Ապրիլյանի քաջերը. Սաշա Գալստյան

aprilyanQajery

Հարցազրույց Ապրիլյան պատերազմի մասնակից Սաշա Գալստյանի մայրիկի՝ Սոֆի Գալստյանի հետ։

-Ինչպե՞ս է անցել Սաշայի մանկությունը:

-Երջանիկ մանկություն է ունեցել, քանի որ եղել է և՛ հորական, և՛ մորական կողմի առաջին թոռնիկը։ Սաշիս մանկությունը անցել է գրկից գիրկ:

-Կպատմե՞ք ամենավառ հիշողությունները Սաշի մասին:

-Սաշիս հետ ունեցած յուրաքանչյուր հիշողություն միշտ վառ է եղել: Նրա առաջին արձակուրդ գալը չեմ մոռանա: Մենք տեղյակ չէինք, որ պիտի գար։ Եկել էր Երևան՝ քեռու տուն, հետո եկել էր, սենյակում թաքնվել էր։ Մենք գործից եկանք տուն, ու ինքը սենյակից դուրս եկավ։ Ուրախությանս չափ ու սահման չկար:

-Ինչպե՞ս էր պատկերացնում բանակը նախքան գնալը:

-Ինքը անորոշության մեջ էր, թեպետ մեծ ուրախությամբ էր գնում, մինչև որ հայրն ասաց, որ չմտածի՝ իր համար մանկապարտեզ է լինելու, որովհետև ինքը շատ կայացած էր, իսկական տղամարդ, հասուն էր շատ:

-Ինչպիսի՞ն էին տպավորությունները բանակի մասին:

-Շատ գաղտնապահ էր, ոչինչ չէր ասում, մենակ ասում էր, որ ամեն ինչ գերազանց ա։ Անգամ ինձ հանգստացնելու համար ասում էր՝ էստեղ նենց լավ ա, որ նույնիսկ տանը տենց չի։ Ասում էր, որ ոչ մի խնդիր չունի։ Հետո ընկերներն էլ եկան ու փաստեցին, որ ինքը իրոք շատ հարգված ա եղել ու խնդիրներ չի ունեցել։

-Երբ լսեցիք, որ պատերազմ է, ի՞նչ կատարվեց Ձեզ հետ:

-Ես միանգամից ասացի, որ հոգիս ցավում է, իմ Սաշի հետ վատ բան է կատարվել։ Ես կանխազգում էի։ Ինչքան էլ ինձ համոզում էին, որ ամեն ինչ նորմալ է, Սաշը բժիշկ է և իր վիրավորներով է զբաղված, և կապ չկա, որ զանգի, միևնույնն է, ինձ չկարողացան համոզել։

-Ի՞նչ եք զգում, երբ հասկանում եք, որ հերոսի ծնող եք:

-Մեծ ցավ եմ ապրում, միևնույն ժամանակ, հպարտ եմ շատ, որ այսօր ամբողջ աշխարհն է խոսում իմ տղայի և իր ընկերների մասին։ Բայց չէի ուզի, որ էսպես լիներ։ Երանի ոչ ոք չճանաչեր իմ Սաշին։ Ես նրա ապրած կյանքով էլ էի շատ հպարտ։

LusineYesayan

Իմ ստեղծած Հայաստանը

 Ներկայացնում է ուսուցիչը

Բարև Ձեզ, հարգելի 17-ի խմբագրություն, ես Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոցի «Կանթեղ» գրական խմբակի ղեկավարն եմ: Նոր եմ սկսել աշխատել, բայց արդեն իսկ ինձ համար ակնհայտ է, որ ունեմ հրաշալի աշակերտներ: Ուղարկում եմ տասներկուերորդ դասարանի աշակերտուհի Լուսինե Եսայանի առաջին հոդվածը: Նա վաղուց է երազում Ձեր կայքում տեսնել իր հեղինակած նյութը… 

Լուսինեն տասնյոթ տարեկան է:

Նելլի Բրագինա

Իմ ստեղծած Հայաստանը

Հեղափոխությունից առաջ էր: Լեզուների իմացությունս բարելավելու համար զրուցում էի օտարերկրացիների հետ: Դա նաև լավ ընկերներ ձեռք բերելու հրաշալի միջոց է: Նրանց ուղղված իմ առաջին հարցն էր. «Իսկ դու գիտե՞ս Հայաստանի մասին…»: Նրանց պատասխանն ինձ ցավ էր պատճառում, և եթե անգամ չհետաքրքրեր՝ ես ինձ պարտավորված էի համարում պատմել իմ երկրի ու իմ ժողովրդի մասին…

Արդեն հոգնել էի նույն պատմությունը տարբեր մարդկանց ներկայացնելուց, երբ հանկարծ… Ինձ օգնության հասավ մի Անհատականություն, ով այնքան բարձր խոսեց, որ ողջ աշխարհի համար լսելի եղավ, թե ո՛վ է հայն ու Հայաստանը…

Այդ մարդու անունն է` Նիկոլ Փաշինյան: Նրա շնորհիվ հայ ժողովուրդը վերաիմաստավորեց իր գոյությունը ու սովորեց արժանապատիվ ապրել…

Այդ մարդու թիկունքում մթար անհուսությունում խարխափող ժողովուրդն էր, իսկ դիմացը՝ ապագայի  խոստումնալից լույսը… Բայց այդ լույսը նկատելի էր հազիվհազ… Ակնհայտ էր, որ դրան հասու լինելու համար շատ լեռներով ու ձորերով պիտի անցնեինք:  Դժվարին էր թվում ուղին… Դրա համար սոսկ մեկը կամ երկուսը չէին կարող գնալ. որոշված էր՝ մենք բոլորս ենք գնալու՝ ձեռք ձեռքի տված, իրար ապավեն ու նեցուկ լինելով:  Մեզ միասին տեսնելով՝ լեռներն իսկ ծնկի եկան, ու ապագայի  արփալիր լույսը ողողեց մեր հոգիները…

Սովորում ենք նորից հավատալ ու ապրել…

Երբեմն մենք երազում ենք մի բանի մասին, բայց սրտի խորքում կասկածում դրա իրական լինելուն: Հենց ա՛յն պահին, երբ կհամարձակվես կասկածել ինքդ քեզ, հիշի՛ր այն Մարդուն, ով հույսի ու ոգու զարթոնք պարգևեց իր ժողովրդին ու աշխարհին ստիպեց այլ հայացքով նայել Հայաստանին…

Նոր Հայաստանի նո՛ր սերունդ, կոչ եմ անում քեզ լինել հայրենիքիդ ու ճակատագրիդ  Տերը: Քո ստեղծած երկիրը երեխաներիդ փոխանցելու կամքը, իրավունքն ու պատիվն ունեցի՛ր…

…. Հիմա ստիպված չեմ իմ նոր ընկերներին պատմել իմ երկրի մասին: Հիմա նրա՛նք են ինձ պատմում, թե այսօր լրատվամիջոցներով ինչ են լսել փոքրիկ, բայց հզոր Հայաստանի մասին, իսկ ես լսում եմ, և սրտումս ակամա հորձանք է տալիս հպարտությունը, քանի որ իմ հայրենիքն ինձ համար ամենամեծն ու գեղեցիկն է այս արևի ներքո…

Ջավախք, իմ սեր

sona zakaryan

Գնացի՜…

Եվս մեկ գեղեցիկ առավոտ մի փոքրիկ գյուղում, որը շրջապատված է հսկայական լեռներով։ Մազերը ծամ արած մի աղջիկ նստած ծառի տակ գիրք է ընթերցում։ Գիրքը պատմական է ու գրված մեծ հայրենասիրական ոգով։ Այն շատ հետաքրքիր է, ուստի աղջիկը չի ուզում դադարեցնել կարդալը նույնիսկ այն ժամանակ, երբ մայրը նախաճաշի է հրավիրում։

-Սոնա՜, արի՛, նախաճաշի ժամն է։

-Ի՞նչ ես եփել, մամ։

-Քո սիրելի հնդկաձավարը ու տնական կոմպոտ։

-Մա՛մ, գիրք եմ կարդում, տասը րոպեից այդտեղ կլինեմ։

Կարծում եմ՝ արդեն գուշակեցիք, թե ով է այդ աղջիկը։ Ես եմ։

Նա գրեթե վերջացրել է գիրքը, և արցունքները հոսում են նրա աչքերից։ Ինչո՞ւ է նա այսքան զգայուն, ինքն էլ չգիտի։

-Միաո՜ւ…

-Վա՜յ, ինչ լավ փիսիկ է։

-Հե՜յ, արի այստեղ, ուզում եմ քեզ շոյել։

-Սոնա՜, տասը րոպեն անցավ արդեն,- լսվում է մայրիկի ձայնը։

-Գալիս եմ, գալիս։

-Մենք պետք է գնանք այգի և ազնվամորի հավաքենք, որ ձմեռվա համար մուրաբա պատրաստենք։

-Լավ, մամ։

-Մամ, որ տեղափոխվեմ քաղաք, ինձ կկարոտե՞ս։

-Ինչո՞ւ ես միշտ այդպիսի հարցեր տալիս, եթե արդեն գիտես պատասխանը։

-Կարծում եմ, որ մեր նպատակները ստիպում են մեզ հեռու գնալ, ուսումնասիրել նորը, բացահայտել իրականությունը և ինչպես դու ես ասում՝ հանել մեր գունավոր ակնոցները։

-Ես գիտեմ, թանկագինս, ու վստահ եմ, որ դու ամեն ինչ ճիշտ կանես։

-Ես քեզ սիրում եմ, մամ։

-Ես էլ քեզ, բալես։

-Մա՞մ։

-Ջան։

-Չմոռանաս ինձ ազնվամորու մուրաբա ուղարկել։

davitAzizyan

Իմ երրորդ վիքիբեյջը

Փոքրիկ պատմություն իմ բեյջերի մասին

Շատերին է հայտնի, որ Դավիթը բեյջերի համար գժվում է։ Բեյջերի կոլեկցիա եմ հավաքում, հիմնական մասը` ճամբարներից, նաև այլ միջոցառումներից, ինչպես օրինակ՝ Սևանի երաժշտական փառատոնից և այլն։ Ամենասիրելիներս վիքիբեյջերն են, որովհետև դրանք յուրահատուկ են, ինչպես Վիքիճամբարը։ Վիքիից արդեն երեքն ունեմ, վերջինը ստացել եմ օգոստոս ամսվա Վիքիճամբարից, որը առաջին ճամբարից հետո ամենալավ ու ամենահավես ճամբարն էր։

Ամեն անգամ «բեյջ» բառը լսելիս հիշում եմ Սարգիսին, որի աչքից երբեք չի վրիպում առանց բեյջի որևէ ճամբարական։ Ընկերներիցս շատերն էլ են հավաքում, ոմանք էլ ասում են, թե անիմաստ է, բայց էն պահը, երբ կոլեկցիային էլի բեյջ ես ավելացնում ու հիշում էն պահերը, երբ կրել ես բեյջը, ուղղակի հավես է։

Շատերը հիմա երեխայի տեղ կդնեն ինձ, բայց դե, սիրում եմ բեյջերը։

arpineMikayelyan

«Ծամված» դասանյութերի զոհերը

-Դուք պետք է սովորեք ու պատրաստ լինեք. գուցե այս տարի բոլոր քննական առարկաները մարզում հանձնեք, դուք պետք է բարեհաջող ավարտեք, դուք պետք է․․․

Անվերջ լսվող արտահայտություններ դպրոցական հենց առաջին օրվանից:

Արդեն 12-րդ դասարանում ենք սովորում: Այս տարի կավարտենք, ու ինչպես ասում են, կվերջացնենք, կգնանք: Կգնանք՝ կարծելով, թե կարևոր գործը հաղթահարված է, 12 տարի պարտաճանաչորեն հաճախեցինք դպրոց, ու ահա, ժամը կգա հեռանալու: Տարիներ շարունակ ստանալով բաղձալի գովասանագրերը՝ կարծում ենք, թե ավարտին ենք հասցրել կյանքի կարևորագույն գործերից մեկը ու հիմա մեր գլուխը լի է դպրոցական դասագրքերի նյութերով, որովհետև մի ամբողջ տարի սերտել ենք այնտեղ գրվածն, ու մեզ գերազանցիկ են ասում:

Մենք գլուխներս բարձր քայլել ենք, որովհետև առաջինն ենք եղել, բայց մի՞թե սա ամենակարևորն է: Չէ՞ որ մենք չենք սովորել, որ ավելի լավ է հետ չմնալը, քան առաջինը լինելը, մենք չենք սովորել գրվածքը կարդալուց հետո մեր պատկերացումները թղթին հանձնել, այլ սովորել ենք անգիր անել, մենք չենք տրամաբանել, այլ պարտավոր ենք եղել հիշել, որ (a+b)²=a²+2ab+b² և այլն:

Մենք անգիր ենք սովորել «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը և կարդացել ենք «Վերք Հայաստանի»-ն ոչ թե նրա համար, որ մեզ իրոք հետաքրքիր էր, այլ մենք պարտավոր էինք, որովհետև երեխաների մտածելակերպը սահմանափակող շտեմարան կոչվածներում զետեղված են հարցեր այդ ստեղծագործություններից, ու մենք պետք է կարողանանք պատասխանել դրանց` բարձր գնահատական ստանալու համար, ու էդպես շարունակ:

Տարիներ շարունակ «ծամված» և մեզ հանձնված նյութը սերտել ենք սիրով ու մեծ ոգևորվածությամբ, բայց երբ հերթը հասնում է իմացածը թղթին հանձնելուն, արգելակվում ես, որովհետև դու տրամաբանելու հնարավորություն չես ունեցել, դու պարզապես անգիր ես արել՝ փոքր-ինչ հասկանալով ու չհասկանալով, ու վերջապես արգելակվում ես, որովհետև նյութը դու չէիր «ծամել», այն շատ բարդ կերպով «ծամել» ու քեզ էին տվել:

Բայց ես չեմ մեղադրում իմ ուսուցիչներին, որովհետև նրանք կատարել են իրենց առջև դրված պարտականությունը. այն, ինչը տրված էր ծրագրով:

Հիմա պետք է պատրաստվենք. գուցե միասնական քննություններ հանձնենք: Հրաշալի գաղափար է: Եթե աշակերտը կարող է քննություն հանձնել դպրոցում, ապա ինչո՞ւ ոչ մարզում: Բայց ի՞նչ հիմքերով ստուգել ամենը: Ո՞վ է ասել, որ սա կդիտվի որպես բարեփոխում: Միայն պարզ կդառնա, որ ՀՀ դպրոցների աշակերտների մեծամասնությունը անբավարար է ստացել, դե, հավանաբար, տղաներն էլ բանակ կգնան առանց դպրոցն ավարտելու:

Եկե՛ք մեր կրթական համակարգը տան տեսքով պատկերենք: Տան ամեն անկյունում կան մի շարք ավելորդ առարկաներ, ինչպես դպրոցում, ու մենք չենք հասցնում ուշադրություն դարձնել դրանց, քանի որ կան կարևորները, ինչպես դպրոցում, բայց ցավոք մենք չունենք նաև հնարավորություն դրանք դեն նետելու, կամ լավագույն դեպքում՝ ընտրություն կատարելու: Մենք պարտավոր ենք․․․ Բայց մի՞թե հնարավոր է սերտել բոլոր առարկաները, կամ սիրել դրանք նույն կերպ։ Մենք միշտ պարտավոր ենք եղել հնարավոր դարձնել դա, ու մեզ թվացել է, թե դրա սահմաններից այն կողմ ոչինչ չկա: Մտածել ենք, որ ճիշտ ճանապարհի վրա ենք, բայց ահա, այդ «Ճիշտ ճանապարհին» մեր սխալներն անթիվ են:

Ու հիմա մենք պետք է տունը սկսենք կառուցել տանիքի՞ց: Երեխան դեռ առաջին դասարանից պետք է ճիշտ կրթվի, ըստ այդմ, տան հիմքը ամուր կլինի: Պետք է փոխվեն դպրոցական դասագրքերի նյութերը, կրճատվեն դասաժամերը, ուսուցումը դարձվի ավելի արդյունավետ, դյուրին ու հասանելի, չպարտադրվեն անգիրներ ու շտեմարանային գիտելիքներ, և ի վերջո, թույլ տրվի, որ գլխուղեղը շնչի ու տրամաբանի:

Ու հենց այս ժամանակ կարելի է վայելել ճիշտ աշխատանքի պտուղները:

Ու հիմա, այս ամենի բացակայության պայմաններում, ինչպե՞ս ստեղծել տանիքը, եթե չկա հիմքը:

Բնական է, սա անհնար է միանգամից անելը, բայց պետք է հուսալ ու ճիշտ գործելով առաջ շարժվել բաղձալի արդյունքի հասնելու համար:

anush davtyan

«18-ը 18-ում» ամփոփում

2018 թվականի օգոստոս ամսին Բելգիան հյուրընկալեց 61 երիտասարդների 35 տարբեր երկրներից։ Ամբողջ աշխարհից եկած մասնակիցների թվում էինք երկու հայերս՝ «Մանանա» կենտրոնից ես ու Սուրենը։ Այս ծրագիրը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և ոգեկոչում էր բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել էին կռվի դաշտում կամ հենց իրենց տներում, ովքեր անհայտ կորած էին ճանաչվել, գնացել էին ու այլևս չէին վերադարձել։

Հինգ օրերի ընթացքում 16-20 տարեկան երիտասարդները միջազգային շփումը հասցրին նոր մակարդակի։ Շփվում էինք լրիվ անկաշկանդ, խոսում էինք բոլոր հնարավոր թեմաներից, քննարկում էինք ամեն տեսակի հարց։ Անկախ ազգությունից ու լեզվի իմացության մակարդակից՝ մենք հավասարապես մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, տարատեսակ խաղերին ու զբաղմունքներին, որոնք ուղղված էին պատերազմի մասին հնարավորինս շատ գիտելիքներ ստանալուն։

Հինգ բազմազան օրերի վերջում եկավ նաև այն պահը, երբ մենք պիտի ներկայանայինք, ցույց տայինք այն ամենը, ինչ սովորել ենք այս ընթացքում և ինչ հասկացել ենք այդքանի արդյունքում։ Փակման միջոցառման կազմակերպումը ամբողջովին դրված էր մասնակիցների ուսերին։ Ու չնայած այդ ծանրաբեռնվածությանը՝ մենք կարողացանք պատվով դուրս գալ դրա տակից։ Բոլորը (հատկապես մենք) շատ գոհ մնացին թե՛ մեր թատերական խաղից, թե՛ նկարահանված ֆիլմից, թե՛ պատրաստած ուտելիքից և անգամ մատուցման ձևից։

Սկզբում հաճելի խոսքեր էինք լսում բոլոր ներկաներից ու հյուրերից, իսկ հետո արդեն մասնակիցներով իրարից էինք շնորհակալություն հայտնում իրար հետ անցկացրած ժամանակի համար։ Այս օրերի ընթացքում հասկացանք, որ խաղաղությունը հենց մենք պիտի բերենք ու տարածենք, որովհետև ապագայի սերունդը մենք ենք։ Ու այդ հաղորդագրությունը մեր մտքերում՝ վերադարձանք տուն՝ խոստանալով նորից հանդիպել։ Անպայման։

«Գլոբալ կրեդիտն» ու Կենտրոնական բանկը

«Գլոբալ կրեդիտը»՝ լինելով մշտապես սոցիալական ծրագրեր իրականացնող կազմակերպություն, այս անգամ որոշեց այցելել մեզ՝ Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոց: Կազմակերպությունը մեզ՝ 10-րդ և 11-րդ դասարանցիներիս, հնարավորություն տվեց այցելել Կենտրոնական բանկ և ծանոթանալ դրամաշրջանառության պատմությանը: Մենք հերթով ուսումնասիրեցինք Քրիստոսից առաջ եղած դրամները ու տեսանք մինչև մեր օրերի դրամներն ու թղթադրամները: Ծանոթացանք դրանց պատմության հետ: Որոշ բաների մասին ավելի հստակ տեղեկություններ ունեցանք: Իմացանք նաև այն, որ հայկական դրամները Հայաստանում չեն տպագրվում, այլ եվրոպական երկրներում, քանի որ տպագրական սարքերը մեր երկրի համար թանկ հաճույք են, ու մենք դրանցից չունենք:

