Ես սերում եմ մի տոհմից, որի նախապապերը եղել են քահանաներ: Պապիս հետ զրուցելիս` բազմաթիվ անգամ անդրադարձել ենք մեր տոհմին և նրա ծագմանը: Բնականաբար ինձ շատ հետաքրքիր էին բոլոր պատմությունները, որոնք լսում էի պապիկիցս: Մի օր որոշեցի ավելի մանրամասն ծանոթանալ իմ պատմությանը: Սկսեցի տարբեր տեղեկություններ հավաքել տոհմի և նրա արմատների մասին: Թե պապիկիցս, և թե տանեցիներից ստացած տեղեկությունները մի տեսակ քիչ էին թվում: Երբ ես իմացա, որ մեր տոհմից երկու քահանաներ իրենց հետ Հայաստան գալով բերել են Գրիգոր Նարեկացու գիրքը, որոշեցի ծանոթանալ նաև գրքի պատմությանը: Հաջորդ օրը առավոտյան գնացի մեր ազգակիցներից մեկի տուն: Լսել էի, որ նրանք լավ գիտեն մեր ազգի պատմությունը, և նրանց տանն է գտնվում Նարեկագիրքը: Անկեղծ ասած, ես նրանց դեռ չէի էլ ճանաչում:
-Բարև ձեզ, Տանյա տատիկ…
-Բարև…,-զարմացած, բայց սիրալիր ձայնով պատասխանեց ինձ:
Ներկայացա, թե ով եմ ու ինչ եմ ուզում, իսկ նա ժպտաց ու ներս հրավիրեց:
Երկար զրուցեցինք, պարզվեց, որ մենակ էր ապրում մինչև իր աղջկա գալը արտերկրից, ով կարճ ժամանակով է եկել: Ես նրան պատմեցի իմ մտադրության մասին: Նա ասաց, որ ուրախ կլինի օգնել ինձ, բայց իր աղջիկը ավելի լավ է տեղյակ մեր տոհմի մասին, քան ինքը:
-Ըհ, բալես , եկանք,-աղջկա հետ սենյակ մտավ Տանյա տատիկը:
Դե, իհարկե, զարմանալի է, որ աղջիկը ավելի տեղյակ է, ասեմ, որ սկզբում ինձ համար ևս, բայց մեկ օր անհամբեր սպասելուց հետո ամեն ինչ պարզ դարձավ, երբ ես ու Շուշանիկը գնացինք այդ կնոջ հետ հարցազրույցի:
-Ինչպե՞ս է պատահել, որ Դուք ՝ տիկին Հայաստան, ավելի լավ եք ծանոթ մեր տոհմի պատմությանը:
-Նախ ասեմ, որ իմ հայրը զբաղվել է տոհմագրությամբ, տատս և պապս աստվածատուր շնորհ են ունեցել մարդկանց բժշկելու, որոնց ականատեսն եմ եղել ես: Ես ավելի հետաքրքրված եմ եղել իմ պատմությամբ, քան մյուսները: Այդ պատճառով էլ ես ավելի շատ բան եմ տեսել և հիշում:
-Ո՞ր թվականին են Հայաստան գաղթել Տեր-Հակոբյանները և ո՞րտեղից:
-1822 թ. գաղթել են Արևմտյան Հայաստանից: Եկել են երկու քահանաներ՝ տեր Երեմը և տեր Հակոբը, և դրա համար մեզ ասում են «տերտերի ցեղ»:
-Ի՞նչ պատմություններ կան կապված քահանաների հետ:
-Երբ աքսորում էին բոլոր հոգևորականներին, Տեր Սահակին ասում են` կամ պետք է մորուքը խուզի, կամ պետք է աքսորեն: Տեր Սահակը չի համաձայնվում մորուքը խուզելու պայմանին: Բռնի ուժով խուզում են նրա մուրուքը և աքսորում: Բռնադառողներին Տեր Սահակը ասում է. «Որդյակս, հավատը մորուքի մեջ չէ, այլ սրտի»:
-Նրանք գալով Հայաստան, իրենց հետ բերել են Նարեկացու մատյաններ: Որտե՞ղ են գտնվում այդ գրքերը հիմա:
- Դրանք երկուսն են եղել: Մեկի մասին տեղյակ չենք, բայց մյուսը` փոքրը, մեզ մոտ է, մեր տանը:
-Իսկ ինչպե՞ս է հայտնվել ձեր տանը:
-Այդ գիրքը Տեր Երեմից սերնդեսերունդ եկել է ու հասել պապիս: Պապս ունեցել է մի եղբայր, բայց նրան չեն տվել, տվել են իմ տատիկին և պապիկին, որովհոտև նրանք եղել են շատ բարի մարդիկ:
-Ի՞նչ կպատմեք Ձեր պապիկի և տատիկի մասին:
-Նրանք մեր գյուղի բոլոր որբերին բաժանել են ցորեն, հաց… Իմ պապիկը բժշկել է շատ մարդկանց: Նա Նարեկագրքի կողքին նստած ինչ որ բաներ էր մրմնջում ու բուժում էր անբուժելի հիվանդություններ: Պապիկիս մահից հետո դրանով զբաղվել է տատիկս: Էդ շնորհը մեր տոհմի մեջ է եղել: Նա նույն կերպ էր բուժում: Նա, հիշում եմ, որ իր բուժումները կատարում էր շաբաթվա մեջ երեք օր. Երեքշաբթի (չորեքմուտ), հինգշաբթի (ուրբաթմուտ) և շաբաթ (կիրակմուտ):
-Դուք ինչպե՞ս էիք արձագանքում նրա բուժման պրոցեսին:
-Մենք, քույրերով, նույն գործողությունները կատարում էինք մեր տիկնիկների վրա:
-Ի՞նչ պատմություններ կան կապված գրքի հետ,-հարցս ուղղեցի Տանյա տատիկին:
-Շատ փորձանքներից ա փրկել: Ուրեմն, իմ 7 երեխեն էլ մի սենյակում էին քնում, ես էլ քնելուց առաջ փակում էի սենյակի դուռը: Մի օր, քնած ժամանակ, երազիս մեջ լսեցի, որ մեկը գոռում էր` Տանյա՜,Տանյա՜… Վեր թռա… Գնացի սենյակ, տենամ` արդուկը մոռացել էի երեխեքի սենյակի բազմոցին, էն էլ վառվե իջէ տակ մինչև… Ու հետո պատմեցի սկեսուրիս, ասեց, որ էտի մեր Նարեկն ա փրկե:
-Իսկ Դուք ի՞նչ կավելացնեք, տիկին Հայաստան:
-Ես հիշեցի, որ տատիկս ասում էր, որ եթե երազանք պահես ու բացես Նարեկի էջերից մեկը, կարդաս, երազանքդ կկատարվի:
Մենք խնդրեցինք, որ մեզ ցույց տան Նարեկագիրքը: Չմերժեցին: Ես ու Շուշանիկը հետևեցինք ավանդազրույցին. երազանք պահեցինք:
Ինչքան արագ են, չէ, ժամանակները փոխվում: Դրա հետ միաժամանակ փոխվում է նաև մեր` աշխարհը ընկալելու ունակությունը: Մի ժամանակ ես աշխարհին լրիվ ուրիշ աչքերով էի նայում: Հիմա շատ եմ փոխվել: Չգիտեմ, մեծանալուց է, թե ոչ, բայց հիմա ես լրիվ ուրիշ աչքերով եմ նայում աշխարհին: Առաջ ես կարող էի կիլոմետրերով ճանապարհ գնալ ու այդ ամբողջ ճանապարհից հիշել միայն ճանապարհը և ճանապարհի ընդհատվող գծերը: Բայց հիմա, երբ ճանապարհ եմ գնում, այնքան նոր բաներ եմ նկատում: Ամեն անգամ նույն ճանապարհով գնալիս մի նոր բան եմ ինձ համար բացահայտում, և ինքս ինձ ուրախանում եմ. «Վաաայ, անցած անգամ էս ծառի վրա թռչնի բույն չկար»: Այնքան հաճելի է, երբ հնարավոր է լինում ամեն մի փոքր բանով ուրախանալ, արդեն սովորական դարձածի մեջ նորը փնտրել, նորը տեսնել: Օրինակ, այսքան տարի ծնողներիս հետ ապրում եմ, թվում է` ամեն ինչ պետք է իմանամ նրանց մասին, բայց ես ամեն անգամ մի նոր բան եմ բացահայտում նրանց մեջ, որի մասին չգիտեի: Արդեն գիտեմ, թե ինչպես կարող եմ բարձրացնել մայրիկիս տրամադրությունը: Կյանքից բավականություն ստանալու համար պետք չէ նոր զգեստներ գնել, կամ հսկայական գումարներ ծախսել (չնայած դրանք էլ իրենց տեղն ունեն), պարզապես պետք է կյանքին նոր աչքերով նայել:











Պապիկիս անուն-ազգանունը սկզբից եղել է Հայկազ Բաղդասարյան: Այն գյուղում, որտեղ ինքն է ապրել, եղել է նաև Վաչիկ Կուրեղյան անունով մարդ: Նրանք եղել են նույն տարիքի: Վաչիկ Կուրեղյանը ինչ-ինչ պատճառներով անհետ կորավ:
Ծառայության ժամանակ նա սովորեց ավտոդպրոցում, եղավ հրամանատարի անձնական վարորդը: Վերադարձավ տուն, մի քանի տարի աշխատեց հովիվ, հետո 60-ական թվականներին սկսեց վարել տարբեր տեսակի բեռնատար մեքենաներ, բայց տեսնելով, որ այդ գործը իր համար շատ հոգնեցուցիչ է, խնդրեց իրեն տալ ավտոբուս` որևէ ուղղությամբ վարելու համար: Նրան չմերժեցին` ստացավ ավտոբուս և սկսեց վարել Ազիզբեկով-Ջերմուկ ուղղությամբ մոտ 2 տարի (Ազիզբեկովը Վայքի հին անունն է): Հետո տեսնելով, որ պապիկս շատ լավ վարորդ է, նրան հանձնեցին ավելի լավ ավտոբուս` արդեն Ազիզբեկով-Երևան ուղղությամբ վարելու համար: Բացի դրանից վարել է նաև տուրիստական ավտոբուս: Ընդհանուր թվով, պապիկս վարել է երեք ավտոբուս, մեկ տաքսի, երեք բեռնատար մեքենա և մեկ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենա: Վերջին մեքենան եղել է դեղին գույնի «Պազիկ» ավտոբուսը: Պապիկը դա վարում էր այն ժամանակ, երբ արդեն ԽՍՀՄ-ը փլուզման եզրին էր: Սովորության համաձայն, նա միշտ իր մեքենաները կանգնեցնում էր տան մոտ, ոչ թե ավտոպարկում, բայց մի գիշեր որոշում է կանգնեցնել այնտեղ, քանի որ նրան ասել էին, թե ստուգողներ պիտի գան: Ցավոք, դա սուտ էր: Հենց այդ գիշեր կայանատեղից գողացան նրա ավտոբուսը: Պապիկիս խոստացան, որ կվերադարձնեն ավտոբուսը, սակայն շուտով ԽՍՀՄ-ը փլուզվեց: Իհարկե, պապիկի պատմությունը այս ամենով չի ավարտվում: Ես դրանք կպատմեմ հաջորդիվ:



-Ե՞րբ և ո՞ւմ կողմից է ստեղծվել «Բողբոջ» պարային ստուդիան:
-Քանի՞ տարեկանից են հաճախում ստուդիա: