Հայաստանի գյուղերը. Կարմիրգյուղ, Գեղարքունիքի մարզ

lilit vardanyan

Լքված տունը, գրքերը ու մենք

Այդ շենքը լքված էր, ջարդված պատուհաններով, ճաքճքված պատերով: Ամեն անգամ անցնելով այդ տան մոտով, մենք ուզում էինք մտնել և տեսնել, թե ինչ կա այնտեղ: Մի անգամ պանսիոնատում հանգստացող տատիկներից մեկին հարցրեցինք, թե ինչ շենք է դա: Նա պատասխանեց, որ սա եղել է թոքերով հիվանդ երեխաների հիվանդանոց:

Մենք այդքանով չբավարարվեցինք…

Հա, մոռացա ասել, որ ես, եղբայրս և հորեղբորս աղջիկները գտնվում էինք Դիլիջանի Բժշկական համալսարանի հանգստյան տանը:

Մի օր որոշեցինք սար բարձրանալ: Այդ սարը մենք շատ անգամներ էինք բարձրացել, որովհետև առաջին անգամը չէր, որ գտնվում էինք Դիլիջանում: Իջնելիս որոշեցինք ուրիշ ճանապարհով գնալ: Իջանք և հանկարծ հայտնվեցինք այն հին շենքի դիմաց:

-Գալի՞ս եք` մտնենք էս շենքը,- առաջարկեց Նանեն:

-Հա,- համաձայնվեցինք մենք:

Մենք սկսեցինք շրջել շենքի շուրջը և գտանք մի քանի ջարդված պատուհան: Սկզբում ներս մտան Արամն ու Գայանեն, հետո` ես, իսկ Նանեն ոտքը մցրեց ներս, բայց հետո փոշմանեց և ասաց, որ մեզ այդտեղ կսպասի:

Երբ նայեցի իմ առաջ, միանգամից նկատեցի մեծ տարածությունը: Մեր ոտքերի տակ ջարդված պատուհաններ ու ապակիներ էին: Մտանք միջանցք, որը ձգվում էր մինչև վերջ: Մտանք աջ կողմի սենյակը: Առաջինը, ինչը ես նկատեցի, արկղեր էին, իսկ արկղերի մեջ` գրքեր: Մենք սկսեցինք քչփորել արկղերը: Ես գտա Ալեքսանդր Դյումայի «Ասկանիոն», Գայանեն՝ Դոստոևսկու վեպերը, մի նկարազարդ գիրք և ինչ-որ փոքր գրքույկ, իսկ Արամը՝ կենսաբանության, քիմիայի դասագրքեր էր գտնում:

-Վայ,- ասաց Գայանեն,- նկար գտա:

Այդ նկարում ուսանողներ էին, իսկ նկարի հետևում նշված էր նկարի ամսաթիվը:

Հենց այդ պահին մենք մեզ զգացինք ինչպես շատ այդպիսի ֆիլմերում:

-Ես էս կտանեմ տուն՝ որպես հուշ:

Նա ևս մեկ նկար գտավ, որը մենք հետո կորցրեցինք:

Արկղերից մեկում տետրերի կույտ կար: Ուրեմն այս ամենը պատկանում է ինչ-որ մեկին: Ես և Գայանեն քչփորում էինք արկղը:

-Ուզում եմ օրագիր գտնել,- ասաց Գայանեն:

-Վայ, ես էլ էի դրա մասին մտածում:

Սակայն մենք այդպես էլ օրագիր չգտանք, միայն մի նոթատետր:

Այդ ընթացքում Արամը արդեն հետազոտել էր մնացած սենյակները: Ես և Գայանեն նույնպես նայեցինք: Մի սենյակում դեղեր էին, բժշկական գործիքներ: Մյուսում` ավտոմեքենայի անվադողեր, մյուսում` ուղղակի ջարդված ապակիներ: Արտասովոր բան չկար:

Բարձրացանք երկրորդ հարկ:

-Բայց ինչ հավես ա,- ասացի ես:

-Ոնց որ կինոյի մեջ լինենք,- ասաց Գայանեն:

-Զգույշ բարձրացեք, մի վազեք,- ասում էր Արամը, և ինքն էլ մի փոքր շտապելով բարձրանում էր:

-Հա, զգու՛յշ,- կրկնում էի ես:

Սակայն այդ հարկը այդքան էլ չարդարացրեց մեր հույսերը: Այս անգամ սենյակները լրիվ դատարկ էին:

-Վայ, էլի աստիճաննե՞ր կան,- ասացի ես:

-Հա,- ասաց Արամը:

-Տանիք բարձրանալու համար ա,- ասաց Գայանեն:

Բարձրացանք:

Այդ ժամանակ մենք հասկացանք, թե ուր ենք ընկել: Հատակը շատ փափուկ էր, և մենք համարյա ոտքերի թաթերի վրա կամաց շարժվում էինք հատակի վրայով՝ չմտածելով անգամ, որ մեր կյանքը վտանգելում ենք: Ճիշտն ասած, ես հենց նոր նկատեցի, թե ինչ վտանգավոր վիճակում էինք մենք: Սակայն, այդ ժամանակ մեզ դա այդքան էլ չէր հետաքրքրում:

