sveta davtyan

Հարրի Փոթերն ու ես

Աշխարհը փոխելու համար կախարդանքը պարտադիր չէ: Դա անելու ողջ ուժն արդեն մեր մեջ է:

Չկա ավելի լավ և հետաքրքիր բան, քան նոր գրքերի հետ ծանոթանալը: Աշխարհում գոյություն ունի 129 միլիոնից ավելի գիրք: Երևի անհնար է այդ բոլոր գրքերը կարդալ նախասիրությունների և ժամանակի սղության պատճառով, բայց կարծում եմ` յուրաքանչյուրի կյանքում էլ կան գրքեր կամ գոնե մեկ գիրք, որը մեծ ազդեցություն է ունեցել ընթեցողի կյանքի վրա, կամ ընթերցողը իրեն է նմանեցրել հերոսին:

Իմ կյանքում կա նման գիրք, որից ես շատ բան եմ սովորել, ոգեշնչվել ու հասկացել:

Հասկանում ես, որ լավ է գիրք կարդալը, երբ տխուր ժամանակ այն ընթերցում ես ու կորչում են արցունքներդ գրքի թերթվող էջերի մեջ:

Հասկանում ես, որ լավ է գիրք կարդալը, երբ կյանքում լինում է մի իրավիճակ, և արդեն գիտես` ինչպես վարվել, չէ՞ որ սովորեցրել է գլխավոր հերոսը:

Հասկանում ես, որ լավ է գիրք կարդալը, քանի որ այն միշտ քո պայուսակի մեջ է, մենակ չի թողնում քեզ, ինչպես մտերիմ ընկերը:

Հիմա կարդում եմ ամեն տեղ՝ տանը, այգում, լինի լռություն, թե աղմուկ, ուրախ ու տխուր ժամանակ: Ու հերթով դառնում եմ այն գրքի հերոսուհին, որը տվյալ ժամանակ կարդում եմ ու սովորում եմ, բացահայտում եմ նորը:

Հիշում եմ՝ 7 տարեկան էի, երբ առաջին անգամ տեսա «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմը։ Շատ էի տպավորվել ու դեռ չգիտեի, որ հետո կարդալու եմ գիրքը, որն էլ տարիներ անց իմ բարձի տակի գիրքն է դառնալու, հեղինակի մտքերն եմ կարգախոս ընտրելու, հերոսներիս ուրախությամբ եմ ապրելու ու նրանց հետ միասին կորուստը սգալու:

Տարիներ անցան, բայց Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթեր» գիրքը մնաց ինձ հետ, որը իսկապես սրտիս մի անկյունում իր համար ապահով պատսպարվել է: Կարծում եմ՝ այն ծանոթ է բոլորին, եթե անգամ չեն կարդացել, ֆիլմը հաստատ դիտել են: Ուզում եմ, որ յուրաքանչյուրիս կյանքում էլ լինի պատրոնուս` լինի դպրոցում, համալսարանում, թե աշխատանքի վայրում: Հանդիպենք մեր Ալբուսին, գտնենք մեր Սիրիուսին, որը կգա ճիշտ ժամանակին ու կպաշտպանի ամեն ինչից ու բոլորից և կօգնի ճանապարհին հայտնված դեմենտորներին հաղթել:

Բակունցի տունը

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի տներից մեկը արձակագիր, գրականագետ, սցենարիստ Ակսել Բակունցի տունն է, որը 1968 թվականից դարձել է տուն-թանգարան:

Թանգարանի հիմնադրման, այնտեղ գտնվող ցուցանմուշների մասին է պատմում թանգարանի վարիչ Վարդան Սարգսյանը:

-Նախ ասեմ, որ ես, մինչև Բակունցի տուն-թանգարանում աշխատանքի անցնելս, աշխատել եմ Գորիսի երկրագիտական թանգարանում, եղել եմ Գորիսի մշակույթի բաժնի տնօրենը, Բակունցի անվան միջնակարգ դպրոցում փոխտնօրեն եմ աշխատել: Իսկ 2011 թվականից սկսած՝ անցել եմ աշխատանքի Բակունցի տուն-թանգարանում:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

1968 թվականին որոշում է եղել, որ Ակսել Բակունցի հայրական տունը վերածվի թանգարանի: 1969 թվականից սկսվել են նախապատրաստական աշխատանքները: Թանգարանը սկսել է գործել 1970 թվականին: Այն Չարենցի անվան Գրականության և արվեստի ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է:

Թանգարանը հիմնադրել է բանասեր Քաջիկ Միքայելյանը, որը երկար տարիներ նաև եղել է թանգարանի տնօրենը, այնուհետև՝ վարիչը: Քաջիկ Միքայելյանը աշխատել է մինչև 2011 թվականը:

Թանգարանն ունի մոտ 440 ցուցանմուշ, այն հիմնական ֆոնդից բացի՝ ունի նաև օժանդակ ֆոնդ, ժամանակի ընթացքում նվիրաբերված մի քանի հարյուր գրքեր կան։

Թանգարանում ավանդական միջոցառումներ են անցկացվում՝ Բակունցի ծննդյան օրը, թանգարանների միջազգային օրը, մեր տարածաշրջանի նշանավոր գործիչների կյանքին, գործունեությանը վերաբերող և բազմաթիվ այլ միջոցառումներ:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Ասեմ նաև, որ աստիճանաբար ավելանում է թանգարաններ այցելողների թիվը, հատկապես վերջին շրջանում: Այլազգի զբոսաշրջիկների աճ ունենք, բայց հիմնականում ներքին զբոսաշրջությունն է՝ դպրոցականներ, ուսանողներ, որոնք ուսումնական տարվա վերջին՝ մայիս, հունիս ամիսներին այցելում են:
Այս տարի դպրոցականները թանգարաններ անվճար այցելելու հնարավորություն ունեն, արդեն բազմաթիվ զանգեր ունենք: Անցած տարի ունեցել ենք 4000-ից ավելի այցելուներ:

Ակսել Բակունցի տուն-թանգարանով շրջելուց, լուսանկարելուց հետո զրույցը շարունակվեց Վարդան Սարգսյանի հետ, բայց արդեն Երկրագիտական թանգարանի մասին:

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

-Ես այժմ որպես գիտաշխատող շարունակում եմ իմ աշխատանքը նաև Երկրագիտական թանգարանում:

Երկրագիտական թանգարանը հիմնադրվել է 1947 թվականին: Այն եղել է Սյունիքի մարզի առաջին թանգարանը, առաջին անգամ հայտնաբերված հնագիտական իրերը տեղ են գտել այս թանգարանում:

Թանգարանն ունի 5000-ից ավելի ցուցանմուշներ, ցուցանմուշները թանգարան են մտել հիմնականում նվիրատվությունների արդյունքում, և հենց այդպես էլ ձևավորվել է Երկրագիտական թանգարանը: Անցյալում որոշակի միջոցներ էին հատկացվում ամեն տարի թանգարանում նոր ցուցանմուշներ ձեռք բերելու համար, վերջին շրջանում, կախված երկրի տնտեսական վիճակից՝ միջոցներ չեն հատկացվում, բայց դա չի խանգարում, որ մենք թանգարանը նոր ցուցանմուշներով համալրենք:

Մեր թանգարանները Հայաստանի թանգարանների ասոցիացիայի հետ տարբեր առիթներով կապ են ունեցել, այժմ էլ ամեն տարի միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպվող «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակներում արդեն 4-րդ տարին է՝ համագործակցում են, և ունենք բազմաթիվ ձեռքբերումներ:
Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Լուսանկարը` Մարի Բաղդասարյանի

Ասեմ նաև, որ մոտ ժամանակներս նույն ծրագրի շրջանակներում նախատեսված են էքսկուրսավարների վերապատրաստման դասընթացներ, նաև անգլերեն լեզվի խորացման, թանգարանային ցուցադրությունների կազմակերպման ծրագրեր ունենք:

Ակսել Բակունցի տուն-թանգարանում կարող եք տեսնել նրա ծնողների սենյակը, Բակունցի աշխատասենյակը, գրասեղանը, գրքերը, նկարները, դրանցում տարիների միջով անցած, բայց և նույնը մնացած շունչ կար: Եվ դա Բակունցի շունչն էր…

Լուսանկարը` Անուշ Մուրադյանի

Վանաձոր

Իմ առաջին թարգմանությունները. Շառլ Պիեռ Բոդլեր

«Ես ասում եմ կեցցե’, ամբողջ ուժով ասում եմ կեցցե’

