qristine epremyan

23-ը

Ասում են՝ ուսանողը իրավունք ունի դասի չգնալու, եթե նա մահացել է։ Դե՜, քանի որ ես չեմ մահացել, այլ պարզապես ունեմ գլխացավ ու բարձր ջերմություն, ստիպված եմ վերցնել իմ չեղած տրամադրությունը, վեր կենալ և գնալ համալսարան…

Էլի կանգառում եմ ու էլի սպասում եմ «իմ սիրելի» 23-ին։ Հեռվից էլ տեսանելի էր, որ ավտոբուսը լիքն է, և էլի ոտքի վրա եմ գնալու ողջ ճանապարհս։

Բացվեցին ավտոբուսի դռները։ Մի ոտքս դեռ դրսում էր, երբ զգացի, որ պայուսակս այլևս ձեռքիս չէ։ Ինչ որ մեկն անմիջապես վերցրեց այն, առանց զգուշացնելու…

-Էս ինչ սիրուն-սիրուն աղջիկներ են գալիս։ Արի՜, արի՜, բալա ջան։ Էս ինչ բոյով, սիրուն աղջիկ ես: Արի մոտս կանգնի, բռնեմ քեզ` հանկարծ չընկնես։- Բարձացնում եմ գլուխս ու նկատում տատիկին, ով կլիներ մոտ 70-75 տարեկան, բայց ուներ 20 տարեկանի աշխուժություն։

Երկու տեղանոց նստարանին նստել էին երեք հոգի՝ մի կին, մի երիտասարդ աղջիկ և տատիկը՝ նրանց մեջտեղում։ Մի ձեռքում պայուսակն էր, մյուս ձեռքով պինդ բռնել էր երիտասարդ աղջկա ոտքերից, որ ավտոբուսի տատանումներից հանկարծ չընկնի։ Նրա դիմաց էլ, իրար կողքի նստել էին մի կին և մի երիտասարդ։ Ու տատը դիմում է երիտասարդին․

-Այ տղա, վեր կաց։ Դու ֆայմ չունե՞ս։ Վեր կաց, թող էս երեխեն նստի,-մատնանշում է ինձ։ Իսկ տղան ծիծաղում է ու ասում՝ չէ։

Մի քանի րոպե տատի դիտողությունները լսելուց հետո, երևի ամոթից, տղան վեր կացավ և զիջեց իր տեղը ինձ։ Վերցրի պայուսակս ու տեղավորվեցի։

Տղայի ձեռքին սև տոպրակ կար։ Երբ նա ոտքի ելավ, տատը վերցրեց նրա ձեռքից այն ասելով.

-Մյուս անգամ սև տոպրակի մեջ նվեր չդնես,- բացեց այն։ Տոպրակի մեջ էլի սև տոպրակ կար։- Էլի սենց բան տեսնեմ, վերցնելու եմ ձեռքիցդ ու շպրտեմ մի կողմ։-շարունակեց, արդեն մի փոքր բարկացած։

Տղան ծիծաղելով հետ քաշվեց։

Ավտոբուս բարձրացան երկու կին, որոնցից մեկին տատը «կլոր» անվանեց, երևի մի փոքր գեր լինելու պատճառով։ Նրանց ձեռքից էլ քաշեց ու վերցրեց պայուսակները՝ խեղճերին շփոթմունքի մեջ գցելով։

Ամբողջ ճանապարհին խոսում էր, պատմում իր մասին, մեզ էլ հաճոյախոսություններ անում։

-Էս իմ ասել-խոսելը որ չլիներ, ես շուտվանից մեռած կլինեի։ Բայց ինձ սենց աշխույժ մի նայեք։ Ես շատ ցավ եմ տեսել։ Հեսա, հասնում եմ իմ կանգառին։ Կիջնեմ` ինձանից կպրծնեք։ Տանեմ էս եղածն էլ ծախեմ, որ մի քիչ փող գա ձեռքս,- ու կարծես տխրություն իջավ աչքերին։

Հասավ իր կանգառին․

-Սիրու՜ն տիկին, ա՛ռ, վերցրու պայուսակդ։ Ա՛յ տղա, ո՞ւր ես, արի դու էլ տոպրակդ վերցրու, տատին իջնում ա։ Դե՜, երեխեք ջան, Աստված օրհնի ձեզ։ Լավ մնացեք։ Ձեր բալեքին էլ լավպահի,- դիմեց երկու կանանց։

Երկու մեծ տոպրակ ուներ, երևի՝ ծանր։ Ու անգամ իջնելիս էն խեղճ տղային էլի նախատեց․

-Այ տղա, չես ֆայմո՞ւմ, օգնի՛։ Էս տոպրակներս իջեցրու։

Տրամադրությունս բարձրացնելուց զատ, տատը ինձ մի խրատ տվեց. անկախ սոցիալական վիճակից, անկախ կյանքի տված հարվածներից, մարդը պիտի շարունակի ՄԱՐԴ մնալ, ժպտալ ու սիրել կյանքը, քանի որ այն տրվում է միայն մեկ անգամ…