Ես կլառնետ եմ նվագում

Ամեն ինչ սկսվեց հենց այն ժամանակ, երբ ես ավելի լրջորեն և ուշադիր լսեցի կլառնետի վայելուչ հնչյունները: Երբ ես յոթ տարեկան էի, ծնողներիս հայտնեցի, որ ուզում եմ հաճախել երաժշտական դպրոց: Քանի որ հայրս նույնպես կլառնետ է նվագում, դա շատ դուր եկավ նրան, և ինձ ուղարկեց երաժշտական դպրոց: Իմ կլառնետի ուսուցիչը  հայտնաբերելով իմ մեջ գործիքին տիրապետելու տաղանդը, հաճախակի ինձ ներկայացնում է տարբեր մրցույթներում և փառատոներում, որտեղ ես մեծ հաջողությամբ եմ հանդես եկել: Այս ասպարեզում իմ ամենամեծ հաջողությունն այն էր, որ 2013 թվականի ապրիլին մասնակցեցի Գյումրիում «Վերածնունդ» միջազգային փառատոնին: 2500 մասնակցի մեջ հայտնվեցի լավագույն 30 պատանի երաժիշտների շարքում և ստացա դիպլոմ «Լավագույն կատարող» անվանակարգում: Վերջերս` հունիսին, UNESCO-ի նախաձեռնությամբ Երևան էր հրավիրվել Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փողային բաժնի ամբիոնի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանը: Այցի նպատակն էր`ստուգել երեխաների ունակությունները: Լոռու մարզից ինձ ընտրեցին գալ Երևան և մասնակցելու այդ լսումներին: Պարոն Բաղդասարյանը  ինձ մասնագիտական օգտակար խորհուրդներ տվեց, հորդորեց, որ ավելի շատ ուշադրություն դարձնեմ դասական կատարմանը, և ասաց, որ ունեմ շատ լավ տվյալներ բարձրակարգ երաժիշտ դառնալու: 

Այս խորհուրդներից հետո ես ավելի եմ ոգևորվել և ավելի հաստատվել իմ որոշման մեջ. Անպայման շատ կաշխատեմ, որպեսզի արդարացնեմ հայրիկիս, ուսուցիչներից ու բոլոր մասնագետների սպասումները:

«Միասին» ճամբար, միասին ծնունդ, միասին հրաժեշտ

-Մանե, կցանկանա՞ս  ճամբար գնալ,- հարցրեց ինձ հայրս:

-Այո, կցանկանամ: Ի՞նչ ճամբար է: Որտե՞ղ է: Մենակ ե՞ս եմ գնում,- միանգամից տվեցի մի քանի հարցեր:

-Ճամբարը  «Միասին»-ն է կազմակերպում: «Գոյատևելու դասընթաց» թեմայով է լինելու ,- հայրս փորձեց հիշել իմ տրված հարցերը հերթականությամբ,- Սևանա լճի ափին է լինելու: Մենակ կարող ես գնալ, բայց Սարգիսին հարցնենք, նոր:

Երբ մենք հարցրեցինք եղբորս, նա համաձայնվեց:

Մեր համաձայնությունից  հետո, սահմանված կարգով  «Միասին»-ի  կենտրոնական գրասենյակ ներկայացրեցինք անհրաժեշտ փաստաթղթերը:

Մեզ այնտեղ ասացին, որ մեր ջոկատավարը մեզ  կզանգահարի: Շատ էի սպասում  ջոկատավարիս զանգին:
Եվ ահա: Վերջապե՜ս: Շատ սպասված զանգ …

«Անծանոթ համար է: Հետաքրքիր է, ո՞վ է: Իսկ միգուցե ջոկատավա՞րս է»: Մի ներքին ձայն ինձ ասում էր, որ այդ զանգի հեղինակը ջոկատավարս է :

Փաստորեն  իմ ներքին ձայնը ճիշտ էր: Վերջ, մենք գնում ենք ճամբար:

Ճամբարն սկսեց անախորժ դեպքով: 12-րդ ջոկի ավտոբուսը վթարի էր ենթարկվել: Բարեբախտաբար լուրջ վնասվածքներ ոչ-ոք չէր ստացել: Հիվանդանոց, բուժզննում, վախ, ստրես… Ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ:

Չեմ նկարագրի մնացած օրերը: Միայն կնկարագրեմ ծննդյանս օրը:

Մի  աղջիկ, որը շատ երազանքներ ունի  ապագայի հետ կապված, որը չի կարողանում  ընտրություն կատարել  ազատության և սահմանափակ կյանք վարելու միջև, որը շատ է ուզում, բայց միևնույն ժամանակ չի ուզում, դառնում է 16 տարեկան:

Ճամբարում  ժամը 22:00- ին սկսվում  է ուրախ ժամանցը: Պարում ենք, լիցքաթափվում…

Պարելու ժամանակ հանկարծ  լսում եմ.

-Այսօր շատ հետաքրքիր և հաճելի մի անձնավորության ծննդյան օրն է: 15-րդ ջոկի Մանեի: Շնորհավորենք նրան,- լսելով այս նախադասությունը  ես միանգամից նայեցի  ժամին՝ կես գիշերն անց էր: Բոլորը սկսեցին շնորհավորել, գրկել, համբուրել…

Առաջինը ինձ շնորհավորեց  ջոկատի տղաներից մեկը, իսկ հետո ինձ գրկեց ջոկատավարուհիս՝ մի հաճելի, աշխույժ, էներգիայով  լեցուն անձ:

Հետո ջոկիս երեխաների կողմից շնորհավորանքի խոսքեր լսեցի: Մի խոսքով,  ծնունդս սկսեց լավ տպավորություններով:

Առավոտ… Ժամը 6:10…

Ինչպես միշտ, ես շուտ էի վեր կացել: Զանգ ստացա մայրիկիցս: Նրանք պետք է գային՝ տորթ, միրգ և էլի նման բաներ բերեին:

-Մամ, բարև:

-Բարի լույս: Ես քեզ չեմ շնորհավորելու: Չնեղանաս` դեռ դու չես ծնվել:

- Չեմ նեղանում: Դուք ե՞րբ եք գալու…

Ու մենք այսպես խոսեցինք մեկ ժամ, բայց մորս կողմից շնորհավորանքի խոսքեր չստացա:

Օրս սկսվեց հորս շնորհավորանքով և մորս չշնորհավորանքով:

Առավոտվա իրադարձությունների շարունակությունը մի քիչ  ձանձրացնող է: Զանգ… Շնորհավորում եմ… Հասնես նպատակներիդ…

Իսկ այ, կեսօրվա իրադարձությունները ինձ համար  անմոռանալի հուշերի աղբյուր դարձան:

Ովքեր որ ինձ ճանաչում են, գիտեն, որ ես լողալ չգիտեմ, բայց շատ եմ ուզում սովորել: Այդ օրը ես սովորեցի, բայց իհարկե, երեխաների օգնությամբ: Մարիամը, Օնիկը, Կարենը, Վահեն ինձ սովորեցրեցին ջրի վրա մարմինը պահելու նրբությունները, սովորեցրեցին նստել ջրի հատակին  և այլն:

-Ինձ բաց չթողնեք: Խեղդվում եմ: Վախենում եմ: Պինդ բռնեք,- նման խոսքեր իմ շուրթերից ոչ-ոք չի լսել:

Ես սիրում եմ  ջուրը… Պարելով ջրի մեջ ես հասկանում եմ, որ ազատ եմ, որ ճախրում եմ` թևեր ունեմ:

Մենք լողափից վերադարձանք տուն: Գրեցի տու՞ն: Անկեղծ ասած, այս ճամբարը  ինձ համար բոլորից առանձնացված մի քաղաք է «Միասին» անվամբ, իսկ իմ ջոկատը` երեք սենյականոց բնակարան: Ունենք մայր, բայց չունենք հայր՝ նա խոպան է գնացել: Ունենք երեխաների տեսականի՝ չար-չարաճճի, խելոք, համեստ, եփող-թափող  և այլն: Մի քիչ շեղվեցի  թեմայից: Տուն վերադառնալուց հետո մայրս զանգեց:

-Մենք հասնում ենք:

Նրանք եկան, նրանք գնացին, մենք քեֆ արեցինք, ուրախացանք, ծիծաղեցինք…

Նշեմ նաև, որ իմ ծննդյան օրը առաջին անգամ անձրև եկավ: Անձրևի պատճառով տեխնիկան փչացել էր: Եվ մենք չպարեցինք:

Անցավ այդ օրը… Անցան նաև այդ օրվա հաջորդ օրերը… Եկավ հրաժեշտի պահը…

Արցունքներ, հրաժեշտի խոսքեր, կրկին հանդիպման մտքեր, գրկախառնություններ…

Կհանդիպենք…

Ես ու պապս և ընկերներս

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Ես շատ եմ սիրում հանգստանալ ամառային արձակուրդներին: Հիմնականում գնում եմ քաղաք կամ սարը: Առավոտը շատ վաղ եմ արթնանում, մոտավորապես ժամը 5-ին կամ 6-ին: Լվացվում եմ, հագնվում և սկսում եմ մարզանք անել: Մոտավորապես ժամը 7-ին պապիկիս և եղբորս հետ գնում եմ հանդը` արոտավայր: Տանում ենք անասուններին արածացնելու: Շոգ օրերին ես, եղբայրս և պապիկս պառկում ենք ծառի տակ և մի քիչ քնում: Պապիկս անտառում մեզ պատմում է իր ջահել օրերի մասին, պատմում է, թե ինքը մեր տարիքում ինչ զվարճալի բաներ է արել: Հիմա էլ է պապիկս զվարճալի բաներ անում: Ես հիշեցի այդպիսի մի դեպք: Մի անգամ մենք անտառում էինք, և նա եղբորս ասաց, որ գնա տեսնի, թե անասունները ինչ են անում: Եվ պապս ինձ պատմեց, որ իր հայրն էլ իրեն էր ուղարկել անասուններին տեսնելու, երբ մեր տարիքում էր: Նա գնացել էր, փոխարեն հսկելու, սկսել էր կովին կթել: Մենք շատ ծիծաղեցինք:

Երեկոյան ժամը 6-ին կամ 7-ին նախիրը տանում ենք տուն: Ամառվա օրերին առավոտը, ավելի ճիշտ լուսաբացից առաջ` ժամը 4-ին գնում ենք ընկերներով մոշ հավաքելու: Մոշը հասնում է օգոստոսի 10-ից հետո: Մոշը հավաքելուց հետո այն վաճառում ենք և մեզ համար ուտելիք ենք գնում, կամ գումարը հավաքում ենք, որպեսզի դպրոցական պարագաներ գնենք:

Ամառը հաճախ ենք ընկերներով հավաքվում և գնում ենք անտառ ժամանակ անցկացնելու:  Շուտով աշուն է, սեպտեմբեր: Ես աշունը շատ եմ սիրում, քանի որ աշնանն եմ ծնվել:

Հանուն մայրիկի

Լուսանկարը՝ Նատալյա Թիզյանի

Լուսանկարը՝ Նատալյա Թիզյանի

Մայրս ունենում է ճնշման տատանումներ, և հաճախ է վատառողջ լինում: Այդ պահերին ես սթրեսային վիճակում եմ հայտնվում, չգիտեմ` ինչ անել: Ես աշխատում եմ ավելի ուշադիր լինել, օգնել նրան տան գործերում, որպեսզի իզուր տեղը չնյարդայնանա: Սակայն փոքր եղբայրս հաճախ դա չի հասկանում: Նա շատ չարաճճի է: Նրա հետ հաճախ եմ վիճում, կարելի է ասել, ամեն օր: Բայց շատ եմ սիրում նրան: Տան իմ ամենօրյա պարտականությունն է` անկողին հավաքելը, փոշեկուլ անելը և փոշին հավաքելն է: Եղբորս հետ վիճելու հիմնական պատճառը այն է, որ նա իմ ասածները չի լսում և հանձնարարություններս չի կատարում: Օրինակ, մեր հիմնական վեճերից է.

- Դավիթ, ամբողջ տնով մեկ թղթեր ես թափել, հավաքիր:

- Տան աղջիկը դու չե՞ս, ինքդ հավաքիր, չեմ անելու:

Այստեղից սկսում են մեր վեճերը: Նա բողոքում է մայրիկին.

- Մամ, էս աղջիկդ ձեռքերիս ուժեղ խփել է:

- Էլեն, արի այստեղ:

- Ասա, մամ:

- Ինչո՞ւ ես եղբորդ խփել, չե՞ս ամաչու՞մ, մեծ աղջիկ ես` ընկել ես խելքին: Ոնց որ շուն ու կատու լինեք:

Ես ունեմ բնավորության վատ գիծ` չեմ սիրում զիջել: Առավել ևս, երբ ես ճիշտ եմ: Սակայն հանուն մայրիկի ստիպված եմ զիջել: Հուսամ շուտով եղբայրս կմեծանա ու կհասկանա ամեն բան: 

Մարդիկ խոսում են լուսնի տակ

Երկու սիրահարներ, որոնք միմյանց ականջի անուշ խոսքեր են շշնջում; երկու ընկերուհի, որոնք բամբասում կամ պատմում են իրենց անմոռանալի երեկոների ու հավերժ սերերի մասին: Երկու տղամարդ, որոնք քննարկում են քաղաքականությունը, տնտեսությունը ու կյանքում գոյատևելու համար ամենակարևոր բաները: Տատիկ, որ իր թոռնիկին անգին խրատ է տալիս: Երկու քույր, որոնք գիշերը խոհանոցում իրար օգնելով, բայց չեն էլ խոսում, քանի որ քույրերի իրար անխոս հասկանալն ուրիշ է: Մայր, որ իր դստեր հետ երգում է ժողովրդական մի երգ: Դժվարությունների հանդիպած մի տղա, որ իր հորից խորհուրդ է հարցնում: Կին և ամուսին, որոնք համբերատար ու հասուն քննարկում են որոշ խնդիրներ… 

Մարդիկ խոսում են լուսնի տակ, բայց երբեք չէի մտածել, որ այդ բոլոր ասվածներն ու չասվածները բարձրանում են երկինք ու ստեղծում այնտեղ մի հատուկ մթնոլորտ, որ դառնում է ճակատագիր: Բոլոր ուժեղ զգացմունքները ազդում են տիեզերքի վրա, իսկ տիեզերքը՝ մեր: Ու արարում բոլորիս կյանքը…

Խոսե՜նք անկեղծ…

Այստեղ մարդիկ ուրիշ են

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝ Դիանա Շահբազյանի

Ես ապրում եմ Աբովյանում, սակայն գրեթե ամեն ամառ գալիս ենք Օձուն` հանգստանալու: Չնայած նրան, որ այս տարի եկել ենք հուլիսի կեսերին, բայց ես այդքան քիչ ժամանակում ձեռք եմ բերել բազմաթիվ ընկերներ: Ես մեծ հաճույքով կապրեի այստեղ, քանի որ լինելով Օձունում, համոզվեցի, որ գյուղի երեխաները ամեն ինչով տարբերվում են քաղաքի երեխաներից: Գյուղում մարդիկ ավելի մարդկային են, բաց, բարեսիրտ, և դեռ պահպանվել է մաքրությունը: Չնայած նրան, որ ես ապրում եմ քաղաքում, հեշտությամբ կարող եմ համեմատել քաղաքի և գյուղի մարդկանց: Քաղաքում մարդիկ զբաղվում են իրենց անձնական խնդիրներով, իսկ գյուղում մարդիկ միմյանց օգնում են, կարեկցում:

Օձունում կա բակային ճամբար, որին ես մասնակցում եմ մեծ հաճույքով: Մենք ընկերներով նստում ենք եղևնու տակ և խաղում տարբեր խաղեր: Երբ ես գնամ Աբովյան, մենք անպայման կպահպանենք կապը միմյանց հետ:

