arevik mkrtchyan syunik

Ընտրություններ դասարանում

Հասարակագիտության դասաժամին մեր ուսուցիչը պատմում էր ընտրությունների մասին: Ուսուցչուհին ասաց, որ պետք է ընտրություններ կազմակերպենք դասարանում: Թեկնածու պետք է ընտրենք: Նա առաջարկեց Մանեին և Հարությունին։ Արկղ և բուկլետներ պետք է պատրաստեինք: Հաջորդ դասաժամին մենք արդեն պատրաստ էինք քվեարկության: Մտածում էինք, թե ում պետք է ընտրենք։

Ուսուցչուհին բացատրեց քվեարկելու կանոնները: Հարցեր պատրաստեցինք թեկնածուների համար: Սկսվեց գաղտնի քվեարկությունը: Քվեարկության ավարտից հետո բացեցինք և հաշվեցինք ձայները: 11 ձայն հավաքեց Հարությունը, իսկ 5 ձայն՝ Մանեն: Եվ այսպիսով, 6 ձայնի առավելությամբ առաջ անցավ Հարությունը:

Պատրաստած հարցերից տվեցինք.

-Ի՞նչ ես անելու, Հարութ, քանի որ արդեն ընտրվել ես,- ասաց Անին:

-Ես զբաղվելու եմ դասարանի կարգապահությամբ,- պատասխանեց Հարությունը:

Բայց շատ հետաքրքիր է, ինչպես կարող է նա զբաղվել կարգապահությամբ, եթե նա դասարանի ամենաչար աշակերտն է:

Ընկեր Պետրոսյանն ասաց.

-Պետք է այդ բուկլետները բաժանենք բոլոր ուսուցիչներին, որպեսզի նրանք էլ տեսնեն մեր աշխատանքը:

Բաժանեցինք ամբողջ դպրոցին: Այսպիսով՝ նախագահի ընտրություններն ավարտվեցին, նախագահ ընտրվեց Հարութը:

Այսպիսի միջոցառումների շնորհիվ մենք հաճույքով ենք մասնակցում դասին։

anahit ghazakhecyan nor

երկի՞ր

երկիր,

որ պատերիդ նկարներ են

խզբզում,

կավիճով տողեր են

գրում,

էդ ինձ դուր է գալիս,

որովհետեւ ազատությունս

էդտեղ եմ գտնում

քիչումիչ,

 

երկիր,

որ փողոցներումդ

համբուրվելը մի տեսակ էն չի

դեռ,

որ մարդիկներդ

ամաչում են բառերից,

գրադարանավարներդ՝ գրքերից,

բաց ու փակ պոեզիայից,

իրար աչքերի մեջ նայելուց,

քո մասին խոսելուց:

 

երկիր,

որ փոքրատառվում ես անընդհատ,

որ հայհոյվում ես օրումեջ՝

ցույցից ցույց,

գործադուլից գործադուլ,

որ հեչ էլ հեքիաթ չես,

սովորական ես,

պարզ,

ամենաանկապներից

տեսածներիս մեջ,

 

երկիր,

որ կապ չունես 301-ի,

405-ի,

Լավագույնը

ու անգամ լավը լինելու հետ,

որովհետեւ երկիր,

դու էլ ոչ սիրուն ես,

ոչ բարձրահասակ,

ոչ շիկահեր,

ոչ էլ խելացի:

 

որովհետեւ, երկիր,

միայն մի քանի կանգառում,

գետնանցումի պատերին

ու տաքսիների ապակիներին է

գրված՝

երկիր ես:

 

դու դրան հավատո՞ւմ ես

sona sargsyan

Մշակույթի խոնարհ ծառան

Նույնը մնացիր դու ամբողջ կյանքում,
Նույն պարզ ու շիտակ լոռեցի տղան…

Ապրիլի 10-ին Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում տեղի ունցավ հայ բանաստեղծ, արձակագիր Լիպարիտ Սարգսյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գրական հանդիսությունը, որին ներկա էին սիրելի բանաստեղծի հարազատները, ընկերները, մարդիկ, ովքեր ծանոթ էին բանաստեղծի անցած ճանապարհին:

Հայաստանի գրողների միության նախագահ, բանաստեղծ Էդուարդ Միլիտոնյանն իր խոսքը սկսեց այսպես. «Բարև ձեզ, սիրելի մեծեր և փոքրեր, ինչո՞ւ ասացի՝ մեծեր և փոքրեր, որովհետև Լիպարիտ Սարգսյանն ինքն իր գրական ժանրի կեցվածքով, կերպարով համ մեծ է, համ փոքր, գրում է և՛ մեծերի, և՛ փոքրերի համար»:

Պարոն Միլիտոնյանը վարպետին հանձնեց «Լոռվա ձոր» հայրենակցական միության և Հայաստանի գրողների միության համատեղ ուժերով վերականգնված Հովհաննես Թումանյանի անվան մրցանակը և ՀԳՄ կողմից երկու գրիչ՝ մեկը՝ արձակ, մյուսը պոեզիա գրելու համար, իսկ երբ երկուսը խառնվում են, ստացվում են մանկական բանաստեղծությունները:

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը Լիպարիտ Սարգսյանին կոչեց «մշակույթի խոնարհ ծառա»:

Յուրաքանչյուրը յուրովի ներկայացրեց բանաստեղծի մեծ աշխատանքը, Լիպարիտ Սարգսյանին համեմատեցին Հովհաննես Թումանյանի հետ` ասելով, որ նրա գրիչը կարծես թումանյանական լինի:

Իսկ «Զատիկ» մանկատան երգչախմբի շնորհաշատ սաները կատարեցին Լիպարիտ Սարգսյանի արդեն երգ դարձած բանաստեղծությունները, ինչով նոր երանգ տվեցին հանդիսությանը:

Ցերեկույթը կազմակերպվել էր Հայաստանի գրողների միության, ՀՀ մշակույթի նախարարության և Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի ջանքերով:

levine hambardzumyan

Ինքնակատարելագործման ճանապարհին

Մարդ  շատ հաճախ չգիտի, պարզապես չի կարողանում որոշել, թե իրոք ում կարող է նմանվել: Մտածում եմ ու զգում եմ, որ ես միայն ինձ եմ նման: Մտածում եմ` չգիտեմ, թե որն է սահմանը վեհության, և ինչին պետք է ձգտեմ: Յուրաքանչյուր մարդու հոգու խորքում նստած է մի թաքուն պահանջ, ստուգել իր լավն ու վատը, ստուգել ինքն իրեն, իր մտածածն ու արածը, ճիշտն ու սխալը, արդարն ու անարդարը, ստուգել իր տեղը կյանքում՝ այս արևի տակ, և իր նմանների կողքին, ստուգել իր ապրելու իմաստն ու նպատակը:

Չեմ սիրում նմանվել նրանց, ովքեր նայելով մարդկանց աչքերի մեջ ստում են, խաբում և անտարբերություն ցուցաբերում բոլոր պարագաներում:

Մեծ փիլիսոփա Ռոժե Գարոդին ասել է. «Ինքնակատարելագործման երեք ուղի կա. առաջինը խորհրդածությունների ճանապարհն է, որն ամենաազնիվն է, երկրորդը՝ նմանակելը՝ ամենահեշտը, և երրորդը՝ փորձ ձեռք բերելու ճանապարհն է, որն ամենադժվարն է»: Հենց այս դժվար ճանապարհն է, որին ես պետք է հասնեմ, նմանվելով նրանց, որոնք ունեն կամքի ուժ և մեծ համբերություն:

Ինչքան մտածում եմ, թե իրոք ում եմ նմանվում: Նմանվում եմ և՛ մայրիկիս, և՛ հայրիկիս, որոնց մեջ  զարգացած են բնավորության այնպիսի գծեր, որոնք ինձ թև են տալիս, որ հասնեմ իմ նպատակին: Հայրս իսկական տղամարդ է մեր տանը, մայրս՝ բարության մարմնացում, արվեստը լավ ընկալող և վերարտադրող, մի բան, որ ժառանգել եմ ես:  Ինչքան էլ ուզում եմ չնմանվել որևէ մեկին, այնքան ավելի եմ սկսում նմանվել և ձեռք բերել ծնողներիս բնավորության գծերը: Եվ եթե դա այդպես է, ուրեմն դա ամենալավ նմանակումն է, որ  ես երբևէ  կարող եմ անել լավ մարդ  դառնալու համար:

Ժամանակակից լրագրությունը «Կոնտեքստ»-ում

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Լիանա Թուրյանի

Ապրիլի 9-13-ը Հայաստանում անցկացվում էր «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը։ Մարաթոնի բացումը ապրիլի 9-ին էր՝ Գյումրիում, հաջորդ օրը Ռուսաստանից ժամանած լրագրողներն ու մեդիա ոլորտում աշխատողները սեմինար անցկացրին Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում, իսկ ապրիլի 11-ին հանդիպում էր կազմակերպվել ԵՊՀ լրագրության ֆակուլտետի և լրագրությամբ հետաքրքրվող ուսանողների հետ։ Ելույթով հանդես եկավ ռուսական առաջին ալիքի «Вести» լրատվական ծրագրի հաղորդավար Դենիս Պոլունչուկովը, ով իր «Տեղեկատվական ժուռնալիստիկա» խորագիրը կրող ելույթում նշեց ժամանակակից լրագրության ամենաէական հատկանիշները, ռուսական մեդիայի օրինակով ցույց տվեց ֆեյք լուրերի տարածման մեթոդները, խոսեց հեռախոսային լրագրության և դեպքի վայրից նկարահանումներ անցկացնելու մասին։ Ըստ լրագրողի, լրատվական ժուռնալիստիկայի համար ամենակարևորը օպերատիվությունն ու հավաստիությունն են։

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Լիանա Թուրյանի

Դենիս Պոլունչուկովը նշեց, որ մեծ լսարանի ուշադրությանն արժանանալը շատ բարդ է, այնինչ մեկ սխալն անգամ բավական է նրա վստահությունը կորցնելու համար։ Սա է պատճառը, որ լրատվամիջոցները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն լուրերի հավաստի լինելու փաստին։ Լուրերը ստանալ պետք է անմիջապես առաջին աղբյուրից, իսկ եթե այն վերցվում է լրատվական որևէ գործակալությունից, ըստ հաղորդավարի, պետք է տեսնել, արդյո՞ք նույն լուրը այլ աղբյուրներին հղմամբ կա այլ գործակալություններում, թե ոչ։ «Եթե նույն նորությունը միաժամանակ ստանում ենք մի քանի լրատվական գործակալությունից, հավատում ենք դրա ճշմարտացիությանը»,- ասում է հաղորդավարը։ Իսկ այլ դեպքերում թղթակիցներն անձամբ են ճշտում այլ աղբյուրներից։

Լուսանկարը՝ Անի Ավետիսյանի

Լուսանկարը՝ Լիանա Թուրյանի

Կարևոր է նաև նկարահանումները դեպքի վայրից, որտեղ պետք է հասցնել լինել և՛ օպերատիվ, և՛ գտնել համապատասխան զրուցակիցներ, ովքեր լավագույնս կներկայացնեն իրավիճակը։

Դենիս Պոլունչուկովը խոսեց նաեւ իրենց հեռուստաընկերության մեդիաարտադրանքների մասին, միաժամանակ ցույց տալով, թե ինչ առավելություններ է տալիս համացանցը տեղեկատվության տարածման գործում, միաժամանակ դառնում ապատեղեկատվություն տարածելու միջոց։

 

Պոլունչուկովին շարունակեցին այլ բանախոսներ ևս, ովքեր խոսեցին ժամանակակից լրագրության մի քանի կարևոր խնդիրների, ինչպես օրինակ մեծ համբավ ունեցող թոք-շուների, վավերագրական ֆիլմերի մասին։

Մարաթոնի փակումը կայացավ ապրիլի 13-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը։ Ամփոփվեցին մարաթոնի ընթաքում կազմակերպված մրցույթների արդյունքները։ Այսպես, երեք հայ ուսանողներ հնարավորություն ստացան ստաժավորում անցնել Ռուսաստանում եւ Հայաստանում Ռուսական մշակույթի եւ գիտության կենտրոնում։ Սեմինարների ընթացքում լավագույն ծրագրեր ներկայացրած ուսանողները նաեւ պարգեւատրվեցին, իսկ լուսանկարների մրցույթի չորս հաղթողներն էլ ստացան սմարթֆոններ։

Մարաթոնը կազմակերպվել էր հայկական եւ ռուսական մի քանի ընկերությունների եւ հիմնադրամների կողմից՝ ի նշան հայ-ռուսական բարեկամության։ Այն հնարավորություն տվեց հայ երիտասարդներին ծանոթանալ ժամանակակից լրագրության կանոններին, հավաստի տեղեկատվություն ստանալու եւ տարածելու առանձնահատկություններին, վավերագրական ֆիլմ նկարելու մեթոդերին:

Ավարտին կազմակերպիչները հույս հայտնեցին, որ նման համագործակցություններ առաջիկայում եւս կլինեն։

valentina

Խճճուկ

Հա՜, բայց այնուամենայնիվ, պիտի փորձեիր, պիտի գնայիր, պիտի քայլ անեիր: Պատճառ ես փնտրում: Դու քեզ ես խաբում, ախր, ինձ չես խաբում: Մարդ ինչքան աննորմալ լինի, որ սովորի, պարապի, բայց առավոտյան արթնանա, հանկարծ որոշի, որ չի ուզում գնալ, մերժման նամակ ուղարկի ու օրվա պլանները 180 աստիճանով փոխի:

Դու մի՛ ափսոսիր քո սխալ արարքների համար: Դու դրանք արել ես անցյալում, ուրեմն թող անցյալում, ինչի՞ ես ծանր բեռի պես քարշ տալիս: Ա՜, թեթև ապրի, էլի, էդ էլ մոդուլով անհավասարում չի, որ չես կարողանում լուծել: Ինչ արել ես՝ լավ ես արել: Ժամանակը քո ձեռքն ա, ոնց ուզում ես` «լցրու», ուզում ես` վերջում դեղին սրտիկներ նկարի սովորությանդ համաձայն, միայն մի՛ կանգնիր ու ափսոսիր: Չկատարած արարքների համար են ափսոսում:

-Վա՜յ, մի հատ երկուսդ էլ սուս մնացեք, գնում եմ դաս անեմ, եղա՞վ: Չգա՛ք,- բղավեցի ես ձախ ու աջ ուսերիս նստած ծովախոզուկների վրա, որոնք միշտ հայտնվում են այն ժամանակ, երբ որոշում պիտի կայացնեմ: Ի տարբերություն շատ մարդկանց, իմ ուսերին նստող երկու մարդուկներն էլ բարի են: Երևի մեր միջի չար մարդուկը ես եմ, որը միշտ լի է «դատարկ» ու «հիմար» կասկածներով, ծայրահեղ փոփոխական որոշումներով և տեղը չնստող սնդիկ բնավորությամբ: Եթե շատ մարդիկ ուզում են վերացնել իրենց բնավորության վատ գծերը, ապա ես անգամ չեմ սկսի քայլեր անել դրանք վերացնելու համար: Որովհետև ես ես եմ: Ես այսպիսին եմ, որովհետև ես Վալենտինան եմ, ես չեմ կարող լինել Գեղանուշը կամ, վատագույն դեպքում, Բարսեղը: Կամ մաթեմատիկական երրորդ աքսիոմով հակադարձած՝ ես Վալենտինան չէի լինի, եթե այսպիսին չլինեի: Հետո էլ մարդը չփոխվող տեսակ է: Սուտ է, մեծ վարդագույն տուփի մեջ դրած գեղեցիկ սուտ, ասեմ ավելին՝ վրան էլ կարմիր «բանտիկ», որ մարդ փոխում է իր բնավորությունը: Բնավորության գծերը անկանխատեսելի են, էն իմ սիրած ռեցեսիվ գեների նման, որ միամիտ չեն ճնշվում, թաքնվում են ԴՆԹ-իդ գաղտնի տնակների տանիքների տակ, ու մեկ էլ մի օր այնպես են դրսևորվում, որ ամաչում էլ ես զարմանալ: Էդ ժամանակ առաջացած զարմանքը համազոր է, երբ օրինակ, պատահաբար իմանում ես, որ Վարազդատ անունով մի տղա քեզ անվանում է խճճված անունով աղջիկ: Աա՜, Վարազդա՛տ, եթե դու հիմա նստած կարդում ես սա, կամ վատագույն դեպքում կանգնած ես, ապա հավատա, նստի՛ր: Հաջորդ նյութս կլինի «Ինչպես անհետացավ Վարազդատը», «Փնտրենք Վարազդատին միասին», «Արի տուն, Վարազդատ», «Ո՞ւր է Վարազդատը» վերնագրերից մեկով կամ, լավագույն դեպքում, եթե տրամադրությունս բարձր լինի՝ «Երեք պատճառ Վարազդատից լրագրողին չխճճելու համար» վերնագրով: Չէ՜, լավ, մի՛ տխրիր, էդքան չեմ խճճի քեզ: Միայն նշտարիկ ու վերջ:

Թեմայից չշեղվելով կամ էլ շեղվելով, որովհետև էս խճճուկը կոնկրետ թեմա չունի, պետք է նշեմ, որ խճճուկը իմ հեղինակային նորաբանությունն է: Եթե լեզվի տեսչությունից ընթերցողներ լինեն, թող մտածեն այս բառը գործածության մեջ դնելու մասին: Հիմա մոդա է, չէ՞, հեղինակային նորաբանություն ստեղծելը: Ինչ վեհ ենք, չէ՞ դառնում: Բա մոդան, էդ շատ կարևոր է, ախր, ո՞նց չնմանվենք ուրիշներին, ամոթ ա, չէ՞, հանկարծ տարբեր միտք արտահայտենք: Վա՜յ, էդ հանցագործություն է: Պիտի սահմանափակ մտածելակերպով ապրենք, ինչ տվել են, դրանով բավարարվենք, ոչնչի մասին չբարձրաձայնենք՝ աննկատ, ինչպես ցորենի մեջ թաքնվող արտույտը, կամ մահճակալի տակ ընկած գուլպայի զույգը, ինչու չէ, բուտերբրոտների մեջ սեղմված հոթ-դոգը: Վա՜յ, բա որ մազերդ դեղին ես ներկում, ա՜յ էդ «ամոթագույն» արարքն է, որ կարող ես անել: Էդ ժամանակ գետինը պիտի մտնես կամ օճառն ու պարանը ձեռքդ մտնես լոգարան: Չնայած դրա հակառակ պատկերն էլ է գործում: Եթե ուզում ես տարբերվել, պիտի անպայման մազերդ կապույտ լինեն, հա՜, չմոռանանք դաջվածքների մասին: Օրինակ, եթե քիչ ես ուզում տարբերվել, կարող ես միայն հավերժության նշանը դաջել դաստակիդ, եթե քչից մի քիչ շատ, կարող ես թիթեռնիկ դաջել ուսիդ, իսկ եթե, ուշադրություն (էս մասը կարդալ սև ակնոցով ու պարտադիր լուրջ դեմքով), ուզում ես աննախադեպորեն ու բացառիկորեն շատ տարբերվել, կարող ես ողջ ձեռքիդ վրա բազմազան, երբեմն գունագեղ դաջվածքներ անել: Չէ՜, մի՛ սահմանափակվիր միայն դաջվածքներով ու մազերի գույնով: Շատ պարտադիր է, որ վեհ միտք արտահայտես, որ դու աթեիստ ես, որովհետև ոչնչի չես հավատում: Մինչդեռ աթեիզմի մասին ոչ մի նյութ չես կարդացել ու չգիտես, որ աթեիզմը ոչ թե հավատ չունենալն է, այլ կոնկրետ Աստծո գոյությունը չընդունելը: Էնպես չի` ես շատ բան գիտեմ Աստծո մասին, կամ էն հավատացյալներից եմ, որ ամեն կիրակի եկեղեցի են գնում, ուղղակի կարծում եմ, որ եթե մի բանի չես հավատում, ուրեմն էդ կա, չէ՞, որ չես հավատում: Էս միտքը հայտնի փիլիսոփաներից մեկինն էր, չմտածես` իմն է, ես վեհ չեմ, էլի:

Եթե ավելի լուրջ նայենք էս խճճուկին, ծիծաղելի կթվա, որովհետև տարբերվելը, ըստ իս, մտածողության ձև է: Ես չեմ ասում, որ դեմ եմ գունավոր մազերին կամ դաջվածքներին, աթեիստներին կամ հավատացյալներին: Ընդհակառակը, կողմ եմ դրանց գործածությանը, ասեմ ավելին` ես էլ եմ աթեիզմ ու դեիզմ ուսումնասիրում, որովհետև կասկածներով եմ մոտենում մեր կրոնին ու փնտրում եմ ինձ հետաքրքրող հարցերի պատասխանները, որ հարցականներ չլինեն: Էնպես չի` մեծ բան եմ անում, էլի վեհության դրսևորում չի: Բայց էդ արտաքին «եսիմինչիկներով» չի, որ մարդը պիտի տարբերվի:

Մտածող մարդիկ քչացել են, հիմա եմ հասկանում, թե ինչ էր ասում ընկեր Գրիգորյանը: Ասում է ՝ բոլորը ռոբոտ են դարձել, ոչ մեկի մտքով չի անցնում մտածի, թե ինչ է անում, կարևորը անի, որ երևա` իբր անում է: Ասում է` կապիկությունների հետևից են ընկնում: Էդպես է, չէ՞, բոլորը ցանկանում են կարծիք արտահայտել, բայց ոչ մեկը չի ուզում մտածել: Ես էլ երբեմն չեմ մտածում, և սխալ արարքներիս պատճառով ծովախոզուկներիս հանում եմ քննարկման ուսերիս վրա:

Ու վերջում, չնայած էս խճճուկը վերջ չունի, միշտ կարելի է բացել, ուզում եմ ընկերոջս միացրած սիրելի տրակտորից, որ անջատեմ` գլուխս հանգստանա:

marine yeremyan- aragacotn

Իմ ամենաԱնին

Մեկ տարի առաջ՝ մոտավորապես այս օրերին, միգուցե մի փոքր ուշ, Հայ օգնության ֆոնդի նախաձեռնությամբ գնացի Վանաձորի ծերանոց․ առաջին անգամն էր։

Երբ ցանկություն հայտնեցի մաս կազմել այդ բարի գործի, երբ եկավ գնալու օրը, երբ արդեն ճանապարհին էինք, երբ տեղ հասանք, երբ օգնում էի բարեկարգել ծերանոցի շրջակայքը, դեռևս չգիտեի՝ ինչ եմ անում և ինչու։ Միայն գիտեի՝ անբացատրելի հաճելի էր։

Ծերանոցի ետնամասն էինք մաքրում մի խումբ երիտասարդներով, երբ ես սկսեցի ճանաչել իր տեսակի մեջ քիչ պատահող, պատահական թվացող էակին, ով նույնպես ՀՕՖ-ի շահառու էր եղել և տեղեկանալով, որ ծերանոց պիտի գնանք, միացել էր մեզ։ Ընթացքում հասկացա՝ առաջին անգամ չէր այնտեղ։ Հենց մտանք շենք, սկսեց մեկին փնտրել․ մի պապիկի անուն էր տալիս ու նրանից հարցնում։ Նրա այդ փնտրտուքի մեջ ես վախ տեսա, կորուստի վախ։

Այս ամենը ես հիմա եմ նկատում միայն, այդ օրը ուշադրություն չեմ էլ դարձրել։ Երբ բակում հեռացնում էինք անպիտան խոտն ու մաքրում տարածքը, սկսեց հետաքրքրվել ինձնով․ ավտոբուսում մի քանի բառ էինք միայն փոխանակել։ Հարցնում էր՝ որտեղ եմ սովորում, ինչով եմ զբաղվում, ինչ երազանքներ ունեմ։ Նրա հարցերն սկզբում ինձ «վախեցրին»՝ հստակ պատասխաններ չունեի։ Կայուն չէինք ո՛չ ես, ո՛չ էլ ունեցածս պատկերացումները։

Նա էլ հանկարծ սկսեց հանդիմանել ինձ․ այդ պահին ես այդպես էի մտածում, հիմա եմ հասկանում՝ հանդիմանանք չէր, այլ ինձ՝ աշխարհը ճանաչել տալու մի անկեղծ ցանկություն։

Հետո կապը շարունակեցինք պահել ֆեյսբուքյան հարթակում։ Գրում էի, երբ մի փոքր թեկուզ հետ էի կանգնում ընտրածս ինքնաճանաչման ուղուց։ Մինչ օրս էլ նա կա իմ կյանքում։ Յուրաքանչյուր հաղթանակի հասնելիս միշտ հիշում եմ նրան։ Ընկերներիս խորհուրդներ տալիս նրա խոսքերն եմ կրկնում։ Ասես կյանքի ուղեցույց լինի, որ իր ժպիտով լուսավորում է շուրջը։

Ընդամենը երկու անգամ եմ դեմ առ դեմ հանդիպել նրան, բայց այնքան հեշտ ու միևնույն ժամանակ պարտավորեցնող է ինձ համար գրել իմ կյանքի ամենաԱնիի մասին։ Մինչև նրան հանդիպելը, Անիները շատ սովորական մարդիկ էին ինձ համար, նրան ճանաչելուց հետո ինձ համար մի Անի գոյություն ունի։

Ես ուզում եմ, որ բոլորը իրենց կյանքում կարողանան գտնել պատահական թվացող ու քիչ պատահող այն էակներին, ովքեր սովորեցնում են սիրել այն, ինչ կա, անել ամեն բան՝ զգալու, տեսնելու այն, ինչը պիտի սիրվի։ Անիի շնորհիվ ես կարևորում եմ ինձ տրված ամեն հնարավորություն, հենց նա ինձ սովորեցրեց սիրել ամեն գունավոր բան։

Մոտենում է մայիսը։ Այս տարի նույնպես պիտի գնանք Վանաձոր։ Անհամբեր սպասում եմ։ Ես սիրում եմ այն, ինչ անում եմ, զգում ու տեսնում․ ինձ սովորեցրել է նա, իսկ ես սովորել եմ։

amalya harutyunyan

Մի քիչ «չկրթական» համակարգից

Երբ ընդունելության քննություններ էի տալիս, բոլորի՝ «չես կարող»-ներին հակառակ առավելագույն միավոր ստացա:

Ես երազում էի համալսարանի մասին, գեղեցիկ սպասելիքներ գծում: Մտածում էի` կգնամ համալսարան ու էստեղ էլ հնարավորություններիս թերագնահատում չի լինի:

Առաջին անգամ հասկացա, որ մեծ սպասումներ ունեմ, երբ համակարգչային հմտությունների դասին. «Կարո՞ղ եմ ես քիչ անել, տեսողության հետ խնդիր ունեմ», խնդրանքիս դասախոսս պատասխանեց. «Էնպես անեիր՝ չունենայիր, ուրեմն, քննությանն էլ խնդիր կունենաս»:

Ու չնայած էսպիսի դեպքերն ինձ հետ շատ էին, ես շարունակում էի սովորել: Շարունակում էի, քանի որ հստակ գիտեի՝ ինչ եմ ուզում ու ինչ եմ տանելու համալսարանից: Որոշել էի ցույց տալ, որ ինձ երբեք ոչինչ չի խանգարի: Միջանկյալին, երբ առավելագույն 5-ից 5 էի ստացել, դասախոսս նայեց աչքերիս մեջ, ձեռքը բռունցք դարձրեց ու ասաց` «դուխով»: Սա բավական էր ինձ նորից առաջ գնալու ու հավատալու ինքս ինձ: Հետո ինչ լինում էր, հիշում էի էդ պահն ու նորից սկսում պայքարել:

Կիսամյակը ավարտեցի բավականին բարձր միավորներով: Սակայն բանավոր քննությունների ժամանակ փոխանակ տոմսիս հարցերը տային, լսում էի «Մեղք ես, 14 դնե՞մ, գնաս», «Բա սովորելը բարդ չի՞» արտահայտությունները:

Հա, բարդ է, երբեմն շատ: Բայց ես սովորում եմ, չէ՞: Ինչի՞ համար են տվյալ հարցերը: Ամեն անգամ, երբ դու իրոք ուզում ես սովորել, քեզ կոտրում են, խղճում, ասում, որ չես կարող, հավատացնում, որ կրթական համակարգը քեզ համար չէ:

Էս ամենն ինձ չխանգարեց, որ սովորեմ 2-րդ կիսամյակում, բայց լսել «Եթե նորմալ չի ամեն ինչ հետդ, եթե չես կարողանալու, ինչի՞ ես եկել» արտահայտությունը, մի քիչ շատ նյարդայնացնող էր:

Ու էդպես միշտ է: Դասախոսդ նայում է աչքերիդ մեջ ու հավատացնում, որ ներառում չկա, որ «աննորմալները առանձին պետք է սովորեն» էն դեպքում, որ իրենք ոչինչ չեն փորձել անել, երբ իրենք ոչ մի մատչելի դասախոսություն, գրականություն չեն տրամադրում, երբ մոնիտորները ամենաանհարմարն են, սլայդները` ամենափոքր տառաչափով, նյութերը` համարյա չերևացող տառերով, իրենք համարձակվում են էդպիսի հայտարարություններ անել:

Իրենք համարձակվում են էդպիսի բան ասել, երբ ոչ մի հարմարություն ու մատչելիություն չկա թե շարժողական, թե լսողական, և թե տեսողական խնդիրներ ունեցողների համար: Չկան թեքահարթակներ, հարմար լսարաններ ու նստարաններ, տեխնոլոգիաներ ու միջոցներ, չկան մարդիկ, ովքեր առաջնային պետք է ստեղծեն ներառումը:

Բայց համարձակվում են վիրավորական խոսքեր ասել ու այն դեպքում, երբ քննարկումների ժամանակ բարձրացված մատչելիության հարցին միակ ներկայացուցչական ուսանողական կառույցը ասում է, որ ինքը պարտավոր չի լուծել այդ խնդիրը, որ ինքը չի կարող այդքան բան անել 30 հոգու համար, որ դա առաջնային խնդիր չէ:

Իսկ 2005թ.-ին Հայաստանը միացել է Բոլոնյան համակարգին, ստորագրել համաձայնագիրը, ըստ որի կրթությունը պիտի բոլորի համար լինի, մատչելի լինի անկախ ամեն ինչից, անկախ տվյալ մարդկանց քիչ քանակից:

2010թ.-ին էլ Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների կոնվենցիան, որտեղ նշվում է, որ բոլորը հավասար են և բոլորը ունեն կրթության իրավունք:

Բայց մինչ այժմ այս երկու փաստաթղթերից ոչ մեկը չի վերածվել թղթից գործի, և դեռ հակառակը` մարդկանց կարծիքը հարում է խտրականությանը:

Ու այսքանից հետո համարձակվում են հարցնել, թե ինչի եմ եկել:

Հա, ես հաճախ եմ մտածում, թե ինչի եմ եկել համալսարան, բայց ոչ նրա համար, որ չեմ կարողանում սովորել, այլ նրա համար, որ չգիտեմ` ինչ եմ ստանալու էստեղ, կրթությո՞ւն, թե՞ խղճահարության խոսքեր ու վիրավորանք:

sona mkhitaryan

Պատրաստի՞, թե՞ քո ուժերով

Մանկավարժական համալսարանում դասապրոցեսն իրականացվում է Classroom հավելվածի միջոցով և օգնությամբ: Այդ հավելվածի դեմ կան բազմաթիվ բացասական տրամադրված ուսանողներ, որոնց մի մասի բողոքը սահիկահանդեսների անընդհատ պահանջն է, ոմանցը` գնահատվող առաջադրանքները, ոմանք էլ հետ չմնալու համար հետևում են շատերի օրինակին ու ուղղակի դժգոհ են ամեն ինչից:

Ինձ համար այն ձևական բնույթ է կրում, միաժամանակ ունեմ և դրական, և բացասական կարծիք հավելվածի վերաբերյալ: Վերջինիս միջոցով կապ կարող ենք հաստատել դասախոսի հետ, օրվա ամեն պահի կարող ենք մուտք գործել, տեսնել հաջորդ դասախոսության նյութը, կամ թե սեմինարին որ թեմաներն ենք պատասխանելու: Ինձ համար մի քիչ տրամաբանական չէ այն, որ դասախոսը կարող է վաղվա սեմինարի նյութը տեղադրել գիշերը 2-ից հետո, կամ առավոտյան 7-8-ը, ինչը ես տեսնում եմ առավոտյան 8-ին: Կամ տեղադրել գնահատվող բավականին բարդ առաջադրանք միջանկյալներից մոտ 2 շաբաթ առաջ, ու վերջնաժամկետը՝ նախքան միջանկյալները: Ինձ համար դժվար է լինում միաժամանակ պատրաստվել միջանկյալներին ու կատարել բավականին ժամանակատար առաջադրանք:

Հիմա մենք լսարաններում ոչ մի դասախոսության նյութ չենք գրում, նախքան այդ դասը տվյալ նյութն արդեն տեղադրված է լինում մեր էջում: Հաշված ուսանողներ են, որ նյութերը կարդում են, սովորում: Շատերն ասում են, որ հիմա երիտասարդությունը գիրք չի կարդում: Ես համամիտ եմ, իհարկե, կան բացառություններ, օրինակ՝ որևէ թեմայով ռեֆերատ կամ որևէ այլ բան գրելիս նյութերը, կարելի է ասել, դասախոսները տրամադրում են, կամ տրամադրել են անցած դասախոսությունների մեջ, բայց միևնույնն է, կան ուսանողներ, ովքեր պատճառաբանում են, թե նյութ չեն գտնում: Եթե թեման տային ու ասեին՝ գնա որտեղից ուզում ես՝ գտիր և գրիր, հաստատ կգտնեին ու կգրեին, ու հավատացեք, թեկուզ միայն գրադարաններում այդ փնտրտուքների ժամանակ այնքան գիտելիք ձեռք կբերեին, որ իրենք էլ կզարմանային:

Ուզում եմ ասել, որ ոչ մեր ժամանակներում մեզնից մեծերը այդպես սովորելով է, որ նույնիսկ 5-րդ դասարանում անցած բանաստեղծությունները հիշում են: Հիմա համացանցով կարող ես գտնել շատ նյութեր, բայց այն, ինչ ուսանողին է պետք, միայն ճիշտ գրականության մեջ է: Չեմ ուզում ասածիս հակասել, կդառնա բանավեճ ինքս ինձ հետ, բայց պետք է գրքի երկու էջն էլ կարդալ:

Ես կուզեի ապրել այնպիսի ժամանակներում, որ թեկուզ ստիպված, բայց ամեն գնով գտնեի այն, ինչ ինձ պետք է, ոչ թե պատրաստի տրամադրվեր, որ հեշտ, ուղղակի «copy-paste» անեի, անցներ գնար: Բայց չգիտեմ՝ ապրելով նման կերպ՝ արդյո՞ք կդիմանայի ինձնից մեծերի ժամանակներում…

anush mkrtchyan

Թեք աղջիկ

Միշտ էլ սիրել եմ կայարանները` իրենց խորհրդավոր լռությամբ: Ամեն ինչ մի պահ խառնվում է իրար, իսկ հետո մեռնելու աստիճան լռությունն ու կայարանի հսկիչի ծխախոտի քուլաները միախառնվում են իրար, ու ամեն ինչ դառնում է նույնը` մինչև հաջորդ գնացքը:
Առավել շատ սիրում եմ գլխարկս թեք դնել, այնպես, ինչպես սիրում եմ թեք ապրել, փողոցում քայլել խառը, օվալաձև, բայց ոչ երբեք ուղիղ` ինչպես տետրի լուսանցքը:
Մարդիկ անիմաստ ծխում են կայարանի դռան առջև, անզգա իրար կորցնում ծխի մեջ, իսկ ես, որ ամենից շատ «ուղիղ» բառից եմ վախենում, բարձրանում եմ գնացք ու փորձում պահել թեքությունս մինչև վերջին կանգառը:
Իմ բախտը միշտ չի բերել, ու ես հաճախ ստիպված եմ եղել նստել գնացքում կանաչի վաճառող տատիկի կողքին ու լսել` համեմը` 100, սոխը` 150:
Եթե գնացք էի բարձրացել գիրք կարդալու կամ պատուհանի կողքին լուռ մտածելու, ապա իզուր, որովհետև ես դառնում եմ գնացքի միակ գանձապահը.
-Էս «զդաչին» մի հատ կփոխանցես, ազիզ ջան:
-Հա, իհարկե:
Իսկ հետո էլ ասում եմ` թեք: Մարդիկ երբեք չեն նկատում քո թեք գլխարկը, իրենց զննող ուշադիր հայացքդ, նրանք արգելում են քեզ լինել թեք, քո կամքին հակառակ քեզ դարձնում առաքիչ ու մտցնում ուղիղ գծի մեջ` ինչպես տետրի լուսանցքը:
Դու իրավունք չունես ուրիշ, առավել ևս` թեք լինելու, քանի դեռ աշխարհում կան գնացքում կանաչի վաճառող կանայք, ովքեր քեզ թեքում են ու դարձնում ուղիղ:
…Գնացքը սուլում է, վերջին կանգառն է: Իսկ ես դեռ լսում եմ.
-Համեմը` 100, սոխը` 150…