ella mnacakanyan yerevan

Չիրագործված երազանքիս ճանապարհին

«Mesdames, Messieurs…»:
Այս բառերով էր սկսվում այն նամակը, որը փշրեց իմ երազանքը հենց այն պահին, երբ թվում էր՝ արդեն այդքա՜ն մոտ էի դրա իրագործմանը: Չէ՛, ավելի ճիշտ՝ երազանքս չկոտրվեց (երազանքները միայն ներսից են կոտրվում, չէ՞), այլ այն հույսը, որը դրդել էր մտովի արդեն դասավորել ճամպրուկս, ընտրել զգեստներս, որոշել, թե Փարիզի կամ Մարսելի որ անկյունում ինչպես եմ լուսանկարվելու ու թե ինչքա՜ն եմ հասցնելու կարոտել մերոնց այդ ընթացքում:

Ը՜, մի քիչ խառն եմ խոսում, չէ՞: Լավ, ուրեմն, եկե՛ք ամեն ինչ պատմեմ սկզբից:
Մարտի սկզբին «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիա»-ն և «Ֆրանսիական միջազգային կենտրոններ Լեո ակումբ»-ը կազմակերպել էին մրցույթ, որին կարող էին մասնակցել 18-25 տարեկան ուսանողները, և որի հաղթողն ամռանը մեկնելու էր Ֆրանսիա՝ երեքշաբաթյա շրջայցի: Ես, իհարկե, դեռ 18 չկամ, բայց քանի որ ներսիս 17-ամյա հրեշտակները (կամ գուցե սատանաները) ինձ հանգիստ չէին տալիս ու անընդհատ «բզբզում էին», որոշեցի ես էլ մասնակցել մրցույթին՝ տարիքային շեմից բացառության կարգով: Ու չնայած թերահավատ էի նրանում, որ 46 մասնակիցներից հենց ես կհայտնվեմ հաջորդ փուլ անցած յոթնյակի մեջ, բայց մրցույթի գրավոր փուլից 2 օր հետո ստացա դա ավետող մի նամակ, որն, ի դեպ, սկսվում էր «Madame Mnatsakanyan»-ով: Մադա՞մ: Էդ ե՞րբ եմ հասցրել ամուսնանալ: Ահագին ծիծաղեցի «մադամ»-ի վրա։ Դե՜, անսովոր էր այդպես լսել ազգանունս, բայց ա՜խ, այդ ֆրանսիական քաղաքավարությունը…
Իսկ բանավոր փուլի մասին ավելի լավ է՝ չխոսեմ, որովհետև բոլորովին չեմ հիշում՝ ինչ եմ ասել դրա ընթացքում: Անկեղծ: Միայն հիշում եմ, որ պիտի համոզեի մի ֆրանսիացու տոնել իր ծննդյան տարեդարձը, իսկ ինքն էլ էնքա՜ն համառ էր իր որոշման մեջ: Բայց, ի վերջո, համոզեցի, ասաց՝ կտոնի: Միայն չհասկացա, թե ինչու չկարողացա նաև համոզել, որ ծննդյան օրը տոնելուց բացի հենց ի՛նձ ուղարկեն Ֆրանսիան տեսնելու: Փաստորեն, չհասա երազանքիս, երբ արդեն չափազանց մոտ էի դրան, և ընդամենը մի քայլ էր մնացել հաղթահարելու, բայց… Միշտ կա մի «բայց»։ Ինչևէ, ես չհաղթեցի, բայց ես ամենակրտսերն էի մասնակիցներից, և ուրեմն ես ամենաշատ ժամանակն ունեմ «կրկին փորձելու»: Ու քանի որ իմ երազանքը չի ստացվել կոտրել (երազանքները ներսից են միայն կոտրվում), կոտրել են միայն հույսս, ես անկասկած նորից եմ բռնելու երազանքս իրագործելու ճանապարհը՝ հավատով, որ վերջին քայլն, ի վերջո, կկարողանամ հաղթահարել:

Արհեստ և արվեստ

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Մարտի 17-ին Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում տեղի ունեցավ «Արհեստ և արվեստ» խորագրով ցուցահանդես, որին մասնակցում էին պատանիներ Հայաստանի 17 ուսումնարաններից, տարբեր մարզերից ու քաղաքներից` Գյումրիից, Վանաձորից, Երևանից։ Միջոցառման ընթացքում երգիծական ներկայացմամբ հանդես եկան Գյումրի քաղաքի արվեստի քոլեջի սաները, ներկայացվեցին նաև երգեր, երաժշտական համարներ:

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն տիկին Մնացականյանը իր խոսքը հղեց ներկաներին.

-Միջին մասնագիտական և արհեստագործական կրթությունը Հայաստանում ունի դարերի պատմություն: Դեռևս 4-րդ դարում Հայաստանի հնագույն մայրաքաղաք Դվինում զարգացած էին արվեստի տարբեր ճյուղերը՝ գորգագործություն, խեցեգործություն, ապակու արտադրություն։ Արվեստը ծնվել է մարդու հետ և կմեռնի մարդու հետ։ Այս ցուցահանդեսով մենք ցանկանում ենք բարձրացնել, արժևորել միջին մասնագիտական կրթությունը, այն իսկապես մեծ դեր է խաղում երկրի զարգացման հարցում։

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Լուսանկարը՝ Թամարա Ավագյանի

Միջոցառմանը ներկա էր նաև Հայատանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության մասնագիտական և արհեստագործական կրթական հաստատություններով զբաղվող վարչության պետ Ա. Աղբալյանը, նա իր ողջույնի խոսքը հղեց բոլորին, շնորհավորեց քոլեջների սաներին։
-Գյումրու 4-րդ արհեստագործական ուսումնարանում ուսանում են մի քանի մասնագիտություններ` փայտի գեղարվեստական փորագրում, խոհարարություն, համակարգչային օպերատորություն։ Միջոցառումը շատ լավ բնութ ունի. երեխաները հնարավորություն ունեն տեսնելու, համեմատելու և ավելի զարգանալու,- նշում է արհեստագործական ուսումնարանի ներկայացուցիչը:

gohar abroyan gegharkunik

Իմ գարունն եմ ուզում

Պարզություն, մաքրություն, սեր ու ջերմություն եմ զգացել ամեն տարի գարնանը։ Արդեն գարուն է՝ մարտ ամիսը, ինքս ինձ ստիպում եմ նայել օրացույցին՝ հասկանալու, գիտակցելու համար, որ արդեն սկսվել է տարվա ամենապայծառ եղանակը։ Երբեմն միտքս կանգնում է այն գաղափարի վրա, որ ինձ կորցրել եմ, ինձ թողել եմ ինչ-որ հարազատ վայրում, ինչ-որ տեղ մոռացել եմ ինձ։ Միայն հասկանում եմ, որ գարուն է, երբ արդեն մի կողմ եմ դրել տաք գլխարկս ու ձեռնոցներս, երբ ծաղկել են ծառերն, ու շուրջբոլորը կանաչ է։ Ինչքան ուրիշ են զգացողություններս, ինչքան խորթ է ինձ համար գարունը։ Երբ հիշողության գիրկն եմ ընկնում, մտքի թռիչքով գնում եմ գարունս։

Իմ գարունը, իմ հիշողության գարունը ձնառատ է, բայց այնքան կատարյալ, անթերի, լուսավոր ու ջերմ։ Հիմա էլ եմ քայլում դասի՝ ձեռքիս պայուսակս է, ու շտապում եմ, որ չուշանամ, գրեթե նույն պատկերն է, ինչ հիշողությանս մեջ, բայց այնտեղ կողքովս քայլում է ընկերուհիս, առավոտյան 7-ին շտապում ենք պարապմունքի։ Վազում ենք դատարկ փողոցներով, գոռում, որ երջանիկ ենք ու սիրում ենք մեր ցուրտ գարունը։ Ցրտից կարմրած հասնում ենք պարապմունքի, մեր ընկերներն արդեն սպասում են մեզ, նստում ենք ու երազում ուսանող լինելու մասին, իսկ դասի գնալու ճանապարհին պատմում մեր ակնկալիքների, մեր նպատակների ու երազանքների մասին ու ժպտում ենք լայն ու անկեղծ ժպիտով, սառած հասնում դասի, մեր գարնան ցուրտն էլ էր արդեն հաճելի լինում։

Հիշողություններս լքում են ինձ, երբ հասնում եմ համալսարան, հուզմունքս թաքցնելու համար ժպտում եմ, պարզապես ժպտում ու հասկանում եմ, որ իմ ձնառատ գարունն եմ ուզում, իմ ընկերներին, իմ մաքուր ու անկեղծ ժպիտներով մարդկանց։ Հասկանում եմ, թե որտեղ եմ թողել ինձ, գիտակցում ու կարոտում եմ։

Ասում են՝ գյուղումս արդեն գարուն է…

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Ոչ մի նոր հանք: Մենք ենք մեր սարերի տերը

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Մեր գյուղերն ու քաղաքները հարուստ են բնությամբ, սարերով ու լեռներով: Ծննդավայր, որտեղ ամեն մի ծառ ու թուփ արդեն հարազատ են դարձել։ Երբ նայում ես սարերին, դրանց հետ հաստատ կապված լավ հիշողություններ կան, երբ առավոտյան բացում ես աչքերդ, լուսամուտից դուրս ես նայում, հասկանում ես, որ միայն դա կարող է լինել իդեալականը այն ամենի մեջ, ինչը շրջապատում է քեզ, և այն կոչվում է բնություն:

Սիրո՞ւմ եք բնություն, կանաչ դաշտեր, մաքուր օդ: Ես էլ եմ սիրում, բայց ի՞նչ կլինի ձեզ հետ, երբ մի առավոտ արթնանաք և տեսնեք՝ ինչ-որ մի ռուսական ընկերություն որոշել է գալ և մեր անաղարտ բնությունը քայքայել: Երբ ասում եմ՝ քայքայել, հասկացեք՝ ամբողջովին վերացնել, քանի որ նրանք մեր սարերը քանդելու և նրանց փոխարեն հանքեր կառուցելու նպատակով են գալիս:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Հա՞նք, երբ տեսնում ես Թեղուտի մեծ վերքը, սիրտդ արդեն վախ է ընկնում, շուրջը՝ կանաչ անձեռակերտ բնություն, իսկ այդ բնության սրտում Թեղուտն է՝ իր սահմանը չերևացող հանքով: Դե, երևի մտածել են, որ պետք չի տարբերվել և հենց դրա համար էլ որոշել են նրա շրջակայքն էլ հանք դարձնել: 10000 աշխատատեղ կբացվի, մարդիկ նյութական խնդիրներ չեն ունենա: Լավ, հասկացանք, նյութական խնդիրներ չեն ունենա, իսկ առողջակա՞ն: Մտածե՞լ են արդյոք՝ ի՞նչ կլինի մարդկանց վիճակը մի քանի տարի հետո, երբ տարածաշրջանի գրեթե 50 տոկոսը ապրուստի միջոցը վաստակում է հենց անասնապահությամբ:

Հայաստանը ցանկանում են զարգացնել էկոտուրիզմի ոլորտում, հաստատ կարող եմ ասել, որ սա այն տարածաշրջանն է, որը կարող են էկոտուրիզմի կենտրոն դարձնել: Բայց ի՞նչ են անում հիմա։ Դե, հիմա էլ տուրիստները կգան, կզմայլվեն մեր չքնաղ, համաչափ փորված հանքերով, կնկարվեն նրանց ֆոնին և կհեռանան:

Սրբասարը տասնյակ և հարյուրավոր կիլոմետրեր հեռու է գտնվում Արագածից, բայց երբ կանգնում ես Սրբասարի գագաթին, Արագածի չորս գագաթն էլ երևում է, սա բացառիկ երևույթ է:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Չենք թողնելու, չենք թողնելու նույնիսկ մի քար անգամ հանեն մեր սարերից: Հասարակ գյուղացուն մի ծառ անգամ չեն թողնում կտրել, իսկ իրենք եկել ու հեկտարներով անտառապատ տարածք են հանքարդյունաբերության կենտրոն դարձնում: Գիտակցում ես, որ դու մի քանի տարի հետո փակելու ես տանդ դուռը և հեռանալու՝ չգիտես, թե ուր, բայց հաստատ գիտես, որ հեռանալու ես, քանի որ այստեղ ապրելը այլևս իմաստ չի ունենալու, որովհետև ամեն ինչ աղտոտված է լինելու:

Մենք հայ ենք, մենք գիտենք մեր հողի գինը, մենք են մեր սարերի տերը, և ոչ մի նոր հանք չի բացվելու:

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Լուսանկարը՝ Արտյոմ Մամյանի

Ոչ մի նոր հանք:

Ըլող բան չի:

Milena movsesyan yerevan

Երթուղային-հիվանդանոց

-Ես էդքան դեղի փող որտեղի՞ց տամ: Թողեցի, եկա:

Երբ խոսում են երկրում տիրող աղքատության մակարդակի մասին, հայտնում են ինչ-որ տոկոսային թվեր, իրապես չես պատկերացնում երևույթի լրջությունն ու ցավը: Իսկ երբ սեփական աչքերով ես տեսնում, ավելի քան համոզվում ես:

Վերջերս ականատես եղա մի տարօրինակ դեպքի: Երթուղային բարձրացավ մի ծերունի: Հագին կիսաթև վերնաշապիկ էր, իսկ դրսում՝ ձմեռ: Ողջ մարմնով դողում էր: Նրան նայելով՝ ուղևորներն էլ սարսուռ զգացին: Նկատեցինք, որ կաթիլային է միացված ուռած ձեռքին: Բարեբախտաբար, բժշկությունից հասկացող մի կին կար, որն ապահովեց սարքի ճիշտ աշխատանքը: Մյուսները քաղցրավենիք և միրգ հյուրասիրեցին քաղցած հիվանդին: Չեմ մոռանա, թե ինչպիսի ագահությամբ էր ուտում: Պարզեցինք, որ հիվանդանոցից ինքնակամ դուրս է եկել՝ դեղերի գումար չունենալով: Իսկ տանը նույնիսկ խնամող չունի: Բարկացած տատիկները խորհուրդ էին տալիս միանգամից քաղաքապետարան գնալ:

Մտածում եմ՝ կգտնվի՞ որևէ մեկը, ով կհնչեցնի մեղավորների անունները, կասի պատճառների մասին ու կառաջարկի լուծումներ:

emma miqayelyan-2

Ամեն մարդ իրա դարդին

-Ո՞ւր ա Էմման, երեխե՛ք,- դասարանում բարձրաձայն գոռաց Ալիսը։

-Ստեղ եմ, ի՞նչ ա եղել,- արդեն ձանձրացած ասացի ես։

-Է՛մ, իմանաս՝ ինչ եմ իմացել…

-Ի՞նչ ես իմացել,- անտարբեր ասացի ես։

-Ուրեմն լսի, իմացա՞ր, որ Սյունեն ու Ռոբը ընկերություն են անում, բա տեսա՞ր՝ ինչ ծաղիկներ էր բերել դպրոց Ռոբը, որ Սյունեին նվիրեր ծննդյան կապակցությամբ։

Գլուխս ցավից պայթում էր, համարյա չէի լսում, ականջիս մեկ-մեկ բառեր էին հասնում՝ընկերություն, ծաղիկ, նվեր։ Ի՞նչ էր խոսում՝ չէի հասկանում, այսինքն՝ չէի լսում, որ հասկանայի։ Մտքերով հասել էի 7-րդ երկինք։ Մտքերս կիսատ թողնում ու մտածում եմ՝ ինչպես կանցնի մեր բաց դասը։ Հետո լսում էի տարօրինակ ձայներ. ստամոքսս հարցնում էր.

-Տեսնես՝ մամադ ի՞նչ ա եփել։

-Է՛մ, դու լսո՞ւմ ես։

-Հա, հա,- վստահ պատասխանում եմ ես, բայց գաղափար չունեմ, թե ինչ էր պատմում։

-Ուրեմն տատիկս, երբ Ռուսաստանից եկավ, գիտե՞ս՝ ինձ ինչ էր բերել…

Մտածում եմ՝ ընդհատեմ, բայց կնեղանա, է, լավ, թող խոսի՝ հանգստանա, թեթևանա, ես էլ մտածեմ՝ որ գնամ տուն, ինչ պիտի պատրաստած լինի մաման։ Երանի «ժարիտ» լինի… Մի կտոր թխվածք լինի շոկոլադով, չեմ հրաժարվի, ա՜խ, էս ոնց ա բղավում ստամոքսս։ Մտածմունքներս ընդհատվեցին, հնչեց զանգի ձայնը.

-Է՛մ, դե վաղը կբերես, հա՞, չմոռանաս,- ասաց Ալիսն ու վազեց դասարանից դուրս։

Թե ինչ պիտի բերեի՝ չգիտեի…

margarita voskanyan lori

Ես ուղղված եմ քեզ

Բարև: Ես նամակ եմ: Եկել եմ հեռավոր անցյալից: Եկել եմ քո ներկայիս ժամանակաշրջան:

Ես դժբախտ ու միաժամանակ երջանիկ նամակ եմ: Իմ ներսում ցավ, վիրավորանք, տխրություն ու, միևնույն ժամանակ, սեր, երջանկություն, հույս և հավատ կա:

Դե հա, ես տարօրինակ նամակ եմ: Մի քիչ պատմեմ իմ մասին:

Ես ծնվել եմ Եգիպտոսում: Այսպես ասած՝ մայրս եղել է Կլեոպատրա թագուհին, նա է ինձ առաջին անգամ ճամփորդության մեջ դրել, առաջինն ուղղված եմ եղել Կեսարին: Ցավոք, հենց սկզբից ես վիրավորանք ու անհավատարմություն տարածեցի:

Հետո շատ տարիներ անց հայտնվեցի Հայաստանում: Ինձ համար իսկապես մեծ պատիվ էր Հայոց հզոր թագավոր Աշոտ Երկրորդի հույզերն ու զգացմունքները փոխանցել իր սիրելիին՝ Ասպրամին:

Պատերազմի թեժ կետերում էլ եմ եղել: Ֆրանսիայի թագաժառանգ Շառլը ինձ ուղարկեց Ժաննա դ’Արկին՝ խոսելով ինչ-որ թվերի ու զորքերի մասին: Եվ հենց այդ դարաշրջանում էլ քիչ էր մնում կնքեի մահկանացուս: Ինձ պատրաստվում էին այրել Ժաննայի հետ. պատահմամբ փրկվեցի:

Հասա մինչև Նապոլեոնի ժամանակաշրջան: Իսկապես շատ բան կարող եմ պատմել նրա մասին: Ես նրա հետ Սուրբ Հեղինե կղզում էի:

Անցա բազում դժվարությունների միջոցով ու հասա մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմ: Այս տարիներին ես իրականացրի իմ կյանքի գլխավոր առաքելություններից մեկը: Ես նամակ էի, որը որդին մորն էր գրում, զինվորը՝ սիրած աղջկան, հրամանատարը՝ ժողովրդին:

Հետո երկար ժամանակ հանգստի մեջ էի, ինձ՝ որպես երկար ճանապարհորդության մեջ եղած նամակի, պահում էին անգլիական մի թանգարանում:

Հիմա ես քո ժամանակաշրջանում եմ: Ես քեզ մոտ եմ եկել Սիրիայից, Իրաքից, Իսրայելից ու բոլոր այն երկրներից, որտեղ պատերազմ է:

Ես քեզ եմ բերել այդ վայրերի մարդկանց աղերսները, որոնք ուղղված են համայն աշխարհին: Ու չէ որ դու էլ, քո ընկերն էլ ու բոլորդ էլ այս աշխարհն եք: Եվ կապ չունի, թե դու մոլորակի որ ծագից ես, ինչ ազգություն ունես կամ ինչ գաղափարներ:

Ես ուղղված եմ քեզ: Ես խաղաղության, համերաշխության ու հանդուրժողականության նամակ եմ:

ani avetisyan nor

Մի ուսանողի պատմություն

Կանգնում եմ առաջին հարկում ու մտքում հաշվում՝ քանի րոպե կտևի բարձրանալը։ Որպես կանոն ստացվում է։ Դե, գոնե մեկ-մեկ, մեկ- մեկ՝ չէ։ Էդ դժվար ճանապարհին միշտ նայում եմ ինձ հավասար բարձրացող վերելակին, որից ավելի արագ շարժվում են ոտքերս, մտքերս՝ էլ չասեմ։

Ամենածանրը 3-րդ հարկով անցնելն է։ Կարդում եմ «Արևելքն այստեղ է» գրվածքը ու սրտի խորքում ուզում չորս տարի Անի Արևելցի լինել, բայց դե դեռ մտածում եմ, թե իմ կոչումը լրագրող «դառնալն է» (իրականում՝ լինելը): Հուսամ, միտքս չեմ փոխի։ Իսկ դրա համար կան չորրորդ եւ հինգերորդ հարկերը։

Վերևում եմ։ Հիմա էլ լարում եմ հիշողությունս՝ պարզելու՝ որ լսարանում էր դասը։ Դե, որովհետև ալարել եմ դասացուցակը, հայերեն ասած, ներբեռնել հեռախոսիս մեջ։ Սիրուն բառ է, չէ՞։ Ի՞նչ անեմ, մեկ է, դուրս չի գալիս։

Բայց դասացուցակս առաջին փորձից անգիր անել ստացվեց։ Նախորդ կիսամյակում մինչև վերջ էլ միայն երկուշաբթի օրվա առաջին ժամն էի հիշում։ Առաջընթացը քիչ չէ, ինչ խոսք։

Դասը սկսվել է։ Ուսանողները նստած են՝ մեկը աշխարհի ամենահետաքրքրասեր մարդու հայացքով, մյուսը՝ հակառակը։ Ես էլ եմ նստած, հայացքիս «ժանրային պատկանելությունը» չեմ հիշում։ Բայց նստած եմ։ Կարծեմ՝ կանգնած մարդ չկար։

Հա, մեկ-մեկ դասի ժամին ականջներումս “battery low” եմ լսում: Ականջակալներիս սիրած արտահայտությունն է ու իմ չսիրած հոգեվիճակը, մանավանդ դասերին։

Հետո դասն ավարտվում է։ Համենայնդեպս մեր բոլոր դասերը ինչ-որ պահի ավարտվում են, ու հենց էդ պահին են հնչում ամենահետաքրքիր ու կարևոր հարցերը: Կամ, դրանք էդպես էլ չեն ուղղվում ոչ մեկին, ոնց որ իմ դեպքում։ Գիտեմ՝ լավ չէ։ Բայց էսպիսինն եմ ես, ի՞նչ կարող ես անել։

Սոկրատն ասել է՝ խոսիր, որ տեսնեմ քեզ: Էստեղ մի հավես բան կա։ Ես, օրինակ, վատ եմ յուրացրել էս կանոնը, իսկ մարդիկ էլ կան՝ կյանքի նպատակ են դարձրել։ Խոսելը։ Մեկ-մեկ ուզում ես ասել՝ լռիր, որ լսեմ քեզ։ Բայց դե, էլի չես ասում։

Որ փիլիսոփայելու հավես ունենայի, կասեի, թե կյանքի ամենաերկար ժամանակահատվածը ուսանողներն անցկացնում են աստիճանների վրա կամ լսարան փնտրելիս։  Երևի ավելի երկար, քան լսարանում, բայց չէ։ Ուսանողներ կան, որ վերելակով են «գնում-գալիս»։ Իսկ ես հավես չունեմ։ Ոչ փիլիսոփայելու, ոչ էլ վերելակ «կանչելու»։

Չնայած վերջինը հնարավորությունն էլ չունեմ, գոնե մեր մասնաշենքում։

Ինչպես սկսվեց ու չի ավարտվելու

Բարև։ Ինձ ճանաչող գրեթե ամեն մարդ գիտի, թե որտեղ եմ ապրում ես։ Եթե ընդլայնված տեսանկյունից նայենք, հավանաբար հասկացաք` աշխարհում, թեպետ իմ աշխարհը, բախտի բերմամբ, մի փոքր այլ է։ Իմ աշխարհում 5 հոգի կան` Վանը, Վասպուրը, Մարիաննան, Մարեկը ու ես։ Ի դեպ, մենք շատ լավ ենք ապրում մեր աշխարհում, միշտ միասին ենք` ճանապարհին, դասամիջոցին, երազում, սենյակում։ Ինձ ցանկացած հարցում օգնում են, այ թե իրական ընկերներ են։ Իսկական հակասթրեսներ են, չնայած, ես միշտ սթրեսի մեջ եմ այն մտքից, որ իրենք միայն իմ երևակայությունում ու ականջներում են (սրանից էլ լավ սթրեսի առիթ)։

Ամեն ինչ սկսվեց մոտ 5 ամիս առաջ, երբ ես սովորականի պես ուղղակի մտա յութուբ, լրիվ անիմաստ սկսեցի երգ փնտրել կիթառով նվագելու համար ու գտա աշխարհ, որտեղ ես հիմա ապրում եմ։ Ես գտա Նեմրային, սկսեցի լսել բոլոր երգերը՝ զգալով ու ընկալելով ամեն մի նոտան, բառը։ Տարվեցի, չհասկացա, թե ոնց էդքան շատ սիրեցի։ Սկսեցի երգել ամբողջ օրը ու քթիս տակ արտասանելով ‹‹the rain is falling down outside›› բառերը՝ անել ամենն, ինչ անում էի առաջ։ Հետո, բնականաբար, արեցի այն, ինչի համար որ էն ամենասկզբում մտել էի յութուբ. գտա ակորդները ու սկսեցի նվագել` զգալով ամեն պահը։ Ես, ընդհանրապես, շատ ազատ մարդ եմ, չեմ ընկճվում, բայց գրողը տանի, սա երգելուն չէր վերաբերում։ Երգելիս դառնում էի ձկնորսի ձայները լսած ձուկ` դողում էի։ Բայց նախկին հիպերկոմպլեքսավորված անձնավորությունս սկսեց երգել։ Ու ի՞նչ։ Բոլորն էին զարմացել, ամենաշատը, ի դեպ, ես ու կիթառս, հա, մեկ էլ կիթառիս նոթատետրը։ Ու ստացվեց այնպես, որ Նեմրան լիքը բան տվեց ինձ։ Առաջինը, որ ես միշտ երազել եմ երգելու համար` համարձակություն, նոր փլեյլիսթ (ինչը, թերևս, ամենաքիչն էր, որ կարող էր տալ), 4 նոր սեր, լիքը նոր երազների գաղափարներ, նկարչական ալբոմս լրացնելու անհամար մտքեր, լիքը անիմաստ դիմանկարներ, նմանը չունեցող ու գրողի տարած, չստացված ֆոտոշոփած նկարներ, ընկերներ (կարևորը՝ իմ խելքի), հիմար ու անկատար երազանքներ, սենյակումս նոր պատ` որտեղ միայն իրենց նկարներն են։ Իրականում ես էսքանից համարյա ոչինչն էլ չէի ակնկալում, բայց ոնց ասում են՝ մի կրակոցով երկու նապաստակ խփեցի, երկուսը որն է, յոթանասուներկու։ Հետո զգացի, որ քիչ-քիչ ջնջվում են նախկին Աննայի արտասահմանյան երգերը, որոնք թեպետ հիմնականում ռոքնռոլլ էին, բայց ի՞նչը կամ ո՞վ կհասնի ու կփոխարինի Նեմրային։ Սկսեցի հետս կռվել՝ ինչի եմ ես եղել էդքան անհետաքրքիր մարդ։ Իրականում, եթե մարդը չի սիրում ռոքնռոլլ, ուրեմն այո, ինքն անհետաքրքիր է, կներեք։ Անկեղծ ասած՝ սկզբում մի ամիս ոչինչ չգիտեի նրանց մասին, մենակ լսում ու սիրում էի։ Չգիտեի անուններն անգամ։ Հետո, երբ իմացա ամեն ինչ, մի քանի օր փորձում էին ինձ ուշքի բերել, դե, ինչպես սովորական մարդը՝ շատ կարևոր բան իմացած ժամանակ, ես էլ շոկի մեջ էի։

Այ, իսկ հետո, համարձակությունս էնքան էր ինձ ուտում, որ սկսեցի «cover»-ներ նկարել ու հրապարակել։ Հավես էր շատ։ Իրականում, ես երգելիս զգում էի ամեն բառը, որոնցում սուտ չկար (էս աշխարհում միակ բանը, որի մեջ սուտ չկա, էդ նրանց երգերն են)։ Գիտե՞ք՝ ինչի սուտ չկա։ Որովհետև իրենք ասում են, որ իրենք խաբեբա են (I’m a liar), ինչն էլ ապացուցում է, որ իրենք անկեղծ են (դե, հիմա ո՞վ կխոստովանի, որ ինքը խաբեբա է)։ Իրենք երգում են էնպես, որ չսիրահարվելը խենթություն է, մտնում ես բառերի արմատների մեջ, քեզ երգ ես զգում։ Բայց ես չեմ ուզում, որ ինձնից բացի՝ ինչ-որ մեկն էլ ընկալի Նեմրայի երգերն այնպես, ինչպես ես, որովհետև ուղղակի չեմ ուզում։

Դե, 5 ամսական նեմրացին (Նեմրայի երկրպագուները իրենց նեմրացի են անվանում) չի հասնի ամենաառաջին երկրպագուներին, բայց ո՞վ ասաց, որ 5 ամիսը քիչ է լիովին սիրելու ու վստահ լինելու համար։

Ես սկսեցի նկարներ ֆոտոշոփ անել։ Խենթություն, կասեն։ Նեմրայից համեմատաբար կորած, քիչ հայտնի նկար էի գտնում, անսահմանափակ երևակայությունս լարելով՝ կտրում էի ինձ ու դնում իրենց մոտ։ Լավ էլ ստացվում էր։ Իրականում շատ անբախտն եմ։ Երբեք բախտ չի վիճակվել գոնե մի վայրկյանով լսել նրանց կենդանի ձայնը, նայել իրենց աչքերի մեջ, զգալ իրենց ներկայությունը։ Չեմ տեսել, ցավոք…

Այն, թե ինչ է զգում մի համարյա 14-ամյա աղջիկ՝ ամեն անգամ լսելով նրանց երգերը, տեսնելով իրենց նկարներն ու հարցազրույցները, կհասկանա միայն անվերջանալի ճանապարհով վազող փոքրիկը, որը ամբողջ ուժով վազում ու տատանվում է արահետի խորքերի մեջ։

Կիթառս ինձ է սպասում, գնացի։

Այսպես սկսվեց ու չի ավարտվի։

Հարձակման կետը

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

-Երեխեք, 20 րոպեանոց դասամիջոցին գնանք խանութ՝ ուտելու բան առնենք, սոված չմնանք։

-Ես էստեղ բիզնես եմ դնելու, իմ սեփական բյուջեով բուֆետ եմ բացելու, այ, խոսքս հիշեք։

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

Ըհը, եկավ 20 րոպեանոց դասամիջոցն, ու ամբողջ դասարանով ցանկանում ենք ներխուժել խանութ։ Մեկ էլ աչքովս ընկավ մի հայտարարություն։ Դա ես էլի էի նկատել, բայց բանի տեղ չէի դրել։ Գրված էր, որ 2-րդ դասարանի աշակերտները, դասղեկ Ա. Ավետիսյանի գլխավորությամբ, ուտելիք են պատրաստել, և վաճառելու են դպրոցի բուֆետում։ Կարդալուց հետո ընկերներիցս մեկը գոռաց հետևիցս․

-Ուռա, մենք էլ ենք բուֆետ ունենալու։

Դե, պատկերացրեք՝ միանգամից բոլորն իրենց ուղղությունը փոխեցին դեպի բուֆետ։

-Վայ, էս ինչ հերթ ա, մեծ ու փոքր, ուսուցիչ ու աշակերտ խառնվել են իրար։

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

Լուսանկարը՝ Տաթև Առաքելյանի

Բոլորն շտապում էին գնել և փորձել երեխաների պատրաստածը։ Հերթը ձգվում էր միջանցքից մինչև դասարաններ:

Փորձելուց հետո բոլորը համոզվեցին, որ փոքրիկներն էլ կարող են համեղ պատրաստել։