Աշխարհը մեկ Աստված ունի, և Նա ապրում է Արցախում
Ես մի թռվռուն ու երազանքներով լի աղջնակ եմ, որն ապրում էր Արցախ աշխարհի սրտում` Հադրութի Մեծ Թաղերում։ Իմ մանկությունը անցել է դրախտում, քանի որ Հադրութը երկրային «դրախտ» է։ Ես շատ լայն ու հետաքրքիր շրջապատ և մեծ գերդաստան ունեի իմ բնակավայրում։ Իսկ բնությունը ասես կախարդական լիներ, որը չորս կողմից շրջապատված էր վանքերով ու եկեղեցիներով։ Սովորում էի գերազանց ու հաճախում տարբեր խմբակներ։ Իմ կյանքի տասներկու տարիները անցել են այնտեղ, և իմ ապուպապերը ապրել ու արարել են Արցախ աշխարհում։ Ի դեպ, իմ նախապապը ապրել է 126 տարի, պապիկս շատ էր պատմում նրա մասին։ Այնքան երջանիկ և անհոգ էի… Սակայն իմ կյանքի ճանապարհը շեղվեց իր ուղուց…
Ո՞վ իմանար, որ 2020թ սեպտեմբերի 27-ը կլինի իմ վերջին երջանիկ մանկական լուսաբացը։ Չարաբաստիկ պատերազմի պատճառով մենք կկերտենք կյանքի նոր ու դաժան ճանապարհ՝ թողնելով ամեն ինչ… Ինչքան հոգու մեծ ցավ տանելով և դառնացած կարոտով հեռացա ես հայրենիքիցս՝ թերթելով մանկությանս էջը։ Ես չգիտեի, ու իմ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ կարող եմ հեռանալ այն ճանապարհից, որտեղ կատարել եմ իմ առաջին քայլը, ասել իմ առաջին բառը։
Հիմա հոգիս փոթորկվել է խորը ցավից ու միայն այն նշույլ շողը, որ փափագում էր իմ մանկական հոգում, հիմա փակ է։ Փակ է այն միակ կյանքի ճանապարհը, որով ես պետք է գնայի իմ հայրենիք ու փարվեի լանջերին վեհ…
Ես գիտեմ, որ շատ դժվար է և անհնար է, որ ամեն բան այսքան վատ լինի, անարդար է, բայց աշխարհը լուռ է, կարծես ոչինչ չի եղել։ Իմ կյանքի ամեն մի առավոտ սկսվում է իմ Արցախ աշխարհի միակ ճանապարհով, որտեղ ապրում են 120 հազար մարդիկ՝ շրջափակված ազերիներով։ Նրանք զգում են մահվան շունչը, սակայն չեն լքի իրենց հայրենիքը։ Իհարկե, չեմ թաքցնում, որ ամեն առավոտ և երեկո տեսնում եմ մորս կարոտը, ցավը, տառապանքը, ու նրա աչքերից հոսող արցունքներից գոյացած գետը, որը ավելի է փոթորկում իմ հոգին։
Երազում եմ, որ իմ ծնողների հետ նորից ձեռք-ձեռքի բռնած` դեռ կքայլենք մեր ազատ կյանքի ճանապարհով։
…Եվ մենք զատված ենք, գուցե մասնատված, կիսատված գուցե: Ճիշտ է, մեզ չար մարդիկ ու պատերազմն են զատել իրարից, սակայն մենք զատված ու հեռացված ենք ժամանակով: Ու ես չեմ դադարում սպասել մեր հեռավոր, մեր բաղձալի կյանքի ճանապարհի բացմանը։
Հայության մեռած հույսերը հարություն են առնելու իմ Արցախում։ Եվ միայն կարոտի, ցավի ճիրաններում եմ հասկանում, որ կյանքում ոչինչ չի փոխվում, և ժամանակը չի բուժում, այլ ավելի է խորացնում հոգուս ցավը առ Հայրենիք։ Իմ կյանքի ճանապարհը շեղվեց իր ուղուց… Ի’մ կյանքի իմաստը, ի’մ Հադրութը մնաց հեռվում և գերության մեջ… Բայց աշխարհը մեկ Աստված ունի, և Նա ապրում է Արցախում։
Իմ Արցա’խ, դու դեռ կերտելու ես քո պատմությունը, տոնելու ես հաղթանակդ, և իզուր չեն քո զավակները իրենց վերջին շունչը թողել լանջերիդ… Ճանապարհ դեպի Հայրենիք` իմ կյանքի իմաստն է, իսկ իմ Արցախը` ողջ էությունս։ Թող մեզ ներեն երկնքի զավակները, թեպետ Աստծո ջերմ գրկում, բայց կտեսնեն դեռ հայրենիքի փառահեղ հաղթանակը։ Այս պատերազմը դեռ չի ավարտվել, մեր կյանքի ճանապարհը դեռ փակ է, այն կբացվի և կավարտվի հայի փառահեղ հաղթանակով։
Իսկ դուք տեսե՞լ եք
Մի կտոր հողում, այսքա՜ն երազանք։
Մի կտոր հողում, այսքան դառնություն,
Այսքան վիշտ ու ցավ…
Մի կտոր հողում այսքան կիսատ կյանք…
Իմ փոքրիկ սրտում
Այսքան մեծ կարոտ և փակ ճանապարհ…
Սպասիր ինձ, Արցախ…
ԱՐԴԵՆ 60 ՕՐ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ

ԱՐԴԵՆ 59 ՕՐ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ
Երկիր սիրելը կռվողի գործն է
Այսօր կճառեն,
Կերգեն, կպարեն,
Սրտաբուխ կխոսեն,
Բայց սրտում մի տեղ պահած
Սիրո աղբյուր կունենան:
Սահմանին կանգնած
Քո զինվորը հիմա
Սիրուդ մասին է մտածում,
Թե ինչպես կգա տուն,
Որ բուժես
Սիրտն իր վիրավոր…
***
Հայրենիքը սրբություն է,
Որից ոչ բոլորն ունեն:
Իսկ դու այն եզակիներից ես,
Որ ունես հայրենիք,
Հայ հայրենիք,
Իսկ ինձ համար
Անհայրենիք ժողովուրդը նման է անծնող երեխայի`
Որբ է…
***
Խղճա նրանց,
ովքեր սեփական անունն ասելիս
ամաչում են:
Ու վեհ պահիր քեզ,
Որ անունդ ասելիս հպարտ ես։
Կյանքի օրենքն է այսպիսին
***
Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ`
Տավշո կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։
Քանի սուրբ խորան տաճարներդ ի վեր,
Խաչի փոխարեն կեռ լուսին չկա,
Պահանջիր, աշխարհ, հատուցում արդար՝
Անմեղ զոհերիդ ծով արյան դիմաց:
Բարև, ես Լիլիթն եմ և ես Արցախից եմ
Իմ մանկությունը անցել է աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկում’ Արցախում: Ես 12 տարի ապրել ու մեծացել եմ Արցախի գողտրիկ անկյուններից մեկում’ Մեծ Շենում: Ես վեց տարի սովորել եմ իմ հարազատ գյուղի դպրոցում, որը կրում է Սասուն Դավթյանի անունը: Ես իմ գյուղից ունեմ շատ հիշողություններ, իմ կյանքի լավագույն 12 տարիները անցել են հենց այդ գյուղում: Ես ունեմ շատ ընկերներ, որոնց թողել եմ այնտեղ, բայց ես գիտեմ, որ դեռ հանդիպելու եմ նրանց:
2020 թվական, աշուն, սեպտեմբերի սկիզբ․․․․ Բոլորը ուրախ գնում էին դպրոց, գնում էին չմտածելով, թե հետո ինչ կլինի: Եվ ահա եկավ չարաբաստիկ օրը’ սեպտեմբերի 27, առավոտյան ժամը 7:30 րոպե, և բոլորը խուճապահար եղած փորձում են փրկել իրենց կյանքը, քանի որ թշնամին ամբողջ ուժով հրետակոծում էր Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և շրջակա տարածքները:
Այս ամենի պատճառով ես իմ ընտանիքի հետ դուրս եկա իմ հարազատ գյուղից՝ վերադառնալու հույսով: Նոյեմբերի 9-ի առավոտյան իմացա, որ պատերազմը վերջացել է, բայց չգիտեի, որ դրա դիմաց պետք է Արցախը տանք հակառակորդին:
Երբ իմացա այս լուրի մասին, մարմնովս մեկ սարսուռ անցավ, ես փորձում էի չհավատալ, բայց ավաղ, չէր ստացվում:
Սակայն Արցախ աշխարհի տառապանքները այսքանով չսահմանափակվեցին: Հիմա արդեն 58 և ավել օր է, ինչ թշնամին դավադրաբար փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը: Թշնամին պարբերաբար անջատում է Ստեփանակերտի լույսը, գազը, և դրա պատճառով հազարավոր երեխաներ չեն կարողանում հաճախել դպրոց, մանկապարտեզ: Բլոկադայի պատճառով Արցախում սկսել է ճգնաժամ, բայց արցախցին այնքան հզոր է, և այնքան կամք ունի, որ չի պատրաստվում հանձնվել:
Ես հիմա ինձ վատ եմ զգում, քանի որ այն ժամանակ գոնե կարող էի գնալ Արցախ, բայց հիմա չեմ կարող, քանի որ միակ ճանապարհը դեպի Արցախ փակ է թշնամու կողմից:
Ես հույս ունեմ, որ շուտով կավարտվի այս մղձավանջը, և արցախցին հաղթանակած դուրս կգա այս պայքարի միջից ևս: Ես որպես արցախցի կոչ եմ անում, որ ինչ էլ լինի, ինչ փորձություններ էլ լինեն, մեկ է, չպետք է կոտրվենք, այլ պետք է ավելի ուժեղ գտնվենք և համախմբվենք, որպեսզի կարողանանք պահպանել մեր իրավունքները, և ի վերջո այն հողը, որի համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին:
ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՐՑԱԽՑԻ ԵՄ:
ԱՐԴԵՆ 58 ՕՐ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ
ԱՐԴԵՆ 56 ՕՐ Է` ԱՐՑԱԽԸ ՇՐՋԱՓԱԿՎԱԾ Է ԹՇՆԱՄՈՒ ԿՈՂՄԻՑ
Ձմեռվա խաղ
-Տասնյոթ, հիսունհինգ, քսանվեց,- փոքր եղբայրս շարունակում էր պարկի միջից հանել լոտոյի թվերը ու մեծ հանդիսությամբ հայտարարել: Չէ՞ որ սենյակի տասից ավելի մարդիկ ուշի ուշով լսում էին նրան:
-Մարդ չսպասա՞,- շուրջը նայելով՝ ասաց փոքրերից մեկը, ով իր հայացքը արագ սահեցրեց բոլորի խաղաթղթերի վրայով:
Զարմանալի են այս փոքրերը, բացի իրենց խաղաթղթերին նայելուց, նայում են ամենուր ու այդ անուշադրության հետ մեկտեղ էլ միշտ հաղթում են: Իհարկե, հաղթանակն ուղեկցվում է մեծահասակների թույլ ժպիտով ու նրանց բարձր ճիչով, որովհետև փոքրերի համար դա կյանքում ամենամեծ հաղթանակներից է: Տեսնելով, որ ձայն չկա, և բոլորը տրամադրված են հաղթանակի, Աբրահամը շարունակեց.
-«Թարս մարդ ու կնիգ», «խաբար», «պադերազմ»,- այս բառերի տակ թաքնված թվերի մասին ոչ մեկը ոչինչ չհարցրեց, որովհետև գիտեին, որ «թարս մարդ ու կնիգ» ասելով նկատի ուներ 69 թիվը, «պադերազմ» ասելուց հետո բոլորը պետք է նշեին 41 թիվը, իսկ «խաբարը» 1 թիվն է, որ նշանակում է մի խաբար (լուր) բերող: Այս թվից հետո բոլորը սպասում են հաղթանակի: Սեղանի մոտ, բացի իմ ընտանիքի ութ անդամներից, նստած էին նաև մեր մի քանի բարեկամները և հարևանները: Այդ պատճառով սեղանը երկու կողմից բացել էինք: Այս խաղը մենք կոչում ենք «ձմեռվա խաղ», որովհետև միայն ձմեռն ենք խաղում:
Ձմռան երեկոները հետաքրքիր են անցնում՝ մի օր լոտո ենք խաղում, մի օր նստում վառարանի կողքին ու լսում տատիկների պատմած պատմությունները: Սեղանի վրա ազատ տեղ չկար, ամենուր կոճակներ էին ու մասնակիցների խաղաթղթերը, իսկ մեջտեղում՝ հաղթական կարմիր կափարիչն էր, որի մեջ մի բուռ կոպեկներ էին լցված: Յուրաքանչյուրը սահմանված չափով գումար է գցում կափարիչի մեջ, և երբ խաղավարը հանում է այնպիսի թվեր, որոնք համապատասխանում են տվյալ մասնակցի խաղաթղթի մի շարք կազմող թվերին, այդ մասնակիցը դառնում է հաղթող:
-Ես կսպասիմ,- գրեթե գոռաց Աբելը՝ ժպիտը դեմքին (սա նշանակում է, որ նրա շարքը լրանալուն մեկ հաջողակ թիվ է պակասում):
Բոլորը լուռ և ուշադիր կոճակները դնում էին համապատասխան թվերի վրա, որպեսզի մի թիվ անգամ բաց չթողնեն, որովհետև ըստ նրանց՝ դա կլիներ հաղթական թիվը: Առհասարակ, լոտոյում այդպես է, թվում է, թե միշտ այս վերջին թիվը քեզ հաջողություն կբերի: Հենց այդ ժամանակ էլ Աբելը գրեթե ճչաց.
-Ես պրձա՛, ջա՜ն,- ու արագ կարմիր կափարիչի պարունակությունը վերցրեց:
Իհարկե, այդ կոպեկները մեծ գումար չէին կազմում, բայց լոտոյում դրանցով բավականին երկար կարող էիր խաղալ, եթե նույնիսկ անընդհատ պարտվես: Ասում եմ, չէ՞, այս փոքրերը զարմանալի են. նախ, աչքերը չորս արած նայում էր խաղաթղթերիս ու քթի տակ ժպտում, որովհետև այդ խաղում անհաջողակ եմ, հետո էլ ինչ-որ բան վերցնելու համար խփեց խաղաթղթերիս, կոճակները տեղաշարժվեցին ու դրանք իրենց դիրքին վերադարձնելու ժամանակ ես չհասցրի հիշել Աբրահամի ասած վերջին երկու թվերը, որոնք կարող էին ինձ հաջողություն բերել: Դա քիչ է, մի հատ էր ականջիս տակ ճչում է, թե հաղթել է: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, դժգոհ դեմքով խաղաքարտերի վրայից վերցրի կոճակները ու իմ վերջին լուման դրեցի կարմիր կափարիչին: Մեծահասակների համար ուղղակի զբաղմունք դարձած խաղը ինձ նյարդայնացնում է: Ինչքա՞ն կարելի է պարտվել:
-Մի քիչ կոջակ տուր, Անուշ ջան,- ցածր ձայնով ասաց քեռի Իգորը,- ու ուշադիր էղի, հաստադ դու կհաղթիս:
Զարմանալի բան է ասում քեռին: Մարդ, ում կողքին նստած է եռանդով լեցուն մի երեխա, դժվար թե հաղթի: Ամեն խաղից հետո պետք է ինչ-որ մեկը պարկից հանի թվերն ու հնարավորինս ճիշտ ու հստակ արտասանի դրանք, թե չէ բոլոը կդժգոհեն, որ հենց այդ պատճառով էլ չհաղթեցին: Մեծերի համար այդ կոպեկները նշանակություն չունեն, նրանց համար կարևորը զբաղմունքն է, հենց այդ պատճառով էլ, երբ հայրս է հաղթում, խնդրում եմ իմ փոխարեն էլ գումար դնել, ու կոպեկներս պահում եմ հաջորդ խաղին: Խաղը սկսվեց, և այս անգամ թվերը կարդում էր քեռի Արշակը.
-Տըսնըխինգ, (քեռին Մարտունուց է), տըսնըյոթ:
Մի քանի թվերից հետո ես էլ գոռացի՝ սպասում եմ: Ինչքան էի ուզում գոնե մեկ անգամ ասել այդ արտահայտությունը, ու հանկած դուրս եկավ իննսուն թիվը, որը վատ թիվ է բոլորի համար, բայց ինձ հաջողություն բերեց: Ես վերցրի ինձ հասանելիք գումարը և որոշեցի այլևս չխաղալ:
Այդ պահին փողոցից շների բարձր հաչոց լսվեց: Դա, իհարկե, չէր նշանակում, որ գյուղ՝ Ներքին Գետաշեն, սարերից գայլեր են իջել: Նախ, որովհետև սարերը չափազանց հեռու են, և հետո էլ՝ կովերը դժվար թե գայլերի ճաշակով լինեն: Բոլոր երեխաները, այդ թվում և ես, վազեցինք պատուհանի մոտ, բայց ոչինչ չէր երևում, իսկ հաչոցը շարունակվում էր: Ես հասկացա, որ դեռ երկար ժամանակ մեր հյուրերը տուն չէին գնա, այսինքն՝ հետաքրքիր պատմությունները դեռ առջևում էին:
Փետրվար, 2017
Ձեր տեղը մասնագիտությունների աշխարհում
Իրականում մասնագիտության ընտրությունը ոչ միայն կարևոր որոշիչ քայլ է, այլ նաև մեծ պատասխանատվություն, որը բերում է անձի լիարժեքություն։
Սկզբում պետք է հասկանալ սեփական ընդունակությունները, հետաքրքրությունները, անձնային հատկանիշները, և սա դեռ ամենը չէ։
Հաճախ դեռահասները շրջապատի թյուր կարծիքի, խորհուրդների պատճառով ընտրում են սխալ մասնագիտություն, և այդ սխալ ընտրությունը խոչընդոտ է դառնում ամբողջ կյանքի համար։
Նման խնդրից զերծ մնալու համար կան որոշակի պարզեցված հարցեր, որոնց պատասխանելով գուցե առավել պարզեցված գտնեք հենց Ձեր սրտին «մոտ» մասնագիտությունը.
• Ո՞վ եք դուք, որն է Ձեր ասոցացիան շրջապատում
•Ի՞նչ եք ուզում դառնալ, ինչպես դիրքավորվել՝ հիշվել
•Ի՞նչն է Ձեզ մոտ իրապես լավ ստացվում
•Ի՞նչն եք կարևորում
•Ինչպիսի՞ն է տվյալ մասնագիտության պահանջարկը, և որքան է Ձեր համապատասխանելիությունը:
Իհարկե,այս հարցերը մասնագիտության ընտրության մի մասն են լոկ կազմում, և կան բազմապիսի թեստեր ու մեթոդներ` ամբողջական պատկերը և ելակետային տվյալները ուսումնասիրելու համար։
Գոյություն ունեն նաև անձը բնորոշող հոգեբանական թեստեր, որոնք ևս կարող են նպաստել ճիշտ մասնագիտության ընտրությանը։ Նմանատիպ հոգեբանական կայք է՝ Testmetrika-ն, որը մասնակիորեն բացահայտում է անձի հետաքրքրությունները։
Այս ամենից զատ, սկսեք իրականացնել կամավորություններ ինթերնշիփեր, ինտեգրվեք տարբեր ծրագրերում։ Փորձարկեք Ձեր հնարավորությունները և զբաղվեք ինքնակրթությամբ։ Այս ամենը լայն հնարավորություն է տալիս ճանաչել շրջակա միջավայրը, մարդկանց, իրադարձությունները, փոփոխությունները, նպաստում է մարդու աշխարհայացքի ընդլայնմանը ևս։
Հայաստանում այս պահին առավել հաճախ են կազմակերպվում դեռահասներին աջակցող նախագծեր, ինչպիսիք են DIGI ֆորումները, SKILL ճամբարները:
Ինթերնշիփի հնարավորություններ են ստեղծում DeEduc-ի մի շարք ծրագրեր, համագործակցությամբ հնարավոր է ինտեգրվել անգամ COAF-ում, Tech for Armenia-ում:
Կամավորական աշխատանքների, ակտիվ մենթորինգի համար մեծ հնարավորություններ են ստեղծում մի շարք ՀԿ-ներ և
YES Armenia կազմակերպությունը։
Մեր որդեգրած սկզբունքներին համաձայն, երիտասարդների զարգացնող և մոտիվացնող ծրագրեր ենք կազմակերպում ոչ միայն մարզկենտրոններում, այլև սահմանամերձ գյուղերում։
Քանի որ ժամանակը շատ արագ է ենթարկվում փոփոխության, և գիտությունը օր օրի զարգանում է, առաջիկա մի քանի տարիների պահանջված մասնագիտություններն ենք առանձնացրել, որ գուցե համապատասխանեն Ձեր որոշմանը։
1. Ծրագրավորում
2. Մարքեթինգ
3. Սպասարկում
4. Վաճառք
5. Արհեստական բանականություն
6. Տվյալագիտություն
7. Ռոբոտաշինություն
Եթե ցանկանում եք հասկանալ, թե որ մասնագիտության մեջ ունեք առավել պոտենցիալ զարգանալու՝ պարբերաբար շփվեք ոլորտի առաջատարների հետ։

