Julieta Tamrazyan

Իմ ընկերոջը

Պատմությունը՝ կարճ, ջերմությունը՝ մեծ։

Հուսով եմ՝ այնտեղ երազանքներդ կկատարվեն։

Դու չդարձար իմ սիրո պատմության հերոսը։ Առանց իմանալու իմ կյանքի սցենարը՝ ստեղծեցիր քոնը իմ ֆիլմի մեջ։ Ստեղծեցիր պատմության նոր գլուխ՝ չիմանալով դրա մասին։ Դու ստեղծեցիր այն, երբ մենք անցյալ տարի էլ իրար կողքի նստեցինք։ Չեմ կարողանում չհիշել իմ ու քո դժգոհ դեմքերը, երբ իմացանք այդ նորության մասին։ Չեմ մոռանա նաև մեր ծիծաղը երկու րոպե հետո։ Չեմ մոռանա քո հորինած երգերը, «շեդեվրները»։ Հիմա ոչ մեկն էլ չի նկարի սեղանների վրա։ Ես էլ ոչ մեկին չեմ ստիպի մաքրել այդ նկարները։

-Մի երկու րոպեից մաքրի, թող մի քիչ էլ հիանամ էս նկարով,- ես կասեի ինքս ինձ ամեն անգամ նկարը վերացնելուց առաջ։

Հուսով եմ՝ կարողացար մարդկանց դեմքեր նկարել։ Նայիր աստղերին և երևակայիր, էդպես ավելի հեշտ է։ Օհ, դու չե՞ս սիրում էդպես ռոմանտիկ բաներ։ Մոռացել էի։

Պիտի պահեի քո բոլոր նկարած նկարները։

Այն օրը մեր հին տեղը եկա։ Ամեն ինչ մաքրել էին։

Քո ձեռագիրը անգիր եմ արել։ Տարբերվող էր մնացածներից։

Մի քանի գրություն կար մնացած։ Ամենատպավորիչը “i don’t know“ արտահայտությունն էր։ Վերջապես ասացի՞ր։ Երբեք չես ասել՝ չգիտեմ։ Կասեիր ամեն բան, մենակ թե այդ բառը չասեիր։ Շնորհակալ եմ, որ ուրախացնում էիր ամեն պահի, ամեն ակնթարթի։ Հիմա չկա իմ կողքին մեկը, ում հետ ժամերով կխոսեմ ամենաանիմաստ, բայց մեր շնորհիվ ամենահետաքրքիր թեմայից։ Շատ ես սիրում անգլերենը։ Վստահ եմ՝ հիմա էլ ես այդ լեզուն սիրում։ Լավ է, որ քո գնացած վայրում բոլորը անգլերեն են խոսում։

Բացի՛ր դուռը։ Ասա ամենահիմար բանը, որ ասել ես քո կյանքում։ Ես քեզ վերջապես կասեմ, որ դու ամենալավ ընկերն ես։ Ու ես կպահեմ քո յուրաքանչյուր բառը, որ արտաբերեցիր ինձ համար։ Ես կերգեմ քեզ հետ, չնայած երբեք այդպես չեմ արել։ Մենք կխոսենք ժամերով իրար հետ, կծիծաղենք։ Դու ինձ հրաժեշտ չտվեցիր։ Գոնե մի օր պարգևիր ինձ հրաժեշտ տալու համար։

Երևի ես կգրեմ իմ նոր սցենարը, պատմության նոր գլուխը։ Բայց գլխավոր հերոսը, մեկ է՝ դու ես։ Նոր սցենարում քո դերը երկրորդական դարձնելը անհնար է։

Data -driven storytelling about human rights, Բեռլին, օր 4

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Ձեզ հետ երբևէ պատահե՞լ է, որ իրականություն կոչվող երազում եք եղել, որ կարծել եք, թե պատահող ամեն բան շուտով կվերջանա, ու զարթուցիչի ձանձրալի ձայնից վեր կթռչեք, որ ամեն բան կրկին նույնը կլինի, բայց հասկացել եք, որ նմանօրինակ երանությունն այս անգամ իրական է: Ես, օրինակ, արդեն չորրորդ օրն է, ինչ նման երազներ եմ տեսնում ու արթնանալու ցանկություն, բնավ, չունեմ:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Չորրորդ օրն է Բեռլինում, և այսօր մենք հետաքրքիր օր ունեցանք: Անգլիայից եկած մի լրագրող` պարոն Բաշիրը, մեզ հետ կիսվեց իր գիտելիքներով, աշխատանքային փորձով ու լրագրողական հմտություններով: Նա կարևորեց տվյալների հավաստիությունը ցանկացած նյութ, հոդված գրելիս, նշեց պարտադիր չորս բաղադրիչ, որ մեր հոդվածը պետք է պարունակի՝ անձ, որի մասին պետք է խոսվի, իրադարձություն, որի շուրջ պետք է նյութը ծավալվի, տեղ, թե որտեղ է պատահել դեպքը, և առարկան հիմնական, որի մասին խոսվում է: Նշեմ նաև, որ նա խոսեց այն մասին, թե որքան հեշտ է մարդու մասին ինֆորմացիա ստանալ սոցիալական կայքերից, պարզել, թե նա հիմա որտեղ է, ինչ աշխատանք ունի, ինչով է զբաղված:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Մարդիկ գրեթե ամբողջությամբ իրենց կյանքը հանձնում են սոցիալական կայքերին ու ի ցույց դնում հանրությանը:

Սեմինարն ընդհանուր առմամբ հետաքրքիր էր, ու բոլորս ներգրավվել էինք քննարկման մեջ, ու ինձ համար շատ հետաքրքիր էր լսել մյուսների կարծիքներն առհասարակ սոցկայքերի, տեղեկատվության հասանելիության ու լրագրության մասին:  Բոլորն էլ հիմնականում սոցիալական կայքերից մշտական օգտվողներ են ու նշեցին, որ առանց դրա դժվար են պատկերացնում իրենց կյանքը:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Ինչքան էլ հետաքրքիր ու հագեցած լինեն սեմինարները, ինձ համար ամենից շատ տպավորվում են մեր հինգի՝ միասին անցկացրած պահերն ու արկածները, կատակներն ու զբոսանքները: Ժամը վեցից մենք արդեն ազատ ենք լինում, և վայելում ենք Բեռլինն իր ամբողջ գեղեցկությամբ: Ասեմ նաև, որ Նելլին  ծննդյան տոնի էր հրավիրված Բեռլինում: Տեսնում եք, չէ՞, անգամ Բեռլինում մարդը ընկեր-բարեկամներ ունի, ու իրեն ծնունդի են հրավիրում: Դե, նրան մենք ուղարկեցինք ծնունդ, իսկ մենք գնացինք զբոսնելու:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

 

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Շատ լավ օր ունեցանք, ու առհասարակ, բավական հագեցած ու հաճելի պահեր ենք ապրում այստեղ, ու անասելի շատ բան ունեմ ասելու, գրել-կիսվելու. Այնքան բան տեսա, այնքան տարբեր մտածակերպեր, բայց մեկ նյութում չեմ ուզում խոսել այդ ամենի մասին: Առանձին նյութերով կներկայացնեմ մշակութային տարբերությունները, տարբեր ազգության իմ հասակակիցների կյանքի ընկալումները: Հենց մի քանի րոպե ազատ ժամանակ եմ ունենում, մի իտալացի կամ շվեդ մասնակցի եմ մոտենում, հարցեր տալիս, մտքումս մի քանի րոպե վերլուծում, որ հետո ձեզ հետ էլ կիսվեմ:

arxiv

Առաջին անգամ խոհարար

Խոհանոցում աղմուկ-աղաղակ էի բարձրացրել: Այդ ժամանակ 6 տարեկան էի:

-Ի՞նչ ես անում,- հարցրեց մայրս:

-Պղինձ եմ ման գալիս:

-Ինչի՞դ է պետք պղինձը:

-Երեխայիս համար ճաշ եմ պատրաստում:

-Ի՞նչ երեխա:

-Աննան: Էն արջուկը, որ պապաս նվիրեց:

-Ի՞նչ ճաշ ես պատրաստելու:

-Համով վերմիշելով ճաշ: Մա՛մ, կանաչին սառնարանո՞ւմ է:

-Հա:

-Իսկ վերմիշելն է՞լ է սառնարանում:

-Հա:

-Մա՛մ, կգա՞ս:

-Ասա:

-Ջուրն ինչքա՞ն լցնեմ:

-Առայժմ մի բաժակ:

-Մի բաժա՞կ:

-Հա,- ասաց նա:

-Բայց քիչ չի՞:

-Չէ: Լավ է:

Քիչ հետո մայրիկն ասաց.

-Զա՛ռ, մեկ է, արջդ այդ ճաշը չի ուտելու: Ավելի լավ է՝ շատ պատրաստի, որ պապան էլ գա, միասին ուտենք:

-Բայց չեմ կարող:

-Ես քեզ կօգնեմ: Դու կանաչին կտրատիր, ես վերմիշելը հանեմ:

-Ո՞նց կտրատեմ:

-Ոնց հարմար է… Հետո էլ ես կարտոֆիլը կմաքրեմ, դու կկտրատես, լա՞վ,- հարցրեց մայրս:

-Հա, մա՛մ:

Մի կերպ կատոֆիլը կտրատեցի, կանաչին: Արդեն ժամը 6-ն է` հայրիկիս գալու ժամանակը:

-Արի՛, պա՛պ: Ճաշը լցնում եմ,- ձայն տվեցի ես:

Հայրս եկավ: Վառածի հոտ էր գալիս: Այնքան էր եռացել, որ թափվել էր գազի վրա: Մի խոսքով, նստեցինք սեղան ու փորձեցինք ուտել իմ եփած ճաշը, որը կարելի էր չհաշվել որպես ճաշ: Բայց կերանք, որովհետև ուրիշ ճաշ չկար պատրաստած: Ճիշտ է, վառված էր, բայց հայրիկին դուր եկավ: Չգիտեմ, չասաց, որ համեղ չի, որպեսզի չնեղանամ: Չգիտեմ:

Զարուհի Ղուկասյան

13տ., 2003թ.

anush davtyan

Գոռը

Գոռին վերջին անգամ երևի մոտ ինը տարի առաջ էի տեսել։ Ես իրեն հիշում էի էն տեսքով, որ դեռ մի գլուխ կարճ էր ինձնից (դե, երկու տարվա տարբերությունը մեծ բան է փոքր տարիքում), շա՜տ նիհար էր, ոնց որ ասում են՝ «ճլեզ», ու մեր մանկությունից հիշում եմ մենակ էն պահերը, երբ իրար հետ կախվում էինք իրենց տան պտտաձողից («տուռնիկ»՝ այլ կերպ ասած)։ Մամայիս պատմածներից գիտեմ, որ ահավոր, անտանելի ու անհնարին չար երեխա է եղել։ Չար ասելով՝ հասկանում ենք չարաճճի։ Շատ ակտիվ էր ու երևի դրանով բոլորի զահլան տանում էր։

Դե, անցան տարիներ, ու վերջապես նորից տեսանք իրար «համաբարեկամական» հավաքներից մեկին։ Գոռը տատիկիս եղբոր տղայի տղան է։ Գոռը մեր «ախպերն ա»։ Ու հիմա էդ առաջվա փոքր-մոքր տղան արդեն անցել է ինձ մոտ մի գլխի չափով, էնքան թափ է հավաքել, որ մտածում ես՝ ցանկացած կռվից հաղթող դուրս կգա։ Ու էդ շատ էլ բնական է, որովհետև ինքը Ռուսաստանում մի քանի տարի ապրած և ֆանտաստիկ հաջողությունների հասած մարզիկ է։ Ուշադրություն՝ ընդամենը 17 տարեկան։ Չգիտեմ՝ ում համար ոնց, բայց ես իրոք մտածում եմ, որ իր հաջողությունները ֆանտաստիկ են։ Հիմա թե էդ ձողի վրա երկու պտույտ ավել կանի, թե պակաս, ցած թռչելուց ուղիղ կկանգնի գետնին, թե չէ, իր կատարած ծանր աշխատանքը ոչ մի բանը չի փոխի (մեդալներն էլ չեն տանի)։

Կարճ ասած՝ քույր-եղբայր վերամիավորումը շատ լավ անցավ։ Էնքան լավ, որ որոշեցինք իրենց մեքենան քշել, տանել բակից, քանի բանալին ձեռքներս էր ընկել։ Ուղղակի ես հաշվի չէի առել մի բան․ Գոռը երկրորդ անգամ էր ղեկին նստում։ Ու էդ պարզ պատճառով մեզ շատ արագ բռնացրին ու հետ կանչեցին տուն։

