասնակցեցին 25 պետությունների պատվիրակություններ:
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները՝ ֆեդերացիայի հիմնադիր-նախագահ Անդրանիկ Հակոբյանի ղեկավարությամբ, փայլուն հաջողություններ գրանցեցին՝ զբաղեցնելով հետևյալ հորիզոնականները. 3 մարզիկներ դարձան ոսկե մեդալակիրներ՝ Վահագն Հակոբյան, Մաքս Վլասյան, Անդրանիկ Ստեփանյան: Դավիթ Կարապետյանն ու Արման Հովսեփյանը դարձան բրոնզե մեդալակիրներ։
-Ապագայում ի՞նչ առաջնություն է սպասվում, որի մասին կուզեք տեղեկացնել:
-Ապրիլի 7-ին Աշտարակ քաղաքում կայանալու է ՀՀ գավաթի առաջնություն, որի մրցանակակիրները երկու շաբաթ անց մասնակցելու են Հայաստանում կայանալիք «Արմենիա Գրամփ» միջազգային մրցաշարին։ Ներկա պահին մասնակիցներ ունենք Վրաստանից, Իրանից, Ղազախստանից։
-Հե՞շտ է լինել մարզիչ և աշխատել երեխաների հետ, չէ՞ որ պատասխանատու աշխատանք եք կատարում։
-Եթե սիրես աշխատանքդ, ապա հեշտ կստացվի, ինչպես իմ դեպքում։ Ճիշտ է, լինում են դեպքեր, երբ երեխաները կոմպլեքսներ են ունենում, ամաչկոտ են լինում, բայց փորձում ենք աշխատանք տանել նրանց հետ և ընտելացնել միջավայրին և իրենց մարզաձևին։
Լուսանկարը` Մանե Մինասյանի
Արթուրը սկսել է ձկնաբուծությամբ զբաղվել 2007թ.-ին։ Ընկերներից մեկը ձկնաբուծարան ուներ, և որոշեց ինքն էլ այդ ոլորտում փորձել ուժերը։ Սկզբում շատ դժվար էր։ Գործող ձկնաբույծները չէին ցանկանում իրենց փորձը փոխանցել։ Քանի որ հաստատ որոշել էր հաջողել, սկսեց ինքնակրթվել։ Տարիների ընթացքում հարստացրեց գիտելիքները, սովորեց նաև արտասահմանյան փորձից։
-Երբ նոր էի հիմնել ձկնաբուծարանը, ընդամենը 3 ավազան ունեի, իսկ տարիներ անց դրանց թիվը հասցրեցի 9-ի,- պատմում է Արթուրը։
Արթուրը գտնում է, որ իր առավելությունն այն է, որ սրտացավ է մոտենում իր գործին, չի դիտում այն միայն որպես դրամ վաստակելու միջոց։ Նա իրեն և իր նման ոչ մեծ բիզնեսներին համարում է իրական ձկնաբույծներ, որովհետև իրենք ձուկը բուծում են սկսած ձկնկիթից։ Արթուրը ձկների իրացման խնդիր չունի և շատ գոհ է, որ իր բուծած ձկներն իրացվում են Հայաստանում։
Վերջին 15 տարիների ընթացքում ստորերկրյա ջրերի չվերահսկվող օգտագործման հետևանքով իջել է Արարատյան դաշտի արտեզյան ավազանի մակարդակը։ Անդառնալիորեն փոխվել է նաև ստորերկրյա ջրերի քիմիական կազմը՝ շատ վայրերում դառնալով ոչ պիտանի խմելու համար։
Ձկնաբուծական տնտեսությունների զգալի աճը ջրային ռեսուրսների հավասարակշռության և որակի վրա ազդող գործոններից մեկն է։
Լուսանկարը` Մանե Մինասյանի
Այս համատեքստում ԱՄՆ ՄԶԳ «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագիրը մեկնարկել էր «Ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման լավագույն գործելակերպեր» նախաձեռնությունը՝ համագործակցելով «Հարակայուն ձկնաբուծարաններ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների բարելավման» ծրագրի հետ։
Նախաձեռնության նպատակն էր` բացահայտել և խթանել Արարատյան դաշտի ձկնաբուծարանների կողմից ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման գործելակերպ՝ գործընկեր ձկնաբուծարաններին ներկայացնելով սակավ ռեսուրսների արդյունավետ օգտագործման մի շարք օրինակներ։
Միջոցառումից առաջ, հիմնվելով ձկնաբուծարանների փաստացի կարիքների վրա, ԱՀԿՄԿ-ի մասնագետները վերապատրաստման գործնական դասընթաց էին կազմակերպել մասնակից ինը ձկնաբուծարանների համար՝ ձկների հիվանդությունների, ֆինանսական հմտությունների և ձկնարդյունաբերության ոլորտում առկա իրավական բացերի վերաբերյալ։
Մարտի 21-ին՝ Ջրի համաշխարհային օրվա նախօրյակին, Աղվերանում անցկացվեց Լավագույն փորձի փոխանակման և պարգևատրման արարողություն:
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիսերը, ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ղեկավար Էդգար Փիրումյանը, «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրի ղեկավար Արմեն Վարոսյանը, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ու «Հարակայուն ձկնաբուծարաններ հանուն Հայաստանում ջրային ռեսուրսների բարելավման» (SWEFRA) ծրագրի համակարգող Լուսինե Թադևոսյանը:
Լուսանկարը` Մանե Մինասյանի
Ձկնաբույծները ներկայացրեցին իրենց հաջողության հետաքրքիր պատմություններն ու բացեցին փոքրիկ գաղտնիքներ, որից հետո պատասխանեցին մի շարք հարցերի:
Նրանք պատրաստակամություն հայտնեցին փորձով կիսվել սկսնակ ձկնաբույծների հետ:
Այնուհետև հանդիսավոր կարգով մրցանակներ հանձնվեցին փոքր և միջին ձկնաբուծարաններին՝ խրախուսելով իրենց դրական փորձը։
Բիզնեսի իրականացման այս խելացի և շրջակա միջավայրի համար բարենպաստ մոտեցումները հավաքագրվել և հրապարակվել են մի գրքույկում, որը ներկայացվեց միջոցառման ժամանակ։