Tsovinar Galstyan

Մեր օրերի Ձմեռ պապը

Մայթերի սառեցնող անհայտության մեջ նա վազում էր, քարացած էր սառած մայթերի ու սառած օրերի միախառնումից…

Եսակորուստ օրերից նա քաղել էր մի փունջ բարիք…Դու ես քո օրը, տարիները գույներով լցնողը, բայց կան գույներ էլ, որ գալիս են ու լցվում քո կյանք անկախ քո ցանկություններից: Դրանք քեզ կփորձեն ծնկի բերել, թուլացնել, թևաթափ անել, բայց քո պարտականությունն է` դրանց անէացնել…

Նա խոսում էր, քայլում, մտածում, ու մեկ էլ հասկացավ, որ սառնագույն օրերն  ու ցրտից քարացած մայթերը ջերմացնում են: Երջանկությունն էր…

Մեզ դեռ փոքր տարիքից սովորեցնում են հավատալ ու սպասել Ձմեռ պապիկին, ու մենք սպասում ենք՝ հավատալով, որ գալու է դեկտեմբերի 31-ի գիշերը, ու մեր երազանքները կատարված կլինեն, մինչև առավոտյան կզարթնենք:

Մենք սովորում ենք հավատալ հրաշքների ու սպասում ենք դեկտեմբերի 31֊ի գիշերվան, որ առավոտ, երբ զարթնենք, հրաշքները կատարված լինեն:

Մեզ չեն սովորեցնում սովորել, մեզ չեն սովորեցնում հարգել, երևի  արժեքներ են, որոնք ոչ մի Ձմեռ պապ չի բերի ու չի տա:

Մենք մինչև հիմա սպասում ու երազում ենք` դրա համար իրական ոչ մի քայլ չանելով: Մենք պիտի  հասկանանք, որ հրաշքներն ու երազանքները կատարվում են, երբ հավատալուց զատ քայլեր ենք անում:

Ձմեռ պապիկը մեր ներսում է թաքնված, ու նա ամեն օր է մեզ պարգևելու հրաշքներ ու երջանկություն,երբ  մենք ինքներս սկսենք հավատալ:

Ես հավատում եմ հրաշքներին, հավատում եմ, որ մենք բժշկվելու ենք, որ ոտքի ենք կանգնելու ու քայլելու ենք առաջ։

Hayarpi Asatryan 2

Սպիտակ թղթեր են հարկավոր

Սպիտակ թղթեր են հարկավոր և հաճելի մի նոր սկիզբ, հներն արդեն հոգնել են գրչահարվածներից, հներն արդեն պատրաստ են դարսվել դարակում․ դրանք արդեն լցված են անցած օրերի դառն ու քաղցր հուշերով: Ալեկոծվող արցունքներից մինչև խելապակաս ժպիտներով են թաթախված թղթերը այդ…

Թղթեր կան, որոնք սրտիս մորմոքն են, սրտիս մեջ խոցված արնաքամ անող 44 այն սուր դաշույնն են, որ մխրճվել են` հավերժ մնալու, այնտեղից երբեք դուրս չգալու մտադրությամբ։

Մի տեղ գրված է, թե կորցնում եմ․․․  Իսկ այն թղթերը, ա՜խ, այն թղթերը, որտեղ գրված են փոքրիկ քայլերը մեծ նպատակի։ Վերելքների ու վայրէջքների, համառորեն պայքարելու ու չհանձնվելու մասին այնքան թղթեր են կուտակվել։ Թերևս այսօր որոշել եմ  դրանք դնել դարակում, ժամեր հետո 365 նոր ու  ճերմակ թղթեր եմ ունենալու, 365 նոր շանս` երջանիկ լինելու համար: 365 ու ավելի հնարավորություն` հարազատ մարդկանց կողքին լինելու, ժպտալու, շնորհակալություն հայտնելու կյանքին ամեն բացվող  օրվա համար։ Իսկ հաճելի սկզբի լավագույն ակնարկը պարզապես ժպտալն է:

Եկեք ընդունենք կյանքի մարտահրավերները, դրանք օգտագործենք  մեկ քայլ ավելի բարձրանալու համար։ Եվ հիշենք՝ ոչինչ հենց այնպես չի լինում։

Նոր սկիզբը նոր հնարավորություն է, պետք չէ բաց թողնել այն։

Mariam Shanazaryan

«Ես արդեն մի քիչ մեծացել եմ, մայրի՛կ»

Ոտքիս ծայրին թե կանգնեմ,

Մեծ սեղանին կհասնեմ․․․

Ոտքիս ծայրին կանգնելով շատ բաներ արել ու փորձում եմ անել ամեն օր, ինչպես սովորական մարդիկ, ինչպես դու, սիրելի՛ ընթերցող։ Սա կարծես փոքրիկ բաց նամակ է ուղղված մայրիկին․ նա կընդունի՞ արդյոք ընտրածս վերնագիրը՝ չգիտեմ, բայց կարելի է ընդունել, որ մի քիչ մեծանալը անցավ աչքս թարթելուն զուգահեռ։ Չէի ուզի այսքան շուտ հասկանալ, որ օրվա ժամանակը չի հերիքում մեզ, չէի ուզի այսքան շուտ հասկանալ, որ կան բաներ, որոնք կարող են շրջադարձային լինել, փոխել մեզ ու մի քիչ էլ հիասթափեցնել։

-Մայրի՛կ, մի՞թե դու գիտես ժամանակի՝ այսքան արագ թռչելու գաղտինքը, ասա՛ ինձ։

Ինչքան էլ փորձեմ քեզնից պատասխան կորզել, մեկ է, դու էլ չես իմանա, ի՞նչ իմանաս, դու մեծանում ես, մենք էլ վազում ենք ետևիցդ։
Տուն, շենք, փողոց, ճանապարհ, ոչինչ էլ ինձ արդեն այստեղ, քաղաքի այս խառնաշփոթ իրարանցման, մարդկանց՝ դիմակի տակ թաքնված «պերճ» դեմքերի մեջ չի զարմացնում։

Մի ժամանակ պատերազմ չտեսած սերունդը պատերազմի մասնակից է դառնում ամեն օր ու վայրկյան։ Մեր պատերազմն առաջինը հողի ու ջրի համար է, հետո՝ համաճարակի դեմ, հետո՝ առցանց-առերես, դասի գնալ-չգնալու, երբ համակարգիչն ասում է` stop: Հանդիպումն ավարտվեց, ասելիքդ պահիր մյուս դասաժամի համար, հետո, հետո․․․

Անվերջ շարան, չասված մտքեր, հետադարձ կապի բացակայություն։ Ու ի՞նչ։ Կռիվ եմ տալիս ես էլ․ մի քիչ մեծ եմ, չէ՞, դե։ Ամեն քայլափոխի ընտրության առաջ ենք կանգնում, և թե որն է ճիշտ մեր ընտրածների մեջ, մենք էլ չենք հասկանում։ Ապրում ենք այնպիսի մի իրականության մեջ, ուր կատարվում են բաներ, որոնք հանդիպում ենք մեր կարդացած գրքերից վերջիններում, որովհետև կյանքը մի տեսակ լցվել է անհավանական երևույթներով ու իրադրություններով։ Կան բաներ էլ, որոնք կուզեինք գրքի մեջ եղածի պես լիներ․ ազատություն, անկեղծ խոստովանություն, ավարտ։

Երեկ թեյում էինք տանը։ Աշուն էր, մեկի համար տերյանական, մյուսի համար` նյարդայնացնող, հաջորդի համար՝ վերջինը։ Այսօր արդեն մեկն է այն ձմեռներից, որին սպասում եմ միշտ, որովհետև գալու եմ քեզ մոտ, սիրելի՛ս։

Կգրկենք իրար, կուրախանանք, և ես այդ պահին ավելի ուժեղ կլինեմ․ձեռքերիս մեջ դու ես, ոտքերիս տակ` հայրենի հողը, որի համար դողում ենք, և որի համար պիտի էլ ավելի ուժեղանանք․ թույլ սրտով այն չես պահի երբեք էլ։

Վերջերս ավելի ինքնավստահ ենք դարձել, ավելի բաց ու լայն ճակատով ենք նայում ամենուր ու ամենքին, և դա էլ կարելի է համարել հետևանքն այն իրականության, որին բախվել ենք մենք՝ անվերջ պայքարող, անվերջ երազող, հույսով սպասող։

Մեկ-մեկ պատահում է այնպես, որ մոռանում եմ շուրջս կատարվող ամեն բան, կատակում եմ չափից շատ, խոսում դասերին ու դիտողություն ստանում կողքիս նստողին Սյունիքից Երևան ամբողջ լուրերը պատմելու պատճառով։ Մի քիչ մեծ լինելս չի ստիպում մոռանալ դպրոցից ժառանգած այդ «ավանդույթը»։

Նամակի ուղղությունը՝ հարավ։

Կընդունի՞ արդյոք ընտրածս վերնագիրը՝ չգիտեմ։

Հայրենիքի նվիրյալ Արման Ղուլյան

Քառասունչորսօրյա պատերազմի հերոսներից մեկն է Արման Հովիկի Ղուլյանը։ Ծնվել է 2002 թվականի հունվարի 2-ին Լոռու մարզի Օձուն գյուղում։ Սովորել է Ալավերդի քաղաքի  Սայաթ-Նովայի անվան թիվ 8 դպրոցում։ Երբ Արմանին հարցնում էին, թե ինչ է դառնալու, պատասխանում էր` գիտնական…

Երևանի ճարտարապետության և շինարարության համալսարանում մեկ տարի սովորելուց հետո 2020 թվականի օգոստոսի 11- ին մեկնում է պարտադիր զինվորական ծառայության։ Ծառայել է ամենայն պատասխանատվությամբ և սիրով։ Քառասունյոթ օրվա զինծառայող է եղել, երբ սկսվել է
Պատերազմը։ Հոկտեմբերի 25-26-ին տեղափոխել են Սղնախ գյուղ։ Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 27-ին։

Հինգ ամիս Ղուլյանների ընտանիքը համոզված էր, որ Արմանը գտնվում է գերեվարության մեջ, քանի որ երեք անգամ որոնողական աշխատանքներ են տեղի ունեցել, և Արմանին չեն գտել, չորրորդ որոնողական աշխատանքների ընթացքում գտնվել է Արմանի զրահաբաճկոնն ու գոտին, և ավաղ, մարտի 29-ին գտնվել է մարտիրոսված Արմանը։

-Չգիտեմ, այդ մեկ ամիսը ինչերի՞ միջով է անցել լույսս, բայց ինձ հետ միշտ խոսեց խիզախ ձայնով, կոտրված չեմ լսել ձայնը: Ես չեմ իմացել, որ ուժեղ տղա ունեմ,-պատմում է Արմանի մայրը` տիկին Հերմինեն,- շատ «թափանցիկ» էր, հոգատար, բարի: Դպրոցից բացակայելու հասկացողություն չկար: Ընկերներից մեկ տարի փոքր էր, բայց իրենցից լավ էր սովորում դպրոցում: Դպրոցական տարիներին նկարչության ու պարի է հաճախել, հինգ տարի էլ` ըմբշամարտի: Շատ ընկերասեր էր, իր ընկերների ուրախությունն էր։ Սիրում էր քրոջը սրտահան անել։ Մարթաս սիրում է մեծ ուշադրություն, և այդ պատճառով միշտ հոգու հետ էր խաղում ու վերջում ծիծաղում։ Հենց տեսնում էր քույրը զբաղված է, գալիս էր կողքիս նստում ու սկսում.
-Մամա՜ ջան, դու իմ մաման ես, մենակ ինձ ես սիրում, ես եմ նստել մամայիս կողքին, արի գրկեմ քեզ,- ու աչքի ծայրով նայում քրոջ արձագանքին, այնքան էր անում, մինչև Մարթաս լաց լինի, ու քահ-քահ ծիծաղում  էր Մարթայի մանկական միամտության վրա։ Դրսից ներս մտնող լույսս չմարեր, ու պատերի ջերմությունը չպակասեր։ Զարդերն ու՞մ են պետք, երբ տունդ ջերմացնող զարդին ես փնտրում`անվերջ ու ամենուր…

Արմանը ամփոփված է հայրենի Օձուն գյուղում։

Հավերժ փառք ու խոնարհում հերոս Արման Հովիկի Ղուլյանին։

Նախատոնական

Նոր տարվա սպասելիքներով,  քննական ծանրաբեռնվածությունից մի կերպ ազատված՝ վերջապես ժամանակ գտա երկու խոսքով ցույց տալու ընկերուհուս՝ Մարիամի ընտանեկան հավաքույթ-նախապատրաստումը գալիք տոներին, որն այնքան տպավորել էր ինձ։

Այդ օրը նա փոքր ինչ անհանգիստ էր, որովհետև ուզում էր և տնային գործերն ավարտել, և դասերը սովորել, և բաց չթողնել սպասված օրվա հետաքրքիր պահերը.

-Հեսա բոլորը հավաքվելու են մեր տուն։

Մեզ մոտ՝ Գավառում, այդ օրերին բոլորը հավաքվում են հիմնականում փախլավա պատրաստելիս, բայց երբ նրան հարցուփորձ արեցի, պարզվեց, որ բանն այլ է.

-Հատկապես սուջուխի (շարոցի) պատրաստումը մեր ընտանիքում մեծ արարողակարգ է,-պատմեց Մարիամը՝ թելած ասեղով ծակելով ընկույզների «փորիկները»,- Ամեն տարի այս օրերին, առավոտյան մաման նախապատրաստում է համեմունքների կապոցը և հետո դրանով խյուսը պատրաստում։ Այդ ընթացքում ես, քույրերս շարեր ենք անում, մինչև գալիս են տատիկը, մեծ քույրս իր ընտանիքով, հարևանները, և ընդհանրապես` ով պատահի։

Մի պահ դադար տալով՝ Մարիամը սկուտեղներ ու ափսեներ բերեց կողքի սենյակից և շարունակեց իր պատմությունը.

-Երբ շփոթը պատրաստ է լինում, մենք նախ տաք-տաք համտեսում ենք ու համի մասին կարծիքներ ասում,- ասաց նա ու մի ափսե տաք շփոթ ու ընկույզ հյուրասիրեց ինձ,- տատիկին միշտ համը չի գոհացնում, բայց մենք հավանում ենք։

Այնուհետև Մարիամի մայրն սկսեց շարերը թաթախել շփոթի մեջ ու կախել։

-Դե իհարկե, արդեն պատրաստի կախված շարերից մեկը պարտադիր պոկվում-ընկնում է,-հերթական շարոցի պոկվելու ժամանակ ծիծաղեց Մարիամն ու սկուտեղը ձեռքս տալով՝ հայտարարեց,- սա ամենազվարճալի պահն է։ Լավ խաղ է, արի խաղանք։ Պետք է այնպես անենք, որ գետնին չկաթկթի։

Ու մենք սկսեցինք սկուտեղները ձեռքներիս վազվզել կախված երկարուկ շարերի միջով։

Երբ ամեն բան պատրաստ էր, և հարևաններին հյուրասիրելու համար շփոթով լի մի-մի աման ձեռքներիս փողոց դուրս եկանք, Մարիամը չարաճճի ժպիտով մի բան փսփսաց.

-Գիտե՞ս, մի հետաքրքիր բան էլ կա։ Տատիկս միշտ ասում է, որ իրենն ավելի համով էր ստացվել,-մի պահ լիաթոք ծիծաղում է ու ավելացնում,- չնայած իր բաժինն էլ է մաման սարքում։

Էս էլ մեր շարոցների փոքրիկ, համեղ պատմությունը։ Սիրտներդ ուզեց, չէ՞։

Գավառի լուսաբացները

Գավառում լուսաբացերն ուրիշ են, ամեն բացվող լուսաբացի հետ ես սպասում եմ: Ինձ թվում է, եթե դադարեմ սպասել, մի բան այն չի գնա իմ կյանքում։

Գուցե տարօրինակ թվա, բայց իմ անդադար սպասման մեջ կյանքի շարունակականությունն եմ փնտրում ու ինքս ինձ միշտ հարց եմ տալիս` ի՞նչ արեցի այսօր իմ կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար։

Ես պարզապես սպասում եմ: Իսկ ամեն լուսաբացի հետ հասկանում եմ, որ իմ մեջ մեծ կյանք կա, որը պետք է ԱՊՐԵԼ։