«Mesdames, Messieurs…»:
Այս բառերով էր սկսվում այն նամակը, որը փշրեց իմ երազանքը հենց այն պահին, երբ թվում էր՝ արդեն այդքա՜ն մոտ էի դրա իրագործմանը: Չէ՛, ավելի ճիշտ՝ երազանքս չկոտրվեց (երազանքները միայն ներսից են կոտրվում, չէ՞), այլ այն հույսը, որը դրդել էր մտովի արդեն դասավորել ճամպրուկս, ընտրել զգեստներս, որոշել, թե Փարիզի կամ Մարսելի որ անկյունում ինչպես եմ լուսանկարվելու ու թե ինչքա՜ն եմ հասցնելու կարոտել մերոնց այդ ընթացքում:
Ը՜, մի քիչ խառն եմ խոսում, չէ՞: Լավ, ուրեմն, եկե՛ք ամեն ինչ պատմեմ սկզբից:
Մարտի սկզբին «Ֆրանսերեն դասավանդողների հայկական ասոցիացիա»-ն և «Ֆրանսիական միջազգային կենտրոններ Լեո ակումբ»-ը կազմակերպել էին մրցույթ, որին կարող էին մասնակցել 18-25 տարեկան ուսանողները, և որի հաղթողն ամռանը մեկնելու էր Ֆրանսիա՝ երեքշաբաթյա շրջայցի: Ես, իհարկե, դեռ 18 չկամ, բայց քանի որ ներսիս 17-ամյա հրեշտակները (կամ գուցե սատանաները) ինձ հանգիստ չէին տալիս ու անընդհատ «բզբզում էին», որոշեցի ես էլ մասնակցել մրցույթին՝ տարիքային շեմից բացառության կարգով: Ու չնայած թերահավատ էի նրանում, որ 46 մասնակիցներից հենց ես կհայտնվեմ հաջորդ փուլ անցած յոթնյակի մեջ, բայց մրցույթի գրավոր փուլից 2 օր հետո ստացա դա ավետող մի նամակ, որն, ի դեպ, սկսվում էր «Madame Mnatsakanyan»-ով: Մադա՞մ: Էդ ե՞րբ եմ հասցրել ամուսնանալ: Ահագին ծիծաղեցի «մադամ»-ի վրա։ Դե՜, անսովոր էր այդպես լսել ազգանունս, բայց ա՜խ, այդ ֆրանսիական քաղաքավարությունը…
Իսկ բանավոր փուլի մասին ավելի լավ է՝ չխոսեմ, որովհետև բոլորովին չեմ հիշում՝ ինչ եմ ասել դրա ընթացքում: Անկեղծ: Միայն հիշում եմ, որ պիտի համոզեի մի ֆրանսիացու տոնել իր ծննդյան տարեդարձը, իսկ ինքն էլ էնքա՜ն համառ էր իր որոշման մեջ: Բայց, ի վերջո, համոզեցի, ասաց՝ կտոնի: Միայն չհասկացա, թե ինչու չկարողացա նաև համոզել, որ ծննդյան օրը տոնելուց բացի հենց ի՛նձ ուղարկեն Ֆրանսիան տեսնելու: Փաստորեն, չհասա երազանքիս, երբ արդեն չափազանց մոտ էի դրան, և ընդամենը մի քայլ էր մնացել հաղթահարելու, բայց… Միշտ կա մի «բայց»։ Ինչևէ, ես չհաղթեցի, բայց ես ամենակրտսերն էի մասնակիցներից, և ուրեմն ես ամենաշատ ժամանակն ունեմ «կրկին փորձելու»: Ու քանի որ իմ երազանքը չի ստացվել կոտրել (երազանքները ներսից են միայն կոտրվում), կոտրել են միայն հույսս, ես անկասկած նորից եմ բռնելու երազանքս իրագործելու ճանապարհը՝ հավատով, որ վերջին քայլն, ի վերջո, կկարողանամ հաղթահարել:






Բարև։ Ինձ ճանաչող գրեթե ամեն մարդ գիտի, թե որտեղ եմ ապրում ես։ Եթե ընդլայնված տեսանկյունից նայենք, հավանաբար հասկացաք` աշխարհում, թեպետ իմ աշխարհը, բախտի բերմամբ, մի փոքր այլ է։ Իմ աշխարհում 5 հոգի կան` Վանը, Վասպուրը, Մարիաննան, Մարեկը ու ես։ Ի դեպ, մենք շատ լավ ենք ապրում մեր աշխարհում, միշտ միասին ենք` ճանապարհին, դասամիջոցին, երազում, սենյակում։ Ինձ ցանկացած հարցում օգնում են, այ թե իրական ընկերներ են։ Իսկական հակասթրեսներ են, չնայած, ես միշտ սթրեսի մեջ եմ այն մտքից, որ իրենք միայն իմ երևակայությունում ու ականջներում են (սրանից էլ լավ սթրեսի առիթ)։
Դե, 5 ամսական նեմրացին (Նեմրայի երկրպագուները իրենց նեմրացի են անվանում) չի հասնի ամենաառաջին երկրպագուներին, բայց ո՞վ ասաց, որ 5 ամիսը քիչ է լիովին սիրելու ու վստահ լինելու համար։

