Բարև: Բարևով եմ սկսում այս նամակս, չնայած, որ գրում եմ այն գիշերվա ժամը 1-ին: Հավատա, այն դու կարող ես կյանքում չկարդալ, սակայն խոսքերը, որոնք իրենց տեղը գտել են այս մի կտոր թղթի վրա և իմ թեթև ձեռքով քո աչքերի առաջ հենց այս դասավորությունն են ստացել, գալիս են միմիայն իմ սրտից: Կենացի նման, չէ՞, հնչեց։ Համաձայն եմ, բայց հավատա, երբեմն բառերն անզոր են նկարագրելու ոչ միայն սերը, այլ նաև հրապուրանքը: Իսկ հրապուրվում է սիրտը գեղեցկությամբ, որը նրան է հասնում աչքերի կերտած դոկումենտալ ֆիլմաշարով, որից էլ ուղեղն իր համար ֆուտբոլային ռեժիսորի նման ընտրում է լավագույն դրվագները և վերածում է ֆոտոդիմանկարների, որոնցով էլ կերակրում է սրտի անկուշտ զգացմունքը: «Գեղեցկությունը նայողի աչքերում է»,- այսպես մի անգամ ասել էր Գոգոլը, ու ես ինչ-որ տեղ համաձայն եմ նրա հետ:
Բայց չեմ ուզում շատ շեղվել նամակիս նյութից և ուզում եմ պատասխանել այն հարցին, որը կախված է վերևում ու շատ է ձգտում վայր ընկնել և ստանալ իր պատասխանը: Եվ քանի որ իմ նյութերում ես շատ եմ սիրում ինքս ինձ հարցեր ուղղել, ես հիմա էլ դա կանեմ մեծ հաճույքով․ «Ծյո՜մ, եղբայր իմ, ո՞վ է քո այս անծանոթուհին, ու ինչո՞ւ ես դու իրեն նվիրում քո այս փոքրիկ նյութը»: Շտապելով պատասխանել առաջին հարցին՝ կասեմ, որ լուսամփոփի պես աղջիկ է, բայց տալ նրա անունը ես չեմ կարող, որովհետև «դուխիս» պաշարը նման քայլի համար չի հերիքի, բայց որպեսզի իմ սիրելի ընթերցողը մնա իմ նյութի աշխարհում, ես կբացեմ գաղտնիքը: Համալսարանում մենք ուսումնասիրում ենք նույն առարկան, և ավելին՝ հայկական պոեզիայի լավագույն գանգուրներից մեկի (խոսքը Պարույր Սևակի մասին է) թոռան դասերը ես անցկացնում եմ նրա հայացքի փնտրտուքներում:
Դե ինչ, վերադառնամ քեզ, անծանոթուհի: Դու ինձ վրա թողել ես ամենաբազմաբովանդակ տպավորությունը, միայն նրանով, որ քո ինքնավստահ աչքերի արտահայտությունը և նստելաոճդ կտրուկ փոխվեցին, երբ իմ «մոջահեդյան թրաշի» մեջ խաղաղ բնակվող շուրթերիցս մարտական տագնապի նման ահարկու ու բարձր ձայնով լսեցիր քեզ ամենահարազատ դարձած այդ 4 տառը, որով քեզ դիմում են քո շրջապատի բոլոր մարդիկ: Գիտես՝ ես միշտ մտածում էի, որ մարդու համար ամենահաճելի մեղեդին իր անունն է, բայց տեսնելով թույլ ինտերնետով բացվող վիդեո հիշեցնող քո միմիկան այդ պահին՝ ես հասկացա, որ քո՝ առաջին հայացքից գերմանական հանգստության մեջ ծովի ալիքներից հարբած նավի ոգի է ապրում: Ու ես հասկացա, որ քո գեղեցկությունը, որը քեզ մոտեցող յուրաքանչյուր տղային ծովաձի է դարձնում՝ զրկելով նրան բառերը դասավորելու նույնիսկ նախադպրոցական մակարդակից, քո մեջ արթնացրել են «Փարվանա» արքայադստերը, ով իր ամրոցում սպասում է կրակի մի փոքր կտոր ձեռքին բռնած ասպետին: Ես ուզում եմ, որ դու հասկանաս, որ նույնիսկ չճանաչելով քեզ՝ ես արդեն կապվել եմ քեզ հետ, ուղղակի կապվել եմ քո անտարբեր հայացքին և քո՝ հայկական սերիալի նման քիչ հանդիպող ժպիտին:
Չսպասես, չեմ ասելու, որ սիրում եմ, որովհետև ասում են, որ նկարիչը պետք է սոված լինի, այդ պատճառով ես էլ կլինեմ սոված, բայց այդ զգացմունքի հանդեպ: Ուղղակի ուզում էի, որ իմանաս, որ այ, էն հետևի նստարանին նստած տղան, որ դասերին մեկ գալիս, մեկ չի գալիս, քո մեջ գտել է իր գրվածքի կենարար աղբյուրը: Ու մեկ էլ՝ հաճախակի ժպտա, սիրուն ժպիտ ունես:
Ասելիքս շատ-շատ է, բայց դե, մի կերպ ինձ ստիպեմ ավարտել այս անհասցե նամակն, ու չգիտեմ, եթե մի երեկո պատահաբար քո աչքերը սահեն այս տողերով, իմացիր, որ ես իրոք ուզում եմ, որ քո ասպետը բերի քո կրակը:
Գիտե՞ք, ես արդեն որոշել եմ՝ պիտի տնտեսագետ դառնամ։ Ավելի կոնկրետ՝ ուզում եմ շուկայագետ դառնալ։ Ու շատ մարդիկ զարմանում են իմ այս որոշման վրա։ Անկեղծ ասած՝ ես ինքս էլ պակաս զարմացած չեմ, որ ի վերջո կանգ եմ առել այս մասնագիտության վրա, բայց հոգուս խորքում հպարտ եմ, տնտեսագիտությունն ինձ համար մի ուրիշ «վեհ» երևույթ է։ Ինչևէ։ Հիմա ասեմ՝ ինչու են բոլորը զարմանում։ Դեռ առաջին դասարանից դպրոցական բոլոր հանդեսների ամենաշատ բանաստեղծությունները ես էի արտասանում, տոնական խնջույքները, դասարանի «քեֆերը» ես էի վարում, հա, համ էլ դպրոցում ամեն տարի Ձյունանուշիկը ես էի, դպրոցական պարահանդեսներն էլ էի ես վարում։ Դե հա, կասեք՝ բայց դրա մեջ ի՞նչ մի արտասովոր բան կա, բոլորս էլ դպրոցում միջոցառումներին արտասանել ենք, երգել ենք։ Հա, համաձայն եմ, բայց իմ սերն ու նվիրվածությունն այդ «խոսելու» ոլորտին այնքան շատ էր, որ ոչ ոք չէր կասկածում, որ պիտի հռետոր, լրագրող կամ էլ հաղորդավարուհի դառնամ։ Եվ անկեղծ ասած՝ այս բոլոր մասնագիտություններն իմ գլխով եկել ու անցել են, բայց դե արդյունքում ունենք այն, ինչ ունենք։
Չնայած՝ ես որոշել եմ տնտեսագետ դառնալ, հոգուս մի գողտրիկ անկյունում ես գրականության ու արվեստի մեծ սիրահար եմ։ Ու ես ամեն անգամ համոզվում եմ դրանում, երբ փշաքաղվում կամ հուզվում եմ ինչ-որ մեկի ասմունքից, երգից կամ նվագած մեղեդուց։ Ասածս ի՞նչ է։ Օրեր առաջ Կապանում անգլերենի ասմունքի ազգային մրցույթն էր․․․
Մրցույթը չէր լինի այնպիսին, ինչպիսին կար, եթե չլիներ Լիզը՝ Խաղաղության կորպուսի կամավորներից մեկը, ով ժամանել է ԱՄՆ-ից և այժմ ապրում է Գորիսում։ Ես իսկապես ուրախ և հպարտ եմ, որ ճանաչում եմ նրան և առիթ ունեմ նրա հետ շփվելու։
Հ․Գ․ Շնորհակալություն բոլոր-բոլորին, ովքեր մի փոքր անգամ մասնակցություն են ունեցել այս մրցույթի իրականացմանն ու կազմակերպմանը։






