26 սեպտեմբեր, 2023

Մարդկանց քաոտիկ ամբոխում ոսկեդեղին մազեր եմ տեսնում` թափված հոր ուսին: Մի քանի ակնթարթ անշարժ նայում եմ իրենց ուղղությամբ: Հայրը շրջվում է, հարևաններիցս մեկն է` աչիկոյի` Լուսեի հետ: Կորած հարազատներին գտածի պես մոտ եմ վազում: Մի քիչ հեռու Մերին է կանգնած` երեք երեխաների ծննդյան վկայականները ձեռքին, գրանցում են անում: Գրկվում ենք, Մերին լացում է, իմ արցունքները դեպի ներս են հոսում: Չգիտեմ` ինչ եմ ասում իրեն, ասում եմ թե չեմ ասում: Ես դպրոցում ու համալսարանում գերազանցիկ եմ եղել: Ինձ ոչ ոք երբեք չի սովորեցրել ինչ ասել մարդկանց, որ տուն ու գյուղ ու երկիր են կորցրել:

Մեր գյուղապետին եմ տեսնում: Մի քանի օրում մի քանի տարով մեծացած է երևում պարոն Ամիրյանը: 2 տարի առաջ առաջինն իրեն էի զանգել` տանս մասին հետաքրքրվելու: Հարցրի` իսկ վարձն ինչքա՞ն է, ասաց` ի՞նչ վարձ, գալիս եք մեր գյուղում դասավանդելու, ո՞վ պիտի Ձեզնից վարձ վերցնի: Էսօր ասում է` տեսա՞ր, Աստղիկ` ոնց կորցրինք մեր գյուղը: Ինձ այս դեպքի համար էլ ոչինչ չեն սովորեցրել: Չգիտեմ ինչ ասել գյուղը կորցրած գյուղապետին: Կոկորդս ցավում է անհարմար լռությունից: Մտածում եմ` երբևէ ավելի տխուր հայացք տեսած չկամ:

Շենքից դուրս եմ գալիս մի պահ, դռների մոտ աշակերտներս են կանգնած` Արսենն ու Կարենը: Արսենն անակնկալի է գալիս… ընկեր Քեշիշյա՞ն, էս Դու՞ք եք, մի պահ ինձ թվաց` Արցախում ենք բոլորս: Գրկում եմ էրեխեքին: Ինքս ինձ էլ չգիտեմ ինչ ասել: Չեն սովորեցրել ինչ ասել ուսուցչին, որ դիմավորում է 10 ամսվա բլոկադայից, 3-րդ կռվից ու 2 օրվա խցանումից փրկված աշակերտներին: Որոշում ենք շուտով հանդիպել, երբ բոլորը կգան, բոլորը կտեղավորվեն, բոլոր մերոնք:

Քայլում եմ, կանչում են` Աստղիկ: Շրջվում եմ, էլի մոխրաթաղցիներ: Միայն մեկին եմ ճանաչում: Ուզում եմ բոլորին էլ գրկել, ամաչում եմ: Նորմա՞լ է գրկելն անծանոթ մարդկանց, եթե ձեզ միավորում է նույն գյուղը կամ նույն գյուղը կորցնելը: Չգիտեմ, դա էլ չեն սովորեցրել:

Հասկանում եմ, որ սա ինչ-որ նոր կյանք է, որն ապրելու ձևը ես դեռ չգիտեմ: