davit aslanyan

Ամեն ինչ իր տեղում է

Գիտես, բոլորս էլ ուզում ենք լինել լավ սովորող, բայց երբեք բավարար չենք սովորում այդ լավ սովորողների շարքին միանալու համար: Չէի ասի, թե ծույլ ենք, ոչ էլ կասեմ, որ մեր ընդունակություններն են քիչ: Ամեն ինչ տեղում է, դեռ մի բան էլ ավելի: Օրինակ` իմ պարագայում իմ հետաքրքրասիրությունը այնքան շատ է, որ չեմ կարող մի բան մինչև վերջ սովորել: Ու այդ հետաքրքրասիրությունը բավարարելու են գալիս ֆիլմերը, գրքերը, այցելությունները, անվերջ զրույցները, տեսակետներն ու գաղափարները: Մինչ բավարարում ենք մեր հետաքրքրասիրությունը, անցնում է օրը, ուժասպառ ենք լինում, ու էլ ինչ դաս, ինչ սովորել:

Արթնացանք:

Միանգամից ափսոսում ենք, որ երեկ չենք սովորել, որովհետև մի քանի ժամից պատասխանելու ժամանակն է: Ափսոսելով, բայց փորձելով ուրախ երևալ` քայլերս ուղղում եմ համալսարան ու հասկանում, որ գրեթե ամեն ինչ գիտեմ ամեն ինչի ու ամեն մեկի մասին, ինչ տեսնում եմ: Սա, իհարկե, շնորհիվ իմ հետաքրքրասիրության: Գնում եմ դասի: Դասախոսը պատմում է մի բանի մասին, որը դասին չի վերաբերում. կարծես թե մենակ ես եմ տեղյակ դրանից, դեռ մի բան էլ ուզում եմ դասախոսիս ուղղել ու լրացումներ անել: Մի րոպե, բա էն լավ սովորողներն ո՞ւր են: Հա, ոնց էի մոռացել, էսպիսի բաների մասին գրքերում է գրած, ոչ թե դասագրքերում: Ուրախանում եմ, որ լավ սովորողներից չեմ ու խորանում եմ համացանցի մեջ` հետաքրքրասիրությունս բավարարելու համար կարդալով, մինչև դասախոսը մի ավելի հետաքրքիր բառով կամ նախադասությամբ ինձ կշեղի դասի ուղղությամբ: Հիմա էլ մի ուրիշ հարց է ինձ հետաքրքրում` լինեմ լավ սովորո՞ղ, թե՞ լավ մարդ:

Seroj araqelyan

Չսիրելով ֆոտո անելու և մասնագիտանալու մասին

Բարև, իմ սիրելի ընթերցող: Ես ահագին ժամանակ է` չեմ գրել, հա, գիտեմ տեղս զգացվում էր, բայց հավատացեք, բացակայությունս եղել է հարգելի: Էնքան չեմ գրել, անգամ ստեղնաշարն է դարձել անսովոր: Էնպիսի տպավորություն է, կարծես առաջին անգամ եմ նյութ գրում և ուղարկում. համ մի տեսակ լարվել եմ, համ չգիտեմ` ինչ եմ գրում: Բայց աչքերս փակելով և իմ անցած ուղին հիշելով` հասկանում եմ, որ չէ, ինձ սազական չի սա, և հիմա գրում եմ մի բանի մասին, որով արդեն տարիներ շարունակ զբաղվում եմ, բայց չեմ գրել՝ լուսանկարչության:

Շատերը մի բան անում են սիրելով, մեկին նմանակելով և մի բանի հասնելու ցանկությամբ: Ես ֆոտո անելը սկսել եմ էսպես` չսիրելով կամ, էսպես ասած, ձևական: Որքան էլ դա ծիծաղելի թվա, ես սկսել եմ ֆոտոյով իբր զբավել 9-րդ դասարանից, և պատճառը ոչ թե այն էր, որ սիրում էի, այլ այն, որ իմ սիրած աղջիկը սիրում էր լուսանկարչություն: Ես էլ, դե, փոքր մի տղա, մտածում էի, որ եթե ես ֆոտոյով զբաղվեմ, նա ինձ կընտրի: Սկսեցի ֆոտո անել, ուղարկել իրեն, ինքը ժպտում էր, իսկ ես ավելի մտերմանում լուսանկարչության հետ: Հետո որոշ ժամանակ անցավ, և ես սկսեցի ֆոտոն ավելի շատ սիրել, քան նրան, և այդպես էլ ֆոտոն հաղթեց սիրուն: Հա, գիտեմ, ծիծաղելի է, բայց դե ոչինչ, ես 9-րդ դասարանում էի:

Ես այդ ժամանակ, հիշում եմ, օգտագործում էի շատ հաստ, ծանր և նոր դուրս եկած սմարթֆոններից, որոնց տեսախցիկը չէր գերազանցում հինգ մեգապիքսելը, և դա էլ քիչ էր` չուներ ֆոկուս բռնելու հնարավորություն: Մի որոշ ժամանակ անց դպրոցում անցակցվող մրցույթի շնորհիվ ես հնարավորություն ստացա մի քանի ամիս սովորել Դիլիջանի ԹՈՒՄՈ կենտրոնում: Այնտեղ ինձ առաջարկվող դասերից էլի ընտրեցի լուսանկարչությունը, բայց այս անգամ` սիրելով: Հիշում եմ` մեզ անգամ տրամադրեցին պրոֆեսիոնալ ֆոտոխցիկներ, որ բերեինք մեր համայնք, մեկ շաբաթվա ընթացքում նկարեինք ֆիլմ-ֆոտո և հետ տանեինք: Առաջին անգամ ֆիլմ նկարեցի հենց գյուղում: Նկարեցի էն, ինչ բնական է, և չունեցա անգամ ձայնային մոնտաժ անելու կարիք: Գետի ձայն, նարդու զառերի չրխկոց և գյուղի բարբառ: Հաճելի էր մի կողմ դնել հաստ ու վատ խցիկով հեռախոսը և վերցնել ծանր, բայց լավ որակով լուսանկարչական ապարատը: Գնալով մտերմանում էի ֆոտոյի հետ և ավելի խորացա նաև այն ժամանակ, երբ ԹՈՒՄՈ-ում լավագույն ֆիլմ ճանաչեցին իմ նկարած առաջին ֆիլմը: Արդեն կարծես թե սովորություն էր դարձել օրական մի քանի ֆոտո անելը: Այս ամենի հետ մեկտեղ նաև միացա հենց այս կայքին, որտեղ հիմա կարդում ես նյութս` 17-ին: Սկսեցի նաև զբաղվել լրագրությամբ և ֆոտոյի գիտելիքներս կրկնապատկել, եռապատկել: 17-ի շնորհիվ էլ չէի նկարում միայն շատ մոտիկից, կամ թաց տերև ու ամպեր, սկսեցի նաև սիրուն տեսարաններ գտնել անձրևից առաջացած լճակների, ցեխերի, կոտրված ապակիների և ինչու չէ, նաև այն ամենի մեջ, որտեղ չկար ոչ մի հետաքրքրություն: Այս կայքի շնորհիվ տեղադրվեցին համացանցում իմ ֆոտոները, իմ հոդվածները, սկսեցին ծանոթներս գովաբանել, հարազատներս` հպարտանալ, և մի խումբ էլ կողքից խանգարել, որ թողնեմ, բայց ինչպես տեսնում եք` ես դեռ այստեղ եմ և մտադրություն էլ անգամ չունեմ հեռանալու: Եվ այդպես գրելով, ֆոտո անելով` մի օր էլ 17-ի մրցանակաբաշխությանը «Վառարան, մասուր, դասեր» նկարս լուսանկարիչը ճանաչեց լավագույնը և նվիրեց ինձ գիրք, որի մեջի ֆոտոները մինչ էսօր օգնում են ինձ որսալ այնպիսի կադրեր, որոնք ոչ բոլորն են նկատում: Հա, մոռացա նշել նաև այդ նույն մրցանակաբաշխության ժամանակ ինձ նվիրած փոքր ֆոտոխցիկի մասին, որը նույնպես ունի իր ներդրումը մինչ այսօր: Այսօր ես օգտագործում եմ նոր սերդնի սմարթֆոն, որը շատ հզոր չէ, բայց թույլ էլ չէ: Ունի 8 մեգապիքսել հզորությամբ տեսախցիկ և ֆոկուսի հնարավորություն: Չեմ դժգոհում, բայց դե դժվարանում եմ երեկոյան ստանալ լավ որակի նկար:

Մի օր ֆեյսբուքից իմացա մի ֆոտոմրցույթի մասին, որի թեման գյուղատնտեսությունն էր: Քանի որ գյուղից եմ, որոշեցի մասնակցել: Նկարեցի գյուղում գտնվող մեր հին տրակտորը, որը չի շահագործվում և այնքան հին է, որ իր վրայից թափվում էր գեղեցկությունը: Նկարս այնտեղ զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, պարգևատրվեցի գրքերով, պատվոգրերով և մի քիչ զարմանալի է, բայց բանջարեղենի սերմերով: Գիտեմ` ծիծաղում եք, բայց դե գյուղատնտեսության վերաբերյալ էր, ոչինչ չկա, ամեն ինչ նորմալ է: Հա, իսկ ինչի 3-րդ հորիզոնական, որովհետև նկարը արվել է երեկոյան և կար որակական խնդիր: Բայց ինչպես ժյուրին ասաց. «Հարցը ոչ թե որակն է, այլ միտքը, դու կարող էիր լավ որակով նկարել, բայց անիմաստ նկար: Միտքը ունես, որակն էլ ժամանակի հարց է»:

Մինչև այսօր էլ ես դեռ օգտագործում եմ հեռախոսի խցիկ, համալսարանից սովորել եմ Adobe Photoshop ծրագիրը, որի շնորհիվ ստանում եմ անգամ ավելի լավ նկար, քան պրոֆեսիոնալ ֆոտոխցիկով արված ֆոտոն: Հիմա սպասում եմ իմ չորրորդ կուրսին, երբ կսովորեմ լուսանկարչություն, և արդեն երևի թե և՛ միտքս ավելի լավը կլինի, և՛ լուսանկարչական տեխնիկան: Բայց եթե անգամ տեխնիկան չլինի, մեկ է, չպետք է հիասթափվել:

Այ, էսպես հետաքրքիր է կյանքը և լի անակնկալներով` թե՛ լավ, թե՛ վատ, թե՛ հեշտ, թե՛ դժվար փորձություններով: Ուղղակի չհանձնվել, նայել առաջ ու պայքարել: Ասեմ ավելին` հեռախոսիս խցիկի հետ խնդիրներ են առաջանում շատ նկարելուց, բայց դե, չենք հանձնվում, անգամ մեկ րոպեով կարող եք խնդրել ընկերոջ հեռախոսը, անել օրվա ֆոտոն, պահել ֆոտոյի ռիթմը Instagram, Facebook կամ 17.am կայքերում և չմոռանալ անցած ուղին` տեխնիկայի պատճառով:

Հ. Գ. Ամեն մի գործ անելիս, եթե սկսում ես սիրով անել, անում ես նաև անհնարը, որպեսզի շարունակես այն և կիսատ չթողես: Այնպես որ, չասենք` չկա խցիկ, չենք կարող ֆոտո անել: Ընդամենը հեռախոս և վերջ: Մարդու մտքին տեղ լինի:

Նամակ իմ հերոսին

Ես Լուիզան եմ: Սովորում եմ ութերորդ դասարանում: Երբ մեր ուսուցչուհին մեզ հայտնեց, որ պետք է գրենք նամակ մեր հերոսին, ես անմիջապես Ձեր մասին մտածեցի՝ որոշելով իմ ողջ հույզերն ու մտորումներն արտահայտել այս նամակում…

Գիտեմ, որ Դուք որպես տնօրեն և ուսուցիչ աշխատել եք այն դպրոցում, որտեղ հիմա սովորում եմ ես: Մինչ օրս էլ խոսում են Ձեր մասին, գովաբանում Ձեզ: Երբ յուրաքանչյուր գագարինցու հարցնում են` ո՞վ է այսպես ծաղկեցրել այս դպրոցը, բոլորն առանց վարանելու պատասխանում են.

-Իհա՛րկե, ընկեր Եղիազարյանը…

Դուք դեռ տասնյոթ տարեկան էիք, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմը: Դուք մարտի դաշտում պայքարեցիք անձնազոհաբար, ինչի արդյունքում կորցրեցիք Ձեր բազուկը… Չեմ համարձակվում երևակայել անգամ, թե ի՜նչ փորձություններ եք հաղթահարել ու պատվով՝ որպես հերոս վերադարձել: Սրա մասին են վկայում Ձեր բազմաթիվ շքանշանները… Ձեզ վիճակվել է անցնել պատերազմի սարսափների միջով, բայց Ձեր աչքերում այնքա՜ն լուսավոր բարություն կա:

Սիրելի՛ ընկեր Եղիազարյան, Դուք իմ հերոսն եք: Եվ ուզում եմ հաստատել, որ այժմ էլ հպարտանալու շատ առիթներ ունեք: Ձեր չորս զավակներից երկուսն այժմ աշխատում են Ձեր հիմնած դպրոցում՝ շարունակելով Ձեր գործը, է՛լ ավելի շենացնելով մեր դպրոցը:

Դուք հիմա իննսունչորս տարեկան եք, ունեք Ձեր սեփական այգիները, որոնք մեծ հաճույքով եք մշակում: Հաճախ եմ տեսնում, թե ինչպես եք քայլում ծառաշարքերի միջով և հոգատարությամբ զննում ամեն ճյուղն ու ոստը, էտում ու պատվաստում ծառերը, զգուշորեն շտկում փեթակները:

Շատ գագարինցիների եք բաժին հանում Ձեր այգիների բերքից: Եվ երբ աշակերտներն անցնում են Ձեր այգիների կողքով, առանց հյուրասիրվելու չեն շարունակում ճանապարհը:

Քանի՜ անգամ եմ լսել, որ ասում եք.

-Նա՛ն ջան, տե՛ս, թե ի՜նչ լավ խնձորներ կան, եկե՛ք, վերցրե՛ք…

Ու սիրառատ, բարի-բարի՜ ժպտում եք՝ որպես հարազատ պապիկ…

Տնտեսական (չ)հեղափոխություն

Ազգային ժողով, փետրվարի 14. մեր վարչապետը հայտարարեց, որ սկսում է իր երկրորդ քայլարշավը` «տնտեսական հեղափոխությունը»: Մինչև տնտեսական հեղափոխությանն անցնելը, նախ պարզապես նշեմ, որ մենք ընդհանրապես հեղափոխություն չունեցանք (այո, ինչքան էլ գեղեցիկ է հնչում` «թավշյա հեղափոխություն», բայց դե ինչպես հայտնի թևավոր խոսքն է ասում` ճշմարտությունն ավելի լավ ընկեր է): Մենք ունեցանք դասական իշխանափոխություն. մնացինք խորհրդարանական երկիր, տնտեսությունը շարունակում է մնալ շուկայական և ընդհանրապես` ոչ մի համակարգային լուրջ փոփոխություն չունեցանք: Հեղափոխություն կլիներ, օրինակ` երբ դառնայինք թագավորական միապետություն: Սակայն այս թեմայով ավելի լավ է քաղաքագետները զբաղվեն, իսկ ես անցնեմ մասնագիտական ոլորտիս:

Ընդհանուր առմամբ` տնտեսագիտության մեջ «տնտեսական հեղափոխություն» հասկացություն չկա, դրա փոխարեն օգտագործվում է «արդյունաբերական հեղափոխությունը»: Մենք այսպես ենք սովորում տնտեսագիտական համալսարանում: Արդյունաբերական հեղափոխությունն ընթացել է 4 հիմնական փուլով.

1760-ականներից մինչև 1870-ականներ: Այն հայտնի է որպես մեքենայացման հեղափոխություն:

1870-1970-ականներ: Այս շրջանում հեղափոխական քայլեր կատարվեցին քիմիական արդյունաբերությունում և առաջին անգամ ստեղծվեցին հսկա կորպորացիաները, օրինակ` FORD MOTORS-ը:

1970-90-ականներ: Այս փուլի ձեռքբերումների գագաթնակետը, դե իհարկե, ատոմային էներգիան էր:

90-ականներից մեր օրեր: Դե, այս փուլում առաջացավ ու լայն տարածում գտավ համացանցը` իր հետ բերելով հեղափոխական գաղափարներ, իսկ նախկինում ձևավորված բոլոր կարծրատիպերը տնտեսութան վերաբերյալ պարզապես փոշիացան:

Հիմա գանք Հայաստան: Նյութը գրելու մոտիվացիա դարձավ կես ժամ առաջ կարդացածս հոդվածը` «Տնտեսական հեղափողությունը հասել է Կոտայք»: Բովանդակությունը ներկայացնեմ կարճ. նախատեսվում է 1500 նոր աշխատատեղ և մի քանի ներդրումային ծրագրեր իրականացնել: Այսքանը, ոչ մի նոր հեղափոխական քայլ: Եվ սա միակ դեպքը չէ, նմանատիպ բովանդակությամբ հոդվածները, քննարկումները, հաղորդումները շատ են: Մարդիկ ներկայացնում են, որ ունեցանք X տոկոս տնտեսական աճ, Y-ով կրճատվեց գործազրկությունը, Z-ով ավելացան օտարերկրյա ներդրումները: Եվ ամենավատը այն է, որ վերը թվարկվածները կապում են «տնտեսական հեղափոխության» հետ: Սրանք նորմալ երևույթ են ցանկացած առողջ տնտեսական համակարգում…

Ու այսպես շարունակ, բոլորն են խոսում «տնտեսական հեղափոխությունից», թռիչքաձև աճից, բերում են Սինգապուրի, Իսրայելի օրինակները, սակայն մենք շարունակում ենք նույն, ավանդական տնտեսությունը վարել, նույն առօրյայով ապրել: Տնտեսությունը վերցնել և դարձնել իսրայելական կամ սինգապուրյան պարզապես հնարավոր չէ: Մենք ունենք հայկականը` իր հարյուրավոր առանձնահատկություններով, լավ ու վատ կողմերով: Միգուցե շուտով այդ փորձը հիանալի արդյունքներ ցույց տա, և աշխարհում հայտնի դառնա հայկական օրինակը, չգիտեմ: Հա, ու միայն հեղափոխություն հայտարարելով, գեղեցիկ երանգներ տալով իրավիճակը չես փոխի:

Սխալ չհասկանաք, պարզապես եկեք բառերն ու հասկացությունները ճիշտ և տեղին օգտագործենք:

anna  andreasyan

Գործի գիտակները

Քիչ առաջ կարդում էի նախորդ հոդվածներս ու մտածում՝ ի՞նչ կլինի, որ հաջորդ նյութս բողոք կամ քննադատություն չլինի ինչ-որ հարցի շուրջ, այլ մի պատմություն: Սկսեցի շրջագայել գլխումս, մի բան հիշելու համար: Վերջապես՝ մտքիս ամեն մի անկյունը փորփրելուց հետո, հիշեցի մի հետաքրքիր դեպք, որ թեև մի քանի տարի առաջ էր պատահել, բայց մինչև հիմա էլ այն հիշելիս դեմքիս ժպիտ է գալիս:

Ուրեմն մեր Մայիսյան գյուղին բնորոշ մի շոգ ամառ էր: Դե, ամառային արձակուրդներ էին, ու բան չունեի անելու: Ամբողջ ցերեկը տանջող շոգից հետո, վերջապես եկել էր երեկոն՝ իր հետ բերելով ամառային երեկոներին բնորոշ զով քամին: Ես ու մայրս հեռուստացույցով մեր սերիալն էինք դիտում՝ սերիալ դիտողներին բնորոշ համակ ուշադրությամբ, որ անտեսում է շրջապատում կատարվող ամեն ինչը (կար մի ժամանակ, երբ ես հեռուստացույցով սերիալներ էի նայում): Մեկ էլ զանգահարեց հորեղբայրս (նա և տատիկս խաղողի այգում էին) և ասաց, որ մեր հարևանը տեսել է, թե ինչպես են մեր խոզի ձագերը դուրս եկել գոմից: Անկեղծ ասած՝ դա ինձ սկզբում այնքան էլ չհետաքրքրեց, և ես շարունակեցի իմ դիտումը, բայց հետո, մայրս, ստուգելով դրա ճշմարտացիությունը, վերադարձավ ինձ ասելու, որ գնամ օգնեմ խոզի ձագերին նորից ներս տանել: Այստեղ մի պարզաբանում է պետք իրավիճակը ավելի լավ հասկանալու համար: Չնայած գյուղում ապրելուն՝ երբեք գործ չէի ունեցել մեր ընտանի կենդանիների հետ, ավելին՝ նրանցից վախենում էի (ինչպես գրեթե մյուս բոլոր կենդանիներից): Նրանց հորեղբայրս ու տատիկս էին պահում, այնպես որ, մայրս էլ համարյա թե գործ չուներ նրանց հետ: Ու հիմա ինձ՝ այս գործերից բացարձակ անտեղյակիս, տանում են օգնելու: Ինչ արած, հո չէի՞նք թողնելու, որ խոզերը կորչեն: Ես ու մայրս գնացինք նրանց փնտրելու՝ հետներս ապահովության համար վերցնելով պետք եկածից ավելի մեծ ու ամուր փայտեր:

Եվ այսպես, խոզերին գտանք, նրանք մեր գոմի հետևում էին, այնքան էլ հեռու չէին: Թվով 12-ն էին ու չնայած դեռ ձագեր էին՝ բավականին մեծ էին չափսերով: Պլանը այսպիսին էր՝ մայրս պետք է նրանց քշեր դեպի գոմ, իսկ ես թույլ չտայի, որ ճանապարհից շեղվեին: Սկզբում ամեն ինչ նորմալ էր գնում, բայց հետո նրանցից մի քանիսը հանկարծ մտափոխվեցին և որոշեցին մի քիչ էլ վայելել ազատության մեջ գտնվելու բացառիկ հնարավորությունը: Մենք էլ սկսեցինք այդ մի քանիսի հետևից վազել՝ բավականին մեծ աղմուկ բարձրացնելով: Ու հենց այդ աղմուկը լսելով էլ՝ մեր հարևան կանայք, որոնք եթե ոչ մեզանից պակաս, ապա հաստատ ավել էլ չէին հասկանում այդ գործից, հավաքվեցին՝ առաջարկելով իրենց օգնությունը: Ես էլ, առիթը բաց չթողնելով, մի փայտ տվեցի նրանցից մեկին, որ հետս կանգնի իմ նշանակված տեղում:

Մինչ այս ամենը կատարվում էր մեր՝ ազատությանը կարոտ խոզերը ավելի էին ոգևորվել ու ոչ մի կերպ չէին ուզում ներս մտնել: Իրականում, ինչպես հետո տատիկս ասաց, մենք նրանց վախեցրել էինք մեր փայտերով ու վազվզոցով: Տե՜ս է, ինձ էլ ամբողջ ընթացքում թվում էր, թե այդտեղ միակ վախեցածը ես էի։ Փաստորեն, խոզերն էլ էին նույն վիճակում, ուղղակի մեկս մյուսի լեզուն չէինք հասկանում:

Մի շատ ծիծաղելի տեսարան էր, մի 5-6 հոգով վազում էինք խոզերի հետևից, փորձում նրանց բռնել, իսկ նրանք փախուստի ճամփան միշտ գտնում էին: Իմիջիայլոց, մեր հարևաններից երկուսը, որ խոզերի հետ վարվելու ձևերին ծանոթ էին, հեռվից զարմացած մեզ էին նայում՝ հավանաբար խղճալով ոչ թե մեզ, այլ խոզերին:

Մի խոսքով՝ մեր ու խոզերի շնչառությունը, սրտի զարկերի արագությունն ու քանակը հավասարվել էին, երբ տատիկս ու հորեղբայրս վերադարձան տուն: Անմիջապես եկան մեզ մոտ: Տատիկս մի պահ զարմացավ՝ տեսնելով մեր խմբին շնչակտուր, մեծ փայտերը ձեռքներիս: Հանգիստ մոտեցավ խոզերին, ասաց «մաշ-մաշ» կախարդական բառերը, և խոզերը հանգիստ ներս անցան: Դե, պատկերացրեք, մեր խմբի զայրույթն ու զարմանքը: Կես ժամից ավելի 5-6 հոգով չէինք կարողանում մի քանի խոզերի մեզ ենթարկել, իսկ տատիկս առանց ջանք թափելու նրանց ներս տարավ:

Ամեն անգամ այդ պատմությունը հարևաններով հիշելիս մի լավ ծիծաղում ենք, ու ես ակամա հանգում եմ այն մտքին, որ ամեն մարդ իր գործի գիտակն է:

anyuta paronyan

Քաղաքակրթությունից հեռու

Ծիծաղելի կհնչի, բայց ես այն մարդկանցից եմ, ովքեր կուզենային մեկ անգամ կյանքում ապրել աֆրիկական ցեղերի հետ։ Ինձ շա՜տ են հետաքրքրում նրանց կենցաղը, սովորույթները։ Հետաքրքիրը, իմ կարծիքով, հենց իրենց արտաքինն է՝ ափսեներ բերաններին, և կոտոշներ՝ գլխներին։ Ափսեները նրանք դնում են որպես գեղեցկության խորհրդանիշ, և որքան մեծ են բերաններին դրված ափսեները, այնքան իրենք գեղեցիկ են, և ամուսնանալու համար ավելի հարուստ ավար են ստանում՝ չորս կովից սկսած։ Եթովպիայի Օմո գետի ավազանը գիտնականները համարում են մարդկության բնօրրան։ Այնտեղ են բնակվում համեր, դասանեչ, մուրսի, սուրի, կարո, ռուֆո և տուրկանա հնագույն ցեղերը։ Այժմ նշված վայրերում կառուցվում է Աֆրիկայի ամենամեծ ջրամբարը, դրա պատճառով այս ցեղերը (մոտ 200 հազար մարդ) գտնվում են ոչնչացման վտանգի տակ։ Ցեղերի համար գումար վաստակելու գլխավոր աղբյուրը փողի դիմաց լուսանկարվելն է։ Դասանեչ ցեղի անվանումը նշանակում է «դելտային մարդիկ»։ Նրանք բնակվում են հովտի հարավային մասում, որտեղ Օմո գետը միախառնվում է Տուրկանա լճին։ Բաննա ցեղը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ, մարդիկ բնակվում են լեռնային հատվածներում։ Կարոն Եթովպիայի հարավում ամենասակավաթիվ ցեղն է՝ 1500 ներկայացուցիչ։ Կարո ցեղի մարդիկ հայտնի են իրենց բոդի-արտով, նրանք դեռ հնուց իրենց մարմինները զարդարում էին ինքնատիպ նախշերով, որոնք փոխարինում են հագուստը։

Ամենահետաքրքիր սովորույթներն ունեն մուրսի ցեղերի բնակիչները։ Մուրսիները նույնպես հավատում են երկնային ուժերին։ Հիմնական կրոնական պաշտոնյան քուրմն է։ Հատուկ ծիսակատարությունների միջոցով քուրմը փորձում է անձրև կանչել, պաշտպանել մարդկանց և անասուններին հիվանդություններից, կանխել հարևան ցեղերի հարձակումները, երաշխավորել հողի բերրիությունը և այլն։ Մուրսիները դավանում են անիմիզմ։ Մուրսիների մոտ սովորույթ է ստորին շրթունքի կիսանը։ Մուրսիների մոտ շրթունքը ձգելու արարողությունը սկսում են մանուկ հասակից և շարունակում մինչև խոր ծերություն։ Այս պատճառով շուրթերը կարող են հասնել բավականին մեծ չափսերի։ Շրթունքների բացվածքը աղջիկների մոտ հիմնականում արվում է ամուսնությունից 6-12 ամիս առաջ՝ մոր կողմից։ Կանայք առավոտյան շուտ արթնանում են և երկար ճանապարհ կտրելով՝ գնում ջրի, իսկ տղամարդիկ այդ ընթացքում գնում են որսի, և տուն վերադառնալիս հարբած են լինում, այդ ժամանակ նրանցից պետք է վախենալ։ Ծերերն էլ զբաղվում են երեխաների դաստիարակությամբ։

ella mnacakanyan yerevan

Պրևերը՝ իմ շուրթերի լույսով

Այդ սերը

Այդ սերը՝
Այնքան բուռն
Ու այնքան փխրուն,
Այնքան նուրբ
Ու հուսահատ այնքան:
Այդ սերը՝
Ցերեկվա պես լուսավոր,
Ժամանակի պես տանջող,
Երբ երկարում են օրերը:
Այդ իսկական սերը՝
Գեղեցիկ,
Երջանիկ
Ու ծիծաղկոտ,
Ինչպես երեխա՝ խավարում դողացող,
Բայց և վստահ այնքան
Կեսգիշերում հանդարտ մարդու նման:
Այդ սերը՝
Ուրիշներին վախեցնող,
Նրանց խոսեցնող,
Նրանց գունատող,
Հանկարծակի սերը,
Հետապնդված, վնասված,
Տրորված, մերժված,
Լքված, մոռացված սերը…
Այդ սերն՝
Ամբողջությամբ դեռ ապրող
Եվ արևից վառ փայլող:
Այն իմն է, քոնն է,
Այն, որ միշտ նոր է
Ու երբեք չփոխվող,
Քայլքի պես հստակ,
Թռչնի պես ազատ,
Ամառվա պես ջերմ ու կայտառ:
Մենք երկուսս կարող ենք մոռանալ,
Գալ ու հեռանալ,
Ապա քնեցնել մեզ
Ու սերը մեր,
Հետո արթնանալ, տանջվել, ծերանալ
Ու կրկին մեզ քնեցնել:
Երազել մինչև մահ,
Ծիծաղել ու ժպտալ
Եվ… երիտասարդանալ:
Մեր սերն այստեղ կմնա՝
Աչքերիդ պես համառ,
Ինչպես բաղձանք անհաս
Ու կխոցի հուշերով դաժան,
Ափսոսանքի նման հիմար,
Որ սառն է հանց մարմար:
Ցերեկվա պես լույսով լի,
Մանկան նման խոցելի՝
Նա ժպտալով մեզ կնայի
Ու կխոսի առանց խոսքի:
Ես դողալով կլսեմ նրան
Եվ կգոռամ
Քեզ համար,
Ինձ համար:
Ես կաղերսեմ ու կգոռամ
Ինձ ու քեզ համար
Եվ բոլոր նրանց,
Ովքեր սիրում են
Ու զգում իրենց սիրված:
Այո՛, ես գոռում եմ
Հանուն ինձ ու քեզ
Եվ այն ուրիշի,
Ում չեմ ճանաչել
Ու չեմ ճանաչի:
Հենց այստե՛ղ մնա,
Ուր հենց հիմա կաս,
Ուր որ եղել ես դու այն ժամանակ:
Հենց այստե՛ղ մնա,
Չշարժվես հանկարծ,
Հանկարծ չգնաս…

Մենք՝ սիրվածներս,
Քեզ մոռացել ենք,
Բայց դու՜,
Դու մեզ մի՛ մոռացիր,
Մենք ոչինչ չունենք քեզնից բացի,
Մի՛ թող վերածվենք սառույցի..
Տո՛ւր մեզ նշաններ կյանքի
Թեկուզ խորը հեռուներից,
Այլ աշխարհից, տիեզերքից,
Դեպի խորքը այն անտառի,
Ուր թաքստոցն է մեր հուշերի:
Լոկ հայտնվի՛ր,
Ձեռք մեկնի՛ր մեզ
Ու մեզ փրկի՛ր…

Ֆրանսերենից  թարգմանությունը՝ Էլլա Մնացականյանի

ani jilavyan

Արձակուրդ

-Չէ, չէ ու չէ,- ասում եմ ես երևի թե մտքում, կամ էլ քնաթաթախ ձայնս սենյակում էլ է լսվում, ո՞վ գիտի, բայց զարթուցիչս հաստատ ինձ չի լսում ու շարունակում է երգել՝ ասես ոչինչ էլ չի եղել: Դե հա, չեմ մեղադրում, ինքս եմ լարել, որ արթնացնի: Հեչ չէի ուզի զարթուցիչ աշխատել՝ մարդիկ լարում են, իսկ հետո, երբ խեղճ զարթուցիչը նրանց քնից հանում է, զայրանում են, չի հանում՝ ավելի են զայրանում:

Մինչ մտածում եմ էս բոլորի մասին, աչքիս առաջ են գալիս պարող կակտուսներն ու «մյաու» ասող մկները, բայց զարթուցիչս վրա է հասնում ու էլի ինձ քնից հանում: Բացում եմ աչքերս՝ կտրելով երազներիս ժապավենը ու էլի հիշում պատճառը, թե ինչի չեմ ուզում անկողնուցս վեր կենալ: Միշտ էլ արձակուրդից հետո էսպես ա… Լավ, մի շփոթվեք, հիմա ամեն բան հերթով կբացատրեմ: Ես Ամերիկյան համալսարանի երրորդ կուրսի ուսանող եմ, բնականաբար, դասերի ծանրաբեռնվածությունից հոգնած ու առավոտյան զարթնելու հետ լուրջ խնդրներ ունեցող: Մարտի չորսից մի շաբաթ արձակուրդ ունեինք, ու քանի որ մի շաբաթը այդքան էլ մեծ ժամանակահատված չէ, ես կասեի՝ շատ քիչ է, նոր էի զգում դրա քաղցրությունը, երբ օրացույցս ինձ ասաց, որ արդեն մարտի տասն է՝ կիրակի: Հիմա արդեն մի շաբաթ է, ինչ արձակուրդից հետո դասի եմ գնացել, բայց այնպիսի տպավորություն է, որ արձակուրդ չի էլ եղել, այլ՝ ուրախ դրվագ երազում, որն անսպասելի ավարտվեց: Եվ բոլոր համակուրսեցիներիս մոտ է էդպես: Ու ամեն անգամ էլ էդպես շուտ է անցնում արձակուրդը: Մյուս կողմից էլ՝ արձակուրդ չլինի, կբողոքենք, որ չկա, արձակուրդ կա, բողոքում ենք, որ քիչ է, իսկ անգամ որ շատ էլ լինի, կբողոքենք, որ հետ ենք վարժվում դասերից… Ի՜նչ հետաքրքիր բան է ուսանողական հոգեբանությունը:

ani muradyan

Երեխայի քմահաճույքները

Շառլոտը աղիողորմ արտասվում է, դուք հենց նոր նրան մերժել եք տալ չորրորդ կոնֆետը, Ժերեմին բարկանում է, դուք նրան արգելել եք դիտել երրորդ տեսաերիզը, Վալենտինը սուպերմարկետում հատակին է գլորվում, որպեսզի իր համար գնեք կարմիր գեղեցիկ ավտոմեքենան:

Ձեր երեխան կամակորություն է անում, իսկ ձեզ համար դա մեծ անհանգստություն է: Ամեն «նյարդային նոպայի» պահին կասկածը պատում է ձեզ, թե արդյոք «ես շատ հաշտվող չեմ» կամ «շատ խիստ», «իմ երեխան լավ դաստիարակված չէ», «ես լավ ծնող չեմ», «եթե ես զիջեմ, միայն ավելի վատ կլինի»:

Վստահեցնում եմ ձեզ, բոլոր երեխաներն էլ տրվում են քմահաճույքներին, դա նորմալ է: Ի՞նչ է կամակորությունը: «Երեխայի մոտ դա ամբարտավան ցանկության դրսևորում է, որը չի ճանաչում ծնողի արգելքը»,- բացատրում է հոգեթերապեվտ Քրիստին Բրյունետը: Այն տեղի է ունենում երեք փուլով` երեխան արտահայտում է իր ցանկությունը, ծնողները նրան ասում են «ոչ», փոքրիկը, դժգոհ դրանից, սկսում է ուժգին բարկանալ:

Ինչի՞ համար են քմահաճույքները: Ֆրոյդը ցույց է տվել, որ երկու օրենքներ են ղեկավարում հոգեկան աշխարհը ` «հաճույքի սկզբունք»` պրոցես, որի ընթացքում անհատը փորձում է բավարարել իր ցանկությունները, և «իրականության սկզբունք», որը մեզ ստիպում է հետաձգել կամ ձևափոխել մեր ցանկությունները` հաշվի առնելով իրականությունը: Ուստի ի՞նչ է բացահայտում երեխան, երբ տրվում է քմահաճույքներին: Պարզապես իրականում նրա ցանկությունները չեն համապատասխանում իրականության հետ, նա չի ցանկանում հեռանալ զբոսայգուց, բայց արդեն զբոսայգին փակելու ժամանակն է, նա չի ցանկանում հագնել վերարկու, բայց դրսում ձյուն է գալիս:

«Ի տարբերություն չափահասի, երեխան չի տիրապետում վերլուծության տարրերին, որոնք նրան թույլ կտային երկյուղել իրականությունից»,- բացատրում է հոգեթերապեվտ Պատրիկ Էստրադը: Քմահաճույքը նաև տարբեր ցանկությունների բախումն է։ Երեխան իրեն ընկալում է որպես «աշխարհի կենտրոնը», բայց նա բացահայտում է, որ իր մտերիմները երբեմն ունեն ցանկություններ, որոնք տարբերվում են իր ցանկություններից, ինչը իրեն այդքան էլ դուր չի գալիս։ Ժյուստինը ցանկանում է մնալ տանը տիկնիկներով խաղալու համար, բայց շաբաթ-կիրակի օրերին լավ եղանակ է լինելու, և ծնողները նախատեսել են բացօթյա ընթրիք կազմակերպել: Պատկերացրեք, թե ինչ կլինի հետո:

Բացի դրանից, երեխան կարիք ունի հակադրվելու իր ծնողներին: Այս «ոչ» -ի ժամանակաշրջանը շատ կառուցողական է նրա համար: Հենց տասնութ ամսականից միչև երկու տարեկան հասակում է, որ երեխան` ասելով իր առաջին «ոչ»-ը, սկսում է իրենը առաջ տանել: Ոչ ավելի շուտ: Նորածինը, որը լաց է լինում օրորոցում, կամակորություն չի անում, այլ իր անհրաժեշտությունն է արտահայտում, որն է` ուտելը, իրեն գրկելը կամ փաղաքշելը:

Ո՞ր տարիքում են ավարտվում քմահաճույքները: Երբեմն երբեք: Մինչդեռ հոգեթերապեվտները դիտարկում են, որ «բանականության տարիքը» ունի փուլեր: Յոթ տարեկան երեխան արդեն յուրացրել է որոշ հասարակական կարգեր և բարոյական արժեքներ: Նա դառնում է ունակ ընկալելու իրականության պահանջները: Այս տարիքից հետո կոնֆլիկտները առաջանում են ուրիշ պատճառներով: Պատանեկան տարիքում ընկերները, տեղ գնալը, ծխախոտը փոխարինում են շոկոլադե կարկանդակը և կարմիր ավտոմեքենան:

Հեղինակ` Սեսիլ Դոլե, psychologies.com

Թարգմանությունը` Անի Մուրադյանի