Հանկարծ ես նկատեցի մի փոքրիկ պահարան:

-Երեխեք, նայեք:

-Հա՛, ես էդ նկատել էի,- ասաց Արամը:

-Մի հատ բաց, կարող ա ինչ-որ բան լինի մեջը,- ասացի ես:

Նա բացեց դարակը, բայց ոչինչ չկար:

Մի փոքր էլ շրջելուց հետո, մենք նկատեցինք տանիքից դուրս գալու տեղը: Գայանեն գնաց և նստեց այդտեղ:

-Հենա պապիկը,- ասացի ես:

-Իրանք մեզ չեն տեսնում,- ասաց Արամը:

-Ոչինչ:

-Բայց ինչքան նկարներից մեզ զրկեց Նանեն,- ասաց Գայանեն,- հեռախոսը չվերցրեց:

-Հա,- ասացի ես՝ փոշմանելով, որ ֆոտոապարատս չեմ վերցրել:

-Գայու՛շ, վեր կաց, վախենում եմ, հերիք ա էդտեղ նստես,- ասաց Արամը (ես և Արամը չէինք նստել տանիքի վրա):

Գայանեն վեր կացավ, և մենք իջանք ներքև, գտանք տոպրակ, մեջը լցրեցինք գրքերը: Այժմ պետք է մտածեինք, թե ինչպես տեղ հասցնենք գրքերը:

Նանեն արդեն գնացել էր: Դուրս եկանք շենքից, շրջանցեցինք նստարանները և գնացինք հանգստյան տուն: Տատիկին պատմեցինք ամեն ինչ և մտանք լողանալու: Լողանալուց հետո թափ տվեցինք գրքերը և ուսումնասիրեցինք:

-Գալի՞ս եք իրիկունը պոեզիայի երեկո անենք,- առաջարկեց Գայանեն,- Կարին տատիկը (տատիկի քույրը) թող գնա տատիկենց սենյակ, իսկ Արամը գա մեր սենյակ:

-Հա,- համաձայնեցինք մենք,- սաղ գիշերը չենք քնի:

Համոզեցինք Կարին տատիկին և սպասեցինք մինչև քնելու ժամը:

Արամը, ինչպես պայմանավորվել էինք, եկավ մեր սենյակը, իսկ Կարին տատիկը գնաց մյուս սենյակ: Մենք նորից թափ տվեցինք մեր գտած բանաստեղծությունների գիրքը, որպեսզի նայենք, թե ինչ կա այնտեղ: Պարզվեց, որ դա մի ամբողջ պոեմ է, իսկ մենք մտածում էինք, որ դա բանաստեղծությունների գիրք է:

-Ես ուզում եմ էս փոքր գիրքը նայել,- ասաց Գայանեն:

Նա բացեց գիրքը և նկատեց, որ դրա մեջ լուսանկարչական ժապավեն կա:

-Հլը տուր` նայենք,- ասացինք մենք:

Գայանեն փոխանցեց ժապավենը մեզ և հերթով նայեցինք:

-Ինձ թվում ա` համալսարանը ավարտած երեխեքի նկար ա,- ասացի ես:

-Ինձ էլ ա տենց թվում,- ասաց Գայանեն:

Ուսումնասիրելուց հետո հասկացանք, որ դա հիվանդների նկարներ են, որովհետև նկատեցինք, որ նրանք նստած էին մահճակալների վրա:

-Կեսը քեզ, կեսը` ինձ,- ասաց Գայանեն Արամին:

-Լավ:

-Ես էն նկարը կպահեմ: Մեկ էլ տեսար, կինոների պես էդ նկարը պահեմ, հետո նկարի վրայի մարդուն գտնեմ,- որոշեց Գայանեն:

Հանկարծ նկատեցի, որ սենյակում փոշի է լցվել:

-Էրեխեք փոշի ա լցվել սենյակը,- ասացի ես:

-Փոշի ա լցվել, չբերեիր գրքերը,- ասաց Գայանեն:

-Ճիշտ ա,- ասաց Նանեն:

Գայանեն ու Նանեն հիշեցին մի պատմություն:

16-րդ դարից պահպանվել էր մի գիրք և տուփ (եթե չեմ սխալվում) և ամեն մարդ, երբ որ կպնում էր այդ տուփին, մատը քերծվում էր: Մի քանի օր այդ մարդը ջերմություն էր ունենում ու մահանում: Այդ վարակը պահպանվել էր մինչև 21-րդ դարը և հայտնաբերվել այդ սերիալի մարդկանց կողմից:

Այսպիսի տրամադրությամբ մենք քնեցինք՝ բաց թողնելով սենյակի դուռը, որպեսզի գոնե մի քիչ անցնի այդ փոշին: Իսկ ես տանջվում էի, որովհետև փոշին լցվել էր կոկորդս, բայց քնեցի:

Գիշերը ոչ մեկիս ջերմությունը չբարձրացավ, սակայն հաջորդ օրը մենք նորից վերցրինք գրքերով լի տոպրակը և այդ շենքի պատուհաններից մեկից ներս գցեցինք:

Պարզվում էր, որ դա վթարային շենք էր, և մենք մահից էինք փրկվել:

Վերջին հուշը մնաց միայն այն նկարը, որ գտել էր Գայանեն:

karen andreasyan

Նամակ արտերկրում բնակվող ընկերոջս

Բարև, սիրելի Անդրանիկ: Ես Կարենն եմ: Ապրում եմ սահմանամերձ Կոթի գյուղում: Շատ եմ սիրում գյուղս, այստեղ ինձ հանգիստ եմ զգում: Դու երևի չես տեսել այստեղի բնությունը, եթե տեսած լինեիր, չէիր մոռանա, և անպայման կայցելեիր մեր գյուղ:

Սիրում եմ մեր գյուղը, բայց այստեղ չկան խմբակներ, որոնք երեխաների առօրյան ավելի հետաքրքիր կդարձնեն: Օրինակ` կան երեխաներ, ովքեր երգում են, պարում, բայց խմբակ չլինելու պատճառով նրանք կորցնում են իրենց հմտանալու շանսը: Անկախ ամեն ինչից, սիրում եմ իմ գյուղը, իմ հողը… Այս հողի համար շատ~ արյուն է թափվել, բայց մեր գյուղը կանգուն է մնացել:

Գիտե՞ս, նամակիս վերջում ուզում էի քեզ հրավիրել մեր գյուղ, բայց ես լսեցի մի ձայն և շտապեցի դուրս: Եվ իհարկե` չէի սխալվել. կրկին կրակոցներ էին սկսել:

Արդեն մութ է… Մարել են գյուղի բոլոր լույսերը: Գյուղս կարծես մեռած լինի: Ուզում եմ գյուղս խաղաղ լինի, էլ ոչ ոք չզոհվի, այլևս ոչ մի լույս չմարի:

Ամեն դեպքում սպասում եմ քեզ, թեկուզ որպես հյուր…

albina hovsepyan

Ես և Համո Սահյանը Լոր գյուղից ենք

Նոր ծանոթյունների ժամանակ հաճախ են ինձ հարցնում, թե որտեղից եմ, և ես պատասխանում եմ ` Լորից:

Գրեթե միշտ հասկանում կամ լսում են Լոռիից: Հպարտությամբ ուղղում եմ նրանց` նշելով, որ ես մեծ բանաստեղծ Համո Սահյանի Լոր գյուղից եմ: Սահյանական ոգին և շունչը տիրում է ողջ գյուղում: Չկա այնպիսի մի գյուղացի, որ չիմանա Սահյանի բանաստեղծություններից: Տարիներ առաջ վերակառուցվեց Համո Սահյանի տուն-թանգարանը, որը դարձավ Լոր գյուղի խորհրդանիշը: Ասելով` Լոր, բոլորը հիշում են Սահյանին:

Մեծ հպարտություն է ապրել այնտեղ, որտեղ ծնվել և մեծացել է Սահյանը, շնչել այն օդը, որը նա է շնչել: Տուն-թանգարանի վերակառուցումից մեկ տարի անց բանաստեղծի գյուղում շատ մեծ շուքով նշվեց նրա 100-ամյակը: Բազմաթիվ գրողներ, ճանաչված մարդիկ, մշակութային, գիտական և ամենատարբեր ոլորտներից ունեցանք շատ հյուրեր:

Այդ օրը թանգարան էին այցելել նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում երբեք չէին եղել թանգարանում, հեռու էին ստեղծագործելուց, կարդալով նրա որոշ ստեղծագործություններից, արբելով սահյանական ոգով, այցելել էին թանգարան:

Յուրաքանչյուր լորեցու բարևը սկսվում է Սահյանով, օրը շարունակվում նրանով և անգամ բարի գիշեր ասելուց հիշում են մեծն լորեցուն:

Թումանյանական օր Դսեղում

Հոկտեմբերի 9-ին, ինչպես ամեն տարվա աշնանը, Դսեղում անցկացվեց արդեն ավանդույթ դարձած «Թումանյանական օրը»: Այս օրը Հայաստանի տարբեր մարզերից ժամանած հյուրերի և դսեղցիների առաջ բեմադրվում, երգվում կամ արտասանվում են Թումանյանի ստեղծագործություններից հատվածներ: Նախկինում միջոցառումն ավելի մարդաշատ էր, և´ հյուրերն էին շատ, և´ գյուղացիները: Այսօր գյուղում քիչ մարդ է մնացել, մնացածների մի մասն էլ կարևոր չի համարում միջոցառմանը նեկա գտնվելը:
Այս տարին յուրահատուկ էր նրանով, որ առաջին անգամ գյուղ էր գալու Մշակույթի նորանշանակ նախարարը` Արմեն Ամիրյանը: Հյուրերի թվում էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը,Սերգո Երիցյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Հովհաննես Թումանյանի թոռնուհի Իրմա Թումանյանը,  Գրողների միության Լոռու մարզային բաժանմունքի նախագահ Մանվել Միկոյանը և այլոք:
Հյուրերը ծաղիկներ դրեցին հուշաքարին, որտեղ թաղված է բանաստեղծի սիրտը:
Երեք տարի անց մենք տոնելու ենք բանաստեղծի 150-ամյակը, որը ըստ հյուրերի, անց է կացվելու ավելի մեծ շուքով: Ցանկանում եմ հուսալ, որ մի օր, թեկուզ հենց 150-ամյակի միջոցառումների ժամանակ, տուն-թանգարանի բակում, և մարդկանց մեջ կզգացվի Թումանյանական շունչը, որը արդեն քանի տարի է, մարած է, և որ Թումանյանական օրը չլինի միայն միջոցառում, որը մի քանի օր անց պետք է մոռացվի, այլ տոն, որը ընդարձակվելով իր մեջ կներգրավի բոլոր մասնակիցներին, նրանց հոգիներում դնելով սերը, հարգանքը ու երախտագիտության զգացումը Թումանյանի նկատմամբ: Մենք ենք Թումանյանի ժառանգները, համագյուղացիները և մենք ենք պարտավոր միշտ վառ պահել ամենայն հայոց բանաստեղծի հիշատակը: Նա մերն է, մեր հոգու մի մասնիկը, շատ բաներով ենք պարտական, և ամենաքիչը, որ կարող ենք անել նրա համար, մի փոքր ուշադրություն ցուցաբերելն է:

Mane Babajanyan

Կարմիր կակաչ

Դե, երևի ձեզնից շատերը՝ ինչպես և ես, փոքր տարիքում, չգիտեր, թե ինչ է կարմիր կակաչ լինելը: Մի րոպե, հիմա բացատրեմ:

Երբ փոքր էի, տատիցս հաճախ էի լսում, որ որոշ մարդկանց մասին ասում էր. «Կարմիր կակաչ ա», իսկ ես միշտ նույն հիմար ու մանկական հարցն էի տալիս. «Տատ,մարդ ո՞նց կարա կակաչ լինի, ախր, կակաչը ծաղիկ ա, է, մեծ ես՝ պիտի իմանաս»: Ու տատս բացատրում էր ինձ.

-Կարա, բալա ջան,կարա…

-Էդ ո՞նց, տա՛տ:

-Բալես, կյանքում գալիս ա մի ժամանակ, որ ամեն մարդ էլ կակաչ ա դառնում:

-Տա՛տ, մեկ ա՝ չեմ հասկանում, ինչի՞ կակաչ, ախր, ուրիշ ավելի սիրուն ծաղիկներ էլ կան է…

-Դրա մեջ լավ բան չկա, բալես, ինչ սիրուն ծաղիկ: Տես՝ կակաչ, որովհետև ինքը դրսից կարմիր ա՝ ուրախ, պայծառ, դրական, բայց որ բացում ես կակաչի մեջը՝ սիրտը՝ սև ա: Մարդն էլ ա տենց, բալես, շատ մարդիկ, որ տեսնում ես ուրախ են՝ մեջները կակաչի պես սևացել ա՝ տխուր ա սիրտները, բայց իրանք էլի ժպտում են ու էդ ցավը խեղդում իրանց մեջ: Բայց էս էլ իմացի՝ էդ մենակ կործանում ա, ամեն ինչ արա, որ էդպիսին չդառնաս ու կողքիններիդ էլ օգնի:

-Լավ տա՛տ, կանեմ:

…Այս խոսակցությունը երեք տարի առաջ էր, երբ ես դեռ շատ բաներ չէի հասկանում ու տատիս խոսքերն էլ անհասկանալի էին ինձ համար, բայց հետո՝ մեծանալով հասկացա, որ տատս ճիշտ էր: Ամեն մարդ էլ մի «կարմիր կակաչ» է՝ իր ցավով ու արցունքներով, իր տխուր-ուրախ կյանքով, բայց ոչ բոլորն են դա ցույց տալիս: Շատերը դա պահում են իրենց ներսում, ու այդ ցավը մեծանում-մեծանում ու մի օր կուլ է տալիս մարդուն՝ խեղդելով երազանքները, ձգտումները ու մնացած ամեն ինչ:

Երբ հասկացա սա, սկսեցի իմ ծանոթների ու ընկերների մեջ այդ «կարմիր կակաչ» լինելը փնտրել՝ հետաքրքիր էր, կա՞ն այդպիսիները, թե՝ ոչ: Ու գիտե՞ք, երկար փնտրել պետք չէր. «կակաչները» շատ են մեր օրերում:

Այ օրինակ՝ մոտ մեկ տարի առաջ ծանոթացա մեկի հետ ու մեր շփման առաջին իսկ օրից զգացի նրա «կակաչ» լինելը: Ախր, դա զգալն այնքան էլ բարդ չէ՝ մարդ ժպտում է, ծիծաղում, բայց ընդամենը մի հայացք ես գցում աչքերին՝ հասնում հոգու խորքը, ու տխրությունը պարուրում է քեզ: Դե, աչքերը հոգու հայելին են, չէ՞: Հենց այդ մի հայացքից հետո նա դարձավ «իմ կարմիր կակաչը» (բայց այնքա՜ն չէի ուզում դա, ախր, նա կարող էր, չէ՞, ուղղակի երջանիկ լինել): Ու գիտեք, մի բան եմ զգացել՝ կյանքը միայն լավ մարդկանց առաջ է ցավ ու դժվարություններ դնում: Ախ, եթե մեկը բացատրեր ինձ, թե ինչու է այդպես… Լավ, ինչևէ…

Ու էդպիսի մարդիկ այնքան ուրախ են իրենց պահում ու իրենց շուրջն ապրող մարդկանց էլ են փորձում ուրախացնել, երևի որովհետև գիտեն` ինչ վատ է տխուր ապրելը: Նրանք ուրախացնում են՝ մինչդեռ իրենց է իրական ուրախություն պետք, ախր, նրանց այդ գեղեցիկ ժպիտներն այնքան կեղծ են: Ու եթե լավ փնտրեք, ձեր շրջապատում կամ՝ գուցե ինքներդ ձեր մեջ գտնեք այդ «կարմիր կակաչից» ինչ-որ մի մասնիկ: Բայց մի թողեք այն խեղդի ձեզ, պայքարեք դրա դեմ:

Մի խորհուրդ եմ ուզում տալ բոլոր նրանց, ովքեր «կարմիր կակաչ» են ինչ-որ չափով: Ժպիտ տալը քիչ է՝ ինքներդ էլ ստացեք ու գունավորեք ձեր սևացած սիրտը, ցավով շարժվելը միայն դժվարեցնում է կյանքի ընթացքը:

Արմսթրոնգն ասում էր. «Ցավը ժամանակավոր երևույթ է: Այն կարող է տևել մեկ րոպե, մեկ ժամ, մեկ օր կամ տարի, բայց վերջին հաշվով, այն կանցնի, և ինչ-որ բան կզբաղեցնի դրա տեղը: Բայց եթե ես հանձնվեմ, ցավը կշարունակվի անվերջ»: Մի՛հանձնվեք:

Իսկ իրականում ես այս ամենը պատմեցի, որ ինչ-որ չափով կարողանամ օգնել իմ կարմիր կակաչին: Չգիտեմ` ինչքանով ստացվեց, բայց խնդրում եմ՝ ժպտա, հա՞…

Չեմ ուզում, որ ցավը քեզ էլ հաղթի՝ սպանիր իրեն քո մեջ, ժպտա՝ այն ամենաիսկական ու անկեղծ ժպիտով, որ միայն դու ես կարողանում:

Հ.Գ. Տա՛տ, ճիշտ էիր՝ ամենքս էլ կյանքի ինչ-որ մի փուլում դառնում ենք «կարմիր կակաչ», ու տատ, եթե ես այն ժամանակ հասկանայի, թե ինչ է դա, գուցե քեզ էլ կարողանայի տալ այն ուրախությունը, որ դու էիր մեզ տալիս: Կներես, տատ: Ես հիմա փորձում եմ անել ասածդ՝ օգնել էդպիսի մարդկանց, որ ժպիտ գտնեն, ամենաիսկական ու ամենասիրուն ժպիտը, որ մենակ երջանկությունից է ծնվում, փորձու՛մ եմ, տա՛տ:

Իմ առաջին կարթը

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Մեզնից շատերն են սիրում ձուկ ճաշակել, բայց քչերն են սիրում ձուկ որսալ: Ես դեռ մանկուց սիրել եմ ձուկ որսալ: Երբ առաջին անգամ տեսա, թե ինչպես է դա կատարվում, ինձ շատ հետաքրքրեց, և ես որոշեցի իմ ձեռքով մի ձկնորսական կարթ պատրաստել: Այն շատ էր տարբերվում իսկական ձկնորսական կարթից, և ես ոչինչ անել չէի կարողանում: Մի անգամ ամառային շոգ օր էր, ես էլ դեռ 7 տարեկան էի, հայրիկիս խնդրեցի, որ ինձ համար մի ձկնորսական կարթ գնի: Նա նայեց ինձ և գնաց՝ ոչինչ չասելով: Հաջորդ օրը վաղ առավոտյան հայրս ինձ արթնացրեց և խնդրեց տաք հագնվել և արագ դուրս գալ: Ես կարծեցի, թե մենք ինչ-որ տեղ ենք շտապում և արագ հագնվելով՝ դուրս եկա և նստեցի ավտոմեքենան: Մենք գնացինք Սևանա լճի ափ, որտեղ և ես տեսել էի, թե ինչպես են ձուկ որսում: Ասեմ, որ մենք լճափին ենք ապրում` Ծովազարդ գյուղում: Հայրս բեռնախցիկից հանեց երկու ձնկորսական կարթ և ասաց.

-Սա էլ քո խնդրանքը, տղաս, հիմա դու ունես քո իսկական ձնկորսական կարթը:

Ես անչափ ուրախացա, և հայրս ինձ սովորեցրեց, թե ինչպես պետք է ձուկ որսալ: Առաջին փորձս անհաջող էր: Ես իմ կարթը նետել էի մամուռների վրա, բայց երկրորդ անգամ կարողացա ճիշտ նետել: Երկար սպասեցի մինչև ձուկը կուլ տվեց խայծը: Ես քաշեցի նրան դուրս, բայց ճանապարհին խայծը նրա բերանից պոկվեց, և ձուկը ընկավ լճի մեջ: Ես շատ տխրեցի, նորից խայծը հարմարեցրի կեռիկի վրա և նետեցի ջուրը: Արևի շողերը ընկնում էին լճի մեջ, և ձկները շատ լավ էին երևում: Տեսնում էի, թե ինչպես են մոտենում խայծին, ինչպես է լողակը շարժվում ամեն անգամ, երբ ձնկերը դիպչում էին խայծին: Այդ պահին մի ձուկ կուլ տվեց խայծը: Ես սկսեցի քաշել, հանեցի նրան լճից դուրս և զգուշությամբ հանեցի կեռիկը նրա բերանից: Ձուկը փոքրիկ կարասիկ էր, և ես նրան բաց թողեցի՝ մտածելով, որ նա կմեծանա, և այդ ժամանակ ես նրան նորից կբռնեմ:

Ես մինչև հիմա մեծ սիրով եմ գնում ձկնորսության, բռնում եմ տարբեր չափի ձկներ: Եվ երբ ձուկը փոքր է լինում, ես նրան բաց եմ թողնում՝ հուսալով, որ մի օր ես նրան նորից կորսամ: Հիմա ունեմ շատ ձկնորսական կարթեր, բայց ինձ համար ամենանշանավորը իմ առաջին կարթն էր: Իմ բռնած ձկները ես բերում եմ տուն, և մայրիկիս խնդրում, որ մաքրի և տապակի: Այն շատ համեղ է ստացվում: Ամեն անգամ, երբ ձուկը պոկվում է և ընկնում լիճը, հիշում եմ, թե ինչպես տխրեցի, երբ առաջին անգամ ձուկը պոկվեց և ընկավ լիճը:

Gayane Avagyan

Գիտությունն է, որ մեզ ստիպում է բացահայտել աշխարհը

Ռազմիկ Արամյանը 18 տարեկան է, սովորում է ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում, ապագայում ցանկանում է դառնալ տեսաբան-ֆիզիկոս: Նրա հետաքրքրության առարկաները տարբեր են`տիեզերագիտություն, հրթիռաշինություն, բնապահպանություն: Նա ամեն ինչի մեջ բացահայտում է ֆիզիկան:

-Ռազմիկ, կպատմե՞ս ինչպես քո մեջ սեր առաջացավ դեպի ֆիզիկան: 

-Ինձ միշտ ճշգրիտ գիտությունները դուր են եկել: Սկզբնական շրջանում մաթեմատիկան էր շատ դուր գալիս, հետո, երբ արդեն ծանոթացա ֆիզիկա առարկայի հետ և սկսեցի խորանալ, ինձ շատ գրավեց: Ես ինձ այդ բնագավառում գտա և հիմա առանց ֆիզիկայի չեմ պատկերացնում օրս: Իր մեջ գիտության տրամաբանությունը ինձ շատ է դուր գալիս:

-Իսկ եղե՞լ է մի շրջան, երբ ցանկացել ես թողնել ֆիզիկան և այլ հետաքրքրություն գտնել: 

-Ընդհակառակը: Ինչքան գնում է, էնքան ավելի շատ եմ սիրում ֆիզիկան: Իմ կյանքը չեմ պատկերացնում առանց ֆիզիկայի: Առանց ֆիզիկայի ապրել չի կարելի: Չկա մի երևույթ, որ ընդհանրապես առնչություն չունենա ֆիզիկայի հետ: Ֆիզիկայով դու կարող ես անընդհատ բացահայտել աշխարհը: Ֆիզիկայով ինչ-որ բան չեն ստեղծում, ֆիզիկան օգնում է բացահայտել աշխարհը:

-Հաճախ ասում են, որ երեխաները իրենց ծնողների մասնագիտությունն են ընտրում: Արդյո՞ք ծնողներդ դեմ չեն եղել մասնագիտության ընտրությանդ:

-Իմ հայրը ֆիզիկոս է, սկզբնական շրջանում մի քիչ տարաձայնություններ կային, նույնիսկ մի շրջան եկավ իմ կյանքում, որ չէի ուզում ֆիզիկոս դառնալ: Դա նրանից էր, որ մեր տանը իմ մասնագիտության հետ կապված խոսակցությունները շատ էին: Բայց դե իմ որոշումը փոխելը այդքան էլ հեշտ չէ: Ու այսօր ես հասա իմ ուզածին և սովորում եմ իմ նախընտրած ֆակուլտետում:

-Դե երևի դպրոցում ամենալավը բնագիտական առարկաներն էիր սովորում: 

-Ես դպրոցում լավ չեմ սովորել: Գիտե՞ք ինչու, որովհետև չեմ սիրում, երբ ինձ ստիպում են ինչ- որ բան անել: Իսկ ինձ անընդհատ ստիպում էին դասեր կարդալ, տնայիններ անել, իսկ ես չեմ սիրում, երբ ինձ կաղապարում են: Հետո եկավ մի շրջան, երբ ես դասագրքերը մի կողմ դրեցի ու սկսեցի ինքս բացահայտել ֆիզիկան ու ավելին իմացա, քան դասագրքերում գրված էր, և այդ ժամանակ էլ սկսեցի սիրել ֆիզիկայի ոչ դասագրքային տարբերակը: Ու սկսեցի ավելի լուրջ զբաղվել ֆիզիկայով: Հետո հետաքրքրությունը փոխվեց սիրո:

-Ինչ-որ մրցույթների մասնակցե՞լ ես:

-Մրցույթներ միշտ չեմ սիրել, ու գտնում եմ, որ գիտությունը այն ոլորտն է, որտեղ մրցակցություն չպիտի լինի: Փոխարենը` ազատ ստեղծագործելու մթնոլորտ պիտի լինի: Եթե քեզ ասում են, թե ով է ավելի լավ, ով ավելի շուտ, ով ավելի արագ կարողանա խնդիրը կամ երևույթը բացահայտի, դա իմ կարծիքով, ֆիզիկայի տեսանկյունից ընդունելի չէ: Ո՞նց կարող ես նկարչին տալ ժամանակ ու ասել նկարիր: Դրա համար ժամանակ է պետք, մուսա ասվածը պիտի գա, որ կարողանաս ստեղծագործել: Խորհուրդ եմ տալիս չմտնել մրցակցության մեջ, եթե ինչ որ մեկի մոտ էդ պահին լավ է ստացվում, իսկ իրենք չկարողացան, չհիասթափվեն ու չմտածեն ,որ իրենք թույլ են ու չեն կարող:

-Ինչպե՞ս ես պատկերացնում քո ապագան:

-Կրթությունս ուզում եմ շարունակել Գերմանիայում կամ Ամերիկայում:

-Ի՞նչ պետք է անել, որ Հայաստանում էլ գիտությամբ զբաղվելու համար նպաստավոր պայմաններ լինեն, և այստեղ էլ գիտությամբ զբաղվող շատ լինի: 

-Մարդկանց գիտակցության մեջ պետք է մի շատ կարևոր բան փոխել, որ կրթությունը դա ամոթ բան չի, դա անկախ ու լավ ապրելու ամենակարևոր նախադրյալն է, առանց որի հնարավոր չի ապրել: Հայաստանի դեպքում իմ կարծիքով գիտությունը պետք է առաջին տեղում լինի, որովհետև փոքր պետությունները կարող են գոյատևել, և ինչու չէ, մրցակցել հենց գիտելիքի որակով: Մենք աշխարհին կարող ենք տալ նոր տեխնիկա, նոր սարքավորումներ, բացահայտումներ, ու հենց դրա համար առաջին նախապայմանը գիտելիքն է: Պետք է արտասահմանում ապրող մեր հայրենակիցները, ժամանակակից գիտությամբ զբաղվողները հետ գան Հայաստան, իրենց գիտելիքները փոխանցեն հետաքրքրվողներին, փորձի փոխանակում և սերտ կապ լինի արտասահմանի գիտնականների հետ: Իմ կարծիքով, Հայաստանի գիտությունը մի տեսակ մեկուսացած է: Բայց դե ցանկությունն ու կամքն է, որ պակասում է մեզ:

-Ռազմիկ, ինչ-որ բան ունե՞ս ավելացնելու:

-Ուղղակի ուզում եմ պատկերավոր ասել, որ գիտությունը անմշակ հողերը սարքում է մշակովի: Ժամանակակից տեխնոլոգիաները դրանք բերքն են, որոնք մենք ստանում ենք: եթե չլինի գիտությունը, մենք կունենանք սահմանափակ քանակությամբ մշակված հող, որի վրա շատ քիչ բերք կարող ենք ստանալ: Առանց գիտության կյանքը կկանգնի, կգա կհասնի մի սահմանի, որից հետո էլ գնալու տեղ չի ունենա: Գիտությունն է, որ մեզ ստիպում է բացահայտել աշխարհը:

mariam tonoyan

Հայրիկիս անցած ուղին

Հարցազրույց Արցախյան ազատամարտի մասնակից Հակոբ Տոնոյանի՝ իմ հայրիկի հետ

-Հայրիկ, ե՞րբ է սկսվել քո մարտական ուղին:

-Մարտական ուղիս սկսվեց 1993 թվականի հունիսի 17-ից, երբ զորակոչվեցի բանակ: Հունվարի 1-ի առավոտյան հրաման ստացանք Քարվաճառ գնալ: Մինչև Քարվաճառը մնացինք ընդհանուր շտաբում: Դրանից հետո պարբերաբար տեղափոխվում էինք այլ բնակավայրեր՝ Յանշակ, Բուզլուխ, Յամշլու: Պայմաններն անտանելի ծանր էին՝ ցեխոտ, անանցանելի ճանապարհներ, անտանելի ցուրտ, հատկապես՝ Օմարի բարձունքում, սակավ փամփուշտներ, դրանց հետ միասին՝ ընկերների ու հրամանատարների կորուստներ: Օմարի բարձունքում շատերը ցրտահարվեցին, դրսում 20 րոպեից երկար դիմանալ հնարավոր չէր:

-Պատմիր պատերազմից հետաքրքիր հիշողություններ կամ տպավորություններ: 

-Սուտ չեմ ասի, եթե ասեմ, որ չնայած ամեն տեսակ դժվարություններին՝ ծառայողական տարիներս կյանքիս լավագույն տարիներն էին: Ինչպիսի՜ ընկերներ ունեինք՝ Տերենտը, Արտակը, Վաչեն: Ամեն օրը արկած էր դառնում: Ընկերներս հատկապես զարմանում էին, որ կարողանում էի որոշել արկի ընկնելու տեղը՝ սուլոցի ձայնից:

-Կարո՞ղ ես նշել պատերազմի օրերին ամենադժվար օրը քեզ համար:

-Է՜հ, դժվար հարց ես տալիս: Հիշելն ահավոր է: Այդ օրը զարմանալի էր, երբ զոհվեց մեր հրամանատար Գասպարյան Վովան, նույն օրը աչքից վիրավորվեց Արտակը՝ մոտ ընկերս, որը ևս մահացավ:

-Ե՞րբ ես վիրավորվել:

-Շատ անգամներ եմ փրկվել մահից. այդ օրերը ես վերածննդի օրեր էի անվանում: Մի անգամ կյանքս փրկեց Էդիկ Կարապետյանը, բայց վիրավորվեցի: Մայիսի 6-ին շարժվեցինք դեպի դիրքեր: 3-րդ դիրքը ամենավտանգավորն էր, որտեղ կամավոր էին գնում: Ես ևս կամավոր գնացի 3-րդ դիրք: Դիրքում էինք ես, եզդի Մաջիթը, Արմենը, Ռաֆիկ Ավետիսյանը և կազակ զինվոր Տամերլանը: Ռաֆիկը գնալ ուզեց, ասաց, որ հետը գնամ, շրջվեցի, որ պատասխանեմ, որ հիմա հնարավոր չէ, թե չէ կխփեն: Շրջվեցի ինքնաձիգս վերցնելու, երբ տեսա մոտ 20 մետր հեռավորության վրա մի ժայռ կար: Այդ պահին ականանետը խփեց ժայռին, բեկորները պոկվեցին և գլխիս խփեցին: Նույն պահին Տամերլանին խփեցին, վիրավորվեցին Ռաֆիկը և Արմենը. կտրվել էր Արմենի ոտքը: Մաջիթը վիրավորվել էր գլխից: Աչքերիս առջև մշուշ էր, մտածում էի, թե մահացել եմ: Միայն ձայներ էի լսում: Փորձեցի շարժվել, վեր կացա, բայց ոչինչ չկար, սպիտակ էր՝ մշուշ: Լսում էի միայն Ռաֆիկի ձայնը, որ ասում էր. «Տոնոյան, փախիր, թուրքերն եկան»: Քիչ անց վերականգնվեց տեսողությունս: Տեսա, որ թուրքը 7 մետրի վրա է, սկսեցի կրակել: Մաջիթը ռացիայով օգնություն էր կանչում: Մութն ընկել էր, երբ օգնությունը հասավ:

-Վիրավորվելուց հետո շարունակեցի՞ր ծառայությունը:

-Բուժում ստանալուց անմիջապես հետո վերադարձա դիրքեր:

-Պարգևատրումներ ունե՞ս:

-Այո, մի շարք պատվոգրեր, «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան, «Մարտական ծառայություն» մեդալով, «Հատուկ գունդ» շքանշանով, ԼՂՀ «Մարտական ծառայության արիություն» մեդալով, «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով:

Հայրիկիս հետ սա իմ առաջին զրույցն էր: Ես դեռ շատ բան չգիտեմ: Հուսով եմ, հայրիկս էլի հուշեր կպատմի: