marina soloyan

Ինքնաճանաչում

Մեր մեքենան հանգիստ ընթանում էր Տավուշի ճանապարհներով: Ճանապարհներ, որտեղ ծառերի, բնության կարոտ մարդը որքան էլ նայի, չի կշտանա, թեև մեր Լոռին էլ պակաս գեղեցիկ չէ… Մարզ, որտեղ կա իրեն միշտ հատուկ զով եղանակ, որտեղ արևի շողերը երբեմն սպրդում են ծառերի արանքից:

Մարդը անընդհատ փորձում է ինքն իրեն ճանաչել, ես՝ նույնպես, և հաճախ եմ ճանապարհներ անցնում ինքս ինձ հետ: Ինքնաճանաչվելու համար պետք է ճանապարհ անցնես, մի որոշ ժամանակ մնաս ինքդ քեզ հետ, զգաս, հասկանաս, թե դու ինչի ես ընդունակ: Եղանակը մռայլ էր, ու արևին շարունակ խնդրում էի, աղոթում էի, որ հայտնվի: Անտառում կարծում էինք, թե մենակ ենք, ծառերը կորել էին մառախուղի մեջ, կարծես ոչ թե օգոստոսյան եղանակ էր, այլ աշնանային։ Ճանապարհը ձգվում էր երկար, հեռվում մեզ Լաստիվերն էր սպասում։ Որքան քայլում էի առաջ, այնքան լիցքավորվում էի հայաստանյան չքնաղ բնության շնչով, նրա տվածով։ Իսկ ի՞նչ էր տալիս նա ինձ, նրա շունչը։ Շշնջում էր, թե երկիր սիրելը որքան կարևոր է, մի՞թե ինքնաճանաչման ճանապարհներից մեկը քո երկրի ճանապարհներով անցնելը չէ:

Ես երբևէ չէի մտածի, որ գրելու կարողություն ունեմ, դա թաքնված էր իմ մեջ, թաքուն պահված, մինչև մի օր չգտա նուրբ ու բարակ թելը, որը կապում էր ինձ իմ հայրենի երկրի բնությանը: Երբ աշնան պարզ մի օր նայեցի իմ պատուհանից դուրս ու ավելի քան երբևէ զգացի ինձ բնության զավակ: Ճանաչեցի ինձ, թեև մասամբ։ Դեռ որքան տեղ ունենք մեզ ճանաչելու, փոքրիկ քայլերի արվեստը սովորելով՝ կամաց-կամաց կբացահայտենք ինքներս մեզ այլ ճանապարհների վրա ու այլ վայրերում, բայց կա մի բան, որը մեզ թևում է, թե անպատճառ չի փոխվի ու կմնա․ սխալներ գործելը, կատարյալ չլինելու զգացումը, ու ի վերջո՝ հանգիստ թքած ունենալը: Հը՜մ, երևի կմնա:
Զգացողություններիցս մի կերպ ազատվելով՝ նայեցի ձախ կողմս, մշուշը քաշվել էր։ Հիմա իմ առջև ողջ անտառն էր իր փարթամ ծառերով, ու հեռվում լսվում էին ջրվեժի խշշոցը, մարդկանց ձայները… Այո՜, սա Հայաստանն է՝ անբացատրելի շնչով, շատ հայեցի տարրերով: Երբ օդում էի՝ պարանից կախված, թռչում էի անտառի մի կետից մյուսը, ազատությունը զգացի լրի՜վ: Զգացի ինձ բնության հետ ներդաշնակ ու հասկացա, որ ինքնաճանաչման համար մի ողջ կյանքը չափազանց քիչ է… Դա կգա ինքն իրեն, հաճախ քո վերջին ու միակ հույսը հենց ինքդ ես: Հենց դու պիտի լինես ճանապարհումդ իշխողը՝ մի կողմ թողնելով թուլություններդ ու վախերդ:
Բայց և լավ տարբերակ է քաշվել երկրիդ մի անտառում, վրան խփել, թեյ խմել, գիշերել մի քանի օր քո ունեցած վախերի ու մտքերի հետ, նստել ու լռել… Եվ աստղազարդ երկինքը կօգնի թեթև ժպիտ ծռել շուրթերիդ: Հաշվի նստել էն մտքի հետ, որ ինչքան քեզ ճանաչել ես՝ բավ է սկզբի համար… Դեռ էլի կան, անխոս, անեզր թվացող ոլորաններ:

Ազգայինը թրենդում

Լուսանկարը` Լաուրա Սահակյանի

Լուսանկարը` Լաուրա Սահակյանի

Դեռ մանկուց իմ մեջ ձևավորված էր ազգային ոգին։ Հիշում եմ՝ ոնց էի երազում էդքան սիրուն պարելու մասին։ Պարի խմբակ հաճախելը ոչ մի կերպ չազդեց մտածելակերպիս կամ երազանքիս իրագործման վրա։ Հասկացա, որ երազանքը նպատակ դարձնողն ու իրագործողը մենակ ես եմ։

-Ախր, դու աղջիկ ես:

-Ո՞նց ես պատկերացնում էդ ամենը:

-Վերջացրու, լավ:

-Ժամանակի հետ քայլիր:

Կներե՞ք։

Ամեն անգամ, երբ դրսում ականջակալները ականջներիս քայլում էի ու հանկարծ հանդիպում ծանոթի, ով հարցնում էր՝ ինչ եմ լսում, ձգտում էի չպատասխանել։
Ականջակալներում միշտ հնչում էր միայն հայ ազգային երաժշտություն։ Իսկ իմ պատասխանը կարող էր դառնալ դրոշակ, որը մոդայիկ մարդիկ անխնա կթափահարեին։

Հիմա անցել են շատ ժամանակներ։ Անիմաստ, թյուր կարծիքները կարելի է ուղարկել գրողի ծոցը։

Հիմա ազգայինը իմ հոգու մի մասն է դարձել։ Ծանր օրվա ցանկալի ավարտը դառնում է էլ ավելի հաճելի հենց ազգային նոտաների ու շարժումների հետ։

Ազգայինը նոր շունչ է առել։
Ազգայինը թրենդում է։

Shushan nersisyan

Տանիքում

Եթե ինչ-որ բան հիշելու կամ ինչ-որ մեկին կարոտելու կարիք ունես, ապա տանիքն ամենահարմար տեղն է…

Ինչ-որ խորհրդավոր անբացատրելիություն կա տանիքներում, հատկապես` բարձրահարկերի: Եթե դու որոշել ես կտրվել երկրից, դու պիտի սպասես ինչ-որ կարմիր մայրամուտի ու հայտնվես ինչ-որ բարձրահարկի տանիքում: Վե՜րջ, քեզ էլ ոչինչ պետք չէ, մնում է՝ նստես, ձեռքերով գրկես ծնկներդ, աչքերդ փակես ու սկսես ինչ-որ բան հիշել կամ ինչ-որ մեկին կարոտել…

Տանիքներում են հյուսվում մոլորակի ամենագեղեցիկ հեքիաթները, որոնք երբևիցե չեն պատմվում մարդկանց: Տանիքների հեքիաթները հյուսվում են պահի համար ու պահի արագությամբ անհետանում են, խառնվում օդին: Եթե այնպես ստացվի, որ մայրամուտներից մեկի ժամանակ տանիք բարձրանաս ինչ-որ մեկի հետ ու այլևս այդ հեքիաթը կրկնելու հնարավորություն չունենաս, հետո պիտի ինչ-որ կորցրած թանկություն գտնելու հույսով անընդհատ միայնակ բարձրանաս, որովհետև տանիքներն իրենց գիրկը կանչող առեղծվածային հատկություն ունեն: Ու երբ չես գտնի ոչինչ ու կմնաս մենակ, երբ կզգաս, որ մրսում ես, կնստես, ձեռքերով կգրկես ծնկներդ, աչքերդ կփակես ու կսկսես հիշել կամ կարոտել…

Հորիզոնում կարմրին է տալիս մայրամուտը, ու դու որոշում ես կորցրած ինչ-որ թանկություն գտնելու հույսով բարձրանալ տանիք: Չես պատկերացնում՝ ինչ է քեզ այնտեղ սպասվում, որովհետև միայնակ դու երբեք տանիքներ չես բարձրացել: Ու երբ առաջին անգամ միայնակ կհայտնվես այնտեղ, ու երբ կհասկանաս, որ բղավոցներդ անարձագանք են մնալու, ու երբ կզգաս, որ լռությունը խլացնելու է, կսկսես մրսել…

Միայնությունի՜ց:

Դու բարձր ես, շա՜տ բարձր, դու բարձր ես բոլորից ու ամեն ինչից, դու երկնքի՜ն ես մոտ ու եթե ձեռքդ բարձրացնես, կարող ես ձեռքերով աստղերը խառնել: Դու երկնքի ու երկրի սահմանագծում ես, որ թվում է՝ շուտով կլանելու է քեզ, կամ դու ինքնակամ ես կլանվելու: Աստիճանաբար սկսում ես զգալ սրտիդ աշխատանքը, օդդ չի հերիքում, դու երկնքին այդքան մո՞տ: Առաջ չես գնում, որովհետև վախենում ես, չէ՜, որովհետև մենակ ես: Աչքերդ փակում ես, որ բարձրությունը չտեսնես, բայց չի օգնում, որովհետև բարձրությունները զգալու համար են, ու դու անգամ աչքերդ փակ զգում ես այն: Այդ սարսափեցնող բարձրությունը քեզ կանչում է իր գիրկը: Ուզում ես տրվել նրան, դառնալ նրանը, բայց մի ինչ-որ սառը քամի քո ուղղությամբ պտույտներ է անում, մազերդ խառնում ժպիտիդ ու փաթաթվում է քեզ, իսկույն սթափեցնում: Երբ աչքերդ բացում ես, դու քեզ գտնում ես տանիքի եզրին: Քեզ մի՜ քայլ էր մնացել, որ դառնայիր նրանը, բայց քամին ձեզ բաժանեց: Հետ ես գնում, որ… Երևի որ չընկնես…