Դրամների պատկերները փոխվելու են, քանի որ հին դրամներն արդեն մաշվել են: Դրամների էսքիզները տեսանք: Երեխաների առաջարկած դրամների վրա պատկերված էին Արթուր Ալեքսանյանը, հայտնի ֆուտբոլիստները, մուլտֆիլմի հերոսներ, կերպարներ: Գիտե՞ք՝ ես միշտ համաձայն չեմ եղել էն մտքի հետ, որ մեր հայ մեծերի նկարներն են լինում դրամների վրա, որովհետև կարծում եմ, որ Չարենցը 1000 դրամի արժեք չունի, ոչ էլ Սարյանը՝ 20000-ի, սակայն պարզվեց, որ դա արվել է այն բանի համար, որ կեղծարարները չկարողանան կեղծել դրամը, դիմագծերը կեղծելը դժվար է, իսկ մենք էլ գիտենք, որ որտեղ փող, այնտեղ` կեղծարար: Ինչևէ:

Այնուհետև գնացինք «Գլոբալ կրեդիտի» գրասենյակ, որտեղ մենք հստակ իմացանք մեզ հուզող հարցերի պատասխանները: Ամեն սենյակ մտնելով, հարցեր տալով՝ ունեցանք լիարժեք տեղեկություն ֆինանսական համակարգի մասին: Իսկ վերջում ստացանք նվերներ և՛ Կենտրոնական բանկից, և՛ «Գլոբալ կրեդիտից»:

Հ. Գ. Մեկ է՝ չեմ ընդունում հայ մեծերի նկարներով դրամները։

taguhiHovhannisyan

Այդպես էլ կարուսել չնստեցի

-Կարուսե՜լ, ուխ, հավե՜ս, ուզում եմ նստել…

Այսպես մոտենում ենք կարուսելին, գնում տոմս, և ահա, կարուսելը բարձրանում է: Ոչ մի դժվար բան չկա, կամ այդպես թվում է: Կարուսել, որը սիրում են անկախ տարիքից ու մտածելակերպից: Որը մանկության խորհրդանիշն է: Բայց կարո՞ղ եք պատկերացնել, որ «կարուսել» բառը ինչ-որ մեկի համար նույնիսկ մղձավանջ է։

Կան մարդիկ, որոնց համար կարուսել նստելը մաթեմատիկայի դժվարագույն խնդիր լուծելուց էլ բարդ է կամ թերևս անհնար… Ես ուզում եմ խոստովանել, որ ես այդ մարդկանցից մեկն եմ: Դե, տեսքիցս հեչ չի երևում, որ ես կարող եմ նման տեսակի վախ ունենալ՝ վախ կարուսելից։ Չգիտեմ՝ նման վախը ինչ գիտական անուն ունի, բայց ես իսկապես վախենում եմ կարուսել նստելուց: Չեմ կարող բացատրել զգացողություններս, դրանք շատ ցաքուցրիվ են ու հակասական: Կարծես «Կարապն ու խեցգետինը» պատմությունը լինի: Մի կողմից նստելու և այդ վախը հաղթահարելու ցանկությունն է, մյուս կողմից՝ այդ չհիմնավորված ու ծիծաղելիորեն ամուր վախն է: Ամեն մեկը ինձ իր կողմն է քաշում: Չգիտեմ, կանգնել ու մնացել եմ մեջտեղում: Ախր, այնքա՜ն գեղեցիկ է ու գունավոր, այնքա՜ն եմ նախանձում այն մարդկանց, ովքեր վայելում են չվախենալու հաճույքը: Ես մտովի նստում եմ այն, հա, հենց այն ամենաբարձր կարուսելը և րոպեներ անց հայտնվում ամենավերևում։

Գուցե հենց բարձրն է խանգարում։ Գուցե ես էլ վախենում եմ բարձրանալո՞ւց, այլ ոչ թե հենց կարուսել նստելուց։