


Մետրոպոլիտեն

Երևանյան անկյուններ
17 դայջեսթ Աշուն 2021

Մտքեր ու հուշեր Հայաստանից
Ողջույն: Արդեն գրեթե երկու տարի է, ինչ ես Հայաստանում մշտապես չեմ բնակվում: Ես ժամանակավորապես ապրում եմ Գերմանիայում, աշխարհի 80-ից ավելի ազգերի մարդկանց հետ: Գիտեմ, որ ապրելակերպս առաջին հայացքից թվում է շատ գրավիչ և հարուստ տարբեր փորձառություններով, այդպես էլ կա: Բայց հեռավորությունն ու աշխարհին ավելի մոտ գտնվելը ինձ ավելի շատ կապեց աշխարհի մյուս կողմում գտնվող, իմ փոքր ու վտանգի մեջ ապրող տան հետ:
Անկեղծ ասած, երբ Հայաստանում էի, շատ էի ցանկանում փախչել, տեսնել աշխարհը, ծանոթանալ նոր քաղաքների ու մարդկանց հետ, փոխել իրականությունս… Դա անելը ինձ հաջողվեց: Այժմ ես մուտք ունեմ ավելի շատ գիտելիքների, ռեսուրսների, հնարավորությունների և մարդկանց հետ, բայց շատ հաճախ, երբ նստած եմ լինում դասարանում, խոսում եմ ընկերներիս կամ ուսուցիչներիս հետ, քայլում եմ փողոցներով, փորձում եմ քուն մտնել, և այլն, ուղեղիս խորքից ինձ պատում են հիշողություններ, մտքեր, և նույնիսկ խոսքեր ու ձայներ, որոնք լսել եմ Հայաստանում, տանը, կամ Գորիսի փողոցներում:
Երբեք չեմ հասկացել, երբ մարդիկ նախկինում ասում էին, որ կարոտում են տունը: Ես միշտ եղել եմ ճանապարհին, տան զգացում հազվադեպ եմ ունեցել: Բայց վերջերս նման մտքերը դարձել են հազարավոր մտքերիս մի մեծ հատվածը: Չգիտեմ, արդյոք սա այն գիտակցումի՞ց է, որ տունս կարող է պատերազմի պատճառով մի օր պաշտոնապես էլ իմը չլինել, կամ նրանից, որ տատս, ում իմ տունն էի համարում, էլ չկա, կամ նրանից, որ անկեղծորեն նախանձում եմ բոլոր նրանց, ովքեր հիմա շանս ունեն լսել հայերեն ձայներ իրենց շրջապատում, լինել տանը և ուտել հայկական ուտելիքներ, բայց փաստը նրանում է կայանում, որ ես կարոտում եմ այն ամենը, ինչը ժամանակին այդքան սովորական է եղել, որ դրա բացակայությունը այժմ գալիս է հիշողությունների ու կարոտի միջոցով:
Ճիշտ են ասում, որ պետք է հեռու լինել երբեմն, որ ավելի մոտ զգաս: Հիմա ես ավելի շատ եմ գնահատում այն, ինչ ունեցել եմ, բայց երբեք չեմ արժեվորել, քանի որ այն իմ ժամանակի նորման է եղել: Օրինակ, այստեղ երբ խնդրում են հայերեն խոսել, սիրում եմ պատասխաններ տալ Գորիսի բառբառով, Հայաստանի համը զգում եմ այլազգի օդանավակայաններում հայկական ուտելիքներով, սենյակիս Հայաստանի դրոշին նայելով և այլն:
Մի խոսքով, անչափ շնորհակալ եմ այն փորձի համար, որի միջոցով կարողանում եմ սովորել աշխարհի մասին և ճանաչել աշխարհը, ինչպես նաև գիտակցել ու անսահման սիրել Հայաստանի յուրօրինակությունը այդ ամենի մեջ և զգալ զգացմունքներ, որոնք իմ անձի հետ ժամանակին չէի ասոցացնում:

Աղոթք արձագանքող պատեր

Էմոցիոնալ զեղումներ՝ տիեզերքի, երջանկության, սիրո և պատերազմի մասին…
Մի օր, մի սովորական օր, ես արթնացա ու հասկացա, որ ուզում եմ գրկել Երկիր մոլորակը: Ես զգացի այդ գրկախառնության ուժը, իմ թևերի բացվածքը և մեր ձուլումը, ես հասկացա, որ սիրում եմ, անասելի սիրում եմ այս կյանքը: Մի սովորական օր, երբ հերթական անգամ թևերս քամու առաջ բացեցի, սպասումով, որ ինձ վեր կհանի, ես վեր բարձրացա՝ ոտքերս գետնին կպած, բայց բարձրացա: Ինչ-որ պահից հասկացա, որ տիեզերքը ավելի քան ուժեղ է, ու մտքերս սկսեցի տիեզերք ուղարկել, մեկ-մեկ էլ վախենալով, որովհետև հաճախ վատ մտքեր եմ ունենում: Ես հավատում եմ, հավատում եմ, որ ինչքան ես եմ սիրում էս կյանքը, էդքան ինքը ինձ է սիրում:
Հաճախ գլուխս շատ բարձրացրած եմ քայլում, որ աչքիս միայն երկինքը երևա ու քթիս կպնի սառը օդը, հավատացեք՝ դա նման չէ այն օդին, որը դիմացդ նայելով քայլելուց ես շնչում: Երկինքը ֆիլտրում է իմ ներսը, մաքրում է ինձ, օգնում է ու փրկում, ես վստահ եմ:
Մի օր արթնացա ու հասկացա, որ երջանկությունը ունեցածդ ոչինչն էլ սիրելն ու գնահատելն է: Երջանկությունը ուղղակի տեսնելն ու նկատելն է, ոչ թե ունենալը կամ չունենալը: Եվ ես այնքան երջանիկ ու շնորհակալ եմ ամեն ունեցածիս ու չունեցածիս, ամեն դրական ու բացասական զգացածիս համար:
Ու քանի դեռ մայրս անընդհատ կրկնում է, որ շատ բարի եմ, որ պետք է դադարեմ հավատալ, այդքան շատ հավատալ մարդկանց, միևնույն է, ես շարունակում եմ կուրորեն հավատալ: Եվ կապ չունի, թե ինչի կհավատաք, հավատը ամենակարևոր արժեքն է անկեղծ հարաբերություններ ստեղծելու, մարդկանց և կյանքը սիրելու համար:
Բայց մի օր, ամենատաք աշնանային օրերից մեկի ժամանակ, ես սկսեցի չհավատալ հումանիզմին: Այդ օրը պատերազմ սկսվեց, ես սկսեցի ատել: Այն օրը, երբ հրապարակվեցին առաջին զոհերի անունները, ես սկսեցի ատել: Իսկ այսօր պատերազմից մեկ տարի անց, ես էլի հավատում եմ, որ մեզ փրկվելու համար սեր ու համերաշխություն է պակասում, մեզ պակասում է գիտակցումը, որ երջանկությունը պալատներ ունենալու ու մի ողջ երկրագունդ զավթելու մեջ չէ: Երջանկություն է թեկուզ մի փոքրիկ հողակտորի վրա ամենափոքր, բայց ջերմ տուն ունենալը:
Այսօր, երբ աշխարհը կործանվում է բազմաթիվ չար մարդկանց պատճառով, ես հավատում եմ, որ մի օր մենք կվերագտնենք խաղաղությունը, երբ միմյանց մասին հոգ տանենք ու հասկանանք, թե ինչքան քիչ բան է պետք երջանիկ լինելու համար:
Միայն թե իրար չսպանենք…

Երևանյան անկյուն

Քնել չի լինում
Երազումս երկնքից ռումբեր էին թափվում անձրևի փոխարեն, ու կապույտը լքել էր երկինքը, հոգի՛ն, հոգի՜ն… Երազումս անձրևը մարդկանց աչքերն էր երկինք ընտրել, ու ցուրտ էր, ցու՜րտ հոգիներում:
Ատում էի համազգեստը, որը միշտ բաժանում է հորս ինձնից, մորը որդուց ու սիրելիի՜ն՝ քեզնից: Անտանելի խավար էր ու մրրիկ. ամառվա կեսին փոթորիկն էր իշխում: Օրերը թախծոտ էին, օրը՝ արյունոտ: Ռումբերը գնդակներ էին, որոնք խաղում էին մեզնով: Շուռ էր եկել աշխարհն ու կորել մարդկությունը, որտեղ մարդը զուրկ էր աչք-ականջներից, լեզվից ու հոգու՜ց, ու աշխարհը կույր էր: Գունատ էր տունս, վիրավոր ոտքերով աշխատում էր չընկնել, որովհետև մի ընտանիք էր պահում իր կրծքում:
Երազումս գրկել էի հողը, որպես սպեղանի վերքերն ամոքել էի ցանկանում: Երազումս վախենում էի աղմուկից, փակում աչքերս ու կծկվում:
Արթնացրե՛ք, խնդրեմ, Հայոց աշխարհին այս մղձավանջից:
