Աստղիկ Գևորգյանի բոլոր հրապարակումները

astghik gevorgyan

Կիսատ օրերը

Այդ օրը անսովոր լինելու չափ սովորական էր, նա տանն էր՝ իր տեղում՝ պատուհանի գոգին: Տպավորությունը այնպիսին էր, որ ինչ-որ մեկը հավերժ դաջել էր նրա անունը պատուհանի հնամաշ փայտին։ Ոչ մի անսովոր բան չկար, սովորականի պես նա նստած էր բարձին, տաք սենյակի ու ավելի ցուրտ փողոցի օդի համբույրից քրտնած պատուհանին նկարում էր ժպիտ և նայում աջ ու ձախ վազող մարդկանց ամբոխին։ Վերցնում էր տաք թեյը, որից գոլորշին պարելով փախչում էր, կում էր անում, տեղից ցատկում՝ ճիչ արձակելով, այրում էր քիմքը, հետո բարձր ծիծաղում, անգամ դա էր սովորական դարձել… Կծում էր կոնֆետը, ևս մեկ կում անում՝ անդադար փորձելով սառեցնել թեյը։ Հետո վերցնում էր գրիչը, բացում կափարիչը, ամրացնում գրչի վերևի մասում, բացում օրագիրը և սկսում գրել: Դա սովորական օրագիր չէր, ինչպիսին դպրոցներում է, դա իր կյանքի պատմությունն էր, որն ուներ գաղտնիքներ նաև դպրոցից։

Նա գերադասում էր պատմել թղթին։ Եվս մեկ կում էր անում արդեն գոլ թեյից, նայում դուրս՝ կարծես ցանկանալով հիշել ինչ-որ կարևոր դրվագ, կարևոր անուն այդ օրվանից, բայց ապարդյուն, բաց թողնելով այդ հատվածը՝ հետո հիշելու հույսով։ Փակեց կյանքի գիրքը, պառկեց։

Օրը փոխվեց… Նա էլի իր տեղում է, էլի նույն դիրքով, էլի նույն ճիչը, ծիծաղի ալիքը, էլի գրիչը, էլի կյանքի տետրը, էլի մտքերը։ Ավարտում էր, երբ նկատեց, որ երեկը բաց է մնացել, իսկ այդ դեպքում ինչպե՞ս կարող էր այսօրը լիարժեք լինել։ Թերթեց տետրը և տեսավ, որ գրեթե բոլոր էջերի տողերում կա այդ լայն բացատը.

«Շտկելու էս ինչքան բան ունեմ, էս ինչքան անավարտ օրեր ունեմ, տեսնես ժամանակս կհերիքի՞՝ ևս մեկ անգամ ապրելու բացթողումներս»։ Փակեց ու քնեց՝ ինքն իրեն խոստանալով, որ էլ կիսատ օր չի ունենա։

astghik gevorgyan

Սիրո լեզու կամ պարզապես ֆրանսերեն

Ֆրանսերենը պատկանում է Հնդեվրոպական լեզվաընտանիքի ռոմանական, արևմտաիտալական լեզվախմբին: Ֆրանսերեն խոսում են աշխարհում 500 մլն մարդ: Այն պաշտոնական լեզու է Ֆրանսիայում, Գվինեայում, Բենինում, Գաբոնում և 25 այլ երկրներում: Ըստ աշխարհի լեզուների դասակարգման` ֆրանսերենը 9-րդն է: Այբուբենը կազմված է 26 տառից ու 36 հնչյունից՝ 16 ձայնավոր, 3 կիսաձայն և 17 բաղաձայն:

 ԵՊԼՀ-ում ֆրանսերենի ամբիոնը ձևավորվել է 1941 թ-ին՝ 1936 թ-ին ձևավորված օտար լեզուների ամբիոնի հիման վրա, որտեղ 1937 թ-ից գործել է ֆրանսերենի բաժինը: Ամբիոնը գործում է մինչև օրս: ԵՊԼՀ-ում  այն դասավանդվում է ինչպես առաջին, այնպես էլ որպես երկրորդ լեզու:

Ֆրանսերենի կենտրոնը ամեն տարի կազմակերպում է մի շարք միջոցառումներ, այդ թվում սեմինարներ, շնորհանդեսներ: Ամեն տարի ԵՊԼՀ-ում նշվում է ֆրանկոֆոնիայի շաբաթ ( ՖՄԿ-ն՝ ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը, ֆրանսերենի համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է): Այս տարի մեկշաբաթյա միջոցառումները նվիրված էին ԵՊԼՀ-ում ֆրանսերենի ամբիոնի ստեղծման 75 ամյակին:

Ստորև ներկայացված են մի քանի բառերի և արտահայտությունների ֆրանսերեն գրելաձևը և արտասանությունը.

