lilit kharatyan

Ինչպես են ծնվում գաղափարները

Արդեն հինգ ամիս է`առավոտյան արթնանում ու մի բանի մասին եմ մտածում. ե՞րբ է մուսաս գալու, որ նոր նյութ գրեմ: Այդպես ամեն օր արթնանում եմ ու սպասում մուսայիս հայտնվելուն, սակայն ապարդյուն: Պարապ նստելով ոչնչի չես հասնի: Ու հենց այսօր ինքս ինձ ստիպեցի, որ վերջ, այլևս չպիտի սպասեմ մուսայիս գալուն:

Նստեցի, գրիչս վերցրի, սկսեցի գրել ու զգացի, որ մեկի փոխարեն մի քանի գաղափարներ ունեմ: Մտքերս արագ-արագ շարադրում էի, որ մյուս գաղափարներս չմոռանամ և, վերջապես ավարտելով տքնաջան աշխատանքս, հանգիստ խղճով պառկեցի քնելու: Սակայն չկարողացա աչք փակել, որովհետև ամբողջ գիշեր նոր գաղափարներ էին գալիս գլուխս, մտքերս խառն էին, և երբ աչքերս փորձեցի փակել ու քնել, արդեն լուսաբաց էր:

Ես հասկացա, որ այդքան գաղափարներ մի օրում հնարավոր չէ գրել: Որոշեցի ամեն օր մի նոր նյութ գրել: Այդպես ավելի հանգիստ կլինեմ ու գիշերներն էլ կկարողանամ աչք փակել:

, 015

Պրոֆեսիոնալ ֆոտոխցիկը

Առաջին անգամ էր, որ իմ և ընկերուհուս ձեռքը պրոֆեսիոնալ ֆոտոխցիկ էր ընկել: Այն մեր դիզայնի ուսուցչուհունն էր:  

Ես և ընկերուհիս որոշեցինք խնդրել, որ ամանորյա հավաքույթի ժամանակ ուսուցչուհին իր հետ բերի ֆոտոխցիկը: Ամբողջ օրը մտածում էինք ինչպես ասել:

-Ի՞նչխ սենք, օր ամոթ չեղնի:
-Ես էլ էդ կմտածեմ:
-Ո՞վ բդի առաջինը սկսե:
-Դու, ես կամչնամ:
-Չէէ, ես էլ կամչնամ:
-Ըբը, ի՞նչ էնենք:
-Արի, երկուսով սենք:
-Չի էղնի ըտպես:
-Իսկ, եթե սայթով «գրուպա» բացենք ու երկուսով գրե՞նք:
-Հա, բայց առաջինը դու:
-Դե, ես կգրեմ` բարև ձեզ, մի բան կարելի՞ է խնդրել, ինքը կսե` ասեք, դու էլ կսես:
-Չէ հակառակը, բայց ամոթ է, ախր, հմի ինչ ըսես` կմտածե:
-Ոչինչ, զատո կնկարվինք:
-Դե վսյո, պայմանավորվանք, հենց գնացինք տուն, մեկից սայթ կմտնինք ու կսպասենք դասատուին:
-Հա, ըդպես էլ կենենք:

Այդպես պայմանավորվեցինք և պայմանավորվածի պես էլ արեցինք:

Սպասեցինք մինչև ուսուցչուհին օնլայն լինի, ապա գրեցինք: Մենք վստահ էինք, որ չէինք մերժվի, հարցը ամաչելն էր: Ի վերջո գրեցինք, և ուսուցչուհին խոստացավ բերել:

Ահա և ֆոտոխցիկը մեր ձեռքում է: Բոլորից առանձնացել էինք, որպեսզի մեր ուզածի պես ու չափ նկարվեինք:

-Հլը տուր`մյամ ես բռնեմ:
-Հա. քիչըմ` դու, քիչըմ` ես:
-Ըհնց:


-Հետո էլ շորերներս կփոխենք, յանի`տարբեր օրեր ենք նկարվել:
-Ճիշտ ես, դե սպասե, միամ էլ մենակս նկարվիմ ու փոխվինք:


-Հմի ես եմ բռնողը:
-Սկսինք:
-Ջան՜, սայթ քցելու նոր նկարներ ունեցանք:
-Հա՜, էդ ըսա:


-Հլը միամ էլ էս դիրքով:

Եվ այսպես հարյուրավոր նկարներով ավարտեցինք օրը:

Ավելացնեմ, որ այս վերջին լուսանկարի շնորհիվ թանկ նվեր ձեռք բերեցի` «դիմանկարի» տեսքով:

Գնդեվազ

Մենք Վայոց Ձորի մարզի Գնդեվազ գյուղում ենք:

Լուսանկարը՝ Արթուր Տոնեյանի

Լուսանկարը՝ Արթուր Տոնեյանի

-Բարև ձեզ, ինչպե՞ս եք:
-Բարև ձեզ, լավ եմ էրեխեք ջան դո՞ւք իմալ  եք:
-Լավ, շնորհակալություն, ի՞նչ է ձեր անունը:
-Վազգեն Մկրտչյան, ես Գնդեվազ գյուղի բնակիչ եմ:
-Ինչպե՞ս է անցնում ձեր օրը գյուղում:
-Դե, հելնում եմ, գալում եմ գոմ, անասուններին եմ ջրում, կեր տալի, գոմն եմ մաքրում:
-Իսկ ինչո՞վ եք զբաղվել երիտասարդ ժամանակ:
-Դե, տղե՛րք ջան, ես 42 տարի եղել եմ կոլտնտեսության հաշվապահ:
-Արդյոք շա՞տ է արտագաղթը գյուղից:
-Ուրեմնս, ես հատուկ հաշվել եմ, 82 երիտասարդ ընտանիք լքել է գյուղը: Հենա, էն դպրոցը տենո՞ւմ եք: Սովետի վախտով մենք կառուցեցինք այս դպրոցը 660 աշակերտի համար, իսկ հիմա էտ դպրոց հաճախում ա ընդամենը 82 էրեխա: Բա շատ չի՞:
-Մենք լսել ենք, որ գյուղին շատ մոտ ոսկու հանք են շահագործելու շուտով: Իսկ դուք ինչպե՞ս եք նայում ոսկու հանքի բացմանը:
-Դե, ինձ թվում ա` լավ կլինի, որ բացեն:
-Իսկ հանքի բացման դեպքում բնությունը չի՞ աղտոտվի:
-Դե, եթե նման բան լինի, ապա մեզ կտեղափոխեն այլ բնակավայր: Բա ավելի լավ չի՞ մարդիկ աշխատանք ունենան, քան թե քոչեն գնան:

Մենք ոչինչ չասացինք նրան: Միայն նայեցինք հինավուրց գեղեցիկ գյուղին, լուսանկարեցինք ու շատ ափսոսեցինք, որ երկու դեպքում էլ գյուղը դատարկվելու է:

boris israyelyan

Մեղուները

Առավոտյան ժամը 7:00 էր: Հայրս մոտեցավ ինձ. 

-Բորի՛ս, Բորի՛ս, վե՛ր կաց, գնում ենք սար՝ մեղուների մոտ:

- Սա՜ր… Չի՞ լինի` ես չգամ:

- Չէ՛,  վե՛ր կաց, գնում ենք սար, պետք է մեղուներին նայեմ:

Վեր կացա, շորերս հագա և նստեցի մեքենան, ու քանի որ լեռներ էինք բարձրանում, տաք հագնվեցի

- Վա՜յ:

–Ի՞նչ եղավ, պա՛պ:

– Մեքենայի ջրերը եռացրեց:

Հայրս իջավ, շարժիչը հովացրեց, նստեց մեքենան և շարժվեցինք: Հենց հասանք, արագ իջա, վրանի դուռը բացեցի և պառկեցի մահճակալին: Ինչքան էլ ամառ էր և շոգ, այստեղ զով էր: Հայրս եկավ, մեղվապահի հագուստը հագավ:

- Պա՜պ, էլի պիտի մեղուներին գժվացնես` ընկնեն հետևիցս: Ես գնացի:

- Ո՞ւր:

-Գնում եմ քարի վրա նստեմ` քեզ նայեմ: Հենց գործերդ ավարտես, մի փոքր անցնի` կգամ:

Գնացի և նստեցի քարին: Չհասցրի ուրախանալ, որ այստեղ մեղու չկա, երբ մեղուն ականջս կծեց…

Հ.Գ. Հա, ճիշտ եք, այս ձմռան կեսին ի՞նչ մեղու… Բայց ամեն անգամ մեղր ուտելիս հիշում եմ, թե ինչպես եմ ես էլ մասնակցել մեղվապահական դժվար գործերին:

Հիշողություն ամռան մասին

Ձմեռ է ու ցուրտ, և վաղն էլ դասերը չեն սկսվելու: Կմնանք տանը, ոմանք կպարապեն, ոմանք` կձանձրանան, ոմանք էլ ինձ նման կհիշեն ամառվա տաք օրերը:  Չեմ սիրում տանը նստել: Սիրում եմ շփվել մարդկանց հետ և, իմ կարծիքով, շփվելու համար ամենահարմար վայրերից մեկը ճամբարն է, որտեղ մարդիկ ձեռք են բերում ինքնուրույնություն, ինչպես նաև մտերիմ ընկերներ: Հաշվի առնելով իմ նախասիրությունները՝ այս ամառ ես գնացել էի Դիլիջանի «Զեփյուռ» ուսուցողական ճամբար, որպեսզի շփվեմ նոր մարդկանց հետ և հարստացնեմ իմ անգլերենի իմացությունը: Բացի հայ ջոկատավարներից այնտեղ կային նաև ամերիկացի կամավորներ, որոնց հետ շփվելը իմ անգլերենի իմացությունը ամրապնդելու միջոց էր: Ես  նրանցից  առանձնացնում եմ Ռոզիին, որը ինձ ձեռք էր մեկնում ամեն  հարցում:

Ճամբարում ես շատ բաներ սովորեցի, այդ թվում նաև լինել ավելի ինքնուրույն և կարգապահ: Ինձ համար ամենատպավորիչն օրերից մեկը մրցելն էր «Բանանց» թիմի տղաների հետ, որից ստացանք շատ մեծ ոգևորություն: Հիմա էլ եմ կարոտով հիշում կանաչ դաշտը, մեր խաղը, հատկապես այս ցուրտ եղանակին: Մի բան էլ եմ կարոտով հիշում. տաք օդը և լողավազանը` իմ ամենասիրելի և նախընտրելի վայրը:  Նույնիսկ մի անգամ իմ ընկեր Արմենը, երբ ես ուզում էի ցատկել լողավազանի մեջ, բացականչեց.

-Չթռնես, խորն ա, կխեղդվես…

Իսկ ես, քանի որ գնացել էի լողի, ցատկեցի. սկզբում նա շատ վախեցավ, բայց հետո, տեսնելով իմ լողալը, հասկացավ, որ ես խեղդվողը չեմ:

Ճամբարում ես նաև սովորեցի խաղալ ռեգբի և ֆրիզբի, որոնց մասին նույնիսկ չէի լսել:

Ճամբարում շատ ուսուցողական դասեր էին անցկացվում: Ճիշտ է, սկզբում այդքան էլ հաճելի չէր, բայց հետագայում հասկացա այդ դասերի կարևորությունը: Այդ դասերը հատկապես ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի  վնասակար հատկությունների մասին էր:

Ճամբարը տևեց 7 օր, իսկ  6-րդ օրը մենք բարձրացանք Դիլիջանի   սեգ լեռները, որպեսզի  փայտ հավաքենք՝ խարույկի համար: Վերադառնալուց հետո մեր ջոկատի տղաներով  դասավորեցինք  փայտը և երեկոյան  հավաքվեցինք խարույկի շուրջը, իսկ Վանը մեզ համար մի հրաշալի երգ կատարեց կիթառով, որը բոլորին էլ դուր եկավ:

Ես այդ ճամբարից մեծ բավականություն և գիտելիքներ ստացած վերադարձա տուն: Հիմա ինքս եմ իմ ընկերներին բացատրում թե ինչ չարիք է ծխախոտը, թմրանյութերն ու ոգելից խմիչքները:

davit ayvazyan

Կենացներ

Ինչ հետաքրքիր ազգ ենք, չէ՞, մենք` հայերս: Կենացները ուրախության անբաժան մասնիկն է: Նոր տարի: Ինչպես բոլորը, այնպես էլ ես և ընկերներս գնում ենք բոլոր  ծանոթների Նոր տարին շնորհավորելու, ու բոլոր տներում ինչ-որ մեկը լինում է, ով լավ է կենաց ասում` ցանկանալով  բոլորին առողջություն և հաջողություն: Ու հետաքրքիրը գիտե՞ք որն է. որ մենք բոլորս վստահ ենք, որ կենաց ասողի ցանկությունը կիրականանա, ու մենք բոլորս կլինենք առողջ ու  հաջողակ: Կամ ես շատ լավ եմ զգում, երբ ինչ-որ տատիկ ինձ օրհնում է , ու մտածում եմ` վերջ, ես ջրի պես երկար կյանք կունենամ:

Արդեն  կարծես թե կենաց և ուրախություն բառերը իրար հոմանիշ ու իրարից անբաժան են: Երբ ասում եմ` կենաց, պատկերացնում եմ ուրախություն, ու երբ ասում եմ` ուրախություն, պատկերացնում եմ կենաց:

Մի խոսքով, ամանորյա բարեմաղթանքները դեռ շարունակվում են: Ավարտեմ` ցանկանալով հայերին, որ բոլոր ըտանիքներում լինի ուրախություն և, իհարկե, կենացներ:                  

Sona Tumanyan

Կորցրած օր

Առավոտյան արթնացա դասղեկիս զանգից:

-Բարի լույս, Սոնա ջան, այսօր կգա՞ս դպրոց,- հարցրեց ընկեր Կոստանյանը:

-Ոչ,  ընկեր Կոստանյան, ինձ վատ եմ զգում,- պատասխանեցի ես:

Առաջին բանը, որ հագնվելուց հետո արեցի, դա մոտենալն էր վառարանին: Իհարկե, ես տրամադրություն չունեի, քանի որ չէի գնացել դպրոց: Այսօր դասարանով որոշել էինք խնջույք անել, որովհետև երեկ մեր հանդեսն էր, և դա մեզ համար առիթ էր նշելու հաջողված և, ինչու չէ, նաև չհաջողված ելույթները: Հանդեսը անցավ բարձր տրամադրությամբ, ծափերը չէին պակասում, և հյուրերը ժպտում էին անդադար: Միայն վերջին երգի ժամանակ ունեցանք տեխնիկական խնդիրներ, քանի որ անջատվեց երաժշտությունը, բայց երգողները՝ Անին և Հասմիկը, չկորցնելով  իրենց, շարունակեցին երգել ակապելա: Իսկ մենք վարագույրների ետևից ձայնակցում էինք նրանց: Դա երևի ամենահաջողված ելույթն էր:

Լավ, չշեղվենք թեմայից ու անցնենք խնջույքին: Ես անընդհատ զանգում էի Լիդային ու հարցնում, թե ինչ է կատարվում այնտեղ:

-Հը՞ն, Լիդ, ի՞նչ եք անում,- հարցրեցի ես:

-Սոն, արի, շատ լավ ա անցնում, շուտ արի ,-պատասխանեց նա:

-Չէ, Լիդ ջան, չեմ կարող,-ասացի ես:

-Լավ, դու գիտես, հետո փոշմանելու ես,-ասաց  նա:

Տղաները հրավիրել էին նաև մյուս դասարանների աշակերտներին, և դասարանական խնջույքը դարձել էր համադպրոցական:

Ես տխրեցի ավելի շատ, երբ իմացա ֆիլմի մասին: Խնջույքից հետո Վահեն, Անին, Հասոն, Սերոժը, Գոհարը և Նարեկը նկարահանել էին ֆիլմ, և ուղարկել 17.am-ին: Ֆիլմն Ամանորի մասին էր: Դե, ես չէի գնացել ու չէի նկարահանվել ֆիլմում: Դա ինձ համար երկրորդ մեծ  ցնցումն էր օրվա մեջ: Մանավանդ, երբ ամանորյա մեր շնորհավորանք-ֆիլմը տեսա կայքում:

Այդ օրը ինձ համար դարձավ տխուր ու ձանձրալի: Երևի  Լիդան ճիշտ էր, երբ ասում էր` փոշմանելու ես չգալու համար: Բայց դե վաղը կգա  նոր օր, և ես միգուցե այն դիմավորեմ ժպիտը դեմքիս:

Անկեղծ զրույց

Լուսանկարը՝Կարեն Ջանոյանի

Լուսանկարը՝Կարեն Ջանոյանի

Մի քանի օր առաջ պատանի թղթակիցներով այցելել էինք Գնդեվազ գյուղ: Մենք շրջում էինք գյուղում և փորձում լուսանկարել այնտեղի առօրյան և մարդկանց: Սկզբում մարդ չկար փողոցներում: Պատճառը երևի անտանելի ցուրտն էր: Հետո հանդիպեցինք մի պապիկի, ով պատրաստվում էր մաքրել գոմը: Մոտենալով նրան սկսեցինք զրուցել և հարցեր տալ գյուղի առօրյայից: Նա ներկայացրեց գյուղի կյանքն իր դժվարություններով և պատմեց իր մասին: Ես նրան հարց տվեցի և պատասխանից, անկեղծ ասած, մի քիչ զարմացա: Հարցը սա էր. 

-Եթե հնարավորություն լիներ քաղաք տեղափոխվելու, կգնայի՞ք:

Իսկ նա պատասխանեց.

-Էդ ո՞ր մի հիմարը չէր գնա:

Պատասխանը լսելով բոլորս մի պահ ծիծաղեցինք: Հետո ես ասացի, որ կան շատ մարդիկ, ովքեր գյուղը գերադասում են քաղաքից, և պետք չէ մտածել միայն գյուղից փախնելու մասին, այլ պետք է մտածել այն զարգացնելու և շենացնելու մասին:

Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր աշխատասեր գյուղացի այս երկրի տերերից մեկն է, որովհետև գյուղը պետության հիմքն է:

Մեր աղոթքը

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Ինչպես բոլոր ընտանիքներում, մեր ընտանիքում նույնպես տոն է տոնածառ զարդարելու արարողությունը: Մենք այդ տոնածառը բերում էինք մեր տան մոտ գտնվող անտառից, քանի որ իմ եղբայրը փոքր էր և չէր կարող մեզ համար տոնածառ բերել: Տատիկս, ես ու քույրս գնում էինք տոնածառ բերելու: Մենք այդ տոնածառը ընտրում էինք ամռանը, երբ տատիկիս հետ գնում էինք մասուր կամ ուրց հավաքելու, կամ էլ կովերին բերելու: Մի անգամ էլ պատահական տուն վերադառնալիս տեսա, որ ինչ-որ մեկը կտրում է մեր տոնածառը, և վազելով գնացի ու տատիկիս ասացի, նա էլ եկավ: Իհարկե, ես ճիշտ էի: Նրանք տարել էին մեր տոնածառը, և մենք ստիպված էինք նորը փնտրել…

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Հիմա եմ հասկանում, թե ամեն տարի մենք ինչ մեծ վնաս էինք հասցնում բնությանը եղևնի կտրելով: Երևի պատճառն այն է, որ ապրում ենք անտառի եզրին և չենք կարողանում դիմանալ բնական եղևնի ունենալու գայթակղությանը:

Իսկ ամենահետաքրքիրը այս տարվա Ամանորն էր` հեքիաթային հրաշքներով ու սպասումներով լի Ամանորը: Ձյունը պարելով թափվում էր երկնքից, լուսինը լուսավորում էր շրջակայքը, իսկ մենք` ես, մայրիկս, քույրս և եղբայրս գյուղի բարձունքից սղալով ու ընկնելով ձյան մեջ հասնում էինք եկեղեցի, ուր մեզ սպասում էր ամանորյա գիշերային պատարագը:

Ես ու քույրս երգում ենք երգչախմբում, իսկ մայրիկս եղբորս հետ նստել էր եկեղեցում ու աղոթք էր անում: Ես հասկացա, որ նա Աստծուց խնդրում էր մեր երկրին խաղաղություն, մարդկանց առողջություն և, որ այս տարի մեզ համար ամենակարևորն է, բուհ ընդունվեմ: Տա Աստված, որ իրականանան աշխարհի բոլոր մայրերի երազանքներն ու սպասումները, թող ոչ մի զինվոր չզոհվի. և ոչ մի մոր աչքերից արցունք չթափվի:

Մենք հավատում ենք Աստծուն և մեծ հույսեր կապում նրա հետ: Սա է Պատարագի խորհուրդը:

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոսե Զաքարյանի

Երեխաները

Ունեմ-չունեմ մի մորաքույր ունեմ: Տարին երկու անգամ եմ տեսնում: Այս օրը այդ հազվադեպ հանդիպող օրերից է: Տանը նստած եմ, և հանկարծ մի բան մտքովս անցավ. քանի մորաքույրս երեխաների հետ մեր տանն է, կարելի է լուսանկարել երեխաներին: Արագ-արագ քրոջս ու մորաքրոջս տղային տաք հագուստ հագցրի ու դուրս տարա տանից: Եվ այսպես, սկսենք: Նշեմ, որ քույրս «պրոֆեսիոնալ է» այս հարցում, գիտի` երբ ինչ դիրք ընդունել, դե, եղբայրս էլ հետ չի մնում նրանից:

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Ինքնամոռաց լուսանկարում ու լուսանկարվում էինք, բայց մայրս ձայն տվեց.

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

-Լիլիթ, հերիք ա, տուն եկեք: Մենք էլ ենք ուզում կարոտներս առնել երեխուց:

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

-Եկանք,- ասացի ես, և բավարարվեցինք միայն այս լուսանկարներով:

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Սուքիասյանի