sona zakaryan

Մի քանի օրից քննություններ 12-րդ դասարաններում

Արդեն բավական ժամանակ է, ինչ լոգարիթմների և սինուսների աշխարհում եմ և փորձում եմ համակերպվել նրանց ապրելակերպին, բայց կարծում եմ, որ չի ստացվում։ Հիմա կմտածեք, որ տարօրինակ բաներ եմ ասում։ Լավ, կփորձեմ տարօրինակ ձևով չարտահայտվել ու կոնկրետ ասել, թե ինչի մասին է խոսքս։

Շուտով մաթեմատիկայի քննության եմ։ Ես՝ Սոնա Զաքարյանս 12-րդ դասարանի հումանիտար հոսքի աշակերտ եմ և պատրաստվում եմ մաթեմատիկայի քննություն հանձնել։ Մի տեսակ չի հնչում, չէ՞։ Ինչ արած, ոչինչ չեմ կարող փոխել և ուզեմ, թե չուզեմ, պետք է քննությունը հանձնեմ և բավարար կամ բավարարից բարձր ստանամ։

Քննություններ հանձնելու այս համակարգը դպրոցում, ինչ խոսք, ապշեցուցիչ է։ Հիմա բացատրեմ, թե ինչպես է ամեն ինչ իրականանում։

Սկսեմ գյուղերից։ Գյուղերում դպրոցները հիմնականում միջնակարգ են և 12-ամյա։ Այդ պատճառով գյուղի դպրոցներում հոսքեր ընտրելու հնարավորություն չի լինում։ Անցնում են ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի դասագրքերով։

Ավագ դպրոցում տարբեր հոսքեր կան։ Աշակերտները ընտրում են այն հոսքը, որ համապատասխանում է իրենց նախասիրություններին, շատ դեպքերում էլ ուղղակի ցանկություններին։ Օրինակ, եթե դու սովորում ես լեզվաբանական հոսքում, դեկտեմբերին պետք է հանձնես մաթեմատիկա և պատմություն առարկաներից քննություններ և երկրորդ կիսամյակում կենտրոնանաս այն առարկաների վրա, որոնք քեզ պետք են։ Սա նշանակում է, որ հունվարից անցնում ես միայն հայոց լեզու, գրականություն և որևէ օտար լեզու։ Դրանցից էլ քննություն կհանձնես հունիսին։ Լավ է, չէ՞, որ մաթեմատիկա էլ չենք անցնի երկրորդ կիսամյակից, բայց մի բայց կա։ Անընդհատ փորձում ենք հասկանալ թե ի՞նչ իմաստ ունի մաթեմատիկա առարկան կես կիսամյակ անցնելը, այն էլ 12-ի լեզվաբանական հոսքում։

Դե մնացած հոսքերի մասին էլ հերթով չպատմեմ։ Ում ինչ պետք չէ` կհանձնի դեկտեմբերի վերջին, ինչ պետք է՝ հունիսին։

Ընդհանուր հոսքի աշակերտներն էլ բոլորը հունիսին կհանձնեն, որովհետև ըստ ավագ դպրոցի կանոնադրության, այդ աշակերտները չեն պատրաստվում պետական բուհեր ընդունվել։

Բայց չէ՞ որ գյուղերում էլ շատ երեխաներ կան և նրանք էլ են ցանկանում ընդունվել։ Եվ բնականաբար ընդունվում են, ինչ անենք, թե ընդհանուր հոսք են։

Մի շատ հետաքրքիր փաստ ևս։ Ֆիզկուլտուրա առարկան այս կիսամյակով ավարտում ենք, բայց արի ու տես, որ մայիսին ֆիզկուլտուրայից քննություն ենք հանձնելու։

Այս ամենի մասին գրելիս ինքս էլ եմ փորձում հասկանալ` ինչ եմ գրում, որովհետև այս ամենը ուղղակի շիլաշփոթ է։ Երբեք չես կարող ավագ դպրոցի վերաբերյալ ինչ-որ հստակ բան ասել։

Միակ հստակ բանը այն է, որ ավագ դպրոցը ժամանակի կորուստ է։ Ժամանակի կորուստ է, ոչ թե ուսուցիչների կամ աշակերտների պատճառով, այլ բուն կրթական համակարգի։ Տարբեր դասագրքեր կան սովորելու համար, տարբեր շտեմարաններ, տարբեր ուսուցիչներ են դասավանդում, տարբեր կրկնուսույցներ։

Եթե երեխան գնում է կրկնուսույցի մոտ պարապելու, նրա ինչի՞ն է պետք ավագ դպրոցը։ Իսկ եթե դպրոցը այսպիսի խառը վիճակում չլիներ, նորմալ ծրագիր ունենար, ու երեխաները սովորեին` ինչ իրենց պետք է, ապա էլ առանձին չէին պարապի։ Եթե ուսուցիչները գնահատված լինեին իրենց աշխատանքի համար և նորմալ վարձատրվեին, ապա առանձին պարապմունքներ չէին անցկացնի։

Այս ամենը գալիս է վատ կրթական համակարգից և անընդհատ կատարվող փոփոխություններից։ Ավագ դպրոցը այսօր փորձադաշտ է դարձել։ Տարբեր փորձեր են իրականացվում, բայց ցավոք, ոչ մեկն էլ օգուտ չեն տալիս։

Հ. Գ. Հաջողություն բոլոր նրանց, ովքեր քննություն են հանձնելու։ Պի՛նդ մնացեք։

arpineMikayelyan

Կասեմ հենց այսօր

-Արփ, ինչքա՜ն նման ես մամայիդ,- ասում է ցանկացած ոք, երբ տեսնում է ինձ։

-Հա՜, գիտեմ,- հպարտորեն ասում եմ ես։

Երևի իմ ամենասիրելի արտահայտություններից մեկն է սա. որ շատ նման եմ մայրիկիս ամեն ինչով. և՛ տեսքով, և՛ բնավորությամբ, և՛ սովորելով (չնայած մայրս ավելի աշխատասեր է)։ Մենք նման ենք նաև ճաշակով ու մտածելակերպով:

Բայց ես չեմ խոսելու իմ մասին, որովհետև այսօր մայրիկիս օրն է։

Շատ տարիներ առաջ, ձմեռային այս ցուրտ օրը ջերմացել է, լուսավորվել ու իմաստավորվել: Գիտե՞ք ինչու, որովհետև մայրս ունակ է մռայլն ու սևը լուսավորել:

Մայրիկիս անունը Շողիկ է` ճիշտ արևի շողի պես, լավագույն անունն իր համար։ Երբ խոսում ես իր հետ, վտահ եղիր, որ երբեք չես ձանձրանա ու ակամայից կժպտաս։

Մայրս շատ լավատես է: Ճիշտն ասած, մեկ-մեկ զարմանում եմ, կամ էլ բարկանում. ինչպե՞ս կարելի է ամեն ինչի մեջ լավը տեսնել: Նույնիսկ եթե ողջ աշխարհը դեմ է որևէ բանի և կարծում է, որ դա վատագույնն է, էստեղ հայտնվում է մայրս ու ասում` ԲԱՅՑ…

Մա՛մ, չեմ ճանաչում քեզ պես համբերատար մարդու, ում հույսը երբեք չի կտրվում, իսկ հավատը երբեք չի կորչում: Դու ունակ ես միլիոնավոր խավար կետերի մեջ գտնել այդ մի սպիտակը (անգամ խոշորացույցով):

Ես միշտ փորձում եմ քեզ ուրախացնել ու գիտեմ, որ միշտ չի եղել, երբ ինձ պահել եմ էնպես, ինչպես դու կցանկանայիր տեսնել:

Դու ես ինձ սովորեցրել, թե ինչ է նշանակում պայքարել ու հաղթել, դու ես սովորեցրել սիրել, հարգել ու միշտ ժպտալ, դու ես օգնել քայլել առաջ ու հետ չնայել… Դու պարզապես անփոխարինելի ես։

Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ասել այս խոսքերը, բայց հիմա կասեմ:

Ես քեզ շատ եմ սիրում։

astgikHunanyan

Իսկ մեր ԱԺ֊ները ցրովի չեն

-Լսի, չփորձես ցեխը մտնես, դու հո անուղեղ չե՞ս, ախր, դու ինձ ունես։ Նայիր, ամբողջ ճամփան չոր֊չոր ա, էդտեղով պետք ա քայլես, ոչ թե հենց էն մի թիզ ցեխի միջով,-աղաչում էր ուղեղս,- Ա՞ստղ, Ա՞ստղ, լսո՞ւմ ես…

Ցեխով անցա։ Ոչ էն բանի համար, որ հետևել եմ «սրտիդ լսիր» հայտնի խոսքերին, որ ցանկացածը գոնե մի անգամ (թեկուզ նախորդ կյանքում) ցիտել է իր սոցիալական էջում, ուղղակի «օրգանաժողովի» հերթական նիստի աղմուկի պատճառով ուղեղիս բազմաբովանդակ ճառի համարյա կեսը չեմ լսել։ Ինչպես միշտ։ Հաստատ էդ նիստերի ձայնային ռեժիսորի հարցերը պիտի լուծվի, էսպես շարունակվել չի կարող։

-Է ինչի՞ չի կարող, բա լավ չի՞։ Խելքիդ ինչ փչում եմ՝ անում ես, հենց փող ա ընկնում ձեռքդ՝ ծախսում ենք, ամեն անգամ լիքը հիմար որոշումներ ենք կայացնում, ազատ ժամանակդ պարապելու կամ մի հետաքրքիր բանի վրա չենք ծախսում, կյանքդ մի լավ հարամում ենք. ի՞նչ վատ ա որ, դու էլ մենակ բողոքես,- բեմահարթակը իր ձեռքն առավ սիրտս, որը, եթե ուզում եք իմանալ, ձեր՝ մատիտով նկարած սրտիկներին ոչ մի բանով նման չի։ Գրիչով նկարածներին էլ։

-Հա՜, սրտի հետ ես էլ եմ համաձայն, էս կյանքի իմաստն իրոք ուտելու մեջ ա, ուրեմն քեզ զրկենք ամեն օր անառողջ զիզի֊բիզի բաներ ուտելուց, ինչ է թե աչքերդ Փարիզ են ուզում տեսնել ու էդ փողերը որ կուտակես, կկարողանաս ճանապարհորդե՞լ,- նիստի երրորդ խոսնակը ստամոքսս էր։ Հա, եթե մի օր մտածեք, թե ինչի է ստամոքսն աղմկում, որովհետև կենսաբանության էդ դասը անամոթաբար շրջանցել եք, իմացեք, որ ՕԺ-ի (օրգանական ժողով) հերթական նիստն է։

-Ձեզ ի՞նչ կա, է: Էդ մենք ենք, որ ամեն օր ստիպված ենք նույն դեմքերը տեսնել, նույն փողոցները, նույն փողոցների սև կատուներին, նույն շենքերն ու խանութները, մե՛նք։ Ու հլը մի բան էլ Փարիզ չտեսնե՞նք,- աչքերս էին։

-Բա լավ չի՞, իրեն էլ եք տեսնում,-արտահերթ, նորից խոսեց սիրտս։ Փորիս միջի թիթեռները լուռ ժպտում էին։

-Հավանելը դա դեռ սիրահարված լինելը չէ,-հայկական արտադրության քիթս էր, որը հավանում է բենզինի, ներկերի, հին ու նոր գրքերի հոտը, բայց պնդում, որ սիրահարված չէ դրանց։ Ի դեպ, ուրիշ ժողովներին այդ լեգենդին ուրիշ կերպ են անվանում (If you know what I mean)։

-Այ, աչքեր ջան, այ, ցավներդ տանեմ, դուք գոնե փողոցներ ու կատուներ տեսնում եք, բա ե՞ս ինչ ասեմ. ոնց կույր կայի, էդպես կույր էլ մնացել եմ,- պահը չկորցրեց մի քիչ վատ տեսնող աղիքս, որը ցանկացած նիստին «երեսով էր տալիս» իր կույր լինելը։

-Քիչ խոսի ու գոհ էղի՝ կաս, թե չէ որ համով բաներ ուզեցի, էնպես կանեմ՝ քեզ հանել կտան, էս քաղաքի բժիշկներն էլ էդ ա, որ կարողանում են։ Ատամ ցավա՝ դու ես մեղավոր, գլուխ ցավա՝ դու ես մեղավոր, թև ու ոտք ցավա՝ դու ես մեղավոր, միանգամից կհանեն,- հայտարարեց սիրտս։ Բացի բեմահարթակից, իրավիճակն էլ էր իր ձեռքերում, չես վիճի։

-Գիտե՞ք, ձեր ասածները «խլապուշկաներ» են մեր խնդրի առաջ։ Կյանքը շատ ավելի դժվար է, երբ բոլորը քեզ սիրում են միայն փողի համար, երբ պատրաստ են ցանկացած պահի վաճառել ձեր «սերը»,-սկսեցին իրենց դարդով կիսվել երիկամներս։

-Դե լավ, էկեք չմոռանանք՝ ինչի համար ենք հավաքվել. պիտի Աստղի օրվա շարունակությունը մտածենք։ Ըհը, «բռատ», դու մի հատ էդ գրողի տարած ցեխոտ կոշիկներդ հանի, արագ հաց կեր ու նստի դասերիդ, հետո պարապմունք կանես, հետո նոր մի սերիա սերիալիցդ կնայես, ու կպառկես քնելու,-հանդիսավոր փորձեց նիստի վերջին խոսքն ասել ուղեղս, քաջ գիտակցելով, որ էլի իրեն լսող չկար (մեկ֊մեկ ուղեղիս ինքնավստահությունից եմ ուզում)։

-Չէ, ես ավելի լավ միտք ունեմ. ցեխոտ կոշիկներդ հանի, հաց կեր, մի քանի սեզոն սերիալիցդ նայի ու քնի։

-Ցեխոտ կոշիկներդ հանի, մի քանի սեզոն սերիալիցդ նայի ու քնի։

-Ցեխոտ կոշիկներդ հանի ու քնի։

-Քնի։

Որոշումն ընդունված է, նիստը՝ փակված։ Շնորհակալություն։

Shushan nersisyan

Միշտ չհերիքող մանրուքներ

Դու արդեն վաղուց էլ ոչ մի տեղ չես շտապում, միշտ քայլում ես դանդաղ, մտածկոտ, չես խոսում ծանոթներիդ հետ: Դու վաղուց նրանց մեջ ինչ-որ մեկին ես փնտրում, փնտրում ես ամենուր, և քանի որ չես գտնում, սկսում ես խուսափել նրանցից:

Այդ օրը հերթականն էր: Ոչնչով չտարբերվող նախորդ ու հավանաբար հաջորդ օրերիցդ: Ձգված, ծամածռված, խեղճացած օրդ, որ չգիտես՝ ոնց էր սկսվել ու ոնց էր ավարտվելու, քեզ էր սպասում:
Այդ օրը կանգառում դու էլի ինչ-որ բան, կամ ավելին՝ ինչ-որ մեկին էիր փնտրում: Մինչև տեղ հասար, հազար անգամ շուրջդ նայեցիր ու չգտար: Անկեղծ ասա՝ ո՞ւմ գալուն էիր սպասում: Լա՜վ, կարող ես չասել, գիտեմ, սպասում էիր, որ պիտի գա՞ր, գալու էր, բա չէ՜, հետն էլ ծաղիկներ պիտի բերեր` էն քո սիրած դաշտայիններից: Տալու էր քեզ, ժպտալու էիր, ու բոլորը քեզ երջանիկ էին տեսնելու, ու զարմանալու էին՝ վերջապես քեզ էլ ուրախացնող հայտնվեց… Չկար, չեկավ, ծաղիկներ չբերեց, չզարմացան, չուրախացար:
Իսկ ո՞վ էր անընդհատ զանգում, մինչ սպասում էիր երթուղայինիդ, մի քանի անգամ առանց նայելու անջատեցիր, գիտեի՞ր, որ ինքը չէ: Բայց մի քանի անգամ աչքդ գցեցիր հեռախոսիդ, հա՜, մտածում էիր՝ հեռվից տեսել է քեզ, ուզեցել է առաջարկել միասին մի կանգառ ավելի քայլել, դրա համար է զանգում: Դե հա, ինքը չէր, դու հո չէի՞ր կարող սխալվել:
Բա ինչո՞ւ առաջին պատահած երթուղայինը չնստեցիր, դատարկ էր, չէ՞, լա՜վ, գրեթե դատարկ, ինչո՞ւ չնստեցիր: Բեր խոստովանիր, որ հույս ունեիր՝ կհայտնվի ու կհրավիրի մոտակա սրճարանը: Ծիծաղելի տեսք ունեիր, գիտե՞ս: Պիտի շուտ բարձրանայիր, որ չսառչեիր:
Ինչո՞ւ էիր ձեր թաղամաս հասցնող երթուղայինում պայուսակդ դրել կողքիդ: Դրել էիր, որ մարդ չնստի՞: Հա՜, սպասում էիր, որ հաջորդ կանգառից պիտի ինքն էլ բարձրանար: Կողքիդ պիտի նստեր, քիչ չի, իջնելիս էլ տոմս պիտի վերցներ, չէ՞, քեզ համար: Հետո ճարդ կտրած պայուսակդ դրիր ծնկներիդ, որ էդ խեղճ ուղևորները նստեն, որովհետև նա, ով պետք է բաձրանար, չբարձրացավ, կողքիդ չնստեց, չզրուցեցիք, տոմս չգնեց… Ամեն դեպքում, դու մենակ էիր:
Իսկ որ բակ մտար, ո՞ւմ էիր փնտրում: Չնայած՝ բակերում էլ ո՞ւմ պիտի փնտրեն: Մտածում էիր՝ էն ծաղիկները, որ փողոցում չէր համարձակվել տալ, պիտի բերած դրած լիներ շքամուտքում՝ ձեր դռան առաջ: Չկար: Չէր դրել: Իսկ դու արդեն մտածում էիր՝ ոնց ես սեթևեթելու, ոնց ես սկզբում չեմուչում անելու, հետո հանձնվելու ու վերցնելու: Դու արդեն նույնիսկ մտածել էիր՝ որ ծաղկամանում ես դնելու դրանք: Ծաղիկներ չկային:
Հարևաններդ ի՞նչ էին ուզում, էդ օրն ինչքա՜ն դուռդ թակեցին: Լավ, ինչի՞ էիր նեղսրտում, էդ մարդիկ հո չէի՞ն մտածում, որ դու կարևոր թակոցների ես սպասում: Ամեն թակոցից վեր էիր, չէ՞, թռչում, ախր, ամբողջ օրը չկար, էդ գիշե՞րն էր գալու։ Խորհրդավոր կլիներ, բայց դու ինձանից լավ գիտես, որ չէր գալու:
Լսիր, անհարմար է: Հանիր կոշիկներդ, արձակիր մազերդ: Հանվիր: Շպարդ չմաքրես, չի օգնելու: Հագիր թեթև մի բան ու պառկիր, որ մի քիչ հանգստանաս: Բարձդ փոխիր, վերցրու փոքր, ավելի փափուկ ինչ-որ բան: Գլուխդ իջեցրու բարձին: Ծածկվիր ողջ մարմնով, բաց տեղ չթողնես, որ քամին չսառեցնի առանց այդ էլ սառած մարմինդ: Անջատիր ուղեղդ ու քնիր:
Դե քնի՜ր, ափսոս ես: Հա, ճիշտ ես, քնելն էդքան էլ հեշտ չի, եթե ուղեղդ չես կարողանում անջատել, բայց փորձիր, էլի, ախր, ափսոս ես, շատ ես խեղճացել, ժպիտիցդ էլ բան չի մնացել: Չես քնելու, չէ՞…
Ու միշտ չես քնելու, որովհետև քեզ պակասող մանրուքներ կան: Էդ ծաղիկները, երթուղայինի չգնված տոմսը, կողքիդ դատարկ նստարանը քեզ միշտ պակասելու են, չեն հերիքելու, իսկ եթե պատահմամբ ինչ-որ մեկը հայտնվի ու փորձի դրանք քեզ վերադարձնել, ուղղակի չես ընդունելու, մերժելու ես, կոպտորեն արհամարհելու, որովհետև նա լինելու է մի ինչ-որ մեկը, որ չի հասկանալու մանրուքների նշանակությունը քո կյանքում: Քեզ միշտ պակասելու են մանրուքներ, որոնք կարևոր են, և որոնք չես գտնելու, որովհետև ծաղիկներն արդեն ուրիշներին են տվել, երթուղայիններում ուրիշների համար են տոմսեր վերցրել, դատարկ նստարաններին անծանոթներ են նստել: Այդ ամենը քեզ համար չէ, քոնը քեզնից հեռու է, չի գալու, չես գրկելու… Ծաղիկները, երթուղայինի տոմսը, դատարկ նստարանը մանրուքներ են, քեզ միշտ չհերիքող, պակասող մանրուքներ:

Եթե չես կարողանում քնել, բարձդ շրջիր, սառը երեսի վրա ավելի շուտ են քնում:

«Առաջին անգամ ընտրող» ծրագիրը Վանաձորի 11-րդ ավագ դպրոցում

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում դեկտեմբերի 3-5-ը տեղի ունեցավ «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը: Այն իրականացնում է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը և ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն էր երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Առաջին օրվա ընթացքում դպրոցի «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի Նաիրա Բարիկյանը մի քանի աշակերտների հետ բաժանեց ուղեցույց-գրքույկներ տարբեր դասարաններում, իրազեկեց աշակերտներին գալիք ընտրությունների, դրանց ընթացակարգի և որպես իրավագիտակից և պատասխանատու քաղաքացի դրսևորվելու կարևորության մասին: Թեկնածուները մշակեցին իրենց ծրագրերը, ընտրեցին վստահված անձանց: Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 4-ը, պատասխանատու և որոշիչ օր էր թեկնածուների համար, քանի որ նրանք պետք է անցկացնեին քարոզարշավ և ընտրողներին ներկայացնեին իրենց ծրագրերը: Նրանք դպրոցի պատերին փակցրին իրենց ծրագրերը, անցան դասարաններով, խոսեցին իրենց կողմից բարձրացված հարցերի և դրանց տրված լուծումների մասին, պատասխանեցին առաջացած հարցերին: Քարոզարշավից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիսը, որի ընթացքում թեկնածուներն արդեն ավելի մանրամասն ներկայացրին իրենց ծրագրերը, ինչին հետևեց բուռն հարց-պատասխանի շրջանը: Լրագրողները և հետաքրքրված ընտրողներն ուղղում էին ամենատարբեր բովանդակություն ունեցող հարցեր՝ սկսած աշակերտ-ուսուցիչ հարաբերություններից, վերջացրած ՀՀ բյուջեին վերաբերող հարցերով: Հարցերը նաև տեղիք տվեցին հետաքրքիր ու սուր բանավեճերի և քննարկումների թեկնածուների միջև: Երրորդ և ամենասպասված օրվա ընթացքում աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը, հանձնաժողովի անդամները հաշվեցին ձայներն ու հայտարարեցին հաղթողին, որը 2019թ.-ի փետրվարին հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաների հետ: 