ձեր հզոր տաղանդին»

Վիկտոր Հյուգո

«Երբ դուք ստանաք այս նամակը, ես արդեն մեռած կլինեմ: Ես կյանքիս վերջ եմ տալիս ինքնասպանությամբ, որովհետև այլևս ապրել չեմ կարող և հանդուրժել այն, որ ես ստիպված պետք է լինեմ պառկել քնելու ու կրկին արթնանալ»,- գրել է ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան, մշակութային քննադատ, ակնարկագիր, թարգմանիչ, գրող Շառլ Բոդլերը ինքնասպանության անհաջող փորձից առաջ:

Դրանից հետո բանաստեղծը ևս 22 տարի է ապրել: Իսկ վերջերս կարդացի, որ Բոդլերի այս նամակը վաճառվել է աճուրդում 234 հազար եվրոյով:

Նշվում է, որ այն թվագրված է 1845-ի հունիսի 30-ին և ուղղված Բոդլերի սիրուհի Ժաննա Դյուվալին: Բանաստեղծը մտադիր էր 24 տարեկանում ինքնասպանություն գործել:

Այսօր ուզում եմ ձեզ ներկայացնել Շառլ Բոդլերից արված իմ թարգմանությունները: Հուսով եմ դուք էլ կբացահայտեք ձեզ համար ֆրանսիացի մեծագույն բանաստեղծներից մեկին:

Յուրաքանչյուրին իր քիմերը

Հսկայական գորշ ամպի տակ՝ փոշեպատ դաշտավայրում մի ընդարձակ, որտեղ չկար ոչ ճանապարհ, ոչ սիզամարգ, ոչ ուղտափուշ, ոչ էլ եղինջ…

Հանդիպեցի կռացած քայլող մարդկանց ես բազում,

Յուրաքանչյուրն իր մեջքին ուներ հսկա մի քիմեր, որը ծանր էր շատ, անգամ մեկ պարկ ալյուրից, կամ էլ ածուխից, կամ էլ թե չէ հանդերձանքից հռոմեացի մի զինվորի:

Բայց հրեշավոր արարածը այս, բեռ չէր մի անշարժ,

Ընդհակառակը՝ նա ճնշում էր մարդուն իր առաձգական, հզոր մկաններով:

Կպչում էր նա իր հսկայական, զույգ ճիրաններով կրծքից այդ հեծկան մարդու ու բարձր էր պահում մարդու ճակատից առասպելական գլուխը նա իր, ինչպես մեկն այն զարհուրելի սաղավարտներից, որոնց շնորհիվ, ռազմիկները հին, ցանկանում էին սարսափ տարածել սրտում թշնամու …

Ես հարցրի մեկին, թե ուր են գնում այսպես տանջահար,

Նա պատասխանեց՝ չգիտենք ոչինչ՝ ոչ ես և ոչ էլ նրանք, բայց պարզ է մի բան՝ քայլում ենք առաջ, քանզի կա քայլքի կարիքը անհաղթ…

Զարմանալի էր, եւ գիտեք՝ ինչը, որ ճամփորդներից անգամ ոչ մեկը զայրացած չէր բնավ իր վզից կախված և մեջքին կպած արարածի դեմ, ընդհակառակը, կարծես թե նրան համարում էին իրենց մասնիկը…

Հոգնած ու սառած դեմքերը այս ցույց էին տալիս անհանգստություն, դառնամաղձություն այս երկնքի տակ՝ ոտքերը խրած երկնքից ավել տանջահար հողում, քայլում են նրանք՝ միշտ համակերպված կերպարն ունեցող ամբոխի նման…

Եվ ահա, ուղիղ կողքովս անցավ թափորը նրանց ու միաձուլվեց այն հորիզոնին, որտեղ երկրագնդի կորացած մասը ծածկվում էր մարդկային հայացքի բազում հարցերից…

Համառ մարդու պես, որոշ ժամանակ փորձում էի տալ ես բացատրություն առեղծվածին այս, բայց շատ չանցած, մի անդիմադրելի անտարբերություն ծանրացավ ուսիս…

