margarita khazaryan verjin

Էլ աշակերտ չեմ լինի

Վերջին դաս, վերջին ղողանջներ, երգ ու պար, արցունք ու ժպիտ, մանկության վառ հուշեր ու բացված մի նոր դուռ՝ «երիտասարդություն» անունը կրող:

Երբ առաջին անգամ ոտք դրեցի դպրոց, այնքան էլ չէի գիտակցում, թե ուր եմ գնում և ինչ եմ անելու: Ասում էի՝ գնում եմ սովորելու և մեծ մարդ դառնալու համար: 2009 թվականի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ ոտք դրեցինք մեր դպրոց, որը հետագայում երկրորդ տուն էր դառնալու մեզ համար, մանկության երազանքների օրրան: Մեր դասվարի՝ ընկեր Ղումաշյանի շնորհիվ դարձանք գրաճանաչ, որը մեր կյանքի առաջին մեծ ձեռբերումն էր:

Անհոգ էինք  և երջանիկ… Պատկերացում էլ չունեի, որ մի օր այդ հեքիաթը կավարտվի: Կողքիս ընկերներ կային, այն խենթ ու խելառները, որոնց հետ խաղացել եմ, ուրախացել, տխրել, վիճել, նեղացել ու հաշտվել: Եվ  արդեն իմ այդ ընկերներից, իմ հարազատ դպրոցից բաժանվելու ժամանակը եկավ: Որքա՞ն եմ սպասել իմ վերջին զանգին, երազել այդ օրվա մասին, բայց երբ քիչ-քիչ մոտեցավ այդ օրը, հասկացա, որ զուր էր և՛ իմ,  և՛ ընկերներիս շտապելը:

Նոր կյանք ենք մտնում, ավելի պատասխանատու կյանք, որտեղ արդեն բաժանված են լինելու մեր ճանապարհները: Տասներկու տարի շարունակ ապրել ենք մեկս մյուսով, թև ու թիկունք եղել իրար համար: Կարևոր էլ չէ, թե ով ում հետ ինչ հարաբերություններ ուներ, եթե մեզնից մեկը օգնության կարիք ունենար, անկասկած բոլորս էլ կօգնեինք: Հաճախ ենք վիճել, նեղացկոտ լինելուս պատճառով երբեմն որոշել եմ այլևս չխոսել երեխաներից որևէ մեկի հետ, բայց եթե այն տևեր ժամից ավելի, ապա պետք էր զարմանալ: Միշտ նեղացել եմ, ասել, որ չխոսեն ինձ հետ, հետո ինքս մոռացել կատարվածը ու ինձ պահել այնպես, կարծես ոչինչ չի պատահել: Վերջին տարում սկսեցի ավելի կարևորել ունեցածս և ուղղակի վայելել ամեն մի օրը, ամեն մի ժամը: Գիտակցում էի, որ դրանք պահեր են, որոնք հետո, որքան էլ փորձենք, չեն կրկնվի:

Ասում են՝ մարդիկ մեզ հետ են այնքան ժամանակ, քանի դեռ հիշում ենք նրանց: Իմ սիրելի՛ դասընկերներ, հավատացնում եմ, եթե նույնիսկ ցանկանամ, կյանքում ձեզ մոռանալ չեմ կարող: Գուցե շատ հազվադեպ հանդիպենք, բայց ցանկանում եմ, որ մեր հանդիպումների ժամանակ միշտ ձեր մեջ իմ նախկին ճանաչած հարազատներին տեսնեմ, տեսնեմ միշտ երջանիկ և հաջողակ: Հիմա խոստովանում եմ, որ դուք նույնիսկ ավելին եք ինձ համար, քան կարող եք պատկերացնել: Առանց արյունակցական կապի՝ դուք իմ հարազատներն եք, մարդիկ, որոնց ես իսկապես շատ եմ սիրում, և միայն վերջին զանգին իմ մեջ ուժ գտա խոստովանելու, որ բոլորդ ինձ համար կարևոր եք: Այս տարիների ընթացքում հնարավորինս  ճանաչեցինք իրար, կապվեցինք միմյանց՝ անգամ ինքներս չհասկանալով, թե ինչպես: Ուրախ եմ, շատ երջանիկ, որ ինձ բախտ է վիճակվել հենց ձեզ պես դասընկերներ ունենալ: Այո՛, մենք անասելի տարբեր ենք մեկս մյուսից, և միշտ դա է եղել միմյանց չհասկանալու պատճառը, բայց այդ տարբերությունները ընկերության մեջ խոչընդոտ չեն կարող հանդիսանալ: Եվ երբ վերջին դասից հետո դուրս եկա դպրոցից, հասկացա, որ ինձ հետ նոր կյանք եմ տանում միայն լավ ու դրական հուշերը:

Չեմ կարող չասել, որ դպրոցի հետ մեզ կապողը առաջին հերթին մեր դասղեկն էր՝ ընկեր Գալստյանը, ում նվիրվածությունն ու հոգատարությունը չափ ու սահմաններ չեն ունեցել, ում ի սկզբանե շատ եմ սիրել, և  բոլորին միշտ ասել, որ դպրոցն ավարտելուց հետո ամենից շատ հենց նրան եմ կարոտելու:

Վերջ, այլևս իմ հարազատ կրթօջախում աշակերտ չեմ լինելու, ամեն օր այդ հարազատ դեմքերը տեսնելու հնարավորություն չեմ ունենալու: Գուցե հենց այստեղ է ավարտվում մանկությունը…

Իմ լավ, իմ բարի ուսուցիչներ, տնօրեն, դասվար և դասղեկ, սրտանց ասում եմ, որ բոլորիդ էլ  սիրում ու գնահատում եմ, երախտապարտ եմ բոլորիդ: Շնորհակալություն ձեր նվիրվածության, սիրո և ուշադրության համար, դուք լավագույնն եք: Բառերը չեն բավարարում, որ ձեզ մեծարեմ, գոնե մի փոքր հատուցեմ ձեր այսքան տարիների աշխատանքի, տնօրեն, ուսուցիչներ լինելուց բացի ավագ ընկերներ, վստահելի խորհրդատուներ լինելու համար:

Վերջին զանգիս երազանքն իրականացավ վերջին դասի տեսքով, բայց եղավ ավելին, քան երազել եմ, եղավ ամենագեղեցիկն ու հեքիաթայինը, ամենատարբերվողը: Վերջին դասով փակեցինք մեր դպրոցական կյանքի դուռը, և մեր քայլերն այսուհետ դպրոցի փոխարեն ուրիշ ճանապարհներով են գնալու: Կարոտելու եմ, արդեն իսկ կարոտում եմ, բայց այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև ավարտ:

Մնաք բարով…

Milena Abrahamyan

Երեք վայրկյան ընդամենը

Մատներս արդեն դիպչում են գնացքի բաց դռանը, վայրկյան առ վայրկյան ավելի են ուժգնանում քայլերս, հետո անցնում վազքի, ձեռքս ձգվում է այնքան ուժեղ, որ թվում է, թե մկաններս չեն դիմակայի ու մի պահ ամեն բան կվերանա։ Սակայն հանձնվել չեմ պատրաստվում ու հասկանում եմ, որ ինչ֊որ տեղ թերագնահատել եմ գնացքի մեխանիկական արագությունը։

Արդեն լսվում է այն ահաբեկիչ ձայնը, ներսումս ամեն ինչ խառնվում է…

Թվում է, թե այսօր կյանքիս առաջին օրն է, չգիտեմ ինչից սկսել, որ ոտքով քայլ առաջ անել, որ հնչյունով ուզածս երաժշտությունը ստեղծել, որ աչքով նկարս ուսումնասիրել։ Բայց ես չեմ մտահոգվում, ի վերջո մի բան կլինի, չէ՞ որ մենք բոլորս «ապրում» ենք։ Եվ ո՞վ է մեզ այսքան երկար խաբել։

Բայց համենայնդեպս գիտակցությանս մի փոքրիկ բայց շատ կարևոր հատված ինձ միշտ ասում է…

Հիշի՛ր, երբ կանգ առնես, գետինը ճահիճ է դառնալու, ճանապարհդ անտեսանելի, ոտքերդ այլևս չեն շարժվելու, միտքդ կորցնելու է արարելու ունակությունը։

Բայց հայացքը կյանքի դեմքին միշտ մնում է անփոփոխ… Բայց քայլերը աշխարհի մեջ միշտ մնում են անկայուն։

Ու սկսում ես մոռանալ… Մոռանալ այն վառ երազանքների մասին, որոնք դու մի օր պետք է ցույց տայիր աչքերիդ… Ցույց տայիր, որպեսզի ուղեղդ նույնպես հավատար սրտիդ։

Եվ իսկապես: Մոռացիր ու ապրիր նորից։ Կորցրու ու գտիր նորից։ Բաց թող ու գրկիր նորից։ Բայց կանգ մի առ։

Ու այս բոլոր մտքերի հետ մի պահ թվաց, թե կանգ առա, որովհետև թմրած մարմինս այլևս չէի զգում, բայց հենց այդ պահին էլ երեք քայլ ետ մնացի, ախր, պարզապես մտածեցի ու անդրադարձը տեսա վախիս մեջ։

Ու հենց այդպես էլ ապրում ենք մի ամբողջ կյանք, որն ընդամենը երեք վայրկյանի արժեք ունի:

Սակայն մարդիկ սովորել են ապրել կարոտով, ապրել` անգիտակ մնալով սեփական կյանքից, ապրել` անտես մնալով աշխարհի սիրուց, ապրել` մերժված լինելով կարոտի հույսից…

Ու բոլորն ունեն նույն երեք վայրկյանը, ոմանք` մի քիչ կարճ, ոմանք` մի քիչ երկար…

Հիմա ինձ թվում է, թե ապրում եմ կյանքիս երեք վայրկյանը, կյանքս այնտե՞ղ է, թե՞ ներս մտնեմ, սեղմեմ ժամանակի «ստոպը», թե՞ ոչ: Եթե ոչ,  ուրեմն` 1…2…3…

Հունիսի 1-ը «Զանգակ»-ում

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, «Զանգակ» գրատան գրքերը բացի հիմնական մասնաճյուղերից առկա են եղել Կենդանաբանական այգում, Օպերայում, Cityzen-ում, Հաղթանակի զբոսայգում, Խաչքարերի պուրակում:

Խաչքարերի պուրակում վաճառքի գումարի 20%-ը փոխանցվելու է վիրավոր զինծառայողների բուժմանը:

Բացի այս միջոցառումից հունիսի 1-ին «Տարբեր ակումբի» հերթական հանդիպումն է կայացել: «Տարբեր» ակումբը գրքի ակումբ է փոքրիկ ընթերցողների համար, որի շրջանակներում հետաքրքիր մանկական գրքեր են քննարկվում:

«Զանգակ« գրատանը առկա են շատ գեղեցիկ, գրավիչ և հետաքրքիր գրքեր, որոնց միջոցով երեխաները կարող են ավելի մոտ լինել գրականությանը: Մենք միշտ կազմակերպել և պարբերաբար կազմակերպում ենք  բազմաթիվ միջոցառումներ հենց փոքրիկների համար: Մեր նպատակն է`  երեխաների մեջ դեպի ընթերցանությունը սեր և հետաքրքրություն առաջացնել: Որոշակի դադարից հետո «Տարբեր ակումբը» ավելի ակտիվ է իր գործունեությունը ծավալելու՝ համախմբելով ավելի շատ երեխաների և դարձնելով նրանց իսկական ընթերցողներ,- նշեց «Զանգակ» գրատան հանրային կապերի պատասխանատու  Աստղիկ Օհանյանը:

Նախորդ տարիներին «Զանգակ» գրատունը կազմակերպել է միջոցառումներ  հենց իր ցանցում և համախմբել է երեխաներին գրատան ներսում:

Lilit Hovsepyan Yerevan new

Մի՞թե այդքան ցրված էի

Կարոտով լցված հոգիները լռում էին: Կաթկթացող լռությունը նյարդայնացնում էր մոռացյալ հոգիներին և ստիպում կոտրել անտանելի թվացող անձայնությունը: Կոտրված լռություն, ամբոխ, տեղատարափ աղմուկ: Աղմուկի միջից ականջս շոյող մի մեղմ շշնջոց. «Անկարող ես դիմանալ գոյությանս»: Անկարող եմ: Գուցե թուլության նշա՞ն է: Գուցե՞ տագնապի: Գուցե վախենու՞մ եմ խեղդամահ անող կապանքներիցդ, որոնք հանգիստ չեն տալիս կոկորդս: Գուցե վախենու՞մ եմ, որ կապանքներդ ուժասպառ կանեն հոգիս: Իսկ գուցե վախենու՞մ եմ, որ անտեսանելի թելերով կկապվենք իրար: Վախենու՞մ եմ: Ինքս էլ անկարող եմ հասկանալ: Երևի վախենում եմ խեղդամահ լինելուց: Դե լավ, ինձ հետ հեշտ չէ: Կորուսյալ հոգիների մեջ անգամ տեղս չեմ գտնում: Ինչու՞ եմ այդքան վախենում գոյությունիցդ: Ինքս ինձ հասկանալ անգամ անզոր եմ: Անզոր եմ թափանցել հոգիդ: Անզոր եմ գտնել հարցերիս պատասխանները: Հարցեր, որոնք այդպես էլ կմնան անպատասխան: Անզոր եմ հանդուրժել մահու չափ խլացուցիչ ձայնիդ:

Գիտես` քեզ հավերժ պահելու եմ հոգուս խունացած էջերում:

Կպատկերեմ դեմքդ: Կապավինեմ հիշողությանս ու կստեղծեմ քեզ: Դառնությամբ լցված մատներս կաղավաղեն պատկերդ, կխառնեն դիմագծերդ ու կկուրացնեն հոգիդ: Պատկերիդ նայել դժվար, թե ստացվի: Սրտխառնոց առաջացնող դեմքդ շատ ծանոթ կթվա ինձ: Գուցե ամենևին էլ չե՞մ աղավաղել դեմքդ: Գուցե հիշողությունս ինձ չի՞ դավաճանել: Գուցե դու այդպիսի՞ն էիր: Միթե՞ ես էի կույր: Միթե՞ այդքան ցրված էի:

Պատմություն դարձած պատմաբանը

Գարիկ Ադամի Դավթյանը ծնվել է 2001 թվականի նոյեմբերի 7-ին Տավուշի մարզի Սարիգյուղ գյուղում: Սովորում էր Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի պատմության ֆակուլտետում (ապագա պատմաբան էր):

Գարիկ Դավթյանը կյանքով լի էր, ուներ վարակիչ ժպիտ, բոլորը սիրում էին Գարիկին։

Ուներ հավանած աղջիկ և որոշել էր բանակից գալուց հետո իր զգացմունքների մասին ասել այդ աղջկան։

2020 թվականի Հունվարի 13-ին զորակոչվել է բանակ։ 6 ամիս ծառայել է Լուսակերտի զորամասում, այնուհետև՝ Մարտակերտում։ Ուներ կրտսեր սերժանտի կոչում։

Սկսվեց պատերազմ, ծնողները առաջին իսկ օրից անհանգիստ էին Գարիկի համար։ Գարիկի անունն իրենց շուրթերին սպասել են նրա զանգին։ Գարիկի մայրը ասում էր.

-Գարիկը ուշ-ուշ էր զանգում, բայց զանգելուց էլ միշտ ասում էր, որ ինքը լավ է և լավ է լինելու ամեն ինչ։ Հենց վերջացնի ծառայությունը, գալու է ու մի լավ քեֆ անենք։

-Դպրոցում ոչ մի առիթ առանց Գարիկի չի նշվել, եթե եղել է ծնունդ, ապա տորթը կտրել են միայն Գարիկի ներկայությամբ: Սիրում էր յուրաքանչյուր ուրախ առիթ. էլ ինչ առիթ առանց Գարիկի։ 12 տարի նույն նստարանին ենք նստել և նույն օրն էլ զորակոչվել ենք բանակ։ Գարիկն անմահացավ, ես վիրավոր ետ եկա,-պատմում է ընկերներից Ռազմիկը, ով ևս պատերազմի մասնակից է։

Ռազմիկը ընկերոջ հետ խոսել է սեպտեմբերի 24-ին և այլևս ոչ մի զանգ. պատերազմ էր, և երկուսն էլ գտնվում էին պատերազմի ամենաթեժ կետերում։

-Գարիկն իր տեսակով այլ մարդ էր: Հիմա տղաները ուրիշ են, իսկ Գարը լրիվ այլ մարդ էր. Համեստ, զուսպ, սրտից շատ էր խեղճ։ Գարիկին շատ վաղուց չեմ տեսել և նույնիսկ երդման արարողության օրը չկարողացա ներկա գտնվել և գրկել Գարիկին։ Էդպես էլ չկարողացանք տեսնել իրար,-պատմում է քույրը՝ Իրինան։

Գարիկ Դավթյանը պատերազմի թեժ օրերին, երբ զանգել է իր ընկերոջը՝ Մհերին, ասել է.

-Մհե’ր, ախպերդ թուրքերին հատ-հատ փռում ա գետնին, մամայիս կասես, որ լավ եմ։

Հոկտեմբերի 19-ից հետո Գարիկն այլևս չի զանգել։ Մայրը օրեր շարունակ ոչինչ չի կերել և անկողնուց անգամ չի կարողացել դուրս գալ։ Հոկտեմբերի 23-ին զանգ է ստանում Գարիկ Դավթյանի հայրը, և նրան հայտնում են որդու մահվան լուրը։ Գարիկ Դավթյանի հայրը այդ լուրը լսելուց հետո հավաքել է իրեն և կնոջն ասել, որ Գարիկը զանգել է, որպեսզի կինը մի բան ուտի և ոտքի կանգնի, քանի որ դաժան օրեր էին սպասվում. տղայի մարմինը նույն օրը պետք է բերեին։

Հոկտեմբեր 20-ին՝ պատերազմի 24-րդ օրը, Գարիկ Դավթյանը անմահացավ։

Գարիկը ընկել է հերոսաբար: Երբ արկերը եկել են իրենց վրա, Գարիկը իր զինակից ընկերներին տարել է ապաստարան և մենակ է պահել դիրքը, վերջին ձգանը քաշելուց հետո իր վրա է ընդունել արկի պայթյունը և անմահացել։

Նա իր մահից  18 օր հետո 19 տարեկան պետք է դառնար։ Գարիկի ծննդյան օրը բոլորը սպասել են նրան, սպասել են, որ գալու է և ինչպես ամեն տարի՝ աչքերը փակի, երազանք պահի ու փչի տորթի մոմերը։ Ծննդյան օրն էլ էր աչքերը փակ, սակայն  նրա նկարի առջև էին մոմեր վառվում: Երազանքների փոխարեն Գարիկի մայրիկի սրտի վերքերին էին փչում, որը երբեք չի սպիանալու:

07.11.2001-20.10.2020

Հայրենիքի պաշպանության համար մղված մարտերում Գարիկ Դավթյանը հետմահու ստացել է ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալ, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի հրթիռահրետանային զորքերի ուսումնական զորամասերի ավարտական կրծքանշան։

«Եղեք ձեր լավագույն տարբերակը… Այս կյանքում այսքանը․․․»

Սա Արցախյան երկրորդ պատերազմում անմահացած Գագիկ Խաչատուրյանի գրառումն է մինչ բանակ գնալը։

Գագիկ Խաչատուրյանը ծնվել է 1997թ.-ին։ Մանկությունն անցել է Թբիլիսիում։ Երգել է «Փոքրիկ հայեր» երգչախմբում: Հաճախել է դաշնամուրի: 2007թ.-ին վերադարձել է Երևան և սկսել է հաճախել Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցի դաշնամուրային բաժին, ավարտել այն կարմիր դիպլոմով: Հաճախել  է Երգի պետական թատրոնին կից դպրոց ստուդիայի վոկալի բաժինը: Գյումրիում, որպես դաշնակահար մասնակցելով երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երրորդ մրցույթ-փառատոնին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարելիցին, պարգևատրվել է դիպլոմով: Ստեղծել է cover թիմ, ովքեր ամեն տարի ներկայացնում էին Եվրատեսիլ միջազգային մրցույթի Հայաստանի երգի cover տարբերակը: 2015թ.-ին ընդունվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության բաժին: 2016թ.-ին մասնակցել է X-factor մրցույթին: Եղել է Ֆրանկոֆոնիայի տասնյոթերորդ գագաթնաժողովի ռեժիսորի օգնական։ Երգել է Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում: Աշխատել է օպերային թատրոնում որպես Միմանսի դերակատար: Ընտրվել է Կոնսերվատորիայի ուսանողական խորհրդի նախագահ: ԵՊԿ-ն ավարտել է կարմիր դիպլոմով: Մինչ զորակոչվելը Գագիկ Խաչատուրյանը ընդունվել է ԵՊԿ վոկալ-տեսական ֆակուլտետի ակադեմիական երգեցողության բաժնի մագիստրատուրա:

Երաժշտությունը իր կյանքի իմաստն էր։ Իր խոսքով՝ երգել սկսել էր մինչ ծնվելը։ 2019թ.-ի ծառայության է անցել Մեխակավանում: Մինչ զորակոչվելը ասում էր, որ պետք է մասնակացի պատերազմի և գտնվի ամենաթեժ վայրում։ Այդպես էլ եղավ։ Ստացել է կրտսեր սերժանտի կոչում: Պարգևատրվել և ստացել է շնորհակալական նամակ իր սահմանադրական պարտքը հայրենիքի հանդեպ բարեխղճորեն կատարելու համար: Եղել է ջոկի հրամանատար: Արցախյան երկրորդ պատերազմում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու  ընթացքում 2020թ.-ի հոկտեմբերի 2-ին անմահացել է: Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհվել է Միջազգային Անվտանգության Ակադեմիայի բարձրագույն կոչում՝ արժանանալով «ԱՍՊԵՏ» շքանշանի:

Ծառայության ընթացքում գիրք էր գրել իր մտերիմ ընկերների մասին։

-Սիրում էր կյանքը, անվերջ ժպտում ու ժպտացնում էր, ընկերների համար պատրաստ էր ամեն ինչի։ Շրջապատում լիդեր էր, նա էր մեր ուրախությունը, ամեն մանր բանից ուրախանում էր։ Օրդ կարող էր տոն դարձնել,  արև մարդ էր։ Իր ներկայությամբ գույն էր բերում և տրամադրություն էր ստեղծում։ Միշտ ասում էր՝ ուղղակի ապրեք ամեն վայրկյանը։  Կիսատ մնացինք, – նշում են ընկերները։

Գագիկի հիշատակին նվիրված 2 համերգ կայացավ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում և Կոմիտասի անվան կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգասրահում։

-Կոնսերվատորիայի նոր ժամանակի պատմության մեջ նա մնաց որպես ամենաբոսոր ուսանող և ոչ այն պատճառով, որ կարմիր դիպլոմով ավարտած ամենահիշվող ուսանողն էր, այլ որովհետև Կոնսերվատորիայով քայլող այդպիսի մարդ էր նա․․․ Կոնսերվատորիայի հավերժ մագիստրոսն ու արվեստով ապրող զինվորը,- համերգի ժամանակ նշեց երաժշտագետ Օլյա Նուրիջանյանը։

Վերջին անգամ ընտանիքի հետ խոսելիս Գագիկը ասել էր․

-Մենք այստեղ ենք, որ դուք հանգիստ քնեք, ամեն ինչ լավ է լինելու, ես ձեզ սիրում եմ․․․

sose avanesyan

Ես եմ քարերիդ, վեհ բարձունքներիդ հավերժ երգիչը

«Ժամանակը բուժում է վերքերը…»,- այս խոսքերն իմ հույսի կաթիլներն են, բայց երբեմն էլ կասկածանքի հատիկների են վերածվում։ Նրանք, ովքեր Արցախում եղել են մեկ անգամ կամ չեն եղել, պարզապես սգացին ազգային ցավը, այժմ նրանց կյանքում մի բան է փոխվել` Արցախի մասին խոսելիս, ժամանակաձևը անցյալ են դարձնում… Իսկ ես ու ինձ նման շատերը մեր երջանիկ օրերն ենք անցյալի վերածում։ Գիտե՞ք՝ այսօր լրանում է 240-րդ օրը, ինչ ես ինձ անհայրենիք եմ կոչում: Այո, ես հաշվում եմ օրերը, ու ամեն նոր օրվա հետ ցավս խորանում է։ Պատկերացնում եք, չէ՞, 240 գիշեր է արդեն, ինչ մայրը որդուն է սպասում, ինչ երիտասարդ աղջիկն իր սիրելիի հայացքին է կարոտ, նկարներով է մեղմում կատաղի ցավը, ինչ հարյուրավոր մարդիկ խաղաղություն են տենչում, ինչ Արցախն իր քաջ եղբայրներին է սպասում, իսկ Բերձորս` ինձ։

Ա~խ, եթե Բերձորս միայն ինձ սպասե~ր, ես կգնայի ու վերջ կդնեի անսանձ ցավերին: Բայց չէ՞ որ նա միայն ինձ չի կարոտել, երևի ես իրավունք չունեմ գնալ հայրենիք, երևի հայրենիքս ինձ չների, ես մեղավոր եմ, որ այս օրը՝ մայիսի 18-ին, քաղաքիս ազատագրման օրը, մենակ եմ թողել անհաղթ Բերձորիս։ Հիշում եմ, այս օրը ժամանակս ինձ ոչինչ չէր թողնում անել. ես չպետք է գրեի այս տողերը, այլ պետք է կանգնեի Արցախյան գոյամարտում մարտիրոսված քաջորդիներին նվիրված հուշահամալիրի կենտրոնում ու հնչեցնեի ինձ հանձնարարված գեղեցիկ խոսքերը։ Իսկ արդեն երեկոյան մեր բոլորի կողմից սիրված Վեհափառի հրապարակում պետք է զբոսնեի ընկերներիս հետ, պետք է կանգնեի ժողովրդի հետ ու գոռայի այս խորիմաստ տողերը․ «Հը-զոր Քաշաթաղ»։ Ուզում եմ սրտիս խոսքն ուղղել Բերձորիս, որպես ներողություն իրեն այս օրով մենակ թողնելու համար.

-Այո’, այսօր ես քեզնից շա~տ հեռու եմ տոնելու օրդ, բայց իմ տողերը թող նվեր լինեն քեզ, քո ժայռերին, քո քարերին, թող նվեր լինեն իմ բարի հիշողություններին։ Ցավում եմ, որ միայն սիրտս ու հոգիս են այդտեղ` քո գրկում, որ ուրիշ քաղաքների նման քո մասին հոգ տանողները շատ չեն, ցավում է ամբողջ սիրտս։ Վստահ եմ՝ դեռ կգամ քեզ մոտ` հուսալով՝ ինձ կներես, ինձ կհասկանաս, որ ինձ կսպասես։ Ու չփորձես, Բերձո’ր, չփորձես հանկարծ քեզ համար նոր պատանի փնտրել, ես եմ քո սրտում, ես եմ քարերիդ, վեհ բարձունքներիդ հավերժ երգիչը… Պարզապես հիշենք՝ ոչ բոլոր վերքերն ունեն բուժվելու հատկություն, այդ մենք ենք մեզ ստիպում մոռանալ մեզ խանգարող սպիների մասին։