Դրանից հետո ու առաջ էլի ինչ ասես չեղավ, ինչ ասես չարեցինք։ Կես օրը, իհարկե, անասելի քիչ է, որ հասցնես ինը տարվա դեպքեր պատմել, մանավանդ եթե զրուցակիցդ պատմելու բան ունի։ Իսկ Գոռը անցյալ ունեցող մարդ է ինձ համար, որովհետև շատ պատմելու բան ունի։ Ես էլ շատ ասելիք ունեմ։ Ռուսաստանի առաջացրած բացը պետք է լրացնել։

anna  andreasyan

Ժպտացե՛ք, դա ձեզ ավելի է գեղեցկացնում

Ինչպես ինքս եմ նկատել՝ իմ հոդվածները հիմնականում խմբավորվում են երկու կատեգորիայի՝ փիլիսոփայություն և բողոք ու քննադատություն։ Հիմա արդեն ինչքան ժամանակ է՝ երկրորդ տեսակից ոչինչ չեմ գրել, ինչի արդյունքը բողոքի և դժգոհության կուտակումն է ներսումս։ Այսօրվա բողոքիս թեման Հայաստանում մարդկանց՝ չափից ավելի «մուննաթ» լինելու մասին է։

Հայաստանում ինչքան խանութ, օֆիս, օդանավակայան, բանկ, մի խոսքով՝ սպասարկման ոլորտի հետ առնչվող յուրաքանչյուր տեղ մտելիս միշտ հանդիպել եմ, մեղմ ասած, ոչ այնքան բարեհամբույր վերաբերմունքի։ Հասարակ և ամենօրյա իրավիճակ․ մտնում ես խանութ ու հանկարծ մի հարց ես ուզում տալ ինչ-որ ապրանքի վերաբերյալ, այնպիսի «մուննաթ» դեմքով պատասխան ես ստանում, որ որոշում ես էլ երբեք այդ խանութում որևէ հարց չտալ։ Կամ լավագույն օրինակը, որ միշտ հիշում եմ, օդանավակայանն է, երբ մոտ 5 տարի առաջ երկրից դուրս էի գնում և առաջին անգամ պետք է օդանավ նստեի, բնականաբար, այնքան էլ լավ չգիտեի՝ որտեղ պետք է կանգնեմ, ինչ վերցնեմ հետս և այլն, հասկացաք՝ ինչ նկատի ունեմ։ Դե, բնականաբար, սպասում էի, որ աշխատակիցները կօգնեն և ուղղություն ցույց կտան, բայց բացի «մուննաթ» դեմքի արտահայտությունից ու զարմանքից՝ ուրիշ ոչինչ չստացա։

Հիմա այս օրինակները բերեցի այն բանի համար, որ դժգոհությունս ավելի հասկանալի լինի սպասարկան ոլորտի աշխատակիցների ոչ այնքան բարեհամբույր ու օգնելու պատրաստակամ չլինելու մասին։ Եթե մեկը ինչ-որ բան չգիտի, դա լրիվ նորմալ երևույթ է, և կարելի է ավելի ըմբռնումով մոտենալ։ Սա էլ այն պատճառներից մեկն է, որ մարդիկ Հայաստանում մի տեսակ վախեցած են հարց տալուց։

Ասեմ, էլի կասեք՝ ասաց, բայց օրինակ՝ Ամերիկայում ինձ հիացնում էր մարդկանց այդչափ բարեհամբույր լինելը։ Յուրաքանչյուր տեղ հանգիստ կարող էիր տվյալ ոլորտի վերաբերյալ հարց տալ կամ օգնություն խնդրել, և ժպիտը դեմքին՝ մեկը միշտ շատ քաղաքավարի կօգներ քեզ։ Հա, հա, հենց այն ժպիտը, որ մեր՝ հայերիս մոտ մի տեսակ ծիծաղ է առաջացնում ու կասկածներ դիմացինի՝ հոգեկան հավասարակշռության վերաբերյալ։

Եզրափակելով այսօրվա բողոքիս ալիքը՝ ուզում եմ նշել, որ չեմ ակնկալում փողոցում հանդիպած յուրաքանչյուր մարդ ժպտա կամ բարեհամբույր լինի, բայց եթե ինչ-որ տեղ աշխատում եք, որը ենթադրում է մարդկանց հետ շփում, խնդրում եմ, եթե ոչ ձեր իսկ ցանկությունից մղված, ապա ձեր աշխատանքային պարտականությունները հաշվի առնելով՝ մի քիչ ավելի բարեհամբույր եղեք։

Հ․Գ․ Ու հա, մեկ-մեկ էլ ժպտացե՛ք, դա ձեզ ավելի է գեղեցկացնում։

milena barseghyan

Անշունչները

-Ես հաշտեցրի աղջկան և տղային․ ամեն օր սիրուն ծաղկամանում եմ, ոտքս ոտքիս գցած, սպասում եմ, որ աղջիկը մոտենա ու բույրս զգա։

-Ես թռա ու հայտնվեցի հարսնաքրոջ ձեռքում․ բախտ դարձա, որ պիտի բացվեր։

-Ես գնացի հոգեհանգստի․ լսեցի՝ ինչպես են աշխարհից զզվող մարդիկ լաց լինում աշխարհից հեռացած մեկի համար։

-Ես հայտնվեցի եկեղեցու խորանին, ինձ ընծայեցին Աստվածամորը․ թվում է՝ թառամելուց հետո ուր էլ հայտնվեմ, մեկ է, կմնամ անթառամ։

-Ես վեցամյա մատիկներով գրկվեցի և երկա՜ր ձգվեցի դեպի բարձրահասակ ուսուցչուհին. օրվա սև ու սպիտակի մեջ ես շա՜տ գունավոր էի։

-Ես մնացի իմ հողում ու ապրեցի ուզածիս չափ․ արևն իրենով ողողեց ինձ ամե՛ն օր։

-Ես կոխոտվեցի։

-Ես հատիկ-հատիկ պոկվեցի, մեկիկ-մեկիկ ցավացի. մարդն ի՞նչ է, որ հասկանա՝ ես չեմ որոշում՝ սիրում է, թե չէ։

-Ես լեռների վրա էի․ քամու հետ մտերիմ ու քաղաքից վերացած։

-Ես քամվում եմ մեղուների կողմից․ խեղճերը մարդկանց կծելը թողած՝ մեղր են սարքում նույն մարդկանց համար։

-Ես մնացի ծաղկավաճառի դույլի մեջ այնքան, մինչև թառամեցի ու անպիտան դարձա գնորդների համար․ ես վաճառվեմ` ինձ չգնե՞ն:

Data-driven Storytelling about Human Rights, Բեռլին.օր 3

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Ուրեմն, նախորդ օրը Հովնանի ճամփորդական օրագրի մեջ գրել էինք, որ կյանքում ամենահավես բանը ճամփորդելն է, ու անուններս էինք գրել տակը: Այսօր քայլում ենք Բեռլինի պատի մոտով, ու ես մտածում եմ` դա աշխարհի ամենալավ բանն է, որ կարող էր գալ մտքիս: Պատկերացրեք, որ խելացի բաներ եմ գրում տարածության ու հեռավորության մասին, որ իրականում դրանք միայն բառեր են և ոչինչի վրա չեն կարող ազդել կամ ինչ-որ բան փոխել: Բայց հավատացեք, խնդիրներից, մտքերից, հանգամանքներից կամ ինքներդ ձեզանից փախչելու համար ուղղակի պետք է վերցնեք ձեզ ու գնաք հեռու, շատ հեռու:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լավ, հիմա ավելի պարզ բաների մասին խոսեմ: Մենք արդեն երրորդ օրն է, ինչ մասնակցում ենք «Տվյալների վրա հիմնված պատմություններ մարդու իրավունքների մասին» դասընթացին: Այսօր լրագրության դասընթացն էր, որի ժամանակ տեսականորեն սովորեցինք կամ ուղղակի վերհիշեցինք ինչպես հարցազրույց անել: Պրակտիկայում դա պետք է կիրառենք մոտ օրերս` մեր խմբի թեմայի շուրջ աշխատելիս: Ես, Նելլին, Մարիանան, Իդան և Շպիրոն աշխատում ենք «Փախստականների (միգրանտների) երեխաների ինտեգրման խնդիրները» թեմայի շուրջ:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Այնպես ստացվեց, որ Նելլին ծանոթ հայ ընտանիք ունի Բեռլինում, կարող ենք և հարցազրույց վերցնել, և նրանց երեխայի ինտեգրման խնդիրների մասին խոսել` բինգո: Բացի այդ, պետք է դրսում հարցումներ անցկացնենք վիճակագրական տվյալներ հավաքելու համար: Հետո քարտեզի վրա նայում էինք, թե աշխարհի տարբեր երկրներում մամուլի և խոսքի ազատության ինչ խնդիրներ կան: Մենք էլ հպարտ-հպարտ պատմեցինք, որ մեր երկրի մասին գրված տվյալները թարմացված չեն, և մայիս ամսից հետո շատ բան է փոխվել Հայաստանում (կարծում եմ, դուք հասկանում եք` ինչ նկատի ունեմ):

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Շուշանը արդեն հայոց հողը, հայոց միրգն ու միտքն է կարոտել, Նելլին որոշել է գալ Բեռլինում ծերանալ, քանի որ այստեղ տատիկ-պապիկները հեծանիվով են շրջում, Հովնանը գուրու է` Բեռլինը տասը մատի պես գիտի (արդեն մեկ անգամ եղել է այստեղ), Աշոտը մի ուսից ժապավենային խցիկ է կախել, մյուսից` թվային, ու կարծում եմ, շատ անգամ շփոթում է դրանք լուսանկարելուց, իսկ ես, ինչպես ասացի, Բեռլինի պատի մոտ եմ ու մտածում եմ` ինչ հանճարեղ բան էինք գրել երեկ Հոնի ճամփորդական օրագրի մեջ:

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը` Աշոտ Հարությունյանի

Ի դեպ, ես այսօր ֆոտոխցիկ չեմ վերցրել հետս, այնպես է ստացվել, որ ինչ-որ բան եմ տեսնում, որից թույն ֆոտո կարող էր ստացվել, բայց ուղղակի կանգնում և նայում եմ դրան, չգիտեմ ինչու է այդպես:

Data-driven Storytelling about Human Rights, Բեռլին.օր 2

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Հիշում եք, չէ՞, Բեռլինում ենք, «Տվյալների վրա հիմնված պատմություններ մարդու իրավունքների մասին» դասընթացներին: Ես, օրինակ, առավոտյան չէի հիշում ու երբ արթնացա, մի քանի րոպե պահանջվեց, որ հասկանամ, թե ինչի են մեր տանը երկհարկանի մահճակալներ, ու ովքեր են էս մարդիկ:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Այսօր այցելեցինք Erlebnis Europa ցուցահանդեսին: Տեխնոլոգիաներով հագեցած այդ կենտրոնը հնարավորություն է տալիս  ծանոթանալ եվրոպական քաղաքականությանը, դեմքերին ու դեպքերին: Իհարկե, շատ անուններ դժվար էր մտապահել, բայց հենց դրա համար քվիզների ու խաղերի միջոցով էին դրանք ներկայացվում, ինչը գրավում ու հետաքրքիր էր դարձնում սովորելու պրոցեսը:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված կենտրոնում ամեն ինչի մասին կարող ես տեղեկություններ ստանալ 24 տարբեր լեզուներով: Էնտեղ կարող ես նստել 360° կինոթատրոնում և քեզ զգալ Եվրախորհրդարանի լիագումար նիստին: Կարող ես նաև մասնակցել դերային խաղի, որի ընթացքում դու Եվրախորհրդարանի անդամ ես:

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Վերջում փոքրիկ հարց ու պատասխանի միջոցով ամփոփեցինք մեր սովորածը: Շատ կուզենայի, որ նման կրթական մեթոդները Հայաստանում նույնպես կիրառվեին: Այդ դեպքում թե սովորելու ընթացքը հաճելի կլինի, թե  գիտելիքը հեշտությամբ կմտապահվի:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

 

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Իհարկե էստեղ մենք բոլոր ազատ ժամերը զբաղեցնում ենք մեր կոշիկներին պատիվ անելու մաշվել Բեռլինի փողոցներում: Միայն թե էստեղ քայլելիս տարվա բոլոր եղանակների միջով անցնում ես. անձրև, հետո արև, հետո քամոտ… Ամեն ինչ միանգամից է լինում:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Օրվա կեսին վերադարձանք մեր «Ուրախ հյուրատուն»: Մի քիչ ծանոթության խաղեր խաղացինք և սկսեցինք խմբերի բաժանվել:

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Լուսանկարը՝ Աշոտ Հարությունյանի

Ամեն խմբում պետք է լինի ֆոտոների, վիդեոյի, ձայնի, տվյալների մշակման և տեքստի համար պատասխանատու: Հիմնական թեման միգրանտների ինտեգրումն է, իսկ վաղը կհասկանանք, թե ամեն խումբ ինչ պատմության վրա է աշխատելու:

mariam tonoyan

Երիտասարդ բիզնեսմենը

Աշխարհում բիզնես գաղափարները միլիոնավոր են, որոնցից, սակայն, ոչ բոլորն են հաջողության հասնում և շահույթ ապահովում: Ոչնչից հաջողակ բիզնեսի հասնելը բավականին բարդ է, բայց ամեն բան կախված է նպատակասլացությունից, երևակայությունից և աշխատանքից: Ահա այս հատկանիշներն ունի 16-ամյա Սերյոժա Կոտոլկյանը, որն արդեն մեկ տարի սեփական բիզնեսն է հիմնել. կախասնկեր է աճեցնում:

kaxasunk 1

-Կախասնկեր աճեցնելու միտքն առաջացավ մի քանի տարի առաջ, երբ ուզում էի ազատ ժամանակս անցկացնելու այնպիսի զբաղմունք գտնել, որի շնորհիվ հնարավոր կլիներ նաև գումար վաստակել: Կարևոր չէր, թե ինչ բիզնես, պարզապես սկիզբ էր պետք,- ասում է նա:

Յուրաքանչյուր բիզնես էլ մինչև հաջողության հասնելը շատ խոչընդոտների է հանդիպում: Սերյոժան պատմում է, որ սկզբում ոչ ոք լուրջ չէր ընդունում իր գաղափարը, բայց Սերյոժայի խոսքը շուտով գործի է վերածվում։

-Շատերը չէին հավատում, որ կարող եմ անել դա, իսկ դժվարություններն իսկապես շատ էին. սնկերը միանգամից չաճեցին, ստիպված եղա ամեն մանրուք առանձին ուսումնասիրել, համապատասխան պայմաններ ստեղծել, մինչև արդյունքի հասա: Չնայած այդ բոլոր դժվարություններին, ինձ միշտ աջակցել են ծնողներս, ընկերներս ու հարազատներս:

Իրենց նկուղում սեփական բիզնեսը Սերյոժան հիմնել է 30.000 դրամով: Սնկեր աճեցնելու տեխնոլոգիային ծանոթացել է ինքնուրույն՝ համացանցից տեղեկություններ հավաքելով, վիդեոհոլովակներ դիտելով և համապատասխան գրականություն ընթերցելով: Բիզնես կառավարման և մարքեթինգային տարբեր հնարքների մասին երիտասարդ բիզնեսմենը սովորել է հատուկ դասընթացների ժամանակ:

kaxasunk_n

-Սկզբում կախասնկերի աճեցման համար հատկացրել էի 4 քառակուսի մետր տարածք, բայց այժմ այն 5 անգամ ընդարձակել եմ,- պատմում է Սերյոժան,- սնկերը ցանում եմ ծղոտով լցված պարկերի մեջ և ամեն օր որոշակի ժամանակ եմ տրամադրում դրանց խնամքի համար: Չնայած առաջին բերքն ամենաառատն է լինում, այնուամենայնիվ, որպեսզի սնկերը լավ աճեն, պետք է դրանց հետ շփվել, հաճախ երաժշտություն միացնել, որը նույնպես կնպաստի դրանց աճին:

Սերյոժայի նպատակներն այսպիսով չեն սահմանափակվում: Նա նախատեսել է մոտ ապագայում նաև շամպինիոն տեսակի սունկ աճեցնել, այժմյան տարածքը էլ ավելի ընդարձակել և ստացված բերքն իրացնել ոչ միայն անհատ գնորդների շրջանում, այլև սուպերմարկետներում: