
Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի
Ծրագրի վերջին օրն է, այդ իսկ պատճառով այսօրվա համար ոչ մի զեկույց և թիմային աշխատանք չէր նախատեսվել: Առավոտյան բոլոր մասնակիցներով վերջին անգամ հավաքվեցինք, որպեսզի ներկա լինենք փակման արարողությանը ու լսենք ծրագրի կազմակերպիչների խոսքը: Այս ամենն ավարտելուց և միմյանց հրաժեշտ տալուց հետո մեր թիմով նստեցինք գնացք ու ճանապարհ ընկանք դեպի Վիեննա, որտեղից էլ փոխելով երկու ինքնաթիռ, կժամանեինք Հայաստան:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի
Վիեննա ժամանելուն պես առաջինը, որից ամենաշատն ես տպավորվում, շենքերն են, որոնք դրսից զարդարված են քանդակներով ու բարձր դռներով և հիշեցնում են թանգարաններ: Վիեննան տեսնելու համար ընդամենը մի քանի ժամ ունեինք և բարեբախտաբար ծրագրի կազմակերպիչ Մարտինը մեզ համար փոքրիկ տուր էր գծել Վիեննայի ամենահայտնի տեսարժան վայրերով:

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի
Մեր տուրի առաջին կետն էր Վիեննայի խորհրդանիշ Սուրբ Ստեփանոսի Մայր տաճարը, որը դեռ դրսից գրավում է բոլորի ուշադրությունն իր յուրօրինակ գեղեցկությամբ ու մեծությամբ: Կարծես թե էլ ոչինչ չէր կարող մեզ զարմացնել, մինչև չմտանք տաճարի ներսը. բարձր առաստաղ, արձաններ, սրբապատկերներ ու վիտրաժներ: Անհնար է պատկերացնել, թե ինչ ահռելի աշխատանք է կատարվել տաճարը կառուցելիս:

Լուսանկարը՝ Աիդա Շահբազյանի
Մոտենում էր ֆուտբոլի ժամը` Խորվաթիա-Ֆրանսիա, եզրափակիչ, իսկ մենք դեռ չգիտեինք, թե որտեղ ենք այն նայելու: Բացօթյա նստարանները բոլորը զբաղված էին, ու մեծ էկրանին նայելու հնարավորություն չկար, ու մենք որոշեցինք ուղղակի սրճարան գտնել: Լարված ու գոլառատ խաղ էր, ու չնայած Խորվաթիայի պարտությանը, նրանք իսկապես գեղեցիկ ու խաղ ցուցադրեցին:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի
Մեր տուրի հաջորդ կանգառն էր աննկարագրելի գեղեցիկ Բելվեդեր պալատական համալիրը, որը ժամանակին ծառայել է որպես ամառանոց Ավստրիայի մեծագույն գեներալներից մեկի համար: Մեր բախտը բերեց, և մենք շուտ հասանք այնտեղ ու հասցրեցինք տեսնել պալատն ու այգին մինչև նրա փակվելը:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի
Շարժվեցինք առաջ` դեպի Կարլսկիրխե` հսկայական գմբեթ ունեցող կաթոլիկ եկեղեցի, ինչից հետո շարունակեցինք քաղաքում մեր զբոսանքը, տեսանք Օպերայի շենքը, ազգային գրադարանը, Շտրաուսի, Մոցարտի և Գյոթեի հուշարձանները: Փողոցում շրջելիս լսեցինք եկեղեցու բակից եկող դասական երաժշտության հնչյուններ. պարզվեց` բացօթյա բալետ էր հենց եկեղեցու բակում:

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը՝ Միլենա Խաչիկյանի
Մեկշաբաթյա լարված դասընթացներից հետո Վիեննայում վայելեցինք հիասքանչ մի օր և վերադարձանք Երևան: Դեռ կհանդիպենք 17-ի էջերում, կներկայացնենք մեր անցկացրած հարցազրույցները:
Զալցբուրգյան մեր վեցերորդ օրը համապատասխանում էր շաբաթվա վեցերորդ օրվան, և քանի որ այն շաբաթ էր, մենք զբաղված էինք միայն օրվա առաջին կեսը։ Այսօր մենք նոր հյուրեր ունեինք․ ժամանելու էր ժյուրի՝ նույնպես գնահատելու ծրագրավորողների կատարած աշխատանքը։ Օրը սկսվեց ծրագրավորողների զեկույցներով, բայց այս անգամ արդեն ավելի կարճ ժամանակում և ավելի խիստ լսարանի առաջ։ Ծրագրավորողների հետ արդեն ընկերացած լրագրողները նրանց ոգևորում և քաջալերում էին, քանի որ նրանք բավականին լարված և հուզված էին։ Ժյուրին ընտրելու էր չորս հաղթողի, որոնք հնարավորություն էին ստանալու մասնակցելու մենեջմենթի դասընթացի Մակեդոնիայում։

Հուլիսի յոթից տասներկուսը ընկած ժամանակահատվածում Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը կազմակերպել էր դաշտային ճամբար մարզային երիտասարդության համար: Վրանային ճամբարը անցկացվեց Գյումրիի Մարմաշեն վանական համալիրի հարակից տարածքում: Ճամբարին մասնակցում էին տասը մարզերում գործող քաղաքացիական երիտասարդական կենտրոնների ակտիվ երիտասարդները: Յուրաքանչյուր մարզից Գյումրի էին ժամանել երեք-չորս հոգի, ընդհանուր մասնակիցների թիվը հասնում էր քառասունի: Ճամբարում առօրյան բավականին հագեցած էր անցնում: Մասնակիցներին հնարավորություն էր տրվում օրվա ընթացքում մասնակցել տեղական ինքնակառավարման, թափանցիկության, հաշվետվողականության և հանրային մասնակցության թեմաներով դասընթացներին, որոնք վարում էին ոլորտի փորձառու դասընթացավարները: Մասնակիցները նաև հնարավորություն ստացան տեղական ինքնակառավարման ոլորտում դրամաշնորհների մշակման աշխատանքներ իրականացնել խմբերով: Լավագույն խմբերը իրենց ծրագրերի համար ֆինանսավորվեցին հարյուր հազար դրամ դրամաշնորհներով:





