- Լուսանկարը՝ Տաթեւիկ Հարությունյանի
- Լուսանկարը՝ Տաթեւիկ Հարությունյանի
- Լուսանկարը՝ Տաթեւիկ Հարությունյանի
- Լուսանկարը՝ Տաթեւիկ Հարությունյանի
- Լուսանկարը՝ Տաթեւիկ Հարությունյանի
- Լուսանկարը՝ Տաթեւիկ Հարությունյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի
Եթե իմ կարծիքը հարցնեն, ապա ես դեմ եմ հնգօրյա ուսուցմանը, որովհետև այն ձգվում է մինչև ժամը տասնհինգը: Այն ժամանակը, որ ամենաարդյունավետ դաս սովորելու պահն է, իսկ այդ ժամին մենք շատ հոգնած վերադառնում ենք տուն: Իմ սուբյեկտիվ գնահատմամբ, դասերը վեցօրյա պետք է լինեն, որպեսզի կարողանանք արտադասարանական աշխատանք կատարել: Մանավանդ, որ ես մեր դպրոցի աշակերտական խորհրդի նախագահն եմ և ինչքան էլ խնդրում եմ, չեմ կարողանում որևէ մեկին պահել դպրոցում:
Իսկ ինչ վերաբերվում է դպրոցական գիտելիքներով բուհ ընդունվելուն, կարող եմ ասել, որ գյուղական դպրոցներում սովորում են քիչ երեխաներ. դասարանում 5-6 հոգի, և եթե ուզես էլ, չես կարող չսովորել: Այստեղ հերթ պահելու գաղափար չկա: Մենք սովորում ենք բոլոր առարկաները, և առանց մասնավոր պարապմունքների ընդունվում ենք բուհեր, նույնիսկ բարձր գնահատականներով: Իսկ եթե մասնավոր պարապենք և հերթ պահենք, ինձ թվում է ավելի բարձ կստանանք: Գյուղական դպրոցում էլ են աշխատում վաստակաշատ մանկավարժներ, ովքեր հենց այդ նույն բուհերն են ավարտել: Բայց, չգիտես ինչու, գյուղական ուսուցիչը ստվերում է մնում, իսկ քաղաքի ուսուցիչը իր մասնավոր դասերով «լավ մասնագետի» համբավ է ձեռք բերում: Օլիմպիադաներում նրա աշակերտներն են տեղեր զբաղեցնում, մրցույթներում հաղթանակները միայն ավագ դպրոցինն են. մի՞թե սա գյուղական դպրոցի խնդիր չէ: Թևպետ անցյալ տարի մեր դպրոցը բավականին հաջողություններ ունեցավ: Ուրեմն, սառույցն արդեն կոտրվում է:
Հարկավոր է, որ գյուղական դպրոցներն էլ վերջապես հրապարակ դուրս գան. չէ՞ որ այստեղ ուսուցումը ավելի ազնիվ և անաչառ հիմքերի վրա է դրված:
Հարցազրույց Թալինի «Արծվիկ» բակային ճամբարի տնօրեն`Անահիտ Աբգարյանի հետ
-Քանի՞ տարի է գործում ճամբարը:
-Ճամբարը գործում է ութ տարի: Ճամբարի հիմնական գաղափարը արդեն 2007թվականից կար, հասունացել էր, բայց պետք էին հովանավորներ, որպեսզի կյանքի կոչեինք այդ գաղափարը: Շատ երջանիկ պատահականությամբ ծանոթացա «Արի կանանց փոխադարձ միություն» ընկերության նախագահ` տիկին Նադյա Քեբաբջյանի հետ: Այդ կազմակերպությունը հիմնականում իր գործունեությունը ծավալում է Արցախում. զոհված ազատամարտիկների ընտանիքներին նրանք կովեր են տրամադրում`այդ կերպով աջակցելով ընտանիքներին: Նրա հետ մասնավոր զրույցում խոսում էինք հետաքրքիր ծրագրերի և գաղափարների մասին: Հաջորդ տարի Թալինում`սոցիալապես անապահով մի ընտանիքում, եռյակ էր ծնվել: Նրանց հարկավոր էր ապահովել սնունդով: Կազմակերպությունը համաձայնվեց և աջակցեց ընտանիքին: Մեկ տարի հետո տիկին Քեբաբջանյանը այցելեց Թալին: Մեր երկրորդ զրույցի ընթացքում նա անընդհատ հարցնում էր, թե ի՞նչ ծրագրեր, գաղափարներ ունեմ: Ես պատասխանեցի, որ շատ գաղափարներ ունեմ, սակայն դրանք կյանքի կոչելու համար շատ դժվարություններ կան: Իրենք ասացին, որ մտածում են Թալինում բակային ճամբար կազմակերպելու մասին: Դա մեծ անակնկալ էր ինձ համար, քանի որ մանկավարժությունից հեռու էի, բայց գաղափարը կար, ցանկությունը շատ մեծ էր, որ Թալինում երեխաները իրենց ամառային առօրյան ճամբարում անցկացնեն: Եվ իրենց հովանավորությամբ, բարի կամքով, կազմակերպվեց: Հովանավորներին շատ էր դուր եկել, թե ինչպես է կազմակերպվել ճամբարը, ուստի որոշեցին որ այդուհետ Թալինում ամառային արձակուրդներին կկազմակերպեն բակային ճամբար: Եվ հուրախություն մեզ`թալինցիներիս, երեխաները արդեն ութերորդ տարին է, ինչ հանգստանում են այստեղ:
-Ի՞նչ սկզբունքով են ընտրվում երեխաները:
-Սկզբունքը հիմնականում այսպիսին է. ծնողազուրկ երեխաները, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները, բազմանդամ ընտանիքների երեխաները, ինչու չէ, նաև բոլոր այն երեխաները, ովքեր ցանկություն են հայտնում:
Ասեմ, որ ճամբարը նախատեսված է երեսուն հոգու համար, բայց մենք ամեն տարի ունենում ենք հիսունից ոչ պակաս մասնակից:
-Խնդրում ենք համառոտ պատմել ճամբարի առօրյան:
-Կա օրակարգ, որը կարող եմ ներկայացնել: Ժամը ինին մարմնամարզություն տասից տասնհինգ րոպե, որից հետո նախաճաշ, նախաճաշից հետո տարբեր խմբակային խաղեր կամ դասաժամեր: Այնպես չի, որ երեխան գալիս է ճամբար միայն խաղալու համար, նա իր շենքի կամ տան բակում էլ կարող է խաղալ: Նրանք սովորում են նոր բաներ, ձեռք են բերում նոր ընկերներ և քսան օրվա ընթացքում պատրաստում են հաշվետու միջոցառում, որով և եզրափակվում է իրենց ճամբարային հանգիստը: Ամեն տարի այդ միջոցառումները նոր ձևաչափով են լինում և չեն կրկնվում, որ երեխաներին հետաքրքիր լինի: Գուցե հենց դա է պատճառը, որ ամեն անգամ նրանք մի նոր բան են տեսնում, սովորում և այդ նորությունները իրենց գրավում են դեպի ճամբար: Եթե ամեն անգամ նույնը լիներ, չեմ կարծում, որ կհրապուրեր նրանց:
Ամենակարևորը, երեխաներին ճամբարը տալիս է բովանդակալից ու հետաքրքիր առօրյա, ասել է թե` ուրախ և անմոռանալի մանկություն:




Հարցազրույցը վարեցին` Սոնա Հարությունյանը և Մերի Վարդանյանը

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի
Սեպտեմբերի առաջին երկու շաբաթը, եթե չեմ սխալվում, համարվում է հետարձակուրդային դեպրեսիայի շրջան: Այս արտահայտությունը միշտ ինձ շատ զվարճացրել է: Իհարկե, մի քիչ դժվար է պարապ սրտիդ ուզածն անելուց հետո միանգամից անցնել դասերին, բայց, այնուամենայնիվ, դա դեպրեսիա չէ: Եթե, իհարկե, 12-րդ դասարանցի չես: Իսկ ես այս տարի հենց 12-րդ դասարանցի եմ, և դեպրեսիա բառը հենց ինձ էր վերաբերվում, որովհետև դասերի հետ սկսվեցին նաև պարապմունքներս: Ամեն օր դասերից հետո, իսկ շաբաթ օրը առավոտյան և երեկոյան, միասին վերցրած` առավոտից երեկո ես պարապմունքի եմ: Հանգստյան օր մնում է միայն կիրակին, այն էլ այնքան տնայիններով, որ շատ «ուրախ» է անցնում: Շաբաթ օրն ամենածանրաբեռնվածն է, և չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե շաբաթ օրերն էլ դպրոցն աշխատեր: Ամեն օրվա 1 ժամ շուտ վերջացրածը մեզ ոչնչով չէր օգնի, իսկ 1 ամբողջ ազատ օրը շատ օգտակար երևույթ է: 5 օր դպրոց գնալը հիմա մեր կրթական համակարգի երևի միակ բանն է, որ ինձ դուր է գալիս: Իսկ ինչ վերաբերվում է մասնավոր պարապմունքներին, առանց դրանց հիմա հնարավոր չէ ընդունվել: Չնայած ստեղծված հոսքերին, միևնույնն է` դպրոցի ժամանակը քիչ է լավ պարապելու համար, եթե, իհարկե, բարձր բալեր ես ուզում ստանալ: Իսկ դպրոցում անցածով կարելի է ընդունվելու համար բավարար ստանալ, կամ էլ միջին: Շատ առարկաների շտեմարաններում դպրոցական ծրագրից տարբերություններ կան, այսինքն` ինչպես էլ լինի, մասնավոր պարապմունքը անհրաժեշտ է: Մի հարց էլ կա. դպրոցներում դասերի ժամանակ չենք օգտագործում շտեմարանները, կամ էլ շատ քիչ ենք օգտագործում: Ուրեմն ինչի՞ համար են շտեմարանները: Ավելո՞րդ են լույս տեսնում, թե՞ այն կազմողները և հրատարակողները հենց նախատեսել են մասնավոր պարապմունքերի համար: Շատերն ասում են, որ շտեմարանները մեզ վարժեցնում են, որ կարելի է դրանք անգիր անել և քննությունը լավ հանձնել: Բայց, ինչպես ասում է իմ մաթեմատիկայի կրկնուսույցը, եթե ինչ-որ մեկը կարողանա 3 շտեմարանները բոլոր լուծումներով անգիր անել, նա արդեն տաղանդավոր է և արժանի է ընդունվելու:
Չգիտեմ` լա՞վ է մասնավոր պարապելը, թե՞ ոչ, բայց առանց դրա հիմա քննությանը բարձր միավորներն ստանալն ուղղակի անհնար է:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի
Կա՞ արդյոք մի տեղ, որտեղ մարդն իրեն երջանիկ է զգում, ոչնչից չի վախենում, ապահով է, սիրված ու գնահատված: Դա իհարկե, հայրենիքն է և առաջին հերթին հայրենի տունը: Իմ հայրենի տունը իմ գյուղն է:
Իմ Դարբասը (նախկինում Աղվերծ, Ըղվերծ) գտնվում է Սյունիքի գեղատեսիլ բնության մեջ և շրջապատված է հսկա լեռներով: Չգիտեմ ինչու, բայց ինձ միշտ թվացել է, թե այդ լեռները ուս-ուսի տված զինվորներ են, որոնք պաշտպանում են մեզ, և միշտ ակնածանքով ու հպարտությամբ եմ նայել նրանց: Մանավանդ այն սուրբ լեռանը, որին Եղյակ ենք անվանում: Այն միշտ էլ ժողովրդի համար սրբատեղի է եղել, և ժողովուրդը հավատացել է այդ սուրբ լեռան զորությանը:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի
Տատիկս պատմում է.
-Էն ժամանակ մարդիկ քինում էին Եղյակից քար պիրում, քցում գետը, որ անձրև կյա:
Հիմա էլ Եղյակը սրբատեղի է համարվում, և այնտեղ հաճախ են ուխտագնացություններ լինում:
Մեր գյուղի հրաշալիքներից մեկը մեր եկեղեցին է: Ժամանակին յոթ եկեղեցի ենք ունեցել, որոնք ցավոք չեն պահպանվել: Մեր Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 5 տարի առաջ երկու բարերար եղբայրների ջանքերով: Նրանք մինչև հիմա շարունակում են մեր գյուղը շենացնել: Մենք մի կամուրջ ունենք, որին Արզումանի կամուրջ են անվանում: Այն ժամանակին շատ կարևոր նշանակություն է ունեցել: Բարերարները այս կամուրջը վերանորոգեցին:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի
Գիտե՞ք ինչքան էի ուրախանում այս ամենը տեսնելով, ուրախանում էի, որ մեր գյուղը օր-օրի շենանում է, և ես էլ էի ցանկանում մի լավ գործ անել մեր գյուղի համար` թեկուզ փոքր գործ:
Չէ՞ որ փոքր գործերից է ծնվում մեծ գործը:
Երբ նայում եմ այս բնությանը, այս ծաղիկներին, լեռներին` հասկանում եմ, որ նրանք էլ են կարողանում զգալ ու խոսել: Եվ ո՞վ է ասել, որ նրանք անկենդան են: Հենց նրանց մեջ է ամփոփված իմ գյուղը իր վաղեմի պատմությամբ, գեղեցկությամբ և հրաշալիքներով:

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի

Լուսանկարը՝ Սոնա Զաքարյանի
«Բառեր արտասանելիս զգույշ եղիր, որպեսզի այդ բառը չդառնա ծանր քո խղճի համար»:
Բառեր, խոսքեր… Խոսքեր, որոնք հասնում են սրտին, հոգուն, մտքին: Այո՛, այո՛ ճիշտ լսեցիք ՝ հոգուն: Նրանք կարողանում են գտնել հոգուն: Նրանք գտնում են վայրը, որտեղ նա շատ հաջողված թաքնվում էր բոլորից:
Խոսքը հասնում և սկսում է խաղալ սրտի նուրբ լարերի հետ: Ասես կիթառ նվագելուց լինի: Բայց ցավոք, շատ հաճախ նվագողը նոտաները չգիտի: Նա ուղղակի տանջում է սրտին: Ինչ-որ բան է պահանջում, բայց ինքն էլ չգիտի` ինչ:
Խոսքերը ծանր են լինում: Ծանր, բայց ոչ կիլոգրամներով, այլ այն վայրի համար, որը նրա նշանակետն է:
Ավելի լավ կլինի չասեիր, ավելի լավ կլինի լռեիր… Բայց ո՛չ, ինչպե՞ս կարող է… Նա ասու՛մ է, խոսու՛մ է, հնարավոր է նաև ոչ միտումնավոր, բայց արդեն ուշ է… Նա ասա՛ց, վիրավորե՛ց… Հասցրեց նույնիսկ արցունք կորզել երկար ժամանակ արցունք «չարտադրած» արցունքագեղձերից: Մի՞թե նա դրանից հետո կարող է հանգիստ քնել, հանգիստ ապրել: Հնարավոր է… Բայց ո՛չ միշտ…
Խիղճը մի օր ոտքի կկանգնի: Կկանգնի ու կպահանջի հատուցում: «Ինչո՞ւ նման բան ասացիր: Մի՞թե նա արժանի էր քո ասված խոսքին»: Խիղճը թող խոսի, նրան միևնույն է, պատասխանող չկա: Իսկ միգուցե կա՞… Դա ես չպետք է ասեմ: Հնարավոր է, որ խիղճն ու «խղճի տիրակալը» արդեն հաշտվել են՝ համաձայնության են եկել: Բայց ծանր խոսքը մնացել է խոցվածի սրտի լարերի մեջ խճճված…
Փորձիր բուժել նրան՝ հանել վիրավորանք հասցրած խոսքդ նրա այդքան բարի սրտից: Իսկ միգուցե ես մի քիչ չափազանցնո՞ւմ եմ` մեղադրելով այդ մարդուն՝ նրան: Իսկ միգուցե նա իրո՞ք ճիշտ վարվեց ասելով այդ բառը՝ նախադասությունը : Թող դատի Աստված՝ ես դատավոր չեմ:
Միայն կասեմ, որ խոսքը սրի նման կարող է խրվել սրտի մեջ: Խրվել ու նրանից արյուն քամել, մինչև որ նա սպանված թռչնի նման վայր չընկնի… Կարող է նաև հակառակ գործողությունը կատարել: Ոտքի կանգնեցնել նրան: Ապտակել ու ծանր խոսքով ուշքի բերել…
Որոշեցի մի քիչ փիլիսոփայել, հուսամ ստացվեց: Փորձեցի նկարագրել իմ հոգեվիճակը, իմ զգացմունքները ծանր խոսք լսելիս: Այնպիսի խոսք, որ լսում եմ ոչ իմ հասցեին, բայց ես ինձ պատկերացնում եմ խոսքը ստացածի տեղում…