- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
- Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
Նորից ես: Ինչքան հետաքրքիր է, չէ՞. մեկ տարի առաջ տանը նստած էի, իսկ այսօր արդեն օվկիանոսի մյուս կողմում եմ, հազարավոր կիլոմետրեր հեռու տնից: Բայց լավ, ուրիշ բանի մասին էի ուզում գրել, ուղղակի ինչպես միշտ թեմայից շեղվեցի: Ուրեմն այսպես՝ Ամերիկայի ու Հայաստանի դպրոցների տարբերությունների մասին բազմիցս խոսվել է: Եվ այդ տարբերություններից մեկի մասին էլ այսօր ես կխոսեմ: Խոսքս առարկաների բազմազանության մասին է: Այն, որ այստեղ բազմաթիվ և տարբեր մակարդակների առարկաներ կան, կարծում եմ շատերը գիտեն: Բայց այստեղ ի տարբերություն մեր դպրոցների, ավագ դպրոցներում կան այնպիսի առարկաներ, ինչպիսիք են՝ նկարչություն, 3D դիզայն, փայտագործություն, մետաղագործություն, կար, երաժշտություն և այլն: Ի դեպ երաժշտության ժամերին ոչ միայն երգել, այլ նաև տարբեր երաժշտական գործիքներ նվագել են սովորեցնում: Դրանք բոլորը առանձին առարկաներ են:
Իհարկե, Հայաստանում էլ ենք անցել այս առարկաներից որոշ բաներ, բայց միայն տարրական կամ միջին դպրոցում: Եվ սովորաբար մենք այնքան էլ ուշադրություն չենք դարձնում այդ առարկաներին, մի տեսակ «մատների արանքով» ենք նայում: Մեզ համար «լուրջ» առարկաներ են մաթեմատիկան, լեզուները, գրականությունը և այլ՝ այդ դասին պատկանող առարկաներ: Իհարկե, դրանք շատ կարևոր են, բայց երեխաների բազմակողմանի զարգացման համար, կարծում եմ, պետք է սկսենք ուշադրություն դարձնել նաև այն առարկաներին, որոնց մասին քիչ առաջ խոսում էի:
Եթե նկարչությունը կամ երաժշտությունը, կամ այդ առարկաներից մեկը ժամերով կարդալ ու գրել չեն պահանջում, դա դեռ պատճառ չի՝ դրանք ուշադրությունից դուրս թողնելու համար: Մենք հավելյալ պարապմունքների ենք գնում այդ ամենը սովորելու համար, իսկ այստեղ ավագ դպրոցը ավարտելով, արդեն տիրապետում ես այդ ամենին, իսկ եթե հետո ուզես, իհարկե, կարող ես խորացնել հմտություններդ այդ ոլորտներում:
Դպրոցը տրամադրում է բոլոր պայմանները՝ երեխաներին ապահովելու այդ ամենով: Ունենալով հիմնական հմտություններ այդ ամենից, ավելի հեշտ է կողմնորոշվել, թե ինչի մեջ ես ուզում խորանալ, ինչն է քեզ մոտ ավելի լավ ստացվում, ինչը՝ ոչ:
Հ. Գ. Ի միջի այլոց, կիսամյակայիններ գրելու շաբաթն է այստեղ, այնպես որ, ինձ հաջողություն մաղթեք:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի
Հունվարից Հայաստանում սկսել է զորակոչը, և ապագա զինվորներն ամեն առավոտ իրենց հարազատների հետ հավաքվում են Եղեգնաձորի զինկոմիսարիատի մոտ:
-Խոսք տուր, որ պատվով կծառայես ու շատ շուտ տուն կվերադառնաս:
-Կգամ, մամ ջան, երկու տարվա եղածն ի՞նչ ա, ընենց կանցնի՝ չես նկատի:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի
Այս խոսքերով, հուզված ու թաց աչքերով անթիվ մարդիկ իրենց նորակոչիկներին բանակ էին ճանապարհում: Ոմանք զսպում էին իրենց հուզմունքը, ոմանց արցունքներն ավելի հզոր էին գտնվում ու իրար հերթ չտալով գլորվում էին ցած, ոմանք գրկում էին իրենց զինվորին ու արտասվում: Դա մի աննկարագրելի զգացում է:

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի
Չգիտեմ, երևի պետք է զինվոր ունեցած լինես, որ հասկանաս ճանապարհողների զգացմունքները, նրանց հույզերն ու ապրումները:
Զինկոմիսարիատի բակում ազգային երգն ու պարն էր ապագա զինվորներին ոգևորողը: Հետո եկեղեցում օրհնություն ստանալուց հետո նորակոչիկներից յուրաքանչյուրը սպասում էր, թե երբ կլսի իր անունը: Շուտով սկսեցին հրապարակել նրանց անունները: Յուրաքանչյուրն իր հերթին գրկեց իր հարազատներին, հրաժեշտ տվեց ու բարձրացավ այն ավտոբուսը, որը իրեն տանելու էր տնից հեռու, հեռու հարազատներից ու ընկերներից, հեռու՝ սիրելիից: Տանելու էր ծառայելու, հայրենիքի սահմաններն անքուն հսկելու…

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի
-Ասա, որ կգրես, առաջին իսկ հնարավորության դեպքում կզանգես, ասա, խնդրում եմ:
-Հա, կզանգեմ, հենց տեղ հասնեմ՝ կզանգեմ…
Գրկեց ու էլի արտասվեց: Չգիտեմ՝ քո՞ւյրն էր, թե ընկերուհին, չէր ուզում թողնել, բայց երբ անունը կարդացին, էլ հետ պահել չկարողացավ, գնաց, մի պահ հետ նայեց հայրենիքի պաշտպանը ու գնաց:
Եվ մի ձայն լսվեց, դա զինվորներին տանող ավտոբուսի ձայնն էր…

Լուսանկարը՝ Մարի Բաղդասարյանի
Բարի ծառայություն ձեզ, խաղաղության մարտիկներ:
Ահա և 2018-ը: Այն 2018-ը, որին սպասել եմ, որի հետ հույսեր կան, որը, սակայն, եկավ արագ ու մի քիչ էլ անսպասելի: Առաջին անգամ զգացի, որ եկող տարին անցնող տարվա շարունակությունն է, այլ ոչ՝ նոր ու մաքուր էջ: Սա նոր ու մաքուր էջ է միայն նրանց համար, ովքեր ծնվել են այս վերջին տասնվեց օրերի ընթացքում ու համարվում են 2018-ականներ: Իսկ մնացածի համար սա տրամաբանական շարունակությունն է կիսատ թողած գործերի, չասված խոսքերի, չարդարացված հույսերի ու չիրագործված նպատակների համար: Մենք չենք սկսելու պայքարել մեր նպատակների համար նորից, մենք պարզապես շարունակելու ենք պայքարել, մենք չենք հորինելու նոր խոսքեր՝ մեր սրտում եղածն արտահայտելու համար, այլ ուղղակի ասելու ենք այդ խոսքերը 2018-ին՝ նոր տարում:
2018-ին մենք մեծանալու ենք ևս մեկ տարով՝ ինչպես որ ամեն տարի է լինում, էլի տոնելու ենք մարտի ութը, սեպտեմբերի քսանմեկը, մայիսի ինը, հունիսի մեկը ու էլի լիքը տոներ, ինչպես որ միշտ ենք տոնել: Նոր տարվա հետ չեն փոխվում մեր նախասիրությունները, նպատակներն ու ցանկությունները, մենք ուղղակի սկսում ենք դրանց նորովի նայել: Չհավատաք, թե նոր տարին ուրախությամբ կլցնի բոլոր տխուր սրտերը: Ամեն սիրտ ինքն է իր ուրախության ու տխրության «հովանավորը»: Ամանորը չի հաշտեցնի նրանց, ովքեր վիճել էին նախորդ տարում, եթե նրանք ինքները չուզենան հաշտվել: Մարդիկ չեն փոխվի, չար մարդիկ չեն բարիանա, ու ոչ էլ մեղավորները կզղջան մի հրաշքով: Չարերը բարիանում են, եթե ինքնաքննադատաբար են իրենց վերաբերվում, մեղավորները զղջում են, եթե խիղճ ունեն, իսկ մարդիկ… Մարդիկ, վախենամ՝ երբեք էլ չեն փոխվում: Նրանք ուղղակի ժամանակի հետ բացահայտում են իրենք իրենց: Եթե երբեմնի բարի մարդը չար ու անսիրտ է դարձել, նշանակում է՝ նրա մեջ այդ չարությունը եղել է, պարզապես նոր է բացահայտվում՝ այս կամ այն պատճառով:
Ու վերջապես, եթե երազանքներ ունեք, մի մտածեք, թե դրանք կատարվելու են, եթե նոր տարվա գիշերը ձեր մտքում պահել եք: Իսկ եթե կատարվեն էլ, ապա իմացեք, որ դա այն ջանքերի շնորհիվ է, որ թափել եք նախորդ տարիներին:
Ամանորը հեքիաթ չէր, ու ոչ էլ կախարդանք: Ես արդեն բավական մեծ եմ, որպեսզի հասկանամ դա: Ու երանի նրանց, ովքեր իմ գրածը կարդում են, բայց ոչ մի ասածիս չեն հավատում, որովհետև չեն զգում ասածներս:
Հ.Գ. Իսկ իրականում ես էլ եմ երազանք պահել:
Զգացե՞լ եք, որ ամեն ինչ նույնն է: Երբ 2017-ին հրաժեշտ էինք տալիս դեկտեմբերի 31-ի գիշերը, մեզ թվում էր՝ վերջ, 2017-ի հետ կապված ամեն ինչ մոռացվեց, բայց չէ, կա հիշողություն ասածը: Մեզ օգնում է մի պահ կտրվել հիշողությունից երկնքում տիրող հրավառությունը, բայց մի պահ: Մի պահ էլ մեկ բաժակ շամպայնը և հյուրերի ելումուտը: Եկեք մի քիչ խորանանք շրջակա միջավայրի մեջ: Էլի նույն մարդիկ և նույն շենքերը՝ նույն բնավորությամբ և ոչ ավել կամ պակաս քանակով:
Օրինակ, ես 2018-ը սկսել եմ քննական շրջանով. ամեն օր դաս, պարապմունք, ստուգարքային գրքույկ և գնահատական: Ունեմ ընդամենը մի քանի ժամ: Դա առավոտյան հանգիստ քունն է: Միակ բանը, որ ուզում ես վայելել, բայց էլի ամեն ինչ նույնն է: Մեր 6-րդ հարկի հարևանուհին այդպես էլ ինձ չհասկացավ և ամեն անգամ իմ հանգիստ քունն ընդհատում է հատակ մաքրելու աղմուկով: Բայց հետո, էսպես ասած, մեղքերը քավում է իր աղջիկը: Ես քնում եմ դաշնամուրի նվագի տակ: Մանավանդ, երբ նվագում է Ed Sheeran – Shape Of You երգը: Դաշնամուր չեմ սիրում, բայց այդ երգը դաշնամուրով հաճելի է լսել:
Ահա և իմ առօրյան: Ամեն ինչ նույնն է, բայց կա մի փոփոխություն: Մեջս կա, էսպես ասած, սպասողական վիճակ, որի անունն է՝ զորահավաք: Երբ դու, ինչքան ել չուզես, բայց մեկ է, ժամանակը մեջքիցդ հրելով տանում է առաջ: Ինչքան էլ հետ նայես, մեկ է, ինքը քեզ հրելով առաջ է տանում:
Հիմա ասում եմ՝ ինչո՞ւ է արագ անցնում, բայց երբ գնամ, ասելու եմ՝ ինչո՞ւ է դանդաղ անցնում: Հա, մեկ էլ մի փոփոխություն կա: Այո, այո, նյութ գրելու մեջ: Զգացե՞լ եք՝ ինչ թե ինչքան բառ ենք գրում մենք ֆեյսբուքում, վայբերում մարդկանց հետ շփվելուց: Մի՞թե չարժի այդ բառերի քանակը հավաքել Word-ում և ուղարկել 17-ին: Անկախ մեզնից մենք նյութ ենք գրում ու չենք ուղարկում: Այ, հիմա ես թողել եմ շփումս ֆեյսբուքով և նամակի փոխարեն նյութ եմ գրում: Մեկ է՝ զրուցելը կա ու կա: Իսկ դու փորձե՞լ ես այդպես անել:
Փորձիր. հանգիստ խղճով կպառկես կքնես, որովհետև նյութ գրելու ժամանակ հավաքել և արտահայտել ես բոլոր քեզ հուզող մտքերը՝ այդ ընթացքում նաև վերլուծելով, խաղաղվելով, մի հարց, մի խնդիր էլ առաջարկել քո հասակակից ընթերցողներին:
Հաստատ արդեն ոչ մի բան նույնը չէ, ու օրերն էլ նման չեն մեկը մյուսին:

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի
-Էրեխե՜ք, վա՞ղն ենք ընտրելու դասերը:
-Մեյլում դեկտեմբերի 29-ին էր գրած, այսինքն՝ վաղը:
-Հա՜, ապրես:
-Ո՞վ ինչ դաս ա ընտրել:
-Էրեխե՜ք, ո՞ր դասախոսն ա լավը:
Ու մի շարք նմանատիպ նամակներ անդադար լցնում էին իմ ուսանողական ընկերների հետ ունեցած ֆեյսբուքյան չաթերը: Մինչ ուզում էի մի նամակի պատասխանել, մի քանի հատ նորն էին գալիս…
Վա՜յ, մի րոպե բացատրեմ, թե ինչ է նշանակում՝ «դասեր ընտրել»: Ես սովորում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանում, ու մենք ինչ-որ չափով ինքներս ենք ընտրում մեր դասացուցակները: Այսինքն՝ տրված են առարկաների ցանկերը ու խմբերը՝ ամեն մեկն իր ժամով ու դասախոսով: Ուսանողը պիտի վերցնի որոշ պարտադիր առարկաներ և մեկ ընտրովի: Ուսանողն ինքն է որոշում, թե որ առարկան է ուզում ընտրովի լինի, իսկ հիմնական առարկաների համար որոշում է իր հարմար ժամն ու դասախոսին: Սա պլանավորման փուլն է, որին հաջորդում է ավելի բարդը՝ իրագործելունը: Նշանակված օրվա կոնկրետ ժամին բոլոր ուսանողները նստում են իրենց համակարգիչների դիմաց ու պայքարում իրենց նախընտրած դասացուցակի համար: Սակայն, հասցնել ու ընտրել ցանկացած դասերը այդքան էլ հեշտ գործ չէ, նամանավանդ, որ կայքը շատ ուսանողների ներխուժումից կա՛մ «կախում» է, կա՛մ էլ վերջնականապես հրաժարվում է աշխատելուց:
Եվ այսպես, դեկտեմբերի 29, 2017, 8:58: Ես համակարգչի դիմաց նստած ուշադիր նայում եմ բացված էջի իմ ցանկացած դասերին: Կողքս դրված է այն թուղթը, որին գրված է իմ իդեալական դասացուցակի մի քանի տարբերակ: 9:00, և պայքարն սկսված է: Ես մկնիկի թեթև հպումով ընտրեցի առաջին ցանկացածս դասը ու նայեցի էկրանին: Մի պտտվող շրջանագիծ հայտնվեց իմ դիմաց, որը խնդրում էր սպասել, առանց հասկանալու, որ ժամանակ չկա, և հիմա իմ ուզած մնացած դասերը կընտրեն այլ մարդիկ… Ես անթարթ նայում էի պտտվող շրջանագծին, երբ, ի վերջո այն անհայտացավ և փոխարինվեց տառակույտով. «Դուք չունեք թույլտվություն այս դասին գրանցվելու համար»: Ես շփոթված նայեցի ժամացույցին, հետո՝ էկրանին ու արեցի ևս մի փորձ: Մինչ ինձ արդեն ծանոթ շրջանագիծը նորից հյուրընկալեց ինձ, ես ստուգեցի իմ ֆեյսբուքը և հայտնաբերեցի, որ այդ խնդրին բախվել են բոլոր ուսանողները: Չաթերն ու խմբերը լիքն էին անհանգիստ՝ «Ձե՞զ էլ չի թողնում գրանցվել», «Էրեխե՜ք, մենակ ինձ մոտ ա՞ սայթը կախել», «Ի՞նչ պիտի անենք», «Մեյլ եմ գրում իրենց, տեսնենք՝ ի՞նչ ա կատարվում» արտահայտություններով…

Լուսանկարը՝ Անի Ջիլավյանի
Այն փաստը, որ խնդիրը միայն ինձ մոտ չէ, մի քիչ ինձ հանգստացրեց, սակայն նաև զայրացրեց: Ինչո՞ւ պիտի մի ամբողջ համալսարանի կայքն այդքան վատը լինի, որ ուղղակի հրաժարվի աշխատելուց ամենապատասխանատու պահին:
Քիչ անց մեզ նամակ եկավ, որ կատարվում են կայքը «ուշքի բերելու» աշխատանքներ, բայց նշված չէր, թե երբ այն կաշխատի, քանի որ իրենք էլ չգիտեին, թե երբ կկարողանան «վերակենդանացնել» այն: Եվ այդպես, հարյուրավոր ուսանողներ նստած մնացին համակարգիչների առաջ, առանց իմանալու, թե երբ իրենց բախտ կվիճակվի նորից պայքարել իրենց դասերի համար: Գոնե ասեին, որ երբ սարքեն, կսահմանեն մի ժամ, որի ժամանակ կբացվեն դասերը, այսպիսով մենք ստիպված չէինք լինի մնալ գամված համակարգիչների առաջ՝ նայելով պտտվող շրջանագծին:
Ամեն դեպքում, ես շատ զայրացած նստած էի, երբ, ի վերջո, ժամը 12:00 երեխաներից մեկը գրեց. «Բացվե՜ց», ու մի քանի րոպե չաթերը լռեցին, իսկ ուսանողներն էլ անցան իրենց մարտական դիրքերին ու սկսեցին գրավել իրենց ուզած դասերի ազատ տեղերը: Մի քանի րոպեից ես վերջապես ունեցա դասացուցակ, որը զարմանալիորեն, ինձ բավականին դուր է գալիս: Ու չնայած այլ բուհերի ուսանողներ միշտ ասում են. «Ձեզ համար լավ ա, դուք ինչ դաս ուզում եք՝ ընտրում եք, մի բողոքի», սակայն մի քանի րոպե դաս ընտրելու համար ահագին սպասելն ու նյարդայնանալը կարծում եմ լավ բողոքի թեմա է:
Տոները շատ արագ եկան ու անցան: Անցան սովորական ու բոլոր մարդկանց համար առանձնահատուկ ձևով: Մեկի համար 2017-ը ևս մի տարի էր, որ իրեն հեռացնում է կյանքից, մյուսի համար՝ նպատակին հասնելու հերթական միջոց: Բայց բոլոր դեպքերում այն արդեն պատմություն է, անքննելի ու անփոփոխ, իր թերություններով ու առավելություններով:
Եթե գլոբալ ենք նայում երկրին, աշխարհին, մարդկանց խմբերին, համարյա ոչինչ չի փոխվում, ու ինչպես չենք կարող զգալ, թե ինչպես է պտտվում մոլորակը, այնպես էլ բոլոր փոփոխությունների մասին մենք իմանում ենք վերջում, ու աստիճանաբար, դրա համար էլ փոփոխությունն արդեն ոչ թե փոփոխություն է, այլ սովորական առօրյայի մաս:
Այս տարի էլ, ինչպես մինչև այս եղած բոլոր տարիներին, մարտի 8-ին շատ արագ կսպառվեն ծաղիկները, Զատիկին` կանաչին, Վարդավառին` ջուրը: Ինչ-որ ապրանք կսկսի թանկանալ, բայց միանգամից չէ` աստիճանաբար, որ ոչ ոք չնկատի, նկատողն էլ անընդհատ հարմարվի: Այս տարի էլ շրջանավարտներ ու առաջին կուրսեցիներ կլինեն, արագընթաց ամառային արձակուրդներ ու փուչկիներով սեպտեմբեր: Անվերջ իրադարձությունների այս շարքը նման է անդադար պտտվող անիվի, որը ոչ մի դեպքում և ոչ ոքի համար կանգ չի առնում, իսկ անիվի մեջ գտնվողներին մնում է միայն իրենց ուզած ձևով պտտվել:
Մոտ մեկ տարի առաջ ես գրել էի 2016թ. ամենահավանած գրքերի մասին: Այս անգամ ուզում եմ գրել 2017թ.-ի գրքերի մասին, որոնք ինձ դուր են եկել կամ կարևոր են ինձ համար: Ուզում եմ գրել Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստոն ճայը», Ջորջ Օրվելի «Անասնաֆերման» և Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451» գրքերի մասին:
«Ջոնաթան Լիվինգստոն ճայը» տարբերվելու, չհանձնվելու, նպատակին հասնելու և կատարյալ դառնալու մասին է: Այն փոքր վիպակ է, որի գլխավոր հերոսը Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայն է: Նա նման չի մյուս ճայերին, որոնք միայն մտածում են ծովում որս անելու մասին: Նրա նպատակն է՝ կարողանալ թռչել հնարավորինս արագ և բարձր: Եվ, միգուցե դա նրան հաջողվում է…
Պատմվածքի հիմնական իմաստն այն է, որ պետք չէ վախենալ տարբերվելուց և հասնել նպատակին՝ ուշադրություն չդարձնելով մյուսների քննադատություններին:
Մյուս գիրքը, որի մասին ուզում եմ պատմել, «Անասնաֆերման» է: Ամեն ինչ սկսվում է, երբ ֆերմայի կենդանիները որոշում են ապստամբել և ստեղծել անկախ ֆերմա: Նրանք երգում են վաղուց մոռացված «Անգլիայի գազանները» և պատրաստվում ապստամբության:
«Անասնաֆերման» իշխանության մասին է: Գրքի մեջ կան և՛ լուռումունջ հնազանդվողները, և՛ ազդեցիկ ճառ ասողները, և՛ պայքարել ցանկացողները, և՛ իրականությունը տեսնողները, բայց չպայքարողները, և՛ նրանք, ովքեր կարողանում են միայն սուտ խոստումներ տալ, բայց իրականում կատարել այն, ինչ ուզում են, որովհետև հասարակությունը միշտ չի, որ կազմակերպված է և խելացի:
Իմ կարծիքով, այս գիրքը շատ կարևոր է և կարելի է կարդալ (եթե մտածում եք, թե ինչ գիրք կարելի է կարդալ):
«Ֆարենհայթ 451» վեպի գործողությունները կատարվում են ապագայում: Ապագայում, երբ մարդկանց այլևս հարկավոր չեն գրքերը, և հրշեջները դարձել են հրկիզողներ: Մարդիկ ապրում են երջանիկ 4 հեռուստապատերի հետ զրուցելով և մտածելով, որ շատ բան գիտեն (իսկ իրականում նրան ոչինչ էլ չգիտեն): Աշակերտները դասերից հետո զվարճանում են ավտոմեքենան վարելով այնքան արագ, որքան կարող են և դժբախտ պատահարների պատճառ դառնալով: Իսկ նրանցով, ում դուր չի գալիս այդ կյանքը, զբաղվում են էլեկտրական շները:
Գրքի գլխավոր հերոսը հրկիզող Մոնթագն է, ով զրուցելով իր հարևանուհու հետ, հասկանում է, որ աշխարհը այլևս այնպիսին չէ, ինչպիսին անցյալում: Նա մեկն է այն մարդկանցից, ովքեր փորձելով փոխել աշխարհը, կամ արժանանում են մահվան, կա՛մ էլ փախչում են (միանալով նույն ճակատագրին արժանացածներին):
Լավ, հերիք է պատմեմ: Ավելի լավ է դուք կարդաք, որպեսզի ավելի հետաքրքիր լինի:
Բարև: Նորից նեղսրտած եմ և ուզում եմ զրուցել քեզ հետ: Հուսով եմ՝ կլսես:
Քեզ հետ եղե՞լ է այնպես, որ ուզես փախչել բոլորից: Պարզապես տանից դուրս գալ՝ թեյ գնելու, ու փախչել քաղաքից: Երբևէ ցանկություն չե՞ս ունեցել գնալ մի տեղ, որտեղ քեզ ոչ ոք չի ճանաչի, ոչ ոք չի հարվածի մեջքից, որտեղ դեռ ոչ ոք չի տեսել քո արցունքները, որտեղ կկարողանաս ամեն ինչ զրոյից սկսել: Վս տահ եմ՝ շատ հաճախ ես նման ցանկություններ ունեցել, իսկ հաջորդ րոպեին ինքդ քեզ թափ ես տվել ու գիտակցել՝ միայն թույլերն են փախչում:
Երբևէ խնդիրներ չե՞ս ունեցել ուսուցիչներիդ հետ: Վստահ եմ՝ ունեցել ես: Ես էլ եմ շատ հաճախ ունեցել: Իսկ դու երբևէ վիճե՞լ ես ու մատնացույց արել ուսուցչիդ սխալը: Այ, դրանում համոզված չեմ… Ես էլ հաճախ էդպես չեմ անում՝ գիտակցելով հանդերձ, որ սխալ է լռելը:
Մանկավարժների մի տեսակ կա, ովքեր պարզապես տարիներով խաղում են աշակերտի հոգեբանության հետ: Խոսքս ուղղում եմ նման մարդկանց. մի՛ արեք էդպես, խնդրում եմ: Աշակերտի հոգին ձեզ համար խաղալիք չէ, ու եթե հաճախ լռում են՝ որպես իրենց ուսուցիչ հարգելով, կամ վախենալով, դա չի նշանակում, որ դուք ճիշտ եք: Սիրելի՛ մանկավարժներ, դուք նույնպես պարտավոր եք հարգել աշակերտին, որպես անհատ, որպես սեփական կարծիք, սեփական մտածելակերպ ունեցող հասուն մարդու:
Շատ ուսուցիչներ կան, ում որպես մարդ ես չեմ հարգում, բայց որպես ուսուցիչ պարտքս եմ համարում հարգել:
Չգիտեմ, գուցե տարիք է, երբ մարդու ամբողջ ներաշխարհն է ցավում, երբ ամեն ինչ ծայրահեղությունից ծայրահեղություն է, երբ ամեն մանրուքից արցունքոտվում են աչքերը՝ երբեմն նաև օտարների ներկայությամբ:
Երևի տարիք է, երբ հաճախ արցունքների փոխարեն ագրեսիվությունն է հորդում, ու անհիմն վիրավորանքներ են ուղղվում մարդկանց հասցեին, որի համար հետո զղջում ես: Չգիտեմ:
Քեզ հետ եղե՞լ է, երբ ցանկացել ես հարազատիդ լավություն անել, բայց լավությունդ քո՛ դեմ է դուրս եկել:
Իսկ եղե՞լ է, երբ հարազատդ քեզ պաշտպանելու համար հաշվի չի առել նույնիսկ սեփական շահերը: Այ, պաշտում եմ մարդկային էս տեսակը:
Համենայն դեպս, երբ հարազատս հաշվի չառնելով, որ կարող է հետագայում խնդիրներ ունենալ՝ պաշտպանեց ինձ ուսուցչիս մոտ, դա իմ աչքին բարձր երևաց: Մինչ ես փորձում էի արցունքներս թաքցնել ու բողոքել քաղաքիս «քառակուսի կաղապարված» մտածելակերպից, նա ինձ մեղադրում էր, որ ոչինչ չեմ գնահատում: Իրականում, ես ամեն մանրուքն էլ գնահատել եմ, թեև հաճախ չեմ արտահայտվել:
Ձմռան այս «անտանելի» եղանակից փախչելով, սենյակում լուռ նստելով, գրքի էջերը արագ թերթելով ու ինչ-որ բան փնտրելով, տաք թեյի մասին երազելով` ես հիշում եմ, թե ինչպես էր Չերչիլն իր հարցազրույցներից մեկում կիսվում իր այս խոսքով. «Քո արածը քեզ մոտ էլ վերադառնում է»: Հետո զարմանում եմ ինձ վրա, թե ինչու հիշեցի այդ միտքը: Ու սկսում տարվել այդ մտքով և մոռանում ամեն ինչի մասին:
Չէ, իր պատմությունը զարմանալի է, այս միտքը վիրաբերում էր մի ագարակատիրոջ, որը փրկել է մի երիտասարդ տղայի կյանք: Տղայի հայրը շնորհակալության դիմաց այդ ագարակատիրոջ տղային ուսման է ուղարկում արտասահման և հոգում ֆինանսական ծախսերը: Ագարակատիրոջ տղան դառնում է հայտնի բժիշկ: Հետագայում նա բուժում է այն տղային, ում կյանքը փրկել էր իր հայրը: Ուսման համար հոգացող այդ պարոնի որդին Չերչիլն էր:
Գլխով անելով համաձայնվում եմ Չերչիլի հետ, կիսում իր կարծիքը ու շարունակում մտածել: Իսկ մի՞թե այս խոսքերը միայն այս դեպքի համար են ճիշտ, չե՞ ն գործում այս խոսքերը կյանքում: Հիշում եմ այն բոլոր դեպքերը, ինձ հետ կատարված, որ ինչ-որ չափով վերաբերում են այս խոսքին: Աստվածաշնչում էլ գրված է՝ բարին կամեցիր մերձավորիդ:
Վերջացնելով այս պատմությունը, գալիս եմ իրականություն ու մտածում. ինչ լավ է, որ մտքեր կարդալու ունակություն չունեն մարդիկ:
Պատուհանից դուրս մի անծանոթի եմ նկատում: Նա ձեռքը տարավ գրպանը, հանեց մի ճմրթված թերթի կտոր: Ինչ- որ ժպտացող մարդկանց պատկերներ էին: Նայեց, տխրեց, արցունքները հոսեցին, և գնաց: Հետո միայն հասկացա, որ անծանոթը կարոտել էր իր տունն ու ընտանիքը:
Երանի կարողանայինք գնահատել ու սիրել, մեր անձից բացի սիրել նաև ուրիշին, դե, թեկուզ փողոցում կանգնած այն անծանոթին, որը երևաց իմ պատուհանից:
Կարողանանք կիսել նրա վիշտը: Սկզբի համար, մտածում եմ, թե ինչ լավ կլիներ, եթե վատ բաներ չկամենանք մարդկանց: Նայենք այս անծանոթին և մտքում նրան ուժ տանք ու համբերություն: Երանի, երանի մարդկանց հետ վարվեինք այնպես, ինչպես մեր սեփական անձի հետ ենք վարվում:
Իսկ դու քեզ պատասխանատու զգո՞ւմ ես այս մոլորակում ապրող մարդկանց համար: Լավ, գոնե մեր հողի վրա ապրող մարդկանց համար: Ինչո՞ւ: Դե, որովհետև նրանք էլ են քեզ նման, որովհետև օգնելով ծեր կնոջը, կամ փոքր երեխային ժպիտ պարգևելով, դու երջանկացնում ես այս մոլորակում ապրող մեկ մարդու:
Երևի սրա համար էլ աշխարհում կան բարի ու չար մարդիկ, կա ազնիվը և անազնիվը: Եթե այդպես է, ուրեմն կյանքն էլ այդ բումերանգի սկզբունքով է աշխատում, և ամենաճիշտն է դա: Պետք է բարին գործել: Հարցը կայանում է նրանում, որ քո գործած չարն էլ, բարին էլ, մեկ է քեզ հետ է վերադառնում: Չերչիլը…
Հետո հիշեցի պարսկական մի առասպել, որտեղ պատմվում էր աստված Զրվանի մասին, որը պետք է ունենար զույգ որդիներ, և, իբրև աստված, նա գիտեր, որ ով առաջինը ծնվի, նա էլ պիտի տիրի աշխարհին: Զրվանը որոշում է առաջինը լույս աշխարհ բերել Որմիզդին` բարու, լույսի որդուն, բայց առաջինը ծնվում է Ահրիմանը` չարի և խավարի մարմնավորումը: Եվ Զրվանը որոշում է, որ նրանք աշխարհին կտիրեն հերթականությամբ: Այստեղից էլ առաջանում են լույսն ու խավարը, գիշերը և ցերեկը:
Այսինքն, մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չեն կարող, և այստեղից է ծագում բարու և չարի հավիտենական պայքարը:
Ու ես իմ թերթած գրքի իննսունիններորդ էջում գալիս եմ այս եզրակացությանը:
Ինչպիսին մեր մտքերն են, այնպիսին էլ կլինի մեր կյանքը: Եթե բարին ենք կամենում, հարգում դիմացինին, երջանկացնում նրան, ապա մեր կյանքն էլ այդպիսին կլինի, իսկ եթե չարն ենք կամենում, վատաբանում ու չարախոսում, կյանքն էլ այդպիսին կլինի, ու մեզ էլ հենց այսպիսի մարդիկ կշրջապատեն:
Իսկ գրքի իննսունիններորդ էջում գրված էր.
«Մարդ իրավունք ունի վերևից նայելու մեկ ուրիշին` միայն այն ժամանակ, երբ օգնում է վերջինիս բարձրանալ» (Գաբրիել Գարսիա Մարկես):