Ani Harutyunyan

Հիշողությունը երգելով

Ամենաշատ հիշողություններն իրենց մեջ պահպանում են երգն ու երաժշտությունը: Բույրն էլ ունի հիշողություն, բայց կարճատև: Մարդկանց տեսնելիս էլ ես հիշում, բայց դեմքերը հոգնեցնում են: Երգերն էլ են ինչ-որ ժամանակ հոգնեցնում (երբեմն՝ երբեք), բայց մարդկանց չես կարող ընդհատել, կամ քո սիրելի պահից 100 անգամ կրկնել իրենց խոսելը, անջատել ու հեռախոսիդ հետ շպրտել սեղանին, ականջակալ միացնել, որ ոչ ոք չլսի քո հիշողությունը: Երգն իր մեջ ամփոփում է բույրն էլ, մարդկանց էլ, տեղանքն էլ: Աչքերդ փակում ես ու տեսնում չորս տարի առաջ միայն հինգ օր տեսած մարդկանց. մեկի աչքերի գույնը լավ չես հիշում ու քո պատկերացումներով ես լրացնում, մյուսի քիթը փոքր էր` մեծացնում ես, բայց դու ես ու քո հիշողությունները, իսկ բոլորը չէ, որ լավ են հիշում ամեն ինչ:

Լսում ես ու զգում, որ քթիդ թեթև դիպչում է ինչ-որ ժամանակ ինչ-որ կանգառում սպասող տղայի օծանելիքը. դու էլ էիր ամեն առավոտ սպասում նույն կանգառում, դրա համար էլ լավ ես հիշում:

Տարիներով չլսածդ երգերը նորից լսելիս հասկանում ես, որ չես մոռացել, անկախ քեզնից բառերը քթիդ տակ երգում ես: Երգում ես ու հիշում ինչ-որ սրահներ, սենյակներ ու փողոցներ, որ ինչ-որ ժամանակ երգն այնտեղ ես լսել ու երգել:

Մեկ-մեկ այնպիսի երգեր են մտքովս անցնում, որ ուզում եմ րոպե առաջ լսել: Երևի ոչ թե երգի պահանջն է, այլ հիշողությունների:

Ավելի շատ լսեք ձեր հին երգերը, թեկուզ դրանք ձեր ներկա ես-ի ճաշակով չեն, թեկուզ դուք փոխվել եք ու ձեզ համար այդ երգերը բարձրաձայն լսելն ու ձեր պատին կիսվելն ամոթ է հիմա, բայց մեկ է, ձեր ամենալավ հիշողությունները դրանց մեջ են:

amalya harutyunyan

Փախչելու ու թվացյալ ժպիտի խաչմերուկում

Առավոտյան ժամը 10-ին քաղաքս էնքան սիրուն ու ներդաշնակ էր, մարդ չկար: Չկային ամբողջ ձայնով մեկ գոռացող երեխաները, անտարբեր ու տխուր հայացքով մարդիկ, Ջուլիկ տատը, որ էդպես էլ չհարմարվեց էն մտքին, որ ես իր թոռանից բարձր եմ ստացել միասնականը, ու ամեն անգամ բարկացած հայացքով նայում է: Քաղաքս սիրուն է, երբ չկան նրան անհանգստացնողներ:
Առաջ, երբ ցանկանում էի մենակ մնալ քաղաքիս հետ, առավոտյան 6-ին էի դուրս գալիս, հիմա ավելի հաճախ է դատարկ, իսկ գուցե դատարկ չէ, այլ քնած է, կամ ինձ համար է էսպիսին, մյուսին քաղաքս երևի գրկաբաց է ընդունում:
Մետրոյում ամայի էր, հազիվ մեկին նկատեիր, էն էլ դուրս գալիս, ներսում մարդ չկար: Հնարավոր է՝ կար,  չգիտեմ:
Ինչևէ, մեծ տարբերություն չկա՝ կլինեն մարդիկ, թե չեն լինի, մեկ է, ես մի վարպետություն ունեմ, չեմ նկատվում, նկատել էլ չեմ սիրում, բայց հաճախ են մարդկային ամենահասարակ արարքները ստիպում իրենց մասին մտածել:
Իսկ ինձ չեն նկատում, չէ է, սուտ եմ խոսում, մեկ-մեկ տարօրինակ հայացքով նայում ու անցնում են առաջ, իսկ ես շարունակում եմ ճանապարհս` նույն աշխույժ ու միևնույն ժամանակ, տխուր ժպիտով:
Մտածում եմ` ի՞նչ կվերցնեի ինձ հետ, եթե փախչեի քաղաքից: Մտքումս հազարավոր մարդկային անուններ տալուց հետո ականջակալներն եմ ընտրում: Անիմաստ է: Ո՞վ կգար ինձ հետ: Ոչ ոք:
Անկարելի բարդ է, չէ՞: Ահռելի շատ եմ սիրում մարդկանց, բայց ամեն ինչ կտամ՝ միայն փախչեմ իրենցից, միայն ոչ ոք երբեք չգտնի ինձ:
Ի՞նչ է պետք ինձ այս աշխարհում: Չգիտեմ, երևի մի թղթի կտոր, որ մարդիկ իրենց թանաքոտ գրիչով կլցնեն, ու ես կպահեմ այն, կպահեմ, էդ թուղթը հազարավոր իրերից էլ բարձր դասելով:
Չէ, բայց փախչելիս դա էլ չէի տանի հետս, դա էլ է ինձ մարդկային քաոսը հիշեցնում:
Պատահե՞լ է կորցնես քեզ, ինքդ քո մեջ քո սեփական աշխարհում դու չգտնես քեզ, որովհետև դու չափից շատ ես ուզում կարգավորել ներսդ, բայց ներսումդ չափից շատ խառնաշփոթ է, որովհետև դու երբեք չես եղել այն, ինչ հիմա ես, բայց երբեք էլ չես կարող լինել հինը, որովհետև դու ինքդ քո մեջ չկաս, արդեն դուրս ես եկել գոյություն ունենալուց, բայց դու քեզ շատ ես կարոտում, շատ-շատ, որովհետև էդպես էլ չես գտնելու:
Մուրացկան կնոջ ասածներից սիրտդ լցվում է, պարզվում է՝ սուտ է:
Ասում են` սիրում եմ, պարզվում է` կեղծ են:
Ասում են` այստեղ են, լսում են ինձ, հասկանում, նկատում… Պարզվում է՝ խաբել են:
Էլ ինչպե՞ս գոյատևես ու սիրես մարդկանց, ինչպե՞ս չուզենաս փախչել, եթե քեզ պետք է չասեն այն, ինչ կա: Իսկ դու ամենապարզ մարդկային կյանքն ես սիրում…
Ինչպե՞ս մնաս, եթե ամեն անգամ պետք է լաց լինես, ձեռքերդ սեղմես իրար, դողդ պահես ներսումդ ու կուլ տաս արցունքներդ, հետո էլի թուլանաս, ու դրանք հոսեն, առանց հաշվի առնելու՝ որտեղ և ինչպես: Ու էս արցունքներդ հենց էն մեկի ուսին պետք է թափվեն, ում շնորհիվ հոսել են, ու դու պետք է հպարտ ու լուռ ընդունես մխիթարանքները, որովհետև  բացատրություն պահանջել չես կարող, ուր մնաց՝ ասես, թե ինչու ես լաց լինում, որովհետև միաժամանակ ցավ պատճառել ու հանգստացնելը այդքան էլ նորմալ երևույթ չէ: Բայց սարսափելին այն է, որ նման դեպք էլ հաճախ է կրկնվում, դու իր պատճառած լացը իր սփոփանքներով ես դադարեցնում: Մի տեսակ անմիտ է:
Մետրոյի բարձր աղմուկի, ականջակալներիս միջից եկող ելևէջների ու սրանից 2 անգամ բարձր գոռացող ու ամեն պահ ինձ իրենց մասին հիշեցնող մտքերիս միքսից մի կերպ լսում եմ:
-Թվացյալ ժպիտի կայարան:
Դուրս եմ գալիս վագոնից, իսկ հեռվում…
-Զգուշացեք, դռները փակվում են, հաջորդ կայարանը կեղծավորություն:

Հ.Գ. Կներես, ներսս դատարկել էր պետք….

seda mkhitaryan

Տաքուկ ֆիլմեր

Տեղավորվեցի տաքուկ բազկաթոռի մեջ։ Փայտերը ճարճատյունով վառվում են վառարանում։ Կողքի սենյակում հեռուստացույցով իմ ամենասիրելի ֆիլմն է` «Մենք ենք, մեր սարերը»։ Անգիր գիտեմ ֆիլմի ամեն կադր ու ձայն։ Հարյուր  անգամ նայել  եմ։ Կան ֆիլմեր, որոնք չեն հնանում։ «Դե, տղերքը սոված էին, երկու ոչխար ենք մորթել…» լսվում է Իշխանի ձայնը…

Հայկական այս հին ֆիլմերի ձայների տակ է անցել իմ մանկությունը։ Դրանք նայելով եմ ես սկսել հասկանալ, թե ինչ է կինոն։ Հասկանալ ու սիրել։ Բնական են այդ ֆիլմերը։ Նայելիս տեղափոխվում ես իրենց աշխարհ. Իշխանի հետ ոչխար ես մորթում, Ավագի քնկոտությունը ստիպում է հորանջել, Պավլեի հետ միասին կռիվ ես տալիս անարդարության դեմ, Զավենի հետ ընդունվում ես համալսարան։

Հիմա այդպիսի ֆիլմեր չեն նկարահանվում (դե, հայկական, իհարկե)։

Հայերը ճաշակով են եղել։ Ի՞նչն է պակասել տեսնես։ Այս ֆիլմերը հիմնականում  նկարվել են սովետական շրջանում ու այդ տարիների կյանքի մասին են։ Գուցե Հրանտ Մաթևոսյա՞ն այլևս չունենք, որ նրա գրածների հիման վրա ֆիլմ նկարենք։ Չգիտեմ։ Բայց բոլոր ֆիլմերի հիմքում հո նրա գրածները չե՞ն։

Հիմա մեր ֆիլմերը հիմնականում կատակերգական ժանրի են ու բոլորում գրեթե նույն սյուժեն է։

Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը կամ Ազատ Շերենցը այլևս չկան, բայց մի՞թե հիմա լավ դերասաններ չունենք։ Հաստատ կունենանք։ Խնդիրը սրանում էլ չէ։

Միգուցե հարցը ֆինանսավորո՞ւմն է, պակաս հնարավորությունները։ Բայց այս դեպքում էլ առհասարակ ֆիլմեր չէին նկարվի։

Բայց մի ֆիլմ կա, որը կարելի է բացառություն համարել`«Կյանք ու կռիվ»-ը։

Մտածում եմ, իսկ Իշխանը հարևան սենյակում լողացնում է Ավագին ու համոզում ամուսնանալ։

Anushik Mkrtchyan

Ապարանում ձմե՞ռ է

-Լավ ա, էլի, ձեր համար տաք, արև-անուշ ապրում եք։ Թեթև ձյուն ա դրել, ցուրտ չի,- ասաց մեր հարազատներից մեկը, ով վերջերս հյուր էր եկել մեզ Էջմիածնից,- բա չէ, մեր մոտ։ Հո մառախուղ չի՞, հո մառախուղ չի՞, էլ դու սուս։ Հասնում ենք Աշտարակի կողմերը, նոր եղանակը դզվում ա։ Տաք, արև։ Լավ ա, էլի։

Իրոք։ Բոլորն էլ նկատել են, որ այս տարվա ձմեռը այնքան էլ նման չէ անցած տարիների ձմռանը։ Մեզ մոտ ձմեռը շատ ցուրտ էր լինում։ Դեկտեմբերի 10-ին արդեն ճանապարհները փակ էին լինում, դպրոց գնում էինք միայն երկու-երեք օր հետո, երբ որոշում էին մաքրել ճանապարհները։

-Անցած տարի էս վախտ արդեն տրակտորները չորս անգամ մաքրել էին,- ասաց մեր հարևանուհին և ձեռքը վերցրեց սուրճի բաժակը, որն ի դեպ, ես էի պատրաստել և դրա պատճառով լսում էի նրանց զրույցը։

-Հա, իսկականից։ Չէինք կարում լվացք փռեինք էնքան ցուրտ էր,- ասաց տատիկս,- իդմալ մեկ էլ 60-ականներին էր էղել, բայց դե դեկտեմբերին ձուն կար գոնե, ոչ թե՝ ըհըն, նոր էս օր թեթև գալիս ա։

Ամանորի գիշերը մեզ մոտ անձրև էր գալիս, իսկ այսպիսի դեպք ոչ մեկը չէր հիշում։

-Իդմալ հլը չէր էղել։ Մինագ կհիշիմ, որ 2011 թվին հենց ամսու 31-ին ձուն էկավ, բայց անձրև՞։ Չէ, չի էղել։

Նստած հեռուստացույց էինք նայում ու մի գյուղացի ասաց, որ իրենց ծառերը արդեն ծաղկել են։

-Պապի, լա՞վ ա, որ սենց լինի,- հարցրեցի պապիկից։

-Սենց՝ ո՞նց,- պատասխանեց պապին։

-Դե որ արդեն հունվարի մեջ ենք, բայց հլը նոր ձյուն ա գալիս։

-Օրինակ, էն գյուղերում, մարզերում, որ տաք ա, ասենք, Արմավիրում, էտի վատ ա։ Որտև ծառերը կծաղկեն, բողբոջ կտան, իսկ հետո մառոզը դրանք սաղ կփչացնի։ Բայց դե մենք լեռան տակն ենք։ Էտքան տաք չի լինի, որ ծառերը բուսնեն։ Յանի գարունը շատ ա բուսնում, ուր մնաց՝ ձմեռը,- ծիծաղելով ասած պապիկը և անցավ իր գործին՝ փայտ բերելուն։

Դե ինչ, կարծում եմ, որ այս ձմեռը ոչ մեկին վնասներ չի տա։ Ասում են՝ ինչպես տարին դիմավորես, այնպես էլ կշարունակվի։ Տարին տաք սկսեցինք։ Կարծում եմ տաք էլ կշարունակվի, կարևորը մեր հոգիների տաքությունը չկորցնենք։

Հ. Գ. Մինչ հոդվածը պատրաստվում էր տպագրության Ապարանում ձյուն եկավ։

iza Astsatryan

Շուն վարժեցնողը

Արդեն 7  տարի  կլինի, ինչ  փորձում  եմ  մասնագիտանալ  շուն պահելու և  վարժեցնելու  գործում:

7 տարի  առաջ էր, շուն  նվեր  ստացա, որոշեցի  անունը  Ջաֆար  դնել  և  մեծ  սիրով  պահել նրան:  Առաջին  անգամ  էի  շուն  պահելու, շատ էի ոգևորված: Ջաֆարը  հասարակ  մեկը  չէր, նա իմ կյանքում մեծ  դեր  ուներ, առավոտներս  սկսվում  էր նրա հետ, նրա  հետ  էի գնում  դպրոց, նրա հետ  էի  վերադառնում  տուն, կարճ  ասած`  Ջաֆարը  իմ  մտերիմ  ընկերն էր:

Նրա  հետ  շատ  էի  մտերմացել, անգամ  մի  կտոր  հացս  նրա հետ  էի  կիսում: Երկար  ժամանակ  էի  տրամադրում  նրան:

Նրան  վարժեցնելը  շատ  հեշտ  էր, որովհետև  նա ինձ  իր  մոտիկ  ընկերն  էր  համարում: Նրան  պարել  էի  սովորեցնում, մի  քանի  անգամ  միասին  պարել  ենք:

Օրվա  իրադարձություններով  նրա հետ  էի կիսվում, նա  ինձ  հասկանում էր, երբեք  չէր  ծիծաղում  կամ  արտասվում, իր  խոհուն  հայացքով  ինձ  աջակցում էր:

2,5  տարի  նա  ապրեց  մեզ  հետ: 2,5  տարի  ամեն օր  իրար հետ  էինք, պարում էինք, խաղում, բայց… Մի  անգամ, երբ   Ջաֆարը  տնից  դուրս  էր  եկել, մինչև  երեկո  նրան սպասեցի, այդպես  էլ  չվերադարձավ: Ես  սպասում  էի, որովհետև  հույսս  չէի կորցնում, որ  դեռ  երկար տարիներ  ընկերություն  ենք  անելու… Երեկոյան, երբ  նստեցինք հացի  սեղանի շուրջ, մի կերպ  մի  կտոր  հաց  կուլ  տալուց հետո, զանգ  ստացանք: Ես  անհանգիստ  էի, երբ  լսեցի  Ջաֆարի  անունը: Հեռախոսազրույցն  ավատրելուց հետո, մայրս  ասաց, որ  Ջաֆարը  այլևս չկա, շնագայլերը  նրան  գողացել  էին… Ես  փորձում  էի  արցունքներս  զսպել, բայց  չէի  կարողանում, մինչև օրս, երբ  հիշում  եմ Ջաֆարին, հազիվ  եմ կարողանում  զսպել  ինձ, ես կարոտում  եմ նրան:

Ջաֆարի  մահից հետ, մոտ  վեց ամիս  անց` ամռանը, Ջաֆարին  կորցնելու  ցավս  զսպելու   համար, քույրիկիս  դասընկերուհին  ինձ  մի  փոքրիկ  շունիկ նվիրեց, այս  անգամ  նրան  Սինա  կոչեցի:

Սինան նույնպես  շատ  լավն  էր: Նա  լրացնում  էր  Ջաֆարի բացը, դպրոցի  ժամանակ  հետս  գալիս  էր դպրոց, դասերից  հետո` տուն, ինչ խոսք, հրաշալի  շուն էր:

Նրա  հետ   1,5  տարի  անցկացրի, որովհետև  նա  հիվանդ  էր, երկար  չապրեց: Նույն  ցավն ապրեցի  նաև  Սինայի դեպքում:

Անցավ մոտ  3  տարի, ընկերներիս պատմել էի, որ  շուն  եմ ուզում պահել: Մի քանի  ամիս  անց, դասընկերներիցս  մեկը  մի  փոքրիկ  շուն նվիրեց, մոտ  մեկ ամսեկան: Փոքր  էր, մի քիչ  դժվար  կլիներ  պահելը, դիմացն էլ ձմեռ էր գալիս, բայց  այդ  ամենը անտեսելով, որոշեցի  որդեգրել  շունիկին:

Նրա  անունը  Խածիկո  է, կարճ` Խածի  ենք ասում, նա   դեռևս  ճստիկ-պստիկ է, սակայն  ինձ հաջողվեց  շուտ  հասնակալ  նրա լեզուն:

Խածին արդեն  1,5  ամսական է, բայց ես  հասցրել   եմ  նրան բարևելը  սովորեցնել: Ում տեսնում է, եթե  ցանկանում է՝ մի  ոտքը բարձրացնում և  շարժում է:

Խածիկոյին  առանձնահատուկ ուշադրություն պիտի  դարձնեմ, նա շատ  խելացի  է. ինչ անում  եմ, հետևիցս  փորձում է  կրկնել: Որոշել  եմ նրան  լավ  վարժեցնել:

Անհամբեր  սպասում  եմ,  թե  երբ  պետք  է մեծանա, որ  դպրոց  գա հետս:

Հույս  ունեմ,  որ  այս  տողերը  կարդալուց հետո, շատերի մեջ   ինչ-որ  բան կփոխվի, գուցե  շուն  պահելու  ցանկություն  առաջանա: Այս դեպքում  չանտեսեք  ձեր  ցանկությունը,  հավատացեք, շունը  հրաշալի  ընկեր  է:

hovhannes ghulijanyan

Մի քիչ լուրջ, մի քիչ կատակով

Հաճախ լսվող արտահայտություն է՝ «Երկիրը երկիր չի»: Բոլորի համար սովորական է դարձել, բայց շատ իզուր, քանի որ, եթե մենք մտածենք, որ մեր երկիրը վատն է, ապա ինչպես կմտածեն այլ ազգեր մեր երկրի մասին, հաստատ ոչ լավը:

Կամ եկեք մտածենք, երբևէ կտեսնե՞նք մի անգլիացու, ով կասի «I don’t want to live in England, because the country isn’t a country»… Իհարկե ոչ, որովհետև առաջին հերթին այդպես խոսողի մասին կմտածեն, որ լեզվին լավ չի տիրապետում, դրա համար է միտք չարտահայտող նախադասություն ասում: Երկրորդ, այդ մարդիկ ամեն ինչին փորձում են հարմարվել, և ինչ էլ ունեն, չնայած շատ ունեն, ասում են, որ հոյակապ է: Հիմա կասեք՝ բերել մեր ազգը համեմատում է հզոր Անգլիայի հետ: Այո՛, արժե համեմատել, և նույնիսկ տեղին է, որովհետև Հայաստանը Տիգրան Մեծի ժամանակներում ոչնչով չէր զիջում ներկայիս Անգլիային, բայց մեկ է, մեր ապուպապերը էլի բողոքում էին, որի պատճառով էլ այսօր դարձել ենք այս փոքր պետությունը:

Այս թեմային  անդրադարձել է Դերենիկ Դեմիրճյանը իր «Վարդանանք» պատմավեպում. «Մենք մեզ չենք սիրում, չունենք ազգի հպարտություն: Մենք արհամարհում ենք մեզ, օտարն էլ մեզ է հետևում»: Սա էլ ցույց է տալիս, որ ինքնագնահատականի պակասը եղել է նաև 5-րդ դարում, այլ դարերում:

Փորձենք երկրի մասին մեր կարծիքը փոխել, քանի որ երկիրը երկիր է, և կարևոր է, թե ինչպես ենք մենք ընդունում:

Sona Qyarunts Goris

Ես և լրագրությունը

Փոքր ժամանակ ուսուցչուհի էի ուզում դառնալ: Դեպքը պատահեց այսպես. մի հավաքույթի ժամանակ քննարկում էինք մասնագիտություններ և կիսվում էինք մեր ապագա մասնագիտության պատկերացումներով՝ հարցնելով, թե ով ինչ է ցանկանում դառնալ: Երբ հերթը հասավ ինձ և հարցրին, թե ինչ եմ ուզում դառնալ, պատասխանեցի՝ ուսուցչուհի, բոլորը լռեցին, կարծես ինչ-որ անսովոր բան էր եղել: Ես զարմացած հարցրի, թե ինչ պատահեց, և ինչու լռեցին: Եվ ահա նրանց պատասխանը.

-Կներես, բայց մենք այդ ոլորտում քեզ չենք պատկերացնում՝ հստակ իմանալով քո բնավորությունը: Մենք քեզ տեսնում ենք մեկ այլ ոլորտում, և դա լրագրությունն է:

Ճիշտ է, ես այդ պահին ոչինչ չպատասխանեցի, սակայն հաշվի առնելով նրանց խորհուրդներն ու իմ մեջ եղած փնտրտուքները՝ որոշեցի ընտրել հենց լրագրությունը:

Թեպետ ընտանիքիս բոլոր անդամներն ունեն երաժշտական կրթություն ու մասնագիտությամբ մանկավարժ են, և տարիներ շարունակ ինձ խորհուրդ էին տալիս շարունակել իրենց մասնագիտական ուղին, ես երդվյալ եմ մնում իմ ընտրությանը:

Հաճախ եմ լսում այն հասարակական կարծիքը, որ լրագրությունը խանգարում է ապագայում ամուր և կայուն ընտանիք ստեղծելուն, սակայն, ըստ իս, դա այդպես չէ: Լրագրությունը, իմ կարծիքով, ազատ խոսքի և ազատ մտածելակերպի ոլորտն է, որտեղ չկան կաղապարներ, իսկ ես բնավորությամբ հենց այդպիսին եմ: Ահա այսպես ես ընտրեցի լրագրողի բարդ, սակայն ինձ շատ հոգեհարազատ մասնագիտությունը:

Ani avetisyan

Ժամանակավոր է

Լինում են պահեր, երբ պատկերացրած-երազած կյանքիդ պատկերը գլխիվայր շուռ է գալիս։ Դա, երբ քեզ տրված արտոնություններով առավոտը սկսվում է ոչ շուտ, քան ժամը տասին։ Որովհետև արևն այդ ժամին է ուղիղ աչքերիդ մեջ ընկնում։ Մահճակալդ տեղափոխելու կամ գոնե տեղափոխման մասին տանը հայտնելու հավես էլ չունես։

Ու երբ հիշում ես, որ քսան օր առաջ ու նաև՝ քսան օր հետո, արևից ավելի շուտ ես արթնացել և արթնանալու՝ ուզում ես առավոտները մի երկու ժամ էլ առաջ տանել։ Արևին դիմանալ էլ կլինի։

Ականջակալներումս մեղվի պես մեկը մյուսի հետևից բզզում են հիսուն տարվանից մինչև երկու ամսվա վաղեմության երգեր։ Էստեղ էլ մի վատ սովորություն ունեմ՝ ոչ մի երգ մինչև վերջ չեմ լսում։ Դրա համար էլ ականջակալներով քնելու շանսերը քիչ են։ Բայց արդեն վեր կենալու ժամանակն է։ Արթնանալու մասին հետո կմտածեմ։ Նախ՝ վեր կենալ։

Արձակուրդների առավոտներն ամենից շատ սիրում եմ նրա համար, որ ստիպված չեմ լինում համակերպվել ավտոբուսի վարորդի երաժշտական ճաշակի հետ, մանավանդ, երբ ականջակալներս էլ հետս չեն։ Այժմ ինքս եմ ընտրում իմ երգացանկը, կարևորը՝ ինքս եմ ընտրում, թե ինչ կարդալ։

Հետո հիշում եմ, որ շուտով քննության եմ ու էլի եմ քնել ուզում։

Իսկ երբ համարձակությունս հերիքում է, որ վերցնեմ նյութերս՝ հիշում եմ, որ գիրք էի սկսել կարդալ ու պիտի վերջացնեմ։ Հա, «Սիդհարթան» ու «Մոտոցիկլիստի օրագիրն» եմ կարդում։ Վերջինը՝ անգլերենով: Չէ, ուրիշ բան չմտածեք, ուղղակի, եթե առաջինը կարդացել եք՝ հավատացեք՝ դա ավելի անգլերեն էր։ Ինչևէ։ Մի կերպ կարդում եմ մի երկու հարց, հետո՝ քսան էջ գրքից, մի քիչ էլ ինտերնետ, սուրճ, հաց, ինտերնետ, ու էլի քնել եմ ուզում։ Չնայած, երբեք քնկոտ չեմ եղել։ Երևի պատճառն էլի ինքս ինձ տված արտոնություններն են։

Մեկ-մեկ էլ փորձում եմ գրել, բայց երգերիս պես կիսատ եմ թողնում։

Վերջերս զգացել եմ, որ մարդու նկատմամբ ավելի դաժան վարվելու ձև չկա, քան ստիպել նրան անել մի բան, որն ինքը չի ուզում։ Ավելի վատ, երբ ինքներս մեզ հետ ենք այդպես վարվում։ Բայց միշտ էլ այդպես է։ Հատկապես՝ ինքներս մեզ հետ։

Մի քիչ ավելի կարգուկանոն հաստատելու համար վերջացնում եմ գրքերից մեկը։ Կամ, համոզում, թե կարդացել-հասկացել եմ։ Էլի բացում եմ քննական նյութերն ու նայում դրանց։

Մարդիկ կարող են ապրել այնպես, ինչպես իրենք են ուզում, կամ գոնե ոչ այնպես, ինչպես ուրիշները կհրամայեն։ Ու դրա համար նրանք կարող են անտեսել ֆիզիկական ու հոգեկան ցանկացած դժվարություն։ Այ, Սթիվեն Հոքինգսի մասին բոլորս գիտենք, Դալիի հոգեկան խնդիրների էլ, կամ Բեթհովենի լսողության: Չեն, օրինակ մանկուց ասթմայով հիվանդ է եղել։ Թոմ Կրուզը դիսլեքսիայով է տառապել։ Նա չի կարողանում տարբերել տառերը, հասկանալ կարդացած տեքստը։ Չէ, անգրագետ լինելու հետ ոչ մի կապ չունի, հիվանդություն է, և շատ լուրջ։ Նույն հիվանդությունն ունեին Չերչիլը, Մայակովսկին ու ուրիշներ։ Հոգեկան խնդիրներ ունեցող գրողների մասին էլ հաստատ լսել եք՝ Նիցշե, Հեմինգուեյ, Կաֆկա… Տեսնես, նրանց ի՞նչն էր այդպես մոտիվացնում՝ ապրել։

Չգիտեմ, բայց երևի մի բան, որ ավելին էր, քան ցանկացած քննություն, երգ կամ ապագայի ինչ-որ խենթ ու անիրական երազանք։

Դե, սա էլ, երբ ներսումդ ցանկություն կա կարդալու ամեն բան՝ բացի նրանից, ինչը ստուգմանդ գրքույկում գնահատական պիտի դառնա։

marat sirunyan

Մեր գյուղի բառն ու բանը

Տարիներ առաջ, խոտհունձի ժամանակ, երկու երիտասարդ Լեռնավանի սարերում հանդիպում են համագյուղացի մի տարեց մարդու։ Հնձվոր ծերունին գլուխը դրած մի քարի քնով էր ընկած․
-Այ քեռի, էդ ընչի՞ ես էդ չոր քարին գլուխդ դրել, գոնե պենջագդ ծալե, դիր գլխուդ տագ։
- Է՜հ, տղե՜ք ջան,- տեղում թեքվելով պատասխանում է ծերունին,- էս գլխուն էս էլ է շադ ․․․

Հենց այսպես են ծնվել ժողովրդական իմաստաբանության անգին գոհարները։ Ոտքի վրա, աշխատանքի ու հանգստի ընթացքում, միանգամից։ Այդ մտքերն արտահայտողները շատ հաճախ հասարակ ռամիկ մարդիկ են, բայց չէ՞ որ հենց այդ ժողովրդից իմաստուն, ոչ ոք ու ոչինչ երբեք չի եղել ու չի լինի․․․
Ձեզ եմ ներկայացնում ժողովրդական բանահյուսության գոհարներ Լոռու մարզի Լեռնավան գյուղից:

1. Համեն ղուշ իրա երամի հեդ դի քելե:
2. Ամանն ինչքան խուփ մնա, էնկան միջինը համով գմնա:
3. Մերը «մե՜ր, ե՛կ»-ն է մաշե:
4. Որ տան կատուն նիհար, շունը՝ գեր. էդ տան աղջիկն առ ու բեր:
5. Ոչ ոռ ունի, ոչ փաչա, շունը վրեն չի հաչա:
6. Անոտի մարդու հետ շունն էլ ճամպա չի էրտա:
7. Մարդ կա իրիցին գսիրե, մարդ կա՝ իրիցկնգան:
8. Գոջին կեղդ ուդելը մորեն գսորվի:
9. Շունն իրա կեղդն ուդելը չի թարգե:
10. Փապախդ ծեձե, ծեձե, դիր գլուխդ:
11. Կեսուր՝ կեսը սուր:
12. Արևը չարոխին զոռեց, չարոխն էլ՝ ոտքին:
13. Տա լակուն, որ տա ձակուն, որ տվեց ձակուն, էն չի տա լակուն:
14. Մահանա բալեն՝ կշտանա նանեն:
15. Շեմ շլորիկ, խուփ գլորիկ:
16. Նմանվան խնամվան:
17. Էշին նստելը մե այիբմ է, հնգնելն՝ երգու:
18. Ղալավն (աթարի կույտ) որ շադ ուռավ, բլի գը:
19. Էշը իշու քովը կաբես, յա առեն կառնի, յա փառեն (կամ լավը կսովորի, կամ՝ վատը)։
20. Հերսը հելնի կդրե գլուխ, հերսը հիճնի՝ չկա գլուխ:
21. Եզն, որ գնգնի, դանգվորը գշադնա:
22. Աձան հավը կչկչան կեղնի:
23. Լավ մարդու ձեռները կռճամանն է լվացած:
24. Սուդ հիվանդ էղե, վանկի հավերը կուդեն:
25. Հուրդեղ մալեզ, էնդեղ խլեզ (Որտեղ հաց՝ էնտեղ կաց):
26. Օրը՝ մալեզ, օրը՝ խլեզ (Այսօրվա օրով ապրող):
27. Պար ես մդէ, շորորաս դի:
28. Հարի պալդոնդ հակնիս, ավտոբուսն էլ կերտա:
29. Սեր էնողին սեյրան կթվա (Կողքից նայողին հեշտ կթվա):
30. Մե «չէ»-ն հազար չարե կազադե:

«Ավրորայի» արշալույսը

Զրույց երիտասարդ պարուսույց Ալվարդ Համբարձումյանի հետ:

-Ինչպե՞ս սկսեցիր պարով զբաղվել:

-Պարել փոքր տարիքից եմ սիրել, և տատիկս դա լավ գիտեր: Նա էլ ինձ պես պարել շատ է սիրել: Պարելով գյուղի փոքրիկ խմբում, ունեցել է իր առաջին բեմելը, իսկ հետո ավելի կատարելագործվելով հաջորդել է իր պարուսույցին: Եվ չնայած նրան, որ հայրս դեմ էր իմ պարի գնալուն, տատիկս իր նպատակին կարողացավ հասնել, ինչի արդյունքում ես սկսեցի հաճախել պարի դասերի:

-Որտեղի՞ց սկսեց քո պարային ուղին:

-Պարային ուղիս սկսեց Ռաֆիկ Համբարձումյանի խմբից: Իսկ հետո մոտ 5 տարի պարել եմ Ծովինար Դավթյանի խմբում: Այդ ընթացքում շատ ելույթներ եմ ունեցել և մի շարք համերգների մասնակցել: Այդ ամենը սիրողական բնույթ էր կրում: Բայց պարը արդեն հասցրել էր իմ անբաժանելի մասը դառնալ, դրա համար որոշեցի, որ պետք է պրոֆեսիոնալ պարարվեստում լինեմ: Եվ առաջին ու ամենակարևոր քայլը դա Վանաձորի «Հորովել» երգի- պարի անսամբլի դպրոց-ստուդիան ընդունվելն էր: Այստեղ 4 տարվա ուսումնառությանս ընթացքում ստացա բոլոր այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ էին: Այդ գիտելիքները կրկնապատկեցի և ավելի ամրապնդեցի արվեստի պետական ուսումնարանում: Հիմա ես պարարվեստի ուսումնարանի 3-րդ կուրսի ուսանող եմ:

-Հիմա դու ինքդ ես դասավանդում, այդպես չէ՞:

-Այո, այս տարի ես իմ խումբը բացեցի: Եվ 14 փոքրիկներ 2 ամիս է, ինչ որպես պարողներ իրենց առաջին քայլերն են անում:

-Հե՞շտ էր խումբ հավաքելը, տարածք գտնելը:

-Չեմ կարող ասել, որ դժվար է եղել, որովհետև ինձ աջակցել են իմ բոլոր ընկերները, ծանոթները, իմ դպրոցի ուսուցիչները: Անշուշտ դժվարություններ էլ են եղել, բայց դրանք հաղթահարվել են:

-Իսկ դժվար չէ՞ այսքան վաղ տարիքից աշխատելը:

-Շատ տղաներ 14, 15 տարեկանից աշխատում են: Ի՞նչն է խանգարում ինձ աշխատել 17 տարեկանում: Միակ դժվարությունը այն է, որ շատերը լուրջ չեն ընդունում: Շատ ծնողներ կարծում են, որ այս տարիքում իմ գիտելիքները բավական չեն լինի երեխաների հետ աշխատելու համար: Բայց պետք է խոստովանեմ, որ այս երկու ամիսների ընթացքում մեծ աշխատանք եմ արել: Եվ կարծում եմ, որ այդ աշխատանքի պտուղները նոր տարում ակնհայտ կլինեն: -Ասում են միայն սկսելն է դժվար, չէի՞ր վախենում, որ կարող է չհաջողվեր:

-Ես մինչև հիմա էլ վախենում եմ, բայց ռիսկի գնալ պետք էր: Ես վախենում էի, որ այսքան շատ պարուսույցներ ունեցող քաղաքում չէի կարողանա խումբ հավաքել: Սկզբում սկսել եմ աշխատել երկու-երեք երեխայի հետ, հիմա նրանք տասնչորսն են: Միգուցե վաղը նրանք ավելի շատ կլինեն: Բայց առաջնայինը դա նրանց կատարողական որակն է, ոչ թե քանակը: Ես ուզում եմ, որ իմ խմբում պարող յուրաքանչյուր երեխայի կարողանամ փոխանցել այն ամենը, ինչ գիտեմ, և ամենը, ինչ դեռ սովորելու եմ:

-Թող աշխատանքդ իր սպասված արդյունքը ունենա: Մոռացա հարցնել` խումբդ ինչպե՞ս ես կոչել:

-Ավրորա…