Էլեն Մանգասարյանի բոլոր հրապարակումները

elen mangasaryan new

Հաջող, Վանաձոր

Երբևէ լսե՞լ եք, որ ասում են՝ վանաձորցի երեխաները արևը քառակուսի են նկարում, որովհետև գրեթե երբեք չեն տեսել։ Ճիշտ են ասում։ Վանաձորում ամառն ունի 2 ամիս, որովհետև օգոստոսին արդեն աշուն է։ Ու չնայած, որ ես աշունն ու իր հետ եկող հետևանքները ( ցուրտ, մշուշ, ամպ, թախիծ անհուն, տխրանք հեզ) չեմ սիրում, էս օգոստոսին սկսեցի նորից սիրել Վանաձորը։ Ու օգոստոսներն ինձ միշտ ստիպում են սիրել Վանաձորը, էս մռայլ, բայց ջերմ քաղաքը։

Երբ ինձ հարցնում են, թե ինչին կամ ում եմ շնորհակալ, պատասխանում եմ` ծնողներիս ու Վանաձորին։ Այդ քաղաքը, ինչպես ծնողներս, իմ կայացման, բնավորության մեջ մեծ հետք է թողել։ Մենք մեծացել ենք իրար հետ, հասունացել, հազար կարծիք ու մտածելակերպ փոխել։ Ու ժամանակի ընթացքում փոխվել է նաև իմ վերաբերմունքը Վանաձորի հանդեպ։ Սկզբում չէի սիրում, չէի ընդունում, հետո, ինչպես միշտ է լինում սենց դեպքերում, երբ սկսեցի ավելի լավ հասկանալ իրեն, սիրեցի էդ քաղաքը՝ անվերջ ու միշտ։ Երևի դեռահասական ծայրահեղությունների շրջանն էր պատճառը, որ հնարավորինս վանում էի քեզ ինձնից ու ինձ փակ պահում։ Բայց հետո դու ինձ սովորեցրիր սիրել ընկերներիս, ընկերներս էլ սովորեցրին սիրել քեզ։ Նրանք չլինեին, ես երևի էդպես ծայրահեղ դեռահաս էլ կմնայի։

Մենք իրար հետ հեղափոխություն արեցինք՝ իմ ներսում, քո ներսում, մեր կառավարության մեջ։ Երկուսս էլ ներամփոփ էինք, «անձրևոտ», չշփվող, մի փոքր երկչոտ (գիտական֊գրական տերմիններով ասում են «ինտրովերտ» ), իսկ հիմա… Հիմա ամեն ինչ ուրիշ է։ Երկուսս էլ ավելի համարձակ ենք, «արևոտ», պատրաստակամ ավելի նորն ու լավը ընդունելուն։ Ցավոք, ես հիմա պետք է տեղափոխվեմ էն քաղաք, ուր միշտ ուզել եմ քեզնից փախչել (հիմա չեմ ուզում)։ Բայց ուրախ եմ, որ քեզ լքում եմ էս դրական ու բարի նոտայի վրա։

Հաջող, Վանաձոր։ Հուսով եմ՝ էն ծանոթ֊բարեկամներից չենք լինի, որ իրար տեսնելիս ասում են՝ ես քեզ չհիշեմ, դու ինձ չես հիշի։ Հուսով եմ՝ ամեն անգամ գրկաբաց կդիմավորենք իրար ու շատ ջերմ հաջող կանենք՝ նորից տեսնվելու ակնկալիքով։

Կարոտելու եմ ես քեզ ու բոլորին, բայց ինչ արած, մնաս բարով։

«Առաջին անգամ ընտրող» ծրագիրը Վանաձորի 11-րդ ավագ դպրոցում

Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում դեկտեմբերի 3-5-ը տեղի ունեցավ «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը: Այն իրականացնում է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը և ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն էր երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Առաջին օրվա ընթացքում դպրոցի «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի Նաիրա Բարիկյանը մի քանի աշակերտների հետ բաժանեց ուղեցույց-գրքույկներ տարբեր դասարաններում, իրազեկեց աշակերտներին գալիք ընտրությունների, դրանց ընթացակարգի և որպես իրավագիտակից և պատասխանատու քաղաքացի դրսևորվելու կարևորության մասին: Թեկնածուները մշակեցին իրենց ծրագրերը, ընտրեցին վստահված անձանց: Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 4-ը, պատասխանատու և որոշիչ օր էր թեկնածուների համար, քանի որ նրանք պետք է անցկացնեին քարոզարշավ և ընտրողներին ներկայացնեին իրենց ծրագրերը: Նրանք դպրոցի պատերին փակցրին իրենց ծրագրերը, անցան դասարաններով, խոսեցին իրենց կողմից բարձրացված հարցերի և դրանց տրված լուծումների մասին, պատասխանեցին առաջացած հարցերին: Քարոզարշավից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիսը, որի ընթացքում թեկնածուներն արդեն ավելի մանրամասն ներկայացրին իրենց ծրագրերը, ինչին հետևեց բուռն հարց-պատասխանի շրջանը: Լրագրողները և հետաքրքրված ընտրողներն ուղղում էին ամենատարբեր բովանդակություն ունեցող հարցեր՝ սկսած աշակերտ-ուսուցիչ հարաբերություններից, վերջացրած ՀՀ բյուջեին վերաբերող հարցերով: Հարցերը նաև տեղիք տվեցին հետաքրքիր ու սուր բանավեճերի և քննարկումների թեկնածուների միջև: Երրորդ և ամենասպասված օրվա ընթացքում աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը, հանձնաժողովի անդամները հաշվեցին ձայներն ու հայտարարեցին հաղթողին, որը 2019թ.-ի փետրվարին հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաների հետ: 

Ծրագիրը հնարավորություն տվեց դեռահասներին զարգացնելու միմյանց լսելու կարողությունը, խոսքի հմտությունը, հասկանալ, որ իրենց ձայնը կարևոր է, որ իրենք են այս երկրի ներկան և իրենք կարող են փոփոխություններ անել՝ անգամ ընտրություններին մասնակցելով և գիտակցված քվեարկելով: Աշխարհում ամենալավ զգացողություններից է, երբ քո ձայնն ու կարծիքը լսում են։ Կարծում եմ՝ նման ծրագրերը դպրոցում այսօր անհրաժեշտ են, քանի որ նրանք հնարավորություն են տալիս զգալ այդ ամենը, նախապատրաստվել հաջորդ ընտրություններին:

elen mangasaryan

Երբ կասկածներն են ձեր դուռը թակում

Գարունը վերջապես եկավ: Եվ իմ տրամադրությունը փոխվում է այնքան հաճախ, ինչքան եղանակը՝ գարնանը: Այն կարող է լինել և՛ արևային, և՛ անձրևային միաժամանակ: Այդ պահին հոգնածությունս և հուսահատությունս փորձում եմ ծածկել վերմակով, և հանկարծ կասկածներս թակում են սենյակիս դուռը, առանց հրավերի սպասելու` միանգամից բացում այն, մտնում ներս և տեղավորվում կողքիս:

Սկսում եմ մտածել ամեն հնարավոր և անհնարին բաների մասին, որոնք, միգուցե, կլինեն ապագայում: Անընդհատ մտահոգություններ ու վախեր են առաջանում ընտրածս մասնագիտության, իմ կարողությունների և ապագայի վերաբերյալ: Սարսափելի են նաև այն մտքերը, որոնք դրդում են մտածել, որ ինձ շրջապատող բոլոր մարդիկ կեղծ են և ժամանակավոր: Սակայն այդ պահին գորշ ներկված ամպերի տակից արևն իր լուսավոր շողերն է անցկացնում պատուհանիս միջով և գցում աչքերիս վրա՝ ծակծկելով դրանք։ Եվ այդ անսպասելի ծակծկոցները կարծես ուզում են հիշեցնել, որ դրսում գարուն է, կյանքը վերակենդանացնող և հուսադրող գարուն:

Կարծես պատահաբար հիշում եմ այն վաղուց հետին պլան մղված փաստը, որ ես ընդամենը 16 տարեկան եմ, և սա ինքն իրեն փնտրելու, փոխելու և ուղղակի ապրելու տարիքն է: Գնում եմ դռան մոտ, բացում այն և սաստող հայացքով նայում իրենց ինչպես տանը զգացող կասկածներիս և դուրս հրավիրում նրանց: Դե, ուրիշ անելու բան չունեն, գլխիկոր հեռանում են: Մոտենում եմ պատուհանին և շնորհակալություն հայտնում ծաղկող գարնանն ու ջերմացնող արևին ինձ հիշեցնելու համար, որ անմիտ ու տանջող կասկածների դիմաց դուռն ամենաուժեղը պետք է «շրխկացնել» և այդ պահին չմտածել քաղաքավարության կանոնների մասին։