Եվ այդ բեռի տակ ճկվեցի ուժգին ես այն ամբոխից, որը ճկվել էր անդիմադրելի բեռից քիմերի:

Օտարականը

-Ո՞ւմ ես սիրում դու, ո՛վ մարդ առեղծվածային, հո՛րդ, մո՛րդ, քրո՛ջդ, գուցե եղբո՞րդ։

-Չունեմ ո՛չ հայր, ո՛չ մայր, ո՛չ քույր և ո՛չ էլ եղբայր։

-Ընկերների՞դ։

-Դուք ասացիք մի բառ, որը գոյությանս օրվանից անծանոթ է ինձ։

-Հայրենի՞քդ։

-Չգիտեմ անգամ, որ կիսագնդում է այն։

-Գեղեցկությո՞ւնը։

-Այն կսիրեի հոժարակամ, թե լիներ աստվածուհին այդ անմահ։

-Գուցե ոսկի՞ն։

-Ձեր՝ Աստծուն ատելու չափ, ատում եմ այն։

-Է~հ, դե ուրեմն, արտասովոր մարդ, ո՞ւմ ես դու սիրում։

-Սիրում եմ ամպերը…   Այնտեղ վերևում…. Սահող-անցնող ամպերը…

Ֆրանսերենից թարգմանեց Աստղիկ Գևորգյանը

iveta avagyan

Կվերանորոգվի բոլորիս ուժերով

Երևի լսել եք varks.am-ի մասին, որը «Բարի գործեր» նախագծի միջոցով ծրագրեր է ֆինանսավորում։ Մի օր որոշեցինք դիմել։ Քանի որ մեր` Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի դպրոցը ընդհանուր վերանորոգման կարիք ունի, չէինք կարողանում կողմնորոշվել, թե կոնկրետ ինչի մասին կարելի է ծրագիր կազմել։ Վերջապես որոշեցինք․ դահլիճի վերանորոգում։

Ծրագիր ներկայացնելու փուլին ընդամենը 3 օր էր մնացել, շտապել էր պետք։ Դիմեցինք դպրոցի տեխնոլոգիայի ուսուցչին՝ Ավագ Մխիթարյանին, որը սիրով իր վրա վերցրեց պատասխանատվությունը։

Նախավերջին օրն էր։ Առավոտյան 11։30 սկսեցինք ու ժամը 18։00-ին, երբ բոլորն արդեն տներում՝ տաք վառարանների մոտ հանգստանում էին, ավարտեցինք։

Եվս մի քանի ծանր օրեր անցան, երբ սպասում էինք պատասխանին՝ արդյոք ծրագիրն ընտրվել է քվեարկության փուլին մասնակցելու։

Առաջին փուլը հաղթահարված էր… Անչափ ուրախ էինք, բայց դա դեռ քիչ էր։ Մեր բախտն այնքանով էր բերել, որ մեր ծրագրի քվեարկությունը 28 օր էր տևելու, այնինչ մյուսներինը՝ 30-31 օր։ Սակայն դա էլ մեզ բավականին երկար թվաց։ Պետք էր օր ու գիշեր քվեարկել, որպեսզի կարողանանք արդյունքի հասնել։

Մեր մրցակից ծրագրերը Հայաստանում բնակչությամբ երրորդ քաղաք Վանաձորից ու Ալավերդուց էին։ Սա բավականին մեծ փորձություն էր մոտ 1650 մարդ բնակչություն ունեցող մի փոքրիկ գյուղի համար։ Ցավոք, դա միակ խոչնդոտը չէր։ Շատերը, ում օգնությունն ակնկալում էինք ստանալ, հրաժարվեցին օգնել։ Նրանց մեջ կային և մարդիկ, ովքեր ինչ-որ ժամանակ գյուղն էին ներկայացնում։ Մարդիկ, ովքեր խոսում էին հայրենասիրությունից, բայց հարկ եղած պահին իրենց գյուղին չսատարեցին։ Դա էլ ինչ-որ տեղ հիասթափեցնող էր, բայց պատասխանատվությունը շատ մեծ էր, և մենք չնահանջեցինք։

Երբեմն չհաճախելով դասերի ու պարապմունքների, երբեմն մի կողմ դնելով նույնիսկ հիվանդ լինելու փաստը՝ մենք՝ աշակերտներս, շրջում էինք համայնքի գյուղերով ու քաղաքներով, այցելում զորամասեր ու գործարաններ, զանգահարում հեռու-մոտիկ ծանոթների ու բարեկամների՝ այդպիսով փորձելով պահպանել գոնե երրորդ հորիզոնականը։

Վերջին 24 ժամերը կարծես չէին անցնում։ Այդ օրը նույնիսկ համացանցն էր մեր դեմ դուրս եկել։

Վերջապես, մեզ րոպեներ էին բաժանում հաղթանակից։ Սկսեցինք հետհաշվարկը։ Ու հաղթեցի՜նք… Այո, հենց առաջին հորիզոնականով։ Նույնիսկ դժվար է պատկերացնել, բայց մենք կարողացանք։ Հաջորդեցին բացականչություններն ու ուրախության արցունքները։

Սա մեծ հաղթանակ էր։ Կառուցվելուց 30 տարի հետո առաջին անգամ, թեկուզ ոչ ամբողջությամբ, դպրոցս կվերանորոգվի։

Ինչն է առավել կարևոր իմ կյանքում

Syuzanna Kharatyan VahanԿա մի պարզ իրողություն, որ մենք ուզած, թե չուզած մեծանում ենք։ Ոմանք միայն տարիքով և ֆիզիկապես, մյուսները՝ տարիքից շատ, շատերն էլ զարգանում ու մեծանում են ժամանակին և օրինաչափորեն։ Եվ կատարվում է այն, որ տարիքի հետ մենք ուրիշ ենք դառնում ՝ այն, որ երեկ չէինք և այն, որ վաղը չենք լինի։ Ունենում ենք նոր արժեքներ, նոր ցանկություններ, փոխվում են առաջնահերթություն ներկայացնող երևույթները։ Թերևս կան արժեքներ, որոնք անփոխարինելի են, միշտ կան և ժամանակի հետ չեն անհետանում։ Մենք ասում ենք շատ երբեքներ, հաստատներ, ու կյանքը ոչնչացնում է այդ գաղափարները ու մեզ տալիս ուրիշ իրականություն։ Անհավատալի է, թե որքան մենք կարող ենք սովորել կյանքի մասին։ Հետաքրքիր է կյանքի ու բնության համեմատությունը։ Օրինակ՝ գիտնականները կարող են նայել ծառի բնի օղակներին ու կռահել հարյուրավոր տարիներ առաջ եղած կլիմայի և բնական պայմանների մասին։ Ծառերի աճն ուսումնասիրելիս՝ մենք կարող ենք սովորել, որ կատարյալ պայմաններում ծառերն աճում են բնականոն ու նորմալ արագությամբ։ Հակառակ դեպքում աճը դանդաղում է, քանի որ նրանք էներգիան ծախսում են գոյատևման համար անհրաժեշտ տարրական էլեմենտների վրա։ Այ քեզ համեմատություն։ Նույնը և մարդու դեպքում է։ Մարդու առողջ կենսագործունեությունը, նրա համար կարևորները, նպատակները, պահանջները կախված են ապրելու պայմաններից և շրջակա հարաբերություններից։ Դրա համար հաճախ մեկը զարմանում է դիմացինի կատարած արարքից, որովհետև դա իր արժեհամակարգից դուրս է, բայց միգուցե նրա ապրած պայմաններում իր հայտնվելու դեպքում ինքն էլ նույն կերպ կվարվեր։ Ինչևէ․․․

Հաջորդ կարևոր բանը մեր զբաղվածությունն է։ Եթե անկեղծ լինենք, ապա կխոստովանենք, որ ներկայումս շատ հեշտ է զբաղված լինել։ Մենք ստեղծում ենք գործողությունների մի ցուցակ և ծանրաբեռնում մեզ։ Այսօր շատերի համար զբաղված լինելը առավելություն է, բարձր ինքնագնահատականի հիմք, մեծ ինքնաարժևորում։ Անընդհատ լցնում ենք մեր ժամանակը՝ անգամ ճնշված ու հոգնած պահերին։ Բայց ցանկացած բան, որ հասնում է ծայրահեղության, վնասում է մեզ։ Մենք մոռանում ենք մեր աշխարհը, դառնում միջոց, դառնում բոլորինը, անհանգիստ, շտապում ենք, դառնում պարտավորված։ Երբեմն անում ենք շատ բաներ ստիպված՝ չկենտրոնանալով կարևորի վրա։ Մոռանում ենք մեր հույզերը, չենք նկատում դիմացինի զգացմունքները և անում ենք ինչ-որ բաներ։ Այսօր արդիական է բազմաֆունկցիոնալ մարդը։ Մտածում ենք, երազում՝ չապրելով պահը։ Պլանավորում ենք, բայց երբ հնարավորություն ենք ունենում՝ վախենում ու փախչում ենք։ Երբեմն էլ նպատակները դառնում են ամբիցիաներ, կանգնում կոկորդին։

Ես շատ եմ տպավորվել «Тысяча слов» ֆիլմից, որտեղ կարևորվում է ինքն իր հետ ներդաշնակությունն ու լռությունը։ Ցույց է տալիս սեփական ժամանակի գնահատման կարևորությունը։ Այսինքն՝ պետք է դուրս գալ կյանքի խելահեղ ընթացքից ու կարևորել ոչ թե հասարակությունից պարտադրվածը, այլ սեփականը։

Հակասական է, որովհետև միևնույն ժամանակ դուրս ես մնում հասարակական կյանքից։

Մտածելիս ուղղակի մոլորվում ես, չես ուզում ոչինչ հասկանալ ու կենտրոնանալ, պարզապես ուզում ես լինել։

Իմ կյանքում կա մի ճշմարտություն, որ պարզության մեջ է հստակությունն ու գեղեցկությունը, որը չենք գնահատում պարզ լուծումներ որոնելիս։ Կա կարծրատիպ՝ ինչքան բարդ, այնքան հետաքրքիր։

Ինձ համար կարևոր է պարզությունն ու թեթևությունը ընտանեկան հարաբերություններում, քանի որ այս հարցում անհաջողությունը չի կարող փոխհատուցվել ոչ մի այլ հաջողությամբ։ Նույնիսկ հասարակ երեկոյան ընթրիքը ընտանեկան հարաբերությունների նկարագիրն է։ Հայտնի է, որ այս հարաբերությունները՝ լավ, թե վատ, մենք տանում ենք միջանձնային շփում։ Մարդկային ցանկացած ճիշտ փոխհարաբերությունում գործում են շատ պարզ կանոններ՝ մենք խոսում ենք մեկս մյուսի հետ, ոչ թե մեկս մյուսի մասին։ Մենք սովորում ենք իրարից՝ սիրելով մեր տարբերություններն ու նմանությունները։ Նվիրում ենք միմյանց ժամանակ և օգտակար ենք լինում պարզապես լսելով։

Եվ վերջապես ամենակարևորն ինձ համար ինքներս մեզ հետ հարաբերությունն է։ Երբ ուսումնասիրում էի անձի արժեքները, հասկացա, որ բոլորի համար կարևոր են կողմնակի ինչ-որ բաներ կամ ինչ-որ մեկը, բայց ոչ հենց իրենք։ Ես գոնե մեկ տարի առաջ ամեն հարցում թերագնահատում էի ինքս ինձ, ուրիշներն ամենալավն էին ու ամենատաղանդավորները։ Ոչ, դա թերարժեքության բարդույթ չէր, դա անհիմն ինքնաարժեզրկում էր, դա ինքնաքննադատություն էր, բայց առողջ չէր։ Ես սովորեցի լսել ինքս ինձ, և սկսեցի զբաղվել ինքնաճանաչմամբ։ Օրինակ՝ ինձ համար շատ հաճելի են միայնակ զբոսանքները։ Ասում են՝ որքան մեծ է ճնշումը, այնքան հարմարումն ուժեղ է։ Ես ձգտում եմ չտրվել ճնշումներին։ Միգուցե թերություններն ավելի հաջողակ դարձնեն, կարևորը էֆեկտիվ կիրառումն է։

Հեշտ ապրելը գուցե անհետաքրքիր է։

anahit  abrahamyan

Ինչպես էր գալիս գարունը

2008 թվականի մարտի 1-ին ես 7-րդ դասարանի աշակերտուհի էի, ու մեր դպրոցում գեղեցիկ ավանդույթ կար՝ գարնան առաջին օրվա կապակցությամբ մենք ուսուցիչներին ձնծաղիկներ էինք նվիրում (կեսը գնում էինք, կեսը՝ քաղում ու խառնում բոլորը միասին, որ ստացվի՝ ամեն փնջում մենք մեր աշխատանքի մասնիկն ունենք)։ Բայց այդ օրը չնվիրեցինք, որովհետև շաբաթ օրը դասի չէինք, պայմանավորվել էինք, որ պետք է մի քանի աղջիկներով գնայինք շուկայից գնելու։ Առավոտյան սովորականի պես, երբ միացրինք հեռուստացույցը (այդ ժամանակ համացանց չունեինք ու ոչ էլ սմարթֆոն, որ միանգամից լուրերը իմանայինք), չգիտեմ՝ որ ալիքն էր, հաղորդում էր, որ Երևանում լարված դրություն է, ու ես մտածում էի. «Երևի ադրբեջանցինե՞րն են մտել Երևան ու Սևան էլ կգան, հնարավոր կլինի՞ հետները խոսել ու իմանալ, թե պապիկս իրենց մո՞տ է, կամ տեսե՞լ են»։ Բայց մայրս ասաց, որ հայերն են, ու հետո, երբ արդեն կադրերը կային, ու լիքը բաներ էի տեսել, իմ` 7-րդ դասարանցու ուղեղում չէր տեղավորվում, թե հայերը ինչի՞ համար պետք է հայերին սպանեն, էդ սև հագածները հայ չեն հաստատ, մեզ խաբում են, մենք մեզ ինչի՞ համար պիտի ծեծենք, կրակենք, սպանենք մեր կողքի կանգնած մարդկանց՝ թե՛ շարքային քաղաքացուն, թե՛ ոստիկանին։ Կադրերում ծեծվող կանայք ու աղջիկներ էլ կային ու ես, միևնույնն է, չէի հասկանում՝ ինչո՞ւ, թե՛ պարի ժամանակ, թե՛ դասին նստած, թե՛ քայլելիս ինձ այդ «ինչուն» տանջում էր։ Տարիներ հետո ես լիքը «ինչուների» պատասխան ստացա, բայց ոչինչ չփոխվեց։

Այդ տարի մենք մեր ուսուցչուհիներին ձնծաղիկներ չնվիրեցինք, իրենք չժպտացին ու գարնան ավետաբերներին չտարան իրենց տուն։ Այդ տարվանից հետո, բոլոր մարտի 1-երին մեր դպրոցում «տագնապի օր» էր։ Զանգը ժամը 12։40 հնչում էր, ու բոլորս դպրոցից դուրս էինք գալիս, հետո ներս մտնում, չգիտեմ՝ ով էր հեղինակը, բայց կարծես թե այդ զանգը միշտ հնչում էր, որ հիշեցներ 2008-ի մարտի 1-ը ու մեզ զգուշացներ, որ չանենք էդպիսի վայրագություն, չսպանենք մեր դիմացինին, չհարամենք այսքան սիրուն օրը, թողնենք գարունը ծաղիկներով գա, երջանկության ձնծաղիկներով ու հիացական ժպիտների շնորհակալությունով գա։

Տարիներ անցան, ու այդ գեղեցիկ ավանդույթը էլի վերադարձավ, բայց հիմա չեմ հիշում, թե գարնան որ օրն էինք նվիրում։ Բայց մարտի 1-ը չէր հաստատ։

anahit aharonyan

Խաղաղասեր երիտասարդներս

Վերջերս շատ է օգտագործվում «խաղաղություն» բառը: Բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ խոսում են դրա մասին, ժողովրդին կոչեր են անում, որ պետք է խաղաղություն հաստատվի: Բայց եկեք հասկանանք, թե ինչ է խաղաղությունը: Ես անընդհատ տալիս եմ այս հարցն ինքս ինձ և ամեն անգամ նոր պատասխաններ եմ ստանում: Այս պահին ինձ համար խաղաղությունն այն է, երբ դու երջանիկ ես այն հասարակությունում, որտեղ ապրում ես, դու ինքդ քեզ աջակցված ես զգում, գլուխդ բարձին դնում ես այն մտքով, որ ամեն ինչ լավ է և ավելի լավ է լինելու:

Իսկ ինչպե՞ս պետք է խաղաղությունը հաստատվի: Բացի բանակցություններ վարելուց, ինքներս մեզ խաղաղությանը պատրաստելուց` կա մի շատ կարևոր նախադրյալ (դե, ինձ համար): Խաղաղության հաստատման մեջ երիտասարդներն էլ պետք է ներգրավվեն: Իմ կարծիքով` պետք է այնպիսի ծրագրեր կազմակերպել, որոնց շրջանակներում կոնֆլիկտների մեջ գտնվող երկրների երիտասարդները իրար հանդիպեն, ծանոթանան միմյանց մշակույթների հետ, հասկանան, թե ինչ է կատարվում իրենց միջև:

Ես, օրինակ, մասնակցել եմ մի քանի միջազգային ճամբարների, որտեղ թուրք և ադրբեջանցի երիտասարդներ էլ կային: Նրանց հանդիպելուց հետո ես հասկացա, որ վատ ազգեր իրոք չկան, կան վատ մարդիկ: Նրանց հետ հիմա այնքան կապված եմ, որ թվում է, թե մենք նույն երկրում ենք ապրում՝ անընդհատ շփվում ենք, կիսվում մեր ազգերի ավանդույթներով և պատմությամբ: Այդպիսի մի ճամբարի ընթացքում շատ հետաքրքիր բան էր կատարվել: Վերջին օրն ադրբեջանցի աղջիկներից մեկը մոտեցել էր ընկերուհուս և ասել հետևյալ խոսքերը.

-Գիտե՞ս, ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են մեր ազգերը թշնամացել: Հա, պատճառը կա, բայց ո՞րն է նպատակը: Ես չեմ ուզում, որ մենք կռվենք, ուզում եմ, որ ես հանգիստ գամ քո երկիր, դու էլ` իմ, հանգիստ շփվենք ու հետևանքներից չվախենանք:

Բոլորս շատ էինք զարմացել, նման բան չէինք սպասում: Նրա խոսքերը շատ երկար ժամանակ գլխիս մեջ էին, ուշքի չէի գալիս: Կարճ ժամանակ անց միայն հասկացա, որ նա լիովին ճիշտ է:

Մենք` երիտասարդներս, պատերազմ չենք ուզում, չենք ուզում ոչ մեկին սպանել կամ վիրավորել նրա համար, որ նա չունի նույն մաշկի գույնը, կրոնը, ապրելաձևը, ինչ մենք: Մենք ուզում ենք ապրել խաղաղ, ճամփորդել, կիսվել մեր կյանքի հաջողություններով, ուղղակի կյանքը վայելել: Ու մենք հուսով ենք, որ այս կոչերը տեղ կհասնեն, մարդիկ կլսեն մեզ և կմիանան:

Խաղաղ օր բոլորիդ:

nelli miskaryan

Մի օր կգտնես չորացրածդ հիշողությունը

Մի օր՝ հավանածդ գիրքը վերընթերցելիս, կգտնես նրանում չորացրածդ ծաղիկն ու կհիշես ողջ պատահածը։ Կհիշես, թե ինչպես գտաք այն, թե ինչպես վերցրեց, դրեց մազերումդ, նայեց քեզ ու ժպտաց։ Կհիշես, թե ինչպես խնամքով տուն բերեցիր այն, տանեցիներին խիստ տոնով ասացիր, որ ձեռք չտան, ու պահեցիր ամենահարազատ գրքումդ…

Զարմանալի բան է՝ մի ծաղիկը ունակ է մի ողջ պատմություն իր մեջ պահել։ Եվ հավանաբար հենց իրենք էլ ամենաերջանիկն են կյանքում… Որքա՜ն պատմությունների են ականատես եղել…

Բայց գիտե՞ք՝ նույն ունակությունը երգերն էլ ունեն։ Պատահել է, չէ՞, որ մի երգ գտնեք, որը երկար ժամանակ չէիք լսել, ու հիշեք ամեն բան՝ որոշակի ժամանակի հետ կապված։

Իսկ ի՞նչ կանեիք, եթե իմանայիք, որ բոլոր երգերն էլ ժամանակին չորացված ծաղիկներ են եղել։