Բարև- bonjour – բոնժուղ

Անունդ ի՞նչ է – comment tˈappeles-tu? – կոման տապել տյու

Իմ անունն է – je mˈappele – ժը մապել

Քանի՞ տարեկան եք – quel âge as-tu? – քել աժ ա տյու

Ցտեսություն – au revoir – օղվուաղ

Ես քեզ սիրում եմ – je tˈaime – ժը տեմ

Շնորհակալություն – merci – մեղսի

Քույր – sœur – սյող

Եղբայր – frère – ֆղեղ

Հայր – père – պեղ

Մայր – mère – մեղ

Տուն – maison – մեզոն

Ընտանիք – famille – ֆամիյ

Հաճելի  օր – bonne journée – բոն ժուղնե

Սեր – amour – ամուղ

Իմ առաջին թարգմանությունները. Շառլ Պիեռ Բոդլեր

«Ես ասում եմ կեցցե’, ամբողջ ուժով ասում եմ կեցցե’

ձեր հզոր տաղանդին»

Վիկտոր Հյուգո

«Երբ դուք ստանաք այս նամակը, ես արդեն մեռած կլինեմ: Ես կյանքիս վերջ եմ տալիս ինքնասպանությամբ, որովհետև այլևս ապրել չեմ կարող և հանդուրժել այն, որ ես ստիպված պետք է լինեմ պառկել քնելու ու կրկին արթնանալ»,- գրել է ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան, մշակութային քննադատ, ակնարկագիր, թարգմանիչ, գրող Շառլ Բոդլերը ինքնասպանության անհաջող փորձից առաջ:

Դրանից հետո բանաստեղծը ևս 22 տարի է ապրել: Իսկ վերջերս կարդացի, որ Բոդլերի այս նամակը վաճառվել է աճուրդում 234 հազար եվրոյով:

Նշվում է, որ այն թվագրված է 1845-ի հունիսի 30-ին և ուղղված Բոդլերի սիրուհի Ժաննա Դյուվալին: Բանաստեղծը մտադիր էր 24 տարեկանում ինքնասպանություն գործել:

Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Շառլ Բոդլերից արված իմ թարգմանությունները: Հուսով եմ դուք էլ կբացահայտեք ձեզ համար ֆրանսիացի մեծագույն բանաստեղծներից մեկին:

Յուրաքանչյուրին իր քիմերը

Հսկայական գորշ ամպի տակ՝ փոշեպատ դաշտավայրում մի ընդարձակ, որտեղ չկար ոչ ճանապարհ, ոչ սիզամարգ, ոչ ուղտափուշ, ոչ էլ եղինջ…

Հանդիպեցի կռացած քայլող մարդկանց ես բազում,

Յուրաքանչյուրն իր մեջքին ուներ հսկա մի քիմեր, որը ծանր էր շատ, անգամ մեկ պարկ ալյուրից, կամ էլ ածուխից, կամ էլ թե չէ հանդերձանքից հռոմեացի մի զինվորի:

Բայց հրեշավոր արարածը այս, բեռ չէր մի անշարժ,

Ընդհակառակը՝ նա ճնշում էր մարդուն իր առաձգական, հզոր մկաններով:

Կպչում էր նա իր հսկայական, զույգ ճիրաններով կրծքից այդ հեծկան մարդու ու բարձր էր պահում մարդու ճակատից առասպելական գլուխը նա իր, ինչպես մեկն այն զարհուրելի սաղավարտներից, որոնց շնորհիվ, ռազմիկները հին, ցանկանում էին սարսափ տարածել սրտում թշնամու …

Ես հարցրի մեկին, թե ուր են գնում այսպես տանջահար,

Նա պատասխանեց՝ չգիտենք ոչինչ՝ ոչ ես և ոչ էլ նրանք, բայց պարզ է մի բան՝ քայլում ենք առաջ, քանզի կա քայլքի կարիքը անհաղթ…

Զարմանալի էր, եւ գիտեք՝ ինչը, որ ճամփորդներից անգամ ոչ մեկը զայրացած չէր բնավ իր վզից կախված և մեջքին կպած արարածի դեմ, ընդհակառակը, կարծես թե նրան համարում էին իրենց մասնիկը…

Հոգնած ու սառած դեմքերը այս ցույց էին տալիս անհանգստություն, դառնամաղձություն այս երկնքի տակ՝ ոտքերը խրած երկնքից ավել տանջահար հողում, քայլում են նրանք՝ միշտ համակերպված կերպարն ունեցող ամբոխի նման…

Եվ ահա, ուղիղ կողքովս անցավ թափորը նրանց ու միաձուլվեց այն հորիզոնին, որտեղ երկրագնդի կորացած մասը ծածկվում էր մարդկային հայացքի բազում հարցերից…

Համառ մարդու պես, որոշ ժամանակ փորձում էի տալ ես բացատրություն առեղծվածին այս, բայց շատ չանցած, մի անդիմադրելի անտարբերություն ծանրացավ ուսիս…

Եվ այդ բեռի տակ ճկվեցի ուժգին ես այն ամբոխից, որը ճկվել էր անդիմադրելի բեռից քիմերի:

Օտարականը

-Ո՞ւմ ես սիրում դու, ո՛վ մարդ առեղծվածային, հո՛րդ, մո՛րդ, քրո՛ջդ, գուցե եղբո՞րդ։

-Չունեմ ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ քույր և ո՛չ էլ եղբայր։

-Ընկերների՞դ։

-Դուք ասացիք մի բառ, որը գոյությանս օրվանից անծանոթ է ինձ։

-Հայրենի՞քդ։

-Չգիտեմ անգամ, որ կիսագնդում է այն։

-Գեղեցկությո՞ւնը։

-Այն կսիրեի հոժարակամ, թե լիներ աստվածուհին այդ անմահ։

-Գուցե ոսկի՞ն։

-Ձեր՝ Աստծուն ատելու չափ, ատում եմ այն։

-Է~հ, դե ուրեմն, արտասովոր մարդ, ո՞ւմ ես դու սիրում։

-Սիրում եմ ամպերը…   Այնտեղ վերևում…. Սահող-անցնող ամպերը…

Ֆրանսերենից թարգմանեց Աստղիկ Գևորգյանը