Աջ ու ձախ ես նայում, որ կորցրածդ գտնես, բայց իզուր: Շրջվում ես, աչքիդ առաջ տեսլանում է քո՝ այդտեղ երբեք չկայացած ընթրիքն ու գինու այն բաժակը, որ ինքնավստահ կնոջը բնորոշ հպարտությամբ երբեք այդպես էլ չդատարկեցիր, այն տաք հագուստը, որ ձեզ տանիքում չմիավորեց ցրտից պաշտպանվելու համար, այն ծաղիկները, որ այդպես էլ երբեք քոնը չդարձան, այն խոսքերը, որ այդպես էլ երբեք չասացիր… Որովհե՜տև, որովհետև, քո հեքիաթը տանիքում կիսատ է մնացել, որովհետև հերոսներից մեկը ժամանակից շուտ է լքել տանիքն ու երկիր վերադարձել:

Հետո, երբ կզգաս, որ փնտրածներդ իրական չեն, տեսիլքներ են, դու կհասկանաս, որ ավելին ես կորցրել: Ու երբ չես գտնի ոչինչ ու կմնաս մենակ, երբ կզգաս, որ մրսում ես, կնստես, ձեռքերով կգրկես ծնկներդ, աչքերդ կփակես ու կսկսես հիշել կամ կարոտել:

Մայրամուտն անհետանում է երկնքի ինչ-որ անկյունում, վերջին կարմիրները դանդաղորեն սուզվում են, ու սկսում է մթնել: Քո բարձունքից գրեթե ոչինչ չի երևում, բացի բարձրահարկերից, որոնց պատուհաններն աստիճանաբար լուսավորվում են: Ամեն լուսավորված պատուհան իր արտացոլումն է գտնում երկնքում՝ աստղերի տեսքով: Գեղեցիկ գիշեր է:

Առաջին անգամ տանիքում մնալով մենակ՝ կհասկանաս, որ քո իմացած աշխարհից դուրս գոյություն ունի այլ աշխարհ, բոլորից հեռու մի տանիքային կյանք, ու գիտակցումը, որ դու արդեն ապրում ես այդ կյանքով, մեջդ տեղավորելու համար երկար ժամանակ է պահանջելու: Առաջին անգամ մնալով տանիքում ինքդ քեզ հետ, կհասկանաս, որ նրանք, ովքեր հիմա միայնակ են մնացել տանիքներում, ժամանակին այնտեղ մենակ չեն եղել: Կհասկանաս նաև, որ երբեմն կորցրածն այնքան թանկ է լինում, որ չի փոխարինվում, այն չեն փոխարինում՝ ո՜չ ժամանակը, ո՜չ մարդիկ, ո՜չ տանիքներն ու ո՜չ էլ կարմիր մայրամուտները:

Դու չես ուզում իջնել, որովհետև նեքևում՝ մարդկանց աշխարհում քեզ չեն հասկանալու, որովհետև այսուհետ դու նրանց նման սովորական կյանքով չես կարողանալու ապրել, քոնը այդ սովորական կյանքի լուսանցքում ստեղծված ու հասունացած տանիքային կյանքն է, որ չի ընդունվելու ներքևում՝ մարդկանց աշխարհում:

Բայց երբ զգաս, որ մենակությունդ աստիճանաբար անտանելի է դառնում, ու որ կորցրածդ թանկությունը տանիքում չես գտնելու, կշտապես իջնել, որ քեզ էլ չկորցնես: Իջնելուց առաջ մի վերջին անգամ կժպտաս, հետո ժպիտդ կթողնես տանիքում, նոր կվերադառնաս երկիր:

Չմոռանա՜ս ժպիտդ թողնել, որովհետև գուցե ինչ-որ մեկն էլ քո ժպիտն է կորցրել, ու մի օր անպայման բարձրանալու է տանիք՝ այն գտնելու անսասան հավատով:

janna sargsyan lori

Երևանից շաաատ հեռու Երևանի խնդիրներով

Երկար ժամանակ է չեմ գրել: Կմտածեք` բողոքելու բան չկա, չէ իրականում բողոքելու բան միշտ էլ կա, բայց…

Սեպտեմբերի 23, Երևանի ընտրություններ, նախընտրական քարոզարշավներ, գովազդ և այսպես շարունակ: Երևանից 110կմ հեռավորությունն էլ չի խանգարում, որ ապրենք իր խնդիրներով: Ամենուր կլսես վերջին երկու շաբաթում աֆորիզմ դարձած արտահայտությունները, կտեսնես շենքի տակ և զրուցարաններում հավաքված «քաղաքական գործիչներին», ֆեյսբուք մտնելուն պես ամբողջ էջդ կողողվի քաղաքապետի թեկնածուների նկարներով, ու էսպես շարունակ, մինչև կգա բաղձալի ու սպասված օրը: Երևանը կունենա նոր քաղաքապետ:

Ինձ համար միևնույն չէ, բայց էական էլ չէ, թե ով կընտրվի, որովհետև քաղաքապետը չի լուծելու իմ գյուղի խնդիրները: Նա Երևանն է զարգացնելու, նոր կենտրոններ է կառուցելու, իսկ իմ 1000-ից ավել բնակչություն ունեցող գյուղում անգամ մանկապարտեզ չկա, էլ չեմ խոսում ժամանցի կենտրոնների մասին:

Լոռու մարզում վերջին 3 տարիների ընթացքում միայն մի կենտրոն է բացվել գյուղաբնակ երեխաների համար, այնինչ Երևանում ամեն քայլափոխի նման կենտրոնների կհանդիպես: Իհարկե, բողոքս միայն գրելով չի վերջանում: Շատ ու շատ տեղեր ենք դիմել, բայց ի պատասխան ասել են, որ մեզ ոչ մի կերպ չեն կարող օգնել: Հա, ի դեպ, հաճելի կլիներ, երբ նույն ոգևորությամբ լուսաբանեիք նաև գյուղապետների նախընտրական քարոզարշավները, որովհետև գյուղերում բնակիչները անգամ չեն էլ իմանում, թե երբ և ինչպես է անցել ընտրությունները:

aniharutyunyanarm

Հռոմից մեծ Երևան՝ մեծ խնդիրներով

Ես չգիտեմ՝ սիրո՞ւմ եմ Երևանը, թե՞ ոչ, բայց երբեք չեմ կարոտում: Չի պատահել այնպես, որ արձակուրդի ժամանակ գյուղում տանը նստած լինեմ, հանկարծ վեր թռչեմ, արագ հագնվեմ ու գնամ Երևան, որովհետև կարոտել եմ ու էլ չեմ դիմանում: Դե, յուրաքանչյուրի համար իր ծննդավայրն է հարազատ, բայց տարիներ շարունակ անընդհատ Երևան գնալ-գալը էլի ինձ համար սեր չի դարձել: Միգուցե խնդիրը իմ մեջ է, երևի ես շատ եմ կապված գյուղիս հետ, ու իմ սրտում նրանից բացի ոչ ոքի համար տեղ չկա: Ինչևէ:

Ես շատերին եմ տալիս առաջին տողի հարցը ուղղակի, հենց այնպես, բայց Երևանի խնդիրների մասին շատ քիչ եմ խոսում երևանցիների ու մարզաբնակների հետ: Հերթը խնդիրներին էլ հասավ, մենք էլ` հայերս, մի տեսակ սիրում ենք մեր խնդիրների մասին երկար խոսել, բայց նաև հետաքրքիր ու ճիշտ լուծումներ առաջարկելու տաղանդ էլ ունենք: Ես արդեն լսել եմ դրանք, դուք էլ կարդացեք։

Գայանե Պողոսյան, Երևան, դասախոս

-Ամենակարևորն այն է, որ մարդը, քաղաքացին բարեկիրթ լինի, մտածող լինի, սիրելը չասոցացնի կեղծ դրույթների հետ, սերը չլինի պլակատային, ռաբիզ երգերով չարտահայտվի, «այո՛» գոռալով չլինի:

Ամեն մեկը պատասխանատվությունը պետք է նախ իր վրա վերցնի, չսպասի, որ քաղաքապետը իր համար ինչ-որ բան է անելու. քաղաքապետն ընդամենը կազմակերպելու է աշխատանքը, իսկ այդ կազմակերպվող աշխատանքում ամեն մեկս ունենալու ենք մեր դերը, և ամեն մեկիս դերը մեզ բաժին հասած աշխատանքը լավ կատարելն է: Ամենակարևորն այն է, որ այդ ամենը անենք հաճույքով, մտածելով, որ սա իմ քաղաքն է, որ ես անում եմ ինձ համար, իմ երեխայի, հարևանի, քաղաքապետի համար, և երբ ամեն մեկս ունենանք մեր պատասխանատվության չափը և դրանք գումարենք իրար, կունենանք մի մեծ պատասխանատվություն ու հաստատ կունենանք այն Երևանը, որ բոլորս ուզում ենք տեսնել:

Երբ ես չեմ թափի թուղթը ու ասի, որ աշխատող կա, կմաքրի, երբ չեմ անցնի լացող երեխայի կողքով և ասի, որ ինքը մամա ունի, թող իր մաման մտածի, ամեն մեկի ցավը, ուրախությունը երբ կդառնա ընդհանուր, երբ կկարողանանք իրական շփման միջոցով գնահատել լավն ու վատը, ճանաչել մարդուն, խոժոռ կամ տխուր հայացքի տակից մարդու ցավը տեսնել, երբ կվերանա անտարբերությունը, և իշխող կդառնան ջերմությունը, սերը, փոխըմբռնումը, հարգանքը, անպայման մենք կունենանք լավ Երևան, և քաղաքապետից արդեն ոչ թե կպահանջենք, այլ կօգնենք նրան։

Մայա Չուխաջյան, Երևան, ուսանող

-Նախ, բնականաբար, այժմ մենք պետք է լուծենք քաղաքապետի խնդիրը, որ կարողանանք հերթով լուծել մնացած խնդիրները: Առաջին տեղում ինձ համար փողոցների մաքրության հարցն է: Ապրելով Կենտրոն համայնքում՝ շատ տհաճ է, երբ երեկոյան դուրս եմ գալիս զբոսանքի և տեսնում եմ լցված աղբամաններ, աղտոտվածություն, փողոցային առևտուր: Մեր երկիր` հատկապես հեղափոխությունից հետո, շատ-շատ են գալիս զբոսաշրջիկներ, և նրանց համար առաջին տպավորությունը շատ կարևոր է: Փողոցում վաճառում են ծխեցրած ձկներ, հաց, կաթնամթերք. հակահիգիենիկ վիճակ է ստեղծում այդ ամենը:

Ես եղել եմ տարբեր երկրներում. առավոտյան 6-ից սկսած, յուրաքանչյուր նորմալ երկրում, մաքրում են փողոցները, նույնիսկ հատուկ փոշեկուլներ են օգտագործում: Սինգապուրում, եթե ինչ-որ թղթի կտոր գցես կամ պատահական քո պայուսակից ընկնի, քեզ 600 դոլարի չափով կտուգանեն: Ուրիշ երկրներում շուկայական առևտուրը համակարգված է, հատուկ տեղեր են հատկացված, որ մարդկանց չխանգարի:

Ես ինչ-որ մեծ նշանակություն չեմ տալիս, թե ով կլինի քաղաքապետը` որպես անձ, Հայկ Մարությանը, թե ուրիշ մեկը: Կարևորը` իմ քաղաքը մաքուր լինի, մթնոլորտը լինի լավը, ու քաղաքապետը կարողանա լուծել քաղաքացու խնդիրները:

Մոնիկա Մարտիրոսյան, Երևան, դասախոս

-Ինձ համար համատիրությունների խնդիրն է առաջնայինը: Այսինքն` համատիրությունը պատասխանատու է շենքերի համար. ամեն շենք ունի իր պատասխանատուն: Մենք վարձ ենք վճարում քաղաքին շենքի մաքրության, աղբահանության համար, ունենք համատիրության ղեկավար, որ համակարգում է այդ բոլոր գումարները, տարեկան մուծումները` խնդիրների լուծման համար: Փաստացի այդ համակարգը չի աշխատում մեզ մոտ. բարձրահարկ շենքերում աղբահանություն չկա: «Սանիտեկը» ոչ մի համայնքում նորմալ գործունեություն չի ծավալում, բայց ոչ թե միայն «Սանիտեկին» պետք է մեղադրել, այլ համայնքին և համատիրությանը: Այսինքն` ինդուկցիայից դեդուկցիա մեթոդը պետք է գործի: Համատիրությունը հիմա ձևական բնույթ է գրում: Մի շենքում պետք է լինեն մի քանի լիազոր մարմիններ, որ ամեն ինչ կարգավորված աշխատի:

Քաղաքում մենք ունենք մշակույթի կենտրոններ, շախմատի դպրոցներ, տարբեր խմբակներ: Ավելի լավ է մենք մի փոքրիկ սիմվոլիկ գումար վճարենք, որ ամեն ինչ լինի որակյալ, քան անվճար ու անորակ: Հիմնականում նման խմբակներում պարզապես ժամավաճառությամբ են զբաղվում: Աճող սերնդին պետք է ճիշտ ու որակյալ դաստիարակել, քանի որ եթե մանկուց հիմքը ճիշտ չդրվի, հետագայում մենք մեր երկրի զարգացման համար նրանց վրա հույս դնել չենք կարողանա:

Թող տուգանեն, երբ ես, իմ երեխան, ուսանողը, որևէ մեկը աղբը կգցի գետնին, ինչ-որ մեկը կծխի և մնացորդները կթափի. նման դեպքերում հատուկ մարմինները գան և տուգանեն, ինչպես Գերմանիայում է: Ինչո՞ւ, երբ մենք գնում ենք Գերմանիա, աղբ չենք թափում` իմանալով, որ մեզ կտուգանեն, բայց գալիս ենք մեր քաղաք և կեղտոտում:

Եթե մենք ուզում ենք, որ Երևանը դառնա քաղաք, որտեղ մարդիկ ձգտում են գալ, ծառայությունների բնագավառներին պետք է ուշադրություն դարձնենք. լինի դա տաքսի ծառայություն, սրճարան, որևէ ռեստորան: Փաստացի այդ բնագավառը չի վերահսկվում: Մարդիկ սահմանում են այնպիսի գներ, որոնք թանկ են՝ աշխարհի հետ համեմատած:

Եվ ամենալուրջ խնդիրներից մեկը, որի հետ ես առնչվում եմ, փողոցային առևտուրն է: Նախ, շուկաները կորցրել են իրենց կոլորիտը: Մարդիկ փողոցում ձուկ են վաճառում, միրգ, պանիր, և ես հասկանում եմ, իհարկե, մարդիկ գումար են վաստակում, աշխատում են, բայց պետք է այնպես անել, որ լինի համակարգում, տարանջատում: Մի որևէ տարածք հատկացնեն, թեկուզ փոքրիկ գումարի դիմաց, որ սնունդ վաճառելու համար լինեն համապատասխան պայմաններ:

Ինձ համար Երևանի քաղաքապետը պետք է լինի կիրթ, փորձառու, դիվանագետ և մարդ, ով կարող է շփվել և լավ համակարգող լինել: Որքանով հասցրել եմ հետևել թեկնածուների ծրագրերին, կարծես թե ոչ ոք չունի Երևանի ծայրամասերի հետ կապված որևէ առաջարկություն:

Սոնա Սարգսյան, Արթիկ, ուսանող

-Մայրաքաղաքում ինձ դուր է գալիս հասարակության մտածելակերպը։ Կապ չունի՝ դու տանից դուրս ես գալիս կոկիկ հագնված, մազերդ հարդարած, թե ուղղակի տնային հագուստով ու գզգզված մազերով, քո արտաքին տեսքով համեմատաբար ավելի քիչ են կարծիք կազմում քո մասին, ինչը չէի ասի իմ ծննդավայրի` Արթիկի մասին: Երևանում ցանկացած ժամի, երբ չունես տրամադրություն կամ ուղղակի ուզում ես քայլել, կարող ես դուրս գալ քո փողոցում, քեզ մոտ գտնվող այգում զբոսնել, ու ոչ ոք չի ասի` էս աղջիկն ինչի՞ ա տնից դուրս եկել էս ժամին: Այստեղ ես համեմատաբար ազատ մտածելակերպի եմ հանդիպել:

Արթիկում, կարելի է ասել, քաղաքային տրանսպորտ չկա, ամեն ինչ իրար մոտ է, և Երևան տեղափոխվելուս առաջին տարում շատ դժվար էի հարմարվում երթուղայիններին, նախընտրում էի Կենտրոնից Զեյթուն ոտքով բարձրանալ, քան անգամ կանգնելու տեղ չունեցող երթուղայիններից օգտվել: Հիմա արդեն բավականին սովորել եմ, բայց կրկին խնդիր է գոնե նորմալ կանգնելու տեղ գտնելը:

Շրջաններից եկած երեխաների համար Երևանում սովորելը դժվար է, քանի որ տուն վարձելն այդքան էլ հեշտ չէ, հատկապես, երբ տանից 2-3 ուսանող կա, ու նաև ուսման վարձն է գումարվում: Կցանկանայի, որ իմ համալսարանը` մանկավարժականը, ունենար ապրելու համար բավարար պայմաններով հանրակացարան, որ գոնե մարզերի երեխաների համար ավելի հեշտ լիներ:

anna  andreasyan

Բժշկից մինչև ռեժիսոր

Երբ փոքր էի, հստակ գիտեի, թե ինչ եմ ուզում դառնալ։ Գրեթե բոլորը այդ տարիքում գիտեն իրենց ապագա մասնագիտությունը։ Ես վստահ էի, որ բժիշկ եմ դառնալու։ Դա շատ տարածված է փոքր երեխաների մոտ։ Մի երկու բժշկական խաղալիք ու մի երկու խրախուսական արտահայտություն տանեցիներից, և ապագա բժիշկն արդեն պատրաստ է։ Բայց դե, այդ ժամանակ որտեղի՞ց իմանայի, թե դեռ ինչքան եմ փոխելու միտքս։ Եվ այսպես, մի քիչ մեծանալով ու պատկերացնելով, թե ինչքան երկար պետք է սովորեմ բժիշկ դառնալու համար՝ արդեն մի տեսակ սկսեցի տատանվել։ Իսկ ավելի ուշ, երբ դպրոցում սկսեցի ուսումնասիրել բնագիտական առարկաները, հրաժարվեցի բժիշկ դառնալու մտքից։

Հետո որոշեցի, որ պետք է ծրագրավորող դառնամ։ Տանեցիք էլ միանշանակ կողմ էին, չնայած ինչ էլ որ ասում էի, միշտ կողմ էին լինում, երևի գիտեին, որ անընդհատ միտքս փոխելու եմ։ Հա, մոռացա ասել, որ մինչև ծրագրավորող դառնալ ուզելը, որոշել էի հաշվապահ դառնալ։

Իհարկե, որոշ ժամանակ հետո հասկացա, որ դրանցից և ոչ մեկը իմը չէ։ Քանի որ այդ նույն ժամանակ ես պատմությունից շատ լավ էի ու հաճույքով էի պատմության դաս անում, մտածեցի, որ ուզում եմ պատմաբան դառնալ։ Հետո իրավաբան, արևելագետ, մշակութաբան և այսպես շարունակ։

Իմ մասնագիտության կողմնորոշման հարցում մի հետաքրքիր բան կար։ Հենց մի նոր ֆիլմ էի նայում, որտեղ, ասենք, գլխավոր հերոսը հոյակապ բժիշկ էր, իրավաբան, ինժեներ, ուզում էի ես էլ լինել։ Ու դա միշտ ինձ մի տեսակ շփոթության մեջ էր գցում։

Վերջապես, բոլորովին վերջերս մի պարզ բան հասկացա, որ այսքան ժամանակ չէի հասկացել։ Այդ բոլոր ֆիլմի հերոսների մասնագիտությունների՝ ինձ գրավելու պատճառը ոչ թե մասնագիտությունն ինքն էր, այլ դրան տիրապետելու մակարդակը։ Այսինքն՝ ինձ գրավում էր, թե մարդիկ ինչքան փայլուն կարող են լինել այն մասնագիտության մեջ, որը սովորել են։

Դրանից հետո ինձ համար մի հետևություն արեցի՝ ինչ մասնագիտություն էլ ընտրես, պետք է նվիրվես, սիրես այն, ինչ անում ես ու անես լավագույն ձևով, որ կարող ես։

Հ․Գ․ Այս պահի դրությամբ որոշել եմ ռեժիսոր դառնալ։ Իսկ թե դա վերջնական է, թե ոչ, ժամանակը ցույց կտա։

seda mkhitaryan

Խավարից to խավար

Հեռախոսիդ մարտկոցը նստեց։ Հիմա դուք ավելի եք իրար նման։ Նրան մի լար է հարկավոր, իսկ քեզ` մի գիշեր։ Առավոտյան դուք լիցքավորված կշարունակեք ձեր անբաժան կյանքը։

Մեքենան կընթանա մթի միջով` գնալով դեպի լույսը, եթերային ու անիրական լույսը, որը երբեք էլ չի բացվում։

Ու արևն էլ այն բացել չի կարողանալու։

Խավար ճանապարհին՝ ամեն 100 մետրի վրա, դուք մետաղական խաչերի կհանդիպեք։ Էլեկտրական լույսով լուսավորված։ Գոնե ձևի համար թողեք, որ դրանք գիշերը սեփական լույսն արձակեն, որը չունեն։

Մետաղական խաչեր զոդող վարպետներից ոչ մեկի աչքերը Աստված չի բուժել։

Դուք կանցնեք անտառի ու ամպի կողքով։ Ձեզ կթվա, թե լույսը ուր որ է կբացվի։ Երկինքը կսկսի գունաթափ լինել։ Բայց լուսանալուն դեռ շատ կմնա։

Վերջապես առարկաները կվերագտնեն իրենց ստվերը, դուք` ձեր հոգին, ու կհասկանաք, որ անվճար բուլկու համար ուրախանալը երեխայություն է։

Կերազեք ձեր ճանապարհին հանդիպել մի մեքենա, որի մեջ գուցե…

Կիսատ թողնված նախադասությունը կստիպի համոզվել, որ համարձակության պակաս այնուամենայնիվ կա։

Ամեն ինչ աստիճանաբար է լինում։

Դուք քիչ-քիչ կմտերմանաք։ Լույսը քիչ-քիչ կբացվի։ Բայց հավատացնում եմ` համարձակությունդ երբեք (և ոչ էլ աստիճանաբար) չի ավելանա։

Կյանքում համարձակ ապրելուց վախենալը ամենամեծ համարձակությունը կթվա։

Ես գիտեմ, մենք երբեք այնքան անբաժան չենք ապրի, ինչպես ես և հեռախոսս։

Ես կնայեմ ապակու հետևում դրված թանկարժեք թեյին, ու կհագենա ծարավս։

Կյանքի նպատակներից մեկն այնքան հարստանալը կդառնա, որ գնես ուզածիդ չափ թանկ թեյ ու օրիգինալ արծաթյա զարդ։ Ասենք՝ ապարանջան՝ ծառի սիմվոլով։ Ծառը ճիշտ էր։ Բայրոն։ Դու գիտեիր՝ ինչ կլինի, ու Կայենը ինձ գտավ տխուր պահին, ինչպես նրան գտավ Լյուցիֆերը։

Իսկ մեքենան կշարունակի գլորել իր անիվները խավար ճանապարհի վրայով։ Ամեն փոքրիկ լույսը քո ու հեռախոսիդ սրտում հույս կարթնացնի։ Բայց դա կլինի հերթական մետաղական խաչի էլեկտրական լույսը։

mariam hayrapetyan

Երկու քարի արանքում

Մի անգամ մի առիթով հասկացա, որ կյանքը կորուստների մի մեծ շղթա է։ Մենք պետք է մեզանից պոկենք և տանք այն, ինչ սիրելի է, որպեսզի ստանանք այն, ինչ պետք է։ Ասել, թե այն, ինչ կստանանք, կենսական նշանակություն ունի նրա համեմատ, ինչ կտանք, սխալ է։ Ես երբեք չեմ մոռանում այն «երկու քարի արանք» իրադրությունները։ Որովհետև հենց այդտեղ է, որ որոշում ենք՝ ինչ կորցնել և ինչ ստանալ։ Պետք է որոշել, այլ ելք չկա։ Հավանաբար արդեն գլուխներդ տանում եմ սեփական կյանքիս պատմություններով, բայց դե, ես դրանց հիման վրա եմ իմաստնանում և փորձ հավաքում, որ էլի չասեն՝ աշխատանքային փորձ չունես։

Հիմա ապագան հասկանալու համար շարում ենք ներկայի պատը և հետ հայացք գցում անցյալին։ Կար ժամանակ, երբ անհոգ էինք։ Հետո լքեցինք ընտանիքը, որպեսզի կայանանք, հասկացաք՝ ինչը ինչով փոխարինեցինք։ Հետո սովորելու անվերջանալի տարիներին չկար ժամանակ համարյա ոչ մի այլ բանի համար։ Մեկ էլ հասկացանք, որ մեզ պետք է ֆինանսական անկախություն։ Դրա ձեռք բերումը մեզ զրկեց ամիսը մեկ անգամ ընտանիքին գրկելու հնարավորությունից, դարձավ մի քանի ամիսը մեկ միմյանց տեսնելը։ Շատ մեծ ընտանիքս ցրիվ է եղած ողջ աշխարհով։ Իսկ շատ փոքր ընտանիքս՝ ամբողջ երկրով։

Ամեն անհաջողության հետ բախվելիս կրկին ինձ համոզում եմ, որ անհոգ տարիները շուտ են անցել, պայքարել է պետք, ոչ առաջինն եմ, ոչ էլ վերջինը։

Դադարել եմ գրել․ մի քանի բան կիսատ եմ թողել և անգամ չեմ բացում հասկանալու համար, թե վերջինն ինչ եմ ուզում, որ լինի։ Հիմա նման բաների համար մտածելու ժամանակ ունեմ միայն երթուղայինում՝ ճանապարհների խորդուբորդությունների վրա։ Բայց ինչպես մտածում եմ՝ այնպես էլ մոռանում եմ երթուղայինից իջնելիս: Վազել է պետք, որ հասցնենք։ Իսկ վազում ենք օրական մի քանի ժամ, միշտ ունենք չհասցրած և կիսատ գործեր, որովհետև օրն ունի ընդամենը 24 ժամ։ Ինչ-որ կերպ գրելն ու ստեղծագործելը արդեն փոխարինում ենք, այսպես ասած, կենսական կարևորության եսիմ ինչերով։ Հետո էլ ասում են՝ ոնց ա ստացվում, որ մարդը փոխվում ա։ Ասեմ՝ ո՞նց։ Ինչքան էլ փորձես քո իսկ աուրայով լցված շրջանակդ պահել ու դրանով քայլել, միևնույնն է, օրերից մի օր հասկանալու ես, որ շրջանակդ մաշվել, հալից ընկել է, որովհետև դու ժամանակ չունեիր այն վերանորոգելու, ու որովհետև զբաղված էիր «ավելի կարևոր» գործերով՝ փող էիր աշխատում, սովորում, վազվզում պարզապես ու շփվում մարդկանց հետ։

Ընտրությունների մեծ շղթա։

Ախր, ձեզանից քչերն են պատկերացնում, երբ ներսումդ ինչ-որ բան կա կուտակված, ու դու դրան էություն չես տալիս՝ հանձնում թղթին, ինչքան է դա ծանրանում, սկսում խանգարել, խաղալ տրամադրությանդ հետ։ Իսկ կգա մի օր, որ պարզապես ամենաթեթև ու պարզ բառերով էլ չես կարողանա դրանց էություն տալ․ այ, դա էլ դու չես լինի։ Հասկացա՞ք։

Ինչևէ, փակենք վարագույրները ու նորից անցնենք գործի։ Ցտեսություն։