Ծրագիրը հնարավորություն տվեց դեռահասներին զարգացնելու միմյանց լսելու կարողությունը, խոսքի հմտությունը, հասկանալ, որ իրենց ձայնը կարևոր է, որ իրենք են այս երկրի ներկան և իրենք կարող են փոփոխություններ անել՝ անգամ ընտրություններին մասնակցելով և գիտակցված քվեարկելով: Աշխարհում ամենալավ զգացողություններից է, երբ քո ձայնն ու կարծիքը լսում են։ Կարծում եմ՝ նման ծրագրերը դպրոցում այսօր անհրաժեշտ են, քանի որ նրանք հնարավորություն են տալիս զգալ այդ ամենը, նախապատրաստվել հաջորդ ընտրություններին:

Լուսանկարը` Մարիամ Հայրապետյանի, Շիրակի մարզ, գ. Ամասիա

Հայաստանում ձմեռ է

Anush abrahamyan

Թվում է

Դուք չեք ճանաչի նրան։ Նրա անհարթ ճանապարհին ոչ մեկը չի պատահել, ոչ մեկը չի սրբել իր այտերը, չի մաքրել իր հոգին կասկածանքից, չի կապել երջանկությանը։ Նրա սիրելին չեկավ հեռավոր ու ձիգ ճանապարհներից։ Երևի մեռավ կամ իրենից սիրուն աղջկա հանդիպեց։ Չհիշեց, որ աշխարհից մոռացված մի գյուղում իր ճանապարհին պառավեց մի օրիորդ, ինչպես ինքն է ասել՝ երկարածամ, բարակ մեջքով, սև աչք ունքով, հիմար մի օրիորդ։

Ժամանակը Սոնա մորաքրոջ հոգուն ոչ հանգստություն է բերել, ոչ նոր սեր ու ոչ էլ սիրելիին։ Հակառակը, գյուղի ծանր աշխատաքից մեջքի անտանելի ցավ է բերել, բոստան (բանջարանոց) մենակ ջրելուց, սառելուց՝ ոտքերի ցավ, ու ամենավերջին, ամենածանր ցավն է բերել՝ սպասման, կարոտի ու խեղճ ժպիտի ցավը։ Հեռավորությունը Գառնիկին տարել, ու ոչ մի ճանապարհ նրան հետ չի բերել, ոչ մի հեռագիր կամ նամակ նրա ողջությունը չի փաստել, ոչ մի լուսաբաց գյուղի վրա այդքան գեղեցիկ ու թախծոտ չի իջել, որքան նրանց հրաժեշտի օրը։ Բլրի ճանապարհին տղաների խմբից հետ ընկած Գառնիկը ամուր բռնել է Սոնայի մատները.

-Կգամ, կգամ, հաստատ կգամ։

Ասում են՝ Սոնա մորաքույրը ամեն առավոտ կովերին անտառ տանելուց հետո էդ ճանապարհի քարին նստելիս կիսաձայն ասել է այս խոսքերն ու նայել բլուրների կողմը, որտեղ ճանապարհը երկու մասի է կիսվում ու կորչում բլուրների մեջ։ Էդ ճանապարհով քչերը եկան, շատերը մնացին բլուրներից այն կողմ։ Ճանապարհը մի սառը հայացք դարձավ սպասողների համար։ Սև ու սպիտակ հիշողությունների հայացք։

Սոնա մորաքույրը վաղուց է մահացել խոր ծերության մեջ, ոչ միայնակ․ եղբոր թոռներով, հարսներով շրջապատված։ Ու թվում է՝ օտարության վերջին ու խորը ցավը սրբել տարել է իր հետ, սպասումը ու հոգի մաշող կարոտը՝ ևս։

Թվում է…

«Մանանան» հյուր է «Շողին»

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դեկտեմբերի 12-ին «Մանանա» կենտրոնի թիմը հանդիպում ունեցավ «Շող» ցերեկային կենտրոնի երեխաների հետ։ Հյուրընկալվեցինք հենց «Շող»-ում, ու հետաքրքիր հանդիպում ունեցանք 10-14 տարեկանների հետ, զրուցեցինք, ցուցադրեցինք «Մանանայի» ֆիլմերից։ Մեր ծանոթությունը կենտրոնի հետ սկսվեց փոքրիկ զբոսանքով՝ շենքի ներսում։ Բոլոր պատերը ծածկված էին երեխաների նկարած նկարներով, նրանց ձեռքի աշխատանքներով։ Տպավորիչ էր տեսնել, թե ինչքան լավ կարող են նկարել 5-14 տարեկան երեխաները։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Պատիվ ունեցանք նաև տեսնելու երեխաների պարը։ Կենտրոնում գործում է նաև ազգային պարի խմբակ, որը մեզ մի քանի խրոխտ ազգագրական պար ցույց տվեց։ Կենտրոնի մասին այլ հետաքրքիր բաներ էլ իմացանք կենտրոնի համակարգող Նաիրա Քերոբյանից, ով սիրով մեզ ուղեկցեց և ներկայացրեց «Շողը»։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

«Շող» ցերեկային կենտրոնը գործում է դպրոցահասակ երեխաների (5-14 տարեկան) համար։ Այստեղ դպրոցից հետո հավաքվում են սոցիալապես անապահով ընտանիքներից երեխաներ, հաճախում են տարբեր խմբակների, դասապատրաստում են անում։ Ծնողները վստահ են, որ իրենց երեխան ապահով ձեռքերում է, ինչն էլ հնարավորություն է տալիս նրանց աշխատելու այդ ժամերի ընթացքում։ «Շող» կենտրոնները հինգն են՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ասկերանում և Շուշիում։ Երևանի «Շող» հաճախում է 76 երեխա։ Այստեղ աշխատում են 19 տարբեր մասնագետներ՝ սոցիալական աշխատողներ, հոգեբաններ։ Մեր այցի ընթացքում տեսանք նաև հոգեբանի սենյակը։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Այստեղ հոգեբանները աշխատում են երեխաների հետ տարբեր թերապիաների միջոցով՝ խաղաթերապիա, ավազաթերապիա, հեքիաթաթերապիա։ Այս թերապիաների արդյունքում հոգեբանը կարողանում է աշխատել յուրաքանչյուր երեխայի հետ անհատապես։ Կենտրոնում դասապատրաստում իրականացնում են հիմնականում օտար լեզու, հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից։ Ինչպես նշեցի, գործում են նաև արտադասարանական խմբակներ՝ ազգային պար, սպորտ, նկարչություն, ձեռարվեստ։ Երեխաները հաճախում են կենտրոն մինչև 14 տարեկանը, բայց խմբակների հաճախող երեխաների հետ կապը չեն խզում։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

14-ից հետո էլ երեխաները շարունակում են հաճախել պարի, այլ խմբակների։ Հատկապես, ինչպես նաև մենք տեսանք, պարի խմբակում շատ էին տղաները։ Նրանց շատ են սիրում զբաղվել պարով, սպորտով, ու հատկապես, պարապել ու լավ մարզավիճակ ձեռք բերել բանակ գնալուց առաջ։ Կենտրոնի տարբեր սենյակներում նաև աննկատ չէին մնում այլ խմբակների արդյունքները՝ նկարները, կոլաժները, ձեռքով պատրաստված տարբեր իրերն ու զարդարանքները։

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Դե, իսկ մենք ֆիլմեր էինք պատրաստել երեխաների համար։ Դիտեցինք երեխաների իրավունքների մասին կարճ ֆիլմերի ֆիլմաշարը։ Ամեն ֆիլմից հետո քննարկում էինք, թե ինչի մասին էր այն, և երեխաները  շատ արագ ասում էին, թե կոնկրետ որ իրավունքն էր պատկերված ֆիլմում։ Ու միշտ էլ ճիշտ էին կռահում։

Ներկայացրինք նաև «Մանանան», 17․am-ը։ Պատմեցինք, որ «Մանանայում» իրենց հասակակից երեխաներն են գրում, լուսանկարում ու ֆիլմեր նկարում։ Հենց կարճ ֆիլմերն էլ, որոնք իրենք դիտում էին, նկարել էին իրենց հասակակիցները՝ տարբեր տարիների: Մենք երեխաներին նվիրեցինք նաև «Խաբարբզիկի» տարբեր համարներ, որպեսզի կարդան իրենց հասակակիցների նյութերը:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Երեխաների ակտիվությունից ու հետաքրքրված հայացքներից կարող ենք ենթադրել ու անհամբերությամբ սպասել, որ շուտով 17-ցիների շարքերը համալրվելու են նոր թղթակիցներով։

Anush margaryan

Հոգուն վրա հասար

Զնգում է զարթուցիչս… Ես անջատում եմ ձայնը այն ակնկալիքով, որ 5 րոպեից կարթնանամ: Հը՜մ, այսօր էլ մնացի քնած: 40-րդ զգուշացումից հետո տագնապով լի բացում եմ աչքերս, ու սովորության համաձայն, ոտքս հարվածում պահարանին: Գրեթե միշտ աջն է լինում (տատիկս դեռ մանկուց պնդում էր, որ օրը ձախ ոտքով չի կարելի սկսել), հետո նայում ժամացույցին ու հասկանում, որ դպրոց հասնելու համար ընդամենը 20 րոպե ժամանակ ունեմ: Ա՜խ, ինչպե՞ս հասցնեմ:

Բարի լո՜ւյս…

Տանից խելագարի պես դուրս եմ թռչում փողոց, խոստացել եմ, որ էլ չեմ ուշանալու (ինչպես հասկացար` իմ խոստումները ոչնչով չեն տարբերվում նախընտրական խոստումներից): Փողոցում ես եմ, անօթևան կատուն ու կողքի հարևանը, որը ծածկում է նոր տնկած նռնենին: Մտքումս փորձում եմ մի երգ հորինել նռնենու մասին, բայց ոչինչ դուրս չի գալիս, ավելի լավ է շտապել: Ի դեպ, բոլոր այն մարդիկ, ովքեր արժանացել են իմ վեհ կատարումները վայելելու պատվին, աղերսում են, որ էլ երբեք դրանք չկատարեմ:

Բարևում եմ կատվին, ի պատասխան նա մլավում է, չարացած հայացքով նայում ինձ, շրջում գլուխն ու հեռանում… Կներես, գրպանումս ձուկ չունեմ, թե չէ բարևի փոխարեն դա կնվիրեի քեզ:

-Հոգուն վրա հասար,- բացականչում է ընկեր Մարգարյանն ու թույլ տալիս նստել:

Դասարանն էլի կիսատ է, էլի բոլորը պարապմունքներ են ունեցել ու մնացել քնած, դե՜, մարտնչող քննությունների դարաշրջանն է սա, ինչ արած:

Ես նախապատրաստում եմ ականջներս ու նստում ընկերուհուս՝ Արևի կողքին, սկսվում է իսկական կորեական դորամա մարաթոն: Մի ողջ դասաժամ Արևը պատմում է իր անհավանական երազների, Ջուն Կուկի, Բուկաների ու էլ ավելի սարսափելի բաների մասին, կողքից Արփինը գրեթե միշտ ուշացած մեջ է ընկնում ու հարցնում դրանց անտեսանելիության մասին: Հա՜, այս ամենին գումարած` բղավում է նաև Դավիթը՝ մեր դասարանի ամենազայրացկոտ տղան, որ վերջ տանք այդ հիմար զրույցներին: Արևը թաքուն ծիծաղում է, էլի շարունակում ենք:

Հետո զայրանում է ընկեր Մարգարյանը ու պնդում, որ «գայլի գլխին Ավետարան են կարդում, իսկ նա մտածում է սարն անցնող ոչխարների մասին»:

Բոլորս ծիծաղում ենք, ընկեր Մարգարյանն էլ: 60 վայրկյան բոլորս լուռ ենք, լսվում է միայն ժամացույցի թիկ-թակը, հետո էլի շարունակում ենք միալար բզզալ:

Հիմա էլ սկսվում է անգիրների մարաթոնը: Ընկեր Մարգարյանը բացում է պարտացուցակն ու բոլորիս ենթարկում «քրեական պատասխանատվության»:

-Ձայն բարբառո հանապատի,- շշնջում է նա ու մեկ առ մեկ կանչում գրատախտակի մոտ:

-Ուշ-ուշ ենք գալիս, բայց ոչ ուշացած,- սկսում եմ ես:

«Չնայած, լավ էլ ուշացած եմ գալիս»,- մտածում եմ ես ու խորամանկ ժպտում:

Ժպտում է նաև ընկեր Մարգարյանը, նա միշտ, նույնիսկ մի ակնթարթում, հասկանում է ամեն բան…