Եթե ամառն անց ես կացնում գյուղում

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Լուսանկարը՝ Սամվել Մքոյանի

Ես ապրում եմ Վանաձորում և այս ամառը, ի տարբերություն մյուս տարիների ամառների, հիմնականում գտնվել եմ տատիկիս մոտ` Լոռու մարզի Վահագնի գյուղում: Պապիկս մեզ պարբերաբար տանում է գետ լողալու: Ճիշտ է, եղել են տհաճ միջադեպեր, բայց բարեբախտաբար դրանք ունեցել են երջանիկ ավարտ: Ինչևէ, ամառը դեռ չի վերջացել, և հուսով եմ, որ նորից կլինեն հետաքրքիր և ծիծաղաշարժ դեպքեր: Սակայն մնացած ժամանակը չգիտեմ ինչով զբաղվել:

Գյուղում չկան ժամանցի կենտրոններ` թե երիտասարդների, և թե տարեցների համար: Չկա այգի երեխաների և իրենց ծնողների համար: Գյուղի հուշարձանը և եկեղեցին գտնվում են կիսաքանդ վիճակում: Ոչ բոլոր ճանապարհներն են ասֆալտապատ, որի պատճառով անձրևոտ օրերին գյուղի ծայրերում բնակվող մարդիկ չեն կարողանում դուրս գալ տանից: Եվ վերջապես, գյուղի ամենակարևոր խնդիրներից մեկն այն է, որ չկան աղբարկղեր, այստեղ աղբահանություն չի կատարվում: Մարդիկ աղբը լցնում են ձորը և պարբերաբար այրում այն, որի հետևանքով աղտոտվում է միջավայրը: Գյուղն ունի նաև լուսավորության խնդիր: 

Աշնանային ձանձրույթ

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Մեկ շաբաթից կգա աշունը։ Ահա թե ինչպես եմ ես այն պատկերացնում։ 

Սեպտեմբերի մեկին կգնանք դպրոց։ Ամեն տարվա նման մեզ կխոստանանք, որ լավ ենք սովորելու։ Կբաժանեն գրքերը։ Տանը կուսումնասիրենք դրանք։ Հաջորդ օրը բոլոր ուսուցիչները կհարցնեն, թե ինչպես ենք հանգստացել։ Բնականաբար մենք էլ իրենց կպատասխանենք, որ լավ։ Կբացենք գրքերը, կկարդանք դասը, մեկ անգամ էլ ուսուցիչը կբացատրի, կտա հանձնարարություն, դասը կավարտվի։ Կգա մյուս ուսուցիչը, տեղի կունենա նույնը, ինչ-որ անցած դասին եղավ։ Եվ այդպես յոթ դաս շարունակ։ Հետո կգնանք տուն, հաց կուտենք, տասը րոպե կհանգստանանք և կանցնենք տնայինների կատարմանը։ Սկզբից դասը կսովորենք, հետո գրավորները կանենք։ Ավարտելուց հետո կգնանք մյուս դպրոցները կամ խմբակները։ Մեկը կգնա պարի, մեկը՝ երաժշտական դպրոց, մեկը՝ լողի, մեկը՝ անգլերենի։ Հետո հոգնած կգանք տուն, էլի մի քանի րոպե կհանգստանանք և կանցնենք խմբակի կամ դպրոցի հանձնարարությունների կատարմանը։ Կանենք ամեն ինչ, կնայենք ժամին և կտեսնենք, որ մեկ ժամից պետք է քնել։ Դրսում անձրև կսկսվի։ Մի մասը կտխրի, մյուս մասը՝ կուրախանա։ Մի ժամը արագ կանցնի։ Ստիպված կգնանք քնելու, որ կարողանանք առավոտյան շուտ արթնանալ։ Կսկսվի նոր օր։ Մեկի մոտ միգուցե մի բան փոխվի, մյուսի մոտ մնա նույնը։ Կանցնի մեկ շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ։ Մեկը կձանձրանա, մյուսը՝ ոչ։ Կսկսենք անհամբեր սպասել աշնանային արձակուրդին։ Եղանակը կցրտի, այգիները կդատարկվեն։ Բակերից այլևս չի լսվի երեխաների խաղի ձայնը։ Վերջապես կանցնենք արձակուրդի։ Մեկ շաբաթ տունը կմնանք։ Հետո նորից կգնանք դպրոց, ու հաստատ դասարանում որևէ մեկը հիվանդ կլինի։ Բոլորը հերթով կսկսեն հիվանդանալ։ Կանցնի մեկ ամիս։ Կմոռանանք սեպտեմբերի մեկին մեզ տված խոստումը։ Կսկսենք ծուլանալ։ Մի խոսքով, կյանքը մի տեսակ ձանձրալի կանցնի ու անհետաքրքիր։
Ահա այսպես՝ ես ամեն օգոստոսի վերջին տխրում եմ, սկսում եմ մտածել սպասվող ձանձրալի և անհետաքրքիր աշնան մասին։
Բայց իրականում սրանք միայն պատկերացումներ են, որոշ չափով իրական, որոշ չափով էլ ՝ոչ։ Մենք երևի բոլորս էլ այսպես ենք մտածում, քանի որ բոլորս շատ ենք սիրում ամառը և դժվար ենք համակերպվում նրա ավարտի հետ։
Իրականում աշունը կարող է անցնել շատ ավելի հետաքրքիր, քան ամառը, եթե կարողանանք ամեն ինչի մեջ տեսնել լավը և ուրախանալ կյանքով։

Ես մնալու եմ գյուղում

Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի

Լուսանկարը՝Դիանա Շահբազյանի

Միշտ  էլ  մասնագիտություն ընտրելը շատ դժվար խնդիր է եղել: Փոքր ժամանակ ուրիշ բան ես ուզում դառնալ, բայց  երբ մի քիչ մեծանում ես ու  հասկանում, թե ինչ ժամանակներում ես ապրում, հասկանում ես, որ պետք է ընտրես այնպիսի մի մասնագիտություն, որ ունենաս աշխատանք և ապրես քո հայրենի տանը: Դրա համար էլ ես ընտրեցի տրակտորիստի մասնագիտությունը: Երբեք ինձ չի գրավել արտերկիր գնալու և այնտեղ աշխատելու գաղափարը: Ճիշտ է, այնտեղ ավելի բարձր աշխատավարձ են ստանում, բայց ես ցանկանում եմ մնալ իմ հայրենիքում և աշխատել այստեղ: Ապրելու եմ գյուղում` Օձունում, այստեղ ես հող կմշակեմ իմ սեփական տեխնիկայով: Մտածել եմ նաև, թե ինչպես այն ձեռք բերել.  կգնամ մի քանի տարի արտերկրում աշխատելու, գումար հավաքելու, հետո վերադառնալով կգնեմ դրանք: Այսպես ես ոչ մի գործատուից կախում չեմ ունենա և կունենամ աշխատանք և ստիպված չեմ լինի հեռանալ իմ տնից և հայրենիքից: Ես շատ եմ սիրում իմ գյուղը, իմ տունը, մեր դաշտերն ու անտառները: Ես մնալու եմ գյուղում:

Աստղերը` որպես ներշնչանք, աստղագիտությունը՝ որպես հնարավորություն

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Լուսանկարը՝ Լուսինե Կարապետյանի

Աստղերի համար հարյուր տարին, հավասարազոր է մեր ապրած մեկ վայրկյանին, իսկ աստղերը այնքան հեռու են, որ նրանց լույսը Երկիր հասնելու համար պահանջվում է ամենաքիչը վեց հարյուր տարի: Այսպիսի ահռելի թվերով խոսելը բավականին հեշտ է, այնինչ եթե սկսենք պատկերացնել, ապա դա կլինի այն, ինչ մեզ մոտ՝ Երկրի վրա, անվանում են հավերժություն: Մենք տեսնում ենք աստղերը, բայց արդյո՞ք աստղերը տեսնում են մեզ… Չեմ կարծում, քանի որ հաճախ այն աստղերը, որոնք մենք տեսնում ենք, արդեն մահացած են:

Աստղագետ Գաբրիել Օհանյանը, որին մենք ծանոթացել էինք նախորդ օրվա «աստղային ճանապարհորդությունից», մեզ ծանոթացրեց Բյուրականի աստղադիտարանի ավելի երիտասարդ աստղագետների և գիտաշխատողների հետ:

-Բարև ձեզ: Մենք հետաքրքրված ենք երիտասարդ աստղագետներով: Ուզում ենք ֆիլմ նկարել: Կարելի՞ է:
-Բարև ձեզ, ներողություն, երիտասրդ ասելով դուք ի՞նչ տարիք նկատի ունեք,- խոսեց տարքիքով ամենամեծը:
-Ձեր տարիքի:
Ժպտացինք:
-Լավ, բարի, համեցեք:
Նրանց թիմը պատրաստակամորեն տվեց համաձայնություն հարցազրույց տալու:
-Թիմով հինգն էինք, բայց ինչպես նկատում եք, չորսս ենք մնացել: Մեր խմբից մի ակտիվ երիտասարդ որոշեց դառնալ ծրագրավորող: Հիմա ծրագրավորումն ավելի բարձր է վարձատրվում, քան աստղագիտությունը:
-Ինչպե՞ս որոշեցիք դառնալ աստղագետ:
-Մեր ճանապարհները միևնույն ձևով են անցել: Սկզբից կիրք աստղերի նկատմամբ, հետո մի քիչ գիտություն: Ոգևորությունը ժամանակի ընթացքում  մի քիչ մարում է, ավելի ճիշտ, փոխվում է սիրո: Իսկ եթե սերը դադարեց, ապա ուղղակի հրաժարվիր այդ մտքից. դա քեզ օգուտ չի տա: Դու կդառնաս զոմբի, որ փող է աշխատում, ոչ թե ապրում:
-Ձեր երեխաներին կթողնե՞ք զբաղվեն աստղագիտությամբ:
-Եթե հասկանամ, որ նա իրեն գտնում է աստղագիտության մեջ, ապա` այո:
-Դրսում ավելի լավ են վարձատրվում, չէի՞ք ուզենա տեղափոխվել այնտեղ:
-Մենք հաջողակ ենք, հաջողակ այնքանով, որ կարողանում ենք դրամաշնորհներ ստանալ սիրած աշխատանքով զբաղվելու համար և հաճախ ենք գնում տարբեր երկրներ ուսումնասիրություն կատարելու, բայց միշտ մնալ այնտեղ չենք պատրաստվում:
Երկար ու հաճելի զրույցից հետո որոշեցինք  պտտվել այգում, որը իմիջիայոց, լի էր մեծ  եղևնիներով: Կարծես այն էներգետիկ ճգնաժամը, որը պատել էր պատերազմական իրավիճակում գտնվող մեր երկրին,շրջանցել էր այգին և աստղադիտարանը: Մինչդեռ այդպես չէր. Այստեղ էլ շատ ցուրտ էր, սակայն կարծում եք այդտեղի գիտաշխատողները կամ հենց ինքը` Վիկտոր Համբարձումյանը չի՞ ցանկանցել տաքության մեջ ապրել: Վերջերս մի լուսանկարի հանդիպեցի համացանցում, որտեղ Վ. Համբարձումյանն էր`պատերազմի տարիներին ցրտից կուչ եկած աշխատասենյակում: Այնինչ դրսում`աստղադիտարանի այգում, որը Բուսաբանական այգու մի մասն է համարվում, 40 հա տարածքում բազմաթիվ ծառեր կային:
Կարծես հենց այդ աշխատանքից էր, որ աստղագետները շարունակում են իրենց և գիտական աշխատանքը, և չեն դադարում լինել մեծ հայրենասեր` նմանվելով Վ. Համբարձումյանին:

Ես պատրաստվում էի մեր երկարաշունչ հոդված գրել աստղագիտության ու նրա ամեն օր բացահայտվող նոր հայտնագործությունների մասին, սակայն կարծում եմ, հենց այս պատմությունը ամեն ինչ ասում է մարդու մարդ մնալու մասին:

Ես գտա այն, ինչ փնտրում էի Հայաստանում, ես գտա այն աստղերին, որոնք իսկապես  պետք են Հայաստանին, և որոնց լույսը երբեք չի մարում: