Վահեի այգին մեծանում է

44-օրյա պատերազմի ընթացքում, երբ Վահե Ասատրյանից ընտանիքը լուր չուներ ու համացանցով փնտրում էր նրան, շատ տղաներ գրում էին մորն ու ասում, որ Վահեն է իրենց վիրակապել ու դուրս հանել դիրքերից։

Երևանի պետական Հենակետային քոլեջի դեղագործական բաժնում էր սովորել ու երազում էր ատամնաբույժ դառնալ։ Քոլեջում սովորածն էլ բավականացրել էր շատ ընկերների կյանք փրկել դիրքերում։

Վահեի նկարին նայելիս իր բարությունը, պարզությունն ու հանգստությունը փոխանցվում են քեզ։ Դրան զուգահեռ, ինչպես մայրն է նշում, Վահեն ըմբոստ էր ու անարդարության դեմ պայքարող։

Երբ պատերազմը սկսվեց, Վահեն 2 ամսվա ծառայող էր․ հազիվ էր հասցրել հարմարվել ծառայությանը, զենքին և զինվորական կոշիկներին։ Որպես հայրենիքի երդվյալ պաշտպան՝ Վահեն մեկնեց առաջնագիծ և մասնակցեց Ջրականի և Ասկերանի, այնուհետև նաև բերդաքաղաք Շուշիի մարտերին։

Վիրավոր դաստակով, իր վիրավոր ընկերոջը գրկած՝ Վահեն փորձել էր դուրս գալ Շուշիի մատույցներից։ Ճանապարհին զանգել էր հորն ու ասել, որ Կժկժան ձորի հատվածում են ու սպասում են մութն ընկնի, որ նահանջեն։ Լուսաբացին Վահեն այլևս կապի դուրս չեկավ․․․

Նոյեմբերի 15-ին Կարմիր խաչի միջնորդությամբ Վահեի մարմինը տեղափոխվեց  Մարտունի։ Վահեն զոհվեց հենց իր ծննդյան օրը՝ նոյեմբերի 12-ին։

Մինչ ծառայության գնալը Վահեն իր հայրենի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան լանջին մոտ 300 ծառ էր տնկել՝ հիմնելով իր երազած այգին։ Ցանկանում էր վերադառնալ ու հանգստյան գոտի կառուցել այգում։ Նախքան ոռոգման համակարգ կառուցելը Վահեն տարաներով մեկ առ մեկ ջրում էր իր այգու ծառերը։ Հիմա ծնողներն են շարունակում իրականացնել Վահեի նպատակները․ խնամում են այգին։ Վահեի մայրը՝ Լիլիթը, դեղագործություն է սովորում, որ դեղատուն բացի, ինչպես Վահեն էր երազում։

Վահե Ասատրյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է։

Saro Adamyan

Նախշուն աղջիկը

Կար-չկար, մի տխուր գյուղ կար: Կար այդ գյուղում մի կին: Օրերից մի օր էլ այդ կինը մի աղջիկ ունեցավ: Անցավ քառասուն օր, և մայրը կանչեց գյուղի քահանային, որ օրհնի դստերը: Տերտերը աղոթք կարդաց, օրհնեց մանկանը, իսկ վերջում ավելացրեց.

-Ձեր աղջիկը շատ գեղեցիկ է: Եթե ես ձեր փոխարեն լինեի, անունը Նախշուն կդնեի:

-Դե, եթե ասում եք, անունը Նախշուն կդնեմ: Երևի Աստծո կամքն էլ հենց դա է, – պատասխանեց մայրը:

Տերտերն օրհնեց օջախն ու քայլեց դեպի դուռը, բայց հանկարծ ինչ-որ կարևոր գյուտ արածի նման կանգնեց, խորհրդավոր նայեց կնոջն ու ասաց.

-Լսե՛ք, ձեր աղջիկը այս գյուղը նախշունացնելու է:

Անցան տարիներ, աղջիկը մեծացավ ու դարձավ իսկական նախշուն:

Մի օր մայրը կանչեց աղջկան և ասաց.

-Նախշո՛ւնս, դու արդեն մեծ աղջիկ ես. մի կարևոր բան կա, որ պետք է իմանաս: Երբ դու ընդամենը քառասուն օրական էիր, մեր գյուղի տերտերը քեզ օրհնեց, բայց նաև ասաց, որ քո անունը պետք է Նախշուն դնեմ, և որ դու ես այս գյուղը նախշունացնելու:

Աղջիկը այսպես պատասխանեց.

-Մա՛յր, իսկ ինչո՞ւ շուտ չասացիր. գիտե՞ս՝ ոնց եմ հոգնել այս գորշ ու տխուր գյուղից:

-Գիտե՞ս ինչու, – ասաց մայրը,- ես պարզապես վախենում էի, վախենում էի, որ կգնաս ու ինձ մենակ կթողնես:

-Իմ անո՜ւշ մայրիկ, մի՛ վախեցիր և մի՛ տխրիր, ես վաղը պետք է ճամփա ընկնեմ. ճանապարհն ինձ ցույց կտա լուծումը:

-Դե լավ, Նախշո՛ւնս, եթե այդպես ես որոշել, ես էլ գնամ, մի բան պատրաստեմ, որ հետդ վերցնես. երկա՜ր ճանապարհ ունես գնալու, հանկարծ քաղցած չմնաս:

Առավոտը, երբ աքաղաղը կանչեց, Նախշունը վեր կացավ, վերցրեց մոր պատրաստած պարկը, վերջին համբույրը տվեց ու վերցրեց մորից և ճամփա ընկավ: Անցավ գյուղերով, դաշտերով, անտառներով: Շատ գնաց, թե քիչ, մեկ էլ հանկարծ անտառի լռության մեջ զգաց, որ մեկը տանջվում է մտքերի բեռից:

-Է՜յ,- կանչեց աղջիկը,- ո՞վ կա այդտեղ:

Ծառերի հետևից դուրս եկավ մի տղա:

-Բարև,- ասաց Նախշունը, – ո՞վ ես դու և ի՞նչ ես անում այս մութ անտառում:

Տղան պատասխանեց.

-Ես թագավորի տղան եմ, անունս Արա է: Կյանքի գույներն եմ կորցրել, գույներ եմ որոնում: Իսկ դու ի՞նչ ես կորցրել այս անտառներում,- հարցրեց տղան:

-Իմ գյուղի գույներն եմ կորցրել, ուզում եմ գտնել:

-Արի՛ միասին փնտրենք,- առաջարկեց տղան:

Նրանք շատ քայլեցին, երկար էր ճանապարհը, բայց երկուսով կարճ էր թվում: Երբ հոգնում էին, դադար էին առնում, նստում, Նախշունը բացում էր մոր տված պարկը, որ սովը լռեցնեն:

Շատ անցավ, թե քիչ, մեկ էլ հանկարծ լեռան գագաթին տեսան երկու սպիտակ բան, որ լույս էր արձակում: Մեծ դժվարությամբ Արան և Նախշունը բարձրացան լեռան կատարը, և ի՞նչ տեսնեն՝ երկու հրեշտակ: Հրեշտակներից մեկն ասաց.

-Ի՞նչ եք անում այս մութ անտառներում. չէ՞ որ վտանգավոր է:

Նախշունը պատասխանեց.

- Մեր գյուղին գույներ ենք փնտրում, որպեսզի այն նախշունացնենք:

-Այո՛,- վրա բերեց Արան, – ճիշտ այդպես:

-Այսինքն՝ Աստված նրանց է ընտրել,- ասաց ավագ հրեշտակը կրտսերին:

-Ո՛չ,- ասաց Նախշունը,- տեր հայրն է ընտրել:

-Տեր հոր շուրթերով հենց Աստված է խոսել,- բացատրեց հրեշտակը:- Հիմա ասեմ, թե ինչ պետք է անեք: Այնքան պիտի քայլեք, մինչև հասնեք մի քարքարոտ տեղ: Այդ քարերի մեջ աճած կգտնեք մեն մի ծաղիկ: Դա հրեշի սիրելի ծաղիկն է: Հենց պոկեք ծաղիկը, կհայտնվի հրեշը: Իսկական վտանգը կգա այդ ժամանակ: Դուք պետք է սպանեք հրեշին: Համոզված ենք, որ դուք կարող եք դա անել, որովհետև ձեզ Աստված է ընտրել:

Շատ են գնում, թե քիչ, հասնում են քարքարոտ մի դաշտ: Նախշունը տեսնում է այդ սև քարերի մեջ մի նախշուն ծաղիկ, որի թերթիկների վրա կային աշխարհի բոլոր գույները: Երբ աղջիկը զմայլված քաղում է ծաղիկը, դուրս է գալիս հրեշը: Արայի ուժը ինչ-որ հրաշքով յոթ անգամ ավելանում է, և նա մի հարվածով սպանում է հրեշին: Այդ պահին մի լույս է վառվում: Նախշունի գյուղը նույն վայրկյանին գույներ է հագնում, իսկ Արան հասկանում է, որ գտել է իր կյանքի նախշերը՝ Նախշունին: Նրանք ամուսնանում են, ունենում են յոթ զավակ՝ յոթ գույն, ապրում են երկար ու երջանիկ:

 

Տավուշի մարզ, գյուղ Գետհովիտ 

9 տարեկան

astghik ghazaryan

Առանց նրա

-Ուռա~, ման եկած հաց,- ճչում էինք բոլոր թոռներս` վազելով դեպի Երեմ պապը, երբ նա, հանդից տուն վերադառնալով, բացում էր ուսապարկը: Պապս նախիր էր պահում ու ամեն անգամ գործի գնալիս հետը տանում էր հաց, պանիր, խաշած ձու… Ու ամեն անգամ, երբ տուն էր վերադառնում, հետը տարած ուտելիքի կեսը տուն էր բերում, և մենք` յոթ թոռներս, թողնելով տան թարմ հացը, շատ մեծ ախորժակով խժռում էինք «ման եկածը»: Չգիտեմ ինչու, մեզ թվում էր` էդ հացն ավելի համով է, ու մինչև հիմա էլ այդպես ենք կարծում:

Մինչ նախիր պահելը Երեմ պապը եղել է վարորդ, շուրջ քառասունհինգ տարի իր կյանքն անց է կացրել իր մեքենայի ղեկին: Ինչպես ինքն էր ասում. «Նախկին սովետի բոլոր քաղաքներում եղել եմ»: Գրեթե անգիր գիտեր, թե որ քաղաքը որ քաղաքից քանի կիլոմետր է հեռու, բայց վերջին տարիներին մի քիչ շփոթում էր: Ուներ ճանապարհային քարտեզ ու միշտ ուսումնասիրում էր դա:

Վերջերս ուզում էինք իմանալ, թե Ռուսաստանի չգիտեմ որ քաղաքից Երևան քանի կիլոմետր է: Վերցրինք պապիկի քարտեզը, և ի՞նչ… Պարզվում է, որ միայն պապիկը գիտեր դրանից օգտվելու ձևը: Ու թեև համացանցով կարողացանք վայրկյանների ընթացքում գտնել մեր ուզածը, բայց ավելի լավ կլիներ, որ պապիկը ողջ լիներ, բացեր քարտեզը ու երկար-երկար փնտրեր:

Դեկտեմբեր 13, 2015

valentina chilingaryn

60-ականների դոպամինը

Պապիկս ու տատիկս 1960-ական թվականներին Հայաստան են եկել Պարսկաստանի Հազարջրիպ գյուղից: Նրանց պատմելով` այդ գյուղը եղել է Պարսկաստանի ամենահայաշատ գյուղը: Շատ հետաքրքիր պատմություններ են հյուսված նոր եկողների մասին, բայց ամենահիշատակելի փաստը դեռևս մնում է այն, որ նրանք չափազանց շատ են սիրում թեյ։

-Պապի, կլինի՞ մի բան հարցնեմ:

-Ա՜յ բալա, դու հեր էլ ունես, մեր էլ ունես, գնա էդ հարցերով իրենց տանջի:

-Է՜, ընդամենը ուզում էի իմանայի՝ ո՞նց են սիրահարվում:

-Ո՞նց` ոնց են սիրահարվում: Դե, սիրահարվում են, էլի:

-Օրինակ՝ դու ո՞նց իմացար, որ սիրահարվել ես տատիկին:

-Աշխատանքային կոլեկտիվով գնացել էինք թանգարան, էս տատդ դես էր գնում, դեն էր գալիս, դես էր գնում, դեն էր գալիս, ես էլ ասացի՝ ո՞ւր ես գնում: Դե, տատուդ գիտես՝ սկսեց խունջիկ-մունջիկ գալ, ես էլ բռնեցի թևից ու տարա:

-Ո՞ւր, պապի: Ռոմանտիկ երեկոյի՞։

-Ա՜, չէ:

-Էլ երևակայությունս չի հերիքում սիրո հարցում, էլ ո՞ւր կարող էին գնալ սիրահարները:

-Քաբաբ ուտելու: Տարա, թարմ-թարմ միսը դրեցին լավաշի մեջ, սոխով-բանով սարքեցին, երկուսով կերանք:

-Վա՜յ, պապիկ, ոնց կուզեի՝ իմ ապագա ընկերն էլ այդքան ռոմանտիկ լիներ: Ո՜նց կուտեի:

-Է՜հ, ջահել ժամանակներ…

-Պապի, բա ո՞րն ա եղել էն ամենառոմանտիկ բանը, որ տատիկի համար արել ես:

-Ոչ մի բան, մեր ժամանակներում նման բաներ չեն եղել,- մոտեցավ տատս և արագ միացավ մեր զրույցին:

-Մեր ընտանիքը,- վեհ կեցվածքով շարունակեց պապս,- գյուղի ամենահարուստ ընտանիքն էր, որ փողոցով քայլում էի, տատդ ինձ էնքան էր սիրահարվել, որ քիչ էր մնում՝ իրեն պատշգամբից գցեր, որ դեմքս լավ տեսներ: Ես էլ ասի, որ հավանել է, ես էլ հավանեմ ու գնացի տատիկիդ ձեռքը խնդրելու:

-Դե վերջացրու, հա՜, աղավաղում ես իրականությունը: Դու հեչ էլ իմ սրտով չես եղել: Որ դու չգայիր իմ ձեռքը խնդրելու, մեր գյուղի բոլոր տղաները շարք էին կանգնել,- արագ միջամտեց տատս։

-Տո՜, սուտը… Էդ ո՞ր մեկն էր շարքի մեջ, որ ես չեմ իմացել:

-Լավ, վա՜յ, ժողովուրդ: Պապի, ո՞ր թիվն էր, որ ամուսնացաք,- հարցրի ես։

-71․․․

-Գժվե՞լ ես, այ մարդ, էդ ժամանակ դու բանակում էիր, մենք 69-ին ենք պսակվել:

-Այ, կնիկ, 71-ը չէ՞ր:

-69-ին պսակվեցինք, 71-ին դու արդեն բանակում էիր, որ ես Մարոյիս էի սպասում:

-Ո՞նց, տատ, դուք պսակվել եք ու պապիկը բանակ է գնացե՞լ:

-Բա, ես քո տարիքում արդեն պսակվել էի, տուն էի պահում:

-Գրողը տանի, ինչ ռոմանտիկ եք եղել դուք:

-Զզվցրեց էս էլ երրորդ անգամ, էդ ո՞րն ա,- բարկացավ պապս:

-Դե, ոնց որ սիրով էլի, պապի ջան,- պատասխանեցի ես։

-Հա, տատդ ինձ շատ ա սիրել:

-Է՜, պապի, դու ողջ իրականությունը աղավաղեցիր։ Աչքիս դու ես տատիկի համար հալվել, չես ուզում խոստովանել։ Հա՞, պապի:

-Դե հա, ես տատուդ շատ եմ սիրել: Որ հավանել էի, հաճախ էի սկսել այցելել իրենց տուն: Մի անգամ հերը ասեց՝ էս Չիլինգյարի տղան ինչի՞ է շուտ-շուտ գալիս: Ես էլ ասացի՝ լավ եմ անում, բա պիտի գամ: Առաջին անգամ էր, որ կյանքում մեկի համար նման քայլի գնացի:

-Տա՛տ, բա դու պապիկի մեջ ի՞նչն ես ամենաշատը հավանում:

-Ամեն ինչը,- արագ պատասխանեց պապին:

-Ա՜յ մարդ, թե էդ գործարանը ինչի քեզ էսօր ազատ օր տվեց,- բարկացավ տատս,- համարձակությունը, աղջիկս։

-Բայց դու կգրես՝ ամեն ինչը,- ականջիս կամաց փսփսաց պապիկը։

Սեպտեմբեր, 2018

 

Meline Hayrapetyan

Խաղաղ առավոտների պատրանքը

Լույսն անշտապ բացվում էր այնպիսի խաղաղությամբ, ասես աշխարհում ամեն բան իր տեղում էր, կարծես բոլոր շունչ ունեցողներն ու դրանից զրկվածները այդ առավոտ արթնանալու էին երջանիկ թեթևությամբ։

Այնքան համոզիչ էր պատկերը, որ ես կատարյալ մոռացության էի տվել այն փաստը, որ այսպիսի մի վարակիչ խաղաղությամբ էր րոպե առ րոպե բացվել նաև, օրինակ, 1889թ.-ի ապրիլի 20-ը, երբ Վերին Ավստրիայի մի անիծյալ անկյունում՝ աշխարհում հարյուր հազարավոր ուրիշ մանուկների պես իր աչքերը բացեց Ադոլֆ անունով ու չարագուշակ ազգանունով այդ ժամանակ դեռ իր կարճատև անմեղությունը ապրող մեկը։ Երևի այդ առավոտ ինձ նման մի երազող խաղաղության մասին նույն հեքիաթն էր ներշնչել իրեն՝ գաղափար իսկ չունենալով, որ հենց այդ պահին բացված զույգ անմեղ աչքերը անթարթ հաճույքով դիտելու էին հեղինակային մի կոտորած։ Հետո շղթայակապ օրենքով նման խաղաղություններ էլի շատ կրկնվեցին, ասենք՝ 1914 թ. հուլիսի 28-ին։ Այդ առավոտ ոչ մի մարգարե չէր կռահում, որ ամառային գեղեցիկ օրը հետո, պատմության մեջ մտնելով, սերունդների մոտ սարսուռ է առաջացնելու՝ իբրև առաջին «համամարդկային խաղի» սկիզբ։ Հետո գարնանային նոր կյանք ազդարարող հանգստությամբ բացվելու էր 1915թ․ ապրիլի վերջին տասնօրյակի չորրորդ օրը՝ նորից ոչ ոք չէր կարող երևակայել անգամ, որ այդ հանդարտ առավոտվա երկինքը ժամեր անց ականջ է դնելու հազարների ճիչերին։ 1937թ․, 1939թ․, 1945թ․․․․ Շարքը շարունակելը ցավալիորեն երկար կտևի։ Մոլորակի պատմության բոլոր արյունոտ ամսաթվերին նախորդել են խաղաղ ու գեղեցիկ առավոտները։ Այդ օրը, այդ պահին, սակայն, ես այսքանի մասին չէի մտածել ու ոչ մի առավոտ էլ չեմ մտածել, հակառակ դեպքում վեր կենալու ու օրը ապրելու ցանկությունը իսկույն կմեռներ։

Արդեն կատարյալ լուսացել էր։ Խաղաղության մասին մտքերով քայլերս ուղղեցի դեպի դուռը։ Այն բացելու ու խաղաղությունը ներս խոթելու մի անդիմադրելի ձգտում ունեի։ Դեռ չգիտեի, որ գալու է մի ժամանակ, երբ ամեն եկող օրվա հետ ես ցանկանալու եմ ավելացնել դռների քանակը՝ դրանք երբեք չբացելու երազանքով։ Դա այն ժամանակ էր լինելու, երբ ես լիարժեք ճանաչելու էի աշխարհը ու նրա կեղտից պատսպարվելու հուսահատ փորձեր էի մտածելու։

Դուռը բացելուց հետո, անմիջապես, ուշադրությունս գրավեց անսովոր մի ձայն։ Կանգնած իմ պատրանքների խաղաղության մեջ՝ հայացքով սկսեցի փնտրել դրա հեղինակին, ու կարճատև որոնումներս հայացքս ուղղեցին դեպի բակի խորքը, որտեղ անհիշելի ժամանակներից բանտված մի բարեկամ ունեինք՝ սպիտակ ու մեծ շունը։

Երկաթե շղթան կոկորդին ամրացված՝ նա աղերսագին իր զույգ աչքերով ուտում էր խիղճս։ Երկար ժամանակ բթացած իմ պատասխան հայացքն էլ կանգ էր առել նրա վրա։ Հետո միայն հասկացա, որ հայացքի ու անսովոր իր լացի հետևում ազատության հույսն էր պահել։

Ո՞վ գիտե, երևի ամեն առավոտ ինձ ու բոլորիս նույն այս անօգնական կերպարանքով էր դիմավորել, բայց մենք, խաղաղ աշխարհի պատրանքով տարված, նրա առաջ խղճուկ 2 կտոր հաց էինք դրել՝ ազատության ճիչը խլացնելու անմիտ ցանկությամբ։

Կույր է մարդը իր զույգ գունավոր աչքերով։ Այնքան կույր, որ վայրկյաններ առաջ կարծել էր, թե աշխարհն իր երջանկության րոպեներն է վայելում։ Բայց ինչպե՞ս է նման բան հնարավոր, երբ նրա բնակիչներից թեկուզ մեկին երկաթե շղթան արգելում է շնչել։

Նայում էի պատկերին ու չէի կարողանում ներել ինձ ու բոլորին, ովքեր ազատ ապրել էին մեկի քթի տակ, ով զրկված էր դրանից։

Հիմա, երբ խեղճ այդ էակը գրավել էր ուշադրությունս, պարզորոշ նկատում էի, թե որքան էր մեծանում աչքերի թախիծը, երբ տեսադաշտում հայտնվում էր ուրիշ մի շուն՝ առանց կոկորդ ցավեցնող շղթայի։

Նայում էի աչքերին ու դրանցում տեսնում աշխարհի բոլոր բանտվածների խտացված վիշտը։

-Պապ, ինչի՞ բաց չենք թողնում էս խեղճին,- հայացքով շանը ցույց տալով սկսում եմ,- թող մի քիչ էլ ազատ ֆռֆռա։

-Իրա համար կապված ա, էլի,- անթաքույց անտարբերությամբ պատասխանում է հայրս, որին պատկանում էին շան պաշտպանի, դատավորի ու դատախազի միաժամանկյա դերերը։ Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերով նա էր վճռել, որ խեղճն իրավունք չունի ազատ ապրելու։

-Բայց ընդհանրապես տրամաբանական չի, չէ՞, պա՛պ, բոլոր հարևանների շները ազատ են, ինչի՞ ա հենց մեր Դանին բացառություն (շանը Դանիել անունն էինք տվել, չնայած՝ հետո շոկային բացահայտում եղավ ու պարզվեց Դանիի՝ իգական սեռին պատկանելը, բայց շնորհիվ Մաշտոցի՝ այդ հարցը լուծվեց նրա անվանը վերջից ընդամենը ա տառն ավելացնելով… և վերջ, Դանիելլան կնքված էր)։

-Ինչի՞ ես խորացել, հենց Դանին ա բացառություն, որովհետև հենց ինքն էր մի քանի ամիս առաջ հարևանի էրեխու վրա հարձակվել։ Վտանգավոր ա։

Դանին չարություն էր արել ու մարդկային օրենքներով պատժվելով՝ զրկվել ազատությունից։ Բայց կա արդյոք գոնե մեկ երաշխիք, որ մյուս ազատ շները ինչ-որ մի օր չեն անի չարություն, կա՛մ արդեն չեն արել, կա՛մ հենց այս պահին չեն անում։ Այդ դեպքում թող բոլորը իրենց շների վզին նման մի ծանրաքաշ շղթա փաթաթեն ու ինձ ազատեն հոգի հանող այդ անհավասար տեսարանից, Դանիին ազատեն իր ու իր նմանի ծայրահեղ տարբեր կենսաձևերից։

-Պա՛պ, արի ազատենք, հա՞, Դանիին։ Հաստատ էլ վատ բաներ չի անի։

-Ի՞նքն ա ասել, որ չի անի,- լուրջ դեմքով հարցնում ա պապան էնպիսի տոնով, ասես րոպե առաջ իր համար իմաստ չստացած էդ խոսակցությունից ազատվել է ուզում։

-Խոսք ա տվել, Դանին էլ իրա խոսքի տեր տղա ա,- հակահարված եմ տալիս ես՝ Դանիի աղջիկ լինելու հետ էդպես էլ չհամակերպված տոնով։

-Լավ,- իր բնավորության համաձայն չի կարողանում ինձ մերժել հայրս ու հետո ավելացնում ժպտալով,- բայց եթե քեզ հոշոտի՝ էլ չեմ խառնվելու, որովհետև Դանին իրա խոսքի տեր տղա ա։

Շուտով սկսվեց Դանիի արդարացման ու ազատման գործողությունը։ Ինձ թվում էր, որ մոլորակը իր ծնունդից մինչև այդ պահը երբեք նման գեղեցիկ տեսարանի ականատեսը չէր եղել։

Շղթաներից ազատվելուն պես անբնական մի ցատկով դուրս պրծավ իրեն տհաճ պահեր պատճառած օթևանից։ Հետո էլ երբեք չտեսա նրան այդ կողմերում։ Անձրև, ձյուն, անտանելի շոգ․․․ Կարևոր չէր, բնության ոչ մի ճնշում նրան չտարավ իր նախկին տունը։ Գերադասում էր թրջված ու արևահարված իր ազատությունը։

Մի օր էլ այն պահին դուրս եկա տնից, երբ Դանին բակի անկյունում իր սպիտակ թաթերով հողն էր փորում։ Երկար հետևեցի տեսնելու համար, թե ինչ կա մտքին..․ և ինչ՝ փորած հողի կողմն էր քարշ տալիս շղթաները, որով կապված էր եղել երկար ժամանակ։ Հետո տեղավորեց դրանք հողի տակ ու արագ-արագ ծածկեց հողը։

Դանին թաղեց անազատության իր կապանքները, որ էլ ոչ ոք չկարողանա բանտել իրեն։

Հիմա նա ազատ է ու թեև ամեն օր իր բարձր թռիչքով օդից պոկում է մորս փռած լվացքն ու աստվածային անեծքների է արժանանում, բայց մենք բոլորս ուրախ ենք, որ Դանին էլ ազատ է մեզ պես, որ մենք չենք ամաչում նրա մոտ մեր ազատության համար։ Չարություններ անելիս էլ անգամ մեզնից ոչ ոքի մտքով չի անցնում, որ կարելի է նրան նորից զրկել ազատությունից։

Մի միտք խելագար պտույտով տակնուվրա է անում գլուխս։ Մտածում եմ՝ որքան հրաշալի կլիներ ամեն բան, եթե մոլորակի վրա գտնվող բոլոր բանտված էակները վերստին գտնեին իրենց ազատությունը նույնքան հեշտությամբ, որքան Դանին։

Պաշտպանները համոզեին դատավորին, որ մեղադրյալն էլ երբեք չարություն չի անի (ինչպես ես էի համոզում) դատավորը հավատար դրան ու մեղադրյալի ձեռքերը ազատեր երկաթե շղթաներից (հորս նման), իսկ մեղադրյալն էլ՝ պահելով խոստումը, իսկապես էլ երբեք չարություն չաներ (ինչպես Դանին)։ Անգամ լվացք չպոկեր։

Այդ ժամանակ միգուցե առավոտները բացվեին ոչ թվացյալ երջանկությամբ։

 

Դեկտեմբեր, 2019

 

serine harutyunyan

Մարած լույսի, փակ դռան ու էլի շատ բաների մասին

Հարևանիս տան դուռն էլ, Կոթիի շատ ու շատ տների դռան նման փակ է: Ու ինձ համար հիմա էլ նույն երազանքն է. երանի մի օր բացվի ու էլ չփակվի, երանի մի օր տան ջահելները հետ գան, բացեն տան դուռն ու իրենց ապագան կերտեն պապական տանը, հայրենիքում, թեկուզ սահմանին, բայց՝ հարազատ օջախում:

Տանտիրուհին՝ Ռոզիկ տատը, չնայած վեց զավակ ուներ, այնուամենայնիվ մենակ էր ապրում արդեն երկար տարիներ: Անցյալ տարի աշնանը մահացավ: Քանի ամիս է` չեմ լսում նրա «հաճուխ»-ն ու «ջու-ջու»-ն: Ռոզիկ տատը հանգիստ նստել չէր սիրում, ամբողջ օրը գործ էր անում, նրան օրվա մեծ մասը կարելի էր տեսնել այգում: Հաճախ էլ Ռոզիկ տատին տեսնում էի իր հավերի կամ շան հետ խոսելիս: Նա մի հետաքրքիր սովորություն ուներ՝ երբ հարևաններից մեկը կանչում էր իր հավերին, ինքն էլ էր սկսում կանչել, ու խեղճ հավերը չէին հասկանում, թե որ կողմ գնան:

Հաա՜, մեկ էլ հիշում եմ, որ միշտ ասում էր, թե հավերը երեք տարբեր հավանոցներում է պահում: Խնդիրը շատ հավ ունենալը կամ հավանոցի փոքր լինելը չէր:
-Եթե գողանան կամ դալեն (հավ խեղդող կենդանի)  մտնու խեղդե, գոնե չիմ չվերանան,- բացատրում էր միշտ Ռոզիկ տատը:
Ռոզիկ տատը չկա, բայց նրա այգին անմշակ չի մնալու: Տղան ու հարսն են Նոյեմբերյանից եկել: Նրանք Ռոզիկ տատի կենդանության ժամանակ էլ միշտ գալիս էին, օգնում նրան: Հիմա էլ եկել, ցանկապատը վերանորոգել են, փորում են, ցանում: Ուրախանում եմ, երբ դասից գալիս եմ ու տեսնում, որ նրա այգում մարդիկ կան, որ այգուց գյուղատնտեսական գործիքների ու մարդկանց ձայներ են լսվում, ու ինքս ինձ ասում. «Ինչքա՜ն լավ կլիներ, որ հիմա էլ Ռոզիկ տատի տան լույսը մարած չլիներ, որ նրանից հետո նրա տան դուռը չփակվեր»:
-Տեսնում եմ, որ ամեն տարի գալիս, օգնում էիք Ռոզիկ տատին, իսկ ինչո՞ւ գյուղում՝ նրա մոտ չէիք ապրում, ձեզ մո՞տ էլ նույն՝ աշխատանք չլինելու խնդիրն էր, որ գնացել եք քաղաքում ապրելու,- հարցնում եմ ես Ռոզիկ տատի որդուն ու հարսին:
-Դե, ընդով ամեն տեղ էլ կար,- պատասխանում են նրանք:-Էն ժամանակ, որ մենք գնացել ենք, ամեն տեղ էլ աշխատանք կար: Հըմի ընդեղ էլ չկա, բայց դե արդեն հենց չի գյուղի վիճակը, որ մենք գանք, գյուղում մնանք, բալիկ,- հոգոց հանելով պատասխանում է տիկին Սիլվան:
-Դհենց էլ գրիլ տի՞ս, բալիկ,- կատակում է պարոն Անաստասը:
-Դե հա, որ բառերը փոխեմ, նյութիս համ ու հոտը կկորչի,- պատասխանում եմ ես ժպտալով:
-Հա բա, մեր գյուղական բարբառը պետք ա ըլի,- ասում է տիկին Սիլվան, հետո շարունակում,-դե տենց, էլի, աշխատանքը պատճառ չի: Էս ընտանիքը բազմանդամ ընտանիք ա էլել, պետք ա  բաժանվեինք գնայինք, էլի: Հըմիկ էլ դե տատիկը մենակ էր, գալիս էինք, օգնում էինք:
Ինչ վերաբերվում է աշխատանքին՝ պարոն Անաստասն ասում է.

-Ընդով աշխատանք շատ կար, էէէ՜, ստի էլ, ամեն տեղ էլ կար, կարեիր երեք տեղ աշխատես:
Տիկին Սիլվան էլ հավելում է.

-Ընդով հաա՜, ինչ կար, էէ՜… Ապրելուն, հըմի ա, որ լրիվ ավարտած, դիպլոմը ձեռներին, տեղ չկա աշխատելու: Հըմի իմ աղջիկը 2-րդ կարմիր դիպլոմը կստանա, բայց տեղ չկա, որ աշխատի, չգիտենք` ոնց տենք անի, որ տեղ ճարենք:
-Պետք ա տեղ ըլի, որ ճարես, որ կա ոչ, որդե՞ն ճարես,- կես կատակ-կես լուրջ ասում է պարոն Անաստասը:
Ավարտում եմ խոսակցությունս, հաջողություն մաղթում հարևաններիս ու գնում տուն: Մտածում եմ, հասկանում, որ ինչքան էլ նրանք աշխատանք չլինելու պատճառով չէ, որ հեռացել են գյուղից, այնուամենայնիվ այսօր նրանք էլ շատ-շատերի նման նույն հարցի առաջ են կանգնած: Այն հարցի, որի պատճառով արտերկիր են գնացել Ռոզիկ տատի մյուս որդիներն ու թոռները: Այն հարցի, որի պատճառով այսօր նրա տան լույսը չի վառվում, նրա տան դուռը ուշ-ուշ է բացվում: Ու էլի տարբեր ընտանիքներում շատ ու շատ բաներ չեն լինում հենց այդ հարցի՝ գործազրկության պատճառով:
Ռոզիկ տատն էլ չկա, բայց ես գիտեմ՝ որդին չի թողնի, որ նրա այգին անմշակ մնա:
Շունը, որի հետ Ռոզիկ տատը զրուցել շատ էր սիրում, օր ու գիշեր հսկում է տան դուռն ու կտուրը:
Ես, որ այն ժամանակ դժգոհում էի հարևանիս ամբողջ օրը «ջու՜-ջու՜» կանչելուց, հիմա տխրում ու կարոտով եմ հիշում այն օրերը, երբ Ռոզիկ տատի ձայնից հոգնած փակում էի ականջներս:

Կարոտում եմ, երանի տալիս այն օրերին, որ Ռոզիկ տատի տան լույսը վառվում էր, դուռն էլ՝ ամեն օր էր բաց…

Մարտ, 2016թ.

Լուսանկարչությունը՝ երկրորդ մասնագիտություն

«Պետք է միշտ առաջ շարժվել և ոչ մի դեպքում չհանձնվել»,- մեզ հետ զրույցում ասաց լուսանկարիչ Աստղիկ Գևորգյանը։ Աստղիկը Երևանից է, 32 տարեկան: Երկու երեխաների մայր Աստղիկը երկու մասնագիտություն ունի՝ առաջին մասնագիտությամբ տնտեսագետ է, իսկ երկրորդով` լուսանկարիչ: Մինչև նոր մասնագիտությամբ զբաղվելը, աշխատել է առաջին մասնագիտությամբ տասը տարի, որպես տնտեսագետ, իսկ արդեն երկու տարի է, ինչ զբաղվում է լուսանկարչությամբ:

-Երբ գտնվում էի 2-րդ ֆիզարձակուրդում, հասկացա, որ երկու բալիկներիս հետ դժվար կլինի վերադառնալ նախկին աշխատանքին և աշխատել ժամը 9-ից մինչև 18-ը։ Մի օր երեխաներիս տարել էի լուսանկարահանելու և հենց այդ ժամանակ մտածեցի, որ կարելի է խորանալ այդ ոլորտում, սովորել լուսանկարչություն և աշխատանքը համատեղել երեխաների խնամքի հետ: Կարելի է ասել, որ ամեն բան շատ արագ ստացվեց. ֆոտոապարատ գնելը, սովորելը և հաճախորդների այցը, իսկ մինչ ցանկացա մտածել` արդյոք ճի՞շտ արեցի, արդեն հաճախորդների մեծ խումբ ունեի,- ասաց Աստղիկ Գևորգյանը:

Աստղիկը սովորել է Բավեյան ստուդիայում, մասնակցել նկարահանման դասընթացներին, և մի շարք օնլայն կուրսեր է անցել ռուսական շուկայի լուսանկարիչների մոտ: Նկարում է բոլոր ոճերով, մեծ մասամբ գերակշռում են ընտանեկան և երեխաների լուսանկարահանումները։ Միայն հագուստի խանութների հետ է համագործակցություն ունեցել՝ հիմնականում «օնլայն շոփերի» հետ: Ատղիկի խոսքով, մեծ հաճույքով է իր աշխատանքը կատարում, և ինչքան էլ հոգնած լինի, երբ նկարում է, ամեն ինչ անցնում Է:

-Ապագա լուսանկարիչներին խորհուրդ կտամ նկարել շատ և չմտածել միանգամից գումար վաստակելու մասին,- եզրափակեց Աստղիկ Գևորգյանը:

Մարզաբնակ կին ձեռներեցների համար

Հայաստանի ամերիկյան համալսարանի Բաց կրթության բաժինը հանդես է գալիս բացառիկ առաջարկով մարզերում բնակվող կին ձեռներեցների համար։

Մեծ ուրախությամբ հայտարարում ենք «Հայաստանի մարզերում փոքր կամ սկսնակ բիզնեսի զարգացում՝ կանանց համար կրթաթոշակով» ծրագրի և ընդունելության գործընթացի մեկնարկի մասին։

Ծրագրի նպատակն է նպաստել գործարարության զարգացմանը Հայաստանի մարզերում` հատուկ աջակցություն ցուցաբերելով կին ձեռներեցներին։

Ծրագիրը պատրաստված է Հայաստանի ամերիկյան համալսարանի Գործարարության եւ տնտեսագիտության ֆակուլտետի կողմից և հրավիրում է բիզնեսով զբաղվող անձանց մասնակցելու խորացված վեցամսյա դասընթացի՝

գործարարության, բիզնեսի կառավարման, ֆինանսների կառավարման եւ նոր շուկաների որոնման թեմաներով։ Հիմնական ծրագրին զուգահեռ՝ օտարերկրյա եւ տեղացի մենթորները ծրագրի մասնակիցների համար կապահովեն անհատական եւ գործնական խորհրդատվություն՝ միտված մասնակիցների բիզնեսների զարգացմանը եւ նոր գաղափարների կայացմանը։

Ուսուցման հիմնական մասը ընթանալու է անգլերենով, ուստի նախապես կկազմակերպվի անգլերենի դասընթաց։

Ծրագրի հովանավորն է գիտությունների դոկտոր, ամերիկահայ Հրայր Քաբայանը, ով հատկապես կարեւորելով որակյալ կրթությունը եւ կնոջ դերը զարգացած հասարակությունում, սահմանել է լիարժեք կրթաթոշակ իգական սեռի բոլոր ձեռներեց դիմորդների համար։

Այս տարի ծրագիրը կմեկնարկի հանրապետության հյուսիսային՝ Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերում։

Ծրագիրը նախատեսված է այն աձանց համար, ովքեր ունեն.

● գրանցված փոքր բիզնես,

● բիզնեսի ընդլայնման գաղափար,

● նոր հմտությունների ձեռք բերման ցանկություն։

 

Ծրագրի հայտադիմումը. https://docs.google.com/…/1FAIpQLSdTEjmwujRNf2…/viewform

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է Դեկտեմբերի 11-ը, ժամը 24։00-ն։

Հրավիրում ենք ծրագրով հետաքրքրված անձանց հանդիպուեւմների Բաց կրթության մարզային կենտրոններում։ Հանդիպումների ընթացքում մանրամասն կներկայացնենք ծրագիրը եւ կպատասխանենք բոլոր հարցերին։

Հանդիպումների ժամանակացույցը և Բաց կրթության կենտրոնների հասցեները ստորև`

 

Շիրակի մարզ՝ Նոյեմբերի 29-ին ժամը 12։00-ին

Հասցե՝ ք. Գյումրի, Գայի փ. 1 Տեխնոպարկ, 3-րդ հարկ, ՀԱՀ կենտրոն

Հեռ.` +374 93 86 34 45

 

Լոռու Մարզ՝ Դեկտեմբերի 1-ին, ժամը 12։00-ին

Հասցե՝ ք. Վանաձոր, 12 Շինարարների փ. Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն, 1-ին հարկ, ՀԱՀ Բաց կրթության կենտրոն,

Հեռ.` +374 93 83 94 45

 

Տավուշի Մարզ՝ Դեկտեմբերի 1-ին, ժամը 16։00-ին

Հասցե՝ ք. Դիլիջան, Միյասնիկյան 63 4-րդ հարկ, ՀԱՀ Բաց կրթության կենտրոն

Հեռ.` +374 93 82 64 45